Աղվերանի մեդիա ճամբար. Վարպետության դաս. Լևոն Քալանթար

-Ուրեմն, էրեխեք ջան, քանի որ մեր ժամանակը կարճ է, այդ իսկ պատճառով այսօր մենք չենք կարողանա խոսել համաշխարհային կինոյի ձեռքբերումների մասին ամբողջությամբ, բայց որոշ բաներ անպայման կքննարկենք: Քանի որ այստեղ հավաքվածներդ որոշակի պատկերացում արդեն ունեք կինոյի մասին, պարզագույն բաներին ծանոթ եք, կարծում եմ՝ նպատակահարմար կլինի խոսել ավելի կարևոր բաների մասին:Կխոսենք վիզուալիզացիայի մասին: Օրինակ, ինչպես պատկերել ֆիլմը, եթե դու ունես ինչ-որ մի պատմություն, որը ենթադրենք, անցած-գնացած բաների մասին է, բայց կա հերոս, և ուղղակի պետք է նրան ճիշտ պատկերել:

Սրանից մի քանի տարի առաջ մենք գնացել էինք Ղարաբաղ ու մի շատ հետաքրքիր ֆիլմ էինք նկարում: Պատմությունը էսպիսին էր. մի կնոջ ամուսնուն ադրբեջանցիները գերի էին տարել, բայց պատմությունը անցյալում էր արդեն, որովհետև հաջողվել էր ամուսնուն հետ վերադարձնել: Պատմությունը շատ դրամատիկ էր, կինը շատ լավ կերպար էր ֆիլմի համար, բայց մենք չէինք հասկանում, թե ինչպիսի ֆիլմ նկարենք նրա մասին: Ու երբ գնացինք այդ կնոջ հետ ծանոթանալու, տեսանք, որ նա ընկույզի մուրաբա էր պատրաստում, ու մենք հասկացանք, որ կարող ենք վերցնել երկու պատմություն և իրար հետ զուգահեռ տանել: Գլխավորը լինելու էր այն, թե ինչպես է կինը պատմում իր ամուսնու մասին, իսկ զուգահեռը լինելու է ընկույզ պատրաստելու գործընթացը: Ու պարզվեց, որ ընկույզի մուրաբա պատրաստելն էլ ուներ իր խորհուրդը: Երբ ամուսինը գերությունից վերադարձել է, կնոջն ասել են, որ ամուսնուն բուժելու համար պետք է ընկույզի մուրաբա պատրաստի: Ու քանի որ ընկույզի մուրաբայի պատմությունը անմիջական կապ ուներ մեր գլխավոր պատմության հետ, մենք որոշեցինք այդ ամենը նկարահանել միասին: Կարևոր է նաև այն, որ ֆիլմից հետո կինը ստացավ տուն, որովհետև մինչ այդ ապրում էին «դոմիկում»:

Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ «Ամուր ընկույզ»  ֆիլմի երաժշտությունը պատահական չէ ընտրված: Ֆիլմում օգտագործված է «Սիրո տառապանքներ» երաժշտությունը: Շատ կարևոր է, որ երաժշտությունը լինի պատճառաբանված: Շատ սխալ է ընտրել մի երաժշտություն, որը պարզապես քեզ դուր է գալիս, այդ ժամանակ երաժշտությունը գնում է այլ ճանապարհով, ֆիլմը՝ այլ:

Լավագույն դոկումենտալ ֆիլմերը այն ֆիլմերն են, որտեղ երաժշտություն չկա, որովհետև դրա կարիքը չկա: Երաժշտությունը ինչ-որ դատարկություն լրացնելու համար է, իսկ եթե ֆիլմը չունի երաժշտություն, ուրեմն այն դատարկ տեղ չունի:

«Ամուր ընկույզ» ֆիլմը իրականում այդ կնոջ ամուսնու մասին չէ: Կարելի է տարբեր ձևով ներկայացնել, և դրանից ֆիլմի իմաստը կփոխվի: Այս ֆիլմը մենք ցույց ենք տվել նաև ադրբեջանցիներին: Մի հայտնի ադրբեջանցի ռեժիսոր մոտեցավ ինձ և ասաց, որ ես ցույց եմ տվել Մայր Հայաստանի կերպարը:

Ի դեպ ասեմ, որ ֆիլմը նկարահանված չէ թանկարժեք տեխնիկայով, և ուզում եմ իմանաք, որ եթե դուք չունեք լավ տեխնիկա, դա դեռ չի նշանակում, որ ֆիլմը չի հաջողվի:

Հիմա ուզում եմ խոսենք մոնտաժի մասին: Ես համարում եմ, որ մոնտաժը մոգություն է և կախարդանք: Մոնտաժի միջոցով կարելի է խեղաթյուրել իրականությունը: Մոնտաժի միջոցով կարելի է հասնել մի բանի, որը գոյություն չունի:Եվ  մի բան էլ հիշեք, որ լավ մոնտաժ անելու համար, նախ և առաջ, պետք է սկզբում նկարել այն, ինչ մեզ պետք է, այսինքն, կարևոր է օպերատորի հետ համագործակցությունը: Շատ կարևոր է, որ օպերատորը ստացած լինի կոնկրետ հանձնարարություն:

Եթե խոսում ենք դոկումենտալ ֆիլմերից, ուրեմն շատ կարևոր է դիտել Արտավազդ Փելեշյանի դոկումենտալ ֆիլմերը: Դրանք ձեզ այնքան բան կտան, որ բառերով բացատրել հնարավոր չէ: Փելեշյանի ամեն մի ֆիլմը իր մեջ փիլիսոփայություն ունի: Երբ հասկանում ես փիլիսոփայությունը, ինչ-որ բան փոխվում է:

Եվ ևս մի մեծ ռեժիսորի մասին, որի ֆիլմերն անպայման խորհուրդ կտամ դիտել: Երբ ձեր տարիքին էի, կինոթատրոնում առաջին անգամ մայրիկիս հետ դիտեցի Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը: Մայրս և Սերգեյ Փարաջանովը մանկության ընկերներ են եղել,  իրար հետ են մեծացել: Անկեղծ եմ ասում՝ ոչինչ չեմ հասկացել ֆիլմից, ավելին՝ ֆիլմի վերջում  դահլիճում ես ու մայրս էինք միայն մնացել, բոլորը դուրս էին եկել դահլիճից: Բայց երբ դուրս եկանք, ես զգում էի, որ իմ մեջ մի բան փոխվեց: Ես ոչ մի բան չէի հասկացել, բայց էնպիսի փոփություն  կար մեջս, որ ես որոշեցի դառնալ ռեժիսոր: Այդ ֆիլմից հետո ես հասկացա, որ ես այն մարդը չեմ, ինչպիսին կայի: Իմ կյանքը իմաստավորվեց:

Ես անհամբեր կսպասեմ ձեր հաջողություններին: Եթե դուք թաթախվել եք այս գործի մեջ, ուրեմն դուրս գալը շատ դժվար է լինելու: Եթե դուրս եք գալու, ուրեմն ունեք շատ հիմնավոր պատճառներ: Բայց իմացեք, որ դա այն կյանքն է, որ քեզ քաշում է ու թույլ չի տալիս դուրս գալ, հատկապես, եթե  ձեր մի ֆիլմը շատ հաջողություններ ունենա: Եթե այդ ֆիլմն սկսեց իր կյանքով ապրել, դա մեծագույն բան է:

Գրի առավ Անուշ Մկրտչյանը