hasmik vardanyan

Սերիալներին համընթաց

Իչա, Տապասիա, Չակոր, Քուշի, ինչո՞ւ չէ՝ Արնո, Ռուշանյան, Քարամյան, անընդհատ լսվող անուններ: Երևի արդեն հասկացաք, թե ինչի մասին եմ ուզում գրել`այո՛, սերիալների՝ ինչպես հնդկական, այնպես էլ՝ հայկական: Իմ կարծիքով սերիալները ստեղծված են ժամանակ սպանելու կամ պարապությունը փարատելու համար: Մարդկանց մի մասն ուղղակի ապրում է սերիալներով: Հայաստանում հնդկական կինոարտադրությունն ավելի մեծ փառք է վայելում, քան հայկականը: Լա՛վ, ինչևէ, շարունակեմ: Տեղափոխվենք Հնդկաստան․հնդկական սերիալներում շատ է աբսուրդը: Բոլորս էլ նկատած կլինենք, որ այսպես կոչված՝ կինոյի միջի տղան, ինչպիսի իրավիճակում էլ գտնվի՝ մի քանի օր քաղցած, ծեծված, երբ աղջիկը հայտնվում է, ինչ-որ գերբնական ուժ է ծնվում տղայի մեջ, ու կապ չունի այդ պահին իշխողն ով էր, կամ ում ձեռքում էր զենքը, արձակում է ամուր կապված շղթաններն ու փրկում աղջկան: Լա՛վ, հասկացանք, որ սերիալ է, կարող է և մի փոքր էլ չհամապատասխանի իրականությանը, բայց այսքա՞ն:

Վերադառնանք Հայաստան: Հայկական սերիալներում կան անհավանական իրավիճակներ, բայց երևի դրանք շատ ավելի քիչ են: Հայկական սերիալներում ամեն ինչ շատ միապաղաղ է: Դեպքերը շատ դանդաղ են առաջ գնում: Օրինակ, եթե տեսել ենք առաջին սերիան ու հետո 40 սերիա չենք տեսել, հետո նայենք հաջորդը՝ այնպիսի տպավորություն կստեղծվի, որ սայլը տեղից չի շարժվել: Բայց գիտե՞ք հետաքրքիրն այն է, որ երկու տեղում էլ կան բացասական կողմեր, բայց կարծում եմ, որ հնդկականը ավելի բարձր մակարդակի վրա է:

Գրում եմ այս մասին, բայց զգում եմ, որ չեմ կարողանում ավարտել մտքերս: Մտածում եմ․ «Ինչո՞ւ գրեցի այս մասին»,- և ինքս ինձ պատասխանում․

-Երևի այն պատճառով, որ ես էլ իմ ավանդը ունենամ սերիալային քննարկումներում: