Astghik Ghazaryan

Իշխանությունը փոխվեց մեր ընտանիքում

-Ի’մ բալենի, ես որ կարգին դպրոց ի քյացել, հըմի պրեզիդենտ կըլի։ Չորսամյա կրթութին ունեմ, բայց ծեր համալսարանավարտ մերերն իմ չափ խելք չունեն,- ասում է Ամայը, երբ, նեղացած լինելով հարսներից, ուզում է ընդգծել իր մտավոր առավելությունը վերջիններիս նկատմամբ։

-..,- խոհանոցից ընդդիմության ձայներ են լսվում, բայց տատս շարունակում է:

-Եթե հորս չաքսորեին, ես… Քեռուս աղջիկը չաղ էր, կլխին էլ մի էրկու ծյար մազ, ինձ նախանձըմ էր։ Հորս աքսորիլուց հետո քեռիս մեր ունեցածին տեր ըլավ։ Հերս հարուստ էր, բայց ես գիրք ու տետր չունեի, որ դպրոց քյայի։

Տատիկիս հոր հետ նույն թվականին աքսորվեց նաև պապիս հայրը, բայց ի տարբերություն Ամայի, Երեմ պապը ավարտեց Երևանի տեխնիկումներից մեկը։ Պապս լուրջ ու լուռ մարդ էր, իրենից ոչինչ չէր պատմում, ու նրա մասին ինչ էլ գիտեմ, լսել եմ Ամայից։ Նա եղել է Անդրկովկասի ձիարշավի չեմպիոն, քառասուն տարի աշխատել է որպես վարորդ` շրջելով Խորհրդային Միության ամբողջ տարածքով։ Կյանքի վերջին տարիներին Երեմ պապի հիմնական զբաղմունքը խոզ և հավ պահելն էր, բայց եթե Ամայը հարսների հետ չէր յոլա գնում, ապա պապը` սրանց հետ: Երևի այս գործն իրենը չէր:

Իսկ այ, գիրք կարդալ շատ էր սիրում, բայց դա էլ Ամայի ու եղբայրներիս հետ կռվի պատճառ էր դառնում: Գիշերները կարդալու համար սենյակի լույսը վառ էր պահում, եղբայրներս էլ, որ պապի հետ նույն սենյակում էին քնում, բողոքում էին.

- Պապի, դե էդ անտեր լիսն անջատի, քնենք, էլի:

Կողքի սենյակից նրանց ձայնակցում էր Անո մաման:

-Պա’հ, ինտիլգենտ են տյառել. լիսի տակին քընըմ չեն,- պատասխանում էր պապիկը:

Տեսողությունից գանգատվում էր, մինչդեռ չգիտես ինչպես, առանց ակնոցի գիրք, անգամ վազող տողով լուրեր էր կարդում: Երբեմն էլ ակնոց էր դնում, բայց այնպես, որ ակնոցի վերևից էր կարդում, իսկ երբ մոռանում էր դնել այդ անիծյալ ակնոցը, տատս առիթը բաց չէր թողնում.

-Ե’րեմ, բա ասըմ ես` լավ չեմ տենըմ:

-Թու~, քու տիպը կտրի…

Երեմ պապի ընթերցասիրությունը մեկ-մեկ էլ ինձ էր խանգարում: Ժամերով չարչարվելով գրքերը գրադարակում դասավորելուց մի քանի րոպե հետո, երբ տեսնում էի, որ պապիկն ամբողջը խառնել է, իր ուզած գիրքը գտել և հիմա կարդում է, ներսումս պապի հետ կռիվ էի տալիս, ինչն արտաքուստ դրսևորվում էր քթի տակ փնթփնթալով: Ինչևիցե: Մեր տան մեծ գրադարանի բոլոր գրքերը Երեմ պապը կարդացել էր, իսկ «Ռանչպարների կանչն» այնքան էր կարդացել, որ շուտով սկսեց գիրքը վերջից սկիզբը թերթել, մատը սահեցնել ոչ թե ձախից աջ, այլ ներքևից վերև: Չէինք հասկանում` ինչ է անում. մտածում էինք, որ ուր որ է՝ «Ռանչպարների կանչի» մասին գիտական հոդված կգրի, բայց չհասցրեց…

Այսուհանդերձ մեր տասնհինգհոգանոց ընտանիք-պետության «պրեզիդենտը» դարձավ ոչ թե «կարդացած» Երեմ պապը, այլ «չորսամյա կրթութին ունեցող» տատս` Ամայը:

2018/07/28

zarine kirakosyan

Մարդը պրեսինգի տակ

Հուզումներն ու ժպիտները քչացել են,

Էլ չգիտեմ` ինչքան եմ կշռում ներսիս քարերի հետ,

Ու չգիտեմ վերջում ինչ դուրս կգա,

Անզգայության ու ուժի արանքում ինչ որ մի տեղ եմ,

Ապրածիցս անդին մի անծանոթ տեղ:

 

Հնարավոր ա պատահի, որ սա մի տեսակ գիտափորձ ա,

Ու կոչվում ա «Մարդը պրեսինգի տակ» ,

Ուր պետք ա դառնանք մի քանի անգամ ավելի մարդ,

Կամ մի քանի անգամ ավելի կենդանի,

Ամեն ինչ տեսնելուց հետո:

 

Բախումների ժամանակներ են ինքնիմացության կամ մաքրման,

Մեր էգոն կռվում ա հողի հետ, մեր էգոն կռվում ա ուրիշի ցավի հետ,

Կռվում ա ապրելու բնազդն ու անձնազոհությունը,

Մեր կերած մի կտոր հացի հետ կռվում ա ուրիշի սովը,

Ընդհարվել են բոլորը, որ իմ մեջ կա:

 

Բայց սա ապոկալիպսիս չի, որտեղ բոլորը մեռնելու են,

Ամեն ինչից այն կողմ առավոտները էլի անմեկնելի են,

Օպերայի ցույցերի ետևում, դեռ հնչում ա Ատլանտիկի անճաշակ երգերը,

Մեր ինստագրամը պատրաստ ա անվերջ սքրոլ անել մի հորինած աշխարհ,

Սա արևածագի հետ բացվող պարտադրված ընտրոււթյուն ա,

Ուր մեզ թվում ա, թե դեռ տեղ կա «սովորական կյանքը» ընտրելու:

Մինչև…

Lusine Karapetyan

ԱԶՆԱԲԵՐԴ

Վերջերս լրացրեցի այն բացը, ինչի շնորհիվ փոքրիշատե կամբողջանային պատկերացումներս իմ գյուղի մասին: Բայց պատկերացումները լիակատար կդառնային, եթե ես իսկապես տեսած լինեի այն: Կարոտում եմ մի բան, որը երբեք չեմ տեսել: Կարոտս փարատվում է մեկ այլ գյուղով, որը կարծես թե ստեղծված է ոչ միայն իր բնակիչներին ապրելու տեղ տալու, այլև իրենց նախկին բնակավայրի կարոտը այդ գյուղից առնելու համար: Բացեմ փակագծերը: Չնայած նրան, որ ապրել ու ապրում եմ Վայքում, այնուամենայնիվ, հայրենական գյուղս Ազնաբերդն է: Այն գտնվում է Նախիջևանի շրջանում: Կոչվել է Ազնաբերդ, քանի որ եղել է ինչ-որ ժամանակ, երբ այդտեղ ապրել են ազնվական ընտանիքներ: Երկար չեմ կարող պատմել ազնվական ընտանիքների մասին, քանի որ չունեմ բավարար տեղեկություններ: Բայց մի բան հաստատ է, այդտեղ մարդիկ եղել են համառ, չեն ընկճվել ոչ մի բանից և ամուր կառչած են եղել իրենց մի բուռ հողից: Դրա վառ ապացույցն է 17-րդ դարում Շահ Աբասի կողմից կատարված տեղահանությունը, որից զերծ է մնացել մեր գյուղը: Երբ հայրս պատմում է պատմություններ գյուղի անցյալի մասին, հոգիս լցվում է տաքարյուն հային բնորոշ հայրենասիրությամբ, իսկ երբ գեղեցիկ բնությունն ու անծայրածիր խաղողի այգիներն է հիշում, ասածի բացը լրացվում է ճկուն հայուհիների ճկուն պար հիշեցնող քնքուշ մտքերով, և ակամայից ցանկություն է առաջանում լինել այդտեղ: Բայց այդ գյուղի պատմությունը հաճախ ինձ ստիպում է նեղսրտել: Պատերազմ առանց կռվի. այդպես եմ պատկերացնում Նախիջևանի վիճակը 19-րդ դարի վերջին: Մի քանի տարում հայաշատ Նախիջևանից հայեր մնացին միայն մեր գյուղում, և գյուղի բնակիչները ստիպված լքեցին իրենց գյուղը նույնպես, այլապես հայերը  ոչ թե կտեղահանվեին, այլ կբնաջնջվեին այդտեղից: Տեղաբնիկները դուրս էին գալիս՝ ձեռքերում ճամպրուկներ, տոպրակներ, ծաղիկներ, խաղողի որթեր… Խաղողը նրանց համար խորհրդանշական բնույթ է ունեցել: Խաղողը ապրելու հույսն է… Մարդկանց քարավանը անվերջ գնում էր, սկզբից մեծերը, հետո փոքրերը, իսկ նրանց թիկունքը պաշտպանում էին երիտասարդները: Երիտասարդներից հետո քայլում էր հայրս՝ որպես երիտասարդների միջից փորձառուն, ձեռքին` մի փունջ մեխակ: Ինչքան փորձությունների միջով ես անցել, հա՛յ: Բայց հայը միշտ ոտքի է կանգնում, ոտքի կանգնեց և այս անգամ: Ազնաբերդցիները հաստատվեցին Վայոց ձորի և Արարատի շրջաններում: Վայոց ձորի մարզում հիմնվեց մի գյուղ՝ Նոր Ազնաբերդը, որտեղ մինչև օրս ապրում են մեր գյուղացիները՝ անտեսելով օտարի գնդակները:Եվ իսկապես, այդ գյուղը կարծես թե ստեղծվել է ոչ միայն իր բնակիչներին ապրելու տեղ տալու, այլ նաև իրենց նախկին բնակավայրի կարոտը այդ գյուղից առնելու համար:

2014/10/07

Սպահանը Համահայկական խաղերում

Համահայկական ամառային 8-րդ խաղեր: Պինդ ձեռքսեղմումներ, լիքը հայկականություն, չորս տարվա հնության տաք գրկախառնություններ:

Չգիտեմ ինչ որոշմամբ, գուցե ուղղակի պահի թելադրանքով, գուցե կյանքի հստակ գծված պատկերով, պիտի ես այս անգամ լինեի ինձ համար գերկարևոր այս իրադարձությանը: Բացի նրանից, որ ուղղակիորեն հիանում եմ հայության խորը, բայց ցավոք սրտի, ցրված ու լայնացած արմատներով, հիանում եմ նաև կյանքի անկամք ընտրության վրա: Հենց այդ նույն չթրծված ընտրության բաժանման արդյունքում, միացա մի թիմի, որը ամենասիրուն նոտայականությամբ ներկայացնում է Իրանի Սպահան քաղաքի հայ մարզիկներին: Նրանք իրենց խառնվածքով, իրենց անկանխատեսելի ու հետաքրքրական խաղով, իրար թև տալու ու հաջողությունը ընդգծելու մեծ շնորհքով են առանձնանում:

Խաղերի ընթացքում ստեղծված ապրումների, ամենաքաղված զգացողությունների արդյունքում տպավորություններ են, որ իրենք միշտ իմ ճանաչման օղակում են եղել: Ամենից շատ մի պահ եմ սիրում, երբ գնդակի միավոր տվող շարժման մեջ իրար շնորհակալություն են ասում: Զգացել եմ, որ տարածված բան է: Խաղի ժամանակ, երբ ուղղակի բարձր ձայնով, երբեմն անկառավարելի ճչոցներով, ոտքերի հարվածներով ու ամենից հաճախ հանդիպող` նստարանից հանկարծակի մարմինը պոկող, երբեմն անգամ չարդարացված ապրումներով հանդերձ իրենք իրենց շնորհակալ են լինում: Կապ չունի, թե գնդակը ինչ ճանապարհով կանցնի, ցանցը կհատի, թե չէ, կամ վազքի ժամանակ, ինչ արագություն կգրանցվի, կարևորը, որ էմոցիաների մեջ իրենք իրենց շնորհակալ են լինում:

Խաղերի ընթացքում ընկերներ ես ընդունում քո կյանք, կապ չունի կրտսեր, թե ավագ ու ուղղակի չես ուզում բաց թողնել և այն ավարտել մի պահի, երբ կգա ժամանակը, ու մեքենան իրենց նորից Իրան կտանի: Նման ծանոթությունները միշտ պետք է պինդ պահել, որ գրկիցդ երեք քայլի չափով հեռու չգնան`հաշվի չառնելով երկրային հեռավորությունները:

Մեր թիմը տարբեր պարագաներում սիրուն հաջողություններ է գրանցել` իրար թև ու թիկունք լինելուց սկսած, մինչև պատվով գրաված առաջին տեղ: Այս թիմը իսկապես ասելիք ունեցող թիմերից է:

ՀգԱփսոս, որ նկարում բոլորով չենք:

Lali Manukyan

Պայքարել, հավատալ, հասնել

Ես հայ եմ, ծնվել և մեծացել եմ Վրաստանում, Ջավախքում։ Չնայած այն բանին, որ ապրում եմ այստեղ՝ Հայաստան աշխարհը միշտ իմ սրտի մի անկյունում եղել է, կա ու կմնա։

Այս աշխարհում ես իմ տեղը գտել եմ արվեստում։ Առավելագույնը նվիրվել եմ արվեստին, սիրում և զբաղվում եմ նկարչությանբ։

Ունեմ երազանք, որին արդեն հասել եմ կիսով չափ, իսկ մնացածը ժամանակի հարց է։ Փոքր հասակից նկարել եմ մինչև այսօր, ու հպարտ եմ, որ Աստված շնորհել է նման տաղանդ, որի համար ամբողջ կյանքս պետք է երախտապարտ լինեմ։ Ես չեմ սիրում մեծամտանալ ու ինձ բարձր դասել մյուսներից, չեմ սիրում խոսքով ապացուցել,  որովհետև ամեն անգամ այնպես է ստացվում, որ գործով եմ ապացուցում իմ ամեն քայլը, ու զգում եմ, որ կյանքը ինձ ամեն անգամ ստիպում է հավատալ, պայքարել ու հասնել անհնարինին։ Նկարում եմ այն, ինչ ինձ հոգեհարազատ է, ու այն, ինչ ինձ դուր է գալիս, սիրում եմ իմը ստեղծել, հորինել, առանձնապես ակտիվ եմ նման գործերում։

«Արվեստը զգում եմ, ոչ թե հասկանում»

Աշխա՜րհ անցի՝ր,

Արարատի նման ճերմակ գագաթ չկա,

Ինչպես անհաս փառքի ճամփա,

Ես իմ Մասիս սարն եմ սիրում։

Մոտ մեկ ամիս առաջ ընդունվեցի Հայաստանի պետական Մանկավարժական համալսարան, որի համար շատ պայքարեցի, ուզում եմ գեղարվեստական կրթություն ստանալ, և ուզում եմ, որ մեր նոր սերունդը չանտեսի արվեստը, ես չեմ ուզում ինչ-որ բան հստակեցնել, բայց ես սովորել եմ մի հաստատությունում, որտեղ արվեստը բացարձակապես անտեսված է եղել։ Ես այսքան տարի սովորելու հետ մեկտեղ մի բան եմ թաքցրել մտքումս, որ պետք է ապագայում անեմ այն, ինչ ես չեմ տեսել, ուզում եմ այն գեղարվեստական կրթությունը, որը ես չեմ ստացել, փոխանցել ապագայում նոր սերնդին։ Մոտ մեկ շաբաթ առաջ էլ ընդունվեցի Վրաստանի՝ Իլիայի պետական համալսարան, սակայն չեմ ցանկանում ուսումս այստեղ շարունակել, դա իմ իրավունքն է, պարզապես ծնողներիս խնդրանքով ընդունվեցի, ու շրջապատիս էլ ապացուցեցի, որ ես կարող եմ։

Այսօր ինքս հասել եմ ամենակարևորին, ճիշտ է, մի փոքր դժվարությամբ, բայց հասել եմ, իսկ հիմա շարժվում եմ դեպի երազանքս։ Ուզում եմ խորհուրդ տալ հասակակիցներիս, արեք այն, ինչը ձեզ հոգեհարազատ է, արեք այնպես, ինչպես ձեր սիրտն է ձեզ թելադրում, միշտ լսեք բոլորի կարծիքները, բայց ուղղորդվեք ձեր կարծիքով։ Դժվարությունները կգան ու կգնան, պարզապես պետք է պայքարել, դա ես իմ փորձից եմ ասում։ Ինձ համար երեք ուղղություն կա այս կյանքում

1. Պայքարել,

2. Հավատալ,

3. Հասնել:

Ես իմ երազանքն եմ համարում կայանալը որպես մարդ, կրթվելը` որպես որակյալ մասնագետ:

Խոստացել եմ դառնալ լավ մասնագետ ու նոր սերնդին փոխանցել արվեստը, որը ինձ այդպես էլ ոչ ոք չփոխանցեց։

narek babayan

Եկեք դուրս գանք փողոց, տեսնենք՝ ի՞նչ կա-չկա

Եկեք դուրս գանք փողոց, տեսնենք՝ ի՞նչ կա-չկա։

Երևի քայլեմ դեպի դպրոց, այնտեղ մեր գյուղի` Մալիշկայի, կյանքը համեմատաբար ակտիվ է անցնում։ Քայլում եմ հորս հորեղբոր տան կողքով, բզբզելով հեռախոսս, մեկ էլ…

-Նարե՞կ։
Լսեցի անունս, բայց չհասկացա, թե որտեղից էր ձայնը։

-Դա Նարե՛կ։

Բարձրացնում են հայացքս դեպի վեր, 10 մետրանոց թթի ծառի գրեթե ծայրին տեսնելով հորս հորեղբորը։

-Հա, Խաչո կակո։ Բայլուս, ի՞նչ կա, չկա:

-Դա պարև, է, պարև։ Էն ի՞նչ ես բզել դաղ, հլը մե խատ իմը տենց նկարի, ճամխի Լասիկիս, կասես՝  կանչես եմ թութ ուտելու։

Լասիկը իր տղան է, ով գրեթե 10 տարի է, ինչ արտասահմանում  է ապրում։
-Լավ, յար նկարեմ։

-Բը, մե խատ էլ մոտացու, նոր նկարի, որ պան երևը, է։

-Գյինաս եմ, կակո։ Նկարիմ, կճամխեմ անպայման։

-Լավ դը, Նարեկ ջան, ապրես։

-Դե, ես գնամ…

Ահա, հասնում եմ ընկերներիցս մեկի՝ Սերյոժայենց տան մոտ։ Մի տեսնեմ, թե ինչ է անում։

-Բայլուս։
Ու սկսում ենք մեր պայմանավորված ձևով իրար մի քանի րոպե բարևել։

-Դա, էդ ի՞նչ զահլա ի էդ պարևելը։

-Ըհը:

-Լավ, բա ի՞նչ կա։

-Ահ, էդքան էլ բան չկա, «Մանանայի» համար ֆոտոշարք եմ ուզում անեմ։

-Լավ գործի ես, չխանգարեմ, գնացի։

-Դավայ դե։

Մի երկու րոպե էլ իրար հաջող ենք անում, էլի մեր պայմանավորված ձևով։

Հասա դպրոց, անսովոր է՝ մարդ չկա։ Քայլեմ վերի թաղ, հաստատ պարապ չեմ մնա։ Քայլում եմ փողոցով, բարևելով ծանոթ-անծանոթի։ Ահա, մի տատիկ է նստած։

-Բարև ձեզ։

-Պարե՞վ, տու վի՞ր լաճն ես։

-Արմենի:

-Արմենը վա՞րնի:

-Բաբայան

-Հաաաա՜…  Հը՞։  Տեղը չպերիմ։

-Այ, է՜ն յաներն ի մեր տունը։

-Դա տու մեր Արփոյի թո՞ռն ես։

-Հա:

-Գյինաս ես, չէ՞, Արփոյի խետ ինչ մոտ եմ էլե,- այսպես այս տատիկը մի ամբողջ ֆիլմի սցենար է պատմում։

-Լավ դե, ես գնամ։

-Բը չես իկյա՞լ տնեն, թութ կուտես։

-Չէ, շնորհակալություն, գնամ։

Շարունակում եմ քայլել։ Ոչ մի արտասովոր բան։ Ոմանք պահածո են փակում, ոմանք արդեն ցախ են գնել ու կոտրատում են։ «Դը կյեղացու գործն ինչ ի՝ խողը, վարը, ցանքը, անասուն տիրապտելը…»

Ահա, հասա վերի թաղ։ Հիմա,  խաղի փուլերի պես կանչում եմ ընկերներիս, սկսած առաջին փուլից՝  Արտյոմից մինչև Դավիթը։ Երևի վոլեյբոլ կխաղանք…

Չհասցրեցի նկատել, թե ինչպես մթնեց։ Գնամ տուն…

-Դա տու վի՞ր լաճն ես…

Հունիսի 14, 2016 

marat sirunyan

Քա չթողի՜ն, քասկնա՞ք…

Այս պատմության համար պետք է շնորհակալություն հայտնեմ ավագ ընկերներիցս մեկին՝ Նարինե Փայլակյանին, քանի որ հենց նա է այս պատմությունն ինձ պատմել: Նարինեի ամուսինը ավտոպահեստամասերի և սպասարկման կետ ունի Երևանում, որտեղ էլ երբեմն շատ հետաքրքիր դեպքերի է ականատես լինում: Բայց այս մեկն առանձնահատուկ էր:

«Ապրիլյան պատերազմի օրերին, երևի ամսի վեցը կամ յոթն էր, մի պապիկ եկավ: Ոգևորված՝ մարտական դիմեց տղերքին (ավտոմեխանիկներին).
-Տղե՛րք ջան, ձեր հոկուն ղուրբան, մարալս թըսթըսա գը, մե հադմ նայե՛ք, քանդե՛ք, հավկե՛ք, որ վազե, պառվծել է:
Մարալն էլ քսանհինգ-քսանյոթ տարվա ВАЗ 21-011 էր, նույն ինքը՝ «ջորի», է՜ն թվերի «տյունինգով»: Տղերքը իրար նայեցին, թե բա.
-Ա՛յ հեր, սրան ինչ էլ անենք, չի վազի: Դարն ապրել ա, համ էլ ժիգուլու գործ չենք անում, կներես, ուստա՛:
-Պա՜հ, էդ ընճի՞ որ, ժիգուլին ավտո չէ՞,- ակնհայտ նեղացավ: -Տղե՛րք ջան, ղուրբան էղնիմ ձեզի, բանըմ էրեք՝ Ղարաբաղ հասնիմ, հեդոյի հերն էլ անիձաձ…
-Ա՛յ հեր, Ղարաբաղ ինչի՞ ես գնում, քո համար ուշ չի՞:
-Չէ՛, ուշ չէ, կերտամ. ձագերիս դուխ տամ, ուդելիկ ու հակնելիք գտանիմ:
-Ուստա՛, քանի՞ տարեկան ես:
-Յոտանասունիրեկ:
-Ա՛յ պապի, ախր էն քո տեղը չի, մեկ ա, քեզ սահմանին մոտ չեն թողի, ինչո՞վ պտի օգնես:
-Ա՜խ, կերտամ, մեգ է՝ բդի էրտամ, քնաձ կեղնին` վրեկը գծածկեմ, խրամատ գփորեմ, ջրի կերտամ…
Լուռ հետևում էի էդ զրույցին: Տղերքը ճիշտ էին, բայց պապին համոզեց: Քանդեցին, բզբզացին, մի երկու ժամ տանջվեցին, ինչ կարող էին՝ արեցին, իսկ ես նայում էի մաշված անիվներին ու մտածում. «Էդ անիվներով չորս հարյուր կիլոմետր ո՞նց ա գնալու»: Պապի փորձառու հայացքից չվրիպեց իմ մտահոգությունը.
-Հա՛րս ջան, ճիշտ ես, կալոսներս քյաչալ են, բայծ գառաժս ունիմ մե զույկմ, գդնեմ դեմն ու քասնիմ, դարդ մի էրա, պառավ ձին մէ ոդով էլ կերտա: Էրտա՜մ, հեչ բան որ չենեմ, ձագերիս ոդները գլվամ, ըդիգ էլ խո՞ կըռնամ,- ապա խոսքն ուղղեց տղաներին,- տղե՛րք ջան, ի՞նչ բդի տամ:
-Բան չէ, ա՛յ հեր, լավ ա: Հաշվի մի բան էլ մենք ենք արել:
Պապը ավելի լայն ժպտաց: Էդ մի երկու-երեք ժամում պապը ջահելացավ…

-Դե, գնածի՛, հետ գամ՝ գուկամ, գպադմեմ:
-Սպասի՛, պա՛պ, ե՞րբ ես գնում:
-Հենց հմի: Տուն հասնիմ, կալոսներս փոխեմ: Պառավին ըսել եմ՝ ինչ կռնաս հավակե, էրտամ հասնիմ ձակերիս:
-Դե, որ էդպես է, սպասի, պա՛պ: Բան եմ պատվիրել, ուր որ է կբերեն:

Խոսքս կիսատ՝ ֆիրմայի մեքենան կանգնեց: Ինչ ուզել էի, մի բան էլ ավել՝ իրենց կողմից, բարձեցին ժիգուլու բագաժնիկը: Պապը մի տեսակ սսկվել էր, աչքերը թաց էին:
-Ա՛յ պապ, լացո՞ւմ ես:
-Գուլամ, հըբը, սիրդըս բարգծել (բարակել) է, գուլա՜մ, ձա՜կս, ի՞նճղ չլամ, գիշե՜ր-ցերե՜գ գուլամ…
Գրկեցի պապին, լացեցինք իրար հետ, հետո նրան ճանապարհեցինք՝ նորից հանդիպելու պայմանով:
-Էրտա՜մ,- վերջում արդեն մեքենայի միջից ասաց պապը,- էրտամ՝ մուրազս փորս չմնա, քանի սաղ եմ, բանըմ էնեմ… Ուշ չէ՜, երպեկ ուշ չի եղնի, կսպասե՛ք, հեդ գուկամ, գիշերվա երազս գպադմեմ: Ըդոր եդևեն կերտամ:
Ու գնաց:

Չգիտեմ՝ ինչու, պապի մասին լռում էինք, թեկուզ և հայտնի էր, որ բոլորս էլ մտածում էինք: Լռեցինք մի օր, երկու օր, երրորդ օրը մի հին հաճախորդ եկավ, որ նոր էր Արցախից վերադարձել: Դե, էդ օրերին բոլորի թեման նույնն էր, առանց հարցնելու էլ պատմում, կիսվում էին, մենք էլ ծարավի պես լսում ու լսում էինք: Իրար նման պատմություններ, բայց և տարբեր, տարբեր ճակատագրեր, գուցե և մի քիչ գունավորած, ինտրիգներով համեմված, մեկ է՝ լսում էինք: Բայց էս մեկն ուրիշ էր:

Պարզվեց, որ դեռ մարտի վերջից էր գնացել գործով, և էդ խառնաշփոթի պատճառով մնացել էր, սիրտը չէր տվել վերադառնա, որդին սահմանին էր ծառայում: Իմացանք, որ որդին ողջ-առողջ է, բան չմնաց, շուտով կգա, ուրախացանք իր համար: Տխուր էինք մնացածի համար, որ, ցավոք, էլ չեն գա:
-Բա՜, տղերք ջան, սենց բաներ,- շարունակեց հին հաճախորդը:-Բա որ իմանաք՝ ճամփին ում տեսա. մի լեննականցի համով բիձու, մատոռը խփել էր, մնացել էր ճամփին:
-Վա՜յ,- բերանիցս թռավ:
-Հա, քո՛ւր ջան, շատ նեղված էր, տղերքով օգնեցինք, ջորին քաշեցի տարա ծանոթիս տուն: Հիմա կպել ա ինձ, թե բագաժնիկս դատարկի քո ավտոն, հետ ենք գնում: Ասում եմ՝ այ ուստա, 10 օրից ավել ա տանը չեմ եղել, կգժվեն տնեցիք: Հնար չկա. «Չիդեմ, բանըմ էրա ընձի Ղարաբաղ հասծրա, ես եդ դառնողը չեմ: Չես օգնե՝ ոտով կերթամ, հըմը բագաժնիկս լի՜կը ուդելիկ է, ըդիգ չիդեմ ինճղ տանիմ»,- ասում էր ու լացում էս բիձեն: Սիրտս կտոր-կտոր եղավ, չօգնեմ՝ չի լինի, բայց չեմ էլ կարա հետ գնամ, բա ո՞նց անեմ:
Վերջը, ինչ գլուխներդ տանեմ, զանգեցի ստեղ-ընդեղ, դե շոֆեր մարդ եմ, սաղ գնացող-եկողի հետ ընկեր-բարեկամ ենք: Իմացա, որ ընկերս արդեն Գորիս ա հասել, ուրախացա: Պայմանավորվեցինք, հասցեն ասեցի, մնաց սպասենք, որ գա: Ասի՝ ուստա՛, հարցդ լուծեցի. ընկերս գնում ա Ղարաբաղ, հասել ա Գորիս, բան չմնաց, կհասնի, քեզ հետը կտանի: Պապն էլ մի քանի վայրկյանում օրհնեց աշխարհի բոլոր հնարավոր ու անհնար օրհնանքներով, մի կուշտ էլ քրֆեց հարևան թշնամիներին, դեսից-դենից խոսացինք, արցախյան ազատամարտում զոհված տղու մասին պատմեց, լացեց, մղկտաց, մինչև ընկերս հասավ, վեշերը բարձեցի, տեղավորեցի, մնաս բարով արեցի, ճանապարհեցի, գնացին:
Փաստորեն այդ ծերունին մեզ արդեն ծանոթ լեննականցի պապիկն էր եղել:
Մոտ 10 օր տեղեկություն չկար պապից: Ինչ ասես՝ մտածեցինք. ո՞ւր գնաց, ի՞նչ արեց: Վերջապես պապը եկավ: Մի քիչ մռայլ, տխուր էր: Սովորականի պես չժպտաց բարևելիս: Եկավ, նստեց, տղերքը գործ էին անում, ես էլ բան չհարցրի: Առանց մեքենայի էր:

-Պապ մի հատ համով սուրճ եփե՞մ:
-Չեմ ուզէ, հարս ջան, բաժագմ ջուր տուր…
Ջուրը խմեց, նայեց դեմքիս, հետաքրքրությունից պայթում էի, բայց կարծես վախենում էի հարցեր տալ:
-Բա՜, բալե՛ս, էս բիձուն սահման չթողին, հասա Ստեպանակերդ, չթողին, ինճղ լեզու թափի՝ չհամոզվան, չթողին: Ես էլ գիշերով մեգիմ հեդ գողդու ուզեծի էրտամ, բռնվա, թկին-մրին էս բիձա պաբուդ, վերջը տարաձս ղրգեծի սահման՝ տղեկին: Գնածի մե վայեննի հոսպիտալ, ըսի՝ գոնե հիվանդներուն պայեմ, չթողին,- դառնացավ, սկսեց լացել: -Հեդո տարան Երևանեն էգաձ տղեկի մոդ, իրանկ էլ ընձի շտաբ օկնուտյան ավտոյով ճամպու դրին Գորիս, ինդիծ էլ մե լավ տղում հեդ էգանկ Երևան… Քա՜, չթողի՜ն, քասկնա՞ք,- հոգուն հասած հայհոյեց,- ըսի՝ էրտամ, հեճ որ չէ՝ տղերկիս ոդները գլվամ… Չթողի՜ն…

Ինքը դառնացավ ու լացեց: Ես էլ լացեցի:
Դրանից հետո մի անգամ էլ եկավ, խոսեց, կիսվեց:
Էլ չեկավ… Իմացանք, որ ըմբոստ հոգին չէր դիմացել. գնացել էր որդու ու Աստծո մոտ»:

Հ.Գ. Պատմության հերոս ծերունու անունը չի նշվում, քանի որ նա, մահվանից առաջ, երբ կրկին եկել էր արհեստանոց, իմանալով, որ Նարինեն գրի է առել իր պատմությունը, խնդրել էր հանկարծ անունը և անմիջապես իրեն մատնացույց անող որևէ տեղեկություն չնշել:

Հունիս 25, 2017

Taguhi Agasyan

Չափած-ձևած մեկնաբանություններ

Հեռախոսը, մեր կյանք մուտք գործելով, տվեց մեզ հնարավորություն` ամեն պահ ընտրություն կատարելու. որ նկարը գործածել, ում զանգահարել, ինչպես գրանցել տվյալ մարդու անունը և այլն։ Այս նույն հեռախոսով մենք մուտք ենք գործում տարբեր սոցիալական հարթակներ, որտեղ մենք, չնայած մեզ տրված հնարավորություններին, ունենք բարոյական սահմանափակումներ։ Մենք ունենք հնարավորություն մեկնաբանելու հրապարակված նյութը, սակայն օրենքին համաձայն, մեկնաբանությունը չպետք է պարունակի ահաբեկչական կամ ատելություն պարունակող բովանդակություն։ Անմիտ մեկնաբանությունների վերաբերյալ իմ բացասական վերաբերմունքը հասավ սահմանին այսօր, երբ ինձ ուղարկված հումորային հոլովակի ներքևում նկատեցի այդքան հաճախ հանդիպող նախադասությանը. «Ինչ տղերք գնացին ու ինչեր մնացին»։

Գրողը մի բան հաշվի չէր առել. որքան էլ մենք լավը լինենք, մեր անմահ հերոսների հետ համեմատվել կարող են միայն նրանց պես քաջաբար սահմանին կռվող զինվորները։ Մեզ հետ պատահածից հետո մարդկային կյանքը ավելի պետք է արժևորվի մեր աչքերում։ Կարևոր չէ, թե մարդու կատակը ստացված է, թե ոչ. դրա պատճառով նրա կյանքը անարժեք համարելը վատագույն որոշումն է։ Անչափահասների դեպքում հարցին ավելի խիստ մոտեցմամբ է պետք նայել։ Երեխան կարող է կարևորել մեկնաբանությունը, իսկ որ ամենավատն է` նա կարող է վնասել իրեն դրա պատճառով։

Մեր վերքերը երբեք էլ չեն սպիանա, բայց մի՞թե այն պահին, երբ դիմացինին համարում ենք չնչին ու անկարևոր, դրանից մեր ցավն անցնում է կամ մենք ավելի հայրենասեր ենք դառնում։ Ես այդպես չեմ կարծում։ Մարդիկ կարող են ժպտալ ու ծիծաղել` փորձելով ուրախացնել շրջապատողներին, դրա համար պետք չէ դատափետել և կարծել, որ նրանք անհոգի են ու ցավ չեն զգում։