Քեռին

Նյութը նվիրվում է անվանի նկարիչ Ավետիք Հակոբյանի հիշատակին

Անցած տարի էս օրերն էին:

Մինչ երրորդ հարկում ինչ-որ ուսանող իր ամենօրյա էտյուդն էր նվագում դաշնամուրի վրա, որ վաղն էլ պետք է նվագեր երևի, ես քայլում էի մութ արվեստանոցների արանքով վերջին անգամ: Նայեցի 4 տարի չփոխված արվեստանոցի պատերին, որտեղ նույն հերթականությամբ կախված էին հունական գիպսե դիմակները` 4 տարի առաջ առաջին անգամ արվեստանոց մտնելուցս մինչև հիմա: Ամազոնկան, աջ կողմում` Ստրուկը, Լյուցիֆերը, Աֆրոդիտեն, Դյուրերի նկարը` ձախ պատին, ու խնամքով շարված մոլբերտները. կապույտը` պատի անկյունում, իրար խնամքով հենած: Դատարկ արվեստանոցը ու ես:

Իսկ ես չգիտեի էլ, որ հասցրել էի սիրել այդ արվեստանոցը, ես գիտեի, թե օրվա որ ժամին լույսի քանի ֆոտոն կար այդ սենյակում, գիտեի, թե դուռը բացելիս քանի վայրկյան է ճռռալու, չգիտեի, որ նկարչական տախտակս վերջին անգամ արվեստանոցից տուն տանելը ծանր է, որ տախտակից ավելի ծանրը ինքը պահն էր:

Այգեստանի տների մեջ կորած համալսարանի էդ փոքր կարմիր շենքը իրենն արել էր: Մտքերիս հետ դուրս եկա շենքից, իսկ ընկեր Հակոբյանի (Քեռի մականունով) կապույտ ջորին, որն ինքն այդքան սիրում էր, նույն տեղում կանգնած էր վերջին 30 տարվա պես:

Որոշեցի բարձրանալ, հրաժեշտ տալ: Ամեն անգամվա պես ասաց.

-Բա ե՞րբ ես մի շիշ բան բերում, խմենք:

-Կբերեմ, ընկեր Հակոբյան, կբերեմ, չեմ հասցնում,- ասացի` էլի ամեն անգամվա պես կատակի տալով, ու դուրս եկա:

Չհասցրի, էս անգամ մի ամբողջ հավերժություն չհասցրի, ու առնվազն քառորդ դար կարմիր շենքի բակում միշտ նույն տեղում կանգնած ջորին էլ ոչ ոք չի տեսնի:

Գիտե՞ք` ես միշտ կարծել եմ, որ ինքը` Սարոյանի բեղերով այդ մարդը, իր մեքենան գնել է դեռ այն ժամանակ, երբ ինքը ջորին համարվել է վերջին սերնդի ավտոմեքենա, և ուզում եմ հավատացած լինել` ինքը նոր մեքենա չգնեց, քանի որ ջորին իր աչքերում այդպես էլ մնաց վերջին մոդելի լադա:

Քեռին մահացավ, ու մութ միջանցքի ձախ արվեստանոցներից մեկից մեկընդմիշտ անջատվեց նախորդ դարը հիշեցնող մագնիտոֆոնի ձայնը, ու էժան նյութերով նկարած թանկ կտավները իջան պատերից, ու ամեն տարի նույն ձևով դրվող նատյուրմորտը` կովի գանգով ու մուգ «դրապիռովկայով», անհետացավ առաջին կուրսեցիների առաջադրանքներից:

Ու էլ ոչ մի սերունդ չլսեց էսքան ընտանեկան հնչող, բայց միջարվեստանոցային խոսակցությունը.

-Գնա Քեռու մոտ, տես, թե էնտեղ ա, գա կոֆե խմի:

Քեռին մահացավ, բոլորիս քեռին: