Պատուհանից ներս

Շուրջը հանգստություն էր տիրում: Հանգստություն` բնության ու մարդկանց ներդաշնակ կյանքով: Սիսիանն է: Ուր որ նայում ես՝ լեռներ են, սարեր, ծառեր ու էլի սարեր, որոնք, թվում է, ներթափանցել ու ամրացել են մարդկանց հոգիներում… Սարերի ժողովուրդն ուրիշ է, դե′… Այս  մտքերն էին թափառում գլխումս, երբ նայում էի շուրջս:

Ահա, ավարտվեցին բարձրահարկերն, ու սկսվեց սեփական  տների շարքը: Այդ շարքում, կարծես, բոլորից անկախ, մի բարձրահարկ էլ կար: Արտաքինից առանձնապես չգրավող, ցանկապատով առանձնացված շենքը, որին ես տուն կանվանեմ` ձգեց ինձ: Նեղլիկ միջանցք էր, որի պատերից «փաթիլներ» էին թափվում: Արտաքինից՝ մեռած, ավերակ դարձած այդ շինությունից երեխաների աղմուկ էր գալիս: Չնայած մութ էր ներսում, ու չէի կարողնում հասկանալ, որ կողմից են ձայները, բայց արագ-արագ վերև բարձրացա:

Երեք երեխա էին՝ 1 տղա և 2 աղջիկ: Միջանցքում թելով պարաններ էին կապված: Ամեն սենյակի պատի կողքին լվացք էր փռված՝ բազմատեսակ ու բազմագույն:  Սենյակների դռները հիմնականում բաց էին, և ուզած-չուզած լսում էի կանանց զրույցները. սուրճի ժամն էր:

-Ասամ՝ տեսնամ խոխեքը հո՞ւնց են։

-Բալաս, տոն եկեք:
-Ա՜ջ, դա՛րձ:
-Էհ, մենք՝ հեչ ,մինակ  թա՝  ըրեխերքը լավ ինին։
-Տո, շան տղա, էս չոր երգրումը շտե՞ղ ես ցեխուտ տառալ։

 -Բարև,-լսեցի հետևից: Խաղացող երեխաներից մեկն էր՝ փոքրամարմին, մեծ աչքերով ու զրնգուն ձայնով: Ասաց ու գնաց ընկերների մոտ. ես հետևեցի նրան: Հենց այդ փոքրամարմին աղջիկը վերցրեց քարի մեծ կտորներ ու սկսեց համաչափ քայլել դեպի միջանցքի վերջը:

Տղան հաշիվ էր տալիս.

-Մեկ, երկու, մեկ, երկու, ձախ, ձախ, ձախ, աջ, ձախ…Հետո «պաշտոններով» փոխվեցին: Ուզում էի հասկանալ, թե որտեղ են այդպես քայլել կամ հրամաններ տալ սովորել: Ու սկսվեց նրանց պատմությունը:

Պարզվեց, որ Նարեի ու Ավագի հայրիկները պայմանագրային զինծառայողներ են, իսկ Արևիկը` նրանց հետ խաղացող մյուս աղջիկը, ուզում էր սովորել խաղի կանոնները, դե նրանք էլ սովորեցնում էին: Ես էլ միացա նրան: Դարձումներ էինք անում, քայլում, քարերով վազում ու շարք կանգնելու կանոններ սովորում: Ասում եմ՝ սովորում, որովհետև ես էլ էի նրանց հետ սովորում: Տեսնել էր պետք, թե ինչքան հավասար ու ճիշտ էին Նարեն ու Ավագը կատարում Արևիկի հրամանները:

-Պապաս հիմա գնացել է, 15 օրից կգա, ուզում եմ պարապեմ, որ հաջորդ անգամ նրա հետ գնամ,- ասաց Նարեն, որին հետևեց Ավագի պատասխանը.

-Ինքը երևանցի չի, խե՞ ես գրական խոսում,- հետո նայեց ինձ ու ծիծաղելով ավերլացրեց,-  ինքը մրջյունից վախում ա, բայց սահման ա գնում, շաշ ա, չէ՞:

Ու մինչև ես կհասցնեի ծիծաղել, կռիվը սկսվեց…

Վերջապես, վեճին վերջ տալու համար, Ավագն ասաց.
-Լավ, ծեզ ալ կտանեմ սահման, հինչ էլ չլի՝ թշնամին ծեր ղարաչի ձեներան կփախնի:

Նրանց թողեցի  «շարահրապարակում»  ու շարժվեցի վերև: Բնակիչները հերթով իջնում էին, ներքև `դույլերով ջուր բարձրացնելու.  ջուր չկար այդ օրը: Փնթփնթոց չլսեցի,  դժգոհ դեմքեր չկային. հակառակը՝ այնքան ջերմ էին բարևում, կարծես իրենց բարեկամի, հարսի, աղջկա, փեսայի թոռն էի:

Լուսանկարը` Լյուսի Ուլունցի

Լուսանկարը` Լյուսի Ուլունցի

Հետաքրքիր էր,  որ բոլորի դռները բաց էին. «հա՛մ մաքուր օդ ա, համ էլ՝ մարդն իրա մղակը (շեմը) միշտ էլ պիտի պահպանի»: Սենյակներում մի կամ երկու անկողին կար, սեղան ու հեռուստացույց.  ո՛չ «ռոկոկո-մոկոկո» պահարաններ, ո՛չ երեք մետր բարձրությամբ ու երկարությամբ անկողիններ,ոչ է լ զարդանախշերով առաստաղ: Ամեն ինչ հասարակ էր, պարզ ու մաքուր: Միջանցքի պատուհանից ներս նայողը, սա չէր տեսնի, միայն լվաքն էր երևում: Իսկ այդ նույն պատուհաններից  դուրս, երևում էր հանրահայտ «անմոռուկը» : Ողջ մեծությամբ այն փակցված էր դիմացի շենքի պատին:

Լուսանկարը` Լյուսի Ուլունցի

Լուսանկարը` Լյուսի Ուլունցի

Եթե միայն շատերը պատուհանից ներս նայեին, երբեմն…

Հանրակացարան էր, բայց մի մեծ տուն թվաց իմ աչքին: Կարծես նահապետական գերդաստանի բոլոր անդամներն այդտեղ էին ապրում. օդն ընտանեկան համերաշխությամբ էր լցված: Չնայած մեկ-մեկ, ինչ որ կին` ճղան ձայնով, խախտում էր ներդաշնակ հանգստությունը:

Արդեն գնալուս ժամանակն էր: Չէի նկատել՝ ոնց էր մթնել: «Ծառայակից» ընկերներս եկան, ճանապարհեցին: Դուրս գալու ժամանակ էլի փաթիլներ էին թափվում պատերից, էլի խոնավության հոտ էր գալիս, մարդիկ ջուր էին բարձրացնում: Նույն սենյակներն էին՝ նեղ ու տարրական  պայմաններից զուրկ, բայց այդ ամենն, ինձ արդեն քանդված շենք չէր թվում. այստեղ «մարդկության» հոտն ավելի ուժեղ էր, քան՝ խոնավության ու բորբոսի: Լվացքը չորանում էր միջանցքներում, երեխաները «սահմանին» էին խաղում, դույլերի չրխկոց-դրխկոց էր լսվում:

Քանդված պատերը վկա` մարդկության հոտ էր գալիս: