Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Նոր մանկապարտեզ Բաղանիսում, կամ` երեխաները կրակից հեռու

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

22.06.2019 թվական: Սա այն օրը, ամիսը և տարեթիվն է, երբ հայրենի գյուղումս՝ Տավուշի մարզի Բաղանիսում, բացվեց շատ երկար սպասված մանկապարտեզը: Շենք, որի կարիքը շատ ուներ գյուղը, գյուղացին և իհարկե, գյուղի փոքրիկները: Այո, ես Բաղանիսից եմ՝ ես չեմ գնացել մանկապարտեզ, ես չգիտեմ` ինչ է դա: Չեմ գնացել մի պարզ պատճառով, որովհետև չկար: Չէ, ավելի ճիշտ կար, բայց որ նայում էիր` չեղածի հաշիվ էր: Շատ ժամանակ, երբ գյուղ էին գալիս դրսից եկածներ, շենքին նայելուց անգամ պատկերացում չէին կարող կազմել, որ դա եղել է մանկապարտեզ: Շինություն, որը գտնվում է Բաղանիսի միջնակարգ դպրոցից մի քանի մետր ներքև, անմխիթար վիճակում: Միայն տուֆից կանգնեցված քարեր, փշրված շիֆերներից կտուր և լուսամուտներ, որոնց ապակին փոխարինվել էր ցելոֆաններով, որոնք էլ իրենց հերթին քայքայվեցին:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Մանկապարտեզ չլինելու գլխավոր պատճառը ոչ թե այն էր, որ չկային երեխաներ, այլ այն, որ շենքը ուղիղ գծով գտնվում էր ադրբեջանական դիրքերի հսկողության տակ, և հեռավորությունը կազմում էր ամենաշատը մեկ կիլոմետր: Կրակոցների պատճառով, ինչու չէ, նաև շենքին վնասներ հասցվելուց, մանկապարտեզը դադարեց գործել: Մի որոշ ժամանակ այնտեղ ամենամեծ սենյակներից մեկը թեթև վերանորոգելուց հետո, թեքվանդոի մարզասենյակ էր դարձել, որը ընթացքում վերանայվելով և դիրքերի դիմաց գտնվող պատը հաստացնելով և պատուհանները փակելով, կարողանում է մինչ օրս տարբեր նպատակներով ծառայել:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Բայց չէ որ մնաց ամենակարևորը՝ մանկապարտեզը, իսկ մանկապարտեզը որքան էլ զարմանալի թվա, տեղափոխվեց գյուղապետարան: Էլի դպրոցին մոտ, էլի նույն կրակոցի տակ, բայց որոշ չափով ապահով, լուսավոր և ավելի լավ պայմաններ: Մի քանի տարի էսպես ասած մի տեղում էին գյուղապետարանը և մանկապարտեզը: Մի կողմից հաճելի էր, մյուս կողմից` զարմանալի էր, երբ գյուղի հետ կապված մի հարցով մտնում ես գյուղապետարան, որտեղ իհարկե պետք է լիներ պաշտոնական քար լռություն կամ աշխատանքային թեթև աղմուկ, բայց լսում էիր մանկական երաժշտություն, երեխաների ծիծաղ, լաց, աղմուկ, իսկ երկրորդ հարկում` հեռախոսազանգերի, տպիչ սարքերի ձայներ: Համագյուղացիներս ուրախ էին նաև սրա համար, որ թեկուզ գյուղապետարանում, բայց կա մանկապարտեզ, և կան երեխաների ձայներ, որ մեծերի հսկողության տակ են որ մի կրակոց լինի` կվազեն երեխաների հետևից:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Բայց այսօր` 22.06.2019թ. դրությամբ գյուղում բացվեց այդքան երկար սպասված մանկապարտեզը, բայց այս անգամ արդեն ոչ հին շենքը վերանորոգվեց, ոչ էլ նոր սենյակ հատկացվեց գյուղապետարանում: Այն կառուցվեց զրոյից, նոր հողամասում, հստակ պլաններով, հստակ նախագծով և ամենակարևորը, այնպիսի մի վայրում, որտեղ անգամ կրակոցների ժամանակ ապահով է: Կտուրը` վառ կապույտ թիթեղից է, լուսամուտները` եվրոպական բարձր արտադրանքի են, իսկ պատերը` տուֆից են առաջվա պես, բայց արդեն ժամանակակից ճարտարապետական մոտեցումով ու մանկական դիզայնով: Ես ու ինձ նման շատ բաղանիսցի պատանիներ մի տեսակ թաքուն նախանձով նայեցինք այն փոքրիկներին, որոնք հաճախելու են գեղեցիկ կահավորած մանկապարտեզը:

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Մանկապարտեզը կառուցվել է «Փարոս» հիմնադրամի և «Զարգացման ծրագրեր հանուն Հայաստանի» կազմակերպության ֆինանսավորմամբ։ Իսկ «Focus on Children Now» կազմակերպությունը կահավորել է այն և բակի խաղահրապարակը, ինչպես նաև կշարունակի հովանավորել երեխաների սնունդը։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նախաձեռնողներին, բարերարներին, շինարարներին, բոլոր նրանց, ովքեր թեկուզ փոքրիկ ներդրում են ունեցել մանկապարտեզի կառուցման գործում։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

 

 

BarCampEVN19

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

- BarCamp-ը Հայաստանում Tech and Media ամենասպասված միջոցառումներից մեկն է, և ես ՝  որպես տեխնոլոգիական բուհի ուսանող և այդ ոլորտի ապագա ներկայացուցիչ, կարծում եմ, որ սա լավ առիթ է հաստատել նոր ծանոթություններ, ձեռք բերել գաղափարակից ընկերներ, լսել հետաքրքիր speech-եր ու մասնակցել ինֆորմատիվ workshop-երի։ Բացի այդ, սա լավ կամավորական աշխատանքի փորձ կլինի և հնարավորություն՝  թույն միջոցառման մի մասը դառնալ․․․

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Մի քանի շաբաթ առաջ ա՜յ, այս տեքստով դիմեցի BarCampEVN19-ի կամավորական թիմում ընդգրկվելու համար։ Եվ հիմա՛, ես այստեղ եմ, որպեսզի լուծեմ Big Hall-ում ունեցած ձեր բոլոր խնդիրները, ուղղորդեմ՝ եթե հանկարծ մոլորվեք տարածքում, և վերջապես վայելեմ Հայաստանի ամենաթույն իրադարձության մի մասնիկը լինելս։ Հիմա իմ առաքելությունն եմ համարում այնպես անել, որ այս օրը բաց թողած բոլոր ընթերցողներս գոնե մի քիչ ափսոսան։ Կարճ ասած, հիմա այստեղ «թույն» բառի գործածման ճշտությունը պետք է ապացուցեմ։

Ուրեմն օրը սկսեցինք նախապատրաստական աշխատանքներից, արդեն ժամը 10։00-ից Registration-ում աշխատող կամավորների առաջ մեծ հերթ կար։ Բայց այդտեղ աշխատող կամավորները, արդեն նախորդ տարիներով կոփված էին և պատրաստ էին առաջիկա մի քանի ժամվա ընթացքում սպասվող փորձություններին։

Դե ինչպես երևի արդեն հասկացաք, իմ աշխատանքային տիրույթը Big Hall-ն է։ Այս, ինչպես նաև մնացած 6 ավելի փոքր սենյակները նախատեսված են խոսնակների ելույթների համար։ Այսօր Big Hall-ում ավելի քան 10 ելույթ լսեցի և պետք է նշեմ, որ դրանք բոլորը խիստ տարբերվում էին միմյանցից, կարծում եմ սա կարևոր առանձնահատկություններից մեկն է։ Նույնիսկ նույն սենյակում 7 ժամ նստելու ընթացքում չես հասցնում ձանձրանալ։ Դրան իհարկե նպաստում է ելույթների դինամիկ փոփոխությունները, spiker-ների և լսարանի հետադարձ կապը, որը թույլ է տալիս լսողին ներգրավված լինել ելույթի ամբողջ ընթացքում և նոր գիտելիքներ ստանալուց բացի՝ կիսվել նաև սեփականով։

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Բոլոր ելույթների մասին խոսել չեմ կարող, բայց մի քանիսը հաստատ պետք է առանձնացնեմ։

Եթե մտածում եք, որ BarCamp-ը միայն IT-ի մասին է, և դուք որպես այլ ոլորտի մասնագետ այստեղ ոչինչ չեք սովորի, ուրեմն մտափոխվելու ժամանակն է։ Big Hall-ի երկրորդ խոսնակը Անաստասիա Կալաշնիկովան էր, ով մասնագիտությամբ հոգեբան է և մեզ պատմեց թիմային աշխատանքի վրա՝ այդ թիմում ընդգրկված մասնակիցների հոգեկան, ֆիզիկական վիճակի ազդեցության մասին։ Օրինակ՝ գերհոգնածությունը, փաստորեն մեծ ազդեցություն է թողնում ինչպես թիմային աշխատանքի, այնպես էլ՝ ոչ օբյեկտիվ սեփական անձը գնահատելու վրա։

- Ընկերներիցս մեկը օրինակ՝ վերջերս բողոքում էր, որ շաբաթ օրը քնել է և չի աշխատել։ Նա դա վերագրում էր իր ալարկոտությանը և ոչ պրոֆեսիոնալիզմին։ Այդպես շատերն են անում․․․

Իսկ այ, IT և Media ոլորտների մասնագետներին հաստատ կհետաքրքրեին PM (product management)-ի և Digital Marketing-ի մասին topic-ները։

Մի քիչ PM-ի մասին․

-Իրականում product manager-ի աշխատանքը շատ մեծ skill-եր է պահանջում, բայց երբ որ հարցնում են, օրինակ, ինչպես եք գնահատում PM-ին, հաճախ այնպիսի խոսակցություն է տեղի ունենում, որ PM-ը պետք է պատասխանատու լինի և այլն, այսինքն soft skills-ների մասին են խոսում։ Մարդիկ հաճախ չեն գիտակցում, թե ինչ ակնկալիքներ պետք է ունենան տվյալ մասնագետից․․․

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Այստեղ պարզեցինք նաև, որ product management-ի ու project management-ի նմանությունը միայն PM հապավման մեջ է կայանում։ Այսինքն, սրանք երկու տարբեր գործառույթներ իրականացանող մասնագիտություններ են։ Ու սրանից հետո իրենք լիքը հետաքրքիր ինֆորմացիա են տալիս, որոնք ձեզ հետ չեմ կիսի, միայն կասեմ, որ եթե ուզում ես լավ PM լինել, պետք է լավ product-ի հետ աշխատես․․․

Վերևում գրված բազմակետերի տեղում recording-ս առաջ եմ տալիս, որ մի երկու բառ էլ «Digital Marketing»-ի մասին պատմեմ։ Ուրեմն այստեղ Լիլիթը ասում է, որ շատ կարևոր է՝ թե ինչ լսարանի համար ես աշխատում և այն content-ը, որը մատուցում ես լսարանին․

-Առաջ, երբ ինֆորմացիայի տարածումը հիմնականում թերթերի միջոցով էր տեղի ունենում, առանձնապես երկխոսություն լսարանի հետ ստեղծելու հնարավորություն չկար։ Իսկ հիմա յուրաքանչյուր բովանդակություն, որը դուք ստեղծում եք ձեր թերթի կամ բրենդի համար, պետք է անպայման երկխոսություն ստեղծեք լսարանի հետ և հստակ իմանաք` ով է ձեր լսարանը․․․

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

BarCamp-ին նաև այլ երկրների ներկայացուցիչներ կային, օրինակ, խոսնակներ՝ IBM-ից, Yandex-ից և այլն։ Big Hall-ում օրը վերջացրեց Տիգրան Մկրտչյանը, խոսեց Facebook-ում ճիշտ և օգտատերերի համար գրավիչ հոլովակներ ստեղծելու գաղտնիքների մասին։

Եթե գոնե մի քիչ հասցրեցիք մտովի BarCamp-ի մի մասնիկը դառնալ, ուրեմն նյութս ինչ-որ բան արժեր։

susanna harutyunyan girq erkrord kiraki

«Երկրորդ կիրակին ներառյալ»

«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի արդյունքները, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին:

Վերնագրերի ընտրությունը և պատկերավորման միջոցները Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» գրքում

Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» ժողովածուն հայ արդի գրականության փայլուն էջերից է։ Ժողովածուում զետեղված 19 պատմվածքները ներկայացնում են հայ մարդուն և առհասարակ մարդուն, կյանքի տարբեր տեսանկյուններից և տարբեր իրավիճակներում։ Գրեթե բոլոր կերպարներն էլ ունեն հոգեբանություն և յուրահատկություն։ Նրանք ունեն միայն մեկ ընդհանուր գիծ՝ վերցված են կյանքից, և նրանցից շատերն ապրում են հենց մեր կողքին։ Բնականբար դժվար է ստեղծել այնպիսի կերպարներ, որոնք գրավեն մերօրյա ընթերցողներին։ Սույն ժողովածուում թերևս, կան այդպիսիք։

Նախ անդրադարձ կատարենք վերնագրերին։ Նշենք, որ դրանք այնպես են ընտրված, որ շարժում են ընթերցողի հետաքրքրությունը և ստիպում անպայման կարդալ տվյալ պատմվածքը։

Վերնագրերից շատերի իմաստը հասկացվում է պատմվածքի մեջտեղում կամ վերջում։ Օրինակ՝ «Երկրորդ կիրակին ներառյալ», «Հումուսը», «Second hand», «Վերջին Թամերլանը», «Փետրահան երազանք» և այլն։

Կան պատմվածքներ էլ, որոնց վերնագիրը անմիջապես հուշում է, թե ինչի մասին է խոսքը, օրինակ՝ «Ժառանգություն», «Խևերի մասին» և այլն։

Բնականաբար կերպարաստեղծման համար կարևոր նշանակություն ունեն համեմատությունը, փոխաբերությունը, մակդիրը։

Սույն ժողովածուում ավելի շատ հանդիպում ենք համեմատությունների։ Դրանք երբեմն արված են տարածված դարձվածքների կամ ժողովրդախոսակցական արտահայտությունների միջոցով։ Վերջիններս պատմվածքը կամ տվյալ հերոսին դարձնում են ավելի իրական, շոշափելի, բնական, իսկապես կյանքից վերցրած, օրինակ ՝ «կատաղած շան պես պոչն առնել բերանը» և այլն։

Բազմաթիվ են կերպարն ամբողջացնող համեմատությունները, օրինակ «Քահանայի աստվածաշնչի չափ օգտագործած…, Հլա դրա ծոցից թափվող սոված շանթուլեքի պես լփլփան ծծերը…»:

«Տեգրը մահապատժի տեսակ է, այն՝ որ շարունակաբար սառը ջրի կաթիլ են կաթեցնում ուղեղին մինչև խելագարվելը»։

Կան նաև իրավիճակային համեմատություններ, որոնք ավելի դիպուկ ու տեսանելի են դարձնում տվյալ գործողությունը, օրինակ՝

«Թևերն անկառավարելի թափահարում էր, որպես վարարած, սեփական ափերը ծամող գետ…»,

«Եվ արյունը խրտնած ցայտեց, ինչպես արշալույսին արևի շողերն են հանկարծակի ցայտում աշխարհի երեսին»,

«Փտած գերանը կոտրված ոսկորի պես…»,

«Այնպես խորը և ի խորոց, որպես սիրում են պոետները, լուսնահաչ էր տալիս մի շուն…»։

Հանդիպում ենք նաև փոխաբերությունների, որոնք ամբողջացնում և ավելի ազդեցիկ են դարձնում տեսարանը, օրինակ՝

«Սարերի մոխրագույն բազալտը մորթվող անասունի կռռոց էր հանում, ավազ-ավազ մաղվում ցած»։

Պատմվածքների մեծ մասն ունի անսպասելի ավարտ։ Սկզբում հասկանում կամ պատկերացնում ենք այլ բան, իսկ վերջում ուղղակի զարմանում հեղինակի կատարած վարպետորեն անցումից և անսպասելի ավարտ ստեղծելուց։ Այդպիսի պատմվածքներ են «Լուսնի մահվան օրը», «Փետրահան երազանք», «Քարքարոտ երկինք» և այլն։

Պատմվածքներում կերպարների շուրթերից հնչում են բազմաթիվ մտքեր, որոնք կարող ենք համարել աֆորիզմներ։ Դրանք պատմվածքը դարձնում են ավելի գեղարվեստական։ Օրինակ՝

«Ցավեր ու վախեր կան, որ չնայած պատճառած ողջ դառնությանը, քո ներքին հարստությունն ես համարում ու պատրաստ չես որևէ մեկի հետ կիսել»։

Հեղինակը սույն ժողովածուում՝ պահպանելով պատմվածքի ավանդական չափանիշները, դրանց հետ համատեղելով արդի գրականության նոր ձևերն ու հնարները, ստեղծել է մի պատմվածքների ժողովածու, որն արժանի է տեղ գտնել ընթերցողների սեղանին։

susanna harutyunyan girq erkrord kiraki

«Երկրորդ կիրակին ներառյալ»

«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի արդյունքները, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին: marine israyelyan

Գրողը մի յուրօրինակ նկարիչ է, որի վրձինը բառերն են, իսկ ներկապնակը կյանքն է՝ շաղախված նկարչի մարդկային արժեքներով:

«Երկրորդ կիրակին ներառյալ». առաջին հայացքից ոչինչ չասող այս վերնագրի ներքո մի իսկական պատկերասրահ է, որտեղ նկարներից անուղղակի հայացքով մեզ ենք նայում հենց մենք:

Սուսաննա Հարությունյանի պատմվածքների այս ժողովածուն ինձ համար հետաքրքիր բացահայտում էր: Գրականագիտական տեսանկյունից երբեմն շատ դժվար է լինում տարրորոշել պատմվածքի ու նովելի սահմանը. երկուսն էլ արձակ շարադրանքով գեղարվեստական ստեղծագործություններ են, սակայն նովելն առանձնանում է իր սեղմությամբ և սյուժեի անսպասելի հանգուցալուծմամբ: Ս. Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» ժողովածուի գործերն ավելի շատ նովել կոչվելու հավակնություն ունեն, որովհետև մի քանի էջի սահմաններում հեղինակը կարողացել է ստեղծել գաղափարապես ամբողջական, հետաքրքիր ընթացքով ու անսպասելի վերջաբանով գործեր, ներկայացնել մեծ աշխարհի փոքրիկ մարդկանց: Ավելի հեշտ է գրել հերոսների մասին, որոնց վերագրում ենք իդեալական հատկանիշներ, իսկ ինչպե՞ս ներկայացնել մեր կողքին ապրող մարդկանց, որոնց հաճախ ուշադրություն իսկ չենք դարձնում, լուսավորել նրանց հոգին, ձգտումներն ու երազանքները, և այդ անել ոսկերչական այնպիսի մանրամասնությամբ, որ այդ մարդիկ վերածվեն կերպարի ու սիրելի դառնան ընթերցողին, որ նրանց մեջ, նրանց ապրումներում գտնենք ինքներս մեզ:

Հետաքրքիր է «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքի գաղափարական հիմքը, որն է՝ վերադարձ: Մենք բոլորս էլ ապրում ենք վերադարձի հույսով՝ վերադարձ մանկություն, վերադարձ այնտեղ, որտեղ երջանիկ ենք եղել, նաև տառապել ենք, հավերժ վերադարձ այնտեղ, որտեղ մեր կյանքից ու մեզնից պատառիկներ ենք թողել: Այդպես և պատմվածքի հերոսը՝ Արգոն, քաղաքի ինչ-որ մոռացված շենքի ավելի՛ քան մոռացված գետնահարկում օրերը սպառելով՝ կյանքը գունավորում է իր հարազատ օջախի բարգավաճման համար անդուլ պայքարով: Արգոն միշտ վերադառնում է` ժամանակ առ ժամանակ ուղղակի փախչելով քաղաքի աղմուկից ու մարդկային խեղված հարաբերություններից, վերադառնում է իր տուն, ուր արյուն-քրտինքով կառուցելով՝ վերագտնում է իր հոգեկան ներդաշնակությունը. «Հայերը չունեն քավարան, նրանց քավարանը համատեղվում է կյանքի հետ»:

Պատմվածքներում հաճախ է հանդիպում, երբ ողջ ընթացքում կարմիր թելի պես ձգվում է գաղտնիքը, առեղծվածը. «Արևելյան պատի տակ» վերնագրով պատմվածքի մեջ այդպես էլ հեղինակը չի պարզաբանում, թե ինչն է քահանայի մեղքը, որն այդքան զայրացրել է Շուշանին: Ինչպիսի հակադրություն` քահանա և մեղք, բարոյականության երեսին նետված ինչպիսի հեգնանք, բայց վարագույրի ետևում կյանքի իսկական դեմքն է՝ երբեմն նույնիսկ անճոռնի ու մերկապարանոց: Այդ դեմքին առերեսվելուց է գեղջկական մաքուր հոգով Շուշանը քահանայից խելագարի նման հետ պահանջում իր մեղքերը:

«Ժառանգություն» պատմվածքում այդպես էլ չի բացվում Շուշիկի խորհրդավոր արկղիկը, սնունդ տալով ընթերցողի երևակայությանը: Ոչ ոքի չի հաջողվում բացել հին կողպեքը, իսկ ներսում… ներսում գուցե Շուշիկի… երազանքներն են…

«Մեկ այլ արևի տակ» պատմվածքի մեջ հիանալի կերպով են ներկայացված մեր կպչուն մտքերի տհաճ հետևանքները, որոնք խանգարում են մեզ ապրել: Սենյակում մկներ իհարկե չկային, մկները հերոսուհու մտքերում էին ու անգթորեն կրծում էին ամեն ինչ՝ նրա թանկարժեք կոշիկները, պայուսակը, իրեն… Մկների նման մտքեր, որ վազվզում են մեր գլխում, որ խանգարում են մեզ ուղղակի ապրել:

«Փետրահան երազանքում» հայրն այդպես էլ չտեսավ իր փայփայած երազանքի իրականացումը՝ որդու պսակադրությունը, որի համար դեռ տարիներ առաջ կոստյում էր գնել, ու վերջում նրա երազանքը ցեցի բաժին դարձավ. «Քոռանամ, ահա թե ինչպես է վարվում կյանքը մեր երազանքի հետ»:

Պատմվածքներում անդրադարձեր կան կյանքի ու մահվան, տառապանքների ու մեր բաժին խաչը կրելու թեմաներին: «Երթևեկություն» պատմվածքում ասվում է՝ մահն էլ են վաստակում, հո հանաք չի: Սա ժողովրդական այն ասացվածքի արձագանքն է, թե սիրուն մեռնելն էլ մի հունար է: Իսկ «Խեր, շառ, աստված» պատմվածքը սովորեցնում է, որ «ցավն ու ուրախությունը չի կարելի միայնակ տանել, այն պետք է բաժանել մարդկանց, որ քեզ քիչ մնա, որ տանելը հեշտ լինի»: Այո՛, ո՛չ միայն ցավը, ուրախությունը ևս բաժանել, և այնքա՜ն մարդիկ երջանիկ կդառնան: Մարդը բնականից բարի է ու երջանիկ լինելու հակում ունի, ուղղակի պետք է արթնացնել հաճախակի քնող այդ բարությանը, միմյանց երջանկությամբ վարակել:

Փոքրիկ դիտարկում անելով կցանկանայի նշել, որ ժողովածուի մեջ որոշակի խնդրիր կա կապված վերնագրերի ընտրության հետ: Վերնագրերը առանձին վերցրած բավական տպավորիչ լինելով հանդերձ՝ այնքան էլ չեն կապվում պատմվածքների բովանդակությանը, և ընթերցումն ավարտելուց հետո հաճախ դժվար է լինում հիշել պատմվածքի վերնագիրը, մինչդեռ ստեղծագործության մեջ կարևոր և առանձնակի ուշադրություն պահանջող հատվածներից մեկը հենց վերնագիրն է:

«Երկրորդ կիրակին ներառյալ» ժողովածուն իր համարժեք գնահատականն է ստացել՝ 2015թ.-ին արժանանալով ՀՀ նախագահի մրցանակին: Պետք է փաստել, որ Ս. Հարությունյանը իր նպաստն է բերում մեր գրականության զարգացմանը՝ իր բազմերանգ գրչով նոր գույներ հաղորդելով նորագույն հայ արձակին:

Հեղինակին մաղթելով հաջողություններ, հուսանք, որ մեր գրադարակները դեռ կհամալրվեն նրա նորանոր բովանդակալից ժողովածուներով:

Օրը, երբ արևն ամենաերկարն է շողում…

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Այսօր տարվա ամենաերկար օրն է: Նշանակում է՝ այսօր արևն ամենաերկարն ու գուցե նաև ամենապայծառն է շողալու: Գիտե՞ք, երբ փոքր էի, այս օրն առանձնահատուկ ջերմությամբ էի սիրում ու չեմ էլ հիշում, թե ինչու: Հիմա մտածում եմ՝ պատճառը հավանաբար այն էր, որ այս օրը դրսում շատ երկար էր լույս լինում, ինչը նշանակում էր, որ երկար կարող եմ մնալ բակում ու խաղալ ընկերներիս հետ:

Հիմա ամենայն հավանականությամբ արդեն էլ փոքր չեմ (թե՞ եմ), և դրսի մթնելն ու չմթնելն այնքան էլ կապ չունեն տուն վերադառնալուս հետ, բայց առանձնահատուկ ու գուցե նաև տարօրինակ սերս տարվա ամենաերկար օրվա հանդեպ ոչ մի տեղ չի անհետացել:  Դե՜, սերը որն է, ուղղակի իմ աչքերում մի տեսակ ուրիշ է տարվա ամենաերկար օրը: Մի տեսակ քայլերս էլ են այդ օրը երկարում, մտքերս էլ քայլերիս նման շատանում ու խճճվում են, իսկ հայացքս սովորականից ավելի շատ է դեպի երկինք հառվում: Երևի տրամաբանական է, ի վերջո, երկնքի ամենապայծառ լուսատուն այդ օրը սովորականից  ավելի երկար է լույս արձակում: Իսկ չէ՞ որ լույսերը մեր կյանքում չափազանց կարևոր են: Չէ՞ որ մեր կյանքի լուսավոր կետերն են մեզ ապրեցնում հենց՝ անկախ նրանից՝ դրանք հարազատ մարդի՞կ են, սպասված իրադարձություննե՞ր, թե՞ երբևէ չմոռացվող հիշողություններ: Մեր կյանքի լուսավոր կետերը մեզ ապրեցնում են, քանի որ խավարում երկար գոյատևելն անտանելի է ու անմարդկային: Խավարում դեպի լույս տանող դռները փնտրելն ու գտնելն է անգամ անհնար, մինչդեռ այդ դռները մեզ օդի ու ջրի նման են պետք:

Մեզ դեպի լուսավոր ճանապարհներ տանող դռներ են պետք, որպեսզի լուսավոր կետեր դառնանք մեկս մյուսիս կյանքում ու ապրեցնենք իրար՝ շարունակ խամրեցնելու փոխարեն… Եվ ուրեմն, թո՛ղ տարվա ամենաերկար օրը դեպի լույս տանող ճանապարհներ բացի յուրաքանչյուրիս կյանքում՝ անվերադարձ փակելով բոլոր էն դռները, որոնցից այն կողմ անտանելի ու անմարդկային խավարն է …

sona mkhitaryan

Չբողոքելու նուրբ արվեստը

Բարև: Ուշ-ուշ եմ գրում, կներես դրա համար: Դե, համալսարան, քննություններ, պարապմունքներ, նյարդային նոպաներ: Չես կարող չնյարդայնանալ, երբ տեսնում ես ուսանողների հոծ զանգված, որը միշտ, ամեն ինչից ու ամեն տեղ բողոքում է: Բողոքում են դասախոսներից, ու գիտե՞ք` ինչի համար` թե բա, իրենցից դուրս հարցեր են դրել, ոնց կարելի ա, էսքանը ոնց պիտի հասցնենք, իբր գիտելիք են տվել, հիմա էլ պահանջում են: Իսկ հարգելի ուսանող, դու ե՞րբ եկար էդ դասախոսի դասին հետաքրքրությամբ լի հայացքով դասախոսություն լսեցիր, որ հանգել ես այն եզրակացությանը, թե էդ մարդը գիտելիք չի տալիս: Դուք նման ուսանողներին միայն պիտի հետևեք, թե ինչպես են պաթոսով խոսում` հազիվ էլի, մանկավարժականում սենց էլ պիտի լիներ, նորմալ ա:

Ես անկեղծ չեմ հասկանում` ինչո՞ւ է մարդկանց մեջ նման կարծրատիպ ձևավորվել Մանկավարժական համալսարանի վերաբերյալ: Չէ, դուք ուղղակի սովոր եք բողոքել, արդարանալ, միացնել ու չանջատել ձեր պաշտպանական մեխանիզմները ու մենակ արագ-արագ արդարանալ: Մտածում եք` ԵՊՀ-ում խնդիր չկա, տնտեսագիտականում չկա, ափսոս, ձեզ պիտի հիասթափեցնեմ: Ձեր այդ ասած «գիտելիք չտվող» դասախոսները ամենուր էլ կան, էդ մանր խնդիրներից, որոնք գտնում եք ու կախվում եք դրանցից, ավելի բարդերը կան:

Ես իմ համալսարանի և՛ բացասական կողմերը գիտեմ, և՛ դրական: Եթե ուսանողը ցանկություն ունենա գիտելիք ստանալու, իրեն ոչ դեկանատը կկոտրի, ոչ դասախոսը, ոչ լսարանի շոգ լինելը (այ, էսպիսի մանր խնդիրներից են կախվում):

Ես անկեղծ կարող եմ ասել, որ ԿՀՍ (կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի) ֆակուլտետի շատ դասախոսներ հենց առաջին կուրսից շատ մեծ ազդեցություն են թողել իմ դիրքորոշումների, արժեհամակարգի, աշխարհայացքի, մենթալիտետի, նույնիսկ` բնավորության ձևավորման վրա: Անգամ ձեր ասած «վատ» դասախոսը ինձ շատ բան է սովորեցրել, օրինակ` ինչպես ճիշտ կոնտակտ հաստատել բարդ բնավորության տեր անձի (այդ դասախոսի) հետ: Ես շնորհակալ եմ իմ դասախոսներից յուրաքանչյուրից, ինձ թե՛ լավ, թե՛ վատ դասեր տալու և գիտելիքը փորձ ձեռք բերելու տեսքով մատուցելու համար:

susanna harutyunyan girq erkrord kiraki

Երկրորդ կիրակին ներառյալ

«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի արդյունքները, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին:inesa zohrabyan

Կարծեմ մարտն էր, երբ մենք դասարանում նստած էինք, ու հայտարարեցին.

-Այսօր գրող Սուսաննա Հարությունյանն է գալու դպրոց:

Մենք միշտ ինչ-որ փոփոխություններ ենք ուզում, ահա, մշակութային գործիչները այցելում են դպրոցներ, և մենք սոված ու հոգնած գնացինք ստեղծագործարան նրան ու նրա գործունեությանը ծանոթանալու համար: Ես հարց տվեցի, թե ի՞նչն է ոգեշնչում իրեն, իսկ նա պատասխանեց, որ ոգեշնչման աղբյուրները հաճախ փոխվում են, ու կոնկրետ մի բան չի կարող նշել:

Ու սրանից որոշ ժամանակ անց 17.am-ի հայտարարությունը տեսա, շտապեցի ձեռք բերել  գիրքը ու սկսեցի կարդալ:

Իրականում պատմվածքների մասին իր այցելության ընթացքում խոսել էր, ու ամեն կարդալուց ես նորից հիշում էի իր մեկնաբանությունները դրանց առթիվ:

Իմ սիրելի ֆիլմերից մեկում հայրը աղջկան հարցնում է, թե ինչ հասկացավ այն գրքից, որը կարդում էր այդ պահին: Աղջիկը ի պատասխան սկսում է պատմել սյուժեն, և հայրը նորից է հարցը կրկնում, որպեսզի աղջիկը իր տպավորությունների մասին պատմի, ոչ թե սյուժեի:

Այս նույն ձևով ես եմ ուզում առաջնորդվել:

Նախ, պատմվածքներ կային, որոնք հատկապես շատ եմ հավանել: Ես ամեն գիրք կարդալուց յուրաքանչյուր նախադասություն պատկերացնում եմ` իր տեղանքով, ժամանակով` ըստ գրքի նկարագրության, և հաճախ գուշակում էի պատմվածքի ավարտը… Բայց արի ու տես, որ այդպես չէր ավարտվում, հաճախ զավեշտալի ավարտ էր ունենում, ու ավերվում էին իմ դրամատիկ կամ ողբերգական պատկերացումները դրա ավարտի մասին:

Իսկ ես հավանեցի ամենաշատը «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքը: Մի քիչ ուշ էր, հասկացա, որ պատմվածքն ու գիրքը նույն անվանումն ունեն, զուգադիպություն է, որ հենց դա եմ շատ հավանել:

Ես հավանեցի հատկապես սա, որովհետև իր մեջ կար այն, որը հաճախ ես էլ եմ զգում` վերադարձի սպասում: Ու ես, սիրելի ընթերցող, չեմ պատրաստվում պատմել քեզ սյուժեն. ինչը, ոնց, ինքդ սկսիր կարդալ ու ասա, թե որը հավանեցիր ամենաշատը և ինչու՞:

Իրականում առաջին անգամն է, որ որևէ գրքի մասին փորձում եմ հոդված գրել: Ուզում եմ ասել, որ սկզբից դժվար էի կարդում, որովհետև փոքր չափերի գրքեր չեմ կարողանում կարդալ. աչքերս ու ձեռքերս կամակորություն են անում, բայց հետո, փաստորեն, ստացվեց, եթե հիմա կարդում ես սա: Եվ իրականում գիրքը իրականության գեղեցիկ, եզակի կողմերն էր ներկայացնում, իրադարձություններ, որոնք շատերի համար մանրուք են երևի, իսկ հեղինակը դրանց մի այլ համ ու հոտ է տվել: Շարքից անսպասելիները հատկապես շատ սիրեցի, որովհետև իմ վառ պատկերացումները քարուքանդ էին լինում այնպիսի վերջաբանով, որ նույնիսկ չէի պատկերացնի: Ես հասկացա, որ պետք է կարդանք  21-րդ դարի հայ արձակը, ու գնահատենք միշտ: Եվ ինձ համար հոյակապ մի հատված.

«Արևն ընդամենը երկնաքար է, եթե, իհարկե, արև չլիներ և բոց չլիներ: Սիրտն ի՞նչ է` մսակտոր, եթե սիրտ չլիներ և իմը չլիներ: Այսպես դաղում էին արևն` աշխարհը, սիրտս` ինձ, ու ես ամեն  ինչ քաղաքում թողած գնում էի: Գնում էի այն հույսով, որով բեդվինները  կտրում են անապատը, նավերը դուրս են գալիս նավահանգստից, աստվածները գալիս են հող, կամ մարդիկ սլանում են երկինք, հույսով, որ այնտեղ իրենց բաժին ինչ -որ բան կա»:

mariam yavrumyan

Երկրորդ կիրակին ներառյալ

«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի արդյունքները, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին:

Նախ, ուզում եմ ասել, որ Սուսաննա Հարությունյանի պատմվածքների այս ժողովածուն դարձել էր սեղանիս գիրքը: Բարեբախտաբար այն գցել էի պայուսակիս մեջ և մոռանում էի հանել, և հենց դրա պատճառով էլ անընդհատ վերընթերցում էի:

Շատ եմ հավանել հեղինակի գրելաոճը, որը ցույց է տալիս հայերենի ամբողջ հարստությունը: Այն մե՛կ բարբառային է, մե՛կ գրական ու հարուստ պատկերավորման միջոցներով:

Ստեղծագործություններից հատկապես հավանել եմ «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքը: Այնտեղ ներկայացվում էր Արգոյի կերպարը, որպես ամենաանմեղ մարդ: Արգոն չէր ծխում, չէր խմում, կնամոլ չէր, գող չէր, ոչ ոքի վնաս չէր տալիս: Ապրուստ էր վաստակում սրա-նրա տանը մանր-մունր գործեր անելով: Բայց միառժամանակ անհետանում էր, ու ոչ ոք չգիտեր՝ ուր: Հետո պարզվում է՝ գյուղում մի հսկա, շքեղ ու սքանչելի տուն ունի, բայց չի վաճառում ու անընդհատ գնում է էնտեղ: Ու երբ հարցնում են, թե ինչու ասում է.

-Բայց ո՞նց կլինի… ո՞նց կարելի ա ապրել առանց վերադարձի հույսի… Անհնար ա առանց վերադարձի հույսի, անհնար ա առանց վերադարձի: Լավ է էստեղ տուն չունենամ, բայց վերադառնալու տեղ ունենամ, թե չէ՝ ո՞նց կլնի:

Այսինքն ներկայացնում է միայնակ մարդու կերպարը, ով գիտի, որ կյանքում իր վերադարձին սպասող չի ունեցել ու չունի: Այս է պատճառը, որ ինքն իր համար ապրելու հույս է ստեղծում: Այսպիսով՝ ներկայացնելով մենակ մարդու հույսերն ու զգացմուքները, հեղինակը ցանկացել է ասել, որ գերադասելի է ապրել խղճուկ պայմաններում, քան գիտակցել, որ էլ վերադառնալու տեղ չունես, որ քեզ ոչ ոք չի սպասում:

Ինչ խոսք, հավանում եմ, բայց ոչ այնքան հզոր է ներկայացվում հուզական մասը: Հաստատ նման գեղեցիկ մտքով կարելի էր ավելի  շատերին հուզել:

Իսկ ընդհանուր ոճը  հավանեցի, չնայած նրան, որ ժամանակակից հայ հեղինակներին այնքան էլ չեմ հավանում: