nina arsutamyan portret

Չենք հանձնվելու

Երբևէ մտածե՞լ եք, թե ձեր դասարանն արդյոք «պատմություն» ունի՞: Ես ապրում եմ գյուղում՝ Գորայքում, իմ դասարանն ունի մի մեծ ու խառը պատմություն: Այնքան խառը, որ հնարավոր է, որ ես ինքս խառնեմ այդ պատմությունը: Կսկսեմ ամենասկզբից:

Առաջին դասարանում ընդամենը մեկ աշակերտուհի է եղել մեր դասարանում՝ Ամալյան: Իմ հերոսությունից հետո (եթե ընթերցած լինեք «Թե խելքս շատ էր կտրում» հոդվածս, ապա կհասկանաք ինչի մասին է խոսքը) մեր դասարանը դարձավ 2 հոգի: Մեզ միացավ նաև Աղավնին, սակայն Աղավնին 2-րդ դասարանից տեղափոխվեց Եղեգնաձորի դպրոց: Ես և Ամալյան միասին սովորեցինք մինչև 4-րդ դասարան: 4-րդ դասարանից մեզ միացավ մեր համագյուղացին՝ Գարիկը, սակայն Գարիկը ապրում էր Սիսիանում: Դարձանք 3 հոգի: Այնուհետև, 5-րդ դասարանից մեզ միացավ Անին, սակայն 2-րդ կիսամյակից մեզ հետ չսովորեց: Մենք՝ երեքով, ամուր «պատնեշի» պես կանգնած էինք և ցանկություն չունեինք հեռանալու իրարից:

7-րդ դասարանում էինք, երբ մեզանից 3 տարի մեծ Արկադին, ով եկել էր Ռուսաստանից, նույնպես եկավ մեր դասարան։ Հիմա կմտածեք, թե ինչպե՞ս կարող է 3 տարով մեծ լինել և ընդունվել մեր դասարան: Մեր տնօրենը, մտածելով Արկադիի ապագայի մասին, ընդունեց մեր դասարան: Տնօրենը մտածում էր, որ Արկադին կկարողանա կարճ ժամանակահատվածում հասնել մեզ: Դե, մեր տնօրենի երազանքը մեծ մասամբ չիրականացավ: Արկադին կարողացավ միայն գրել-կարդալ սովորել, և վերջ: Նա ընդհանրապես դաս չէր կարողանում պատմել, միայն ուշադիր լսում էր: Շատ սիրեց հասարակագիտություն և հայոց պատմություն առարկաները, գրականությունից լավ հիշում էր «Սասունցի Դավիթ» էպոսը: Նա անընդհատ մտածում էր, թե դասերն ավարտելուց հետո տանն ի՞նչ նոր, հետաքրքիր զբաղմունք գտնի:

2016 թվականի մարտի 29-ին լրացավ Արկադիի 18 ամյակը, և արդեն պետք է ծառայության անցներ հայկական բանակում, սակայն դպրոցը խանգարում էր: Մեր համառ Արկադին որոշեց, որ պիտի անպայման ծառայի և գնաց, դիմում գրեց, որ գնա բանակ։ Մի քանի ամիս հետո զինծանուցում եկավ այն մասին, որ պետք է հուլիսի 19-ից ծառայության անցնի հայկական բանակում: Արկադին ծառայում է Լեռնային Ղարաբաղի Ջաբրայիլի զորամասում: Ես հպարտանում եմ, որ մեր ավագ ընկեր Արկադին իր նման խիզախ զինվորների հետ հսկում է մեր երկրի սահմանը:

Արկադիի հեռանալուց հետո դասարնում դարձյալ մնացինք 3 հոգի՝ ես, Ամալյան և Գարիկը: Ամալյան 16 տարեկան է և երազում է դառնալ թարգմանչուհի։ Գարիկն արդեն 17 տարեկան է: Գարիկը սեպտեմբերից արդեն որոշել էր, որ պետք է դառնա ճանապարհային ոստիկան, սակայն չգիտեմ ինչու, կամ ինչպես, փոխեց իր որոշումը և որոշեց դառնալ հայ ազգին պիտանի սպա: Դե, մնացի ես: Ես 15 տարեկան եմ և մասնագիտության ընտրության հարցում ամենաշատը ես դժվարացա։

-Վե՛րջ, դառնում եմ ուսուցիչ, չէ՛ դեսպան, հըմմ․․․ Վարսահարդա՛ր,- և այսպես ամեն օր:

Մի օր վերջապես հասկացա, թե որն է իմը, իմը տուրիզմն է: Երազանք և նպատակ է դարձել դառնալ տուրիստական գործակալության մի անդամ, մի մասնիկ:

Մեր դասարանն այս համաճարակներից զերծ չմնաց։ Հիվանդացել են Ամալյան և Գարիկը: Դե ես էլ դեռ դիմադրում եմ, որ մեր դասարանի դուռը չփակվի: «Գլուխս կախ» գնում եմ դպրոց, միայնակ 7 ժամ դաս անում և գնում տուն:

Ես ցանկանում եմ, որ մեր այս փոքրիկ դասարանը ավելի չփոքրանա, որ 12-րդ դասարանում դեռ դասարան մնացած լինի․․․