mariam nalbandyan

Ես տարբերվելու համար չեմ անում

-Բայց էս աղջիկը… Ինչ մի տեսակ ուրիշ ա, չէ՞,- ասաց ընկերուհիս, երբ ինչպես միշտ երկար դասամիջոցին բուֆետում ուսումնասիրում էինք բոլորին:

-Հա,- համաձայնեցի ես` շարունակելով զննել «տարբերվող» աղջկան:

Ոչ մի արտասովոր բան  նրա վրա չկար: Երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչով է նա այդքան տարբեր մեզնից:

-Բա սրա մազերը,- շարունակվում էր քննարկումը,- օրը մի գույն ա ներկում:

-Աչքերի գույնը բա, բնակա՞ն ա:

-Մարիամին ցույց տվեք, կասի,- ընկերուհիներս հեռախոսով մեր դպրոցից անծանոթ աղջկա նկար ցույց տվեցին:

-Գունավոր լինզաներ են,- արդեն պրոֆեսիոնալի պես որակավորեցի ես:

«Ինչի՞ են բոլորը ուզում մի անսովոր բան անեն,- մտածեցի ես և հայացքս ընկավ իմ բազմաթիվ թևնոցների վրա: -Չէ, չէ, հաստատ չէ: Ես տարբերվելու համար չեմ արել: Ուղղակի դուր է գալիս, շատ թևնոցներ եմ կապում: Դե հա, գունավոր լինզաներով աղջիկն էլ նույնը կասի: Չէ, բայց թևնոցն ու լինզան նույնը չի, ինքը հաստատ տարբերվելու համար ա արել,- շարունակում եմ ինքս ինձ խոսել ես,- վրայից էլ երևում է, որ ձևիստի մեկն է»:

-Ինչո՞վ էր ուրիշ որ,- կարծես քնից արթնացա ես:

-Ո՞վ,- ընկերուհիներս արդեն լրիվ ուրիշ բանից էին խոսում:

-Էն աղջիկը, որ ոչ մի արտասովոր բան չուներ:

-Դե, եսիմ…

Լռեցի և շարունակեցի զննել բուֆետում հավաքված ամբոխին: Մեկը ամեն օր գեղեցիկ զգեստով և սանրվածքով է դպրոց գալիս, մյուսը հակառակը` աղջիկ է, բայց տղայի նման է հագնվում: Համարյա բոլորը իրենց մազերից մի փունջ ուրիշ գույն են ներկել, և ես էլ ինքս ինձ հաճախ եմ բռնացնում այն մտքի վրա, որ ես էլ այդպես կուզեի: Մեկը չափից դուրս մեծ ականջակալներով է միշտ, իսկ մյուսը իմ նման` բազմաթիվ թևնոցներով: Նայեցի, թե ինչպես է «տարբերվող» աղջիկը դուրս գալիս բուֆետից, և հասկացա, թե ինչով է նա այդքան տարբերվում: Նա ոչ մի բան չէր արել անսովոր կամ օրիգինալ լինելու համար: Ոչ մազերն է ներկել, ոչ վառ գույներով հագնվել և ոչ էլ կոպիտ է խոսում, «բնավորությամբ աղջիկ» երևալու համար: Եվ այս միօրինակ «տարբերվող» ամբոխի մեջ դարձել է իսկապես տարբերվող: Մտածում եմ, որ նա ճիշտ է անում, բայց, միևնույնն է, թևնոցներիցս չեմ հրաժարվի: Ես տարբերվելու համար չեմ անում:

Փախուստ քաղաքից դեպի չքնաղ Դիլիջան

Ինչպես բոլոր երևանցիները, այդպես էլ ես, սիրում եմ հարազատ քաղաքս, իր վարդագույն շենքերով, փողոցում ծաղիկ վաճառող տատիկներով, թունդ սիրահարված զույգերով, զանազան ավտոմեքենաներով և անմոռանալի հիշողություններով:

Ճիշտ է, Երևանում շարժը լիքն է, մարդիկ բարի և կամեցող, բայց սկսեցի մի պահ ինձ հանգիստ և ներդաշնակ չզգալ:

Բայց շատ հաճախ առօրյա հոգեկան անհանգստությունը երբեմն ուզում ես փոխարինել այլ գործողություններով, որոնք ամեն օր կրկնվող կյանքիցդ ծայրահեղ տարբերվում են։

Միգուցե խնդիրը նաև այն էր, որ երբ ինչ-որ բան շատ երկար է տևում, սկսում եմ դրանից էներգիա չստանալ, միայն իմ էներգիան սպառել։ Փոփոխության կարիք կար, որպեսզի ես թարմանայի: Ու այդ ժամանակ հասկացա, որ միակ լուծումը դա փախուստն է քաղաքից, առօրյայից: Իսկ թե դեպի ուր` դժվար էր մտածել, քանի որ Հայաստանում փախուստի վայրերը բազմաթիվ են, բայց մեկը սիրտս գրավել է ու միշտ կանչում էր իր գիրկը՝ Տավուշի մարզը, որը բնության սիրահարների համար ճամփորդության իդեալական վայր է:

Դիլիջանը Հայաստանի ամենագեղատեսիլ քաղաքներից է, որտեղ կարելի է պարզապես քայլել գեղեցիկ փողոցներով, վայելել Դիլիջանի գեղեցկությունը, շնչել մաքուր օդ՝ անցկացնելով անմոռանալի հանգիստ։ Այստեղ կարող ես մի քանի օր անցկացնել՝ վայելելով քաղաքի և անտառների գեղեցկությունը, մի քաղաք, որն ի վիճակի է կրկին ու կրկին զարմացնել, գունեղ քաղաք, որը գրավում է ճանապարհորդների սրտերը և ստիպում է վերադառնալ:

Դիլիջանում մարդն ու բնությունը մեկ ընդհանրություն են դառնում: Ինչպես մարդիկ են կախված բնությունից, այնպես էլ բնությունը՝ մարդկանցից։ Կարևոր է այդ հարաբերություններում ներդաշնակության հասնելը ու պահելը:

Ինչպես ասում են. «Ամեն բան, առավել ևս ամեն լավ բան, ունի իր ավարտը…» կամ` «ամեն ավարտ ինչ-որ նոր բանի սկիզբ է»:

Ինչևէ, Դիլիջանը մեզ հրաժեշտ տվեց, բայց մենք խոստացանք վերադառնալ, որովհետև այստեղ ենք թողել բազմաթիվ խենթ և անմոռանալի հիշողություններ, անավարտ պատմություններ, որոնք պարտադիր պետք է հասցնել իր տրամաբանական ավարտին:

Հ.Գ. Իսկ մի ուրիշ անգամ, երբ Դիլիջանին ու ընկերներիս չխանդեմ ձեզ հետ, պարտադիր կպատմեմ, թե ինչպես մութն ընկնելուն պես բարձրանալ Դիլիջանի ամենաբարձր կետը և վայելել գիշերային տեսարանը, որը բացվում է այնտեղից…

hripsime vardanyan

Բարձր ու հստակ

Ձեզ երբևէ թվացե՞լ է, որ դուք նման չեք մյուսներին, որ կարող եք այս աշխարհին տալ ինչ որ հիասքանչ ու յուրօրինակ մի բան, եթե աշխարհը մի փոքր ուշադրություն դարձնի ձեզ:

Ամեն անգամ քնելուց առաջ կազմում ես պլաններ, գծագրում ապագադ, որում դու իրականացնում ես երազանքներդ ու փոխում աշխարհը դեպի լավը: Հետո առավոտյան արթնանալով հասկանում ես, որ պետք է քրտնաջան աշխատել ու աշխատել` նպատակիդ հասնելու համար:

Երբեմն ուզում ենք, որ մեզ նկատեն, սակայն միայն ուզում ենք, ոչինչ չենք ձեռնարկում դրա համար: Պետք է հիշել, որ մեզ նկատելու են սև ու սպիտակ, անհետաքրքիր մարդկանց շարքերից: Դրա համար էլ պետք է աչքի ընկնենք որպես վառ անհատականություններ, խոսենք հստակ և տեղ հասցնենք մեր ասելիքը:

Նպատակին հասնելը հեշտ բան չէ: Դա տքնաջան աշխատանք և համբերություն է պահաջում: Վերջերս, երբ Երևան-Արտաշատ ավտոբուսով գնում էի Երևան, ճանապարհը նմանեցրի դեպի նպատակ տանող ճանապարհին. ճանապարհի կեսը կանգնած ես գնում, կեսը` նստած, երբեմն անհնարին կերպով, բայց դու դա անում ես: Ավտոբուսի մարդկանց էլ նմանեցրի այն մարդկանց, ովքեր մեզ հետ են լինում այդ դժվարին ճանապարհին՝ ոմանք իջնում են ճանապարհի կեսից, ոմանք բարձրանում են և գալիս քեզ հետ մինչև վերջ, իսկ ոմանք սկզբից մինչև վերջ մնում են քեզ հետ: Եվ նման մարդկանց շնորհիվ է, որ մենք գիտակցում ենք մեր նպատակին հասնելու կարևորությունը:

Նոյեմբեր, 2016 

Lusine Karapetyan

Երջանիկ մարդու երջանիկ օրը

Ո՞րն է երջանիկ մարդու ամենաերջանիկ օրը:

Ես երջանիկ եմ, երջանիկ եմ նույնիսկ այն բանի համար, որ կարողանում եմ մեծ ոգևորությամբ ասել այդ բառերը: Երևի իմ մեջ ապրող հուզմունքը, նեղսրտությունը, վիրավորանքը գլուխները կախեցին, քանի որ ես նրանց անուշադրության մատնեցի, չնայած այն բանին, որ նրանք ավելի մեծ են, քան երջանիկ օրերս: Երջանիկ օրերս կարող եմ թվարկել ժամերով: Գիտե՞ք ինչու են նրանք այդքան շատ, քանի որ ես երջանիկ եմ համարում և այն օրերը, որոնցում երջանիկ եմ եղել թեկուզ մի քանի վայրկյան: Հետաքրքիր է, մանկությունիցս շատ բան չեմ հիշում, բայց այդ օրը գամվել է ուղեղումս, ու եթե չեմ մոռացել, ապա չեմ էլ մոռանա:

Բոլորը աշխատանքի էին, տանը ես մենակ էի, իսկ այդ օրը բակում «դիմակահանդես» էր, ոչ թե ազնվականների դիմակներով, այլ կենդանական, դրանցով մենք հաճախ էինք միջոցառումներ կազմակերպում: Եվ քանի որ փոքր էինք, շենքի բոլոր մեծահասակները գալիս էին, որպեսզի  մեզ ուրախացնեն: Մեր բակի միակ «կահույքը»  մի փոքրիկ նստարան էր, այն էլ ուրախությունից ճռռում էր, քանի որ այդքան այցելուներ հաճախ չէր ունենում: Մի  տատիկ կար, որին սկզբից չէի նկատել և չէի ճանաչում. մեր շենքից չէր: Նա չուներ նստելու տեղ, կանգնած էր, իսկ այդ միջոցառման բացման  բանաստեղծությունը արդեն սկսել էի: Տեսնելով այդ տատիկին՝ կիսատ թողեցի բանաստեղծությունս, գնացի տուն (մեր տունը երրորդ հարկում էր, ուստի հանդիսատեսները երկար սպասեցին նախաբանի վերջին), վերցրեցի աթոռ  ու իջա ներքև: Աթոռը տվեցի այդ տատիկին ու շարունակեցի  բանաստեղծությունս…

Հենց այս օրն է երջանիկ մարդու ամենաերջանիկ օրը:

Սեպտեմբեր, 2014 

Կոտայքից Տավուշ

Ես Կոտայքի մարզում եմ ապրում, բայց երբեք չեմ ուրացել արմատնե­րս, որ ծլարձակվել են Տավուշի մարզի Այգե­ձոր գյուղում։ Այդ գո­ղտրիկ անկյունում ապրում են իմ բոլոր բարե­կամները։ Իմ ընտանիքը երեկ հրավիրված էր այնտեղ մի կարևոր առիթ­ի, որը հայերը կոչում են բանակի քեֆ, ինչով արդեն ասվում է ամեն բան։ Խնջույքը կազմ­ակերպվել էր Մոնթե Մե­լքոնյանի անվան ռազմա­մարզական վարժարանն ավարտած իմ զարմիկի հա­մար, ով շուտով կդառնա Հայոց բանակի զինվո­ր։ Շտապելով բարի ծառ­այություն մաղթել բոլ­որ զինակոչիկներին` ուզում եմ ասել նրանց, որ քանի դեռ դուք տա­լիս եք հայրենիքի պար­տքը, մենք պարտք ենք մնում ձեզ` մեզ խաղաղ երկինք բերելու համա­ր: Շնորհակալ ենք, որ ազնիվ եք հայրենիքի ու մարդկության առաջ։

Այգեձոր հասնելու հա­մար մենք անցանք երկու հարյուր երեսուն կի­լոմետր, իսկ այդ հինգ ժամ տևած ճանապարհը լի էր զանազան պատմու­թյուններով ու դեպքեր­ով, ինչի մասին էլ կպ­ատմեմ հիմա։

Ես շատ հետաքրքիր պա­տմություններ էի լսել Այգեձորի մասին, բայց այս մեկը նորություն էր ինձ համար։ Այգե­ձորը, որը շրջապատված է հսկա ժայռերով, ու­նի գաղտնիքներ իր փեշ­երին ծվարած անտառներ­ում։ Ասում են, որ գյ­ուղում եղել են մարդի­կ, ովքեր երազ են տես­ել, և իմանալով թաքնվ­ած ոսկու տեղը` գտել են այն և հարստացել։ Հեքիաթի նման է, բայց Այգեձորը տեսնողները հեքիաթներին հավատում են։ Ավազակների համ­ար կուզեի հիշեցնել, որ ոսկի գտնելու համար նախ երազ է պետք տե­սնել. կարևոր պայման է։

Ավազակներից անցնե­նք ավանակներին։ Երեկ ես իմացա, որ ավանակ­ների զգայական հատկու­թյունները չափազանց ուժեղ են։ Նրանք մշտապ­ես քայլում են ամենից անվտանգ ճանապարհով։ Հին ժամանակներում ճանապարհներ կառուցելիս ավանակի հետքերին են նայել, որպեսզի ճամ­փան լավը լինի։ Հետաք­րքիր է` մենք ավանակ ենք կոչում մարդկանց հիմար լինելու դեպքու­մ, բայց այս կենդանին­երին հետևելով ենք առ­աջ գնում։

Երբ հասանք գյուղ, ու հանդիպեցի հարազատնե­րիս, իմ մեջ ավելի ամ­րապնդվեց այն միտքը, որ ծառը առանց արմատի փայտի կտոր է, որից լավագույն դեպքում պա­րսատիկ կարելի է պատր­աստել, հակառակ դեպքո­ւմ միայն այրել։ Հայր­ենիքը ամուր է, երբ արմատները չեն մոռացվո­ւմ։ Եկեք ամուր պահենք Հայաստանը։