Artyom Avetisyan

Որտեղից սկսեցի՜նք, ո՜ւր հասանք․․․

Հարցազրույց 60 տարվա պատմագետ, Լիճք գյուղի մանկավարժ Սերյոժա Գևորգյանի հետ: 

-Ընկեր Գևորգյան ո՞ր թվականին եք ծնվել: Ի՞նչ հետաքրքիր դեպքեր եք հիշում Ձեր մանկության և պատանեկության տարիներից:

-Ծնվել եմ 1928 թ. սեպտեմբերի 21-ին, սովորական, տոհմիկ գյուղացու ընտանիքում:

Մանկությունս և պատանեկությունս ընթացել է շատ ծանր պայմաններում: Հիշում եմ, թե ինչպես 1931 թ. այդ սուղ պայմաններում Սովետական Միությունը բռնագրավեց 8 գլուխ խոշոր եղջերավոր անասուն՝ համարելով, որ մենք կուլակ ենք։ Եվ կուլակաթափ արեցին ոչ միայն մեզ, այլև ամբողջ գյուղին: Գոմում թողեցին ընդամենը 2 եզ, որոնց հայրս օգտագործում էր ցորեն, գարի և այլ հացահատիկի ցանքսի, հողը մշակելու և վարելու համար: Բայց 1933 թ. ձմռանը գյուղղեկավարները եկան և առանց որևէ մեկին հարցնելու, տեղյակ պահելու, տարան այդ 2 եզին:

Դպրոց գնացել եմ 1935 թվականին։ Աշակերտական աթոռներին նստում էինք երեքով: Աջ կողքս նստում էր Գալստյան Վարազդատը, իսկ ձախ կողքս՝ Ենոքյան Բաբկենը: Երկուսն էլ սովորում էին գերազանց, և հիշում եմ, թե ինչպես նրանց տանը բեմադրվեց «Անուշ» պոեմը։ Ամբողջ գյուղը հավաքվել էր նրանց տանը: Իսկ ինչո՞ւ նրանց տունը մի քանի ժամով դարձավ թատրո՞ն։ Որովհետև այն համարվում էր գյուղի ամենամեծ տունը: Անգամ ժողովների ու խորհուրդների համար հավաքվում էին նրանց տանը:

Հիշում եմ, մի անգամ դասարանիս աշակերտուհիներից մեկը, (ով նաև գրելու տաղանդ ուներ) իր եղբորը՝ Սուրենին (ով ծառայում էր բանակում) նամակ էր գրել, ես ու ընկերներս, հետաքրքրությունից ելնելով, քրքրեցինք նրա գրքերը և պատահաբար գտանք նամակը։ Սկսեցինք կարդալ, ծիծաղել ու կատակել: Դե այդ ժամանակ երեխա էինք և չէինք հասկանում:

Նամակում գրել էր․ «Ալխանմից, Բալխանմից, Գուլխանմից, Յուրդաբեկից, Բոյխանմից Չապաևից բարև մեր ախպեր Սուրենին»:

-Ինչո՞ւ ընտրեցիք հենց պատմագետի մասնագիտությունը, ինչպե՞ս պատահեց:

-Դե գիտեք, պատանիները հիմնականում ռոմանտիկ մտածելակերպ են ունենում: Նախ ուզում էի բժշկի մասնագիտություն ընտրել, բայց երբ ծանր ու թեթև արեցի, հասկացա, որ ես բաց աչքով չեմ կարող նայել վերքին կամ բուժել այն: Եվ երբ 10-րդ դասարանում պատմությունից ինձ հանձնարարվեց ռեֆերատ կարդալ Ստալինի զեկուցումը ՍՍՀՄ սովետին ութերորդ համագումարի ծրագրի մասին, այդ ամենը տպավորվեց իմ մեջ և հիմք դարձավ պատմագետի մասնագիտության ընտրության հարցում:

-Երբվանի՞ց սկսեցիք աշխատել դպրոցում: Քանի՞ տարվա մանկավարժական փորձ ունեք:

-Երբ 1954 թ. վերջին բանակից վերադարձա, 1955թ. մարտի 1-ից դպրոցում անցա աշխատանքի: Նույն տարում ընդունվեցի համալսարան: Ինձ հանձնարարեցին դասարաններ, և սկսեցի աշխատել՝ միաժամանակ սովորելով համալսարանում: Եվ երբ ավարտեցի ուսումը, 1962թ. նշանակվեցի փոխտնօրեն՝ ընթացքում ավելացնելով դասաժամերիս քանակը:

Ունեմ 61 տարվա մանկավարժի փորձ: 61 տարի դասամատյանները ձեռքիս մտել եմ դասարաններ, դասավանդել և դուրս եմ եկել:

-Ճի՞շտ է, որ Դուք եղել եք Լիճք համայնքի գյուղապետ: Մի փոքր կմանրամասնե՞ք այդ տարիներից: Տարիների ընթացքում փոփոխություններ եղե՞լ են:

-Երբ 1969 թ. փոխտնօրեն էի աշխատում, ինձ կանչեցին Մարտունու շրջկոմ և երկար զրույցից հետո եկան այն եզրահանգման, որ ես պետք է դառնամ կուսկազմակերպության քարտուղար: Սակայն ես դեմ գնացի նրանց որոշմանը և հրաժարվեցի: Բայց նրանք պնդեցին և ասացին, որ կդիմեն բյուրո, իսկ բյուրոյի որոշումը պարտադիր է: Եվ այդպես ես ընտրվեցի կուսկազմակերպության քարտուղար և աշխատեցի 1969 թ նոյեմբերի 5-ից մինչև 1982 թ. մայիսը: Արդեն 1982 թ. մայիսին առաջարկ ստացա ստանձնել համայնքի ղեկավարի պաշտոնը: Եվ մայիսի 4-ին գումարվեց ժողով, որի արդյունքում ես դարձա գյուղապետ: Այդ ժամանակ գյուղապետի հնարավորությունները շատ սահմանափակ էր: Գյուղում չկար կուլտուրայի պալատ, չկար կուլտուրայի շենք, չկար փողոցային լուսավորվածություն, բայց իմ ղեկավարության ժամանակ կիսով չափ նորոգվեցին և կառուցվեցին մի քանի շենքեր և կառույցներ: Իսկ այժմ գրեթե ամեն ինչ բարվոք վիճակում է գտնվում՝ ճանապարհները, կառույցները և այլն, շնորհիվ ներկայիս գյուղապետի՝ Գնել Գրիգորյանի:

-Իսկ այժմ կուզենայի՞ք կրկին ուսուցչություն անել դպրոցում:

-Գիտե՞ս, ցանկանալը ուրիշ բան է, հնարավորությունը՝ մեկ ուրիշ բան: Պայմանները չեն թույլատրում: Դժվար է գնալ-գալը, այն էլ իմ ծեր տարիքում: Բնությունը ինձ հրամայում է դպրոց մտնել, դասավանդել, բայց հանգամանքները ուրիշ կերպ են թելադրում:

-Դուք ունեք շատ լավ հիշողություն, որը զարմացնում է բոլորին: Ո՞րն է Ձեր փայլուն հիշողություն ունենալու գաղտնիքը:

-Ինձ թվում է՝ լավ հիշողություն ունենալու համար պետք է կարդալ, որպեսզի տեղեկանաս և մտապահես: Գիրքը ամենամեծ գանձն է, ամենամեծ հարստությունն է, ամենամեծ կարողությունն է: Ինչպես նաև պետք է հոգով ապրել յուրաքանչյուր պահը, վայրկյանը, որպեսզի այն տպավորվի քո հիշողության մեջ և հարկ եղած ժամանակ վերարտադրել այն: