lida armenakyan

#դարձիրարևելագետ

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

«Սալամ ալեյքոմ»:

Եկել եմ՝ մի քիչ կարևորի մասին խոսենք: Ֆակուլտետս նշում է 50-ամյակը, արդեն կես դարեկան է:

Երևանի պետական համալսարանում նոյեմբերի 9-ին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը նշեց հիմնադրման 50-ամյակը: Մեկնարկեց նաև Հայկական արևելագիտական առաջին միջազգային կոնգրեսը (ACOS’18):

Գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ՀՀ Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ Արտաքին գործերի աշխատակազմի ղեկավար Վահագն Մելիքյանը, ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը, հյուրեր հայաստանյան և միջազգային կառույցներից:

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

Բացման պաշտոնական արարողությունը իր ողջույնի խոսքով սկսեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Ապա Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ողջունեց և շնորհավորեց ներկաներին՝ ասելով․

-Փայլուն 50 տարիներ, հոյակապ արդյունք և կարծում եմ՝ փայլուն ապագա: Հույս ունեմ, որ արևելագիտության ֆակուլտետի հիման վրա մի շարք հզոր կառույցներ կստեղծվեն, որոնք կկրեն այն կարևոր և նշանակալից ազգային պահանջը, որը մենք ունենք: Հայաստանը կրկին կենտրոնն է Մետաքսի ճանապարհի, Հայաստանը խաչմերուկն է տարբեր քաղաքակրթությունների, կենտրոնն է քաղաքական հսկայական իրադարձությունների, և այդ կենտրոնը լինելով՝ Հայաստանը պետք է ստանձնի իր դերը, որտեղ հսկայական նշանակություն ունի արևելագիտությունը։

ՀՀ Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ներկաներին շնորհավորեց՝ իրականում չիմանալով՝ հանդես գալ որպես նախկին ուսանող, ներկա դասախոս, թե նախարար: Ապա ավելացրեց․

-Ֆակուլտետի անցած ուղին դիտարկելիս՝ ուզում եմ նշել մի առանձնահատկություն, որը մշտապես տարբերել է ֆակուլտետի՝ ակադեմիական ազատ մշակույթի, նվազագույն վարչարարության, իրական ուսանողակենտրոնության մթնոլորտը: 21-րդ դարում այլևս չպետք է լինեն այնպիսի իրավիճակներ, երբ ճնշվում են ակադեմիական ազատությունները, երբ ճնշվում է բուհի ինքնավարությունը: Ես վստահ եմ, որ հավաքագրելով առողջ ուժերը՝ ԿԳՆ անմիջական գործընկերային հարաբերությունների համատեքստում մենք կարող ենք հասնել այս հաջողություններին:

Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը հանդես եկավ ֆակուլտետի անցած ուղու, ներկա ձեռքբերումների, հայտնի շրջանավարտների և գործունեության հիմնական ոլորտների մասին զեկուցմամբ: Ռուբեն Մելքոնյանը ներկայացրեց 1921-1922 թվականների արխիվային փաստաթղթեր, որտեղ նշված է, որ համալսարանի առաջին հինգ ֆակուլտետներից մեկը եղել է արևելագիտականը, որը հետագայում միացվել է պատմաբանասիրական ֆակուլտետին: Նաև կարևոր մի փաստ արձանագրեց՝ ըստ վիճակագրական տվյալների ՀՀ դիվանագետների առնվազն 1/3-ն արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտներ են:

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

Հնչեցին նաև պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանի, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանի, ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի նախագահ, պրոֆեսոր Վիտալի Նաումկինի ողջույնի ուղերձները:

ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեցին արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը և իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Ոսկանյանը, ԵՊՀ պատվոգրի արժանացավ ՀՀ ԱԳՆ աշխատակից Լևոն Պետրոսյանը, ապա պատվոգրեր և շնորհակալագրեր ստացան ՀՀ արտակարգ և լիազոր մի շարք դեսպաններ, ինչպես նաև թյուրքագիտության, իրանագիտության և արաբագիտության ամբիոնների ասիստենտներ, դոցենտներ և դասախոսներ:

Հանդիսավոր բացման և պարգևատրման արարողությունից հետո մեկնարկեց Հայկական արևելագիտական առաջին միջազգային կոնգրեսը (նոյեմբերի 9-10): Կոնգրեսի ընթացքում ընթերցվեցին մոտ 70 գիտական զեկուցումներ Մերձավոր Արևելքի պատմության, արևելյան լեզուների, գրականության, մշակույթի, իսլամի վերաբերյալ: Կոնգրեսին մասնակցում էին 30 գիտնականներ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներից:

Լինելով ֆակուլտետի ուսանող՝ շնորհավորում եմ ընկերներիս և դասախոսներիս, շնորհավորում եմ համալսարանին նման ֆակուլտետ ունենալու համար:

zarine kirakosyan

Արշակ պապի, ռադիոյի ու էդ օրվա մասին

Թե հնար լիներ, ասֆալտը կգոլորշիանար, Արշակունյացի ասֆալտը, որ ստվերի տակ փախչելու տեղ չուներ, ոչ մի կարգին ծառ կար, ոչ էլ մի անպետք բարձրահարկ նորակառույց, որ էս օրերին մի բանի կծառայեր։

Վամպիրների պես ամեն մեկս մի տեղ էինք քաշվել, որ արևին չհանդիպենք, էն արևին, որի մասին գարնանը երգեր էինք գրում։ Ժամը 12-ն էր, երբ ստվերդ հասակիցդ 20 անգամ կարճ է, եռահարկ շենքերի 70 սանտիմետրանոց ստվերներում նույն ուղղությամբ քայլելիս՝ հազիվ մի հոգի կտեղավորվեր, մյուսներս անիծում էինք արևը։ Պարբերական անիծողները, անեծքների դասական շարքի հերթականությամբ գալիս, հասնում էին «էս երկրին»։

Հոգնած ասֆալտի վրա բաց դռներով մի «օփել» էր կանգնած՝ ռադիոյի ձայնը էնքան բարձր, որ էդ պողոտայի աղմուկի ու ձայների արանքում չկորչի ձայնը, չհալվի, գա հասնի (երևի) Արշակ պապին, որ չգիտես՝ ինչի, ղեկի կողմից չէր նստել, մի ոտքը մեքենայի մեջ, մյուսը՝ մայթեզրին։

Ուշադիր լսում էր, թե ռադիոյով ոնց է երիտասարդ ու առույգ ձայնով մեկը հաղորդում քաղաքական լուրերը, կամազների, ֆուռերի ձայների արանքում մի կերպ որսում էր բառերը՝ ուշադիր ռադիոյին նայելով, իբրև թե որ ռադիոն աչքի առաջ էր, ավելի լավ էր լսելու։ Լսում էր, մինչև էս բառերը դուրս թռան, բայց էս անգամ մնացին օդում․

-Մշակվում է զարգացման 15-ամյա ծրագիր․․․

(Երևի) Արշակ պապը ժպտում էր, քմծիծաղ էր տալիս, 15 տարին իր համար էլ կատակ բան չէր, 15 տարին իր համար, թե բախտը բերեր, «մնացածն էր»։

Իջեցրեց ձայնը, շարունակությունն էլ չլսեց, երևի մտածեց՝ լուրերն իրեն չէին վերաբերում, կամ էլ չգիտեմ, ինչ իմանաս։

Իսկ ես կանգառում նստած գիտեի, որ իմ երթուղայինը 20 րոպեից շուտ չի գա, մի բան հորինել էր պետք, որ ժամանակին խաբեմ, հնարավոր ա, որ Արշակ պապի արտաքինով մարդու անունը Սամվել էր, ով ռադիոյի ձայնը չէր էլ լսում, մտքերով թոռանը՝ Արթուրիկին էր հիշել, որը նոր է սկսել քայլել, ու ժպտում էր։

Իմ մտքերից ես էլ ուրախացա, ուրախացա, որ ինքը չլսեց զարգացման 15-ամյա ծրագրի մասին (որ կարող է` չտեսներ), և որ թոռը սկսել է արդեն քայլել, քիչ մնաց շնորհավորեմ։
Արդեն երրորդ պատմությունն էի ուզում հորինել էս մարդու կյանքի մասին, երթուղայինս եկավ։

Շոգ էր, ինձ կտրեցի սցենարիստի նստարանից, ծառի տակից փախա դեպի ավտոբուս էնպես, ինչպես անձրևի ժամանակ ենք կանգառից վազում մեր երթուղայինը, որ մի կաթիլ անձրև չկպչի մեզ, իսկ հիմա մի բուռ արևից խոսափելով՝ նստեցի ու հիշեցի, որ 40 րոպեից միայն կարող եմ իջնել։ Իսկ դիմացս նստած էր մի զույգ՝ իրարից նեղացած կամ հոգնած կամ չգիտեմ, ճանապարհին կորոշեմ։

Ամառ էր, Արշակունյացի վրա ու մի քիչ շատ հեռուներում էլ ամառ էր, ու արևը գլխներիս հետ մի բան արել էր։

aneta baghdasaryan

Ավելին, քան ֆրանսիական

Երեկ ֆրանսահայ ծանոթս ասաց, որ երևի ես իրենից շատ եմ խոսում Ֆրանսիայի մասին: Եվ թեև շաբաթական չորս անգամ ֆրանսերենի դասեր եմ ունենում, միևնույնն է, չեմ համաձայնի իր հետ: Մի բան է Ֆրանսիայի մասին խոսել, մեկ ուրիշ՝ ֆրանսերեն խոսել: Այ երկրորդը իսկապես շատ եմ անում: Ասեմ ավելին` խոսելուց բացի, նաև լսում եմ: Այնպես է ստացվել, որ արդեն 6-րդ տարին է, ինչ սովորում եմ այս լեզուն, որից պրծում չունեմ: Չէ, ինձ սխալ չհասկանաք. ես չեմ ատում ֆրանսերենը, բայց վեց տարի շարունակ մի բան սովորելով՝ կամաց-կամաց սկսում ես դրանից հոգնել:

Դե, նայեք, օրվա մեծ մասն անցկացնում եմ մի տեղում, որի անունն է Հայաստանում ֆրանսիական համալսարան: Արդեն մոտ 6 ժամ «ֆրանսիական» բառը ինձ հետ է: Եվ նույնիսկ, երբ այդ շենքի մեջ չեմ, մեկ ուրիշ տեղ, երբ հարցնում են․ «Որտե՞ղ ես սովորում», տրամաբանական է, որ պատասխանում եմ՝ Ֆրանսիական: Ֆրանսերեն խոսում եմ միայն ֆրանսերենի դասերին, իսկ լսում, կարդում կամ գրում` նաև համալսարանից դուրս: Նույնիսկ հիմա հյուրասենյակում տատիկիս հետ նայում եմ ֆրանսիական կոմեդիա (հայերենով իհարկե), սեղանիս էլ դրված է ֆրանսիական պատմվածքների գիրք, որը ժամանակին հայրս է կարդացել, և որը ես ձևական դրել եմ սեղանիս, որ մի օր սկսեմ կարդալ:

Ու երևի թե այդպիսի օր չկա, որ ես չբողոքեմ ֆրանսերենից, դրա անիմաստ բարդ ու անտրամաբանական լինելուց: «Beaucoup» տառակույտը կարդում ես ոչ թե «բեաուկոուպ» այլ պարզապես «բոկու», գեղարվեստական գրքերում հանդիպում ես «հեշտ անցյալ» անուն ունեցող անցյալ ժամանակին (հեչ էլ հեշտ չի), իսկ մնացած բոլոր դեպքերում կիրառում լրիվ նույն իմաստն ունեցող, սակայն կազմությամբ ուրիշ անցյալ ժամանակ: Վարժությունը կատարելիս լսում ես ձայնագրություն, և հենց հարցի պատասխանին հասնելուն պես միջի ֆրանսիացին փռշտոցի նմանվող մի բառ է ասում` քեզ թողնելով դատարկ տողի հետ տանջվելու:

Սա դեռ ամենը չէ։ Անընդհատ տառապում ես` վերհիշելով կամ պարզապես գուշակելով գոյականի սեռը (ածականը չհամաձայնեցնես հետը՝ վերջդ եկել է), «ակսանների» մասին էլ չասեմ (մեկը շեշտի նշանի նման, մյուսը՝ բութի), որոնք դնում ենք «e» տառերի վրա, որ կարդանք «է», ոչ թե «ը»: Ու որ սկսում ես սովորել մեկ այլ եվրոպական լեզու, օրինակ՝ ինչպես ես՝ իսպաներեն, մեխանիկորեն անտեսում ու չես արտասանում բառի վերջում գրվող «е»-երը: Ինչպես հասկացաք՝ այս շարքը կարող եմ շարունակել անվերջ, բայց այսքան բողոքելով չեմ կարող չասել, որ երբեմն ուրախ եմ լինում, որ գիտեմ ֆրանսերեն և հպարտորոն նշում եմ այդ փաստը: Օրինակ՝ երբ սրճարանում դիմացդ նստած ֆրանսիացիների ընտանիքի երեխաներից մեկը հայհոյում է հեռուստացույցով ցուցադրվող ֆուտբոլիստներից մեկին և հոր ջղայնանալուց հետո բարձրաձայն ասում՝ մեկ է, ինձ այստեղ ոչ ոք չի հասկանում, ֆրանսերեն խոսացող կա՞ այստեղ, հազիվ զսպում ես ծիծաղդ, որ «չծակվես», որ լավ էլ հասկանում ես իր ասած ամեն բառը:

Երևի ֆրանսիահայ ծանոթս ճիշտ էր, այսքան գրածիս մեջ քսան անգամ «ֆրանս» արմատն օգտագործեցի, դա էլ է ինչ-որ չափով Ֆրանսիա:

Պետք է պատմվածքների գիրքը սկսել կարդալ:

Guten Tag, բայց հայերենով

-Guten Tag,- օգտագործելով գերմաներենիս ողջ իմացությունը՝ ողջունում եմ մեր քոլեջում գերմաներենի դասախոս Մարտին Գերուլային։

-Hallo։

-Ես ունեմ մի քանի հարց Ձեր և Ձեր կյանքի մասին Հայաստանում։ Ինչպե՞ս եղավ, որ եկաք Հայաստան։

-Ես գտա համացանցում կայք՝ կամավորների կայք, որտեղ լրացրի հայտը, հետո հարցազրույց տեղի ունեցավ, և կայքը որոշեց, որ ես կգամ Հայաստան։ Դա գերմանական ծրագիր է, կարծեմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված։ Նրանք կամավորների են ուղարկում ամբողջ աշխարհով մեկ։

-Իսկ դուք ուրա՞խ էիք, որ պետք է գաք Հայաստան։

-Սկզբում մի փոքր հիասթափված էի, որովհետև ես ցանկանում էի գնալ Հարավային Ամերիկա, և հետո ինձ ասացին, որ պետք է գամ Հայաստան, իսկ ես Հայաստանի մասին ոչինչ չգիտեի։ Սակայն դա շատ գրավիչ ու հետաքրքիր էր թվում՝ Հայաստանի երկար պատմության ու յուրօրինակ մշակույթի շնորհիվ։

-Երբ ժամանեցիք Հայաստան և սկսեցիք ապրել Հայաստանում, կայի՞ն կամ կա՞ն որոշ բարդություններ՝ հայերի հետ հաղորդակցվելու հարցում։

-Այո, իհարկե, կան բարդություններ մինչև հիմա, որովհետև ես չեմ խոսում հայերեն։ Հիմա սովորում եմ ռուսերեն, որովհետև ոչ բոլորն են հասկանում անգլերեն կամ գերմաներեն։ Բայց ես այդքան էլ չեմ կարողանում շփվել հայերի հետ։

-Ահա, ուրեմն ո՞նց եք հաղորդակցվում, օրինակ՝ խանութում, որտեղ աշխատողը չի հասկանում անգլերեն կամ գերմաներեն, ինչպե՞ս եք գնումներ կատարում։

-Ես միշտ հետս ունենում եմ իմ հեռախոսը, օնլայն թարգմանչին։ Հիմնականում ես այդքան շատ չեմ խոսում խանութում, ուղղակի ցույց եմ տալիս ապրանքները, որոնք ինձ պետք են։ Բայց ես գիտեմ մի քանի հայերեն ու ռուսերեն բառեր, որոնք ինձ օգնում են գնումներ կատարելիս։

-Ես գիտեմ, որ հայերը, շատ հաճախ տեսնելով օտարազգիներին, ցանկանում են խաբել։ Երբևէ ձեզ խաբե՞լ են խանութում կամ այլ տեղ։

-Այո, ես արդեն փորձ ունեմ։ Իմ զբոսաշրջիկ ընկերների հետ «Gum Markt»-ից,- ի՞նչ եմ զարմանում, այդ շուկայի անունը նույնիսկ հայերը նորմալ չեն ասում,- գնեցինք մրգեր ու երբ ավարտեցինք գնումները, հասկացանք, որ վաճառողը մեզ խաբել է գնի հարցում։ Նաև տաքսու վարորդները, նրանք մեկ-մեկ խաբում են մեզ։

-Մեզ էլ,- ծիծաղելով ավելացնում եմ ես՝ հիշելով կյանքիս դառը փորձը։ -Լավ, ես գիտեմ, որ դուք կամավոր եք մեր քոլեջում՝ որպես դասախոս։ Ո՞րն է ամենալավ բանը ուսանողների հետ աշխատելու մեջ։

-Ես շատ եմ սիրում աշխատել ուսանողների հետ, որովհետև դա ամբողջովին նոր մարտահրավեր է ինձ համար։ Ես երբեք ուսուցչություն չեմ արել։ Ես դասավանդում եմ ավարտական փոքր խմբերին ազատ հաղորդակցում գերմաներենով։ Եվ ինքս եմ որոշում, թե ինչ կտամ ուսանողներին։ Տարբեր թեմաներ, միջոցառումներ։

-Այսինքն՝ ուրախ է անցնում։

-Այո, իրոք ուրախ է անցնում։ Ես չունեմ կոնկրետ ծրագիր ու սահմանափակումներ, որովհետև իմ դասերն ազատ խոսքի ու պրակտիկայի վրա են հիմնված։ Ես ամբողջովին ազատ եմ։

-Դա հիանալի է։ Իսկ կարծո՞ւմ եք արդյոք, որ կմնաք Հայաստանում, կգտնեք աշխատանք ու կապրեք այստեղ։

-Օհ, չեմ կարծում։

-Լավ, իսկ ի՞նչ եք անում ազատ ժամանակ։

-Երեկոյան ես զբոսնում եմ քաղաքով կամ գտնում եմ ինչ-որ համերգների։ Օրինակ՝ վերջերս գնացինք Տիգրան Համասյանի համերգին, դու գիտե՞ս նրան։

-Այո, ես եմ ուղարկել նրա համերգի հղումն իմ դասախոսին, իսկ նա՝ ձեզ։

-Ահա՜, շատ լավ է։

-Իսկ Դուք հավանո՞ւմ եք այն զբաղմունքները, որոնք կարող եք գտնել Երևանում։

-Այո, այստեղ շատ են մշակութային երեկույթները, համերգները։ Նաև մենք հաճախ գնում ենք ռեստորաններ։ Հիմնականում երեկոները քաղաքում ենք անցկացնում, որոշ զվարճություններ ենք գտնում։ Նաև գնացել ենք քաղաքից դուրս՝ Գառնի, Գեղարդ, Խոր Վիրապ, Էջմիածին։

-Շատ լավ է։ Ես ցանկանում եմ իմանալ Ձեր կարծիքը ուսանողների մասին։ Հե՞շտ են նրանք խոսում գերմաներեն։

-Ես անակնկալի եկա, երբ տեսա, որ նրանք տենչում են սովորել գերմաներեն։ Մանավանդ՝ ավարտական խմբերը։ Հասկացա, որ նրանց բարդ տեքստեր եմ տալիս, բայց միևնույն է, իրենք ցանկանում են սովորել դա և սովորում են։ Նրանք արդեն ունեն որոշակի մակարդակ, ինչը շատ լավ է, մենք կարողանում ենք իրար հետ հաղորդակցվել հենց գերմաներենով ու հասկանալ իրար։ Եվ դա արդեն հեշտացնում է աշխատանքը։

-Իսկ դուք գտե՞լ եք ընկերներ նրանց մեջ։

-Ընկերնե՞ր։ Ոչ, ես ունեմ լավ հարաբերություններ նրանց հետ, բայց ընկերներ չունեմ։

-Իսկ ազգությունը կամ տարիքային տարբերությունը խանգարո՞ւմ է գտնել ընկերներ։

-Ես 22 տարեկան եմ, իսկ տարիքային տարբերությունը մոտավորապես 5 տարի է։ Բայց չեմ կարծում, որ տարիքն է պատճառը, ուղղակի միայն այն, որ ես նրանց դասախոսն եմ, արդեն որոշակի սահման է դնում։

-Ճիշտ է։ Իսկ ինչքա՞ն ժամանակ է, որ դուք արդեն այստեղ եք։

-Երկու ամիս։

-Եվ ես չափից դուրս վստահ եմ, որ դուք փորձել եք մեր ուտելիքը։

-Այո,- չափից դուրս վստահությամբ և ժպիտով ասաց Մարտինը, իսկ ես հիշեցի հայկական, ավանդական «օբեկտներից» գնած շաուրմաները։

-Հավանեցի՞ք։ Եվ ամենակարևորը՝ չթունավորվեցի՞ք։

-Այո, հավանեցի։ Եվ ոչ, ես հաջողակ էի այդ հարցում։ Իմ կարծիքով՝ իմ ընկերների միջից միակն եմ, ով չթունավորվեց։ Իհարկե, փորձել եմ լավաշը, խորովածը․․․

-Քյաբա՞բ։

-Այո, քյաբաբ, սպաս, գաթա։ Ասեմ, որ դա իմ սիրելի ուտելիքն է, ես շատ եմ սիրում գաթան։ Տոլմա․․․ Կարծեմ՝ այսքանը, օհ ոչ, նաև խաչապուրի՞։

-Ահա, բայց դա հայկական չէ։

-Հայկական չէ, բայց համեղ է Հայաստանում։

-Փորձեք մածունը։

-Մածո՞ւն։

-Այո, հենց մածունից են սպասը պատրաստում։ Նման է աղի յոգուրտի։

-Հա՜, շատ լավ։ Անպայման կփորձեմ։

-Դուք համարո՞ւմ եք հայերին հյուրընկալ կամ հետաքրքիր ուղղակի զվարճանալու համար։

-Իմ ուսանողները շատ հյուրընկալ ու բարի են, ես իրենց հետ կարող եմ խոսել, ճանաչել նրանց։ Նաև նրանք շատ հետաքրքրված են Գերմանիայով, ինձնով, գերմանացիներով։ Եվ դա շատ հեշտ է։ Ես երբեք չեմ եղել նրանց տանը, հրավիրված չեմ եղել: Ընդհանրապես, մտածում եմ, որ Հայաստանը շատ հյուրընկալ է։ Մարդիկ ջերմ են։ Գերմանիայում նրանք շատ սառն են, միշտ զբաղված, իսկ այստեղ մարդիկ ավելի հանգիստ են։

-Եվ ո՞րն է մի բանը, որը, եթե Դուք կարողանայիք, կփոխեիք հայերի մեջ։

-Ե՞ս կփոխեի․․․ Ես դերերը կփոխեի տղամարդու և կնոջ միջև։ Դա շատ տարօրինակ է ինձ համար։

-Ես նույնպես։

-Եվ փաստը, որ կանայք շատ ժամանակ պարտավոր են մնալ տանը, չաշխատել, չզվարճանալ, միայն երեխաներին դաստիարակել ու ճաշ պատրաստել։

Դրամատիկ լռություն։

-Իմ կարծիքով՝ ես դա կփոխեի։ Ես հասկանում եմ, որ դա ձեր ավանդույթների մի մասն է և ընդունված է, չգիտեմ, դա ձեր մշակույթի մի մասն է։

-Այո, բայց ես կարծում եմ, որ մեր սերունդը դա նույնպես կփոխեր։ Մենք 21-րդ դարում ենք ապրում ու չպետք է հասարակության մեջ դերերի բաշխում ունենանք։ Շատ մարդիկ կփոխեին դա։

-Իրոք որ։

-Լավ, շատ շնորհակալ եմ, որ զրուցեցիք ինձ հետ։ Ես կթարգմանեմ այն հայերեն, ապա Ձեզ կուղարկեմ անգլերեն տարբերակը։

-Շատ լավ, շնորհակալ եմ։

anahit baghshetsyan

133-ի ալիքներում խեղդվելիս

Ու մեր տանը կրկին ժամը 3:15-ին լսվում է իմ սենյակի դռան շրխկոցը։ Չնայած՝ ոչ մեկն էլ չի լսում, որովհետև տանը մենակ եմ։ Պայուսակս դնում եմ սենյակում ու սիրով ընկնում մահճակալիս վրա։ Ու ամեն անգամ գործողությունների այս շարանը կրկնելիս հասկանում եմ, որ առավոտը անկողնուց վեր չկենալն ու մի երեք ժամ ավել քնելն ավելի ճիշտ կլիներ։ Դպրոցում ոչ մի նորմալ բան չսովորեցինք։ Մոտ մեկ ժամ տառապում եմ այս ճակատագրական հարցի շուրջը մտորելով։ Հետո հեռախոսս զանգում է։

-Հա՛, մա՛մ։

-Ա՛ն, տանն ես, չէ՞։

-Հա՛ մամ, քեզ գրել եմ, որ տանն եմ։

-Լա՛վ, դասերդ արա։ Մի քիչ հետո կգամ, միասին կճաշենք։

Զանգը հուշում էր, որ պիտի շարժվեմ դասագրքաշատ գրասեղանիս ուղղությամբ, իսկ մտքերս թողնեմ մահճակալիս կողքին։

133: Դու միգուցե մտածեցիր, որ եթե հայտնվես Չիլիում ու քեզ վրա հարձակվեն, 911-ի փոխարեն կզանգես 133։ Ճիշտ մտածեցիր։ Բայց իմ գրասեղանը Չիլին չէ։ Ուղղակի գրասեղանիս վրա ինձ սպասում է Ֆիզիկայի դասագիրքը, որն ունի 133 պարագրաֆ։ 133 նոր պատճառ ֆիզիկան չսիրելու համար։ Սիրեմ, թե չսիրեմ, պիտի սովորեմ։ Ինչի՞ համար, կհարցնես։ Ես էլ չգիտեմ, ինքս ինձ որոշել եմ։ Թող մնա, մնացածը կանեմ, վերջում էլ դասն անգիր կանեմ։

Հայացքս թեքում եմ մյուս կողմ։ Անգլերենի դասագիրք, վրան հայերեն տառերով գրված «Անգլերեն»։ Ախր, ո՞ր մի իրեն հարգող օտար լեզվի դասագրքի կազմի վրա հայերեն տառեր կտեսնեք։ Եթե հետաքրքրում է, կարող եմ ասել, որ ներսում չկա ոչ մի բան, որ կօգնի ձեզ բարելավելու ձեր գիտելիքները։ Էս անցանք։

Վերցնում եմ հանրահաշվի դասագիրքը։ Դասագրքերի թոփ տասնյակում առաջատարը։ Ցավոք սրտի իմ թոփ տասնյակում ընդամենը երկու հորիզոնական կա՝ առաջին՝ հանրահաշիվ և երկրորդ՝ երկրաչափություն։ Սկսում եմ լուծել պարզագույն լոգարիթմական անհավասարումներ։ Քսան հատ։ Վատ չի։ Բայց քսանն էլ նույն կերպ են լուծվում։ Ոչ մի հետաքրքիր կամ գրավիչ բան։ Լավ, սպասիր վերջին վարժություններից սկսեմ։ 162-ը ստացվեց։ 161-ն ու 160-ը լրիվ նույնն են։ Մնացածն էլ արել եմ։ Ոչ մի հետաքրքիր բան։ Հիասթափությամբ փակում եմ եզակի հաջողված դասագիրքը։ Հանրից էլ պրծա։

Պատմության դասագրքի կողմ նույնիսկ չեմ նայում։ Թվանշաններն ու իրադարձությունները չափից դուրս շատ են, չափից դուրս ուռճացրած ու ոչ ստույգ։ Բացի այդ, նույն դասը 8-րդ դասարանում էլ եմ սովորել, պատմել եմ ու 10 եմ ստացել։

Հասարակագիտության դասագրքի վրա լուրջ ներդրում է կատարված։ Պարզ երևում է։ Ամեն բան արել են, որ նախադասությունը կարդալիս երեք բառից ավել ոչ մի բան չհասկանաս։ Վաղը հասարակ չունենք, ուրեմն էսօր վերծանելու կարիք չկա։

Դասագրքերն ավարտվեցին։ Այսինքն՝ դասերս էլ արեցի։ Վա՜յ, ոնց էի մոռացել։ Ֆիզիկան մնաց։ 15 հատ էլ խնդիր հանձնարարեց։ Դժկամությամբ բացում եմ դասագիրքը ու սկսում դասը կարդալու տքնաջան պրոցեսը։ «Ինչպես հասկացանք նախորդ՝ 26-րդ պարագրաֆից․․․»։ Ոնց չեմ սիրում էս նախորդ պարագրաֆը։ Լավ, շարունակում եմ կարդալը։ Որ էս դասն էլ կարդամ, կմնա ընդամենը 106 պարագրաֆ։ Հեռախոսս զանգում է․

-Հա, մամ։

-Ան, ես հասնում եմ։ Դասերդ սկսե՞լ ես։

-Հա, մամ, մնաց ֆիզիկան։ Մնաց 106 պարագրաֆ․․․

mariam barseghyan1

Թե ինչ եմ անում ես Պոլիտեխնիկում, եթե արվեստի քոլեջից եմ, ու թե ինչիս է պետք լրագրությունը

Դժվար է մարդկանց հետաքրքրությունների ու հնարավորությունների բազմազանությունը ընկալել, եթե ատամհատիկիդ ժամանակ քանոն վերցրիր, ու այդ տարիքից մինչև հիմա մտածում ես, որ ի վերուստ որոշված է քո «քանոն» դառնալը: Իմ բախտը բերել է՝ ես չգիտեմ ատամհատիկիս ինչ եմ վերցրել, ու հնարավորություն ունեմ դուրս գալ այդ բոլոր կաղապարներից ու ցանկացած պահի բացահայտել այն, ինչ ուզում եմ: Շատերի համար ես ահավոր չկողմնորոշված եմ ու թյուր կարծիք կա, որ իմ նմանները նպատակներ չունեն, չգիտեն՝ ինչ են ուզում կյանքից: Բայց երևի հիասթափություն կապրեք, եթե իմանաք, որ նպատակներն իրագործելու համար տարբեր եղանակներ գոյություն ունեն: Հասկանում եք, որ պարարվեստի շնորհիվ այժմ ես վստահաբար կարող եմ ասել, որ իմ ազգի մշակույթի կրողն եմ: Լրագրության, և միայն դրա շնորհիվ, ես ինձ ակտիվ քաղաքացի եմ համարում, ու միայն դա է ինձ լսելի դարձնում: Բայց բացի տեղեկատվական տեխնոլոգիաներից, իմ ու երկրիս ապագան ուրիշ տեղ չեմ տեսնում:

Մենք վերջապես պետք է հասկանանք, որ սա մեր այն տարիքն է, երբ մենք պետք է ամեն ինչ փորձենք: Սա նման է համեղ ուտելիքին. եթե սիրում ես խնձոր ուտել, դա չի նշանակում, որ մայրիկի եփած ապուրն էլ չես ուտելու: Եվ առավել ևս, չի նշանակում, որ ապուր ուտել չես կարողանա, եթե խնձոր էլ ուտես: Գիտեմ, խնձորն ու ապուրը իրարից շատ հեռու են, գրեթե այնքան, ինչքան իմ հետաքրքրությունները: Գիտեմ նաև, որ չեք սիրում, որ ձեզ խնձորներով են բացատրում, բայց արդեն նյարդայնացնող է ամեն անգամ բացատրել Պոլիտեխնիկ ընդունվելուս պատճառները:

naira mkhitaryan

Խոստովանություն

-Ախր ո՞նց կարողացար դուրս գալ խմբակից, վեց տարիդ անիմաստ ջուրը գցեցիր, գոնե էս մի տարին էլ գնայիր, վկայականդ ստանայիր:

Վերջերս շատ եմ լսում էս հարցը ու միշտ նույն պատասխանը տալիս.

-Դե, ժամանակ չեմ ունենա հաստատ, սկսելու եմ ինձ անհրաժեշտ առարկաները պարապել արդեն, համ էլ համայնքային խոշորացումից հետո վարձը կրկնապատկվեց: Անիմաստ եմ համարում էդքան գումար տալ, մանավանդ, որ էդ վկայականով ոչինչ չեմ կարող անել:

Վերջում էլ պարտաճանաչ ավելացնում եմ.

-Համ էլ հավես չունեմ, մի տեսակ հոգնել եմ:

Չէ, ես չեմ հոգնել ու երբեք չեմ հոգնի դաշնամուր նվագելուց, երբ մենակ եմ կամ մտերիմ ընկերների հետ: Ես հոգնել եմ ու չեմ վարանի ասել՝ ատում եմ բոլոր տեսակի համերգները, որտեղ ներկայանում ու նվագում եմ: Ես դա չեմ համարի բարդույթ կամ կոմպլեքս, ուղղակի չեմ սիրում:

Հիշում եմ, թե ինչպես առաջին համերգի ժամանակ նվագեցի ու առանց խոնարհվելու իջա բեմից, իսկ վերջի՞նը. վերջինի ժամանակ էլ:

Հիմա հնարավորություն ունեմ բացատրելու: Չէ, ես ինքնահավան չեմ: Ուղղակի առաջին համերգի ժամանակ ինձ ասել էին, որ հանկարծ չխոնարհվեմ: Համերգը ամբողջական ներկայացում էր, ու դաշնամուրային համարը՝ պարզապես ներկայացման դրվագ: Իսկ վերջի՞նը: Վերջինի ժամանակ չխոնարհվեցի, որովհետև չէի նվագել: Հա, հենց էդպես: Սառած ու դողացող մատներով մի երկու ստեղն սեղմեցի: Ազնավուր էի նվագում կամ պիտի նվագեի: Հետո տեխնիկական խնդրի պատճառով սկսեցի չլսել ինքս ինձ, խառնվեցի ու հաջորդ վայրկյանին հեռացա բեմից:

Չեմ ասի, որ միակ պատճառը տեխնիկականն էր: Չնայած` չէ, լավ էլ տեխնիկականն էր. ուղեղս անջատվել էր: Հուսամ, կներեք ավելի չմանրամասնելու համար, ուղղակի կան զգացումներ, որ անբացատելի են…

Բեմից իջնելուց անմիջապես հետո տուն շտապեցի: Տանն եմ, Ազնավուր եմ նվագում` «Հավերժական սերը», նվագում եմ այնպես, ինչպես երբեք: Սառած չեմ, հոգիս միացրած է, զգում եմ: Այնպես, ինչպես պահանջում, հորդորում էր ուսուցիչս: Տանը ոչ ոք չկար: Նվագելն ավարտելուց հետո ողբս եմ կապել ու շարունակ մեղադրում եմ ինձ:

Հիշում եմ, թե ինչպես չորս տարի առաջ երազում էի Բեթհովենի «Էլիզեի համար»-ը նվագել, բայց քանի որ այն բավականին բարդ էր, իսկ ես նոր-նոր կարապների, սագերի ու բադերի պարեր էի նվագում, երազանքս չիրականացավ այդ և մոտակա երեք տարիների ընթացքում:

Գալիք հաշվետու համերգին պիտի հենց էդ ստեղծագործությամբ ներկայանայի, բայց չեմ ներկայանա, որովհետև ատում եմ ամեն տեսակ համերգները, ու որովհետև ես էլ խմբակի սան չեմ:

Երազանքս իրականացնելու համար ինձ անհրաժեշտ չեն բեմ, հանդիսատես ու ծափեր, ես դրա իրականացման բերկրանքը զգում եմ ամեն անգամ, երբ տանը մենակ եմ:

tatevik aramyan

Անհայտ ճակատագիր

-Մա՞մ, բա էդ ո՞վ էր զանգել։

-«Կարմիր խաչից» Աշոտ քեռու հարցով էին զանգել, ԴՆԹ-ի անալիզ պետք ա վերցնեն։ Դե, հնարավոր ա՝ ինչ-որ մի տեղ գտնեն իրեն, ու հիշողության կորուստ լինելու դեպքում նույնիսկ կարողանան իմանալ, որ հենց ինքն ա։

Ու էսպես, արդեն 25 տարի է անցել էն օրվանից, երբ քեռիս մեկնեց ռազմաճակատ։ Ու ամեն զանգից մամայիս սիրտը վեր է թռնում։ «Երևի ինչ-որ նորություն կա Աշոտիցս»,- մտածում էր մայրս ու սկսում նորից պատմել այդ չարաբաստիկ պատմությունը։ Դե, ես էի, էլի, եսասերի նման անընդհատ հարցեր էի տալիս՝ գիտակցելով, որ մայրս էդ ամենը հիշելիս ցավ է զգում։ Ինչևէ, երևի էս 25 տարիները մի քիչ, շատ քիչ բթացրել են էդ ցավը։

Քեռիս մեկնեց ռազմաճակատ էն ժամանակ, երբ նորաստեղծ բանակ էր զորակոչվել իր միակ տղան՝ Արշակը՝ եղբայրս։ Դե, ոնց կարող էր հանգիստ նստել, եթե տղային արդեն բարձրացրել էին դիրքեր Քյալբաջարում (Քարվաճառում): Քեռիս թողել է ամեն ինչ իր որդու կողքին լինելու համար։ Նրանք կռվում էին նույն ճակատում։ Չորս ամիս էր, ինչ քեռիս հեռու էր տնից ու կռվում էր էս մի թիզ հողը պահելու համար։ Բայց․․․ Դեկտեմբերին գիշերը խոշոր հարձակում Ադրբեջանի կողմից․․․ Կռիվը անհավասար էր, և ադրբեջանցիները գրավեցին դիրքերը։ Երկու կողմերն էլ շատ զոհեր տվեցին։ Եղան նաև անհայտ կորածներ, որոնց մեջ էր իմ Աշոտ քեռին։ Դիրքերը հետագայում հայկական կողմը հետ վերցրեց։

Քեռուս գտնել չէր հաջողվում։ Սարսափում եմ պատկերացնել, թե ինչ մղձավանջի միջով է անցել մորս ընտանիքը՝ տատս, պապս, մորաքույրս։ Փոքր քեռիս էլ կորցրեց առողջությունը՝ դիակների մեջ նրան փնտրելով։ Անընդհատ ու ամենուր փնտրում էին քեռուս, ամեն անցնող զինվորի մեջ տատս տեսնում էր իր որդուն։ Եկավ մի ժամանակ, որ էլ չէին փնտրում, նրան տվեցին անհայտ կորածի կարգավիճակ։ Էս վերջերս էլ հուշաքար կանգնեցրին, վրան գրված․ «Աշոտ Համբարձումի Ներսիսյան», էլի էդ նույն գրությունը՝ անհայտ կորած։ Էդ արտահայտության մեջ միաժամանակ այնքան ցավ ու այնքան հույս կա․․․

Երևի անորոշությունից ու սպասումից անտանելի բան չկա, չէ՞։ Ու այդ սպասման մեջ հույսը անպայման պետք է ներկա լինի։ Երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ կարոտել ու սիրել մի մարդու, որին երբեք չեմ տեսել։ Հա, քեռ, ես հավատում եմ, որ դու ողջ ես ու մի օր կկարդաս գրածս։ Ես լի եմ լավատեսությամբ ու հույսով, ու գիտեմ, որ մի օր գալու ես, անպայման գալու ես։ Քո ընտանիքը, մենք քեզ սպասում ենք։

seda mkhitaryan

Զրույցներ Լուսնի հետ (մաս 3)

Էսօր քաղաք կիջնենք։ Դեմ չե՞ս։

Ուսիս նստիր։ Կամ քայլիր կողքովս։ Ո՞նց քեզ է հարմար։

Լսիր, առաջին բանը, որ պիտի իմանաս քաղաք իջնելիս, այն է, որ եթե ստանդարտ չես, ուրեմն աչքերը չռելու են։

Հա։ Մի վախեցիր։ Ինձ էդպես նայում են մեկ-մեկ։ Ոչինչ, կսովորես։

Մազե՞րը։ Հա, բոլորինը իրար նման են։

Չէ։ Սկզբից տարբեր է լինում։ Հետո նմանվում են իրար։

Էս մեծ շե՞նքը։

Համալսարանն է։

Էդտեղ մի ուրիշ անգամ կմտնենք։ Հիմա արի քայլենք։ Քեզ ցույց տամ էս սառը քաղաքը։ Եթե անձրև գա, չզարմանաս։ Էստեղ միշտ անձրև է։

Գիտե՞ս՝ մի խելացի մարդ ինչ է ասել էս քաղաքի մասին. «Անծով քաղաք, որտեղ ամեն օր խորտակվում ես»։

Հա, ես էլ եմ հավանել։

Էս մարդի՞կ։

Առևտուր են անում։ Անընդհատ առևտուր։ Միշտ առևտուր։ Ամեն ինչի առևտուր։ Առևտուր ու մեքենաներ, այս քաղաքում դրանք անվերջ են։

Եկողը մոտեցավ։ Ես հասկացա, որ այս աշխարհում նրա շագանակագույն վերարկուից էլի կա։

Տես, տերևները ինչքան դեղին են էստեղ։

Միանգամից կարծիքդ մի ասա։

Լավ քաղաք է։ Ես, համենայնդեպս, սիրեցի։ Դու էլ կսիրես։

Երթուղայինի ենք սպասում, համբերիր։

Հա, երկար է մի քիչ տևում։ Բայց պիտի սպասենք։

Տես, եկավ։

Կկանգնենք, ոչինչ։ Միշտ էլ կանգնած եմ տուն հասնում։ Էսօր էլ իրար հետ կկանգնենք։

Դուռը շրխկալով փակվում է։

Նյարդային եմ։ Չէ, դու կապ չունես։ Իսկ եթե անկեղծ, ոչ ոք էլ կապ չունի։

Հա, ամեն օր մի բան լինում է, ու ներվային եմ դառնում։

Մի մտածիր։

Լավ է լինելու։

davit gorgoyan

Չհեղափոխություն

-Երեխանե՛ր, պատկերացրեք մարդու օրգանիզմը: Այն բաղկացած է բջիջներից, ճի՞շտ է:

-Այո՜, ընկեր Նաջարյան:

-Այսինքն` կարելի է ասել, որ ամեն մի բջիջ օրգանիզմի գոյատևման համար անչափ կարևոր բաղկացուցիչ մաս է:

-Այո՜, ընկեր Նաջարյան:

-Ահա, այդ նույն ձևով էլ մեր հասարակությունն է: Պատկերացրեք, որ հասարակությունը օրգանիզմն է, իսկ դուք` բջիջը: Յուրաքանչյուրդ այդ հասարակության տարր եք:

Դասարանում, չնայած` մեծ մասը չէր սովորում, նույն մեծ մասն էլ հզոր երևակայություն ուներ: Սովորելու փոխարեն աներևակայական նկարներ էինք ստեղծում: Ու այդ նույն հզոր երևակայությունն անգամ ծնկի էր գալիս հասարակություն կոչված տերմինի առաջ: Մնում էր միայն գլուխ օրորել: Ուսուցիչն ասաց, ուրեմն ճիշտ է:

-Որ խնդրեմ` տեղ չէի՞ք տա, նստեմ,- մետրոյում խլացած ձայնով ասաց մի տիկին, որի դեմքից անգամ սառած ցավ էր հոսում,- ուղղակի ոտքերս այտուցվել են, չեմ կարողանում կանգնել:

-Չէ, մենք էլ ենք հոգնած:

-Ձեր տարիքում մենք էսպես չէինք վարվում, մեծին էլ, փոքրին էլ տեղ էինք զիջում` հիվանդ լինեին, թե առողջ: Ոչինչ, չեք հասկանա:

-Զիջել ես, էլի, որ էս օրին ես,- ասացին, նայեցին իրար, մաստակը բերեցին բերանի կենտրոն ու ավելի ուժեղ կրքով սկսեցին ծամել: Ուրիշ ձայն չկար` բացի մետրոյի թպրտոցից ու աչքերում՝ հռհռոցից:

Չէ՛, ընկեր Նաջարյան, ես չեմ ուզում էս հասարակության մասը կազմել, ես կզիջեմ: Ինձ ուրիշ տեղ խցկեք. թույնը մի օր ինձ էլ կհասնի:

-Նստեք:

-Շնորհակալ եմ, տղա ջան:

-Իրենց շնորհակալություն հայտնեք, լավ գրելու թեմա տվեցին,- սեղմող հայացք, չամաչող աչքեր: