anna gasparyan

Ուսանող եմ

Բարև ձեզ, հարգելի՛ դասախոսներ․․․ Զարմացած եք, չէ՞, որ ինչ սկսվել են օնլայն դասերը, ես չեմ մասնակցում դրանց։ Երևի մտածում եք, թե հենց այնպես եմ ընդունվել համալսարան, անիմաստ, առանց ոչ մի մտադրության, ուղղակի դիպլոմի համար։ Ու հիմա ձեր կասկածները հաստատվեցին, չէ՞, որ չեմ մասնակցում դասերին, չեմ գրում ձեր հանձնարարած աշխատանքները։ Բացակա, բացակա, ու էլի բացակա, մեյլով ուղարկված ոչ մի նամակ իմ անունից։ Այսօր ուզում եմ իմանաք, թե ինչու չեմ մասնակցում դասերին։

Ես և եղբայրս ուսանողներ ենք, երկուսս էլ Երևանի պետական համալսարանի, երկուսս էլ ընդունվել ենք լրագրություն բաժինը։ Եղբայրս երրորդ կուրսում է, ես՝ առաջին։
Երբ սովորում էի դպրոցում, մտածում էի ուսանողական կյանքիս մասին, մտածում էի՝ ոնց պետք է գնամ դասի, վերադառնամ տուն։ Ինչ բնավորության տեր մարդկանց հետ շփվեմ, որ թեքումով գնամ։ Եվ այդպես շարունակ։ Ամեն ինչ պատկերացնելը այնքան հեշտ էր։
Եվ ահա դասերը պետք է սկսվեին։ Հասկանում եք՝ իմ պատկերացրած կյանքը այդքան էլ հեշտ չէր։
Երբ պետք է դասերը սկսվեին, մնացել էր մի քանի ամիս, սկսեցի մտածել ծախսերի մասին։ Չէ՞ որ համալսարանում սովորելու համար գումար է հարկավոր։
Հիմա կմտածեք՝ ծնողներս կապահովեն ամեն ինչով։ Չէ՞ որ տվել են սովորելու, պարտավոր են պահել։
Հայրս ու մայրս ապրում են գյուղում ու առանց աշխատանքի։ Ապրում են հորս ու պապիս թոշակով։ Ու այդքան քիչ գումարով կարող են պահել 2 ուսանողի, մեկ դպրոցականի ու հաշմանդամ պապիկի։ Դպրոցական եղբորս պետք է ապահովեին թույն հեռախոսով, բրենդային հագուստով, որ չտարբերվեր իր հասակակիցներից, որ իրեն վատ չզգար։ Այդ ամենը հաշվի առնելով՝ սկսեցի աշխատել։ Սկսեցի աշխատել սուպերմարկետում։

Արդեն մի քանի ամսվա աշխատող էի։ Դասերը սկսվեցին, գնացի համալսարան ու առաջին հերթին տեսա դասացուցակը։ Ու վախենում էի նրանից, ինչ եղավ։ Աշխատանքս խանգարում է դասերիս։ Ի՞նչ պետք է անեմ։ Դասերս ավելի կարևոր էին, բայց դասի գնալու համար էլ գումար էր հարկավոր։
Գնացի աշխատանքի, մոտեցա տնօրենիս, ասացի, որ պետք է դուրս գամ աշխատանքից։ Պատմեցի, որ չեմ կարող հարմարացնել դասերիս հետ․ դասերս երկրորդ հերթ են ու չեմ կարող գնալ աշխատանքի։ Խոսելուց հետո արցունքներս աչքերիս դուրս եկա սենյակից ու մտքումս մի հարց էր պտտվում, թե ինչ պետք է անեմ։

Հաջորդ օրը տնօրենը զանգեց ինձ և կանչեց խանութ՝ խոսելու։ Նա առաջարկեց, որ դուրս չգամ աշխատանքից, և իմ գրաֆիկը մի քիչ տարբեր կլինի մյուս աշխատողներից։ Հարցրեցի, թե ոնց պետք է գնամ։ Նա ասաց, որ առավոտյան կգնամ աշխատանքի մինչև 12-ը, հետո կգնամ դասի, դասերից հետո էլի կգնամ աշխատանքի։ Շատ ուրախացա, որովհետև այդ աշխատանքը ինձ շատ էր պետք։ Ու ես առավոտյան գնում էի աշխատանքի, հետո՝ դասի, հետո՝ էլի աշխատանքի։ Տուն բացարձակ չէի մտնում ու դասերս էլ անում էի գիշերը 12-ից հետո, ուշ էի քնում, շուտ զարթնում։ Ժամանակ է եղել, որ քնել եմ դասերի ժամանակ։ Ինչևէ․․․

Ես արդեն ուսանող եմ ու ամենակարևորն այն է, որ ես կարողանում եմ ինձ ապահովել ամեն ինչով ու ծնողներիս նեղություն չեմ տալիս։ Ապրում եմ Երևանում՝ վարձով։ Տանը չունեմ Wi-Fi-ի սարք, չկա համակարգիչ։ Հարգելի դասախոսներ, այդ պատճառով էլ չեմ կարող մասնակցել օնլայն դասերի, Word-ով չեմ կարող հավաքել ձեր տված հանձնարարությունները։ Հուսով եմ՝ ինձ խիստ չեք դատի իմ բացակայությունների համար։ Ինձ այս ուսանողական կյանքը հեշտ չի տրված։ Ու ես ամեն կերպ պայքարում եմ նպատակիս հասնելու համար, որ մի օր դառնամ լավ լրագրող։

Շնորհակալ եմ տնօրենիս ինձ միշտ աջակցելու համար և ձեզ, որ ձեր դասերի ժամանակ պահ է եկել, երբ քնել եմ, ու ինձ չեք արթնացրել։ Երևի ընկերներս պատմել էին, որ աշխատանքից եմ եկել։ Շնորհակալ եմ ընկերներիս ամեն կերպ ինձ օգնելու, բացակա ժամերի դասերը բացատրելու, քննությունների առաջադրանքները ուղարկելու համար։ Երախտապարտ եմ Աստծուն, որ ունեմ սրտացավ ընկերներ, աջակցող տնօրեն և նման բարի դասախոսներ։

Սելմա Լագերլյոֆ. Կարմրավզիկը

Սա պատահել է արարման առաջին օրերին, երբ Աստված ստեղծում էր երկինքն ու երկիրը, բույսերն ու կենդանիները և բոլորին անուններ էր տալիս:

Եթե մենք շատ բան իմանայինք այն ժամանակների մասին, ապա ավելի լավ կհասկանայինք Աստվածային խորհուրդը և շատ բաներ, որոնց իմաստը հիմա չենք կարողանում հասկանալ…

Եվ այսպես, մի անգամ Տեր Աստված նստել էր դրախտում և գունավորում էր թռչունները: Երբ հերթը հասավ փոքրիկ կարմրակատարին, ներկերը վերջացան, և նա կարող էր անգույն մնալ: Սակայն վրձինները դեռ չէին չորացել: Այդ ժամանակ Տերը վերցրեց վրձինները և մաքրեց թռչնակի փետուրների վրա: Ահա թե ինչու է կարմրակատարը այդքան խայտաբղետ:

Հենց այդ ժամանակ էլ ավանակը ստացավ իր երկար ականջները, որովհետև չէր կարողանում հիշել իր անունը: Ավանակը մոռանում էր իր անունը դրախտի մարգագետիններում մի քանի քայլ անելուց հետո, և երեք անգամ վերադարձավ ու հարցրեց, թե ինչ է իր անունը: Ի վերջո Աստված համբերությունը կորցնելով բռնեց նրա ականջներից ու մի քանի անգամ կրկնեց.

-Ավանակ է քո անունը: Հիշիր. ավանակ, ավանակ…

Եվ այս ասելիս, Աստված թեթևակի քաշում էր ավանակի ականջներից, որպեսզի լավ լսի և մտապահի իր անունը:

Այդ նույն օրը պատժվեց նաև մեղուն: Դեռ նոր էր Աստված ստեղծել մեղվին, թռավ նեկտար հավաքելու: Կենդանիներն ու առաջին մարդիկ, մեղրի քաղցր հոտն առնելով, որոշեցին համտեսել: Բայց մեղուն ոչ մեկի հետ չէր ուզում կիսվել, և սկսեց բոլորին իր փեթակից հեռու քշել իր թունավոր խայթոցով: Տեր Աստված տեսնելով սա, կանչեց իր մոտ մեղվին և այսպես ասաց.

-Դու ինձնից հազվագյուտ շնորհ ստացար. մեղր հավաքել` աշխարհի ամենաքաղցր բանը: Բայց ես քեզ իրավունք չտվեցի մերձավորների հանդեպ այդքան ագահ ու չար լինել: Ուրեմն հիշիր: Սրանից հետո, հենց խայթես մեկին, ով կուզի համտեսել քո մեղրը, կմեռնես:

Հզոր ու գթասիրտ Աստծո կամքով այդ օրը շատ հրաշքներ կատարվեցին: Իսկ մայրամուտից առաջ Աստված ստեղծեց մի փոքրիկ մոխրագույն թռչնակ:

-Հիշիր, քո անունը կարմրավզիկ է,-ասաց Տերը թռչնակին, նստեցնելով իր ափի մեջ և բաց թողնելով:

Թռչնակը սավառնեց այսուայն կողմ, հիացավ երկրի գեղեցկություններով, որտեղ բախտ էր վիճակվել ապրելու, և ցանկացավ ինքն իրեն էլ տեսնել: Եվ տեսավ, որ ինքը ոտքից գլուխ մոխրագույն է, անգամ վզիկն է մոխրագույն: Կարմրավզիկը պտույտ էր գալիս չորս կողմն ու անընդհատ նայում իր արտացոլանքին ջրի մեջ, բայց ոչ մի կարմիր փետուր չէր տեսնում:

Թռչնակը վերադարձավ Աստծո մոտ:

Տերը նստած էր բարեհամբույր ու հեզ: Նրա ափերի միջից դուրս էին թռչում թիթեռնիկներ ու թևածում գլխի շուրջը: Աղավնիները ղունղունում էին ուսին նստած, իսկ ոտքերի շուրջ ծաղկել էին վարդեր, շուշաններ և երիցուկներ:

Փոքրիկ թռչնակի սրտիկը վախից ուժգին տրոփում էր, սակայն օդում մի քանի պտույտ գործելով, նա զգուշորեն ավելի էր մոտենում, և վերջապես իջավ Աստծո ձեռքին:

Եվ Աստված հարցրեց, թե ինչու է վերադարձել:

-Ես ընդամենը մի բան էի ուզում քեզնից հարցնել,-պատասխանեց թռչնակը:

-Ի՞նչ ես ուզում իմանալ,-հարցրեց Աստված:

-Ինչո՞ւ է իմ անունը կարմրավզիկ, երբ ես կտուցից մինչև պոչս մոխրագույն եմ: Ինչո՞ւ կարմրավզիկ, երբ ես ոչ մի կարմիր փետուր չունեմ:

Թռչնակն իր սևուկ աչուկներով աղերսող հայացքով նայեց նրան, ապա թեքեց գլուխը: Նա տեսավ շուրջը ճեմող հրեղեն, ոսկեփայլ փասիանների, կարմիր փարթամ փետուրներով թութակների, կարմրակատար աքաղաղների, էլ չասենք խայտաբղետ թիթեռների, ոսկեգույն ձկնիկների և ալ կարմիր վարդերի մասին: Եվ թռչնակը մտածեց, որ իրեն անգամ մի կաթիլ կարմիր գույնն էլ պարանոցին հերիք կլիներ, որպեսզի դառնար գեղեցիկ թռչուն ու արժանի իր անվանը:

-Ինչո՞ւ եմ կարմրավզիկ կոչվում, եթե ոտքից գլուխ մոխրագույն եմ,-դարձյալ հարցրեց նա, ակնկալելով, որ Աստված կասի. «Ախ, սիրելիս, ես մոռացել եմ գունազարդել քո պարանոցի փետուրները: Մի րոպե սպասիր, ես հիմա ամեն ինչ կուղղեմ»:

Բայց Աստված լուռ ժպտաց և ասաց.

-Ես քո անունը կարմրավզիկ եմ դրել, և դու միշտ այդ անունն ես կրելու: Սակայն ինքդ ես վաստակելու կարմիր փետուրները քո պարանոցին:

Եվ Աստված պարզեց ձեռքն ու դարձյալ բաց թողեց թռչնակին:

Կարմրավզիկը պտույտներ գործեց դրախտում, մտքերի մեջ ընկավ: Ինչ կարող է անել իր նման փոքրիկ թռչնակը, որպեսզի վաստակի կարմիր փետուրները:

Եվ միայն մի բան մտածեց. մասուրի թփերի մեջ հյուսել իր բույնը: Նա հանգրվանեց փշերի մեջ, մասրենու թփի ճիշտ մեջտեղում: Թռչնակը հույս ուներ, որ մի օր ծաղկաթերթերը կփակչեն իր կոկորդին և իրենց գույնը կփոխանցեն իրեն:

Տիեզերքի ամենաերջանիկ այդ օրից անցան անթիվ անհամար տարիներ:

Կենդանիներն ու մարդիկ վաղուց թողել էին դրախտն ու ցրվել աշխարհով մեկ: Մարդիկ սովորեցին հող մշակել, նավարկել ծովերով, կառուցել հսկայական տաճարներ ու այնքան մեծ քաղաքներ, ինչպիսիք էին Թեբսը, Հռոմը, Երուսաղեմը:

Եվ ահա եկավ այն օրը, որին նույնպես վիճակված էր հավերժ հիշվել մարդկության պատմության մեջ:

Այդ օրն առավոտյան կարմրավզիկը նստել էր Երուսաղեմի պարիսպներից դուրս գտնվող բլրին աճած մասրենու փշերի մեջ հյուսված իր բնի մեջ:

Նա իր ձագուկներին էր պատմում արարման հրաշափառ օրվա մասին և թե ինչպես էր Աստված անուններ տալիս իր արարածներին: Այս պատմությունն իր ձագերին էր փոխանցում յուրաքանչյուր կարմրավզիկ, սկսած այն առաջին թռչնակից, ով լսել էր Աստծո խոսքն ու թռչել նրա ձեռքերի միջից:

-Եվ ահա տեսնում եք,-իր խոսքն ավարտեց վշտահար կարմրավզիկը,- ինչքան տարիներ են անցել այդ օրից, ինչքան վարդեր են բացվել, ինչքան ձագեր են դուրս թռել իրենց բների միջից, իսկ կարմրավզիկը մնացել է նույն փոքրիկ մոխրագույն թռչնակը: Նրան այդպես էլ չի հաջողվել կարմիր փետուրների արժանանալ:

Ձագուկները լայն բացեցին իրենց կտուցներն ու հարցրեցին. մի՞թե իրենց նախնիները ոչ մի սխրանք չեն գործել, որպեսզի վաստակեն այդ անգին կարմիր փետուրները:

-Մենք ինչ կարող էինք, արել ենք,-պատասխանեց մայրը,-բայց երբեք հաջողության չենք հասել: Ամենաառաջին կարմրավզիկը, հանդիպելով մի այլ թռչունի, իր զույգին, այնքան ուժգին սիրեց նրան, որ թվաց հրդեհ է կրծքի տակ բռնկվել: «Ախ,-մտածեց նա,-հիմա ես հասկանում եմ. Աստված կամենում է, որ մենք այնքան ջերմորեն սիրենք իրար, որպեսզի մեր սրտի մեջ ապրող սիրո հրդեհը կորմիր ներկի մեր փետուրները»: Բայց նա կարմիր փետուրներ չունեցավ, ինչպես նաև իրենից հետո եղած բոլոր մյուսները, ու նաև դուք:

Թռչնակները տխուր ծլվլացին, արդեն վշտանում էին, որ մնալու են առանց կարմիր փետուրների:

-Մենք հույս ունեինք, որ մեր երգը կարմիր կներկի մեր փետուրները,-շարունակեց մայր-կարմրավզիկը,- առաջին կարմրավզիկն այնքան գեղեցիկ էր երգում, որ ոգեշնչումից և հիացմունքից կուրծքը թրթռում էր, և նրա սրտում դարձյալ հույսն արթնացավ: «Ախ,-մտածում էր նա,- իմ հոգու կրակն ու բոցը. ահա թե ինչը կգունազարդի իմ կուրծքն ու վիզը»: Բայց նա դարձյալ սխալվեց, և սխալվեցին նաև իրենից հետո եկողները, կսխալվեք նաև դուք:

Դարձյալ լսվեց վշտահար ձագերի տխուր ձայնը:

-Մենք մեր հույսը դրել էինք նաև մեր խիզախության ու արիության վրա,-շարունակեց թռչնակը,- դեռ առաջին կարմրավզիկը հերոսաբար պայքարում էր այլ թռչունների դեմ, և նրա կուրծքը հրդեհվում էր ռազմատենչ խիզախությունից: «Ախ,-մտածում էր նա,-մարտի բոցն ու հաղթանակի ծարավը, որ այրում են սիրտս, ալ կարմիր կներկեն իմ փետուրները»: Բայց դարձյալ հիասթափություն ապրեց, ինչպես և դուք եք ապրելու:

Թռչնակները անվախ ծլվլում էին, որ իրենք էլ կփորձեն վաստակել կարմիր փետուրներ, բայց մայրը տխուր պատասխանում էր, որ դա անհնար է: Ինչի վրա հույս դնեն, եթե իրենց հիասքանչ նախնիները ոչնչի չհասան: Ինչ կարող են անել իրենք, եթե…

Թռչնակն իր խոսքը կիսատ թողեց, որովհետև Երուսաղեմի դարպասներից մի բազմամարդ թափոր դուրս եկավ, որն ուղևորվում էր դեպի իրենց բլուրը, որտեղ մասրենու մացառների մեջ թաքնված էր կարմրավզիկի բույնը:

Թափորի մեջ կային հեծյալներ, որոնք հեծնել էին հպարտ ձիերին, երկար նիզակներով մարտիկներ, մուրճ ու մեխերով զինված դահիճներ, սեփական կարևորության գիտակցումով շարժվում էին քահանաներ ու դատավորներ, անցնում էին դառնաղի արտասվող կանայք ու բազմաթիվ անգործ փողոցային թափառաշրջիկներ:

Փոքրիկ մոխրագույն թռչնակը նստել էր բնի մեջ ու ողջ մարմնով դողում էր: Նա վախենում էր, որ ամբոխը կտրորի մասրենու թուփը և կոչնչացնի իր ձագուկներին:

-Զգույշ մնացեք,-ասում էր նա անպաշտպան ձագուկներին,-պինդ կպեք իրար ու ձայն մի հանեք: Ուղիղ մեզ վրա է գալիս մի ձի: Ահա մի զինվոր է մոտենում: Այս ամբողջ վայրենի ամբոխը մեզ վրա է գալիս:

Եվ հանկարծ թռչնակը լռեց ու պապանձվեց: Նա ասես մոռացավ վտանգի մասին, որը սպառնում էր իրեն ու իր ձագուկներին:

Հանկարծ նա թռավ բնի մեջ ու ձագերին ծածկեց իր թևերով:

-Ոչ, սա շատ սարսափելի է,-ասաց նա,-ես չեմ ուզում, որ դուք դա տեսնեք: Նրանք խաչելու են երեք ավազակների:

Եվ նա լայն բացեց թևերը, ծածկելով ձագերին: Լսվում էին մուրճերի խուլ հարվածները, մահապարտների աղեկեզ աղաղակները և ամբոխի վայրի ճիչերը:

Կարմրավզիկը հետևում էր անցուդարձին, նրա աչքերը սարսափից լայնացել էին: Նա չէր կարողանում հայացքը կտրել երեք դժբախտներից:

-Ինչքան դաժան են մարդիկ,-ասաց նա իր ձագուկներին,-բավական չէ` խաչել են տառապյալներին, դեռ մեկի գլխին էլ փշե պսակ են դրել: Տեսնում եմ, որ փշերը մխրճվել են ճակատը ու արյունը հոսում է երեսն ի վար: Ու թեև ամեն ինչին, այդ Մարդն այնքան սքանչելի է, հայացքն այնքան հեզ ու խոնարհ է, որ անհնար է նրան չսիրել: Ասես մի նետ խոցի իմ սիրտը, երբ տեսնում եմ Նրա տառապանքները:

Եվ խղճահարությունը Խաչյալի հանդեպ ուժգին լցնում էր կարմրավզիկի սիրտը:

«Եթե ես արծիվ լինեի,-մտածում էր նա,-ես կհանեի մեխերը Տառապյալի ձեռքերի միջից և իմ ամուր ճանկերով հեռու կվանեյի նրան տանջողներից»:

Կարմրավզիկը տեսնում էր արյունը Խաչյալի երեսին և այլևս չէր կարողանում նստել իր բնի մեջ:

«Թեև ես փոքր եմ, և ուժերս չնչին են, բայց պետք է ինչ-որ բան անեմ այս դժբախտի համար»,-մտածեց կարմրավզիկը: Եվ նա դուրս թռավ բնի միջից, պտույտներ գործեց Խաչյալի գլխավերևում:

Մի որոշ ժամանակ նա պտտվեց գլխավերևում, չհամարձակվելով ավելի մոտ թռչել, քանի որ երկչոտ փոքրիկ թռչնակ էր, որը երբեք մարդուն մոտ չէր գնացել:  Բայց կամաց-կամաց նա համարձակություն հավաքեց, թռավ ուղիղ Խաչյալն ու կտուցով պոկեց փշերից մեկը, որը մխրճվել էր ճակատը:

Հենց այդ պահին նրա պարանոցին կաթաց Խաչյալի արյունը: Արյունն արագ տարածվեց ու ներկեց թռչնակի պարանոցի կրծքի նուրբ փետուրները:

Խաչյալը բացեց աչքերն ու շշնջաց կարմրավզիկին. «Իբրև պարգև քո գթասրտության համար դու ստացար այն, ինչի մասին երազում էր քո ցեղը արարման առաջին օրից»:

Հենց թռչնակը վերադարձավ իր բույնը, ձագերը ճչացին.

-Մայրիկ, քո պարանոցին ու կրծքին կարմիր վարդեր կան:

-Սա ընդամենը արյան կաթիլ է, որ կաթացել է թշվառ Տառապյալի ճակատից,-ասաց թռչնակը,-հենց լողանամ աղբյուրի մեջ կանհետանա:

Բայց ինչքան էլ լողանում էր կարմրավզիկը, կարմիրը չէր անհետանում նրա պարանոցից, և երբ նրա ձագուկները մեծացան, կարմիրը, իբրև արյուն, շողարձակեց նաև նրանց փետուրներին, և փայլում է մինչ օրս յուրաքանչյուր կարմրավզիկի պարանոցի ու կրծքի վրա:

Manvel Manukyan

Գլխիվայր շրջված իրականություն

Կարծես մեկեն հայտնվել ենք չար վհուկի՝ կորոնավիրուսի կողմից կախարդված մի աշխարհում: Թվում է՝ ուր որ է կարթնանաս և անհետ կցրվի մղձավանջը. աշխարհն էլի կլցվի տաք ու հարազատ ձայներով, գարնանային վառ գույները շրջապտույտի մեջ կառնեն մեր մոլորակը, բայց… Անցնում են ժամերը, օրերը, շաբաթները՝ կրկնվող ու անգույն առօրյայի մեջ պարուրելով մեզ: Երանի թե շուտ ավարտվեր այս ամենը և վերսկսվեր ծանոթ կենսակերպը։

Մեր դասացուցակն իրար է խառնվել, համացանցային դասերի պատճառով ժամեր շարունակ չենք հեռանում համակարգչից: Այո՛, ամեն ինչ ասես գլխիվայր է շրջվել, բայց մենք նախկինի պես էլի հաճույքով ենք պատրաստում դասերը, թեև ամեն ինչ հիմա այնքան արտասովոր է։

Մեր հայ ժողովրդին այս ինչքա՜ն փորձություններ բաժին հասան. երկրաշարժ, բազում պատերազմեր… Երկար տարիներ կարոտով ենք նայում մեր Մասիսին և փորձում ենք շենացնել մեր սրբազան ու ազնիվ հողը։

Մենք՝ հայերս, միշտ էլ լավատես ենք եղել ու ապրել ենք հրաշքի ակնկալիքով: Այ, հիմա էլ մտմտում ու փորձում եմ «դասակարգել» այս իրավիճակի դրական կողմերը: Օրինակ՝ ընտանիքս միշտ կողքիս է, ես ավելի եմ մտերմացել եղբորս հետ: Ես նրանից մի քանի տարով մեծ եմ և, անկեղծ ասած, գերադասում էի տարեկիցներիս հետ ժամանակ անցկացնել, բայց հիմա ավելի լավ եմ հասկանում, թե ինչ հրաշալի է փոքր եղբայր ունենալը։ Պարզվում է, որ մենք կարող ենք նաև լավ ընկերներ լինել և շատ-շատ զրուցել՝ առանց ձանձրանալու։ Մինչդեռ առաջ քիչ էինք զրուցում: Այս օրերին ես հասկացա, թե որքան թանկ ու կարևոր է ինձ համար ընտանիքիս ամեն մի անդամը: Հիմա ավելի շատ եմ վայելում հայրիկիս ներկայությունը: Այնքան հետաքրքիր է նրա հետ տարբեր թեմաներով խոսելը, նրա խորհուրդները լսելն ու նրանից սովորելը։

Երբեմն թվում է, թե առաջ կյանքի ընթացքը մեզ իր հետ հապճեպ տանում էր ու չէինք հասցնում նկատել և զգալ շատ ու շատ կարևոր բաներ։ Հուսով եմ, որ այս չարաբաստիկ իրարանցումը շուտով կվերջանա և էլի կապրենք բնականոն: Բայց հուսով եմ նաև, որ այս փորձությունը մեզ կսովորեցնի նորովի արժևորել ամենը։

gayane stepanyan syunik

Արտակարգ դրությունն ու մենք

Այսօր չքնաղագեղ գարնան սիրուն օրերից մեկն է, և ես չեմ կարող դուրս գալ ընկերներիս հետ քայլելու, գեղեցիկ նկարներ անելու։ Այսօր բացեցի նկարներս և ինձ ծանուցում եկավ, որ 1 տարի առաջ այս օրը մենք ընկերներով հավաքվել էինք ու նկարները դրանց գեղեցիկ ապացույցներ էին։ Ես դեմ չեմ տանը մնալուն, բայց ինչ եք կարծում՝ հաճելի՞ է տանը մնալն ու չվայելելը գարնան ծաղիկների բույրը։ Իհարկե, գիտեմ ոչ մեկին էլ հաճելի չէ։

Ես չէի ուզում խոսել կորոնավիրուսից, սակայն այս իրավիճակում ինչից էլ խոսես՝ հանգելու ես այս վարակին։ Երբ նույնիսկ ընտանիքով ընթրում ենք, խոսակցության առաջին թեման  կորոնավիրուսն է։

-Ասում են՝ այսօր 20 հոգով պակասել ա հիվանդացածների թիվը։

-Եթե էս շաբաթ նվազեց, ուրեմն վերջ։

-Հա, հազիվ կկարողանանք գնալ դպրոց։ Էս առցանց դասերի մեծ հոգսից էլ կազատվենք։

Այո, առցանց դասերը մեր և մի շարք այլ ընտանիքներում ոչ այլ ինչ է, քան հոգս։ Մայրս դաս է բացատրում, քույրս դաս է լսում, ես դաս եմ պատմում, իսկ կրտսեր քույրս, եթե ստացվի, մուլտֆիլմով կխաբվի, եթե չէ՝ գոռալով վազվզում է տանը։

Ինձ շատ զավեշտալի են թվում այն մարդիկ, ովքեր կարճ պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքից գնում են շատ-շատ (մեկ տարվա պաշար)։ Թող սա փնովանք չթվա, բայց իմ կարծիքով՝ կարող ենք գնել հիգիենայի ապրանքների մեծ պաշար, որոնք ունեն մի քանի տարվա պիտանելիության ժամկետ և կարող ենք հանգիստ մի քանի ամիս օգտագործել, իսկ սննդամթերքը (մանավանդ՝ ձուն) ունի մի քանի օրվա պիտանելիության ժամկետ։ Եվ դուք կարծում եք, որ 3 օրում կկարողանաք 100 ձու օգտագործե՞լ։

Ինչ վերաբերում է ուտելիքին, ապա այս կարանտինը հարմար ժամանակ է՝ պատրաստելու այն ամենը, որոնց համար ժամանակ չես ունեցել, և ոչ միայն պատրաստելու։ Ունես լայն հնարավորություններ ընթերցանությամբ զբաղվելու։ Ես էլ իմ կողմից գրքեր խորհուրդ կտամ, որոնք պետք է անպայման կարդալ։ Շատ լավ գրքեր կան մեր դպրոցական գրականության մեջ։ Եթե չես սիրում պարտադիր գրականությունը լրիվ կարդալ, ապա խորհուրդ կտամ բաց չթողնել Նար-Դոսի «Սպանված աղավնի», «Ես և Նա» ստեղծագործությունները։ Վիլյամ Սարոյան խորհուրդ կտամ, հատկապես՝ «Իմ սիրտը լեռներում է» պիեսը։ Ակսել Բակունցից «Մթնաձոր», «Ալպիական մանուշակը» կարճ, բայց շատ իմաստալից պատմվածքները։ Շատ գրքեր կան, որոնք կարդալիս բավականություն կստանաք։

Չմոռանանք ֆիլմերի մասին։ Էլի խորհուրդ եմ տալու մեր հայկական (սովետական) ֆիլմերը։ Եթե չեք դիտել «Թթենին», «Խոշոր շահումը», «01-99»-ը, ուրեմն՝ ճիշտ ժամանակն է, իսկ եթե դիտել եք, ուրեմն նորից դիտեք, հաստատ չեք փոշմանի։

#ՄՆԱՏԱՆԸ և մաքսիմալ քիչ շփվիր մարդկանց հետ։

ella mnacakanyan yerevan

Ինքնամեկուսացած ծանոթություն

Հակավիրուսային բարև։ Գիտեմ, որ վաղուց չեմ գրել քեզ, ու միգուցե արդեն մոռացել ես ինձ ու ձեռագիրս։ Բայց, ոչի՜նչ, նորից կծանոթանանք․․․ դե՜, եթե իհարկե, դեմ չես։ Անունս չեմ ասում, որովհետև եթե մինչև էստեղ կարդացել ես արդեն, ուրեմն անունս էլ հաստատ նկատած կլինես վերևում՝ էն դեղին զգեստով նկարիս տակ։ Այդ դեղին զգեստով նկարիս օրն այսօրվա նման հիշում եմ․ երկինքը պայծառ էր, ու արևը դեղին-դեղին էր՝ ճիշտ զգեստիս նման։ Դպրոցն ավարտելու շեմին էինք ու դասարանով հավաքվել էինք՝ մի վերջին նախաավարտական ֆոտոսեսսիայի։ Այդ օրն ուրախ էի, երևի ակնհայտ երևում է ժպիտիցս։ Հիմա արդեն չեմ հիշում՝ ուրախությանս պատճառը դպրոցական կյանքիս մոտալուտ ավա՞րտն էր, թե՞ արևոտ երկինքը, որովհետև վերջինը սովորաբար բարձրացնում է տրամադրությունս, բայց առաջինն էլ վատ առիթ չէր ժպտալու համար։ Այդ ժամանակներից մոտավորապես 3 տարի է անցել, արդեն վաղուց աշակերտ չեմ ու հասկացել եմ, որ դպրոցական կյանքը բոլորովին էլ վատագույնը չէր, որ կարող էր պատահել ինձ հետ։ Սակայն որոշ բաներ այնուամենայնիվ անփոփոխ են իմ ներսում։ Էլի շարունակում եմ սիրել արևառատ եղանակն ու դեղինը՝ որպես հավաստում արևի նկատմամբ իմ անշահագրգիռ ու հավատարիմ սիրո։ Իսկ հիմա նստած եմ համակարգչի առջև ու ժամանակ առ ժամանակ հայացքս գցում եմ պատուհանից դուրս կախված գորշ ու ամպամած երկնքին։ Անձրևում է, անձրևում, անձրևում։ Էս ինքնամեկուսացում կոչվող սպանիչ շղթայում անձրևն էր միայն պակասում։ Ես անձրև չեմ սիրում, իսկ դու սիրո՞ւմ ես։ Բայց փոխարենը, դրա կաթկթոցի ձայնը հաճելի է ականջիս։ Հետաքրքիր է չէ՞, էդպիսի երևույթներ կան, որ չենք սիրում, բայց արդյունքը հաճելի է։ Օրինակ, մարմնիդ մարզվել պարտադրելը երբեմն շատ մեծ ջանք ու կամքի ուժ է պահանջում, մինչդեռ դրա արդյունքում քաշ կորցնելիս քեզ լավ ես զգում։ Կամ շարունակ ցավ պատճառող, բայց հարազատ դարձած մեկին կյանքիցդ հեռացնելու քաջություն ոչ միշտ է, որ ստացվում է հավաքել, մինչդեռ այդ քայլին հաջորդող հոգեկան ներդաշնակությունն արժի այն գինը, որ ստիպված ես լինում վճարել։ Հա, ինչ եմ ուզում ասել։ Մտածում եմ՝ միգուցե էս ինքնամեկուսացումն էլ, թեև արդեն անտանելի է դառնում, այն երևույթն է, որ պիտի ինքներս մեզ պարտադրենք ու դիմանանք, որ հետո արդյունքից հրճվենք ու մեզ լավ զգանք։ Չէ՞ որ ցանկացած արդյունքի համար էլ պիտի մի քիչ ինքդ քեզ նեղություն տաս․ մարմինդ բազմոցից պոկես կամ առավոտյան սովորականից շուտ արթնանաս կամ գուցե հարմարվես բացակայությանը էնպիսի մարդկանց, ում ներկայությունը թունավորում է կյանքդ՝ նույնիսկ առանց քո գիտակցության․․․ Կամ միգուցե ե՞ս եմ էսպես ինձ հույս տալիս, որ շարունակեմ դիմանալ ապասոցիալականացված ու անսովոր էս վիճակին։ Իսկ դու ո՞նց ես դիմանում։ Իսկ քեզ ի՞նչ մտքերով է պարուրում ինքնամեկուսացման շղթան։

Հ․Գ․ Արդեն մի քանի օր է՝ էս նյութս գրում ու ջնջում, խմբագրում ու սրբագրում էի, որովհետև ուզում էի հնարավորինս լավ ծանոթանալ քեզ հետ։ Բայց հետո հասկացա, որ ինձ ճանաչելուդ լավագույն տարբերակը մտքիս եղածը լսելդ է։ Իսկ դո՞ւ։ Իսկ դու կպատմե՞ս՝ ինչ կա քո մտքին․․․