hovhannesKhachatryan

Այս անգամ` վերջնական

Չորրորդ դասարանից մտածել եմ ապագա մասնագիտությանս մասին։ Շատ փոփոխական բնավորություն ունեմ, միշտ տատանվել եմ հինգից ավելի մասնագիտությունների մեջ։ Սկզբում շատերն իմ մեջ բժիշկ էին տեսնում, ես էլ անգիտակցաբար կրկնում էի, որ ուզում եմ բժիշկ դառնալ: Հետո սկսեցի տարվել դատական համակարգով (չորս-հինգ տարեկանից չգիտակցելով, բայց հեռուստացույցով ցուցադրվող դատական նիստեր էի նայում): Սկսեցի ինձ հայտնի փաստաբան պատկերացնել ու ապագաս ծրագրել իրավաբանական ոլորտում։

Արդեն ութ-իններորդ դասարանում լրջորեն մտածում էի տնտեսագետ դառնալու մասին, մինչև… Մի գեղեցիկ օր մասնակցեցի ծրագրավորման դասընթացների, ու ճշգրիտ գիտությունների վրա հիմնված այդ ոլորտը գերեց ինձ իր ամբողջ հմայքով։ Տարվել էի կոդերով, ժամերով համակարգչից չէի կտրվում։ Այդ թվերի ու տառերի ոմանց համար անիմաստ շարքը այնպիսի գեղեցիկ պատկեր էին արտածում, որ ասես արբենայի: Խորացա, ուզում էի բարձրագույն կրթությունս այդ ոլորտում շարունակել, բայց… Հանկարծ հոգումս ինչ-որ փոքրիկ տեղ զբաղեցրած, բայց միշտ ապրող երազանքը նորից սկսեց այրել ու վերացնել բոլոր մասնագիտությունների հանդեպ ունեցածս սերը, այժմ արդեն ավելի մեծ ուժով, քան չորս-հինգ տարեկան հասակում։ Դա դարձյալ սերն էր դեպի իրավաբանությունը: Դա այն սերն էր, որ ծնվեց մի անգամ և անվերջ կապրի, ինչ մասնագիտություն էլ ընտրեմ։

Իրավական ոլորտը իր ճկունությամբ, իր անսպառ գործունեություն ծավալելու հնարավորություններով, իր ֆանտաստիկ հմտություններ պահանջող չափանիշներով ինձ դարձրեց իր մի մասնիկը։ Երբ դատական նիստեր եմ նայում, կարող եմ ժամերով աչքս չթարթել հեռուստացույցի կամ համակարգչի էկրանից` որևէ բան բաց չթողնելու  համար։

Հիմա տասնութ տարեկան, քիչ թե շատ հասուն մտածելակերպով լուրջ քայլեր եմ կատարում դեպի երազանքիս իրականացումը, որը դարձել է նպատակ, ու վստահաբար կարող եմ ասել, որ կգա օրը, ու իմ հետքը անխտիր կմնա հայրենիքիս, ինչու չէ, նաև ամբողջ աշխարհի իրավական համակարգի ոլորտում։

mariam miqayelyan india

Ինչքան օտար, նույնքան էլ հարազատ

Բարև,
Գրում եմ տանից 3780 կիլոմետր հեռավորության վրա, օտարության մեջ` Պունե, Մահարաշթրա, Հնդկաստան, ու դե իհարկե, կարոտը սրտումս, բայց մեկ է, տանը։ Պարադոքս կթվա, բայց արդեն սովորական բան է։
Էստեղ  ամեն ինչ տարբեր է, ամեն-ամեն ինչ։ Նույնիսկ տրանսպորտն է հակառակ կողմից։
Էստեղ ես չեմ կարող ազատ, երբ սիրտս տա, դուրս գալ եղևնիների տակ քայլել, որովհետև նախ ապահով չի, հետո ժամանակ չունեմ, ու հա, մեկ էլ եղևնիներ չկան: Փոխարենը` ջունգլիներ են, որոնք արդեն հարազատացել են։ Ժամանակն էլ է տարբեր: Ճիշտ է, մեծ չի տարբերությունը, բայց մեկ է, տարբեր է։ Ու որ ամենակարևորը՝ էստեղ մամա չկա, որ ինձ ամեն առավոտ արթնացնի, ես էլ ասեմ․
-Է՜, մամ, լավ էլի, թող մի քիչ էլ քնեմ։
Ինձ էստեղ հիմնականում արթնացնում են տանիքիս վրա վազվզող կապիկները։
Էստեղ մամայի եփած համով ճաշիկներն էլ չկան։ Փոխարենը, կան տարօրինակ անուններով ուտելիքներ, ու հա, երևի հասկացաք, որ դրանք էլ են հարազատ դարձել: Մեկ էլ կա Լիլիթը, ում հետ միշտ փորձում ենք համով բաներ պատրաստել, դե իհարկե, չի ստացվում, բայց մենք մեզ համոզում ենք, որ «տուն տանելու աղջիկներ ենք»։
Կա լիքը-լիքը կարոտ ու էմոցիաներ, որոնք հաճախ չեմ կարողանում կառավարել։ Էստեղ լսում եմ երգեր, որոնք տանը հաստատ չէի լսի, ու եթե նույնիսկ ինչ-որ մեկը լսեր, կա՛մ կխնդրեի, որ անջատեն, կամ էլ ականջակալներս կդնեի, կսկսեի իմ երգերը լսել։ Հա, ու ասեմ, Թաթայի երգերի մեջ էլ շա՜տ հարազատություն կա: Դե կարոտն է, ի՞նչ կարող եմ անել։
Մի սենյակում ապրում եմ Մեքսիկայից, Սլովենիայից ու Հնդկաստանից սենյակակիցներիս հետ, ովքեր արդեն դարձել են քույրեր, և ում հետ ամեն շաբաթ կիրակի փոփքորն ենք սարքում ու Նեթֆլիքս նայում, որ ցրվենք դասերի թոհուբոհից։
Ամեն առավոտ դասի գնալու ճանապարհին, ծանոթ մարդկանց տեսնելիս չեմ ասում «Բարև», էստեղ բարևին փոխարինում է «Նամաստե»-ն։ Ճիշտ է, դա էլ է հարազատ դարձել։

Հնդկաստանը էն Հնդկաստանը չի, որը պատկերված է հնդկական սերիալներում, և որոնք մեր պապիկ-տատիկները մեծ հետաքրքրությամբ նայում են։ Թաջ Մահալից բացի, էստեղ շատ ու շատ սիրուն բաներ կա տեսնելու։
Համարյա 7,5 ամիս էստեղ ապրելու ընթացքում հասցրել եմ տեսնել անթիվ անհամար տաճարներ ու թագավորական պալատներ, փորձել եմ մրգեր, որոնց անունն էլ չգիտեի, հանդիպել եմ մարդկանց, ում փոքր ժամանակ ես ու մանկությանս ընկերները, եթե հանդիպեինք կասեինք՝ «հելոներն» են։
Էստեղ տեսել եմ աշխարհի ամենասիրուն ու ամենատպավորիչ արևածագերն ու մայրամուտները, չնայած, ո՞ր արևածագը կամ մայրամուտը չի տպավորիչ։
Արշավ չի եղել քոլեջի կողմից կազմակերպված, որ բաց թողնեմ։
Ունեցել եմ անթիվ, անհամար քննարկումներ տարբեր թեմաների շուրջ։

Երբեք չէի պատկերացնի, որ 17-ամյակս կնշեմ տանից շատ հեռու, մի բլրի վրա (քոլեջիս ֆիզիկական տեղակայմանը էդպես ենք ասում), ընկերներիս  հետ, էնպիսի երկրներից, ինչպիսիք են` Մեքսիկան, Սլովենիան, Հնդկաստանը, Նիկարագուան, Սիրիան, Չինաստանը, Նամիբիան, Տաջիկստանը ու էլի շատ երկրներ։ Չէի պատկերացնի, որ մի սենյակում կունենամ իմ անկյունը՝ զարդարված սպիտակ լույսերով ու ընկերներիս նկարներով, որպեսզի թեկուզ նկարներից կարողանամ կարոտս առնել։
Երբեք չէի պատկերացնի, որ ուսուցիչներիս անունով կդիմեմ ու դասերից հետո թեյ կխմեմ իրենց հետ։ Կամ չէի պատկերացնի, որ 16 ժամ գնացքով ճամփորդելիս, մեր դպրոցի Գլոբալ քաղաքականության  դասատուին կպատմեմ Ապրիլյան հեղափոխության ժամանակ ունեցածս արկածների մասին։ Չէի պատկերացնի, որ կանցնեմ էնպիսի առարկաներ, որոնց մասին երազում էի Հայաստանում սովորելու ժամանակ, օրինակ՝ Ֆիլմ կամ Հոգեբանություն։ Հա ու մեկ էլ չէի պատկերացնի, որ իմ դպրոցում կլիներ ուսուցիչ, ով համագործակցում է ՆԱՍԱ-ի հետ։
Շատ կուզեի էս փորձը կիսել ընթերցողներիս հետ, հոդվածի միջոցով, բայց դեռ տեխնիկան էդքան չի զարգացել։
Չգիտեմ` էլ ինչ գրեմ: Մի բան հաստատ գիտեմ՝ ես տանն եմ, ինչքան էլ տանից հեռու եմ։

Էս ժամանակը աճելու, կրթվելու, զարգանալու ու ավելի ինքնուրույն դառնալու ժամանակ է։ Հա, ու արդեն մի քիչ ինքնուրույն եմ. առաջին անգամից հետո Երևան-Շարժա-Մումբայ, հետո էլ 5 ժամ դեպի քոլեջ ճանապարհը կարողանում եմ մենակ անցնել առանց վախենալու։
Անչափ հպարտ եմ, որ ունեմ հնարավորություն ներկայացնելու հայրենիքս օտարության մեջ, ինչը բավական մեծ պատասխանատվություն է ներկայացնում։ Ճիշտ է, դրսում հայ աղջիկ լինելը շատ դժվարություններ ունի, բայց իհարկե, հաղթահարելի դժվարություններ են։
Դե ինչ ասեմ, գնամ հոգեբանությանս թեստի համար պարապելու: Երբ նորից մաման զանգերիս չպատասխանի, ես էլի կուզեմ զգացմունքներս արտահայտել ու կգրեմ հոդված։
Մա՛մ, դե պատասխանի, էլի՜․․․

goharpetrsoyanervn

Կրակայրիչս

Դուք հաճախ էիք կասկածում իմ կրակայրիչի վրա. մի փոքր բանը ինչպե՞ս ի վիճակի կլիներ հրդեհելու շա՜տ բաներ:

Ես սիրում եմ կրակայրիչս: Ես հաճույքով եմ դրանով այրում ամեն բան. բարք ու վարք, բառեր, բաներ, բամբասանքներ ու բամբասողներ: Այնքա՜ն բան կա այս կյանքում վառելու:
Դուք հաճախ էիք կասկածում իմ կրակայրիչի վրա. մի փոքր բանը ինչպե՞ս ի վիճակի կլիներ հրդեհելու շա՜տ բաներ: Դե հա, ոնց հասկացաք, ես շատ եմ օգտագործում «բան» բառը: Դրանք այնքան շատ են: «Բան»-ը իրականում փուչ բառ է, երևույթ, որ չունի իրեն բնութագրող անուն, հատկանիշ, կարծես փուչիկ լինի՝ լցված օդով: Դուք նույնպես փուչիկ եք, որոնց ես մեծ հաճույքով այրում եմ: Չէ՜, կներեք, հրկիզում եմ անխղճորեն: Դուք հաճախ էիք ձեր «բան»-երով փորձում ինքնահաստատվել, ձեր «բան»-երով փորձում ճանապարհս բարդացնել, մեջիս փոքրիկ կրակը մարել, բայց դե ինչպես տեսաք՝ փոքրիկ կրակն այսօր կրակայրիչ դարձավ ու հրկիզեց ձեր «բան»-երը:
Վստահ եմ, որ հիմա հասկանում եք, թե ինչ բան է բարդությունը, երբ այն խեղդված է սեփական «բան»-երով: Գիտեք, դատարկ փուչիկը, որը լցված է օդով, ոչ թե կարող է մարել կրակը, այլ ավելի թեժացնել այն: Բայց ավելի քան թեժանում է, երբ դրան ավելանում են թունավոր գազերով լցված փուչիկները: Է՜խ… Ձեր նախանձը: Ինձ հոգնեցրին չակերտներս, ինչպես որ հոգնեցրել և ձանձրացրել են ձեր չստացված խոսքերով լցված փուչիկները, որոնք ի վնաս ձեզ եղան: Դուք կասկածու՞մ էիք, ինձանից հեռու ինչ-որ չստացված վայրերում փորձում էիք շտկե՞լ և թո՞զ փչել ձեր չստացվածության վրա: Ցավում եմ, բայց չստացվեց… Իմ կրակը դեռ բոցեր և հրդեհներ է առաջացնելու, որպիսին միայն արևի վրա տեսնել կարելի է, բայց այն հաստատ ձեզ չի ջերմացնելու:

Ձմեռը վատ եղանակ չէ, բայց ոչ ամռան երազկոտությունից հետո: Երազկոտնե՜րս, ձեր երազկոտությունը ինձ  միայն ու միայն առաջ է մղում: Շարունակեք երազել, ինչպես փուչիկը կերազեր լցված լինել  հելիումով և օդ բարձրանալ: Ցավոք, մի հելիում էլ ձեզ չհասավ:
Ես սիրում եմ կրակայրիչս: Ես հաճույքով եմ դրանով այրում ամեն բան. բարք ու վարք, բառեր, բաներ, բամբասանքներ ու բամբասողներ: Այնքա՜ն բան կա այս կյանքում վառելու: Կներեք, թե այրվածքները շատ ցավոտ են…

Fuckup Nights Armenia Double Anniversary

«FuckUp Nights Armenia»-յի հերթական event-ներից մեկի ժամանակ խոսնակ Տիգրան Սարգսյանն ասում է․ «Մի՛ անհանգստացեք, նույնիսկ այն պահին, երբ մտածում եք, որ ամեն ինչ 100% իդեալական է, կարող եք այնպես FuckUp լինել, որ չէիք էլ պատկերացնի», և հենց այդ պահին «FuckUp Nights Armenia»-յի գործընկեր կազմակերպության պոստերն ուղղակի մեծ աղմուկով ընկնում է՝ հաստատելով Տիգրանի խոսքերը։ Դե բնական է, էլ ի՞նչ «FuckUp Nights Armenia» առանց ձախողումների։

Ուրբաթ երեկոյան, առաջին «FuckUp Nights Armenia»-ից ուղիղ 2 տարի անց ISTC-ի հարկի տակ նորից հավաքվեցին երիտասարդներ, ովքեր եկել էին ձախողման պատմություններ լսելու։

-Ուզում եմ սկսել FuckUp-ից, որն իրականում ոչ թե իմն է, այլ՝ ծնողներինս։ Հարցը՝ իմ անվան մեջ է։ Իմ անունը Արտավազդ է, սիրում եմ, որ ինձ նաև Արտո են ասում։ Բայց դա բոլորի մոտ չի ստացվում։ Օրինակ՝ որոշներն ինձ Արծի են ասում (սափրված ժամանակ)։ Meeting-ներից մեկի ժամանակ էլ մեր ամերիկացի աշխատակիցը խոսքի մեջ ասում է,  որ իր ամբողջ գործունեությունը հիմնված է Art-ի (արվեստի) վրա, մեր հայերն էլ բոլորը հասկանում են, որ իմ վրա է հիմնված։ Բայց ամենադաժանը Ամերիկյան համալսարանում էր, երբ դասախոսը բոլորի մոտ ինձ ասաց․ «Արտազա՛վր, արի գրատախտակի մոտ»։

Բայց Արտազավր, է՜ Արտավազդ Մինասյանի FuckUp-ը միայն անունով չի վերջանում։

-Ինձ բոլորը՝ ծնողներս, ընկերներս, ուսուցիչներս, ասում էին, որ ես շատ խելացի եմ, ես էլ սկսում էի այդպես մտածել։ Հետո հաջողված օլիմպիադաները, բիզնեսը, որի արդյունքում կարողացա կես միլիոն դոլար գումար հավաքել ավելի ամրապնդեցին այդ միտքը։ Քիչ է մտածում էի` խելացի եմ, հիմա էլ սկսեցի մտածել, որ հարուստ էլ եմ։

Արտավազդը կես միլիոնը չի ծախսել մեքենա, թանկարժեք հեռախոսներ գնելու վրա, այլ դրել է գործի մեջ և ամբողջը կորցրել։ Ու հիմնական պատճառը «խելացի ու հարուստ» լինելն էր, համառ պայքարը մի պրոյեկտի համար, որը ոչ մի կերպ հաջողություն չէր նշմարում։

Բոլորիս «խելացի» որոշումներն էլ վերջիվերջո բերում են նոր ձախողումների, ճիշտ այնպես, ինչպես երեկոյի բոլոր խոսնակների մոտ։

Չնայած նրան, որ Արսինե Վալլադյանին զգուշացրել էին, որ իր ապագա գործատուին հանկարծ Միչ չդիմի, նա ամբողջ ընթացքում մտքում կրկնելով ՝ «Don’t call him Mitch», հարցազրույցի սկզբում ասում  է. « Hey, you must be Mitch»:

Դիանա Բադեյանը իր թիմի հետ cleaning day կազմակերպելուց հետո նամակներ էր ստանում, որտեղ մարդիկ բողոքում էին, թե ինչու իրենց բակը չեն մաքրել։ Իսկ Գևորգ Պողոսյանի 75 և ավելի ձախողումների ու բանտում լինելու դրական կողմերի մասին մի ուրիշ օր կպատմեմ․․․

Առաջին event-ի ֆեսյբուքյան հայտարարությունից հետո այն ծաղրի էր ենթարկվել, ու շատերը այն spam էին համարել։ Բայց երկու տարվա ընթացքում FuckUp Nights Armenia-ն ոչ միայն ազատվեց «խուժան nights» կարծրատիպային ու ծաղրային անունից, այլ նաև ձախողումների մասին խոսելու շատ թույն մշակույթ բերեց Հայաստան։ Այնպես, որ հանգիստ ձախողեք, համենայնդեպս հիմա գիտեք դրա մասին որտեղ կարելի է խոսել․․․

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի

Margarita Khazaryan new

«ԱՄՈՒՐ ՀԱՎԱՏՔ, ՀԶՈՐ ԲԱՆԱԿ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔ». Գոռ Խուդինյան

Հայ ազգը առաջին հերթին կանգուն է իր քաջ, անպարտ ու անմահ նվիրյալներով: Նրանք այն մարդիկ են, ովքեր համազգայինը բարձր են դասում անձնականից: Այդպիսի մի հերոս է նաև Գոռ Խուդինյանը, որի մասին անկարելի է խոսել անցյալ ժամանակով:

Պատիվ ունեմ այսօր գրել այն մարդու մասին,որի անունն է կրում իմ հարազատ կրթօջախը` Ճոճկանի Գոռ Խուդինյանի անվան միջնակարգ դպրոցը:

Գոռ Խուդինյանը ծնվել է 1991 թվականի ապրիլի 7-ին, ՀՀ Լոռու մարզի Ճոճկան գյուղում:1997 թվականին ընդունվել է Ճոճկանի միջնակարգ դպրոց և այնտեղ սովորել մինչև 2002 թվականը: Այնուհետև ընտանիքով տեղափոխվել է Վանաձոր և տեղի  Վ. Տերյանի անվան դպրոցում շարունակել է ուսումը: 2007 թվականին ավարտել է դպրոցը և ընդունվել Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որն ավարտել է գերազանցության դիպլոմով, ինչի շնորհիվ 2011 թվականին իր ընտրությամբ անցել է ծառայության «Եղնիկներ» զորամասում որպես հետախուզական դասակի հրամանատար՝ լեյտենանտի կոչումով: Երկու տարի անց ստացել է ավագ լեյտենանտի կոչում: 2015 թվականին նշանակվել է որպես հետախուզական վաշտի հրամանատար, ստացել է կապիտանի կոչում: Այնուհետև նույն թվականին տեղափոխվել է Ստեփանակերտ (ՑՕՐ կոչվող զորամաս)՝ որպես հետախուզական վաշտի հրամանատար: 2016 թվականին նորից տեղափոխվել է «Եղնիկներ» որպես գումարտակի շտաբի պետ, հրամանատարի տեղակալ: 2015 թվականին ամուսնացել է և ունի մեկ դուստր՝ Անահիտը, ով կրում է հերոս հայրիկի հերոս մոր անունը:

Գոռը միշտ աչքի է ընկել իր հայրենասեր, բարի, անվախ և ազնիվ, անսահման նվիրված, հոգատար բնավորությամբ, ինչի շնորհիվ էլ միշտ վայելել է շրջապատի մեծ սերն ու հարգանքը: Գոռը միշտ ասել է, որ իր զինվորը պետք է լինի զգոն և հպարտ: Եվ այսօր ոչ միայն իր զինվորները, այլ բոլոր այն մարդիկ, ովքեր լսում են իր մասին, զգում են անսահման հպարտություն: Հենց այդ հպարտությունն է այժմ խոսում իմ փոխարեն…

Կապիտան Գոռ Խուդինյանը իր արիության ու հայրենասիրության համար պարգևատրվել է մի շարք շքանշաններով:

2017թ. փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, հակառակորդի կրակը ճնշելու ժամանակ մահացու վիրավորում է ստացել և անմահացել…

Ամփոփված է հայրենի գյուղում` Ճոճկանում:

Հերոսն ասել էր. «Ուս-ուսի պետք է պահենք էս պոստերը, որ հակառակորդը չկարողանա իր նպատակին հասնել: Եթե էս պոստերն անառիկ պահենք, իմացեք՝ մեր տունն էլ է անառիկ մնալու…»:

Հերոսի մասին կարելի է խոսել անդադար, քանի որ վերը նշված տեղեկությունները նրա հերոսական կյանքի միայն հակիրճ պատմությունն է:

Անսահման հպարտությամբ և երախտագիտությամբ խոնարհվում ենք  Ձեր առջև, Հերո՛ս Գոռ, Հերոս ծնած և դաստիարակած ծնողնե՛ր, Հերոսի գործը շարունակող հա՛յ քաջեր:

marat sirunyan

Հո՞րի, լաո

Մեկը մյուսի ետևից ճամփա ընկան ու գնացին՝ մանկության ընկերը, քույրն ու հազար տարվա հարևանը։

- Ձեր մեծերից մենակ դո՞ւ մնացիր,- միամիտ հարցրի ես։

- Ե՞ս լը էրթամ,- ծիծաղեց նա,- ըսի` չտարան: «Էրթցվոր ենք»` ըսին ու գածին։ Ըսի՝ զիս էլ տարեք, հընգերսի՝ ծիծղաց, քուրսի՝ լաց էղավ, հարևանս էլ, թե՝ պետքդի իսկի էլ չունիմ: Հըլը էդրան իշե: Դե գնա, տեսնամ` մգա հոն վի՞ր հեդնի բդի հարևանուտյուն էնիս, կռվիս ու բարիշիս։ Ըդմալ, լա՜ո, մըգա իմ քուր, ախպրներ, լավ ու վադ օրերու հընգերներ, սաղ գածին, մածի մինագ ես… Ես էլ թե հո՞րի մածի, չըմ գինա։

- Իմա՞լ թե` հորի,- իր բարբառով սկսեցի ես,- որ ձեր մասին պատմես, ես էլ գրի առնեմ։

-Հա՜, հա, լաո, գրե, իմ պադմուգներ սաղ գրե։ Քու թայ էի, որ զիս, զիմ պաբ ու հրոխպեր կըսեին՝ գրե՛ մըր պադմուտյուններ, լաո, հեդո չմոռնաս ու կորին էրթան։ Ափսո՜ս, լաո, ծուռ իյ, զիմ ծռուծյուն էրի ու չգրի, ու մըգա տարիկն ուրիննի կըսե: Մոռծեր իմ, լա՜ո, մոռծեր իմ ըն լավ-լավ պադմուտյուններ, ըն խորոդ ու անուշ երկեր… ժամանագ կանծնի, լաո, մարտիկ կաբրին ու կանցնին, իրանցմե յեդո պադմուտյուններ գթողնան, ու թե հիշիր` էրնա՜գ քեզի… Ես չլսի, լաո, չգրի, մոռծա, ափսո՜ս, հազա՜ր ափսոս…

Էս ամեն էրտծվոր էլ մե պադմուտյուն չէր` հազար ու մեգ էր, դե մըգա հաշվե, թե քանի պադմուտյուն կորավ հաշխրկի երեսեն, լաո, գածին, ու կորավ…

Լուսուն-մըգլօր ես լը կերտամ, գրե, թող իմ պադմուտյուններեն մեգ էրգուսը մնան գոնե, էգողներ տեսնան…

Է՜, գածիք, էլի, տո՛ ծռե՜ր, զիս մենագ թողիք ու գածիք..

Գըլսի՞ս, լաո, էն իմ ծուռ հընգեր, հոկի տալու վախտնի` գծիծղար, ծիծղաց-ծիծղաց ու լած էղավ… Գիլար, լա՜ո, էմա՜ն գիլար… Տեսնաս` հո՞րի, լաո, հո՞րի գիլար…

Լուսանկարը` Զարինե Կիրակոսյանի

Կյանքի մեկ րոպե. Անմահները

-Ափսոս, որ չեք կարող ծանոթանալ իմ ընկերոջ հետ: Հոյակապ տղա էր, բոլորը նրան շատ սիրում էին: Գիտե՞ք, այդպիսի մարդիկ կան, որ թշնամիներ չեն ունենում: Այսինքն` ոչ թե չեն ունենում, որովհետև խեղճ են, կամ ոչ մեկի չեն հետաքրքրում, այլ ուղղակի բոլորը նրանց հավանում են և ուզում են այդպիսի ընկեր ունենալ: Նա էլ հենց այդպիսի մարդկանցից էր. բոլորի հետ կարող էր ընդհանուր լեզու գտնել:

Եթե ես ինչ-որ դժվար իրավիճակում էի հայտնվում, կամ ուղղակի ուզում էի ինչ-որ մի բանով մեկի հետ կիսվել, միշտ նրա հետ էի զրուցում: Դե, գիտեք էլի, բաներ կան, որ ծնողներին չես պատմի: Այսինքն` հիմնականում ծնողներին աշխատում ես ոչինչ էլ չպատմել, ճիշտ չե՞մ ասում: Այդ դեպքերում գնում էի ընկերոջս մոտ: Նա շատ յուրահատուկ բնավորություն ուներ. նույնիսկ եթե ինչ-որ բան լավ չէր հասկանում, միևնույն է, կարողանում էր շատ օգտակար խորհուրդ տալ, կամ այնպես ոգևորել, որ հասկանում էիր` քեզ տանջող խնդիրը դատարկ բան է:

Հետո` խաղերից էր շատ լավ գլուխ հանում: Համակարգչային խաղերից նկատի ունեմ: Մեր քաղաքում դա միակ հետաքրքիր զբաղմունքն է, ուրիշ անելու շատ բան չունենք: Միասին ժամերով կարող էինք խաղալ, նա համարյա միշտ հաղթում էր: Եթե ինչ-որ դժվար մակարդակի էի հասնում ու չէի կարողանում խաղալ, միշտ նրան էի կանչում օգնության: Որ հարցնում էի` ինչպես ես այդքան լավ խաղում, որ մեզ չեն սպանում, միշտ ասում էր` որովհետև մենք անմահ ենք:

Ես նրա գերեզմանին հաճախ եմ այցելում: Նայեք, փոշին նոր է մաքրած: Երևի իր մայրն է եկել առավոտյան: Նա ամեն օր գալիս է այստեղ, ես աշխատում եմ ուշ ժամերի գալ: Ամաչում եմ նրանից, որ տեսնում եմ` չգիտեմ, թե ինչ ասեմ:

Երբ կռիվները սկսվեցին, ես վստահ էի, որ մեզ հետ ոչինչ չի լինի: Վստահ էի, որովհետև դրանք մեր հարևաններն էին: Պատկերացրեք` ձեր կողքի տանն ապրող մարդիկ մի օր գան ու հարձակվեն ձեզ վրա: Հիշում եմ` քեռիս եկել` համոզում էր, որ փախնենք: Փախեք այստեղից, փախեք, ասում էր: Բայց չփախանք: Ընկերոջս ընտանիքն էլ չփախավ: Ո՞ւր փախնեինք, ամբողջ կյանքում այստեղ ենք ապրել:

Սկզբում շատ էի ուզում վրեժ լուծել: Ուղղակի մեռնում էի, ուրիշ բանի մասին չէի կարող մտածել: Գիտեի, որ ինձ էլ կսպանեն, բայց դա ինձ շատ չէր հետաքրքրում: Բայց հետո հասկացա, որ այդ ամեն ինչը հիմարություն է:

Ի՞նչ ծաղիկներ: Մենք ծաղիկներ չենք դնում գերեզմանին: Դուք քրիստոնյա՞ եք: Տեսնո՞ւմ եք, այդ պատճառով էլ չգիտեք: Մահմեդականները գերեզմաններին ոչինչ չեն դնում: Նայեք շուրջը, գերեզմաններից ոչ մեկի վրա ծաղիկ չկա: Մեր շիրմաքարերին նկարներ էլ չկան: Միայն անունն է գրած, ու վերջ: Մարդիկ գալիս են այստեղ, աղոթում ու գնում են: Մենք մարդկանց մեր մտքում ենք պահում, ոչ թե նկարներում ու ծաղիկներում: Միայն սա եմ բերել ծրարով` մեր սիրած խաղն էր: Բայց շիրմաքարի վրա չեմ դնի, այս քարին կդնեմ: Մտածեցի` բերեմ, թողնեմ իր մոտ: Չգիտեմ` ինչի համար, ուղղակի, էլի: Ես մի հատ էլ ունեմ, թող այս մեկն էլ այստեղ մնա: Բացի այդ` ես ուզում եմ գնալ Ամերիկա` սովորելու, իսկ այնտեղ խաղեր շատ կլինեն: Ամերիկայում եղե՞լ եք: Իսկ ես մեր քաղաքից բացի ուրիշ տեղ դեռ չեմ եղել: Բայց անպայման կգնամ սովորելու, եղբայրս խոստացել է, որ կօգնի: Սցենարիստ պետք է դառնամ: Ու կդառնամ, դա դժվար չէ, ես արդեն մի քանի սցենար ունեմ գրած: Կսովորեմ ու կդառնամ հայտնի սցենարիստ, Հոլիվուդում կաշխատեմ: Դա խաղի պես է` անընդհատ փորձում ես, մինչև ստացվի, ու կարևոր չէ, թե քանի անգամ քեզ կսպանեն, չէ՞: Որովհետև մենք անմահ ենք:

 

Խոջիագբար, 17 տարեկան: Ղրղզստանի Օշ քաղաքում տեղի ունեցած միջէթնիկ բախումների ժամանակ այրել են մտերիմ ընկերոջն ու սպանել են բազմաթիվ ազգակիցների:

Գյուղական առօրյա