shushan stepanyan portret

Շնորհակալ եմ

Էլի ուզում եմ խոսել. էլի ասելիք ունեմ։ Ու ինչքան լավ է, որ 17-ը կա իմ կյանքում. ուրիշ էլ ո՞նց ես կարող էի այսքան լսելի դարձնել խոսքս:

Ուզում եմ այս անգամ պատմել բոլորին մարդկային երկու շատ բարի կերպարների մասին, ովքեր երկար ժամանակ հիացմունքիս առարկան էին: Գուցե այս կերպ կարողանամ արտահայտել շնորհակալությունս իրենց այդքան նվիրումի ու սիրո համար:
Երկու շատ բարի մարդիկ՝ ընկեր Խալաթյան ու ընկեր Վարդումյան, շնորհակալ եմ ձեզ։ Երբևէ չեմ պատկերացրել, որ կհանդիպեի այնպիսի դասախոսների, ովքեր կարող էին կապող օղակ հանդիսանալ, և իրենց շնորհիվ դանդաղ քայլերս ու դասի գնալ չկամեցող մտքերս ինձ մեծ ցանկությամբ համալսարան կտանեին։ Ամեն անգամ, երբ կարդում էի «Ընթերցանություն» կամ «Հայրենագիտություն» դասացուցակիս մեջ, մտածում էի՝ ջա~ն, էլի լավ բաներից կխոսենք, էլի իմ կարծիքը հաշվի կառնվի, էլի կնայեմ նրանց ու կհիանամ։
Ընկեր Խալաթյանը, ով մեր ընթերցանության դասախոսն էր, ով կարող էր շատերի նման միայն գալ, անգլերեն մի երկու բառ իրար կապել ու վերջում ասել «օքեյ, գուբդայ գըլզ», այս ամբողջ ուսումնական տարվա ընթացքում մեզ դասավանդեց համաշխարհային պատմություն, արվեստ, մարդկային արժեքներ։ Ու ես մտածում էի՝ մարդ ո՞նց կարող է այսքան զարգացած լինել ու լինել ընդամենը ընթերցանության դասախոս։ Ինչ բողոք էլ որ ունենայինք, հանգիստ խղճով կիսվում էինք, ու չնայած նրան, որ կարող էր շատ հոգնած լինել, իրեն բնորոշ համբերատարությամբ ու իր այդքան կանացի կերպարի բարի ժպիտով մինչև վերջ լսում էր խմբի քսաներկու լեզվաբան աղջիկների բողոքները, ովքեր իրար հերթ չէին տալիս: Ուրախ էինք. հազիվ մեկը, ով լսում ու հասկանում էր մեզ համալսարանում, ով մեզ հետ ապրում էր մեր բոլոր դրական հույզերը ու մեր լավ պատասխաններից ու հաջողություններից մեզնից շատ էր ուրախանում։ Մեր համատեղ վերջին դասի ժամանակ ես հուզվել էի, բայց կարողացա ինձ զսպել ու նորից նայել իր այնքան գեղեցիկ աչքերին ու նորից հիանալ իր այդքան բարի ժպիտով։
Ընկեր Վարդումյանը, ով մեր հայրենագիտության դասախոսն էր, զարմանալիորեն կարճ ժամանակում ներկայացրեց մեր ծագումն ու մեր անցյալը, հայի անցած ուղին, մեզ ավելի սիրել տվեց մեր երկիրը, մեր հողը, մեր պատմությունը, մեր գիտակցություն մտավ Հայաստանի՝ որպես դրախտային երկրի ու մարդկային արարչության օրրան լինելու անհերքելի փաստը։ Երբ մտնում էր լսարան, մի խաղաղ ու մեղմ ժպիտով բարևում էր բոլորիս, ու սկսվում էր մեր հարց ու փորձը։ Սկզբում, երբ հարց ունեի տալու, մտածում էի՝ ինչ ամոթ է, որ չգիտեմ, հիմարի տպավորություն կթողնեմ։ Բայց ամենաանհեթեթ հարցին անգամ նա տալիս էր շատ պարզաբանված պատասխան ու այնպես էր որևէ բան պատմում, բացատրում, որ դժվար թե հետո մոռանայինք։ Անգամ քննության ժամանակ, երբ հարց տվողն ինքն էր, ու պատասխանելու մեր հերթն էր, էլի հարցեր էինք տալիս արագ-արագ. Ախր, էլ ո՞վ կարող էր այդքան ստույգ մեզ պատմություն պատմել։ Ու մի բան էլ ասեմ. միակ քննությունն էր, որ մի վայրկյան լարվածություն չեմ զգացել, որ անգամ սխալ պատասխանիցս չեմ տխրել. փոխարենը այնքան բան եմ ստացել։
Սա էլ իմ մի պատառ շնորհակալությունն այն ամենի դիմաց, ինչն ինձ տրվեց, ինձ ու ինձ նման շատ շատերին: