mariam tonoyan

Նամակ երկնքից

Երկնքի անթափանց կապույտը՝ սպիտակ, բամբակե հետագծով կարկատած ինքնաթիռը սահում է վերևում։ Կապույտ անորոշությանը աստիճանաբար խառնվում են հույսի մի քանի ամպիկներ. վերևում միշտ հույս կա, ինչ-որ մեկը պետք է պահի, չէ՞, երկինքը, որ այն չփլվի մեր գլխին։

Քաղաքը շշուկների մեջ է, իմ քաղաքը աղմկել չի սիրում, իսկ աղմուկը կա՛մ շատ կտրուկ ու կարճ է լինում, կա՛մ բնության ձայների հետ միատոն՝ ասես վախենալով խանգարել մեկի անդորրը, մեկին արթնացնել խորը քնից։ Սիրում եմ այս լռությունը վայելելը։ Ամեն տեսակ լռության պատրաստ եմ, բայց աղմուկին դիմանալը բարդ է։ Ժամերով պատրաստ եմ նստել պատշգամբի իմ անկյունում ու անխոս հետևել քաղաքի շշուկներին՝ ականջ դնելու նման։ Իսկ երբ ինտերնետ չունեմ, ընթերցանությունից բացի միակ զբաղմունքս մեր տան բարձրից քաղաքի փոփոխվող գույներին ու տրամադրությանը հետևելն է։

Մտախզբզանքներով զբաղված՝ հանկարծ նկատեցի, որ թելից կախված մի թուղթ վերևից անսպասելի, դանդաղ ներքև է իջնում։ Երբ հասավ այն բարձրության, որ ձեռքս կհասներ, բռնեցի, հանեցի վրայից լվացքի ամրակալը, բացեցի թուղթը և կարդացի. «Ա՞ր, Արա՞քս, տեղո՞ւմ ես»։ Արաքսը քույրս է: Վեր նայեցի։ Արամեն էր՝ մեր հինգերորդ հարկի հարևանի տղան, ձեռքս թափահարեցի՝ ի նշան ողջույնի։

-Արա՜քս,- փույթով կանչեցի քրոջս, և երբ եկավ, ես, նման նամակագրական գաղափարից հիացած ու զարմացած, ծիծաղով շարունակեցի,- նամակ ունես։

Արաքսը վազեց գրիչի հետևից։ Չանցած մեկ րոպե` պատասխան նամակը պատրաստ էր. «Կիջնե՞ս դուրս խաղալու»։ Ամրակալը վրան խփեց, երկու անգամ ձգեց թելը՝ այդպիսով նշան տալով, որ նամակը հետ քաշելու ժամանակն է։ Դանդաղ-դանդաղ, օդում պտույտներ գործելով, ու երբեմն լվացքի պարանների արանքում խճճվելով՝ ինքնաթիռի նմանվող նամակը առաջին հարկի մեր պատշգամբից ուղևորվեց դեպի ամենավերին՝ հինգերորդ հարկը։ Երկրորդ, երրորդ, չորրորդ հարկ, շուտով հինգերորդ, և Արամեն ստանում է նամակը։

-Չդիմացար, էլի, առանց ինտերնետի,- կատակի եմ տալիս,- վերջը նամակ գրելու մի ձև մոգոնեցիր։

-Երբ չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար,- մեջբերեց քույրս։

Մինչ նամակը կիջներ, Արաքսը վազեց տուն։ Քիչ հետո վերադարձավ թխվածքներով լի ամանով։ Պատասխանը հասել էր. «Չէ՜, շոգ ա, հովը ընկնի, նոր կիջնենք դուրս»։

Քույրս գրեց. «Պեչենի կուզե՞ս», համեմեց նամակը ծիծաղող սմայլներով, տոպրակի մեջ դրեց մի կտոր թխվածք, ամրացրեց թելին, ստուգեց ապահովությունը և երկու անգամ ձգեց թելը։

-Բա որ Ալլա տատիկենց տուն ընկնի՞,- չեմ դադարում հրճվել ես՝ ճոճվելով վեր բարձրացող տոպրակի ընթացքին հետևելով։

-Հա, ոչինչ, մի կտոր էլ թող Ալլա տատիկը համտեսի,- ծիծաղեց Արաքսը և վեր նայեց։

Ծանրոցը դեռ նոր երրորդ հարկ էր հասել։

-Հը՞, Արամ, կապը թո՞ւյլ ա, նամակս չի հասնո՞ւմ։

Վերևից լսվում է Արամեի զրնգուն ծիծաղը։ Հաջորդ նամակի բովանդակությունը շատ համեղ էր։

«Սովորություն է դառնալու,- մտածում եմ,- հաստատ էսպես շատ ենք հաղորդակցվելու»։

Այսպիսի նամակները պարզ են, հստակ են ու անմեղ, անկեղծ, ավելի ուրախ, քան վիրտուալ աշխարհում, ավելի զվարճալի, միապաղաղությունից, խաբեությունից զերծ…

Եթե մի օր հանկարծ վերևից քեզ էլ նամակ իջնի, ոչ մի դեպքում չանտեսես, ուշադրությամբ կկարդաս ամեն տող ու համապատասխան պատասխան կշարադրես։ Գուցե դա թղթե չլինի, գուցե հստակ հասցեատիրոջից չլինի, բայց վերևից եկած նամակները անտեսել չի կարելի, վերևում շատ հույս կա, ինչ-որ մեկը պետք է պահի, չէ՞, երկինքը, որ այն չփլվի մեր գլխին։

meri avetisyan

Կարմիր կակաչները

Ցամաքաբերդի լքված ու մոռացված հյուրանոցի մոտ բուսնող միակ ծաղիկները կարմիր կակաչներն են: Հյուրանոցի կառուցման հստակ տարեթիվը ինձ հայտնի չէ, և դա այդքան էլ էական չէ: Կառույցը ունի գեղեցիկ և տարօրինակ տեսք և անցորդներին միշտ գրավում է հաղթանդամ դիրքով, որքան էլ որ այն ավերված լինի:

Ցամաքաբերդի լեռների մառախուղի մեջ հպարտ ցցված շինությունում նախկինում աշխատում էր տեղի բնակչության զգալի մասը, և այն շատ մեծ հնարավորություն էր տալիս զբոսաշրջիկներին` տեսնելու լիճը բարձրությունից, զգալու նրա մոգական ազդեցությունը ու կատարյալ մաքուր օդը: Հյուրանոց եկող զբոսաշրջիկների մեծ մասը ծանոթանում էր նաև Ցամաքաբերդի հանճարեղ, իմաստուն, հյուրասեր բնակչության հետ, և վստահ կարող եմ ասել, որ երբեք չէին մոռանում Սևանի յուրօրինակ ուրցը, սառնորակ, բնական աղբյուրները և այդ փոքրիկ թաղամասում գտնվող չքնաղ եկեղեցին, որի կողքին էլ գտնվում էր տեղի միակ միջնակարգ դպոցը (որը այժմ իմն է): Ես քայլում էի այդ ճանապարհով, և հանկարծ վայրագ քամին քշեց նուրբ կակաչների թերթիկները, հետո նկատեցի, որ մի կակաչ համառորեն պայքարում էր քամու դեմ, հյուրանոցի պատի տակ:

-Այս հյուրանոցում տատիկս է աշխատել,- ասացի ես:

-Այս հյուրանոցում բոլորս ենք աշխատել,- ինձ դիտողություն արեց մի պապիկ:

-Իսկ ինչո՞ւ հիմա չի գործում,- հարցրի ես:

-Հյուրանոցը գնել էր մի արտասահմանցի և փորձում էր այն վերանորոգել և շահագործման հանձնել, բայց մեր նախկին իշխանությունը ցանկացավ ևս մասնբաժին ունենալ հյուրանոցից, իսկ գնորդը չհամաձայնեց, քանի որ մեր իշխանությունը ուզում էր մասնաբաժնի մեծ մասը: Եվ այդպես մոտ երկու հարյուրից ավելի մարդ զրկվեց աշխատանքից:

-Իսկ եթե հիմա վերանորոգվի ու շահագործման հանձնվի՞:

-Օ՜,- հառաչեց պապիկը,- դա շատ լավ կլինի, միայն թե մեկը խոսի սրա մասին:

-Ես կփորձեմ մի բան անել:

-Ցամաքաբերդի՞ց եք,- հարցրեց պապիկը:

-Ո՛չ, այստեղ տատիկս է ապրում, և բացի դրանից` ես այս դպոցում եմ սովորել,- մատով ցույց տվեցի դպրոցս. այն հյուրանոցից ներքև էր գտնվում,- այս տարի ավարտեցի,- շարունակեցի ես:

-Հա՜, մեր գյուղը լավն է, մեր դպրոցը լավն է, որ հյուրանոցն էլ բացվի, շատ լավ կլինի, մեկ էլ ճանապարհները պիտի վերանորոգվեն: Բա ինչի՞ ես կանգնել էդտեղ, քամի է, տուն գնա:

-Կգնամ, ուզում եմ տեսնեմ` քամին կպոկի՞ կակաչը, թե՞ չէ:

-Իմ աղջիկ, կակաչը հայի պես է՝ ամեն դժվարության դիմանում է, մի անհանգստացի, քամին չի պոկի, գնա տուն, ուշ է: Ես էլ տեսնեմ` ուր է կովս, ինձ չի լսում, թե սենց շարունակվի, վայթեմ ծախեմ, հաա՜, բա ես ոտք ունե՞մ, որ դրա հետևից վազեմ,- բարկացավ պապիկը,- հենա՛, դու հլը նայի` էն փոսի մեջ է, սաղ գյուղը խոտ է, ինքը գնացել մտել է փոսը, վա՜յ, նայի՛ր, այնտեղ կակաչներ էլ կան , տեսնո՞ւմ ես:

-Այո՛, բայց քիչ են, հյուրանոցի կողքի բլուրների վրա ավելի շատ կան:

-Ճիշտ ես նկատել, բայց կակաչների համար դժվարություններ չկան, նրանք դիմանում են ամեն ինչին, դրա համար էլ բլուրի վրա են բուսնել, էլ ուրիշ որտե՞ղ:

-Ինչպես հայե՞րը:

-Ինչպե՛ս հայերը:

Այն, որ Ցամաքաբերդը Սևան քաղաքի թաղամասերից մեկն է, դա փաստ է, բայց տեղացիները փոքրիկ տարածքին գյուղ են անվանում, և դա ոչ մի փաստաթուղթ չի կարող փոխել, ինչպես և չի կարող փոխվել այն, որ Սևանա լճին ծով ենք անվանում: Իսկ եթե բացվեր հյուրանո՞ցը, անկասկած, եկվորներն էլ կտեսնեին երկրային դրախտը ու աշխարհի ամենաբարի մարդկանց:

Alla Virabyan

Կյանքը Մովսեսում

Ես ապրում եմ Տավուշի մարզի սահմանապահ, այլ ոչ թե սահմանամերձ Մովսես գյուղում, որտեղ մի քանի մետր հեռավորության վրա ապրում է նաև թշնամին: Այստեղ մարդիկ արտասովոր չեն ապրում, ապրում են այնպես, ինչպես բոլորը, ուղղակի, երբ քաղաքում հրավառություն է լինում, և բոլորը ուրախանում են, գյուղում կրակոցներ են լինում: Եվ ինչպես ամեն ուրախ կամ տխուր օրվանից հետո` առավոտյան մարդիկ վերադառնում են իրենց կյանքին, գյուղացին էլ գնում է հողամաս, ու հանկարծ սկսվում են կրակոցները: Մի այդպիսի օր, երբ Սերյոժա պապն իր ավանակին լծած սայլակով հասել էր իր հանդը, սկսեցին կրակել:

-Նրանք ըլյե՞տ սկսեցին կրակիլը: Վայ, ծեր տունը շինվի:

Եվ հենց այդ ժամանակ հակառակորդի արձակած գնդակը դիպչում է Սերյոժա պապի ոտքին: Վիրավոր պապը մի կերպ սողալով մտնում է թփերի տակ, բայց հասկանում է, որ երկար այդտեղ մնալ չի կարող, արնաքամ կլինի: Շտապում է դեպի սայլը, պառկում սայլի մեջ: Նույն վայրկյանին գնդակը դիպչում է նաև ավանակի ոտքին: Կենդանին ցավից ձայներ է արձակում:

-Քնա, քնա, գոնե փրկվենք,- ասում է պապիկը:

Կենդանին չի հանձնվում և արնաքամ լինելով` արդեն ուժասպառ, տիրոջը հասցնում է տուն, ձայներ հանում` իմաց տալու տանեցիներին իր տիրոջ` վիրավոր լինելու մասին, և ուժասպառ լինելով` նույն պահին սատկում է:

Պապիկը ողջ է շնորհիվ իր հավատարիմ ընկերոջ` ավանակի, որին գյուղացիները անգամ անուն չեն տալիս: Հիմա էլ գնում է իր հանդամասը, բայց արդեն մենակ:

Կյանքը Մովսեսում շարունակվում է, սովորական իր հունով. մի օր կրակում են, մի օր տանից դուրս գալ խորհուրդ չեն տալիս, բայց այստեղ ապրող թե՛ մեծահասակները, թե՛ փոքրահասակները, անգամ կենդանիները,  ապրում են, պայքարում և չեն հանձնվում:

ArtBus-Գունատեղ Արտենիում

Յուրաքանչյուր տարի դպրոցի աշակերտական խորհուրդները պետք է իրականացնեն ծրագիր, այն պետք է լինի դպրոցի ներսում կամ համայնքում։ Արտենիի միջնակարգ դպրոցի ԱԽ-ն որոշեց, որ այս տարի իր ծրագիրը պետք է լինի համայնքային։

-Երեխեք, եկեք հետաքրքիր ու այնպիսի ծրագիր անենք, որ չկա մեր գյուղում, և օգտակար կլինի բոլորի համար:

-Երեխեք, մեր գյուղում ի՞նչ չկա:

-Ժամանցի վայր, որտեղ երեխաները կարող են անցկացնել իրենց ազատ ժամանակը:

-Եկեք ավտոբուս գտնենք, ներկենք, վերանորոգենք ու կդառնա հավես տեղ։

Եվ երկար ժամանակ մենք ավտոբուս էինք փնտրում: Կային մի քանիսը, բայց անընդհատ ինչ-որ բան չէր ստացվում: Եվ վերջապես մի օր հեռախոսիս նամակ ստացա. «Ավտոբուսը բերել ենք, արդեն գյուղում ա, վաղը հավաքվենք, որ որոշենք` ինչ անենք»:

Ավտոբուսը բերելուց հետո մի քանի աշակերտներ գնացին համայնքապետի մոտ, որպեսզի ներկայացնեն մեր ծրագիրը և բյուջեն, թե որքան գումար է հարկավոր ավտոբուսը վերանորոգելու համար։ Համայնքապետը մեզ ընդառաջեց և տրամադրեց բյուջեին համապատասխան գումարը, և մենք սկսեցինք մեր աշխատանքները։

Երկար ժամանակ որոշելուց հետո, թե ինչ տեսք պետք է ունենա մեր ավտոբուսը, ինչ գույներով պետք է լինեն պաստառները, որոշվեց, որ աշակերտները գնան խանութ` կկողմնորոշվեն, կամ մեզ կուղարկեն` մենք կընտրենք։

Հետո մի քանի աշակերտներ գնացին մեզ անհրաժեշտ նյութերը գնելու։ Նյութերը բերեցին, և վերանորոգման առաջին քայլը ներկելն էր: Այդ ընթացքում մենք հյուր ունեցանք` սողուն էր, որը որոշել էր հանգրվանել մեր ավտոբուսում, սակայն մենք փչացրինք նրա նպատակները և հեռացրինք նրան։

Հետո ավտոբուսի ներսում ամրացրեցինք պաստառները, կառուցեցինք հատակ։

Մեր ավտոբուսի համար նաև պետք է ընտրեինք անուն: Երբ ծրագիրը պետք է ներկայացնեինք համայնքապետին, ասացինք, որ այն պետք է անվանենք «ArtBus», որը կբացվեր որպես Art-Արտենի և Bus-ավտոբուս: Ներկայացնելուց հետո մտածեցինք նաև հետաքրքիր այլ անուն տալ ArtBus-ին, և քանի որ մեր ավտոբուսը գունավոր էր, երեխաներից մեկը առաջարկեց դնել «Գունավոր տեղ», հետո մտածեցինք, որ կարելի է ստեղծել նոր և հետաքրքիր բառ` գունատեղ, և այդպես էլ արեցինք. մեր ավտոբուսը անվանեցինք «ArtBus-Գունատեղ»։

Մեր ArtBus-Գունատեղը պետք է ներկայացնեինք նաև Coaf-ի Սմարթ կենտրոնում, և ներկայացնելով մեր ծրագիրը` հիացրինք և զարմացրինք բոլորին, և մեր ծրագիրը համարվեց լավագույն ստեղծարար ծրագիր։ Պաշտոնական բացումը արեցինք հունիսի 19-ին։

Այսօր արդեն գործում է մեր ArtBus-Գունատեղը:

Համեցեք մեզ հյուր:

seda mkhitaryan

«Նոր Վանաձոր» ուսանողական նախաձեռնություն

«Նոր Վանաձորը» Վանաձորի պետական համալսարանի մի խումբ ուսանողների նախաձեռնությունն է։ Ուսանողական խումբը ստեղծվել է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Նախաձեռնության անդամ, ուսանողուհի Լուսէ Բաբախանյանի խոսքով խմբի գլխավոր նպատակը քաղաքում առկա խնդիրների բացահայտումն է։ Նույնանուն ֆեյսբուքյան էջում խմբի անդամները պատմում են այն խնդիրների մասին, որոնք հանդիպում են իրենց ճանապարհին։ Լուսանկարներ, տեսանյութեր, սրանք այն գլխավոր միջոցներն են, որոնցով ուսանողները արձագանքում են խնդիրներին։ «Նոր Վանաձոր» նախաձեռնության անդամները սակայն չեն սահմանափակվում միայն խնդիրների բարձրաձայնմամբ, այլ նաև փորձում են աջակցել դրանց լուծմանը։ «Մենք պահում ենք կապը երիտասարդության և քաղաքապետարանի միջև։ Մենք հրավիրում ենք համայնքապետարանի ուշադրությունը մեր քաղաքի խնդիրների վրա»։ Երիտասարդները հաճախ անձամբ մոտենում են համայնքապետարանի աշխատակիցներին, խոսում, պատմում խնդրի մասին։ Լուսէն ասում է, որ իրենց բազմաթիվ նկարներից և հորդորներից հետո աղբահանությունը ավելի լավ է սկսել իրականացվել։ Բացի խնդրի մասին խոսելը` խումբը նաև իրականացնում է սեփական ակցիաները։ Նրանք կազմակերպում են շաբաթօրյակներ։ Խմբի գլխավոր նպատակներից մեկը քաղաքի գետերի հուների մաքրումն է։ «Տանձուտ գետի երկայնքով տեղադրված աղբամանները բաց են և քամին ու կենդանիները աղբը տարածում են, լցնում գետի մեջ, արդյունքում ունենում ենք աղտոտված գետ»։ Խմբի անդամները նախատեսում են ամռան ընթացքում մաքրել գետի շրջակայքը։

«Նոր Վանաձորի» ուղղվածությունը միայն բնապահպանական չէ։ Նրանց ջանքերով ցանկապատվել է Դիմաց թաղամասի գրադարանը։ «Գրադարանը օպտիմալացվել էր, և տարածքը անբարեկարգ էր, մարդիկ գողանում էին գրքերը»։

Այսպիսով նախաձեռնությունը շարունակելու է իր աշխատանքը` նպաստելով ավելի մաքուր, բարեկարգ ու նոր Վանաձոր ունենալուն։

Mary Yengoyan

Բալին

-Մա՜ր, գիտե՞ս, 3 շաբաթ ա արդեն` խանութիս կողքը նորածին շունիկ կա: Կերակրում եմ, էնքա՜ն լավն ա:

-Պապ, մոռացե՞լ ես, ես շներից վախենում եմ…

Ասացի ու հորս բարի գիշեր մաղթելով գնացի իմ սենյակ: Մտածում էի, թե ինչու եմ մանկության տարիներին երազել շան մասին: Միգուցե հիմա՞ էլ հոգուս խորքում երազում եմ շուն ունենալու մասին:

Անցավ մի քանի օր, և հայրս որոշեց նրան մեր բակ բերել: Ես շատ վախեցած էի և չէի ցանկանում նրան մոտենալ: Բայց անհնար էր ուղղակի արհամարհել նրան, ու ես որոշեցի նրա հետ ընկերանալ: Ես մոտեցա նրան (այդ ժամանակ դեռ անուն չուներ), շոյեցի, հետո կերակրեցի և որոշեցի, որ Բալի կկոչենք: Անցան ամիսներ, և Բալին դարձավ իմ լավագույն ընկերը: Իմ առավոտը սկսվում էր նրան այցելելով, օրս նույն կերպ ավարտվում էր: Ես նույնիսկ նստում էի նրա կողքին և զրուցում նրա հետ, ինչպես կխոսեի մտերիմ ընկերոջ հետ: Ես այցելում էի նրան, երբ լաց էի լինում, նա մոտենում էր, իր փոքրիկ աչքերը հառում ինձ ու կարծես ուզում էր խոսել ինձ հետ, բայց չէր կարողանում… Ես շատ կապվեցի Բալիին, և հասկացա, որ շանը լավագույն ընկեր չեն դարձնում ո՛չ նրա ցեղատեսակը, և ո՛չ էլ նրա ծագումը:

Անցան ամիսներ, մենք շատ զբաղված էինք և նրան առաջվա պես ուշադրություն չէինք դարձնում: Հայրս որոշեց, որ նրա համար ավելի լավ կլինի, որ նոր տերեր ունենա:
Իհարկե… Նա ավելի շատ ուշադրության է արժանի, իսկ մենք շատ զբաղված էինք: Հայրս նրան հանձնեց իր հին ծանոթներից ինչ-որ մեկին: Իսկ իմ աշխարհը դատարկվել էր: Առաջին օրն առանց Բալիի անցավ ծանր: Ինձ համար աշխարհն այլևս գոյություն չուներ: Մտածում էի, որ շուտով կհամակերպվեմ նրան կորցնելու հետ, բայց սխալվում էի: Բոլորն էին տանը նրան կարոտում:

Մի քանի օր անց ես տխուր վերադարձա դպրոցից, և իմ առջև ելավ իմ լավագույն ընկերը, իմ շունը: Ես լաց էի լինում, չէի գտնում տեղս, չէի կարողանում հավատալ: Հետո հայրս ասաց, որ այն մարդիկ, ովքեր տարել էին նրան, չէին ցանկացել նրան հոգ տանել և վերադարձրել էին:

Երբ Բալին հայտնվեց իմ կյանքում, ես սկսեցի շատ անհանգստանալ փողոցային կենդանիների ճակատագրի համար, որովհետև հասկացա, ինչպիսի՜ հրաշալի արարածներ են նրանք:

Susanna Grigoryan

Ուղղակի այլ կերպ

«Այլ կերպ» խաղը գիտե՞ք: Գնում էինք «Այլ կերպ» խաղալու: Խաղը չսկսած` մեզ արդեն չեմպիոն էինք զգում: Նույնիսկ ընկերուհուս գնած չափից դուրս դառը սուրճը ավելի համով էր, քան երբևէ իմ խմած որևէ այլ բան: Պատահում է, չէ՞, որ քեզ անսահման երջանիկ ես զգում առանց որևէ պատճառի ու առիթի: Մեզ հետ հենց դա էլ պատահել էր: Հետո հանկարծ ինչ-որ մեկը գոռաց.

-Հո քո տունը չէ՞, ի՞նչ ես պառկել, գնա էստեղից:

Էլեկտրիկ կապույտ վերնաշապիկով մարդ էր, գոռում էր նստարանին պառկած պապիկի վրա: Գոռաց, հետո խփեց: Նա էլ ընկավ գետնին ու գլորվեց մի կողմ: Հետո չգիտեմ` ինչ եղավ: Չգիտեմ, որովհետև մենք գնացինք, ուղղակի գնացինք: Իրար չնայեցինք, ոչինչ չասացինք: Ասելու բան էլ չկար:

Մեկ-մեկ ինձ թվում է, որ պապիկը ինձ էր նայում, կարծես ինչ-որ բանի էր սպասում: Բայց հաստատ չեմ կարող ասել: Միգուցե հորինում եմ: Ես ամեն ինչ դրամատիզացնելու վատ սովորություն ունեմ:

Իմիջայլոց ասեմ, որ խաղը լավ անցավ: Մենք երկրորդ տեղում էինք: Ուղղակի կորել էր անսահման երջանկության զգացումը: Երևի նստարանի մոտ էինք թողել:

Anush Muradyan

Թեքահարթակները և բազրիքները Վանաձորում

ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է հաշմանդամների անհատական գրանցման, նրանց կողմից իրենց ընդունակությունների, իրավունքների ու ազատությունների իրացման, Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիների հետ համահավասար հասարակական կյանքի տնտեսական և սոցիալական բնագավառներին մասնակցելու պայմանների և հնարավորությունների ապահովումը: Ինչպես նաև հոդված 21-ի (պետական քաղաքականությունը սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների վերաբերյալ)՝ Հայաստանի Հանրապետության պետական իշխանության և կառավարման մարմինները, ՀՀ տարածքում գործող բոլոր կարգի գործատուները հաշմանդամների համար ապահովում են սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների, բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և կառույցների մատչելիության, հասարակական տրանսպորտից և տրանսպորտային հաղորդակցության, կապի և տեղեկատվության միջոցներից, հանգստի և ժամանցի վայրերից անարգել կերպով օգտվելու պայմանների ստեղծումը: Սակայն պետք է նկատել, որ այս ամենը միայն օրենքով է այդպես, և քաղաքներում գրեթե չկան համապատասխան պայմաններ հաշմանդամների համար:

Հարցազրույց անցկացնելով «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ-ի նախագահ Անուշ Ասլանյանի հետ, պարզվեց, որ Վանաձորում թեքահարթակների և բազրիքների հարցը այդպես էլ չի լուծվում: Մինչ հարցազրույցին անցնելը` ասաց.

-Մեր ՀԿ-ի ֆունկցիան կառուցելը չէ, այլ հսկելը, որպեսզի կառուցեն (օրինակ՝ Լոռու մարզային զբաղվածության կենտրոնի, Շառլ Ազնավուրի անվան պալատի թեքահարթակները):

Նա ցավով է նշում այն փաստը, որ Վանաձորում բացակայում են թեքահարթակները` ասելով, որ թեքահարթակներից ու բազրիքներից օգտվում են ոչ միայն հաշմանդամություն ունեցող մարդիկ, այլ նաև մայրերը, ովքեր իրենց փոքրիկների հետ սայլակով են զբոսնում, ծերերը և այլն: Այդ ամենը մեծ գումարների հետ կապված չէ:

Պետք է նշել, որ տրանսպորտի խնդիրը ևս շատ մեծ է։ Անուշ Ասլանյանը ասաց.

-Տրանսպորտի վիճակը ավելի ահավոր է։

Նա շեշտը դրեց հենց Երևան գնացող տրանսպորտի վրա, որ մարդիկ ստիպված են լինում օգտվել տաքսիներից, սակայն ոչ բոլոր մեքենաներն են հարմարեցված և ոչ բոլորն են համաձայնում։

-Երևանում կան մի քանի հարմարեցված ավտոբուսներ (կարծեմ` 30), իսկ մեզ մոտ ոչ մի տրանսպորտ չկա։

Եվ ոչ միայն տրանսպորտի հետ կապված, Երևանյան փողոցները, համեմատելով մեր քաղաքի փողոցների հետ, ավելի բարեկարգ վիճակում են, բարձունքներ և անկումներ չկան։ Բայց այնտեղ էլ շատ խնդիրներ կան, օրինակ՝ թեքահարթակների վրա մեքենաներ են կանգնում և այլն։ Շատերը չեն կառուցում` ասելով, որ շինության տեսքը գցում են։ Անուշ Ասլանյանը վերջում հավելեց.

-Թեքահարթակները և բազրիքները ում համար կյանքի գործոն են, ում համար էլ` մոդայի չափանիշ։

Այսպիսով կարելի է ասել, որ Վանաձորում թեքահարթակների խնդիրը մնում է քաղաքի առաջնային հիմնախնդիրներից մեկը։ Հարցերից մեկը նաև այն է, որ բացի պետական ծրագրերից` այլ ծրագրեր նախատեսված չեն այդ խնդիրը լուծելու համար։ Թերևս պետք է նշել, որ եթե յուրաքանչյուրը իր շինության դիմաց կառուցի համապատասխան պայմաններ, մեր փողոցներում կկարողանանք տեսնել նաև այնպիսի մարդկանց, որոնք ունեն քաղաքում տեղաշարժվելու որոշակի խնդիրներ։