Տեխնո… Թալին

Ասում են՝ վերջին զանգին բան չմնաց, փորձեր էլ ենք անում ոնց որ, հա, քննություններին էլ ժամանակ չկա, պիտի պարապենք, բայց, չգիտեմ՝ ֆիզիկայի ինչ օրենքով հենց հիմա են սկսվում դպրոցական ամենահետաքրքիր ծրագրերն ու մրցույթները: Ու ինչքան մոտենում է ավարտելու օրը, այնքան ավելի շատ եմ ուզում էլի աշակերտ լինել, նորից 6 կամ 7-րդ դասարան, նորից… Չէ, էլ չի լինի: Ավարտվեց, ու հիմա, մի վերջին անգամ փորձում եմ «ակտիվ» աշակերտ լինել, դպրոցական վերջին ամիսս լիարժեք վայելել:

Տխրեցի ու վերնագրից էլ շեղվեցի:

Այսպես, դպրոցական վերջին ծրագրերից մեկն էլ, որին մասնակցեցի մայիսկ 17-ին էր՝ Թալինում, կազմակերպված ԻՏՁՄ-ի և World Vision Հայաստանի նախաձեռնությամբ: Մրցույթ-ծրագիրը միջմարզային էր, իսկ մասնակիցները՝ Արագածոտնի մարզում գործող ռոբոտաշինության խմբակների աշակերտները: Ծրագրի հիմնական նպատակը մարզի ՏՏ ոլորտով հետաքրքրվող աշակերտների և նրանց խմբակավարների ծանոթությունն էր, փորձի փոխանակումն ու խմբակների գործունեության ընթացքում կատարված աշխատանքի ներկայացումը:

Մոտ չորս ժամ տևած հանդիպման ընթացքում տարբեր տարիքի երեխաները ցուցադրեցին իրենց իսկ պատրաստած խաղերն ու համակարգչային ծրագրերը, դրանց օգնությամբ կազմված պրոյեկտները, իսկ Արմաթ լաբորատորիա ունեցող չորս դպրոց ներկայացրեց աշակերտների կողմից ծրագրված ռոբոտները և դրանց կիրառումը: Հետաքրիր է, որ ռոբոտներից շատերը, աշակերտների ցանկությամբ, այնպես էին պատրաստված, որ օգտակար լինեն մարդկանց,և հատկապես՝սահմանին կանգնած զինվորներին: Խաղերը բազմազան էին, սկսած մաթեմատիկական բարդ հավասարումներից, մինչև ամենապարզ, բայց հետաքրքիր խաղեր: Դե,իսկ պրոյեկտները հիմնականում ուսուցողական էին, լավ մտածված ու հետաքրքիր դիզայնով:

Մրցույթում նախատեսված էր երեք անվանակարգ՝«Լավագույն խաղ», «Լավագույն պրոյեկտ» և «Լավագոյն ռոբոտ», սակայն, ի զարմանս և ի ուրախություն ժյուրիի (նրանք, ի դեպ, WV Հայաստանի և ԻՏՁՄ-ի ներկայացուցիչներ էին), մասնակիցների աշխատանքները բավականին հաջողված էին, և ժյուրին այդպես էլ չկարողացավ լավագույններին բաշխել միայն երեք անվանակարգերում: Ամփոփիչ խոսքում ժյուրիի անդամներից մեկը նշեց, որ անարդարություն չգործելու համար բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր, իսկ հաջորդ մրցույթը, որն ավելի լավ կազմակերպված կլինի՝ կպահպանի իր կանոնները, կլինեն հաղթողներ և պարտվողներ:

Երևի այսքանը. մայիսի 17-ին Թալինի ավագ դպրոցը մոտ 30 աշակերտների համար Տեխնոքաղաք էր դարձել, իսկ վերջում այդ քաղաքից մի մաս նրանք տարան իրենց հետ՝ սեփական համայնքն էլ նրա մի մասը դարձնելու: 21-րդ դարն է վերջապես: