aniharutyunyanarm

ՄԵԾԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Ես չմեծացա այն ժամանակ, երբ պատահաբար լսեցի մերոնց պատմությունը, որ պատմում էին հորաքրոջս, թե իրենք որտեղից են գնել Նոր տարվա մեր նվերները` ինչ-որ սպիտակամորուք մարդու հասցեագրված նամակում գրված:

Չմեծացա այն ժամանակ, երբ տիկնիկներն ու մորս բարձրակրունկ կոշիկները սկսեցին այլևս չհետաքրքրել ինձ: Երբ զգացի, որ սեպտեմբերի համար գրենական պիտույքներ գնելիս ինձ էլ չեն գրավում գույները, գունավոր պայուսակները, այդ ժամանակ ես դեռ շատ հեռու էի մեծանալուց:

Ես չմեծացա նաև այն ժամանակ, երբ փողոցում «ֆիշկա» խաղացող երեխաների կողքով անտարբեր սկսեցի անցնել, երբ սկսեցի իմ բաժին կոնֆետները կերած եղբորս հետ կռիվ չանել:

Ոչ էլ մեծացա այն ժամանակ, երբ հեռու բարեկամները, երկար ժամանակ ինձ չտեսնելուց հետո, հայտնեցին իրենց հեղինակավոր կարծիքը` ամուսնանալուդ ժամանակն է:

Ճիշտ է, այդ ընթացքում ես, իհարկե, մեծանում էի` համաձայն բնության օրենքների. բոյովացա մի քիչ, մազերս երկարեցին, սկսեցի ավելի հաճախ նյարդայնանալ: Բայց իմ գիտակցությունը դեռ քիմիայի դասը չանելուց անսահման ուրախանալու մակարդակի էր:

Ես գիտակցում էի, որ սկսում եմ իրոք մեծանալ, երբ արդեն մահը ոչ թե, ինչպես միշտ ինձնից հեռու, գյուղի այս կամ այն փողոցում ապրող տատիկի կամ պապիկի կարգավիճակն էր, այլ անգամ չափահա՛ս չդարձած դասընկերոջս, ծնողների համար ամենասարսափելի բառը:

Ես մեծացա այն ժամանակ, երբ տատս հիվանդանոցից տուն եկավ, ու իմ` ի՞նչ ասացին հարցին ի պատասխան, ծանր հոգոց արձակեց, ու առանց բառերի ես արդեն ամեն ինչ հասկանում էի:

Ես մեծացա, երբ սկսեցի նկատել հորս` արդեն բավականին շատացած սպիտակ մազերը:

Մեծանալն ինձ համար հասկանալն էր այն, որ ես մի օր չեմ լինելու. այնպես, ինչպես չեմ եղել լինելուցս առաջ, ու դա ամենասարսափելին էր երևի, ամենասարսափելին, որովհետև ես դեռ այնքան չեմ մեծացել, որ շատերի նման այդ միտքը ընդունեմ հանգիստ:

Խոսում եմ մահից, ուրեմն իմ մեծանալը հասկանալն էր նաև այն, որ մարդիկ շատ հաճախ ինչ-որ մեկի հոգեհանգստին գնում են պարտքի զգացումից ելնելով, որ այդ մարդու հարազատները հանկարծ չնեղանան, որ նրանք մեր առիթներին եկել էին, ոչ թե որ ցավում է, հարգում էր, ուզում է:

Ես սկսեցի մեծանալ, երբ հասկացա, որ գյուղում ապրելը ամոթ չէ, որ թաքցնել պետք չէ, դեռ որ լավ մտածես, առավելություն է, որ ես երջանիկ եմ գյուղում, ի՞նչ կա որ:

Ես գիտեմ, որ երբեք չեմ դադարելու մեծանալ` գիտակցաբար, ֆիզիկապես, բայց մենք բոլորս էլ հոգեպես ուզում ենք լինել տիկնիկներից ուրախացող ու մեր բաժին կոնֆետը չգտնելուց լացող երեխաները, որովհետև այդ տարիքում մեզ երջանկացնելը հեշտ է` նոր տիկնիկ գնելով ու կոնֆետները վերադարձնելով:

2018/08/03

zarine kirakosyan

Ո՞վ ես դու

Ու հնարավոր է, որ կողքի մի անհայտ կամ հայտնի մոլորակի վրա երկու տեղաբնիկ նստել, գլուխը դրել են ծնկներին (եթե նրանք էլ մեզ նման ծնկներ ունեն), ծիծաղելով նայել են մեզ, որտեղ մենք իրար կոչել ենք ռուս, թուրք, չինացի, փարիզեցի, լոռեցի ու սարիթաղցի, իսկ իրենք ուղղակի՝ երկրացիներ:

Իրենք նայել ու չեն հասկացել, թե որն էր Մակեդոնացու, Նապոլեոնի, Տիգրան Մեծի ու Չինգիզխանի արշավանքների իմաստը, եթե դրանից մեր մոլորակի չափերն իրենց աչքին չէին մեծանում:
Իրենք նայել ու չեն հասկացել, թե ինչու այդ գնդի վրա ապրող մարդիկ չհավատացին Գալիլեյին, երբ ասաց՝ երկիրը կլոր է, բայց հավատացին, որ մեծ կրիաների վրա են ապրում, իրենք նայել ու ամեն նոր ու կարևոր քայլ անողի մեջ բարեկամի են տեսել: Չեն հասկացել, թե ինչի համար են մարդիկ սահմաններ ստեղծել ու ինչի համար են այդ գծերի երկու կողմերում մարդիկ մահանում՝ զենքերը ձեռքներին, գծերը հետ ու առաջ տալով, իրենք տեսել են Մեքսիկայից Ամերիկա անցնող բոլոր միգրանտներին, հետո անհասկանալի հայացքով նայել են մեզ, հետո՝ իրար, ու ուսերը թափ տվել։

Իրենք քմծիծաղ են տվել, երբ Արքիմեդը ասել է «էվրիկա», հուզվել են առաջին շոգեքարշի ծխից ու հնարավոր է՝ այդ ընթացքում երաժշտություն են լսել, ծիծաղել են հավերժական շարժիչ ստեղծող գիտնականների վրա ու հայտնվել են Ժյուլ Վեռնի ու Լեոնարդոյի երազներում, պատմել լուսնի շուրջ պտտվելու հնարավորության ու ինքնաթիռի մասին, ու փոշմանել մի ինչ-որ երկուհազարմեկյան սեպտեմբերի 11-ի: Իրենք գիտեն, թե որտեղ է Չարենցի անհայտ գերեզմանը, տեսել են կրակի համար քարերն իրար շփող մեր նախնիներին ու Արտեմիսի տաճարը վառող Հերոստատին, իսկ հետո նայել են թաշկինակի համար մեռած Դեզդեմոնային նույն անհասկանալի հայացքով ու էլի ուսերը թոթվել:

Իրենք լսել ու չեն հասկացել մեզ, չեն հասկացել մի գնդի վրա 5000 լեզուներով խոսելու իմաստը, չեն հասկացել սևամորթների ստրկությունը, իսկ հետո ցանկացել են երկնքից մի աստղ վերցնել ու դնել Լինկոլնի ճակատին ու կատաղած երկնքից մի քար էլ Հիտլերի գլխին տալ:

Իրենք տեսել են Լենոնին ու ասել՝ վերջապես, հիպիներին տեսնելիս մտածել են, որ մի տեղ ուրիշ մոլորակի վրա հանդիպել են երևի, իրենց էլ է դուր եկել Էլվիսի «Բլու շուզը», ու Վան Գոգի «Աստղալից գիշերը»։ Նրանք նայել են այլմոլորակայինների մասին բոլոր ֆիլմերը ու չեն հասկացել՝ ինչու չենք հավատում իրենց գոյությանը, եթե հավատացինք ծառերի՝ հոգիներ ունենալուն։ Մեր ստեղծած այլմոլորակայինների կանաչ կերպարների վրա ծիծաղել են հայելու դիմաց, ու ասել “oh no!”: Եթե սատանան «պրադա» է կրում, միգուցե այլմոլորակայինները անգլերեն են խոսում, ինչ կա որ։

Իրենք չեն հասկացել «հայրենիք» բառը, չեն հասկացել կայսրերին, նախագահներին, արքաներին, ցարերին ու ավելի շատ՝ սուլթաններին: Հերոսներ չեն փնտրել մարտի դաշտերում, որտեղ մարդիկ իրար սպանում են: Չեն հասկացել Քրիստոսի, Բուդդայի, ու Մուհամեդի հետևորդներին, ատել են ինկվիզիցիան, չեն հասկացել Խաչակրաց արշավանքը, բայց սիրել են Սուրբ Ծնունդը, չգիտես՝ ինչու: Իրենց էլ է դուր եկել կաթոլիկ եկեղեցու Սուրբ Ծննդյան երգերը, ու հա, հնարավոր է մի պահ ցանկացել են երկրացի լինել, բայց Աֆղանստանում, Սիրիայում ու Մոսկվայի մետրոյում, Հերոսիմայում ու Բեռլինի պատի վրա իրենք սկսել են մեզ էլի չհասկանալ:

Մեզ հետ քանդել են Բեռլինի պատը, Լենոնի հետ գրել են “War is over if you want it” երգը:
Իրենք չեն հասկանա մեզ, իսկ մենք մեղավոր չենք, որ էս աշխարհին տիեզերքից չնայեցինք էդպես էլ, չտեսանք մեր փոքրությունը էդ հեռուներից, ու «ո՞վ ես դու» հարցին, անունից, ազգությունից ու կրոնից առաջ չպատասխանեցինք՝ մարդ:

Դեկտեմբեր, 2018 

Astghik Ghazaryan

Իշխանությունը փոխվեց մեր ընտանիքում

-Ի’մ բալենի, ես որ կարգին դպրոց ի քյացել, հըմի պրեզիդենտ կըլի։ Չորսամյա կրթութին ունեմ, բայց ծեր համալսարանավարտ մերերն իմ չափ խելք չունեն,- ասում է Ամայը, երբ, նեղացած լինելով հարսներից, ուզում է ընդգծել իր մտավոր առավելությունը վերջիններիս նկատմամբ։

-..,- խոհանոցից ընդդիմության ձայներ են լսվում, բայց տատս շարունակում է:

-Եթե հորս չաքսորեին, ես… Քեռուս աղջիկը չաղ էր, կլխին էլ մի էրկու ծյար մազ, ինձ նախանձըմ էր։ Հորս աքսորիլուց հետո քեռիս մեր ունեցածին տեր ըլավ։ Հերս հարուստ էր, բայց ես գիրք ու տետր չունեի, որ դպրոց քյայի։

Տատիկիս հոր հետ նույն թվականին աքսորվեց նաև պապիս հայրը, բայց ի տարբերություն Ամայի, Երեմ պապը ավարտեց Երևանի տեխնիկումներից մեկը։ Պապս լուրջ ու լուռ մարդ էր, իրենից ոչինչ չէր պատմում, ու նրա մասին ինչ էլ գիտեմ, լսել եմ Ամայից։ Նա եղել է Անդրկովկասի ձիարշավի չեմպիոն, քառասուն տարի աշխատել է որպես վարորդ` շրջելով Խորհրդային Միության ամբողջ տարածքով։ Կյանքի վերջին տարիներին Երեմ պապի հիմնական զբաղմունքը խոզ և հավ պահելն էր, բայց եթե Ամայը հարսների հետ չէր յոլա գնում, ապա պապը` սրանց հետ: Երևի այս գործն իրենը չէր:

Իսկ այ, գիրք կարդալ շատ էր սիրում, բայց դա էլ Ամայի ու եղբայրներիս հետ կռվի պատճառ էր դառնում: Գիշերները կարդալու համար սենյակի լույսը վառ էր պահում, եղբայրներս էլ, որ պապի հետ նույն սենյակում էին քնում, բողոքում էին.

- Պապի, դե էդ անտեր լիսն անջատի, քնենք, էլի:

Կողքի սենյակից նրանց ձայնակցում էր Անո մաման:

-Պա’հ, ինտիլգենտ են տյառել. լիսի տակին քընըմ չեն,- պատասխանում էր պապիկը:

Տեսողությունից գանգատվում էր, մինչդեռ չգիտես ինչպես, առանց ակնոցի գիրք, անգամ վազող տողով լուրեր էր կարդում: Երբեմն էլ ակնոց էր դնում, բայց այնպես, որ ակնոցի վերևից էր կարդում, իսկ երբ մոռանում էր դնել այդ անիծյալ ակնոցը, տատս առիթը բաց չէր թողնում.

-Ե’րեմ, բա ասըմ ես` լավ չեմ տենըմ:

-Թու~, քու տիպը կտրի…

Երեմ պապի ընթերցասիրությունը մեկ-մեկ էլ ինձ էր խանգարում: Ժամերով չարչարվելով գրքերը գրադարակում դասավորելուց մի քանի րոպե հետո, երբ տեսնում էի, որ պապիկն ամբողջը խառնել է, իր ուզած գիրքը գտել և հիմա կարդում է, ներսումս պապի հետ կռիվ էի տալիս, ինչն արտաքուստ դրսևորվում էր քթի տակ փնթփնթալով: Ինչևիցե: Մեր տան մեծ գրադարանի բոլոր գրքերը Երեմ պապը կարդացել էր, իսկ «Ռանչպարների կանչն» այնքան էր կարդացել, որ շուտով սկսեց գիրքը վերջից սկիզբը թերթել, մատը սահեցնել ոչ թե ձախից աջ, այլ ներքևից վերև: Չէինք հասկանում` ինչ է անում. մտածում էինք, որ ուր որ է՝ «Ռանչպարների կանչի» մասին գիտական հոդված կգրի, բայց չհասցրեց…

Այսուհանդերձ մեր տասնհինգհոգանոց ընտանիք-պետության «պրեզիդենտը» դարձավ ոչ թե «կարդացած» Երեմ պապը, այլ «չորսամյա կրթութին ունեցող» տատս` Ամայը:

2018/07/28

zarine kirakosyan

Մարդը պրեսինգի տակ

Հուզումներն ու ժպիտները քչացել են,

Էլ չգիտեմ` ինչքան եմ կշռում ներսիս քարերի հետ,

Ու չգիտեմ վերջում ինչ դուրս կգա,

Անզգայության ու ուժի արանքում ինչ որ մի տեղ եմ,

Ապրածիցս անդին մի անծանոթ տեղ:

 

Հնարավոր ա պատահի, որ սա մի տեսակ գիտափորձ ա,

Ու կոչվում ա «Մարդը պրեսինգի տակ» ,

Ուր պետք ա դառնանք մի քանի անգամ ավելի մարդ,

Կամ մի քանի անգամ ավելի կենդանի,

Ամեն ինչ տեսնելուց հետո:

 

Բախումների ժամանակներ են ինքնիմացության կամ մաքրման,

Մեր էգոն կռվում ա հողի հետ, մեր էգոն կռվում ա ուրիշի ցավի հետ,

Կռվում ա ապրելու բնազդն ու անձնազոհությունը,

Մեր կերած մի կտոր հացի հետ կռվում ա ուրիշի սովը,

Ընդհարվել են բոլորը, որ իմ մեջ կա:

 

Բայց սա ապոկալիպսիս չի, որտեղ բոլորը մեռնելու են,

Ամեն ինչից այն կողմ առավոտները էլի անմեկնելի են,

Օպերայի ցույցերի ետևում, դեռ հնչում ա Ատլանտիկի անճաշակ երգերը,

Մեր ինստագրամը պատրաստ ա անվերջ սքրոլ անել մի հորինած աշխարհ,

Սա արևածագի հետ բացվող պարտադրված ընտրոււթյուն ա,

Ուր մեզ թվում ա, թե դեռ տեղ կա «սովորական կյանքը» ընտրելու:

Մինչև…

Lusine Karapetyan

ԱԶՆԱԲԵՐԴ

Վերջերս լրացրեցի այն բացը, ինչի շնորհիվ փոքրիշատե կամբողջանային պատկերացումներս իմ գյուղի մասին: Բայց պատկերացումները լիակատար կդառնային, եթե ես իսկապես տեսած լինեի այն: Կարոտում եմ մի բան, որը երբեք չեմ տեսել: Կարոտս փարատվում է մեկ այլ գյուղով, որը կարծես թե ստեղծված է ոչ միայն իր բնակիչներին ապրելու տեղ տալու, այլև իրենց նախկին բնակավայրի կարոտը այդ գյուղից առնելու համար: Բացեմ փակագծերը: Չնայած նրան, որ ապրել ու ապրում եմ Վայքում, այնուամենայնիվ, հայրենական գյուղս Ազնաբերդն է: Այն գտնվում է Նախիջևանի շրջանում: Կոչվել է Ազնաբերդ, քանի որ եղել է ինչ-որ ժամանակ, երբ այդտեղ ապրել են ազնվական ընտանիքներ: Երկար չեմ կարող պատմել ազնվական ընտանիքների մասին, քանի որ չունեմ բավարար տեղեկություններ: Բայց մի բան հաստատ է, այդտեղ մարդիկ եղել են համառ, չեն ընկճվել ոչ մի բանից և ամուր կառչած են եղել իրենց մի բուռ հողից: Դրա վառ ապացույցն է 17-րդ դարում Շահ Աբասի կողմից կատարված տեղահանությունը, որից զերծ է մնացել մեր գյուղը: Երբ հայրս պատմում է պատմություններ գյուղի անցյալի մասին, հոգիս լցվում է տաքարյուն հային բնորոշ հայրենասիրությամբ, իսկ երբ գեղեցիկ բնությունն ու անծայրածիր խաղողի այգիներն է հիշում, ասածի բացը լրացվում է ճկուն հայուհիների ճկուն պար հիշեցնող քնքուշ մտքերով, և ակամայից ցանկություն է առաջանում լինել այդտեղ: Բայց այդ գյուղի պատմությունը հաճախ ինձ ստիպում է նեղսրտել: Պատերազմ առանց կռվի. այդպես եմ պատկերացնում Նախիջևանի վիճակը 19-րդ դարի վերջին: Մի քանի տարում հայաշատ Նախիջևանից հայեր մնացին միայն մեր գյուղում, և գյուղի բնակիչները ստիպված լքեցին իրենց գյուղը նույնպես, այլապես հայերը  ոչ թե կտեղահանվեին, այլ կբնաջնջվեին այդտեղից: Տեղաբնիկները դուրս էին գալիս՝ ձեռքերում ճամպրուկներ, տոպրակներ, ծաղիկներ, խաղողի որթեր… Խաղողը նրանց համար խորհրդանշական բնույթ է ունեցել: Խաղողը ապրելու հույսն է… Մարդկանց քարավանը անվերջ գնում էր, սկզբից մեծերը, հետո փոքրերը, իսկ նրանց թիկունքը պաշտպանում էին երիտասարդները: Երիտասարդներից հետո քայլում էր հայրս՝ որպես երիտասարդների միջից փորձառուն, ձեռքին` մի փունջ մեխակ: Ինչքան փորձությունների միջով ես անցել, հա՛յ: Բայց հայը միշտ ոտքի է կանգնում, ոտքի կանգնեց և այս անգամ: Ազնաբերդցիները հաստատվեցին Վայոց ձորի և Արարատի շրջաններում: Վայոց ձորի մարզում հիմնվեց մի գյուղ՝ Նոր Ազնաբերդը, որտեղ մինչև օրս ապրում են մեր գյուղացիները՝ անտեսելով օտարի գնդակները:Եվ իսկապես, այդ գյուղը կարծես թե ստեղծվել է ոչ միայն իր բնակիչներին ապրելու տեղ տալու, այլ նաև իրենց նախկին բնակավայրի կարոտը այդ գյուղից առնելու համար:

2014/10/07

Սպահանը Համահայկական խաղերում

Համահայկական ամառային 8-րդ խաղեր: Պինդ ձեռքսեղմումներ, լիքը հայկականություն, չորս տարվա հնության տաք գրկախառնություններ:

Չգիտեմ ինչ որոշմամբ, գուցե ուղղակի պահի թելադրանքով, գուցե կյանքի հստակ գծված պատկերով, պիտի ես այս անգամ լինեի ինձ համար գերկարևոր այս իրադարձությանը: Բացի նրանից, որ ուղղակիորեն հիանում եմ հայության խորը, բայց ցավոք սրտի, ցրված ու լայնացած արմատներով, հիանում եմ նաև կյանքի անկամք ընտրության վրա: Հենց այդ նույն չթրծված ընտրության բաժանման արդյունքում, միացա մի թիմի, որը ամենասիրուն նոտայականությամբ ներկայացնում է Իրանի Սպահան քաղաքի հայ մարզիկներին: Նրանք իրենց խառնվածքով, իրենց անկանխատեսելի ու հետաքրքրական խաղով, իրար թև տալու ու հաջողությունը ընդգծելու մեծ շնորհքով են առանձնանում:

Խաղերի ընթացքում ստեղծված ապրումների, ամենաքաղված զգացողությունների արդյունքում տպավորություններ են, որ իրենք միշտ իմ ճանաչման օղակում են եղել: Ամենից շատ մի պահ եմ սիրում, երբ գնդակի միավոր տվող շարժման մեջ իրար շնորհակալություն են ասում: Զգացել եմ, որ տարածված բան է: Խաղի ժամանակ, երբ ուղղակի բարձր ձայնով, երբեմն անկառավարելի ճչոցներով, ոտքերի հարվածներով ու ամենից հաճախ հանդիպող` նստարանից հանկարծակի մարմինը պոկող, երբեմն անգամ չարդարացված ապրումներով հանդերձ իրենք իրենց շնորհակալ են լինում: Կապ չունի, թե գնդակը ինչ ճանապարհով կանցնի, ցանցը կհատի, թե չէ, կամ վազքի ժամանակ, ինչ արագություն կգրանցվի, կարևորը, որ էմոցիաների մեջ իրենք իրենց շնորհակալ են լինում:

Խաղերի ընթացքում ընկերներ ես ընդունում քո կյանք, կապ չունի կրտսեր, թե ավագ ու ուղղակի չես ուզում բաց թողնել և այն ավարտել մի պահի, երբ կգա ժամանակը, ու մեքենան իրենց նորից Իրան կտանի: Նման ծանոթությունները միշտ պետք է պինդ պահել, որ գրկիցդ երեք քայլի չափով հեռու չգնան`հաշվի չառնելով երկրային հեռավորությունները:

Մեր թիմը տարբեր պարագաներում սիրուն հաջողություններ է գրանցել` իրար թև ու թիկունք լինելուց սկսած, մինչև պատվով գրաված առաջին տեղ: Այս թիմը իսկապես ասելիք ունեցող թիմերից է:

ՀգԱփսոս, որ նկարում բոլորով չենք:

Lali Manukyan

Պայքարել, հավատալ, հասնել

Ես հայ եմ, ծնվել և մեծացել եմ Վրաստանում, Ջավախքում։ Չնայած այն բանին, որ ապրում եմ այստեղ՝ Հայաստան աշխարհը միշտ իմ սրտի մի անկյունում եղել է, կա ու կմնա։

Այս աշխարհում ես իմ տեղը գտել եմ արվեստում։ Առավելագույնը նվիրվել եմ արվեստին, սիրում և զբաղվում եմ նկարչությանբ։

Ունեմ երազանք, որին արդեն հասել եմ կիսով չափ, իսկ մնացածը ժամանակի հարց է։ Փոքր հասակից նկարել եմ մինչև այսօր, ու հպարտ եմ, որ Աստված շնորհել է նման տաղանդ, որի համար ամբողջ կյանքս պետք է երախտապարտ լինեմ։ Ես չեմ սիրում մեծամտանալ ու ինձ բարձր դասել մյուսներից, չեմ սիրում խոսքով ապացուցել,  որովհետև ամեն անգամ այնպես է ստացվում, որ գործով եմ ապացուցում իմ ամեն քայլը, ու զգում եմ, որ կյանքը ինձ ամեն անգամ ստիպում է հավատալ, պայքարել ու հասնել անհնարինին։ Նկարում եմ այն, ինչ ինձ հոգեհարազատ է, ու այն, ինչ ինձ դուր է գալիս, սիրում եմ իմը ստեղծել, հորինել, առանձնապես ակտիվ եմ նման գործերում։

«Արվեստը զգում եմ, ոչ թե հասկանում»

Աշխա՜րհ անցի՝ր,

Արարատի նման ճերմակ գագաթ չկա,

Ինչպես անհաս փառքի ճամփա,

Ես իմ Մասիս սարն եմ սիրում։

Մոտ մեկ ամիս առաջ ընդունվեցի Հայաստանի պետական Մանկավարժական համալսարան, որի համար շատ պայքարեցի, ուզում եմ գեղարվեստական կրթություն ստանալ, և ուզում եմ, որ մեր նոր սերունդը չանտեսի արվեստը, ես չեմ ուզում ինչ-որ բան հստակեցնել, բայց ես սովորել եմ մի հաստատությունում, որտեղ արվեստը բացարձակապես անտեսված է եղել։ Ես այսքան տարի սովորելու հետ մեկտեղ մի բան եմ թաքցրել մտքումս, որ պետք է ապագայում անեմ այն, ինչ ես չեմ տեսել, ուզում եմ այն գեղարվեստական կրթությունը, որը ես չեմ ստացել, փոխանցել ապագայում նոր սերնդին։ Մոտ մեկ շաբաթ առաջ էլ ընդունվեցի Վրաստանի՝ Իլիայի պետական համալսարան, սակայն չեմ ցանկանում ուսումս այստեղ շարունակել, դա իմ իրավունքն է, պարզապես ծնողներիս խնդրանքով ընդունվեցի, ու շրջապատիս էլ ապացուցեցի, որ ես կարող եմ։

Այսօր ինքս հասել եմ ամենակարևորին, ճիշտ է, մի փոքր դժվարությամբ, բայց հասել եմ, իսկ հիմա շարժվում եմ դեպի երազանքս։ Ուզում եմ խորհուրդ տալ հասակակիցներիս, արեք այն, ինչը ձեզ հոգեհարազատ է, արեք այնպես, ինչպես ձեր սիրտն է ձեզ թելադրում, միշտ լսեք բոլորի կարծիքները, բայց ուղղորդվեք ձեր կարծիքով։ Դժվարությունները կգան ու կգնան, պարզապես պետք է պայքարել, դա ես իմ փորձից եմ ասում։ Ինձ համար երեք ուղղություն կա այս կյանքում

1. Պայքարել,

2. Հավատալ,

3. Հասնել:

Ես իմ երազանքն եմ համարում կայանալը որպես մարդ, կրթվելը` որպես որակյալ մասնագետ:

Խոստացել եմ դառնալ լավ մասնագետ ու նոր սերնդին փոխանցել արվեստը, որը ինձ այդպես էլ ոչ ոք չփոխանցեց։