Կրթական համակարգի խնդիրների մասին իմ նախորդ նյութից հետո՝ FEEDBACK ԴՊՐՈՑԻՆ, ես ստացա ամենատարբեր արձագանքներ
Հիմա դրանցից մի քանիսի մասին եմ ուզում խոսել։
Արձագանքներ կային, որոնք ես կուզեի ստանալ, բայց չստացա։ Համոզվեցի՝ այն ինչ գրված էր նյութի մեջ, այդքան էլ սուբյեկտիվ չէր։
Թեմային անդրադառնում եմ երկրորդ անգամ, որովհետև նախորդի արձագանքից հասկացա՝ խնդիրները հետաքրքրում են հիմնականում մեզ՝ կրթության ոլորտի արտադրանքի սպառողներիս։ Համակարգը ստեղծողները թեմայով այդքան էլ հետաքրքրված չեն։ Շոգ է։ Հասկանում եմ։ Նախ ասեմ՝ չեմ կարծում՝ համակարգը ստեղծում են «վերևներում»։ Կամ գոնե ոչ միայն այնտեղ։
Դպրոցում համակարգ ձևավորում ենք մենք և ուսուցիչները։
Նյութի մեկնաբանություններում քննադատությունները քիչ էին։
Ես դրանցից մեկն եմ առանձնացրել։ Մեկնաբանող տիկինը, որն ինձ դիմում էր «որպես մայր, ծնող, դպրոցում աշխատած ուսուցիչ», գրում էր տրանսլիտով, վերջում այդպես էլ հարցիս չպատասխանեց։
Բառացի մեջբերում եմ մեկնաբանությունը.
«Գրվածում իրականություն կա։ Սակայն դպրոցում պետք է սովորել բոլոր առարկաները անկախ նրանից՝ դա կարող ես, թե ոչ (ասեղ թելել, նկարել …)։ Պարզապես պետք է հայկական ուսումնական հաստատություններում մտցնել այն գաղափարը, որ պարտադիր չէ որ բոլորը կարողանան դա անել գերազանց։ Սիրելի նյութի հեղինակ, որպես մայր, որպես ծնող, որպես դպրոցում աշխատած ուսուցիչ խորհուրդ կտամ կյանքում ամեն ասպարեզից մի քիչ-մի քիչ գիտելիք ունենալ (բոլորը կատարյալ հնարավոր չէ), կյանքը լի է անակնկալներով»։
Երբ ասաց, որ հայկական կրթական ծրագրերը լավն են ի տարբերություն եվրոպականի, ես հարցրի՝ արդյո՞ք ուսումնասիրել է եվրոպական որևէ երկրի կրթական ծրագիրը։ Հարցս մնաց անպատասխան։
Տիկինն այդպես էլ չընդունեց, որ ես բազմակողմանիորեն զարգացած լինելուն դեմ չեմ։ Ընդհակառակը։ Պարզապես իմ և իր «բազմակողմանին» տարբեր էին։ Ես բազմակողմանիորեն զարգացած լինել ասելով՝ հասկանում եմ բացի մայրենի լեզվից գոնե երկու օտար լեզվի իմացություն, ՏՀՏ-ից օգտվելու և դրանք կիրառելու հմտություն և մաքսիմալ պրոֆեսիոնալիզմ դասավանդած առարակայում։
Իմ նշած հմտությունները կարելի է ձեռք բերել ինքնակրթության միջոցով։ Ի դեպ՝ մեկնաբանող կինը նաև նշեց, որ իրենց ժամանակ չկային համակարգիչներ ու իրենք օգտվում էին հանրագիտարաններից ու հին սերնդից։
Ինձ համար մեր «օնլայն բանավեճի» ամենակարևոր արտահայտություններից էր սա։ Որովհետև ես հասկացա, որ խնդիրը փոփոխություններին պատրաստ չլինելն է ու պարզապես չիմանալը, որ այդ փոփոխություններն ընդունելը կարևոր է։ Շատ կարևոր։ Եթե կարիք լինի՝ ուղերձս ձեզ հասցնելու համար երրորդ անգամ գրել այս թեմայի մասին, ես պատրաստ եմ։
Որևէ հեղափոխություն, նոր կառավարություն, ԿԳՆ չի կարող փոխել կրթական համակարգը, լուծել խնդիրները, եթե հանրակրթական դպրոցներում դասավանդող բոլոր ուսուցիչները չգիտակցեն, որ այս խնդիրը իսկապես կարևոր է, որ մեզ ու դպրոցի և իրենց հետ հարաբերություններ ձևավորելուն խանգարում է հենց իրենց անտարբերությունը, եթե չհասկանան, որ մեդիագրագիտությունը կարևոր է, որ հայոց եկեղեցու պատմություն առարկայի փոխարեն պետք է ներառել կրոնագիտությունը, որ մարդկանց տարբեր ու հավասար լինելն ընդունելը ոչ թե «արևմտամետ լինել է», այլ կարևոր արժեքների գիտակցում (Ինձ Սորոսը չի ֆինանսավորում)։
Հետաքրքրվածների համար էլ առաջարկ ունեմ։ Ցանկանո՞ւմ ես փոխել, գիտակցո՞ւմ ես, որ հեղափոխությունը պետք է «խցկել» դպրոց, պատրա՞ստ ես սովորեցնել, անտարբեր չե՞ս։ Ինձ ուղղակի ինչ-որ կերպ հասկացրու, որ էդպես է. գրիր, մեկնաբանիր, սկսենք «չելենջ», հեշթեգը՝ #ՍովորեցրուՈւսուցչինՍովորել։ Սա իմ տարբերակն է, բայց ես բաց եմ բոլորիդ առաջարկների ու քննադատությունների առաջ։ Ես դրա համար ունեմ ընդամենը մի սեպտեմբերի հնարավորություն, բայց ուզում եմ՝ մնացածի մնացած սեպտեմբերները չլինեն էսպիսին, որ հասկանան դպրոց հաճախելու կարևորությունը, որ սիրեն սովորելու գործընթացը։
Սպասում եմ տարբերակների։
Զալցբուրգյան մեր վեցերորդ օրը համապատասխանում էր շաբաթվա վեցերորդ օրվան, և քանի որ այն շաբաթ էր, մենք զբաղված էինք միայն օրվա առաջին կեսը։ Այսօր մենք նոր հյուրեր ունեինք․ ժամանելու էր ժյուրի՝ նույնպես գնահատելու ծրագրավորողների կատարած աշխատանքը։ Օրը սկսվեց ծրագրավորողների զեկույցներով, բայց այս անգամ արդեն ավելի կարճ ժամանակում և ավելի խիստ լսարանի առաջ։ Ծրագրավորողների հետ արդեն ընկերացած լրագրողները նրանց ոգևորում և քաջալերում էին, քանի որ նրանք բավականին լարված և հուզված էին։ Ժյուրին ընտրելու էր չորս հաղթողի, որոնք հնարավորություն էին ստանալու մասնակցելու մենեջմենթի դասընթացի Մակեդոնիայում։

Հուլիսի յոթից տասներկուսը ընկած ժամանակահատվածում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը կազմակերպել էր դաշտային ճամբար մարզային երիտասարդության համար: Վրանային ճամբարը անցկացվեց Գյումրիի Մարմաշեն վանական համալիրի հարակից տարածքում: Ճամբարին մասնակցում էին տասը մարզերում գործող քաղաքացիական երիտասարդական կենտրոնների ակտիվ երիտասարդները: Յուրաքանչյուր մարզից Գյումրի էին ժամանել երեք-չորս հոգի, ընդհանուր մասնակիցների թիվը հասնում էր քառասունի: Ճամբարում առօրյան բավականին հագեցած էր անցնում: Մասնակիցներին հնարավորություն էր տրվում օրվա ընթացքում մասնակցել տեղական ինքնակառավարման, թափանցիկության, հաշվետվողականության և հանրային մասնակցության թեմաներով դասընթացներին, որոնք վարում էին ոլորտի փորձառու դասընթացավարները: Մասնակիցները նաև հնարավորություն ստացան տեղական ինքնակառավարման ոլորտում դրամաշնորհների մշակման աշխատանքներ իրականացնել խմբերով: Լավագույն խմբերը իրենց ծրագրերի համար ֆինանսավորվեցին հարյուր հազար դրամ դրամաշնորհներով:











