Anna gasparyan aragats

Պատերազմն ու իր թողած հետքերը

Պատերազմի մասին խոսելը բարդ է, մյուս կողմից՝ սովորական իր առօրեականության մեջ։ Այդ խոսակցության սովորականությունն ամրապնդված է պատերազմ տեսնելու, այն պարբերաբար վերապրելու, պատերազմի ազդեցությունները շարունակաբար կրելու հանգամանքներով և պատերազմով պայմանավորված առօրյան կազմակերպելու առանձնահատկություններով։

 Սմբատ Գասպարյան (պատերազմի մասնակից՝ ծառայող)

-Ծառայության անցել եմ Որոտանում (Կուբաթլու), որտեղ էլ ստացել եմ դասակի հրամանատարի տեղակալի պաշտոնը։

Ծառայությանս ավարտին մնացել էր 4 ամսից քիչ, երբ սկսվեց պատերազմը: Բոլորիս մեջ ներքին զգացողություն կար, որ անդառնալի բան է տեղի ունենալու, և այդ կիրակին նման չէր մյուս կիրակիներին։ Ժամը 7-ի սահմաններում դուրս եկա զորամասի շենքից, որպեսզի զանգահարեմ ընկերոջս, ով ծառայում էր Ջրականում (Ջաբրայիլում), բայց անջատված էր հեռախոսը։ Եվ հենց այդ պահին սկսեցին հրետակոծել Որոտանը: Վազեցի ներս, որ տեղյակ պահեմ բոլորին, ու մեզ տվեցին N1 հրամանը։ Միանգամից տեխնիկայով բարձրացանք Ջրականի առաջնագիծ։

Սկզբնական շրջանում այդքան էլ վիրավորներ և զոհեր չունեինք։ Մեկ շաբաթ կռվելուց հետո արդեն ունեինք սննդի և ջրի խնդիր։ Մեզ մոտ ամեն ինչ փոխվեց այն ժամանակ, երբ թշնամին սկսեց կիրառել անօդաչու թռչող սարքեր: Զոհերի թիվը կրկնապատկվեց։ Հետո ստացանք նահանջի հրամանը։ Ուժերի տարբերությունը անհամեմատելի էր, և բոլորիս հույսը միայն Աստված էր։

Աշնան երկրորդ ամիսն էր, ստացանք «նահանջ» հրամանը, Ջրականից նահանջեցինք։ Անձրևը արդեն մի քանի օր էր` չէր դադարում, ու բոլորս թրջվել էինք։ Մութն ընկնելով էլ տեսանք հին տներ և մոտեցանք տներին: Նկատեցինք, որ մի շուն է առաջանում դեպի մեզ: Երբ մոտենում էինք շանը, փախնում էր: Հետևից գնալով հասանք մի տնակի: Տեղանքը զննեցինք, մտանք ներս, տեսանք, որ ներսում կար վառելիք, վառարան և որոշակի սնունդ։ Այդ օրը մնացինք այդ տանը, իսկ արդեն առավոտյան դիրքավորվեցինք: Այդ օրն անցավ առանց միջադեպի, իսկ մղձավանջը սկսվեց հաջորդ օրվանից, երբ թշնամին սկսեց օգտագործել «սմերչ» հրետանին։ Երկինքը պատվել էր օդապարիկներով, որոնք ամրացված էին արկերին, և թաքնվելու տարբերակ չկար։ Նայում էի երկնքին և տեսնում էի, թե ինչպես է արկը դանդաղ իջնում մեր կողմ: Աչքերս պինդ փակելով սպասում էի արկի պայթյունին, որը այդպես էլ չպայթեց, բայց մի քանի կիլոմետր այն կողմ մի արկ պայթեց ու քանդեց այն տնակը, որտեղ մենք պատսպարվել էինք։

Մարտի դաշտում լուր հասավ, որ զոհվել է մանկությանս ընկերը. մի պահ քարացա, արցունքները գնացին աչքերիցս, և այդ պահից սկսած զգացի, որ սառել եմ ամեն ինչի նկատմամբ։ Այդ գիշեր նահանջի հրաման էլի ստացանք։ Գնացինք Որոտան, որտեղ կատաղի մարտեր էին ընթանում: Դրանից հետո «նահանջ» հրաման ստացանք դեպի Հայաստանի սահման։ Նորոգեցինք տեխնիկան և շարժվեցինք դեպի Լաչին։ Լաչինում խոցեցին մեր մի քանի տեխնիկան, և լուր հասավ, որ պատերազմը դադարել էր։ Մեզանից ոչ մեկն ուրախ չէր, բայց ոչինչ հետ չէինք կարող բերել։ Ամեն բան ավարտվեց, հաշված օրեր էին մնացել ծառայությանս ավարտին, բայց չկար էն ոգեշնչվածությունը, որն անհրաժեշտ էր, որովհետև պատերազմը իր հետ տարավ ամեն ինչ…

Դպիր Խաչիկ Վարդանյան (կամավոր)

-Պատերազմի մասին լուրը լսել եմ ընկերներիցս։ Ես կարծում էի, թե ուղղակի հարձակում է ինչ-որ դիրքի վրա, դրա համար էլ կատակեցի, ասելով՝ թող երկրի վարչապետը մտածի։ Հետո տեսա, որ լայնածավալ  հարձակման են անցել։ 28-ի երեկոյան արդեն իմացա, որ մեր կողքի գյուղերում կան զոհեր, և անմիջապես զանգեցի ընկերոջս՝ Նարեկ սարկավագին։ 29-ի առավոտյան ես, Նարեկը և Տեր Վարազդատը գնացինք Ստեփանակերտ։ Երևանից դուրս գալուց զգացողություններս այլ էին, իսկ Գորիսում` մարտական։ 29-ի երեկոյան արդեն Ստեփանակերտում էինք։ Պետք է հասնեինք Ջրական, մեր առաջադրանքն այդ վայրում էր։ Երբ շարժվում էինք, Նարեկին խնդրեցի, որ Հադրութով գնանք, որպեսզի տեսնեմ ընկերոջս, ով իմ սանիկն էր։ 30-ի երեկոյան հասանք Հադրութ։ Հայր Մկրտիչը զինվորականներից մեկին ասաց, որ առաջնագիծ ենք ուզում գնալ։ Այդ պահին առաջինը, որ մտքիս եկավ, փաստաթղթերս ու իրերս էին՝ տվեցի զորամասի մոտ գտնվող խանութի խանութպանին, որ հանկարծ հետ չգայի, տար եղբորս։ Ավտոմատներ չունեինք, որովհետև մեզ ասացին, որ գնում ենք զորքի հետ հոգեբանական աշխատանքներ կատարելու։ Սակայն Հայր Մկրտիչը պնդեց, որ գոնե երեքիս համար մեկ ավտոմատ տային, որպեսզի հարկ եղած դեպքում մեզ պաշտպանեինք։ Պատերազմի դաշտում մեր առաջնային խնդիրն էր ՄՈԲ-ի հետ բարոյահոգեբանական  աշխատանք կատարելը, այսինքն, մոբիլիզացիոն ուժերին, ովքեր գալիս էին պատերազմին մասնակցելու,  պետք է գոտեպնդեինք, որ մեկնեին առաջնագիծ։ Այդ պատճառով մենք Ստեփանակերտից մեկնեցինք  Հադրութ, հետո պետք է տեղափոխվեինք Ջրական։

Պատերազմի ժամանակ գլխավոր խնդիրներից մեկն այն էր, որ մեր  ՄՈԲ ուժերը չէին ենթարկվում հրամանատարական ուժերին։ Ըստ իս,  բանակը պատրաստ չէր այսպիսի լայնածավալ հարձակման։ Բոլորս էլ գիտեինք, որ պատերազմը քնում և արթնանում էր մեզ հետ, և այդ ամենը իմանալով հանդերձ, մեր բանակը դրան չէր պատրաստվել։ Պատերազմի ժամանակ շատ խնդիրներ կային, առաջինը այն էր, որ շատերը եկել էին ձևի համար՝ իրենց ցուցադրելու, շատերն էլ եկել էին չգիտակցված և ցույց էին տալիս, որ վախենում են։

Իսկ ինչ վերաբերում է մեր պարտությանը՝ գլխավոր պատճառը կրթության բացակայությունն է, իսկ երկրորդ խնդիրը` կեղծ հայրենասիրությունն ու իրար ատելը։ Եթե սիրենք մենք մեկս մյուսին, այսօր ավելի լավ կլինի, քան երեկ էր…

Արփի Ալեքսանյան (զոհված Սևակ Ալեքսանյանի քույր)

Իրականում  պատերազմի մասին պետք է լռել, որովհետև բառերն անզոր են նկարագրելու այն ցավերը, որ զգում էինք այդ օրերին, որն այդպես էլ չմեղմացրեց ժամանակը…

Արցախի պաշտպանությունն այդ օրերին գերնպատակ էր յուրաքանչյուր զինվորի համար… Անմասն  չմնաց նաև Սևակը։ Չգիտեմ՝ երբ կկարողանամ հաշտվել իր բացակայության հետ։ 2019 թվականի փետրվար ամիսն էր…հիշում եմ իրեն՝ հպարտ կանգնած Ղազանչեցոց դիմաց, Արցախով հիանալիս: Ինքը մեկն էր հազարներից, ով առանց երկար մտածելու, պատերազմի առաջին իսկ օրվանից պիտի պաշտպանության մասնակիցը ու նախաձեռնողը լիներ։

Նախքան պատերազմի սկսելը, երբ արդեն մի քանի ամիս էր մնացել ծառայության ավարտին, հեռախոսազրույցով ասաց. «Շատ մի սպասեք: Էստեղ շատ էլ լավ ա, կարող ա հենց ստեղ էլ մնամ…»

Ինձ թվաց էլի կատակում է…

Հե՛նց սեպտեմբերի 27-ին իր ծննդյան օրը, իսկ պատերազմի սկսվելու առաջին օրը, զանգեց, խոսեցինք 1-2 րոպե, հետո կապը կորավ, ու տագնապային զգացողություն, անհանգստություն ամեն օր, ամեն ժամ, չնայած մինչև հոկտեմբերի 7-ը արվող իր կարճատև զանգերի։ Ներքուստ կարծես զգում էի, որ ուրիշ տարբերակ չկա, որ այլևս ամեն ինչ կորած է․․․ Գուցե էդպես էի մտածում, քանի որ տեսնում էի թշնամու կողմից կիրառվող նորագույն զինտեխնիկան ու մեր «խղճուկ» սպառազինությունը, կամ գուցե պարզապես  զգում էի, որ իմ հոգուն անչափ հարազատ մի մասնիկ այլևս դադարելու է ֆիզիկապես գոյություն ունենալ, շնչել․․․ 

Սևակը ծառայել է Իվանյանի  զորամասում, պատերազմի ժամանակ տեղափոխվել է Ջրական։ Փակագծերը չբացելով ասում էր, որ իրեն էր վստահված ռազմական կարևոր նշանակության մի շարք օբյեկտների փոխադրումը դիրք, որ միաժամանակ իր վարորդական հմտությունների շնորհիվ  հաջողությամբ մարտադաշտից դուրս էր բերում վիրավոր զինվորներին։ Այդ ընթացքում Սևակը մի անգամ էլ վիրավորվում է, բայց  հրաժարվում է բուժօգնությունից և անձնվիրաբար շարունակում է կատարել իր ծառայողական պարտականությունները։ Իր զոհվելու օրը Սևակը երկու անգամ վիրավոր զինվորներին կարողանում է դուրս բերել մարտադաշտից։ Հետո նրան հայտնում են, որ էլի վիրավորներ ունենք, և առանց մտածելու մեկնում է առաջնագիծ, բայց ցավոք, տեղ չի հասնում. մեքենան անօդաչու թռչող սարքերի թիրախ է դառնում։ Եղբայրս զոհվեց հոկտեմբերի 10-ին, լուրը մեզ հասավ հոկտեմբերի 11-ին։

Սևակ Ալեքսանյան