Tamara Taraxchyan

«Ես մինչև հիմա չեմ հարմարվել…»

Արցախցի Լաուրան դեռ մանկուց երազում էր բժիշկ դառնալ։

Եվ հենց այդ ձգտումը նրան ստիպեց մտածել Երևանում ուսում ստանալու մասին։ Սակայն, երբ եկավ մասնագիտություն ընտրելու ժամանակը, նա հասկացավ, որ պատրաստ չէ այդպիսի պատասխանատվություն ստանձնելու, և չհրաժարվելով առողջության անվտանգությանը անմիջականորեն կապված ոլորտից, ընտրեց մասնագիտություն սննդի անվտանգության բաժնում` չհրաժարվելով ուսումը Երևանում շարունակելու գաղափարից։

-Երազում էի բժիշկ դառնալ, բայց քանի որ բժշկական համալսարան Արցախում չկա, որոշել էի, որ բժիշկ դառնալու համար պետք է գամ Երևան, և այդպես ես սովորում էի, աշխատում էի այդ ուղղությամբ,  որպեսզի կարողանայի  գալ Երևան։
Բայց վերջին տարին փոխեցի իմ որոշումը, քանի որ հասկանում էի, որ այդպիսի պատասխանատվություն չեմ կարող իմ վրա վերցնել։ Ընտանիքիս անդամները ևս շատ դրական կերպով արձագանքեցին, որովհետև  իրենք նույնպես  ուզում  էին, որ ես գամ Երևան, և գիտեին, որ Երևանում ավելի մեծ հնարավորություններ կան: Այդպես եկա Երևան արդեն նոր նախընտրելի մասնագիտությամբ ուսում ստանալու։

Գլխավոր դժվարություններից մեկը Լաուրայի համար նոր միջավայրին հարմարվելն էր, որը վերջնական չի հաղթահարել մինչև այսօր։
Նա նշում է, որ թեև բնակվում էր Երևանում, միևնույն է, ամեն հարմար առիթ օգտագործում էր Արցախ այցելելու համար, մինչև որ սկսվեցին ծանր խոչընդոտները։
-Իրականում ես մինչև հիմա չեմ ադապտացվել  այս քաղաքին, քանի որ, ինչպես գիտեք, ես եկել եմ Արցախից, ու այդ պիտակը` այսպես ասած, որ ես Արցախից եմ, դա շատերին էլ դուր չէր գալիս։ Թե՛ համալսարանում ուսանողների կողմից, թե՛ դասախոսների, թե՛ առօրյա շրջապատում ես միշտ  առնչվել եմ այդ բացասական վերաբերմունքին:

Եվ իհարկե, տեղափոխվելուցս հետո,  ամիսը մեկ,  նույնիսկ  երկու անգամ ես անպայման գնում էի, իսկ հետո, երբ սկսվեց կորոնավիրուսը, և սահմանափակումներ եղան, այստեղ էի մնում, հետո սկսվեց պատերազմը, հետո բլոկադան, և ես այդպես էլ չկարողացա գնալ հայրենիք և մնացի այստեղ։
Հայրենիքում ստեղծված ծանր պայմանները Լաուրային ետ չէին պահում Երևանում դեռ նոր ծնունդ առնող կարիերան թողնելու և  վերադառնալու մտքից։

֊Ես ցանկացած ժամանակ էլ մտածում էի ընտանիքիս մոտ լինելու մասին, որովհետև ընդհանրապես չէի պատկերացնում, որ կգա մի օր, որ առանց հայրենիք, առանց տուն կմնամ: Միշտ ես  մամայիս  զանգում ասում էի` գամ,  մաման ասում էր. «Չես կարա, էլի, ստեղ առանց ջուր, առանց էդքան ուտելու բանի,  դու ստեղ չես կարա մնաս»: Ես էլ մամային ասում էի. «Մամ, ես կարամ, մենակ թե ձեր կողքին  լինեմ,  ամեն ինչին կհարմարվեմ,  միայն թե էդտեղ լինեմ»։ Պատրաստ էի աշխատանք, ուսում թողնել ու գնալ, ընտանիքիս հետ լինել։

Պատերազմի սկսվելու մասին իմացել է կուրսընկերներից։ Շատ էր վախեցել, քանի որ հարազատների հետ կապի դուրս գալ չէր կարողանում: Միակ սփոփանքը գտնում էր հայրենակից ընկերների մեջ։

-Ես դասի էի այդ ժամանակ, որ պատերազմը սկսվեց, անգամ տեղյակ չէի` ինչ է  կատարվում, կուրսընկերներս եկան, ինձ հարցրեցին` «Բա ո՞նց են ձերոնք», ես էլ ասում էի.  «Նորմալ, էլի, ոնց պետք ա լինեն»,  ու չեմ գիտակցում այդքանը, որ այնտեղ պատերազմ է սկսվել: Հետո դասախոսն ասաց, որ մարդիկ իջել են նկուղները։ Ես ապշահար էի, որովհետև չէի մտածում, որ նման բան կարող էր էլի լինել, որ ռուս խաղաղապահները այնտեղ, կարող է նորից պատերազմ սկսվել։ Ու ես չէի կարող բառերով բացատրել իմ ապրումները, որովհետև դա շատ ահավոր է, երբ դու ուզում ես գոնե մեկի հետ կապ հաստատես ու իմանաս` ոնց են, գոնե ասեն` լավ են ու անջատեն, բայց ոչ մեկի հետ չես կարողանում կապ հաստատել։

Ընկերներիս հետ էի, էլի Արցախից, որ կարողանում էի խոսել, կիսվել, և երբեք այդ  ապրումները  չենք կարող մոռանալ, միշտ մնալու է մեր սրտի, հիշողության ու մտքի մեջ, որովհետև այնքան  վատ բաներ են եղել այդ օրերին, որ  մենք անգամ մտածում էինք`  «Գոնե էնտեղ մարդկանց բաց կթողնե՞ն, որ իրենք գան, ո՞նց կթողնեն…»։  Ես տատիկիս հետ կարողացա կապ հաստատել, ու ինքը այդ ժամանակ աշխատանքի էր, պապիկս էլ դրսում  էր ու ասաց, որ չգիտի պապիկիս տեղը, ոչ մեկը չգիտեր։ Զանգում էի, բայց չէր պատասխանում պապիկս, շատ ահավոր էր, ու ես հիշում եմ  այդ օրը, գիշերվա ժամը երկուսն էր, աղոթեցի, ասացի` «Տեր Աստված, խնդրում եմ, գոնե մի պահ պատասխանի պապիս,  ասի` լավ եմ ու վերջ, ուրիշ ոչ մի բան չեմ ուզում», ու նորից զանգեցի։ Աղոթելս, զանգելս ու պապիկիս պատասխանելը մեկ եղավ։ Պատասխանեց, ասաց` լավ եմ ու վերջ, ձայնը հետո կտրտվեց, ուրիշ ոչ մի բան չկարողացանք արդեն խոսել, ու հետո տատիկիս արդեն ասացի, որ խոսել եմ պապիկի հետ, չանհանգստանա:

Դժվարությունների ու ցավի հետ մեկտեղ, Լաուրայի հոգում չի մարում հայրենակիցների  հանդեպ տածած սերն ու կարեկցանքը։ Հայրենակիցներին որևէ աջակցություն ցուցաբերելու ցանկությունը մղեց փոքրիկ թիմ կազմելու և տարհանված արցախահայության համար անհրաժեշտ իրերի և սնունդի հավաքագրումը կազմակերպելու։
-Թիմը ես չեմ ստեղծել անձամբ, բայց մի քանի արցախցի երեխաներով ենք որոշել։ Մեզ աջակցել են մեծ լսարան ունեցող բլոգերներ։ Իրենք են օգնել, և մենք բացել ենք այն և սկսել  կամավորական աշխատանքները կազմակերպել, ու երևի թե Երևան քաղաքում քիչ կամավորական թիմերից էինք, որը բաժանում էր նաև վերմակ ու բարձ մարդկանց, որովհետև հիմնականում չոր սնունդ, հիգիենայի պարագաներ էին բաժանում, իսկ այդ ժամանակ, քանի որ մարդիկ առանց ոչ մի բանի էին դուրս եկել, իրենց պետք էր այդ վերմակը, բարձը։ Մարդիկ կային, որ անգամ մեքենայի մեջ էին քնում։ Իրենց դա շատ պետք էր։ Տևեց մոտ մեկ ամիս, հետո ֆինանսական միջոցները այդքան էլ չէին  հերիքում, որպեսզի շարունակենք կամավորական աշխատանքը, և աստիճանաբար նվազեցին մեր աշխատանքները, մինչև ամբողջապես դադարեցվելը։ Բայց իմ հոգում մի շատ  մեծ թեթևություն կա, որ մենք այդքան շատ մարդու օգնել ենք։ Լաուրան այս չորս տարիները ամփոփելիս, հիասթափված նշեց, որ սպասելիքները կրթական  ոլորտից չեն արդարացել, թեև համառորեն շարունակել է, և այժմ սովորում է մագիստրատուրայում:

-Հույս ունեմ, որ ավելի շատ պրակտիկ փորձ ձեռք կբերեմ, քան բակալավրիատում ուսանելիս:  Երբ գործնական աշխատանք չկա, դու էդքան էլ չես կարող պատկերացում կազմել այն ամենի մասին, ինչը որ քեզ պետք է:

Իսկ հարցին, թե ինչպես այս չորս տարիները փոխեցին իրեն, տխրությամբ հիշեց։
-Չորս տարի առաջ, երբ նոր էի եկել  Երևան, շատ փակ էի, շատ ամաչկոտ էի, այնքան, որ  օրինակ, ինչ որ բանի տեղ չիմանայի, կամաչեի մեկին մոտենալ ու հարցնել, թե որտեղ է գտնվում,  կամ խնդրել ուղղորդել ինձ: Հիմա շատ համարձակ եմ դարձել: Եթե առաջ արցախցի լինելու համար ինձ մի բան ասեին, կգնայի մի տեղ, կլացեի,  իսկ հիմա ես գիտեմ ինչպես պատասխան տալ բոլորին և ասել, որ արցախցի լինելը դա մեծ պատիվ է, ոչ թե ամոթ բան։

-Որտե՞ղ եք Ձեզ տեսնում հինգ տարի հետո։

-Հինգ տարի հետո ես ինձ տեսնում եմ իմ ոլորտում, արդեն շատ լավ մասնագետ դարձած: Չեմ զղջում, որ ընտրել եմ հենց այս ոլորտը։  Հայաստանում շատ մեծ  խնդիր ունենք սննդի անվտանգության առումով, այդ պատճառով հուսով եմ, որ հինգ տարի հետո շտկված կլինեն բոլոր այդ հարցերը, և մարդիկ արդեն կսնվեն առողջ սնունդով ամեն տեղ։ Հուսով եմ (ժպտում է)։

Վերջին հարցի շուրջ երկմտում էի,  բայց իմ մեջ ուժ գտնելով հարցրեցի, թե երբ է վերջին անգամ իրեն անչափ երջանիկ զգացել։ Լաուրան  դեռ 21 տարեկան է, բայց  վերջին մի քանի տարին անասելի հետք է թողել նրա հոգում, հիշողության մեջ։ Աչքերում եղած տխրությունը արժանապատվության հետ խառնված, ցավը, հիասթափությունը…

-Ես միշտ մտածել եմ, որ ինձ եթե այդ հարցը տային, ես միանշանակ 2020 թ. նոյեմբերին (օրը չեմ հիշի, որ ասեմ, բայց էդ պահը կարող եմ հիշել)։ Նոյեմբերին մենք էլի կամավորական աշխատանքներ էինք անում, պահածոներ էինք փաթեթավորում պահածոյի գործարանում և ուղարկում դիրքեր` զինվորների համար։ Դե հայրիկս էլ էր դիրքերում, հորեղբայրս, եղբայրներս… Բոլորն այնտեղ էին, և երբ հերթական կամավորական աշխատանքներն էինք անում, երեկոյան յոթին ավարտելուց հետո, գնացի տուն, ու երբ տուն մտնելով տեսա հայրիկս նստած … (հուզվում է), անբացատրելի էր զգացածս։ Որովհետև էնքան շատ էի ուզում նրան տեսնեի, դա իմ կյանքի, միանշանա՛կ իմ կյանքի երջանիկ օրն էր, երբ մենք  հարազատներով մի սեղանի շուրջ նստած էինք, ամբողջական էր ընտանիքս, միանշանակ դա էր իմ կյանքի ամենաերջանիկ պահը։ Վախս շատ մեծ էր մինչ այդ պահը, որովհետև մինչև հայրիկիս գալը, երբ խոսում էինք տեսազանգով, (հայրիկս  ճանապարհային ոստիկանության փոխգնդապետ  էր այդ ժամանակ), հենց այդ պահին իրենց շենքի վրա ռումբ ընկավ։ Սարսափելի էր էդ ամենը: Ես երբեք ոչ մեկին չեմ ցանկանա զգալ այն ապրումները, որ ես եմ զգացել այդ օրերին։ Ոնց որ ամբողջ կյանքս սպասեի այդ օրվան, հավերժություն էր թվում, դրա համար դա միանշանակ իմ կյանքի ամենաերջանիկ օրն էր։