Gayane Avagyan

Քանոնի ձայնով լի 1825 օրերս

-Ա՛յ Գայանե ջան, ուրիշ գործիք չկա՞ր՝ գնայիր նվագեիր: Էդ ծանր ու հին գործիքը նվագելով` ի՞նչ պիտի դառնաս: 

Այս նախադասությունը լսել եմ հինգ տարի շարունակ ու ամեն անգամ նյարդայնացած տվել նույն պատասխանը.

-Բա խի՞ եք ձեր էրեխեքին դպրոց ուղարկում: Հա՛մ պայուսակները ծանր են, հա՛մ էլ հին դասեր են անցնում:
Չլսելով բոլոր բարեկամների խորհուրդները՝ ես արդեն հինգ տարի է` գնում եմ երաժշտական դպրոց: Ձեր մեջ երևի հարց ծագեց՝ ինչպե՞ս և ինչո՞ւ ընտրեցի այս գործիքը: Ասեմ, հեռուստացույցով ժողովրդական գործիքների համույթի համերգն էի դիտում ու տեսա մի գործիք, որի ձայնը առաջին վայրկյանից գրավեց ինձ: Խնդրեցի տատիկիս, որ պատմի գործիքի մասին: Տատիկս էլ երկար-բարակ պատմեց: Հետո գնացի բացեցի համակարգիչս ու youtube-ով քանոնահարների նվագներ լսեցի:

Հաջորդ օրը իմ խնդրանքով մայրս տարավ ինձ երաժշտական դպրոց: Այնպիսի զգացողություն ունեցա այդ պահին: Ասես  մոռացա իմ մասին ամեն ինչ, միայն մտքում կրկնում էի. «դո, ռե, մի, ֆա, սոլ…»: Երբեմն հուզվածությունից մոռանում էի մնացածը ու նորից սկսում «դո»-ից: Ծանոթացա ուսուցչուհուս հետ: Ձեռքս բռնած տարավ դասարան ու ինձ համար նվագեց: Դա էր, ու վերջ: Ես գերվեցի քանոնի հնչյուններով ու դարձա քանոնի գերին:

Թեպետ ուսուցիչներս ասում էին, որ լավ ձայն ունեմ՝ վոկալի գնամ, լավ երգիչ կդառնամ, բայց մեկ է՝ իմ մտքում քանոնի ձայնն էր: Այսպես ես մուտք գործեցի երաժշտության աշխարհ: Քանոնը դարձավ իմ անբաժան ընկերը: Մեկ-մեկ նեղվում եմ, երբ մարդիկ, տեսնելով քանոնը ձեռքիս, ուշադիր ինձ են նայում: Հետաքրքիր է՝ սովորական են ընդունում, երբ կիթառը ուսին քայլում են, իսկ քանոնը ձեռքին քայլելը՝ ոչ: Բա որ իբր հումոր են անում. «Բա էդ ո՞ր  քանոնն ա: Բա անկյունաչափը ու կարկինը հետը չե՞ն»: Հումոր են անում էլի, ուղղակի անհամ ու անիմաստ: Ես էլ ժպտում եմ, որ մտածեն, թե լավ հումոր արեցին, ու աշխատում եմ էլ հետները չշփվել:

Մեկ-մեկ նեղվում եմ, որ հայկական ժողովրդական գործիքները մղվել են երկրորդ պլան: Երևի հենց դրա համար քանոնը ինձ գերեց. քչերն են նվագում, ու ժամանակակից սերունդը չգիտի գործիքի մասին:

Հիմա բոլորը կիթառ, ջութակ, դաշնամուր են նվագում, ու իրենց ժամանակակից են զգում: Չէ, ճի՛շտ հասկացեք. շատ լավ է, որ նվագում են, բայց պետք էլ չի, չէ՞, ազգայինը մոռանալ: Ազգայնինն էլ իր համն ու հոտը ունի. գոնե տեսքով կարելի է իմանալ ազգային նվագարանները: Իմ շնորհիվ իմ շրջապատում շատերն իմացան, թե քանոնը ինչպիսի տեսք է ունենում: Քանոնի հետ մեկտեղ երաժշտականում սովորեցի նաև դաշնամուր նվագել: Լավ է  ստացվում, բայց հենց հիշում եմ, թե ինչքա՜ն քիչ են քանոն նվագողները ու ինչքա՜ն շատ` դաշնակահարները, միանգամից գնում եմ ու քանոն նվագում:
Դե մեր հարևաններն էլ արդեն ոչ թե բողոքում են, որ շատ եմ նվագում, այլ բողոքում են, որ քանոնիս ձայնը երկու ամիս է`  ուշ-ուշ են լսում: Դե, հասկացաք՝ ավարտել եմ, բայց քանոնիս հնչյունները, մեկ է, միշտ ինձ հետ են. չեմ մոռացել ու չեմ մոռանալու նրանց:

Արդեն պարապմունքների եմ գնում, որ ընդունվեմ համալսարան: Ճիշտ է, չեմ դառնալու քանոնահար, բայց կարող եմ վստահ ասել՝ քանոնը իմ կյանքում մեծ դեր ունեցավ:

Հիմա նստած հիշում եմ երաժշտությամբ լի 1825 օրերս ու ժպտում: