Ծաղկաձորյան օրագիր. Ֆոտոարշավ Ծաղկաձորում

Երկրորդ օրն սկսեցինք ֆոտոլրագրությամբ: Կրկնեցինք, ինչ արդեն գիտեինք կամ չգիտեինք ֆոտո անելու և ֆոտոպատմություն պատրաստելու մասին: Դիտեցինք մի քանի հետաքրքիր ֆոտոպատմություններ, բաժանվեցինք խմբերի և բոլորս միաժամանակ դուրս եկանք լուսանկարելու: Առաջին ֆոտոարշավը Ծաղկաձորում էր: Շատերս առաջին անգամ էինք Ծաղկաձորում: Լուսանկարներ անելով քայլելը երկուստեք օգտակար է: Ուրիշ ժամանակ այսպես որոնող հայացքով, ամեն հետաքրքիր տան ու տեսարանի առաջ երբեք չէինք կանգնի, համարձակություն չէինք ունենա անծանոթների հետ զրուցելու: Կարելի է ասել, առաջին անգամ բոլորովին այլ հայացքով էինք նայում աշխարհին: Ահա մի քանի տպավորություններ այդ արշավից:

***

Լուսանկարը՝ Արուսյակ Սահակյանի

Լուսանկարը՝ Արուսյակ Սահակյանի

Ծաղկաձորում քայլելիս հանդիպեցինք մի հյուրընկալ ընտանիքի: Նրանք առաջարկեցին լուսանկարել մի անկյուն, որը ես տեսել էի ֆիլմերով և լուսանկարներով: Նրանք մեզ ուղեկցեցին դեպի ծառի վրա գտնվող նորակառույց տնակը: Նրանք մեզ հարցրեցին, թե որտեղից ենք եկել, ես ասացի, որ Հրազդան քաղաքից, իսկ նրանք կես կատակ-կես լուրջ ասացին. «էտ ուրիշ բան, որ Հրազդան քաղաքից ես, քեզ ամեն ինչ կարելի ա: Ինչ ուզում ես` կարաս քաղես, հյուրասիրվես»: Ես ծիծաղեցի և վերցրեցի տղայի առաջարկած խնձորը: Հետո շարունակելով առաջ գնալ, նկատեցի աստիճաններ և ամենավերևում կանաչ գույնով ներկված մի շան բուն: Մի քանի լուսանկար արեցի, հանկարծ լսեցի մի տղայի ձայն. «Քուրիկ ջան, շանը մի նկարի, կարող ա հարձակվի»: Ես վախեցած նայեցի շուրջս, իսկ տղան ասաց, որ կատակ է անում: Շատ ժամանակ չանցած տղան իր մեծ շան հետ մոտեցավ մեր խմբին: Մի քանի լուսանկարներ արեցինք, զրուցեցինք: Շունը 2 տարեկան էր անունը` Մակ: Ցավոք, ես չհարցրեցի տղայի անունը: Նա պատմեց, որ 2 տարի ապրել է Ռուսաստանում: Տղան մեզ առաջարկեց ուղեկցել, սակայն անձրև սկսեց, և մենք վերադարձանք:

Արուսյակ Սահակյան, ք. Հրազդան

***
Տեսանք մի դահուկորդի, որը եղել էր Հայաստանի չեմպիոն: Մոտեցանք, զրուցեցինք, նա ուներ լիքը գավաթներ, մեդալներ, պատվոգրեր: Բայց այդ պահին բանվորական շորերով դռներ և պատուհաններ էր ներկում: Նա շատ հասարակ և շփվող մարդ էր: Նա մեզ առաջարկեց, որպեսզի ձմռանը գանք նորից Ծաղկաձոր և ինքը մեզ կսովորեցնի դահուկներով սահել, կդիտենք ու լուսանկարենք իրենց մրցումները:
Երբ դահուկորդի հետ վերջացրեցի հարցազրույցս, տեսանք մի պապիկի, որը իր ծոռան հետ էր շրջում: Եվ սկզբում բարևեցինք, դրանից հետո հարցրեցինք, քանի՞ երեխա ունի, երեխաները ամուսնացա՞ծ են, երեխաներ ունե՞ն: Եվ նա ոչ միայն դրանց պատասխանեց, այլ նաև ասաց, որ իր թոռն էլ ունի երեխաներ: Պապիկը ծնվել է Երևանում, տեղափոխվել է Ծաղկաձոր: Երկար տարիներ աշխատել է էլեկտրիկ: Մի քանի տարի հետո դարձել է էլեկտրական ցանցի տնօրեն:

Ալբերտ Մկրտչյան, գ. Վահրամաբերդ

***

Լուսանկարը՝ Աստղիկ Ղազարյանի

Լուսանկարը՝ Աստղիկ Ղազարյանի

Երբ դուրս էի գալիս քաղաք, կարծում էի, թե արածս լուսանկարները հիմնականում քաղաքի բնապատկերն են արտահայտելու: Բայց արածս լուսանկարների մեջ այդպիսիք գրեթե չկան:
Քաղաքում հանդիպում էինք մարդկանց, որոնց մեծ մասը խուսափում էր նկարվելուց: Հետաքրքիր կադրեր փնտրելով՝ անցնում էինք փողոցից փողոց, երբ մի պապիկ մեզ ընդառաջ եկավ՝ ասելով.
-Եկե՛ք, երեխե՛ք, ստեղ մի թագավոր մարդ կա: Եկե՛ք նկարեք:
Մինչ խմբիս անդամները գնացին այդ «թագավոր» մարդուն նկարելու, ես առաջ անցա: Տեսա մի հետաքրքիր տուն: Փորձում էի ճաղավանդակների միջով նկարել տան ընդհանուր պատկերը, և հանկարծ կադրում հայտնվեց բարի դեմքով մի պապիկ, հետաքրքիր հայացքով ինձ նայեց ու մի քանի վայրկյանից անհետացավ: Իրականում ուզում էի նրան հարցնել՝ ո՞վ է ինքը, ինչո՞վ է զբաղվում, երեխաներ, թոռներ ունի, թե՞ ոչ:
Բայց սկզբում անհարմար զգացի: Երբ մեջս ուժ գտա նրա հետ շփվելու, արդեն ուշ էր՝ նա այլևս իմ տեսադաշտում չէր: Ցավում եմ, որ ամաչելու պատճառով որոշ հարցեր ինձ համար մնացին ուղղակի հարցեր: Բայց լինում են դեպքեր, երբ խոսքերն ավելորդ են. ես նրա հայացքի մեջ տեսա այնքա՜ն մեծ բարություն, որ այդքանն ինձ բավական էր նրա մասին կարծիք կազմելու: Այդ մարդը սիրտս մի տեսակ բարություն ներարկեց: Բայց մյուս անգամ ավելի համարձակ կլինեմ:

Աստղիկ Ղազարյան, գ. Գետահովիտ

***
Այսօր քայլում էի Ծաղկաձորի փողոցներով: Մեզ հանձնարարված էր նկարել այն, ինչը մեր կարծիքով գեղեցիկ է: Նայում էի շուրջս՝ ամբողջը խամրած էր: Ճանապարհին թափված էին ցելոֆաններ կամ մաշված անվադողեր:
Ուշադրություն չդարձրեցի, մտքումս մեղադրելով բնակիչներին փնթիության համար: Հետո ամեն մետրի վրա փակ դարպասներ էին, վրան մեծատառերով գրված. «ՎԱՃԱՌՎՈՒՄ Է»: Հիասթափված ֆոտոխցիկս դրեցի գրպանս և շարունակեցի ճանապարհս:

Լիա Ավագյան, գ. Ներքին Կարմիրաղբյուր

***

Լուսանկարը՝ Սաթենիկ Գալստյանի

Լուսանկարը՝ Սաթենիկ Գալստյանի

Աշնանը Ծաղկաձորում շատ բան կա լուսանկարելու: Երբ իջանք քաղաք, տեսանք տարբեր զբաղմունք ունեցող մարդկանց: Մի ընտանիք տեսանք, ովքեր մեծից փոքր փայտ էին կտրում: Երեխաների հայրը բերում էր փայտը, տան պապը և ավագ թոռուհին սղոցով փայտ էին կտրում, իսկ մայրը և տղան փայտը լցնում էին մեքենայի մեջ: Եվ միայն մի աղջիկ էր՝ իննամյա Սոֆին, որ չէր աշխատում, այլ լուռ նստած նայում և հետևում էր փայտ կտրելու գործընթացին: Սկզբից մտածեցի, դժվար թե նա համաձայնվի լուսանկարվել, սակայն սխալ կարծիք էի կազմել: Իրականում առաջին հայացքից համեստ ու չխոսկան աղջիկը գիտեր իր համայնքի ամեն ծակուծուկը: Նա երկրորդ դասարանցի էր, պատմեց թե ինչպես է իր դասարանի երեխաների հետ գալիս և խաղահրապարակում խաղում: Երբ ես լուսանկարում էի Սոֆիին, մոռացել էի խմբի և Սոֆիի ընտանիքի մասին: Ափսոս, որ չհասցրեցի իմանալ, թե ինչ կարծիք ուներ իմ ու իմ խմբի մասին, չիմացա, թե ինչով էր զբաղվում ազատ ժամանակ, ո՞ր առարկան է սիրում դպրոցում, կցանկանա՞ արդյոք ինքն էլ լուսանկարել սովորել, բայց երևի այդ հացերի պատասխանները այլևս չիմանամ:

Սաթենիկ Գալստյան, գ. Արարատ

***
Տեսա մի կնոջ լվացքը հավաքելուց, մոտենալով նրան հարցրեցի.
-Բարև ձեզ, ի՞նչխ եք:
-Լավ, տղա ջան, Գյումրիի՞ց ես:
-Հա, լեննականցի եմ:
-Բարբառիցդ միանգամից պարզ դարձավ:
Նրա կողքին տեսա մի աղավնի, մոտեցա, որ նկարեմ, ու ինչքան զարմանալի է, նա չթռավ: Նրա աչքերը դեղնած էին:
-Դոխը քո՞ռ է:
-Այո չի տեսնում:
Մի քանի րոպե սիրեցի աղավնուն, այդ ընթացքում տիկինը ավարտեց իր լվացք հավաքելը ու քայլեց դեպի տան կողմ: Աղավնին գնաց նրա հետևից: Իհարկե, զարմացա, կույր աղավնին քայլում էր ուղիղ, առանց որևէ առարկայի հպվելու:
Մի քանի րոպե ուղղակի կանգնած մնացի, հետո ինքս ինձ խոսելով շարունակեցի քայլել, մտքումս կրկնելով. «Դե, կենդանի է, էլի, երևի առաջնորդվում է բնազդով»:

Դավիթ Այվազյան, ք. Գյումրի

***

Լուսանկարը՝ Աստղիկ Ղազարյանի

Լուսանկարը՝ Աստղիկ Ղազարյանի

Ծաղկաձորի փողոցներում աշնանը մարդ չես գտնի: Բոլոր փողոցները գրեթե դատարկ են: Եթե հնարավորություն ունենայի, Ծաղկաձորում աշնանային բազում միջոցառումներ կկազմակերպեի, որ այս ամառվա լեփ-լեցուն քաղաքը մինչև ձմեռ այսպես չդատարկվեր: Այդ ամենն իր հետ նաև նոր աշխատատեղեր կստեղծեր, որոնց բացակայությունն էլ մյուս կողմից է այս դատարկության պատճառը: Մարդիկ գործ կունենան, պարապությունից ու անգործությունից չեն արտագաղթի, այլ կմնան իրենց ծննդավայրում, իրենց ծնողների և հարազատների կողքին:

