ani v. shahbazyan malishka

Պապս

Իմ կյանքի ամենակարևոր մարդկանցից է եղել պապս՝ տատիկիս հայրը։ Հաղթանդամ, բարձրահասակ, վայելչակազմ, օժտված բնավորության հատուկ գծերով։ Առանձնահատուկ էր ինձ համար պապս։ Չափից դուրս հյուրասեր ու հյուրընկալ, աշխատասեր, բարի։ Կարմիր «Նիվա» էր վարում արդեն շատ տարիներ։ Շատ էր սիրում իր մեքենան։ Նա ինձ իր ծնկների վրա է մեծացրել։

Պապս տատիս հետ իրենց տանն էին ապրում, որը այդքան էլ հեռու չէր մեր տանից, և ես գոնե շաբաթը մեկ անգամ այցելում էի նրանց։ Բացում էի դարպասը, կանչում ու տեսնում էի, թե ինչպես է պապս ժպիտը դեմքին մոտենում ինձ ու ասում տատիկիս․

-Ռիմա՜, յար մե՝ ըշկը վավ էկե․․.
Հետո գալիս էր տատս։ Շատ էին ուրախանում, որ ինձ տեսնում էին։ Գնում էի, նստում էինք, խոսում ու ծիծաղում։ Աչքիս առաջ են այդ օրերը․․․ Անցնում էին օրեր։ Պապս իրեն վատ էր զգում, դեղեր էր խմում, բժշկի էր այցելում։ Պարզվեց՝ հիվանդություն ունի ու այն էլ շատ լուրջ հիվանդություն։ Հին պապիցս բան չէր մնացել, միայն ժպիտն ու կատակները։ Շատ էր նիհարել, այնքան, որ ոսկորները հստակ երևում էին։ Մարմինը գունատվել էր։ Հազվադեպ էր քայլում, միշտ պառկած էր։ Մի անգամ ես էի օգնում, որ քայլի: Բռնել էի ձեռքից, մյուս ձեռքում էլ ձեռնափայտն էր։ Պատմում էր, որ այն ժամանակ էլ ինքն էր ինձ քայլեցնում, երբ դեռ փոքր էի ու նոր էի քայլերս անում․․․

Ամեն օր այցելում էի պապիս, ինձ համար իր հետ անցկացրած ամեն րոպեն կարևոր էր։
Գիտակցության կորուստ․․․ Ցավեր․․․ Մի քանի օր, ու․․․
Բայց չնայած այս ամենին, նա ինձ տեսնելուն պես ճանաչում էր։ Էլի կատակներ էր անում, ժպտում էր։ Սովորական օր էր, գնացել էի՝ տեսնելու։ Գրկեցի։
-Ո՞նց ես, պապիս։
-է՜, ես հեչ, կարևորը դուք լավ ըլնեք։
Արցունքներս չկարողացա զսպել։ Սա ամենավերջին հիշողությունն է, որ մնացել է պապիցս։
Գիշեր էր։ Զանգեցին ու ասացին, որ․․․ Վերջ։ Ահավոր էր։ Մի կողմից լավ էր, որ էլ ցավից չէր ճչա ու չէր տանջվի։ Հանգստացել էր․․․ Ապրիլի 18-ին կլրանա 5 տարին, որ պապիս չկա։ Մնացել են կանաչ դարպասներ, կարմիր «Նիվան» ու հիշողություններ․․․