Սոցիալական ձեռներեցության ամառային դպրոցը

Վորլդ Վիժն Հայաստան Գավառի տարածքային ծրագրի երիտասարդական ծրագրերի շրջանակներում շուրջ երեք տարի է կազմակերպվում է սոցիալական ձեռներեցության եռօրյա դասընթացներ, որոնք հնարավորություն են տալիս երիտասարդների մեջ զարգացնել սոցիալական ձեռներեցության կարողությունները և իրականացնելու բիզնես ծրագրեր։ Այս տարի ևս օգոստոսի 3-6-ը կազմակերպվեցին դասընթացներ Վարդենիսի տարածաշրջանի Դարանակում, որին մասնակցում էին 16-30 տարեկան երիտասարդներ և Գավառի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ԵՀԿ կամավորները։ Տնակը, որտեղ բնակություն էին հաստատել ամառային դպրոցի մասնակիցները, գտնվում էր բարձր բլրի վրա, որտեղից գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի կապուտակ Սևանը՝ կանաչ մարգագետինների գրկում։

Դասընթացների մասնակցության հայտերը լրացնելիս երիտասարդները հակիրճ կիսվել էին նաև իրենց բիզնես գաղափարներով, որոնք ներկայացրեցին և վերլուծեցին առաջին օրվա ընթացքում։ Հաջորդ օրերին դասընթացավար Արամ Հարությունյանի օգնությամբ գաղափարները մշակվեցին և թղթին հանձնվեցին։ Կազմվեցին նաև մարքեթինգային ռազմավարության պլաններ, և յուրաքանչյուր գաղափարակիր մանրամասն ներկայացրեց իր առաջարկած սոցիալական բիզնեսի արտադրական պրոցեսը և անհրաժեշտ պարագաները։ Իրար նման ծրագրեր ունեցող մասնակիցներից շատերը միավորվեցին և որոշեցին թիմով աշխատել։
-Իմ ծրագիրը երեխաների զարգացման կենտրոնի հիմնումն էր, ինչի միջոցով հնարավոր կդառնար ուժերի ներածին չափով օգնել կարիքավոր երեխաներին,-ասում է դասընթացի մասնակից Մերի Զարգարյանը,- դասընթացը մեզ հնարավորություն տվեց սոցիալական բիզնեսի գաղտնիքները բացահայտելու և սեփական բիզնես հիմնելու համար։ Բացի դա՝ ձեռք բերեցինք շատ նոր ընկերներ, որոնց հետ ժամանակն այնքան հետաքրքիր էր անցնում, որ չզգացինք, թե այդ երեք օրն ինչպես անցավ։


Չնայած հագեցած ուսուցողական գրաֆիկին, ծրագրի մասնակիցները կեսօրն անց կազմակերպում էին իրենց ակտիվ ազատ ժամանցը. Սեղանի խաղեր, թենիս, զբոսանք մինչև Սևանի ափ, պար, կարաոկե… Մի խոսքով՝ երեք օր առանց վիրտուալ կյանքի։
Դասընթացների ավարտին երիտասարդ ձեռներեցների բիզնես-ծրագրերին ծանոթացավ Վորլդ Վիժն Հայաստան Գավառի ՏԾ-ի երիտասարդական ծրագրերի պատասխանատու Գրիգոր Դաշտոյանը, ով գնահատեց մասնակիցների գաղափարները և կարևորեց դրանցից առավել իրատեսականները։
Արդեն հարազատացած՝ երրորդ օրը երեկոյան, թիմը հավաքվեց խարույկի շուրջ։ Երգը, հետաքրքիր պատմությունները, կատակները, կրակի ճարճատյունը վայելելուց հետո շատերը գիշերն արթուն լուսացրին՝ չէ՞ որ ուզում էին երկարաձգել ժամանակը։ Լուսաբացին, նախաճաշից հետո մեքենաները շարժվեցին, երիտասարդ ձեռներեցները տուն վերադարձան՝ նոր գիտելիքներով զինված ու նոր ընկերներ ձեռքբերած։