Էրիկ Ալեքսանյան, ք. Եղեգնաձոր

***
Ծաղկաձորի բնակիչները շատ հյուրասեր մարդիկ են: Նրանցից մեկը տեսնելով մեզ, իրենց բակից բացականչեց. «Եկեք` ձեզ նենց տեղ ցույց տամ, որ ամենալավ նկարը ստացվի»: Նրա առաջարկը մեզ հետաքրքրեց, և մենք հետևեցինք իրեն: Մենք հասնելով իրենց տան դիմացի այգին, նկատեցինք մի տնակ, որը պատրաստված էր փայտից, ծառի վրա: Այդ մարդը նշեց, որ տնակին քոլիկ են ասում: Նա առաջարկեց բարձրանալ և ներսից լուսանկարել տնակը: Մենք նկատեցինք, որ քոլիկում կան նաև երեխաներ: Նրանցից մեկը, լսելով մեր ձայները, փորձում էր գաղտնի նայել, թե ինչ ենք մենք լուսանկարում: Նրան նկատելով ես փորձեցի լուսանկարել, սակայն նա տեսավ ինձ և փորձեց փախչել, միևնույն է, ինձ հաջողվեց որսալ տեսարանը:
Այնուհետև տնակի ներքևում տեսա մի ծերացած տատիկ, ով այնքան համահունչ էր աշնան ծերացած գույներին, սակայն չցանկանալով հայտնվել իմ կադրում, արագ-արագ հեռացավ: Նկատելով դա, հարց տվեցի. «Տատի ջան, ինչի՞ չես ուզում քեզ լուսանկարեմ»: «Այ բալա ջան, ով կուզե, որ իմ պես պառավ տատիկը հայտնվի այդ նկարում»,- ասաց նա և արագ հեռացավ, չթողնելով ինձ բացատրել, թե որքան սխալ է մտածում, և թե որքան կարևոր նշանակություն ուներ մեզ համար իր մեկ նկարը:

Լիլիթ Կիրակոսյան, ք. Հրազդան

***

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Հետաքրքիրն ինձ համար Ժակն էր՝ երկու տարեկան մի մեծ շուն: Ինչպես տերն անվանեց` «չոբանի շուն»: Ժակը, ճիշտ է, ահռելի էր, սակայն շատ բարի էր ու չէր կծում մարդկանց: Մենք փորձեցինք բռնել նրա դնչակալից ու պահել, սակայն նա այնպիսի հզոր ուժ ուներ, որ մեզ իր հետ քաշում էր, ու մենք մեզ հազիվ էինք պահում: Պարզվեց, տերը ուրիշ շուն էլ է ունեցել, սակայն սատկացրել են: Նա պատմեց, որ միշտ իր շանը տանում էր զբոսանքի և այդ զբոսանքներից մեկի ժամանակ իր շան դնչակալը պոկվել է, և շունը հարձակվել է Նորիկ պապիկի շան վրա ու սատկացրել: Երկու օր անց նրա շունն անհետանում է, իսկ որոշ ժամանակ անց գտնում են շանը սատկած:
Ժակի տիրոջ և Նորիկ պապիկի այդ կռիվը չգիտեմ ե՞րբ, չգիտեմ որտե՞ղ և ու՞մ միջամտությամբ ավարտվեց: Այս ամենը ինձ հիշեցրեց «Մի կաթիլ մեղրը», բայց ամենակարևորն այն է, որ վերջում կռիվը շնից չանցավ տերերին:

