Vahe_Dabaghyan

Նոր Բայազետի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատգամը

Լուսանկարը` Վահե Դաբաղյանի

Լուսանկարը` Վահե Դաբաղյանի

1828 թ.-ին Արևմտյան Հայաստանի Բայազետի փաշայությունից ներկայիս Գավառի տարածք տեղափոխված բնակչությունը համայնքը կոչեց Նոր Բայազետ: 1848 թ.-ին կառուցվեցին եկեղեցի և զանգակատուն: Եկեղեցին երկրաշարժից փլուզվեց, իսկ զանգակատունը կանգուն մնաց մինչև 1930 թվականը: 1905թ.-ին թեմի առաջնորդ (հետագայում՝ կաթողիկոս) Խորեն Մուրադբեկյանի նախաձեռնությամբ, Կոլոտ Հայրապետի (Հայրապետ աղա Խաչատրյան) ֆինանսական աջակցությամբ և Վասիլի Միրզոյանի ճարտարապետությամբ փլուզված եկեղեցու փոխարեն կառուցվեց Սբ. Աստվածածին եկեղեցին՝ 40.2 մետր բարձրությամբ (ներառյալ խաչը):

Շինարարությանը աջակցել են նաև հարևան գյուղերի բնակիչները՝ գլխավորապես նորատուսցիները, որոնք սայլերով անմշակ քարեր են ուղարկել: Կառույցին ծնունդ տվող որմնադիրները եղել են գյումրեցիներ: Գյումրիում ևս կա նմանատիպ եկեղեցի, ինչով էլ պայմանավորված է եղել նրանց մասնակցությունը շինարարությանը: Ամենատարեց վարպետը եղել է Նաջար-Պողոսենց Երվանդը, որը հեղինակել է եկեղեցու գմբեթի մանրակերտը և կամարակապ պատուհանները: Կառույցի արտաքին և գեղագիտական ձևավորումները ևս նրա մտահաղացումներն են և ձեռքի աշխատանքները:

1905 թ.-ին Խրիմյան Հայրիկի ձեռամբ եկեղեցին օծվել է ու այնտեղ մատուցվել առաջին պատարագը: Խորհրդային աստվածամերժության տարիներին՝ 1920-1945 թթ. այն ծառայել է որպես հացի պահեստ: Երկրորդ աշխարհամարտից հետո 12 եկեղեցական հայրեր այնտեղ անցկացրել են ջրօրհնեք:

Եկեղեցու մասին այս տեղեկությունները հավաքել է Գավառի երկրագիտական թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանը:

Եկեղեցու ուխտի օրը համընկնում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի հետ: 1995թ.-ից Սբ. Աստվածածինը Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ եկեղեցին է, որտեղ կատարվում են կնունքի, պսակադրության արարողություններ և ամեն կիրակի մատուցվում է Սուրբ Պատարագ:

Եկեղեցին, նորակառույց հրապարակը և Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի նորակառույց շենքը միասին կազմում են Գավառ քաղաքի ճարտարապետական դիմագիծը: Պատահական չէ, որ քաղաք ժամանած հյուրերին հիմնականում հենց այստեղ են առաջինը ուղեկցում, որպեսզի նրանք հաղորդակից դառնան քաղաքի պատմական ոգուն և ստանան Աստվածածնի օրհնությունը:

Լուսանկարը` Վահե Դաբաղյանի

Լուսանկարը` Վահե Դաբաղյանի

Սուրբ Աստվածածինը ոչ միայն հավատի օջախ է, այլև նորբայազետցիների համախմբվածության խորհրդանիշը: Այն իր վեհությամբ քաղաքի բնակիչներին մշտապես հիշեցնում է համախմբվելու և իրենց համայնքը միասին կառուցելու մասին:

Եկեղեցին մեր պապերի՝ միասնական գործելու և քաղաքը շենացնելու պատգամն է՝ ուղղված գալիք բոլոր սերունդներին: