hasmik givargizyan

Տատիս կյանքի 95 տարիները

-Եկա՞ք դպրոցից,- ամեն անգամ տան դուռը բացելիս լսում եմ այս արտահայտությունը սենյակի անկյունում դրված հին մահճակալի մոտից. մեծ տատս է՝ պապիս մայրը: Արդեն տասը տարի է, ինչ կուրացել է: Դեռ փոքր հասակից նստում էի նրա կողքին ու լսում իր պատմությունները կյանքի, կոլխոզի ու իրենց չարչարանքների մասին. թե ինչպես են երեխաներին մեծացրել, մեր տունը սարքել, աշխատել ու իրենց ունեցածով երջանիկ եղել: Ապրել են պարզ, հասարակ կենցաղով` ունենալով միայն ամենաանհրաժեշտ բաները կյանքի համար, բայց և այնպես եղել են բարի, հանդուրժող, հասկացող, իրար օգնող ու ամենակարևորը՝ երջանիկ: Նրանք չեն քնել այն փափուկ անկողիններում, որոնց վրա հիմա մենք ենք քնում: Դասերից հետո ստիպված են եղել աշխատել: Իրենց աշխատանքը գնահատվում էր աշխօրներով, որոնց դիմաց նրանք ստանում էին մեղր, ցորեն, պանիր կամ մի քանի ռուբլի:

Մեծ տատիս կյանքը ծնված օրվանից էլ դժվար է եղել: Նա երկվորյակ քույր է ունեցել, որը ծնվելուց հետո մահացել է, բայց ինքը ապրել է, ուժ է գտել իր մեջ ու ապրել է, մեծացել, դպրոց գնացել մինչև 4-րդ դասարան: Երբ լրացել է նրա տասնվեց տարին, նա ամուսնացել է ու ապրել ամուսնու մեծ ընտանիքում ամուսնու չորս եղբայրների, քրոջ, մոր ու հոր հետ: Հետո ծնվել է պապս: Երբ պապս յոթ-ութ ամսական էր, հայրը գնաց պատերազմ և այդպես էլ չվերադարձավ: Բայց մեծ տատս ապրեց, ապրեց ու ապացուցեց բոլորին, որ կյանքի համար պայքարել է պետք: Նա տարբեր աշխատանքներ է կատարել իր միակ որդուն պահելու և մեծացնելու համար: Աշխատել է ֆերմայում, ոչխարներ կթել: Պապս էլ մեծացել է, բանակ գնացել, հետո ամուսնացել ու սարքել այն տունը, որում հիմա ապրում ենք: Չորս երեխա է ունեցել, բոլորն էլ ամուսնացել, երեխաներ են ունեցել, ու տատս իր ծոռներին էլ է մեծացրել: Բոլորիս խինդով խնդացել, վշտով՝տանջվել, ու էլի ապրել է տատս: Ա՜խ, ինչքան ափսոս, որ նա կուրացավ, որ էլ չի տեսնում: Հիշում եմ`ինչպես էր կովերին սար տանում ու մեզ էլ իր հետ վերցնում: Մենք վազվզում էինք կանաչ խոտերի մեջ ու ողջ օրը դաշտերում էինք: Ինչքա՜ն երջանիկ օրեր էին: Այնքան շնորհակալ եմ տատիս, որ ինձ նման օրեր է պարգևել, և շնորհակալ եմ կյանքին, որ նման տատ ունեմ:

Տատիս անունը Հայկանուշ է: Մայիսի մեկին լրացավ նրա 95-ամյակը: Նա գյուղի ամենատարեց մարդն է: