Փոքրիկ մեծահասակները

Վերջապես եկավ երեխաների ամենասիրած եղանակը` ամառը: Ամռան առաջին օրը հենց երեխաների տոնն է: Հունիսի 1-ին գյուղում ապրող ոչ բոլոր ծնողներն են կարողանում իրենց երեխաներին տանել Հաղթանակի զբոսայգի, կենդանաբանական այգի, Հանրապետության հրապարակ, ուր հիմնականում գնում են բոլորը: Գյուղում ծնողների մեծ մասը զբաղված են հողագործական և տնային այլ գործերով, այդ իսկ պատճառով երեխաները շատ բաներից զուրկ են մնում: Սակայն, եթե երեխաներին հարցնենք, ապա նրանք չեն դժգոհի, այլ այնպիսի պատասխաններ կտան, որ կապշենք: Այդ  մասին մտածելով դուրս եկա փողոց, և առաջինը ինձ հանդիպեց 9-ամյա Աննան:

-Ան, քեզ մի հարց տամ. հունիսի 1-ին գնացե՞լ ես ինչ-որ տեղ:

-Չէ, չեմ գնացել այս տարի: Ամեն տարի էլ մաման, պապան տարել են, բայց էս տարի հարմար չեղավ, որ գնայինք:

-Իսկ կասե՞ս չգնալուդ պատճառը:

-Դե, ոնց ասեմ… Գնալու համար պիտի մոտդ փող լինի: Ես չեմ նեղվում, նեղվելու բան էլ չկա, էս մի անգամն էլ չեմ գնա: Համ էլ` արդեն մեծ եմ կարուսելների համար:

4-ամյա Համբարձումին նույն հարցը տվեցի, ու նա պատասխանեց.

-Չեմ գնացել, ավտոյի մեջ գազ չկար:

Ու այս պատասխաններից հասկանում եմ, որ գյուղում, ինչքան էլ դժվար լինի, մեկ է` երեխաները չեն դժգոհի, որովհետև կյանքում շատ դժվարություններ հաղթահարելով նրանք հասցրել են բավականաչափ մեծանալ և գիտակցել ամեն ինչ:

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Երեխաները չեն դժգոհի, բայց լավ կլիներ մեծերը հունիսի 1-ին գյուղաբնակ երեխաներին էլ հիշեն: Թող այդ օրը իրենք այցելեն գյուղեր, պաղպաղակ բերեն, ծաղրածուներ գան, զվարճացնեն մեր ժամանակից շուտ մեծացած երեխաներին: Ի՞նչ կլինի, որ:

Իսկ դրա փոխարեն, երեխաների պաշտպանության միջազգային օրը երեխաները հոգսերի մեջ էին…

Մեր գրեթե բոլոր հարևանները իրենց տան հողամասը մշակում են, և այդ գործում երեխաները օգնում են:

Երեկ մեր հարևանը իր թոռանը ուղարկեց ոռոգման ջուրը կապելու, որ հողամասը ջրեն: Երկար ժամանակ անցավ, նոր ջուրը եկավ: Թոռնիկը, երբ եկավ, մեծ ոգևորությամբ պատմում էր, թե ինչպես է կռիվ արել ջրի համար:

Երեկ գնում էի նկարչության պարապմունքի և ճանապարհին տեսա մի երեխայի`հեծանիվ քշելուց: Մայրը բացականչում էր.

-Շուտ արի տուն, քրոջդ տիրություն արա: Ես լվացք եմ անում:

-Լավ էլի, մամ, մի քիչ էլ քշեմ, գամ:

Մայրն այլևս ոչինչ չասաց… Երեխան ասաց.

-Մամ, այ մամ. .. Նեղացա՞ր: Լավ, գալիս եմ:

Ամռանը մեր գյուղի երեխաների համար հոգսաշատ, բայց միևնույն ժամանակ, զվարճանքներով լի է: Մի քանի շաբաթից ծիրանը կհասնի, և շատ երեխաներ`10-16 տարեկան, գնալու են աշխատելու: Ամեն երեխա ունի նպատակները, իր իսկ հավաքած գումարի հետ կապված: Մեկը ցանկանում է իրեն հեռախոս գնել, մյուսն այդ գումարով ընտանիքի հոգսերն է ուզում հոգալ:

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Երեխաներից շատերը ամռան շոգ օրերին պայմանավորվում են ու գնում  լողալու: Նրանց խոսակցություններից մտապահել եմ, թե որտեղ են հիմնականում գնում: Մեր Այղր լիճը, կլոր լիճ, մեծ և փոքր «կանալ», Մրմուռ, Ռսի գյոլ, Սև ջուր: Շատ տարօրինակ անուններ են, որոնք հենց կնքվել են երեխաների կողմից: Ամեն մի անվանում ունի իր բացատրությունը, որը ինձ մեկնաբանեց այդ վայրերին լավ ծանոթ ընկերներիցս մեկը: Օրինակ` Սև ջուր անվանում են, որովհետև  ջուրը շատ մուգ գույն ունի: Մրմուռ անվանման բացատրությունը հայտնի չէ, սակայն երևի թե կապված է այն փաստի հետ, որ այդ ջրում շատ օձեր և խեցգետիններ կան:

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Մենք բավարարվում ենք նրանով, ինչ Աստված է մեզ տվել, շատերը անգամ սա չունեն: