Gayane Avagyan

Վատ գրքեր չկան, կան վատ ընթերցողներ

«Վատ գրքեր չկան, կան վատ ընթերցողներ»: Ամեն անգամ իմ այն հարցին, թե` պապիկ,  ի՞նչ գիրք կարդամ, պապս այսպես է պատասխանում: Պապիս այս խոսքերը հիմք հանդիսացան տարբեր տեսակի գրքեր կարդալու համար: Շատ անգամներ, երբ  ուզում էի գիրք կարդալ, բայց չգիտեի որը, ընկերներիս էի հարցնում, կամ էլ գնում էի գրադարան ու գրադարանավարուհուն հարցնում, թե որ գիրքը խորհուրդ կտա կարդալ: Իսկ հիմա պապիս խոսքերը լսելով, գնում եմ գրադարան, վերցնում որևէ գիրք,  գալիս տուն ու սկսում կարդալ: Ու հասկանում եմ ` յուրաքանչյուր գիրք իր ներսում մի աշխարհ է պարունակում, իր  ներսում քնած հերոսներ ունի, ու դու` հենց ինքդ, ընթերցող, պիտի կարողանաս արթնացնել քնած հերոսներին: Եթե գիրքը կարդաս այնտեղից ինչ-որ բան սովորելու, ինչ-որ բան քո մեջ փոխելու համար,  ուրեմն, գրքի հերոսները քեզ անպայմանորեն կօգնեն:

Մեկ-մեկ սկսում եմ հայելու առաջ ինքս ինձ խոսել: Իմ կարդացած գրքերն եմ վերլուծում: Ու երբ սկսում եմ խոսել ինձ դուր չեկած հատվածների մասին, արժանանում եմ պապիս խրատող հայացքին: Հետո նստում ենք պապ ու թոռ, քննարկում գրողին ու իր գրածը: Հետո իմ մեջ  գցում – բռնում  եմ ու գալիս եզրահանգման` գուցե ինձ համար հեղինակը լավ չի գրում, ու  ինչ-որ բան ինձ դուր չի գալիս, բայց շատ հնարավոր է , որ նա էլ իր ընթերցողների շրջանակն ունի ու չէ որ նա էլ մի ամբողջ կյանք է ապրել գրել կարողանալու համար:

Այ, հիմա է, որ հասկանում եմ` քննադատելուց առաջ մի լավ պետք է մտածել:

Վերջերս սկսել եմ ժամանակակից գրականություն կարդալ: Ու շատ հաճախ, երբ ասում են, թե ինչ եմ կարդում, լսելով իրենց համար անծանոթ գրողի անուն, դեռ մի բան  էլ զարմանում են, որ նման գրող կա: Լավ չէ, որ ժամանակակիցներին անտեսում են: Ինչո՞ւ չեն  կարդում: Փորձել եմ գտնել այս հարցի  իմ պատասխանը: Միգուցե ընթերցողը հոգնել է իրականությունից, հոգնել այսօրվա ապրելակերպից և ուզում է մտքով տեղափոխվել անցյալ: Կամ էլ միգուցե նրանց հետաքրքրում է այն ժամանակվա վարք ու բարքը, սովորությունները, հագուստները կամ, ինչու ոչ, մարդկանց փոխհարաբերությունները, և հենց այդ պատճառով անտեսում է ներկան պատկերող գրողների գործերը: Թերևս ես էլ, եթե  միայն այսպես մտածեի, չէի կարդա ժամանակակից գրողներին: Բայց ինձ հետաքրքիր է նաև այսօրվա գրողի մտածելակերպը, թե ինչի մասին նա արժանի չի գտնում խոսել, ինչի մասին է լռում, ինչն է թաքցնում և ինչի վրա է կենտրոնանում:

Զարմանալի է, արդյո՞ք այն գրքասերները, ովքեր մտածում են` մերօրյա գրականությունը հետաքրքիր չէ,  այս դատողությունն արել են: Եթե ոչ, խորհուրդ եմ տալիս տեսնել նաև մեդալի մյուս կողմը`մտածել նաև այսպես:

Չպետք է նաև մոռանալ, որ գրքերն էլ նեղանալու հատկություն ունեն: Գրքեր չկարդալով մենք շատերին ենք վիրավորում`գրքում փակված հերոսներին, հեղինակին, գիրքը կազմողներին…Ու ինքներս մեզ: