Սևան մեդիա ճամբար. Քարաքոսներով նկարողը

Ճամբարի օրակարգում կար մի կետ` ֆիլմերի գաղափարների քննարկում: Քննարկման ժամանակ առաջարկ եղավ ֆիլմ նկարել Մարտունում ապրող նկարիչ Սպարտակ Հայրապետյանի մասին, ով նկարում է քարաքոսներով:

Դա իրենից առանձնահատուկ հետաքրքրություն էր ներկայացնում: Որոշեցինք, որ կստացվի հետաքրքիր ֆիլմ, ընտրեցինք նկարահանող խումբը և ուղևորվեցինք Մարտունի` ծանոթանալու նկարիչ Սպարտակ Հայրապետյանի հետ: Պարոն Հայրապետյանը մեզ դիմավորեց և ուղեկցեց դեպի տուն: Այո տուն, քանի որ նա չուներ արվեստանոց, նրա համար իր արվեստանոցը դա իր տունն էր, ուր ամեն մի անկյունում, նույնիսկ պահարանների մեջ` շորերի փոխարեն, նկարներ էին:

Սկզբում ծանոթացանք նկարներին… Նա նկարում է արդեն 50 տարուց ավելի, առաջին քայլերը սկսել էր վաղ տարիքում: Սկզբում նկարել էր ինքնուրույն, իսկ հետագայում, գնալով Մոսկվա, շարունակել է ավելի ու ավելի մասնագիտանալ իր գործում: Ավարտելուց հետո նա ստացել էր բազմաթիվ առաջարկներ, որ մնա և շարունակի իր նկարչական գործունեությունը Մոսկվայում: Բայց ի զարմանս առաջարկողների, նա հրաժարվում է` ասելով, որ ես պետք եմ իմ հայրենիքին:

Քարաքոսներով նկարել սկսել է, երբ վերադարձել է Հայաստան, և իր խոսքերով, դրան նպաստել է իր քիմիայի մասնագետ լինելը: Նրա քարաքոսներով նկարների առաջին ցուցահանդեսը եղել է Մարտունու պատկերասրահում, հետո հասել Երևան: Դա հետաքրքրել է Մշակույթի նախարարությանը: Նրանք Սպարտակ Հայրապետյանին հրավիրում են իրենց մոտ և նրան շնորհում քարաքոսներով նկարելու հեղինակային իրավունքը: Ըստ հեղինակային իրավունքների կանոնների, այն մարդը, ով փորձի նորից նկարել քարաքոսներով, պետք է նրանից ստանա թույլտվություն, և եթե այդ մարդու նկարը վաճառվի, ապա շահույթի 5 տոկոսը պատկանում է հեղինակին: Սպարտակի խոսքերով, եթե նա ունենար արվեստանոց, ավելի շատ կնկարեր: Ըստ նկարչի, Մարտունու քաղաքապետարանը խոստանում է տրամադրել արվեստանոց. բայց «Գցում են սար ու ձոր, անընդհատ ասելով` կտանք, կտանք, բայց էդպես էլ չեն տրամադրում: Միայն ասում են` նկարներդ նվիրիր»:

Իր պատմելով, նկարների մեծ մասը նվիրել է և ոչ թե վաճառել: Նաև, առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում այն փաստը, որ նկարում էր արտադրական թափոններով`պղինձ, երկաթ:

Ճիշտ է, ցույց տվեց իր նկարները, բայց ցույց չտվեց, թե ինչպես է նկարում: Այնպիսի տպավորություն էր, որ մենք գնացել էինք նրա ցուցահանդեսին: Բայց մեր նպատակը վավերագրական ֆիլմ նկարելն էր: