Ֆրիդրիխ Դյուրենմաթ. Շունը

Քաղաք ժամանելուց հետո արդեն առաջին օրերին փոքրիկ հրապարակում գտնվող քաղաքապետարանի առաջ հայտնաբերեցի մի քանի մարդու՝ շրջապատած մի քրջոտ մարդկային կերպարանքի, ով բարձր ձայնով Աստվածաշունչ էր կարդում։ Շանը, որին նա պահում էր իր մոտ, և որը պառկած էր նրա ոտքերի առաջ, նկատեցի միայն շատ ավելի ուշ, զարմացած, որ այդ հսկայական ու սարսափելի կենդանին անմիջապես չգրավեց իմ ուշադրությունը, քանի որ այն մուգ սև գույնի էր և ծածկված էր ողորկ, քրտինքով պատված մորթով։ Նրա աչքերը ծծմբադեղին էին, ու երբ նա բաց արեց իր հսկայական երախը, ես նկատեցի նրա միատոն մոխրագույն ատամնաշարը։ Տեսքն այնպիսին էր, որ ես դա չէի կարող ոչ մի կենդանի էակի հետ համեմատել։

Ես այլևս չհանդուրժեցի այդ խոշոր կենդանու արտաքինը և հայացքս դարձրի կարճլիկ կազմվածքով քարոզչին, որի ցնցոտիները կախվել էին իր մարմնից։ Նրա մաշկը, որ ասես պսպղում էր ճաքերից, այնուամենայնիվ, մաքուր էր, նման իր չափազանց մաքուր, պատառոտված հագուստին։ Աստվածաշունչը, սակայն, բավական թանկարժեք էր երևում. նրա կազմին փայլփլում էին ոսկին և ադամանդները։

Տղամարդու ձայնը հանգիստ էր և հաստատուն։ Նրա բառերն առանձնանում էին արտասովոր պարզությամբ, այդ պատճառով  խոսքը պարզ ու վստահ էր թվում։ Ինձ նույնիսկ թվաց, որ նա այլաբանություններ բնավ չէր օգտագործում։ Դա հանգիստ ու մոլեռանդությունից զերծ աստվածաշնչյան մեկնություն էր, որ մատուցում էր նա, և եթե անգամ նրա խոսքերը չէին համոզում, դա պայմանավորված էր միայն շան՝ այդտեղ հայտնվելով, որ անշարժ պառկել էր նրա ոտքերի մոտ և իր դեղնավուն աչքերով զննում էր ունկնդիրներին։ Ամենից առաջ քարոզչի և իր կենդանու միջև եղած հենց այդ տարօրինակ կապն ինձ գրավեց ու գայթակղեց, որ կրկին ու կրկին հետևեմ նրան։ Նա ամեն օր քարոզում էր քաղաքի հրապարակներում ու նրբանցքներում, բայց դրանք գտնելը հեշտ չէր, չնայած որ նա իր գործով զբաղվում էր մինչ ուշ գիշեր, քանի որ քաղաքը խճճված էր, թեև այն պարզ ու հստակ էր կառուցվել։ Բացի այդ, նա ստիպված էր տարբեր ժամանակներում լքել իր բնակության վայրը և երբեք իր գործունեության համար պլաններ չկազմել, քանի որ իր ելույթների մեջ դեռևս երբեք կանոններ չեն եղել։

Երբեմն նա առանց դադարի, ամբողջ օրվա ընթացքում խոսում էր միևնույն վայրում, երբեմն էլ քառորդ ժամը մեկ տեղափոխվում էր մեկ այլ վայր։ Նրան ամենուրեք ուղեկցում էր իր շունը՝ այդ սև ու հսկայական կենդանին, որը քայլում էր նրա կողքով, երբ վերջինս անցնում էր փողոցներով, և որը դժվարությամբ գետնին էր պառկում, երբ մարդը սկսում էր քարոզ կարդալ։

Նա երբեք շատ ունկնդիրներ չէր ունենում և մեծամասամբ միայնակ կանգնած էր լինում, բայց, ինչպես կարողացա նկատել, դա նրան չէր շփոթեցնում, և նա չէր լքում տարածքը, այլ շարունակում էր խոսել։ Ես հաճախ տեսնում էի, թե ինչպես էր նա հանդարտ կանգ առնում մի փոքրիկ փողոցում ու բարձր ձայնով աղոթում, մինչդեռ նրանից քիչ հեռու շրջող մարդիկ անուշադրությամբ անցնում-գնում էին որևէ ավելի լայն փողոցով։

Քանի որ ինձ չհաջողվեց մի ապահով մեթոդ գտնել նրան հետևելու համար, ես ստիպված էի դա թողնել պատահականության քմահաճույքին։ Այժմ, սակայն, փորձեցի գտնել նրա բնակարանը, բայց ոչ ոք չկարողացավ ինձ որևէ տեղեկություն տալ այդ մասին։ Այդուհանդերձ, ես նրան հետևեցի մեկ ամբողջ օր, բայց ստիպված էի դա կրկնել օրեր շարունակ, քանի որ նա իմ տեսադաշտում էր հայտնվում միայն երեկոյան, իսկ ես ջանում էի աննկատ մնալ, որպեսզի նա չբացահայտեր իմ մտադրությունը։

Ահա ի վերջո, ուշ գիշերով, ես տեսա, թե նա ինչպես մտավ այն նրբանցքի տներից մեկը, որն, ինչպես ինձ էր հայտնի, բնակեցված էր միայն քաղաքի ամենահարուստ մարդկանցով։ Դա ինձ ապշեցրեց։ Այդ պահից ի վեր ես փոխեցի իմ վերաբերմունքը նրա նկատմամբ և հրաժարվեցի իմ գաղտագողի կարգավիճակից, որպեսզի մոտերքում, նրա հարևանությամբ որոշ ժամանակ անցկացնեմ, ու որ նա տեսներ ինձ։ Բայց ես չէի անհանգստացնում նրան, միայն ամեն անգամ, երբ մոտենում էի, շունը սկսում էր գռմռալ։

Այսպես անցավ մի քանի շաբաթ։ Ուշ ամառ էր, երբ նա Հովհաննու Ավետարանի մեկնությունը ավարտելով՝ մոտեցավ ինձ ու խնդրեց տուն ուղեկցել իրեն։ Նա այլևս ոչ մի բառ չասաց, քանի մենք չափչփում էինք փողոցները և երբ տուն մտանք, արդեն այնքան մութ էր, որ այն մեծ սենյակում, ուր ինձ առաջնորդեցին, լույս էր վառվում։

Սենյակը գտնվում էր ավելի ցածրում, քան փողոցն էր, այնպես որ դռնից հետո պետք է ևս մի քանի աստիճան իջնեինք։ Նույնիսկ պատերը չէին երևում, քանի որ ամենուրեք դրանք ծածկված էին գրքերով։ Լամպի տակ եղևնու փայտից պատրաստված մի մեծ, հասարակ սեղան կար, որի հետևում մի աղջիկ էր կանգնած, ով կարդում էր։ Նա մուգ զգեստ ուներ հագին և չշրջվեց, երբ մենք ներս մտանք։ Երկու նկուղային պատուհաններից մեկի տակ, որոնք ծածկված էին վարագույրներով, դրված էր ներքնակը, իսկ հանդիպակաց պատի մոտ՝ մահճակալը և երկու աթոռ՝ սեղանի մոտ դրված։ Վառարանը դռան մոտ էր։

Երբ մենք մոտեցանք աղջկան, նա շրջվեց այնպես, որ ես տեսա նրա դեմքը։ Նա ձեռքն ինձ մեկնեց և մի շարժումով ցույց տվեց աթոռը։ Այդ ընթացքում ես նկատեցի, որ մարդն արդեն պառկել էր ներքնակին, իսկ շունը՝ նրա ոտքերի տակ։

-Նա իմ հայրն է,-ասաց աղջիկը,- նա արդեն քնած է և չի լսում՝ ինչ ենք մենք խոսում, իսկ այդ մեծ, սև շունը, որն անուն չունի, պարզապես եկավ մեզ մոտ մի երեկո, երբ հայրս քարոզել սկսեց։ Մենք չէինք փակել դուռը, ու նա կարողացել էր իր թաթերով ցած քաշել բռնակը ու ներս ցատկել։

Ես խլացածի պես կանգնել էի աղջկա առաջ։ Ցածրաձայն հարցրի, թե ով է եղել իր հայրը։

-Նա հարուստ մարդ էր՝ բազմաթիվ գործարանների տեր,- ասաց աղջիկը՝ աչքերը խոնարհելով,-նա լքեց մորս ու եղբորս, որպեսզի մարդկանց հայտնի Ճշմարտությունը։

-Մի՞թե դու հավատում ես, որ դա է Ճշմարտությունը, ինչը քո հայրը քարոզում է,-հարցրի ես։

-Դա է,- ասաց աղջիկը,- ես միշտ եմ իմացել, որ դա Ճշմարտությունն է։ Այդ պատճառով նրա հետ եկա այս գետնափոր տունը, որտեղ էլ ապրում ենք միասին։ Բայց ես չգիտեի, որ այնժամ, երբ Ճշմարտություն են քարոզում, նաև շունը պետք է գար,- աղջիկը լռեց ու նայեց ինձ այնպես, ասես ուզում էր ինչ-որ բան խնդրել, բայց չէր համարձակվում բարձրաձայնել։

-Այդ դեպքում, վռնդիր դրան՝ այդ շանը,- պատասխանեցի ես, բայց աղջիկը տարուբերեց գլուխը:

- Նա անուն չունի և այդպես նա չէր էլ գնա,- կամացուկ ասաց նա։

Տեսնելով, որ ես անվճռականությամբ եմ համակվել, նստեց սեղանի մոտ դրված աթոռներից մեկին։ Ես նույնպես նստեցի։

-Դու վախենու՞մ ես այս կենդանուց,- հարցրի ես։

-Միշտ եմ վախեցել նրանից,- պատասխանեց նա,- և մեկ տարի առաջ, երբ մայրս մի փաստաբանի և եղբորս հետ եկել էր ինձ ու իմ հորը վերադարձնելու, նրանք նույնպես վախեցան մեր անանուն շնից։ Ընդ որում, նա կանգնել էր հորս առջև և գռմռում էր։ Ու երբ ես պառկում էի իմ անկողնում, վախենում էի նրանից։ Այո՛, հատկապես այդ ժամանակ, բայց հիմա ամեն ինչ այլ է. հիմա դու ես եկել, և ես կարող եմ ծիծաղել այդ կենդանու վրա։ Ես միշտ իմացել եմ, որ դու կգաս։ Իհարկե, ես չգիտեի, թե ինչ տեսք ունես, բայց գիտեի, որ դու իմ հոր հետ կգաս մի երեկո, երբ արդեն լամպը վառված կլինի ու փողոցում լռություն կտիրի, որպեսզի միասին մի փոքր նշենք հարսանեկան գիշերը՝ մեր կիսով չափ գետնի տակ գտնվող տանը, իմ անկողնում, բազմաթիվ գրքերի կողքին։ Մենք կպառկենք կողք կողքի ինչպես այր ու կին, իսկ մյուս կողմում՝ ներքնակի վրա, երեխայի պես հայրս քնած կլինի մթության մեջ, իսկ այդ սև շունը կհսկի մեր խղճուկ սերը։

Ինչպես կարող էի ես մոռանալ մեր սերը։ Լուսամուտները նեղ ուղղանկյունների տեսքով գծագրվում էին սենյակի մեջ ինչ-որ տեղ՝ սավառնելով մեր մերկ մարմինների վրա։ Մենք պառկեցինք կուրծք-կրծքի՝ կրկին ու կրկին մեկս մյուսի մեջ ներսուզվելով ու ագահորեն իրար փաթաթվելով։ Մեր կրքի կորած ճիչերին էր խառնվում ճամփի աղմուկը, որ երբեմն հարբեցողների երերուն քայլքն էր, ապա շորորվող մարմնավաճառների դանդաղ մանրաքայլքը, երբեմն կողքով անցնող զինվորական շարասյուների միատոն դոփյունները, ձիերի սմբակներից ու անիվների պտույտներից արձակվող խուլ ձայները…

Մենք միասին պառկել էինք ասես գետնի տակ՝ նրա տաք մթության մեջ պարուրված, առանց վախենալու։ Իսկ անկյունից, ուր ներքնակի վրա մեռածի նման լուռ քնած էր մարդը, մեզ էին սևեռված շան դեղին աչքերը՝ ծծմբե լուսնի երկու սկավառակներ, որ հսկում էին մեր սերը։

Շուտով եկավ շիկացած աշունը՝ դեղին ու կարմիր։ Այդ տարեվերջին նրան հաջորդեց մեղմ ձմեռը՝ առանց նախորդ տարվա արկածախնդիր սառնամանիքի։

Ինձ երբեք չհաջողվեց նրան իր նկուղային սենյակից դուրս բերել՝ իմ ընկերների հետ ծանոթացնելու կամ թատրոն այցելելու համար (որտեղ կարևոր ցուցադրություններ էին պատրաստվում), մառախլապատ անտառներում շրջելու կամ բլուրներ մագլցելու համար, որ ալիքների նման ամենուրեք շրջապատում էին քաղաքը։ Նա միշտ նստում էր այնտեղ՝ եղևնու փայտից պատրաստված սեղանի շուրջ, մինչև հայրը վերադառնում էր իր մեծ շան հետ, և ինձ իր անկողին էր քաշ տալիս՝ պատուհանից մեզ վրա ընկնող դեղին լույսի ներքո։

Բայց երբ եկավ գարունը, երբ քաղաքում դեռ թաց ու կեղտոտ ձյուն էր նստած, իսկ ստվերոտ վայրերում այն մինչև մեկ մետրի էր հասնում, աղջիկը մի օր իմ սենյակ մտավ։

Արևը թույլ փայլում էր պատուհանից այն կողմ։ Ուշ կեսօր էր, և ես վառարանում կրակ էի վառում, երբ հայտնվեց նա՝ գունատ ու դողդոջուն, հավանաբար նաև մրսած, քանի որ առանց վերարկուի էր՝ այնպես, ինչպես միշտ էր հագնված՝ իր մուգ կապույտ զգեստով։ Առաջին անգամ էի նրա ոտքերին կոշիկներ տեսնում. դրանք կարմիր էին ու մորթապատ։

-Դու պետք է սպանես շանը,- ասաց աղջիկը, դեռ դռան շեմին կանգնած՝ շնչասպառ ու արձակած մազերով, լայն բացված աչքերով։ Նրա հայտնվելն այնքան տեսիլքի նման էր, որ չհամարձակվեցի դիպչել նրան։ Ես գնացի դեպի պահարանը ու սկսեցի փնտրել հրացանս։

-Ես գիտեի, որ մի օր այդ մասին կխնդրես ինձ,-ասացի ես,-դրա համար էլ ես զենք էի գնել։ Ե՞րբ պետք է դա արվի։

-Հիմա,- ցածրաձայն պատասխանեց աղջիկը,- Հայրս էլ է վախենում այդ կենդանուց ու միշտ է վախեցել, ես ախր, դա գիտեմ։

Ես ստուգեցի հրացանը ու հագա վերարկուս։

-Նրանք նկուղում են,- ասաց աղջիկը՝ հայացքը խոնարհած,-Հայրս ամբողջ օրը առանց շարժվելու պառկած է ներքնակին։ Նա այնքան է վախենում, որ ոչ մի անգամ չի աղոթել, իսկ շունը պառկած է դռան առջև։

Մենք գետի ընթացքին հակառակ ցած իջանք, ապա քարե կամրջով վեր բարձրացանք։ Երկինքը բորբոքված կրակի նման խորը, սպառնալի կարմիր էր հագել։ Արևը նոր էր ամպերի հետևն ընկղմվել։ Քաղաքը կենդանի էր, ինչպես սովորաբար. լիքն էր մարդկանցով ու մեքենաներով, որ ասես շարժվում էին արյան ծովի տակ, քանի որ տների պատուհաններն ու պատերը արտացոլում էին երեկոյի լույսը։ Մենք գնացինք՝ ամբոխը ճեղքելով։ Մենք շտապում էինք խտացող երթևեկության արգելակվող մեքենաների ճռնչյունների, ճոճվող հանրակառքերի միջով, որոնք ինչպես ճիվաղներ, չար ու լուսավորված «աչքերով» անցնում էին նյարդային ժեստեր ցույց տվող, մոխրագույն սաղավարտավոր ոստիկանների կողքով։

Ես այնքան վճռական էի առաջ նետվում, որ աղջիկը հետ էր մնում։ Ի վերջո հևալով ու բաց վերարկուով ճանապարհն ի վեր վազեցի՝ մանուշակագույնով բռնկված մթնշաղին ընդառաջ, բայց չափազանց ուշ տեղ հասա։ Երբ ես՝ հրացանը ձեռքիս, նկուղային սենյակ ներխուժեցի՝ դռները ոտքի հարվածով բացելով, անմիջապես իմ առջև տեսա սարսափելի կենդանու հսկայական ստվերը՝ դուրս փախչելիս պատուհանից, որի ապակին փշրվել էր ու հատակին՝ սև ճահճի սպիտակ զանգվածում մարդն էր ընկած՝ շան կրծոցներից պատառ-պատառ եղած այնքան, որ նրան էլ հնարավոր չէր ճանաչել։

Մինչ ես դողալով հենվեցի պատին՝ գրքերի մեջ ընկղմվելով։ Դրսում մեկը մյուսի հետևից ոռնում էին մեքենաները։ Ապա ինչ-որ մարդիկ եկան պատգարակով։ Ստվերների մեջ մահացածի առջև բժշկի ու խիստ սպառազինված մի գունատ ոստիկանի նշմարեցի։ Շուրջբոլորս մարդիկ էին։ Ես աղջկա անունը ճչացի ու շնչասպառ քաղաքն ի վար վազեցի։ Կամուրջն անցնելով հասա իմ սենյակ, բայց այնտեղ չգտա նրան։ Հուսահատ, անհանգիստ ու քաղցած շարունակեցի փնտրել նրան։

Ոստիկանները, հսկայական գազանից վախենալով, զինվորներ դարձած, թափառում էին երկար շղթաներով ձգվող անտառներում։

Նավակներ էին մտցրել կեղտոտ, դեղին գետը ու երկար ձողերով հետազոտում էին տեղանքը։

Ահա վրա հասավ գարունը՝ իր տաք, հորդառատ անձրևներով, որոնք անընդհատ քշվում, լցվում էին քարհանքերի խոռոչները՝ շառաչելով ու պսպղուն հորձանքով։ Նրանց փնտրեցին անգամ ջրատար խողովակներում ու տաճարի ձեղնահարկում, բայց աղջիկն չգտնվեց, իսկ շունը այլևս չհայտնվեց։

Երեք օր հետո, ուշ գիշերով իմ սենյակ եկա։ Հոգնած ու հուսահատ,  առանց շորերս հանելու անկողին նետվեցի և իսկույն փողոցից ոտնաձայներ լսեցի։ Շուտ վազեցի պատուհանի մոտ, բացեցի այն, ու հենվելով, դուրս թեքվեցի։ Ներքևում՝ փողոցի վրա, անձրևից թրջված մի սև ժապավեն էր ընկած, որ նախքան կեսգիշերի վրա հասնելն էր այնտեղ հայտնվել։ Փողոցի լապտերները, ինչպես աղոտ, դեղնավուն բծեր, արտացոլված էին դրա վրա։ Մյուս կողմից, ծառերի միջով քայլում էր աղջիկը՝ իր մուգ շրջազգեստով ու կարմիր, մազմզոտ կոշիկներով, որ գիշերվա լույսի տակ կապույտ երանգ ունեին։

Երկար պարանով կապված՝ իր կողքով սահում էր մի գորշ ստվեր՝ գառնուկի նման հանդարտ ու լուռ. այդ շունն էր՝ իր դեղին, կլոր, պսպղուն աչքերով։

Գերմաներենից թարգմանեց Մարիամ Տոնոյանը

——–

Պատմվածքում գլխավոր սիմվոլիկ կերպարը շունն է, որը նկարագրվում է որպես հսկայական, արսափելի արարած։ Քարոզչի կերպարը խորհրդանշում է Բարին, իսկ շունը՝ Չարը։ Ստեղծագործության հիմնական ակնարկն այն է, որ աշխարհում և բոլոր ժամանակներում չարը քայքայում է բարին՝ անտեսելով նույնիսկ սերունդները (Աղջիկը ևս շան զոհը դառնալու վտանգի տակ էր և ապրում էր վախով)։

Դյուրենմաթը ցույց է տվել, որ անհատն անզոր է բարու և չարի այս անկանխատեսելի ու փոխկապակցված զարգացումների դեմ, իսկ հասարակությունը նկատում է այդ, բայց անտարբեր է։