Լիլիթ Խառատյան, ք.Գյումրի

***
Մենք հանդիպեցինք երեք պապիկների: Նրանցից մեկը բարձրահասակ և նիհար էր, իսկ մյուս երկուսը գեր էին: Նրանք ասացին, թե իրենցից մեկը գող է, որը թալանել է ԽՍՀՄ-ը: Մենք որոշեցինք մոտենալ այդ «գող»-ին և նրան մի քանի հարց տալ: Մենք նրան հարցրեցինք, թե ինչպե՞ս է զարգանում տուրիզմը: Նա մեզ ասաց, որ տուրիզմը շատ լավ է զարգանում Ծաղկաձոր քաղաքում: Նա նաև ավելացրեց, որ ճիշտ է ցուրտ է, բայց իրենք հաստ են հագնում և մի կերպ դիմանում են:
Հետո մենք մյուս պապիկին հարցրեցինք.
- Ինչպե՞ս է կյանքը: Ինչպե՞ս եք ապրում:
- Շատ լավ,- ասաց նա և քմծիծաղ տվեց:
Մենք նրանց ապրելու միջավայրը, և պապիկի քմծիծաղը տեսնելով հասկացանք, որ վատ են ապրում:
Այդ մարդը, չնայած իր կյանքի վատ պայմաններին, չէր բողոքում և շատ էր սիրում իր քաղաքը:
Լուսանկարչության մեջ կարևոր է ոչ միայն սիրուն լուսանկարներ ստանալը, այլ նման պատմությունների և նման մարդկանց հետ շփվելը:
Ես միայն այս պատմությունից ավելի շատ բան հասկացա, քան եթե մի ամբողջ գիրք կարդալիս:

Հարություն Հայրապետյան, գ. Ամասիա

***
Ես երբեք չէի հետաքրքրվել լուսանկարչությամբ և գաղափար անգամ չունեի, որ լուսանկարչությունն էլ կանոններ ունի: Ֆոտոխցիկը ձեռքիս հայացքով փնտրում էի մեկին, ով կարող էր դառնալ իմ լուսանկարի հերոսը, ում մեջ կարելի էր գտնել արտասովորի և անսովորի միաձուլումը: Հանկարծ դիմացի մայթում նկատեցի իմ նոր ընկերոջը՝ Էրիկին: Նա ծնկած նկարում էր ծաղկաձորյան հիասքանչ աշունը: Այդ տեսարանը լի էր բարությամբ և պարզությամբ: Շատերը կմտածեն, որ սա սովորական աշնան նկար է՝ սովորական հերոսով և սովորական աշնանային գույներով: Բայց, ես այդ տեսարանում տեսա ձգտում դեպի գեղեցիկը, կատարելությունը: Այդ տեսարանը իմ մեջ մեծացրեց նոր բան սովորելու, գեղեցիկը լուսանկարի միջոցով արտահայտելու ձգտում:

Մարիամ Բարսեղյան, ք.Վանաձոր

***

Լուսանկարը՝ Արուսյակ Սահակյանի

Լուսանկարը՝ Արուսյակ Սահակյանի

Իմ աչքից չվրիպեց մի ավերված և լքված տուն: Ինձ թվաց լքված, քանի որ այդ պահին այնտեղ մարդ չէր բնակվում: Այդ տեսարանը կարծես միաձուլվել էր աշնան հետ: Տան մեջ կային աշխատանքային գործիքներ: Այնտեղ գուցե ապրել կամ ապրում են մարդիկ, սակայն ինձ թախիծ պարգևեց: Հայացքս թեքելով մյուս կողմ՝ նկատեցի, որ ընկերներս հանդիպել են մի ընտանիքի: Ես էլ մոտեցա ու սկսեցի լուսանկարել: Այստեղ մթնոլորտը ավելի ուրախ էր: Ես, խոսելով մի տատիկի հետ և նրանից համաձայնություն ստանալով, նկարեցի նրան աշխատելիս:

Մարիամ Հովհաննիսյան, գ.Արարատ

***
Հանդիպեցինք մի ծերունու, ով, ինչպես ինքն ասաց, Ծաղկաձոր քաղաքի «հոսանքի պետն էր»:
-Էս ի՞նչ նկարահանումներ են,- հետաքրքրվեց նա:
Մենք պատմեցինք, թե ով ենք և ինչի համար ենք եկել:
-Հա՜, ես էլ այ, էնտեղ եմ ապրում՝ տղայիս, հարսիս ու ծոռանս հետ,- ասաց նա՝ ցույց տալով իր փոքրիկի տունը:
Նորիկ պապն էր, 77 տարեկան: Ծնվել էր Երևանում, 3 տարի հետո տեղափոխվել Ծաղկաձոր:
-Մեր քաղաը շատ է փոխվել: Էդ հիմա է Ծաղկաձոր կոչվում, առաջ Ժանջղլու էր, հետո՝ Դարաչիչակ: Կյանքն էլ է փոխվել, գիտե՞ք: Առաջ մարդիկ ավելի հեշտ էին ապրում, դե ԽՍՀՄ էր, ավելի լավ էին ապրում: Հիմա ամեն ինչ դժվարացել է:
Նորիկ պապի մյուս տղաները և չորս թոռները ապրում են Լենինգրադ (ներկայիս՝ Պետերբուրգ) քաղաքում: Կանչում են իրենց մոտ, չի լսում, չի գնում:
-Ո՞նց թողնեմ քաղաքս, տունս: Քանի գործ էլ ունեմ, չեմ կարող գնալ: Այ, երբ թոշակի ուղարկեն, էտ ժամանակ էլ կորոշեմ,- ասում է նա և թեման փակում:

Միլենա Խաչիկյան, ք. Երևան

***
Իսկ ես հարցազրույց վարեցի Նորիկ պապի` քաղաքի էլեկտրացանցի նախկին գլխավոր տեսուչի հետ:
-Քանի՞ տարեկան եք:
-Ես ծնվել եմ հազար ինը հարյուր երեսունութ թվականին, այսինքն, յոթանասունյոթ տարեկան եմ:
-Ո՞ւմ հետ եք ապրում:
-Տղայիս, հարսիս, թոռան և ծոռնիկիս:
-Դուք բնիկ Ծաղկաձորի՞ց եք:
-Ծնվել եմ Երևանում, երեք տարի ապրել եմ այնտեղ, այնուհետև տեղափոխվել այստեղ՝ Ծաղկաձոր:
-Իսկ ինչպե՞ս որոշեցիք տեղափոխվել Ծաղկաձոր:
-Որոշումը կայացրեց հայրս, և քանի որ մենք այդ ժամանակ փոքր էինք, մեզ ոչ ոք չհարցրեց:
-Ի՞նչ փոփոխություններ է կրել քաղաքը:
-Երբ մենք տեղափոխվեցինք, քաղաքը կոչվում էր Ժանջղլու, այնուհետև անվանվեց Դարաչիչակ: Իսկ երբ բանակում նամակ ստացա տնից, ծրարի վրա գրված էր Ծաղկաձոր: Այդտեղից էլ իմացա, որ Դարաչիչակը դարձել է Ծաղկաձոր: Բացի դա քաղաքում եղել են շատ փոփոխություններ: Էն ժամանակ, որ մենք տեղափոխվեցինք, շատ էին մոլոկանների տները, հետո հայերը եկան, իսկ մոլոկանները սկսեցին տեղափոխվել Ռուսաստան:
-Իսկ փոփոխությունները դրակա՞ն են, թե՞ բացասական:
-Անկեղծ ասած, սովետական տարիներին բոլորը ապրում էին շատ լավ, որովհետև աշխատանքի տեղեր կային: Հրազդանում աշխատում էին քսանհինգ-երեսուն հազար մարդ, ռադիոզավոդում` տասից -տասնհինգ հազար մարդ էր աշխատում: «Դվինը», ջերմոցները աշխատում էին: Սովետից հետո սաղ քանդեցին:
Անցորդներից մեկը նկատելով Նորիկ պապիկին շրջապատած երիտասարդներիս՝ մոտեցավ մեզ և ինքն էլ մի քանի հարց տվեց:
-Նորիկ պապ, որ ստոլբի վրա հոսանքը խփել էր, հո շատ բան չէ՞ր եղել:
-Ընձի էսքան վախտ հոսանքը չի խփե, ես մենակ ծառից եմ ընգե, դուխ չի արե խփի:

Մուշեղ Վարդանյան, ք. Վայք

***

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Մենք որոշել էինք գնալ Կեչառիս վանական համալիր և դրա մոտակայքը, սակայն տարվելով Ծաղկաձորի աշնանային բնության գեղեցկությամբ, շեղվեցինք ճանապարհից: Հասանք մի վայր, որտեղ մի հին և փչացած ավտոբուս կար, որի վրա կար գրաֆիտի: Զարմանալի էր այդ հին և փլված շինության վրա տեսնել ժամանակակից և գեղեցիկ պատանկար: Մենք էլ հանդիպեցինք պատանուն իր Ժակ շան հետ:
Մեր խմբի Արուսը ուզում էր սիրել շանը, բայց վախենում էր: Տղան ասաց.
-Նախ, էտ շունը քեզի չի ուտի, երկրորդն էլ, շունը ընենց մարդու կուտի, որ կշտանա, քո վրա ի՞նչ կա, որ ուտի:

Սևակ Կիրակոսյան, գ. Վահան

***
Նախ սկսեցի լուսանկարել Ծաղկաձորի հրաշալի բնությունը: Չէ՞ որ աշուն է, իսկ աշունը ամենագեղեցիկ «արտահայտվող» եղանակներից մեկն է: Այնուհետև փորձեցի միավորել մարդուն բնության հետ: Գեղեցիկ լուսանկարներ ստացվեցին: Այս ընթացքում նաև ծանոթացանք մարդկանց առօրյային, որը լեցուն էր հետաքրքիր դեպքերով:
Մի տատիկի էինք մոտեցել և թույլտվություն հարցրել իրեն նկարելու համար, բայց նա այսպես պատասխանեց.
- Ինչի՞ եք մեզ նկարում: Գնացեք ջահելներին նկարեք:
Նա շտապ մտավ տուն և դարպասը ծածկեց, որպեսզի չլուսանկարենք:
Այս ամենից ես շատ բան սովորեցի: Օրինակ, մտածում եմ, որ եթե տատիկի հետ մի քիչ շփվեի, ջերմ մթնոլորտ կստեղծեի, և նա կհամաձայնվեր: Հասկացա, որ պետք չէ միանգամից հարցնել. «Կարո՞ղ եմ ձեզ լուսանկարել»:
Ես վստահ եմ, ինչ այսօր սովորեցի, ինձ շատ-շատ կօգնի:

Սոնա Զաքարյան, գ. Դարբաս

***

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Շատերի կարծիքով Ծաղկաձորը հրաշք քաղաք է: Այնտեղ ապրող մարդիկ ապրում են երջանիկ և անհոգ, փողոցները գեղեցիկ են և մաքուր, ունեն հիանալի պայմաններ: Նույնիսկ շատերը երազում են ապրել այնտեղ: Բայց Ծաղկաձորը բաժանված է երկու մասի՝ մարդիկ, ովքեր գալիս են հանգստանալու և մարդիկ, ովքեր ապրում են այնտեղ. հովեկներ և տեղաբնիկներ:
Հովեկները գալիս են իրենց հանգիստը անցկացնելու և միայն լավ կողմից են տեսնում Ծաղկաձորը: Բայց ո՞վ կպատկերացնի, որ Ծաղկաձորում կան կով պահող մարդիկ, կան այնպիսի փողոցներ, որոնք չեն տարբերվում գյուղերից, կան ընտանիքներ, որոնք ունեն տունը ջեռուցելու խնդիր և ամբողջ ընտանիքով փայտ էին կոտրում իրենց տունը տաքացնելու համար: Կամ ո՞վ կպատկերացնի, որ Ծաղկաձորում կա մի տարածք, որ ամեն քայլափոխի կարող ես կատուներ հանդիպել:
Շատ եմ ափսոսում, որ չկարողացա մարդկանց հետ զրուցել և լսել իրենց խնդիրների մասին:

Սոսե Զաքարյան, գ.Դարպաս

***
- Գլխարկավորները ինձ հետ:
Կապյուշոնիս առկայությունն ինձ օգնեց, որ հայտնվեմ ընկեր Սիսակի թիմում:
Հյուրանոցի տարածքից դուրս գալիս ինձ մի տերև գրավեց, որն ամբողջովին դեղին էր, բայց կենտրոնում մնացել էր մի կանաչ մաս, որն ասես անցած ամառվա մասին տերևի հիշողությունները լինեին: Քայլեցինք քաղաքի երևի կենտրոնական փողոցով դեպի ցած:
Ու հանկարծ անսպասելի.
- Արե՛ք, արե՛ք: Արեք, էս թագավոր մարդ ա, իրան նկարեք:
Գնացինք: Մի պապի էր, որ պահակի նման նստած էր իր դռան շեմին:
- Սաղ լավ ա: Հա, տուրիզմն էլ ա լավ: Հը՞: Հա, բերքն էլ ա լավ,- պատասխանեց մեր կողմից տրված հարցերին:
Բայց կինն էն կողմից ձեն տվեց, թե.
- Ախր, ի՞նչն ա լավ, է: Ասա` տենամ:
Պապին էլ խոսքը փոխելով ասաց.
- Այ, ասում ենք էլի, ի՞նչն ա լավ: Հըմի ցուրտ-բորան ա գալի: Գինն էլ էլի թանկացրել են:
Ցտեսություն` ասինք, անցանք: Մտանք «մոլոկանների փողոց»: Հիմա կասեմ` ինչու «մոլոկանների»: Տեսանք մի տասի չափ մոլոկաններ են գալիս: Հարցրինք նկարելու թույլտվություն ու մերժում ստանալով քայլեցինք առաջ: Տեսանք մի յոթի չափ փակ տներ, դռներին՝ խազեր: Երևի «մոլոկանների տներ են: Անցանք փողոցի խաչմերուկով ու նորից ներքև:
Մի պապիկ երկու տախտակ ձեռքին գնում էր իր գործին:
- Պապի ջան, կարա՞նք նկարենք:
Տախտակը գետնին դնելով անշարժացավ նկարվելու համար:
- Մերսի, պապի ջան: Ցտեսություն,- ասացինք, ու պապին նորից իր տախտակը վերցնելով գնաց իր գործերին: Էտ կարճլիկ փողոցն էլ շատ անհետաքրքիր էր: Ուրեմն, եկեք ասենք` «անհետաքրքիր փողոց»: Նորից խաչմերուկ, ու էս անգամ ձախ:
- Հլա են «չուչելը»:
«Չուչելը» լավն էր, մանավանդ, ակնոցը, բայց ֆոտոկամերայիս «զումը» ինձ «չուչելին» նկարելու հնարավորություն չտվեց: Հասանք երևի քաղաքի վերջին, որովհետև համ կիսակառույցներ էին երևում, համ էլ «վաճառվում է» մակագրությամբ լքված շենքեր: Նորից հետ` «անհետաքրքիր փողոց» խաչմերուկին, բայց էս անգամ գնացինք աջ:
Երկնագույն շենքի բակում մի ընտանիք փայտ էր կոտրում ու լցնում բեռնատարը: Իսկ «կուզովում»` թափքում, մի հինգ տարեկան երեխա քաշում և դասավորում էր փայտերը: Աշխատում էին բոլորը, նույնիսկ նրանց աղջիկը, որը երևի իմ հասակակիցն էր: Ցավոք, նկարելու թույլտվություն չստացանք: Շենքի բակում մի ջարդված հեծանիվ գտա, որը երևի «կուզովի երեխունն էր»: Սկսեց անձրև մաղել:
- Լավ, հետ ենք գնում:
Հանրախանութի մուտքին, ոտք մաքրելու շորի տեղը մի փոքրիկ հայկական գորգ էր փռած: Հը՜մ: Լավն ա: Չըխկ: Ու արդեն նկարն ունեմ: Հետ ենք գալիս: Ու նորից դեղինի բոլոր երանգներն ու էն տերևի «կանաչ սիրտը»:

Վահե Ստեփանյան, գ. Մալիշկա