marat sirunyan

Շիրազի ապտակը

Շիրազը մեծ էր՝ մեծ գրող, մեծ մարդ, մեծ հայրենասեր։ Շիրազն այնքան հայրենասեր էր, որ կարող էր վիրավորել ցանկացածին, ով կունենար ոչ հայեցի անուն, ավելի ճիշտ՝ կվիրավորեր նրան այդ անունը տվողին։ Եղել են դեպքեր, երբ մարդիկ Շիրազին ներկայացել են, ոչ թե իրենց, այլ ուրիշ՝ հայեցի անվամբ, վախենալով նրա արձագանքից։ Հենց այդ դեպքերից մեկն էլ ուզում եմ ներկայացնել ձեզ՝ անմիջական մասնակցի խոսքերով, ում կյանքում մեծ դեր է խաղացել մեծ գրողը։

- Սկսեմ այնտեղից, որ ես մշեցու թոռ եմ։ Հորական պապս՝ Վանիկ Հարությունյանը, ով եղել է Սերոբ Փաշայի զինվորը, գաղթել է Մշո Խլաթ գավառի Կամրջակ գյուղից։ Գրեթե ամբողջ գյուղով գաղթել ու եկել, հաստատվել են Նաիրիի շրջանի Բուժական գյուղում։ Նա տառաճանաչ չէր, սակայն այնպիսի հետաքրքիր ու խորհրդավոր պատմություններ էր պատմում՝ էրգրից, ֆիդայական կյանքից, գաղթից, որ դրանք իրենց մեծ տեղը գտան իմ ներաշխարհում, ինչն էլ առիթ դարձավ, որ ես սկսեցի ստեղծագործել։ Ես շա՜տ-շա՜տ էի սիրում Շիրազին և 13-14 տարեկան էի, երբ պապիս հորդորով, հայրս կարողացավ կապ հաստատել Շիրազի հետ և ինձ տարավ նրա մոտ, որպեսզի կարդամ իմ գրածները, և նա կարծիք հայտնի։ Լավ իմանալով նրա բնավորությունը և վախենալով, որ մեզ ոչ հայեցի անվան համար չի ընդունի և կվիրավորի, այլ անունով ներկայացանք նրան։ Հայրս, ում անունն Ալբերտ էր, ներկայացավ որպես Վարդան, այդպիսով դարձավ՝ Վարդան Մամիկոնյան (թե հարց առաջանա՝ ինչո՞ւ է պապիս ազգանունը Հարությունյան, իսկ հորինս՝ Մամիկոնյան, ասեմ, որ այն ժամանակ այդպիսի կարգ է եղել՝ որդին իր զավակներին որպես ազգանուն տվել է իր հոր անունը), քանի որ մեր հերոս Վարդան Մամիկոնյանի դստեր անունը Շուշանիկ էր, ինձ էլ ներկայացրեց այդ անվամբ, և Լիլիկ Մամիկոնյանը դարձավ Շուշանիկ Մամիկոնյան։

IMG_20200428_005727

Կարդացի գրածներիցս, և ի ուրախություն ինձ, Շիրազը հավանության արժանացրեց դրանք և իր դիմանկարներից նվիրեց ինձ, որը մինչև հիմա՝ արդեն 46 տարի է, պահում եմ ինձ մոտ։ Դրանից հետո մոտ երեք-չորս տարի էլ ծնողներիս հետ երբեմն այցելել ենք նրան։ Երբ ավարտել էի դպրոցը և բանասիրական ֆակուլտետ ընդունվելու համար քննություններ էի հանձնում, մի քննության ժամանակ հանձնաժողովի անդամները հիշեցին, որ ինձ տեսել են Շիրազի հետ և արդյունքում անհրաժեշտ գնահատականից 0,25 միավոր ցածր նշանակեցին ինձ, և ես չընդունվեցի։ Նրանք Շիրազին չհամակրողներ էին…  Եվ գուցե ոչ միայն Շիրազին, այլ նաև հայրենիքին չհամակրողներ էին… Բայց չեմ նեղվում. կարևորը, որ իմ սերը՝ հայրենիքի հանդեպ, Շիրազի հանդեպ, երբեք ու ոչ ոք չկարողացավ կոտրել։

IMG_20200428_094301

Հետո եղավ ամենացավալին։

Այն ժամանակ կար «Պիոներ կանչ» թերթ, որտեղ լույս էին տեսնում տարբեր ստեղծագործողների գործեր, նաև՝ իմը, այդ թերթի խմբագրությունը կազմակերպել էր միջոցառում և միջոցառման ընթացքում, կարդալով իմ ստեղծագործությունները, որպես հեղինակ տվեցին իմ իրական անունը՝ Լիլիկ Մամիկոնյան։ Այդ պահին ես մեծ ցավ ապրեցի և այլևս ոչ մի նշանակություն չունեին ինձ համար հնչող ծափերը, քանի որ հանդիսականների մեջ նստած էր նաև հենց ինքը՝ Շիրազը… Միջոցառման վերջում նա մոտեցավ ինձ, երկար ձեռք տվեց հյուսքերիս և մի ցավոտ ապտակ տվեց ինձ, ասաց՝ սրիկա՜, էդպես էլ հայրենիքդ կդավաճանես…

IMG_20200428_005848

Ու այդ օրվանից մենք այլևս չհանդիպեցինք, բայց ես ամբողջ կյանքում շնորհակալ եղա այդ ապտակի համար… Իմ ամենաթանկ նվերը կյանքում իրենից՝ այդ ապտակն էր…

Հետո ես նորից փորձեցի ընդունվել  համալսարան։ Հանձնեցի քննություններս, ընդունվեցի, սակայն 47-ամյա մորս հանկարծահաս մահը փոխեց ամեն ինչ, ես իմ մեջ այլևս ուժ չգտա շարունակելու, տղա՜ս, կյանքս կանգ առավ, և այլևս չգրեցի…

Հերթական ցավն էլ ապրեցի, երբ տարիներ անց մահացավ Շիրազը։ Նրա մահվանից մեկ-երկու տարի հետո միայն ուժ գտա այցելելու նրա շիրիմին…

Ես երբևէ չեմ պատմել այս պատմությունը, հիմա էլ չգիտեմ՝ ինչո՞ւ պատմեցի, երևի որպես ներողություն՝ նրան, այսքան տարի հետո…