Փիլիսոփայական զրույց

Հարցազրույց մայրիկիս` Կրթության Ազգային Ինստիտուտի Վայոց Ձորի մասնաճյուղի տնօրեն Հայկուհի Բարսեղյանի հետ:

-Մայրիկ, ի՞նչ մասնագիտություն ունես:

-Մասնագիտությամբ փիլիսոփա եմ: Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը:

-Իսկ մասնագիտությամբ ե՞ս աշխատում:

-Այո, բայց ոչ հիմնական աշխատանքում: Ես դասավանդում եմ ՀՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղում մի շարք առարկաներ, այդ թվում նաև փիլիսոփայություն:

-Իսկ ո՞րն է հիմնական աշխատանքը:

-Ես աշխատում եմ Կրթության Ազգային Ինստիտուտի Վայոց Ձորի մասնաճյուղի տնօրեն:

-Ինչո՞վ է զբաղվում ազգային ինստիտուտը:

-Հանրակրթության ոլորտի մասնագետների համար վերապատրաստումներ, սեմինար-պարապմունքներ ենք կազմակերպում:

-Իսկ ո՞ր աշխատանքն է ավելի հոգեհարազատ:

-Քանի որ հիմնական աշխատավայրում բացի վարչական աշխատանքից նաև դասընթացավար եմ, իրականացնում եմ հասարակագիտության ուսուցիչների դասընթացներ, ըստ էության իմ երկու աշխատանքներն իրար հետ շատ ընդհանրություններ ունեն, ինչպես առարկայի, այնպես էլ իրականացվող եղանակների տեսանկյունից: Կարելի է ասել, երկու աշխատանքն էլ սիրում եմ, հաճույքով եմ կատարում:

-Իսկ աշխատանքի մեջ ի՞նչն է ավելի շատ դուր գալիս:

-Շփումը մարդկանց` ուսուցիչների և ուսանողների հետ, տարբեր սերունդների ընկալումներին և պատկերացումներին հաղորդակից դառնալու հնարավորությունը, ինչպես նաև աշխատանքիս ինքնակրթության և ինքնակատարելագործման հնարավորությունը: Իմ ուսուցիչները` թե կյանքում, թե առօրյա աշխատանքում մեծ փիլիսոփաներ են, նրանց կենսաիմաստային ասույթները, արժեքային ուղենիշները ինձ միշտ ուղենիշ են:

-Իսկ սովորելու տարիներից մի հետաքրքիր դեպք կպատմե՞ս:

-Հիշում եմ ուսանողական կյանքից մի դրվագ: Դասախոսության ժամանակ իմ սիրելի դասախոսը հաճախ էր իր հայացքը սևեռում իրեն հետաքրքրությամբ լսող ուսանողների վրա: Նայում էր մեկին, կարծես թե հենց այդ մեկի համար էր դասախոսությունը կարդում: Իսկ այդ օրը նրա անբեկուն հայացքի օբյեկտը ես էի, քանի դեռ ուշադիր լսում էի նրան, նա ոգևորված խոսում էր, բացատրում: Հանկարծ մտքերս այլ ուղղությամբ շեղվեցին, չնայած, որ շարունակում էի նայել դասախոսիս ուղղությամբ, սակայն այլևս նրան չէի լսում: Ինձ թվում էր, եթե նայում եմ իրեն, դա բավական է: Բայց դասախոսը շփոթվեց, մտքերը խառնվեցին իրար, և լավ էր, որ զանգը հնչեց: «Այդ ի՞նչ արեցիր, Հայկուհի»,- սրանք իմ դասախոսի վերջին բառերը եղան, և նա դուրս եկավ լսարանից: Շատ վատ էի զգում, բայց նաև հասկացա, որ դասավանդողի և աշակերտի կամ ուսանողի միջև անտեսանելի մի կապ կա, առանց որի ուսուցում չի կարող լինել:

-Կցանկանայի՞ր, որ քո երեխաները քո մասնագիտությունն ընտրեն:

-Ես ունեմ մի համոզմունք, որ փիլիսոփայությունը որպես մասնագիտություն միայն Անտիկ աշխարհում էր հարգի: Այսօր ցանկացած մասնագիտություն բարձրագույն կրթության համակարգում սերտ առնչություն ունի փիլիսոփայության առարկայի հետ և ուսումնասիրվում է: Իմ երեխաներն ունեն բնագիտական ուղղվածություն, և արդեն ընտրել են իրենց ապագա մասնագիտությունը: Փիլիսոփայի խոսքերով ասած, կցանկանայի ինչ անում են`լավ անեն:

Հարցազրույցը վարեց Անի Կարապետյանը