eva khechoyan

Պատմություններ օվկիանոսի այն կողմից. մաս 3

-Եվ ջա՞ն, ո՞նց ես, հարմարվե՞լ ես, կարոտո՞ւմ ես տնեցիքին:

Դե, գիտեք, սուտ կլինի, որ վշտահար դեմով, Կլայդերմանի երաժշտության ուղեկցությամբ ասեմ. «Չես պատկերացնի, թե ոնց եմ կարոտել մամայիս, պրյամ դա սլյոզ…»:

Թող ներեն ինձ իմ տնեցիք, բայց իմ կարոտը դրա նման չի:

Ես ամեն իրիկուն մամայի ձեռքին կրեմ քսելն եմ կարոտել: Դե, էդ էլ մեր ընտանեկան սովորությունն է: Մաման կնստեր բազկաթոռին, ես էլ կնստեի կողքին, մի խորը շունչ կքաշեի, կսկսեի մատների հետ խաղալ, մի ժամ, երկու ժամ, կարևոր չէր, որ ձեռքերը արդեն չորացել են, մենք դեռ խոսելու բան ունեինք:

Մեր տիկին Սուսանի խաչապուրիներն եմ կարոտում: Էն տնական պանիրով, կարագով: Էն որ, դպրոցից գալիս ես, դուռը բացում, տաք, համով գոլորշին շնչու՜մ… Անդաստիարակի նման, առանց ձեռքերդ լվանալու, կոշիկներով մտնում ես ներս, քեզ վառելով վերցնում ես տաք խաչապուրին, ու «խը՜րթ…»: Այ, կարոտելու բան եմ ասել:

Պապայի ձեռքերն եմ կարոտել, էն որ միշտ կամ մեղուներն են կծած լինում, կամ էլ գործ անելուց վնասված են: Թե ոնց է հարմարեցնում՝ ես էլ չգիտեմ:

Ինչքան էլ անսպասելի լինի՝ Սարգսի՝ տան մեջ անիմաստ թափառելն եմ կարոտել: Էն որ դաս պիտի անի, բայց հավես չունի, ու սենյակից սենյակ է գնում, համ ծարավ է, համ սոված, համ ատամն է շարժվում, համ փորն է ցավում… Մի խոսքով… Ծանր է խեղճի վիճակը… Մաման էլ անխղճորեն կասի .«Հը՞, տղա ջան, էլի մոլորվե՞լ ես»:

Ծիծաղս զսպելով կնայեմ մամային, մաման էլ իրեն զսպելով նշան կանի, որ չծիծաղեմ…  Դե, որ չմատնենք մեզ:

Անգելինայի հետ անկեղծ զրույցներն եմ կարոտել, երբ հարցնում էի.

-Անգելինա, ինչի՞ ես սիրում ինձ:

Ինքն էլ ի՞նչ ասի՝ լավ լինի:

- Որովհետև դեմքերդ ու աչքերդ ու ոտքերդ սիրուն են:

Դեմքերդ… Էրեխեն մի բան գիտի, որ ասում է: Իր դեմքի մասին միշտ եզակիով է խոսում, բայց եթե մեծերի մասին է խոսում՝ միշտ «դեմքեր»:

«Ջանիկ կլուբն» եմ կարոտել: Կհիշեք երևի, Ջանիկ պապի ղեկավարությամբ, ավտոտնակում հիմնադրված կենտրոնը, որտեղ հավաքվում են թաղամասի մեծերը՝ նարդի կամ շախմատ խաղալու:

Հետո մի հետաքրքիր կարոտելու բան. ինչ եկել եմ՝ լվացք չեմ տեսել, մի տեսակ տխուր ա, է: Լվացքներին նայելը ամենահետաքրքիր զբաղմունքներից մեկն է, երբ նստում ես պատուհանի մոտ, ու մտքում վերլուծում կողքի շենքում փռած որևէ լվացքի տրամաբանական հաջորդականությունն ու անտակտ կամ ճիշտ գունային համադրությունը: Լվացքն արվեստ ա, է, ամենայն լրջությամբ:

Մեր վերևի հարևան Սվետ տատիին ամեն օր շենքի դիմաց բարև տալուն եմ կարոտել: Էն Սվետ տատին, որին փոքր ժամանակ «Բանան տատիկ» եմ ասել: Թե ինչ հիմքեր եմ ունեցել դրա համար, ես էլ չգիտեմ…

Էս էլ իմ կարոտի մասին: