Վեդեցի «Ժոժոն»

2014 թվականի հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ «Դիջիթեք էքսպո» 10-րդ հոբելյանական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի բացումն ազդարարվեց կարմիր ժապավենի կտրումով, որն այս անգամ իրականացվեց Վեդի քաղաքի դպրոցականների նախագծած «Ժոժո» ռոբոտի կողմից:

Մի քանի ամիս անց նույն ռոբոտը «Երկիր մեդիա» հեռուստաընկերության ամանորյա միջոցառման ժամանակ կախեց տոնածառի խաղալիքները:
Այսօր ուզում եմ զրուցել «Ժոժո» ռոբոտը ստեղծող թիմի անդամներից մեկի՝ Թադևոս Վարդանյանի հետ:

-Թադևոս, ո՞վ է հիմնել Ձեր խմբակը:

-Մեր խմբակը հիմնել է Օրբել Խաչատրյանը, ով շատ հմուտ է իր գործում, և իր ունեցած գիտելիքներն ուզում է ամբողջությամբ փոխանցել մեզ:

-Իսկ ե՞րբվանից է սկսել գործել խմբակը և ո՞րն է նպատակը:

-Մեր խմբակը գործում է 2014 թվականի սեպտեմբերից, խմբակի նպատակն է` մեր հասակակից երեխաների մեջ սեր և հետաքրքրություն սերմանել դեպի ռոբոտաշինությունը:

Մենք ունենք նաև այլ նպատակ. ուզում ենք մյուս դպրոցները ևս շահագրգռվեն այս դասընթացով և իրենք նույնպես անցկացնեն նմանատիպ ծրագրեր:

-Ե՞րբ և ինչպե՞ս են անցկացվում պարապմունքները և որտե՞ղ:

-Պարապմունքներն անցկացվում են շաբաթական մի քանի անգամ, երբեմն նույնիսկ մենք ենք «ստիպում» ավելի հաճախ հանդիպել՝ չհամբերելով ավարտին հասցնել կիսատ թողած աշխատանքը:
Դասերի համար Վեդու ավագ դպրոցում տրամադրվել է դասասենյակ:

-Խմբակը միայն հասանելի է դպրոցի աշակերտների՞ն, թե՞ մյուսները նույնպես կարող են հաճախել:

-Խմբակին մասնակցում են ոչ միայն մեր դպրոցի, այլև կողքի գյուղերի և քաղաքների երեխաները:

-Քանի՞ հոգուց է բաղկացած ներկա պահին խմբակը:

-Ներկա պահին մեր թիմը բաղկացած է 12 հոգուց:

-Ինչո՞վ եք զբաղվում դասերի ժամանակ և ի՞նչ եք սովորում:

-Դասերի ժամանակ մենք փորձում ենք ցանկացած նյութերից ու դետալներից պատրաստել հետաքրքիր իրեր, որոնք կարող են հանգեցնել նոր ռոբոտի ստեղծմանը:

Խմբակը մեզ սովորեցնում է ավելի ուշադիր լինել շրջակա միջավայրի հանդեպ, և այն իրերը, որոնք արդեն այդքան էլ պիտանի չեն օգտագործման համար, դարձնել նոր դետալ որևէ ռոբոտի համար:

-Արդյո՞ք կան խնդիրներ խմբակում:

-Խմբակն ունի անհրաժեշտ գործիքների և սարքավորումների մշտական խնդիր, որի պակասն աշխատում ենք լրացնել մեր իսկ միջոցներով:

-Թադևոս, կպատմե՞ս «Ժոժո»-ի ստեղծման պատմությունը:

-«Ժոժոն» շատ հետաքրքիր պատմություն ունի. այն պատրաստվել է «Դիջիթեք» ցուցահանդեսին ընդառաջ, ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում՝ գիշեր-ցերեկ աշխատելու շնորհիվ: Ժոժոն դարձել է մեր ընկերը:

-Իսկ ինչո՞ւ հենց «Ժոժո»:

-«Ժոժո»… Որովհետև մեր ռոբոտը, մեր պատկերացումներով, աշակերտ է, ով դպրոցում արել է բազմաթիվ չարաճճիություններ, հայտնվել ոստիկանության ուշադրության կենտրոնում, և դրանից ազատվելու համար վերցրել է իրեն որպես կեղծանուն «Ժոժո»:

-Իսկ ինչի՞ց է պատրաստված վեդեցի տղաների չարաճճի ընկերը:

-Ռոբոտը պատրաստելու համար օգտագործել ենք ամենաանհավանական նյութերը, այն բաղկացած է ПБХ նյութից, իսկ գլխի հատվածը, օրինակ, ականջները, պատրաստել ենք պլաստմասսայե գնդերը կտրելով, վիզը՝ ամրացրել ենք հարիչի միջոցով:

-Ի՞նչ գործողություններ է կատարում Ժոժոն:

-Ժոժոն կարողանում է տեղաշարժվել, իրեր բռնել ու տեղափոխել, ձեռքով «բարևել», կտրել, իսկ տեսախցիկից ստացված պատկերների միջոցով կարողանում է վերլուծել տվյալներ և այլն:

-Այժմ ինչո՞վ է զբաղվում թիմը:

-Այժմ մենք աշխատում ենք ռոբոտը կատարելագործելու ուղղությամբ, բացի այդ, մի փոքր բացեմ փակագծերը, մենք այժմ ստեղծում ենք նոր ռոբոտ, որի մասին այս պահին ոչինչ չեմ կարող ասել, գաղտնիք է: