«Շատ էգոիստ եմ՝ ինձ գրելուց զրկելու համար»

Զրուցակիցս գրող, բլոգեր,  լրագրող Սյունե Սևադան է: 

-Վաղո՞ւց եք ստեղծագործում: 

-Պաշտոնապես՝ վեց տարի: Փորձեր վաղուց եմ արել՝ յոթ-ութ տարեկանից սկսած:

-Ո՞րն է եղել Ձեր առաջին ստեղծագործությունը:

-Եթե էլի պաշտոնապես, բլոգիս առաջին գրառումը եղել է «Ավել» վերնագրով, որտեղ ես տունը սրբող ավելի մտքերն էի գրել, փոքրիկ գրառում էր: Բայց իմ մեջ շատ տպավորվել է փոքր տարիքում գրած իմ հեքիաթը մի նապաստակի մասին, որի անունը Ձյունիկ էր:

-Ի՞նչն է ոգեշնչում Ձեզ ստեղծագործելիս: 

-Ես չունեմ ոգեշնչում: Որևէ պահի ինչ-որ բան կարող է մեծ ազդեցություն թողնել վրաս, բայց դա ոգեշնչում չէ: Մեկի ձեռքը, մյուսի բառախաղը, երրորդի թարթիչները, հաջորդի թարթիչները, մեկ ուրիշի կոշիկները: Դետալներ, որոնք ուղղակի ինձ դուր կգան: Սրանք ուղղակի վառ կետեր են դառնում պատմվածքներիս մեջ, բայց ես կարիք չունեմ գլոբալ ոգեշնչումների, որովհետև գրելը ևս աշխատանք է՝ տեխնիկական առումով: Իսկ ասելիքը սպառվել չի կարող: Կարծում եմ՝ ինձ մոտ նման խնդիր չի լինում, ես միշտ գրելու բան գտնում եմ: Գուցե չլինի լավագույն գրածը, թույլ ստացվի, հետո ջնջեմ, բայց հնարավոր չէ նստել բլոկնոտի կամ համակարգչի առաջ ու ոչինչ չգրել: Առհասարակ կարծում եմ, որ քո սիրելի գործերը պիտի հասցնես այն մակարդակի, որ ոգեշնչումներից կախված չլինեն: Պիտի կառավարես նրանց, որքանով հնարավոր է:

-Ինչո՞ւ ընտրեցիք հենց լրագրողի մասնագիտությունը: 

-Ժառանգական է: Մայրս, մորաքույրս լրագրողներ են եղել, հայրս՝ օպերատոր, երեք տարեկանից խմբագրությունների պատերի տակ եմ մեծացել, յոթից՝ հաղորդումներ եմ վարել: Հինգ տարեկանից վարել եմ նաև այն համերգները, որտեղ ինքս երգել եմ, բայց երգչուհի դառնալու ճանապարհով չգնացի՝ չնայած ուղիղ տասը տարի բավականին պրոֆեսիոնալ երգել եմ: Ձայնիս լայն դիապազոնը կորցրի, «զոռը» տվեցի գրելուն: Ժուռնալիստիկան ինձ հարազատ մասնագիտություն է, ինձ լավ եմ զգում աշխատանքիս մեջ: Հենց դրա համար էլ ընտրել եմ:

-Իսկ ի՞նչ է գրելը Ձեզ համար: 

-Երևի պաթետիկ մի բան պիտի ասեմ, ինչպես, օրինակ, գրելն իմ կյանքն է, գրում եմ, որովհետև չեմ կարողանում չգրել: Չէ, գրելն ուղղակի մտքերիս մարմնացումն է՝ թղթերի վրա կամ համակարգչում: Ինձ համար շատ կարևոր ու ինձ իսկապես երջանկացնող գործողություն:

-Հաճա՞խ եք վերընթերցում Ձեր գրածները: 

-Շատ քիչ եմ կարդում սեփական գրածներս, դրանք մեծամասամբ չեմ հավանում: Ուղղակի, երբ դրանք հրապարակվում են, այլևս իրավունք չունեմ որևէ բան փոխելու, քանի որ գրվածքներս դադարում են ինձ պատկանել, ընթերցողը դրանց մեջ իր պատկերացումներն է դնում: Դրա համար սեղմում եմ ատամներս ու ձեռքով ճակատիս խփում՝ «էս ինչ էշություն եմ գրել» վանկարկելով: Ասում եմ, բայց շարունակում եմ գրել, որովհետև շատ սիրելի «էշություն» են պատմվածքներս, չափազանց շատ: «Էշությունները» ևս սիրվելու կարիք ունեն, այդ ծանր գործն ինձ վրա եմ վերցրել:

-Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը, որ հաճախ եք ընթերցում: 

-Հիմա ինչ-որ փոփոխական վիճակում եմ: Մեկ ամիս առաջ կասեի, որ ամենասիրելի գրողս Չաք Փոլանիքն է: Հիմա չեմ ասի: Ոչ թե որովհետև էլ չեմ սիրում, այլ որովհետև այդ փուլն էլ անցավ: Բրոդսկի եմ հաճախ թերթում, դեռ իր փուլը չի անցել: Հիմա «իմոնքական» նոր գրողներ եմ փնտրում, հուսամ ինձ երկար մենակ չեն թողնի ու կհայտնվեն կյանքումս: Լավ գրքերն ինձ գտնելու սովորություն ունեն՝ ընկերներիս օգնությամբ, ուրիշների գրառումների շնորհիվ, գրախանութների դարակներից աչք ծակելու տարբերակով: Նշանների եմ սպասում:

-Ձեր մասնագիտություններից ո՞րն եք համարում ավելի դժվար: 

-Ոչ մեկը: Ե՛վ պատմվածքներս, և՛ հոդվածներս երգելով եմ գրում: Ավելի դժվար չեն, որովհետև երկուսն էլ իրենց դժվարություններն ունեն, բայց դա ինձ դուր է գալիս: Հեշտ լինեին՝ չէի ընտրի:

-Եթե կանգնած լինեիք ընտրության առաջ, կընտրեք լրագրությո՞ւնը, թե՞ գրելը: 

-Իհարկե գրելը, դա չի քննարկվում: Լրագրությունը իմ շատ-շատ սիրելի մասնագիտությունն է, բայց եթե անկեղծ, առանց դրա էլ կապրեմ: Սկզբում մի քիչ տարօրինակ կլինի, դատարկ կլինի, բայց ամենաուշը մեկ տարուց փոխարինող մի բան կգտնեմ: Ավելին ասեմ, հիմա հանրային կապերն եմ ուսումնասիրում, հանրային կապերի մասնագետ եմ ուզում դառնալ: Լրագրությունը թողնելը հեշտ չէ, բայց հնարավոր է: Շատ էգոիստ եմ՝ ինձ գրելուց զրկելու համար, չի ստացվի, իսկապես ծանր կտանեմ՝ պաթետիզմի ու դրամատիզմի բոլոր մուգ երանգների կիրառությամբ: Բայց նման բան չի լինի, չեմ տեսնում պատճառ, որի համար առհասարակ դադարեցնեմ գրելը:

-Արվեստի ո՞ր ճյուղն եք համարում Ձեզ հոգեհարազատ և ինչո՞ւ: 

-Նոր-նոր սկսել եմ արվեստի պատմություն ուսումնասիրել: Դեռ շատ խակ եմ՝ այս հարցին պատասխանելու համար: Ամեն ոլորտում էլ ունեմ սիրելի գործեր, ճյուղեր, բայց դա քիչ է: Գուցե որևէ մեկը ժամանակի ընթացքում ինձ համար առանձնահատուկ կդառնա, տեսնենք:

-Ինչպիսի՞ բնավորությամբ մարդիկ են Ձեզ դուր գալիս: 

-Ինքնաստեղծ մարդկանց եմ սիրում: Որոնք հատիկ-հատիկ կառուցում են իրենց: Ճաշակից բռնած մինչև սիրելի երաժշտություն, բնավորությունից մինչև արտաքին տեսք: Ուժեղ, ձգտող, քայլեր անող մարդկանց եմ սիրում: Քիչ հանդիպող տեսակ է, բայց ինձ համար՝ անսահման սիրելի:

-Կա՞ ինչ-որ մեկը, ում կցանկանայիք նմանվել: 

-Նմանվել՝ չէ, բայց շատերից եմ սովորում:

-Ո՞րն է Ձեր կարգախոսը: 

-Per aspera ad astra (փշերի միջով դեպի աստղեր):

Հարցազրույցը վարեց` Մարի Բաղդասարյանը