jenya abgaryan

Կրթությունը ոչ բոլորի համար

Թերևս գաղտնիք չէ, որ արտերկրյա կրթությունը տարբերվել և տարբերվում է հայաստանյան կրթական ոլորտի իրականությունից։ Հենց արտասահմանյան ֆիլմերում միշտ էլ նկատել ենք, որ դպրոցներում և համալսարաններում ուսուցումը բարձր մակարդակի է, և բավարար գիտելիքներ չունեցող ուսանողները շատ հաճախ են զրկվում ուսումը շարունակելու հնարավորությունից։ Որքան էլ փորձենք ինչ-որ օրենքներ հանել կամ ավելացնել, մեկ է, կրթական համակարգի փտած արմատներն ուղղակի պետք է արմատախիլ անել, սկզբից աճեցնել և նոր սկսել բարելավել այն։
Արդեն սկսվել է ուսումնական պրոցեսի երկրորդ կիսամյակի շրջանը։ Այս անգամ համալսարանի արդեն սիրած մասնաշենքի փոքրիկ ճամփան անցնելը դժվարացել է. ձյունն  ու սառցապատ տարածքը անգամ ձմեռ սիրող մարդկանց է տհաճ ու վտանգավոր։
Մոռանալով եղանակային անբարենպաստ պայմանների, նախորդ տարում ծագած անհարմարությունների մասին ՝ գնում եմ համալսարան։ Ծանոթ ու նոր դեմքեր, անկեղծ ու կեղծավոր ժպիտներ, մրցակցություն ու  ընկերություն։ Ուսումնական պրոցեսի հենց առաջին օրերին դասացուցակում օտար լեզուն է։ Նախ ՝ պետք է մեծ ցավով ու վրդովմունքով նշեմ այն փաստը, որ սովորելով լրագրություն բաժնում, կարող ենք ուսումնասիրել միայն մեկը։ Քանի որ դեռ մանկուց անտարբեր չէի անգլերենի հանդեպ և դպրոցում ստացել եմ լավ գիտելիքներ, առանց վարանելու անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն տարբերակներից ընտրեցի անգլերենը՝ մտածելով, որ կլրացնեմ գիտելիքներս ու առավելագույն մակարդակի կհասնեմ։ Սակայն, ինչպես ասում են ՝ «Առուն թռիր, նոր ուրախացիր»։ Բախտս բերել է՝ դասախոսը լավ մասնագետ է, բայց ինչ վերաբերում է խմբի՝ լեզվին տիրապետելու մակարդակին, նույնը, ցավոք, չեմ կարող փաստել։ Չունեմ հնարավորություն առարկայի ընտրությունը վերանայելու։ Դասերին, երբ մյուսները տարրական հիմունքներ են սովորում, որոնք հավասար են 5-6-րդ դասարաններում ուսուցանվող նյութին, տհաճությամբ եմ մասնակցում, իսկ երբ փորձում եմ համալսարանին վայել, բարձր մակարդակին վերաբերող նյութեր ուսումնասիրել, ուսանողները փնթփնթում են։
Սկզբում փորձում էի մյուսներին առարկայի հանդեպ սեր «քարոզել»։ Երբ պատրաստել էի շնորհանդես (presentation) և ներկայացնում էի լսարանին, այդպես էլ ոչ ոք չլսեց, չփորձեց հասկանալ, հարց տալ կամ որևէ մի բան։ Հակառակը՝ պատրաստ են ամբողջ դասապրոցեսը ջուրը նետել ստեղծված հարմար առիթի դեպքում։
Այսպիսով՝ երբեմնի սիրելի և սպասված առարկան դարձել է ուսումնական նոր շրջանի մղձավանջը, դե բացի իհարկե, դժվարանցանելի, սառցե ճանապարհից։ Սակայն, իհարկե, կգա գարունը և ձնհալ կսկսի, սակայն ինչ վերաբերում է դասերին, ամառը հազիվ թե կարողանա ինչ-որ բան փոխել։
Ըստ իս ՝ մեղավորն այս պատմության գործող անձանցից ոչ թե ոչ ոքն է, այլ այն մեկը, որ չէր երևում ամբողջ ընթացքում ՝ համակարգը։ Համալսարանն ասոցացվում է բարձրագույն կրթության հետ, և մի՞թե սա է այն բարեկեցիկ ապագայի բարձր որակավորում ստացած մասնագետների կրթությունը։ Ինչպե՞ս ստանալ այն երազած բարձրագույն կրթությունը, երբ չես յուրացրել հիմնական  և ավագ դպրոցներում դասավանդվածը, կամ գուցե դրանք չե՞ն էլ դասավանդվել…

Ofelia Hovhannisyan

Մեծանա՞լ է պետք

Դպրոցը ավարտեցի, հիմա արդեն ուսանողուհի եմ: Ուզում ես ինքս իմ մեջ որևէ բնավորության գիծ կամ մի բան նկատեմ, որ այս ընթացքում փոխվել է, բայց ապարդյուն։ Սկզբից դա ինձ մի փոքր անհանգստացնում էր, բայց հետո հասկացա, որ ես կառչած եմ  այն երեխայից, որ ապրում է իմ մեջ։ Ամեն կերպ փորձում եմ պահել նրան և բաց չթողնել։ Երբ արդեն դառնում ես չափահաս, էլ ավելի է մեծանում պատասխանատվությունը այն ամենի նկատմամբ, ինչ դու անում ես։ Այնպես չէ, որ առաջ ես չէի կարողանում պատասխան տալ արարքներիս համար, պարզապես, եթե անգամ մի բան այն չէր լինում, հաճախ էի լսում հետևյալ արտահայտությունը.

-Դե երեխա ա…

Իսկ հիմա էլ այդպես չէ: Շատ բաներ են փոխվում, զգում եմ, որ դժվարություններ կան, որոնց միջով  պետք է մենակ անցնեմ։ Սակայն հետաքրքիրն այն է, որ կյանքումս հայտնվում են այնպիսի մարդիկ, որոնք մտածում են այնպես, ինչպես ես, կամ գոնե կիսում են այդ ամենը ինձ հետ։

Մեծանալ է պետք, բայց արդյո՞ք դա ինձ համար է։ Գրեթե ամեն օր ես կրկնում եմ այդ խոսքերը: Հիմա հասկացել եմ, որ քանի դեռ ապրում է իմ մեջ աշխույժ երեխան, ես նրան վանդակի մեջ չեմ դնի: Կան արարքներ, որոնք ես անելով իհարկե գիտակցում եմ, մի փոքր մանկական է: Սակայն ուրախալին այն է, որ իմ շրջապատում ինձ հենց այդպես են սիրում և չեն փորձում փոխել։

Գիշերային թռչուններ

Թուրմուդ Հաուգենը ծնվել է 1945 թվականին Նորվեգիայի Տրիսիլ քաղաքում: Նա ավարտել է Օսլոյի համալսարանի համեմատական գրականագիտության և արվեստի պատմության բաժանմունքը: Երկար տարիներ աշխատել է հանրահայտ նորվեգացի նկարիչ Մունկի թանգարանում, իսկ հետո դարձավ գրող և թարգմանիչ: Հաուգենը գրում է երեխաների համար, սակայն ոչ այնպես, ինչպես սովոր ենք պատկերացնել: Նրան հետաքրքրում է մանկան հոգեբանությունը, նրա ներաշխարհը, և ամենակարևորը՝ հույզերը: Կարեկցանքով և ըմբռնումով է Հաուգենը գրում երեխաների և մեծահասակների մասին, երազում մի այնպիսի աշխարհի մասին, որտեղ կարող են միմյանց վստահել և զարգացնել իրենց ունակությունները: Հաճախ դա անհնար է, քանի որ ոչ ոք ի զորու չէ ինչ-որ բան փոխելու: 

«Ես նստում եմ գրելու երեխաների համար, բայց միևնույն ժամանակ նաև մեծահասակների: Մանկությունը միակ վայրն է, որտեղ կարող են հանդիպել իրար մեծերն ու երեխաները: 

Մենք բոլորս երեխաներ ենք եղել, և բոլորս կապված ենք մանկության հետ: Եթե մենք մեր մեջ բավականաչափ ուժ ենք գտնում ընդառաջ գնալու մեր մանկությանը, դա նշանակում է, որ մեր սրտում ցավ ենք զգում, հոգում՝ թախիծ և ավելի լավ կյանք երազանք»:

Վախ, անվստահություն, մերժվածություն, ճնշվածություն՝ ահա այն հիմնական ուղղությունները, որոնք տեղ են գտել նրա ստեղծագործություններում: Մեծահասակների խնդիրները ցավ են պատճառում երեխաներին: Նրանք տեսնում են այն ամենը, ինչը փորձում են ծածուկ պահել երեխաներից, նրանք զգում են կեղծիքը, թեպետ չեն հասկանում պատճառները: Երեխաներին տիրում է սարսափը և անվստահությունը, երբ մեծահասակները, փորձելով խնայել երեխաներին, թաքցնում են նրանցից իրենց անհաջողություններն ու հոգսերը, դրանով իսկ ավելի խորացնելով անջրպետը և զրկելով երեխաներին մեծերին հասկանալու ամենափոքր հնարավորությունից:

Հաուգենի գրքերը զուսպ են, կենտրոնացած երեխայի ներքնաշխարհի վրա, գրված են պարզ լեզվով և հեշտ են կարդացվում: Նրա գրքերը արժեքավոր են ոչ թե նրանով, թե ինչ են արտահայտում բառերով, այլ թե ինչ է թաքնված բառերի հետևում:

Ցավոք, Հաուգենի գրքերից և ոչ մեկը մինչ այսօր հայերեն չի թարգմանվել: Ձեզ ենք ներկայացնում մի հատված նրա «Գիշերային թռչուններ» վեպից` հուսալով մի օր տեսնել այն ձեր սեղանին:

 

Թուրմուդ Հաուգեն

Գիշերային թռչուններ

-Ճիշտ եմ ասում,-ասաց Յուակիմը,- Սառան իր աչքով է տեսել:

Սառան, Ռոգերը, Թոմին, Յուլիան և Թորան կանգնել էին դարպասների առաջ:

Ռոգերն արդեն լսել էր մարդասպանի մասին, սակայն այնքան էլ չէր հավատում քրոջը:

-Ես երբեք սուտ չեմ խոսում,-ասաց Սառան,- ես իմ աչքերով եմ տեսել նրան:

-Էդ դեպքում գնա և բեր նրան այստեղ,-հրամայեց Ռոգերը:

-Չեմ գնա:

-Ինչո՞ւ չես գնա,-հետաքրքրվեց Ռոգերը:

-Հենց էդպես,-կտրուկ ասաց Սառան:

Ռոգերը շուրջը նայեց:

-Այդ դեպքում Յուակիմը կգնա: Սա նրանց նկուղն է:

-Ճիշտ է,-միաբերան որոշեցին նրանք,-Թող Յուակիմը գնա, սա նրանց նկուղն է…

Բայց Յուակիմը չէր ուզում նկուղ իջնել:

-Նկուղն իմը չէ,-առարկեց նա,-ես ոչ մի անգամ նկուղում չեմ եղել:

-Դե հիմա կմտնես, ճիշտ ժամանակն է,-ասաց Թոմին:

Թոմին ու Ռոգերը բռնեցին Յուակիմի թևերից ու քարշ տվեցին նկուղի դռան մոտ:

Յուակիմը ինչքան ուժ ուներ, դիմադրում էր: Բայց ամեն ինչ զուր էր: Մյուսները գալիս էին իր հետևից ու հրում մեջքից:

Վերջապես հայտնվեցին մուտքում:

-Նկուղի դռան բանալին ունե՞ս,-հարցրեց Թոմին:

Յուակիմը տարուբերեց գլուխը:

-Խաբում է,-ասաց Սառան,-մուտքի դռան բանալին համընկնում է նկուղի դռան փականին:

-Ի՞նչ ես կանգնել, դե գնա,-կարգադրեց Ռոգերը,-Եվ մեզ ապացույցներ բեր, որ մարդասպանն այնտեղ է:

Յուակիմը չէր կարող նկուղ մտնել: Վախից արցունքները ողողեցին դեմքը, միևնույն ժամանակ էլ թրջեց տակը:

Ինքը դեռ նկուղի դռանը չհասած վախից կմեռնի:

Սառան նայեց նրան և այնպես շշնջաց, որ բոլորը լսեն:

-Մեզ արնաշաղախ մի բան բեր: Մենք պետք է համոզվենք, որ մարդասպանը նկուղում է թաքնվում:

-Չմոռանաս սպանվածի ձեռքն էլ բերել,-ավելացրեց Թոմին:

-Կամ էլ նրա գլուխը,-աչքերը փայլեցնելով շշնջաց Ռոգերը:

Տորան բռնեց Յուլիայի ձեռքից ու կպավ ընկերուհուն:

-Ես շատ երկար սպասեցի, որ նա դուրս գա,-կամացուկ ասաց Սառան,-հենց այստեղ կանգնած: Շատ, շատ երկար: Սպասումից արդեն նվաղել էի: Բայց ես գիտեի, որ ի վերջո մարդասպանը դուրս կգա, որպեսզի տեսնի, թե ով է նկուղի մոտ կանգնած իրեն հետևում:

Սառան ավելի ցածրացրեց ձայնը: Ռոգերը հրեց Յուակիմին, և վերջինս բոլորից երկու քայլ առաջ անցավ:

-Վերջապես դուռը դանդաղ բացվեց,-շշնջաց Սառան,-Դուռը ճռռում էր, և ասես չէր ուզում բացվել: Դռան ճեղքը գնալով ավելի ու ավելի էր մեծանում:

Յուակիմի մեջքով սառը դող անցավ: Տորան կամացուկ ծիծաղում էր:

-Եվ ահա,-շարունակեց Սառան,- դռների միջից դուրս ցցվեց գլուխը: Հատակին ստվեր ընկավ…

Այդքանից ավել նա ոչինչ չհասցրեց ասել:

Բոլորը քարացել էին և աչքները չռած նայում էին:

Որովհետև նկուղի դուռն իսկապես էլ սկսեց դանդաղ բացվել: Դուռը կամաց ճռճռում էր, սակայն բացվում էր: Աստիճանաբար դռան ճեղքն ավելի ու ավելի էր մեծանում: Վերջապես հատակին մեկի ստվերն ընկավ, և դռան արանքից դուրս ցցվեց ինչ-որ մեկի գլուխը:

Ստվերը…

Ինչ-որ մեկը սարսափից ճչաց, այնուհետև բոլորը միասին սկսեցին բղավել: Եվ Սառան, և Յուլիան, և Տորան, և Ռոգերը, և Թոմին:

Յուակիմը չէր բղավում: Նա բացել էր բերանը, սակայն ոչ մի ձայն չէր լսվում: Ու բոլորը միասին լեղապատառ սկսեցին վազել, իրար հրմշտելով, փորձելով իրարից առաջ անցնել: Նրանք լռվեցին դռների մեջ, որովհետև ամեն մեկն ուզում էր ինքն առաջինը դուրս պրծնել:

Միայն Յուակիմը տեղից չշարժվեց: Նա քարացել էր: Թվում էր, թե ոտքերը թաղվել ու աճել են հատակի մեջ:

Հեկեկոցը սեղմվել էր կոկորդում: «Հիմա ես կմեռնեմ»,- մտածեց նա:

-Այս ի՞նչ աղմուկ-աղաղակ եք բարձրացրել այստեղ,-զայրացած ձայնով հարցրեց ստվերը:

Նա խիստ հայացքով նայեց Յուակիմին: Կառլսենն էր:

-Սա… Սա…. Դո՞ւք եք,-կակազելով հարցրեց Յուակիմը,- և տղայի ոտքերն իսկույն պոկվեցին հատակից: Առաջին անգամ Յուակիմն անչափ ուրախացավ Կառլսենին տեսնելով:

-Դուք… Դուք նկուղում մարդասպան տեսե՞լ եք,- հարցրեց Յուակիմը:

Կառլսենը թավ հոնքերի տակից հայացք նետեց Յուակիմի վրա:

-Ի՞նչ մարդասպան,-զարմացավ նա,-ի՞նչ անհեթեթ բաներ ես ասում: Նկուղում բացի ինձնից ոչ ոք չկար:

Յուակիմը աչքը չէր կարողանում նրանից կտրել:

-Նման բաների մասին սուտ չեն խոսում: Դա շատ լուրջ մեղադրանք է,-ասաց Կառլսենը,-Չէ, դուք միայն լսեք, թե ինչեր է դուրս տալիս այս տղան… Մարդասպան: Այն էլ մեր նկուղում,- Կառլսենը փնչացրեց և աստիճաններով վեր բարձրացավ:

Յուակիմը մենակ մնաց: Նա փակել էր աչքերը: Կյանքում այսքան երջանիկ չէր եղել:

Սառան սուտ էր խոսել: Եվ ոնց էլ լեզուն պտտվել է: Բայց Յուակիմի անդրավարտիքը միևնույն է, թաց էր: Նա ամաչում էր այդ տեսքով տուն գնալ, բայց մայրիկը ոչինչ չհարցրեց: Նա հասկացավ, որ ավելի լավ է ձևացնել, թե բան չի պատահել:

marine nikoghosyan

Կորցնելու մասին

Առավոտ էր: Սովորականի պես արթնացա, պատրաստվեցի և շտապեցի աշխատանքի: Ճանապարհին հիշեցի մի տարօրինակ երազ, որն  անցած գիշեր էի տեսել: Երազումս ընկել  էր ատամներիցս մի քանիսը: Թափված ատամները ափիս մեջ էին, բայց առանց արյան:

Հետաքրքրությունից դրդված որոշեցի երազահանում կարդալ դրա մեկնաբանությունը: Չէ´, սնահավատ չեմ ընդհանրապես, ուղղակի հետաքրքիր էր:

Համացանցով գտա երազահանի մի կայք և սկսեցի փնտրել: Այնտեղ գրված էր, որ երազում ընկնող (առանց արյան) ատամ տեսնելը նշանակում է հարազատ մարդու կորուստ: Տարօրինակ ինչ-որ զգացում պատեց ներսս: Ճիշտ է, չէի հավատում, սակայն մի փոքր վախ առաջացավ:

Միգուցե սա ձեզ տարօրինակ կամ անհավատալի  թվա, բայց այն իրականացավ: Այդ օրը ես կորցրեցի (եթե կարելի է այդպես ասել), ինձ համար շատ հարազատ մի մարդու: Կորցրեցի առանց արյան, առանց բաժանման, ուղղակի կորցրեցի…

Կորցրեցի նրան հոգեպես…

Մենք բոլորս մեր կյանքի ընթացքում միշտ ինչ-որ բան ենք կորցնում: Կորցնում ենք իրեր, առարկաներ, հիշողություններ, բայց ամենացավոտը` երբ կորցնում ենք մարդկանց, ովքեր հեռանում են կամ այս աշխարհից, կամ մեր աշխարհից: Երկուսի դեպքում էլ ցավը մեծ է:

Կգա ժամանակ, երբ մենք կկորցնենք բոլորին` ում հիշում ենք, ում կարոտում ենք, ում սիրում ենք…

Իսկ վերջում կմնա միայն մեկը, այն եզակին, ով մեզ երբեք չի լքի. և դա կլինենք մենք ինքներս:

Չնայած, դա էլ է հարաբերական…

Anahit Badalyan

Այն, ինչ մենք սիրում ենք

Մայրամուտները կարող են ջերմությամբ լցնել մեր ամենասառը օրերը, ցողել մեր՝ քնել չհասցնող աչքերը, փայլեցնել դրանք։ Մեր ամենասիրելի ուտելիքը կարող է ուրախացնել մեզ, բարձրացնել մեր տրամադրությունը, իր հոտով արթնացնել մեր՝ ինչ-որ պահի քնով անցած զգայարանները։

Մեր սիրած երգերը կարող են շարժել մեր դեմքի այն մկանները, որոնք պատասխանատու են ժպիտի համար։

Այն դասաժամերը, որոնց սպասում ենք նախորդ օրվանից ու որոնց պատրաստվելիս էներգիա չենք խնայում, կարող են կանոնավորել էն ամենակարևորը, որը մարդը պիտի շարունակաբար փորձի պահպանել․ սովորելու ցանկությունն ու հետաքրքրությունը։

Մեր սիրած եղանակը կարող է առիթ դառնալ, որ զգեստապահարանից հանենք վաղուց չհագած սիրուն շրջազգեստը, արդուկենք ու հագնենք։

Երբ գալիս է մեր սիրած ծաղիկների բացվելու ժամանակը, մեր՝ սիրելի ուտելիքից արդեն արթնացած զգայարանները շոյվում են էն անուշ բույրից, որ մանուշակներն են արձակում։

Մեր սիրած ֆիլմերը դիտելիս մենք միշտ ինչ-որ պահի ուզում ենք մտնել էդ ֆիլմի մեջ, կամ գոնե ֆիլմի վերածել մեր իսկ կյանքը։

Մենք միայն մերն ենք համարում մեր սիրած տեղերը։ Ուրիշների ներկայությունը օտար, անցանկալի է դառնում էնտեղ, որտեղ մենք ժպտացել ենք էնքան իսկական, որ թվացել է՝ սիրտը դուրս կգա՝ ժպիտն ապացուցելու, ու ծիծաղել էնքան ուժեղ ու շատ, որ սկսել է ցավել ստամոքսն ու կտրվել շունչը։

Մեր սիրած նկարներում մենք ենք էնպիսին, որպիսին չենք լինի էլ երբեք։ Մի քիչ կարճահասակ, փոքր-մոքր, ու մի քիչ ավելի շատ ժպիտով։

Մեր հին օրագրերը՝ վարդագույն, նախշազարդ, նկարներով ու գույներով լիքը, մեր մանկությունն են, պատանեկությունը, ծերանալիս արդեն կդառնան մեր ջահելությունը։ Մեր գրած բանաստեղծություններն են, հեքիաթները, որոնց վերջում երեք խնձոր է ընկնում, ու հեչ էական չէ, որ ես երբեք առանձնապես խնձոր չեմ սիրել։ Էդ օրագրերում մեր հին հոգսերն են՝ մեր չնչին, փոքրիկ ու հիմա արդեն կարոտով հիշվող հոգսերը։ Իրերի մասին՝ այսքանը։

Մեր սիրելի ու մտերիմ մարդիկ մեր իրերի բովանդակությունն են։ Նրանք են, ում համար երբեք չենք ափսոսա մեր ամենասիրած պիցցայի կեսը զոհաբերել։ Նրանք, որոնցից կամ որոնց հետ լսել ենք մեր ամենասիրած երգերը։ Մեր՝ անընդհատ նորը բացահայտելու մղումը, մեր սովորածը մեզնից սովորելու կամ մեր չիմացածը մեզ սովորեցնելու պատրաստակամությունն ունեցողները։ Այն մարդիկ են, ովքեր մի անգամ ասել են, որ մեր շրջազգեստը մեզ շատ է սազում, ու այդ օրվանից սկսած մեր գնած բոլոր շրջազգեստները նման են այդ մեկին։ Այն մարդիկ են, ովքեր քո ջերմությունն իրենց կյանքի ամառը համարելով դառնում են քո կյանքի ամենաջինջ գարունը։ Ովքեր պատրաստ են գարնանաբար հալեցնել սառույցը, հանդուրժել անձրևներն ու քամին միայն նրա համար, որ դու շողաս անխռով ու անխնա, որ ջերմանաս ու ջերմացնես շուրջդ։ Մեր սիրելի մարդիկ նրանք են, ում պատրաստ ենք դերեր առաջարկել մեր՝ ֆիլմ դարձած կյանքում։ Ովքեր կիմանան իրենց դերերն անգիր, կարիք չեն ունենա փորձելու իրենց հատվածը ու երբեք չեն ուշանա նկարահանումներից։ Մեր սիրելի վայրերն են մեր մտերիմ մարդիկ, որովհետև իրենց ասածով ու պատմածով ժպիտ են նկարել մեր դեմքին ու ծիծաղեցրել մեզ էդ վայրերում։ Տուն են դարձրել էդ վայրերն ու հարազատացրել մեզ։ Ու վերջապես, ի՞նչ էինք գրելու մեր օրագրերում, եթե մեր մտերիմները մեզ ժպտալու, ուրախանալու, մտածելու ու մտածածը թղթին հանձնելու առիթ չտային։ Ո՞նց էինք ինչ-որ գործ ստեղծելու, եթե մեր մտերիմները մեզ ստեղծագործ չդարձնեին իրենց գոյությամբ՝ մեր իսկ կյանքում։

Մեր սիրելի մարդիկ մեր հեքիաթներն են․․․ Նրանք, որոնց ավարտին երկնքից երեք խնձոր է ընկնում․․․ Բայց ես էդպես էլ խնձոր չսիրեցի․․․

mariam abrahamyan new

Ինձ մանկություն կտանե՞ք

Երբեմն ամենադժվարը հենց զգացածն արտահայտելն է, բայց, երբ թուղթը, գրիչն ու մի բաժակ տաք թեյը ձեռքդ առնես՝ կտրամադրվես։
Ներսումս միայն մի ցավ է ապրում՝ կարոտի ցավ, շա՜տ կարոտի։ Կարոտ առ անհոգ մանկություն, դեպի այնտեղ, ուր լաց էի լինում  ծնկների ցավից, մի կոնֆետ ավել ստանալու, տատիկի հետ գնալու, կամ պապիկի մոտ մնալու համար, ջերմում էի, որովհետև աշխատանքի բերումով հայրիկը մի քանի շաբաթ պիտի բացակայեր երկրից։
-Մա՜մ, տվածդ միակ ապտակն եմ կարոտել, ապակեպատ մարմինս եմ կարոտել ու քո հեկեկոցն եմ կարոտել (էլ երբեք քեզ այդ վիճակում չտեսնելու մտքերով)։Մա՞մ, մի անգամ էլ կապտակե՞ս, խնդրում եմ, ապտակիցդ մանկության հոտ է գալիս։
Ստեփանյան Մարիամին եմ կարոտել, նրա հետ արկածներս եմ կարոտել։
-Մա՞ր, կգա՞ս բարձրանանք ծառերի վրա, մի հատիկ  խակ միրգ պոկելու համար։ Կգա՞ս նորից մեր անձնական տունը կառուցենք՝ ճյուղերից, խոտերից ու այն ամենից, ինչ ձեռքներս կընկներ։
Էն անծանոթ տատիկին եմ կարոտել, որ ամեն անգամ փայտը ձեռքն առած, իր ծառերի միրգը փչացնելու համար, ընկնում էր մեր հետևից։
-Պա՞պ, նորից կզանգե՞ս ու հարցնես, թե ո՞ր գրիչներից եմ այս անգամ ուզում հետդ բերես աշխատանքից գալուց։ Էլի ուսերիդ կդնե՞ս, որ ամբողջ աշխարհին վերևից հպարտ նայեմ։
-Հոպա՞ր, կարծում ես քեզ մոռացա՞: Չէ՛, կգա՞ս գնանք էլի մազերս գունավոր թելերով հյուսելու։Ինձ էլի կասե՞ս Չոչո, որ գժվեմ ու նեղանամ։
- Հո՜ք, քեզ ամբողջ մի մանկություն եմ պարտք։ Հպարտանում էի, է, որ ասում էին` էս ի՜նչ նման ես հորաքրոջդ։Ասում էի` հեսա կմեծանամ, իրա նման սիրուն կդառնամ։
- Իմ Արև տատի, էն ի՜նչ տվեցիր ինձ ողջ կյանքում, երբեք, ոչ ոք չի կարող տալ, իմ արև։ Ինձ սիրո՜ւն հեքիաթ ես տվել, տա՛տ։ Հիշու՞մ ես՝ ոնց էի թղթիկները շրթներկոտ շուրթերով համբուրում, վերջում էլ բզեզիկներ նկարում ու Մոսկվայից ուղարկում Հայաստան։
- Պապի՞, հը՞, ո՞նց ես, հիմա ինչի՞ց ես բողոքում, փնթփնթանս։ Ամբողջ աշխարհից հետս բողոքեցիր ու ինձ մի աշխարհ սեր ու ջերմություն տվեցիր։

Մանկությո՜ւն, մի անգամ էլ կգա՞ս, դե՛, թեկուզ երազում, թեկուզ սև ու սպիտակ, թեկուզ այն պահերով, որտեղ լացելու կադրեր են։
Էնքա՜ն փոքր էի, էնքա՜ն ուրիշ, հիմա արդեն մեծ եմ՝ չափահաս, հիմա արդեն կյանքս ուրիշ է, բարդ, ու էլ որոշումներս ընտանիքիս անդամները չեն կայացնում՝ գործս հեշտացնելով։ Արդեն ինքնուրույն եմ… Արդեն ամեն ինչ գլխապտույտ բարդ է։
Ինձ մանկություն կտանե՞ք։

Ձմռան երեկո

Ester Asatryan

Միասնականները մոտենում են

Միասնական քննություններն են մոտենում, իրենց հետ բերելով հիասթափությունների մի մեծ ու անբաժանելի շղթա։ Վախ: Վախ` չարդարացնելու բոլորի սպասելիքները, և այդ վախը ինձ ու կարծում եմ բոլորին խանգարում է կենտրոնանալ ամենակարևոր խնդրի վրա։ Այդ վախը ինձ ստիպում է դառնալ ռոբոտ, պատրաստվել քննություններին և ոչ թե ստանալ գիտելիք, դառնալ մեքենա, որն ուղղակի կկրկնի իրեն տրված նյութերի իննսունինը տոկոս անիմաստ հատվածը: Այն հատվածը, որը ես քննասենյակից դուրս գալուց անմիջապես հետո մոռանալու եմ (եթե իհարկե, արդեն չեմ մոռացել)։ Ես (և բոլորս այս շրջանում) պայքարում եմ, այո՛, պայքարում եմ սովորել տասներկու տարվա նյութը մեկ տարում, և ինձանից պահանջում են անել անհնարինը՝ ասելով, որ մենք «կենսագրություն ենք կերտում»։ Կենսագրությո՞ւն. կենսագրություն` հսկայական հիասթափությունների, սթրեսների հաշվին։ Իհարկե, այս շրջանում բոլորն են պայքարում ինչ֊որ բանի համար, բայց շատերի պայքարն ինձ համար պարզապես ինքնահաստատման ձև է, ցույց տալ որևէ մեկին կամ մի քանիսին, որ գիտեն ավելին, քան դիմացինը։ Պայքարում են նույնիսկ ուսուցիչներս, որն  ինձ համար պայքար չէ։ Նրանք ինձ ու իրենց բոլոր դիմորդներին տեսնում են պոտենցիալ 20-ներ ու դրա հետ մեկտեղ մտածում ոչ թե մեր (իմ), այլ այն մասին, որ իրենց աշակերտը ստանա բարձր միավոր («Դե, մեր անունն է, վերջիվերջո, երեխեք ջան»)։ Պարզ է, հիասթափություն եղել է նաև իրենցից (մասամբ), բայց ամենամեծ ձեռբերումներից էր Իմ Ավոյանը, որն ինձ բացի անգիրներ տալուց սովորեցրեց այն ամենը, ինչ պետք է ՄԱՐԴ լինելու համար։

Կստեմ, եթե ասեմ, որ չեմ տխրի բարձր միավոր չստանալուց, բայց բոլորս կստանանք այնքան, որքան սովորել և աշխատել ենք: Էնպես որ, աշխատենք մեզ համար, մեր հանգստության ու մեր խղճի առաջ հանգիստ լինելու համար, որ խաղաղ մտնենք քննասենյակ։

Իսկ վերջում մի քանի խորհուրդ, որոնք ձեզ հետ կիսում եմ սեփական փորձիցս: Առաջինը. պահեք ձեր կողքին էն մարդկանց, ովքեր հավատում են ձեզ, որովհետև ես, զգալով այդ հավատը, անում եմ այնպիսի բաներ, որոնց մասին չէի էլ պատկերացնի, որ կարող եմ։

Հաշվի չառնեք երբեք, թե ինչ կասեն ու կմտածեն ուրիշները, որովհետև իրենք չեն անցկացրել էն անքուն գիշերները, իրենք չեն անցել էն լարվածության միջով, ինչ դուք։ Չթողնեք նույնիսկ ձեր ծնողներին, որ իրենց չիրականացած երազանքները տեսնելով ձեր մեջ, ձեզ դարձնեն իրենց կամակատարը։ Արեք այն, ինչ ցանկանում եք, նույնիսկ եթե դա կլինի բուհում չսովորելը. կոտրեք կարծրատիպերը, ցույց տվեք, որ նախասիրություններն ու երազանքներն ավելի բարձր են, քան անվանի համալսարաններում սովորելը։

Հ.Գ. Մնացած զգացողություններով կկիսվեմ, երբ ավարտվի ինձ այսքան հիասթափություն ու սթրես պատճառող, բայց միաժամանակ հաճելի ու բացահայտումներով լի շրջանը: