Էս ի՞նչ սերունդ է

Շատ եք լսել չէ՞. «Էս ի՞նչ սերունդ է», կամ՝ «Բա մեր ժամանակ սենց է՞ր»։

Էս ի՞նչ սերունդ է:

Էս էն սերունդն է, որ զարգացնում է կրթությունն ու գիտությունն էս երկրում ու միաժամանակ, պատրաստ է դասադուլ անել հանուն երկրի ներկան կայունացնելու ու ապագան բարեփոխելու։

Էս էն սերունդն է, որ կարող է ֆեյսբուքյան մի գրառումով խաղաղ բողոքի ցույց սկսել։

Էս էն սերունդն է, որն ապացուցեց, որ ժողովրդի ձայնը կարող է լսելի դառնալ, որ հարյուր հազարավոր մարդիկ կարող են մի շնչով արտահայտություն վանկարկել։

Էս սերունդը վախ չունի, ախր։ Աշխատանքը կորցնելուց, կրթական հաստատությունից դուրս մնալուց, քննադատվելուց չվախեցող է։

Էս սերունդը մեր երկրի անկախության տարիքին է, կամ դրանից ավելի փոքր, և ուզում է իր վանկարկումներում ասվող ազատ, արդար Հայաստանը տեսնել։

Էս սերնդի հանրահավաքները «Բիթլզ»-ով են սկսվում ու Նեմրայով վերջանում։

Էս սերնդի ցուցարարները ոստիկանների հետ լավաշ են կիսում ու քոչարի պարելով փողոց փակում։

Էս սերունդը սիրում է վարչապետի ժողովրդականը, հեղափոխության՝ անարյունն ու ոստիկանի՝ ժպտացողը։

emma miqayelyan-2

Հայրիկը տանն է

7: 15 է, հայրիկն աշխատանքի է գնում, բոլորս քնած ենք, ու լսվում է ավտոտնակի դռների շխկոցով փակվելը: Ես ընկնում եմ անկողնուց՝ «ա՜խ», ու գլուխս հարվածում եմ պահարանին: Ստիպված շուտ արթնացանք, ու բոլորս՝ բացի հայրիկից, հյուրասենյակում ենք առավոտյան գլխացավով: Հագնվեցինք, գնացինք դասի, մայրիկը տանը միայնակ մնաց, իսկ տնային գործերը էլի մնացին մայրիկի ուսերին:

Ժամը 3-ին եկա տուն, մայրիկն ամեն ինչ արել էր, իսկ ես հույս ունեի, որ մի բանով կօգնեմ մայրիկիս: 18:02 է, բոլորս հավաքվել ենք ճաշելու: Սեղանին դրված է ամեն ինչ, ինչ կա սառնարանում, բայց ոչինչ էլ չէինք ուտում՝ բացի գլխավոր ճաշատեսակից: Հավաքեցինք սեղանը և բոլորս գնացինք հյուրասենյակ.

-Վա՜խ, «Ֆորսաժ»-ը կթողնե՞ս, պա՛պ,- ասաց եղբայրս:

-Սպասի,- պատասխանեց հայրիկս:

-Վա՜յ, պա՛պ, կթողնե՞ս էս երգերի ալիքը:

-Չէ, սպասի մի քիչ:

-Վա՜յ, պա՛պ, մուլտիկ թող նայենք, էլի,- ասացի ես:

-Դու էլ սպասի, հետո:

-Թող РТР-ը՝ էն բժշկին լսենք,- ասաց մայրս:

-Վա՜յ, սպասեք բոլորդ:

Մենք տանը երկու հեռուստացույց ունենք, բայց ոչ ոք չէր պատրաստվում գնալ և երկրորդը միացնել, որովհետև հազիվ էինք միասին հավաքվել:

Այսքան սպասելուց հետո՝ բոլորս ստիպված նայում ենք լուրեր։ Ամեն ինչ հայրիկի սրտով է:

zara torosyan

Խաղաղ երեկո

Երեկոյան կենտրոնացած դաս էի անում, իսկ հեռախոսս անընդհատ զնգում էր։ Վերցրի և տեսա, որ եղբայրս է՝ կողքի սենյակից։ Անհանգստացա, որովհետև նա իր քննություններին էր պատրաստվում և անիմաստ բանի համար չէր զանգի։ Պատասխանեցի զանգին, եղբայրս ասաց, որ շատ կարևոր բան է պատահել, շտապ գնամ իր սենյակ։ Երբ գնացի, ասաց, որ ուղղակի կատակում էր, ծիծաղեց և ջուր ուզեց։ Ջուրը բերեցի, իսկ նա ասաց, որ փոշմանել է և այլևս չի ուզում։ Ու էլի ծիծաղեց։

-Ժիրո, զզվացրիր արդեն քո տափակ հումորներով,- ասացի ես, թողեցի գնացի իմ սենյակ։

Եղբայրս արդեն ոչ թե զանգում էր, այլ սենյակից գոռում, սակայն ես բանի տեղ չէի դնում, քանի որ անիմաստ բանի համար էր կանչելու, ինձ նյարդայնացնելու էր, ես էլ ոչ մի բան չէի անելու, որովհետև, դե նա մեծ եղբայրս է և ավելի վատ բան կմտածեր իմ գլխին խաղ խաղալու։ Իսկ ես չէի ուզում սկսել այդ անվերջ շարունակվող պատերազմը։

Ժիրոն ինձնից անցավ տատիկին, ամեն վայրկյան նրան էր կանչում։ Իսկ տատիկը նրա բոլոր ուզածներն անում էր, ինչն ինձ ավելի էր բարկացնում։

Բայց սենյակում նստած մտածում էի. Ինչ լավ է, որ բոլորս միասին ենք, տանն ենք, և բոլորս սիրում ենք իրար:

Երևանյան օրեր. ապրիլի 29

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Լաուրա Մանուկյանի

Լուսանկարը՝ Լաուրա Մանուկյանի

 

Վանաձոր. ապրիլի 28

Իմ քայլի պատմությունը

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

Սովորական օր էր բացվել Գյումրիում, ես էլ սովորականի նման առավոտյան արթնացել ու դասի էի գնում: Ճանապարհին մտքումս քննարկում էի Երևանում կատարվող իրադարձությունները, մտածում էի, որ հարկավոր է նմանատիպ ցույցեր կազմակերպել նաև Գյումրիում, չնայած՝ ցույցեր կազմակերպելու փորձ բացարձակ չունեի, ուստի եթե նման փորձ ունեցողները քայլ անեին, ես էլ կմիանայի նրանց, որպեսզի ցույց տամ, որ բողոք ունեմ իշխանության դեմ:

Քայլարշավը սկսվել էր Գյումրիից՝ քաղաքից, որտեղ ցանկացած ընտրության ժամանակ ինչքան էլ իշխանությունը խարդախություն էր փորձում անել ու կաշառք էր բաժանում, նույնիսկ ձայները կեղծելով՝ չէր հաղթում: Միգուցե դա էր պատճառը, որ միշտ ըմբոստ գյումրեցին հիասթափվել ու համակերպվել էր, որ ոչինչ չի փոխվի: Մտածում էի ու քայլում, հանկարծ ճանապարհին տեսա մի խումբ երիտասարդ ցուցարարների ու ինքս ինձ որոշեցի, որ եթե նույնիսկ մեծերը հիասթափված են, ուրեմն ես ու իմ հասակակիցները պիտի մեր բողոքը անհնազանդությամբ ցույց տանք: Ու ես հայտնվեցի բողոքող ցուցարարների մեջ: Մթնոլորտը շիկացած էր, ու ես էլ՝ դրա մեջ: Երբ տուն եկա, ձայնս էր կտրված, երկար քայլելուց փոշոտված էի ու արևահարված, բայց ուրախ էի, որ իմ մեջ կար հայրենիքումս քաղաքական փոփոխություն կատարելու մեծ ձգտում:

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

Եղել են պահեր, երբ ինձ փորձում էին համոզել, որ ես ինչ-որ մի օր պիտի թողնեմ հայրենիքս, ու ընտանիքով գնանք Հայաստանից: Ես միշտ դեմ եմ եղել, միշտ մտածել եմ, որ ուր էլ որ կյանքը ինձ տանի, միևնույնն է, Գյումրիից չեմ կտրվի և վերջում անպայման հետ կվերադառնամ: Բացառությամբ այն դեպքերի, երբ հուսահատված ու հորս կարոտած եմ եղել: Մի խոսքով՝ շատ չխորանամ զգացմունքներիս մեջ ու ասեմ, որ երբ մտա տուն, մայրս անհանգիստ էր ու լարված, քանի որ գիտեր, թե քաղաքում ու հանրապետությունում ինչ է կատարվում: Ուստի անհանգիստ հայացքը ուղղեց ինձ ու զայրացած ասաց.

-Որտե՞ղ էիր, ի՞նչ էիր անում այսքան ժամանակ փողոցներում՝ սոված ու ծարավ:

Քանի որ շատ էր զայրացած, ձայն չհանեցի և լուռ անցա լվացվելու: Ուզում էի մորս բարկությունը անցնի, նոր խոսեմ և բացատրեմ: Մայրս հուզված խոսում էր ու խոսում, ինձ հասկացնում, որ գործ չունեմ այդ թոհուբոհի մեջ, քանի որ ոչինչ չեմ փոխի, այն, ինչ «վերևներից» են թելադրում, այդպես էլ կլինի: Ինքն էլ լինելով պայքարող մարդ՝ շատ անգամներ է տեսել, թե ոնց են խեղաթյուրել հասարակ ժողովրդի հաղթանակները: Լռեցի, լռեցի, բայց այլևս չկարողացա լռել ու պոռթկացի՝ ասելով.

-Մա, ձեր սերնդի պայքարողները մեզ համար են պայքարել, բայց չեն կարողացել հասնել նպատակին, ու մեզ թողել եք այնպիսի երկիր, որտեղ ես չեմ ուզում ապրել, և ամեն անգամ ինձ հիշեցնում եք, որ այստեղ ապրելու տեղ չէ, և հնարավոր է, որ մի օր ես էլ Հայաստանից հեռանամ ու ապրեմ դրսում։ Հասկացիր, ես դրսում ապրել չեմ ուզում: Մա, թող որ ես կերտեմ իմ ուզած Հայաստանը, իսկ եթե սխալվեմ, կիմանամ, որ դա իմ սխալն էր։ Եթե հիմա նստեմ տանը ու ընկերներիս մենակ թողնեմ, երբեք ինձ չեմ ների:

Մայրս լուռ լսեց ու ասաց.

-Դե, որ էդպես է, գնա, Աստված քեզ հետ, միայն խնդրում եմ՝ ինձնից գաղտնի մի պահիր քայլերդ, ինձ տեղյակ պահիր՝ որտեղ ես և ինչ ես անելու, որպեսզի իմանամ ու հարկ եղած դեպքում կողքիդ լինեմ:

Ու ընդամենը վեց օր հետո ուրախ-ուրախ տուն մտա ու ասացի.

-Ի՞նչ էիք ասում, որ չի ստացվի, տեսա՞ք, որ ազգովի, երբ բռունցք ենք դառնում, մեզ չեն կարող հաղթել:

Աստված տա դեպի լույս տանող այս քայլը ավարտվի լիարժեք հաղթանակով և Հայաստանում տիրի օրինականությունը, և երկրիս սահմանները լինեն անսասան, ու մենք հաղթենք թե՛ մեր մեջ եղած թշնամուն, և թե՛ արտաքին թշնամուն: Իսկ նրանց, ովքեր կփորձեն իրենց օգուտը քաղել իմ սերնդի տարած հաղթանակից, զգուշացնում եմ, որ նորից կբռունցքվենք ու այն ժամանակ ավելի շռնդալից կհաղթենք:

 

Իմ կարծիքից մինչև իմ քայլը

Լուսանկարները՝ Մարիամ Հարությունյանի

Լուսանկարները՝ Մարիամ Հարությունյանի

Բարև: Ինչպե՞ս ես: Անհանգի՞ստ, անհամբե՞ր, պլանավորում ես մասնակցությունդ ցույցի՞ն, գուցե նեղսրտած ես, որովհետև հնարավորություն չունե՞ս մասնակցելու:

Եթե աշակերտ ես, մեծամասնության կարծիքով՝ առիթից օգտվում ես դասի չգնալու, դաս չսովորելու համար: Իսկ ի՞նչ է անում էդ մեծամասնությունը: Մտածում է, որ մեկ է, ոչինչ չես փոխելու, նախատում է քեզ դասի չգնալու համար՝ պատճառաբանելով, որ ազգին կրթված սերունդ է հարկավոր, ու որ ամենակարևոն է՝ դու անչափահաս ես:

Լուսանկարները՝ Մարիամ Հարությունյանի

Լուսանկարները՝ Մարիամ Հարությունյանի

Ի՞նչ է, անչափահասը չի՞ տեսնում՝ ինչպես է տանջվում ծնողն իրեն պահելու համար, չի՞ զգում արտերկրում աշխատող հարազատի կարոտը, չի՞ տեսնում իր իսկ ժողովրդի պայքարը, չի՞ ոգեշնչվում ամեն տեսակ հաղթանակներից։

Ես անչափահաս եմ, հա: Բայց ես դասարանի դռան վրա հենց սկզբից գրել եմ «#ՄերժիրՍերժին»: Ես չվախեցա տնօրենին ասել, որ ես եմ գրել, ես չհուսահատվեցի, երբ գրածս մաքրեցին, ես չհուսահատվեցի, երբ երեք անգամ ձախողեցին մեր կազմակերպած դասադուլը, ես չվախեցա կարծիքս հայտնել ու չորրորդ անգամ դուրս եկա ցույցի՝ գրածս մաքրողների գլխավորությամբ:

Ես չէի մրսում, սոված չէի, չէի հոգնում, չէի մտածում, որ անիմաստ է: Ես վեր թռա պառկած տեղից՝ հրաժարականի լուրը լսելուն պես, վազեցի դուրս, ընկերներս էլ նույն ոգևորությամբ վազելով գալիս էին, մենք ուրախությունից թռչկոտում էինք իրար գրկած, մենք մեզ կարևոր մարդ համարեցինք, քանի որ ունեցել էինք մեր քայլը:

Լուսանկարները՝ Մարիամ Հարությունյանի

Լուսանկարները՝ Մարիամ Հարությունյանի

Ես շարունակում եմ իմ պայքարը, իմ փոքր քայլերով քայլում եմ ժողովրդիս հետևից: Ես հավատում եմ, վստահում եմ, գիտակցում եմ պահի լրջությունը. ես պատրաստ եմ:

Հ.Գ. Դասադուլի ժամանակ նկատել եմ ժպիտդ, ոստիկան, գիտեմ, որ հոգով մեզ հետ ես, ու նոր՝ թավշյա հեղափոխությունը նշելիս՝ կենացդ խմելու ենք:

Պայքարն արվեստում

Երբ հուլիսի 25-ին ինստագրամում մի հրապարակում տեսա, տակնուվրա եղան մտքերս, ու մտովի մի էսքիզ արեցի։ Հրապարակումն արվել էր «Իմփաքթ Հաբ»-ի կողմից։ Եթե անկեղծ լինեմ, կազմակերպության մասին երբևէ չէի լսել և նրանց չէի հետևում սոցիալական ցանցերում, բայց հիմա ամեն ջանք թափում եմ, որպեսզի նրանց հրապարակումների մասին առաջինը ես իմանամ։ Ինստագրամյան այդ հրապարակումն ասում էր, որ կազմակերպությունը որոշել է հայտարարել միջազգային մրցույթ արվեստով հետաքրքրված մարդկանց համար։ Մրցույթի մասնակիցները պետք է ստեղծեին հակակոռուպցիոն պոստերներ։ Երբևէ չէի հետաքրքրվել պոստերներով, բայց որոշեցի այս անգամ փորձել, չնայած՝ հայտերի ընդունման ավարտին մնացել էր մի քանի ժամ։

Երեք ամիս անց ես այն սակավաթիվ հաջողակների թվում էի, որոնք միջազգային ժյուրիի գնահատանքից հետո անցել էին վերջին փուլ։ Հանրային բաց քվեարկությունից հետո՝ իմ պոստերը հանրության նախընտրածն էր։

Իրականում մասնակիցներից շատերը միգուցե մասնակցում էին ճանաչում, նոր ծանոթություններ կամ փորձ ձեռք բերելու նպատակով։ Բայց իմ նպատակը մեկն էր՝ լսելի դարձնել իմ ձայնը և ունենալ իմ ներդրումը հակակոռուպցիոն պայքարում։

Լուսանկարը՝ Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը՝ Անահիտ Բաղշեցյանի

Այսօր տեսնում եմ իմ ժողովրդի ամենօրյա պայքարը։ Տեսնում եմ, որ ցույցի գնալը դարձել է սովորական քայլ, քանի որ բոլորն էլ գիտակցում են՝ ինչի համար են պայքարում։ Պայքարում են ոչ միայն ներկա իշխանությունների, այլև կոռուպցիայի, անարդարության, անհավասարության դեմ։ Մարդիկ պայքարում են իրենց երազանքների, նպատակների, իրավունքների, բարեկեցիկ կյանքի իրավունքի ու հաջորդ սերունդների ապագայի համար։

Ուրախ եմ, որ ամիսներ առաջ արել եմ իմ ուրույն պայքարի քայլը՝ փորձելով դարձնել կարծիքս բարձրաձայնված, փորձելով փրկել երազելու իրավունքս։ Ուրախ եմ, որ անում եմ քայլս մինչև այսօր։

Դու

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Դու ավելին ես, քան այս տողերը

Դու ավելին ես,

Քան երկու տառանոց

Ու ոչինչ չասող պարզ մի հապավում,

Դու Հայաստան ես:

Դու ավելին ես,

Քան ցեղասպանություն տեսած,

Իր կեսը կորցրած,

Խեղճ ու թույլ երկիր,

Դու ցեղասպանությունից հետո

Ողջ մնացածն ես,

Ընկած, չծնկած

Ընկած ու նորից կանգնած երկիրն ես.

15 թվից հետո 18 կերտածն ես:

Դու 1,5 մլն կորցրած երկիր չես,

Դու 1,5 մլն քայլեր անողն ես՝

դեպի էրգիրդ:

Ապրիլն անիծող

Երկիրն էլ դու չես,

Դու ապրիլն ապրած,

Ապրիլից հետո

Թշնամիներիդ մայիսին հաղթած,

Իսկ ապրիլին էլ

Ինքդ քեզ հաղթողն ես:

Դու «Վան ու Անի կորցրած երկիր» չես,

Դու կորցնելուց հետո Արցախդ պահողն ես,

Արցախդ՝ մի թիզ,

Բայց, դե արժեքն էլ

չի չափվում երբեք

կիլոմետրերով:

Դու ավելին ես, քան Արցախ-Հայաստան,

Դու Հայստան ես,

Որն էլ համարժեքն է

Մեծ լեռնաշխարհիդ:

Դու ավելին ես, քան 301-դ,

Ավելին ես, քան դրոշակ դարձրած

«Քրիստոնեություն ընդունած առաջին երկիր»-դ,

Քոնը կրոն չէ,

Քոնը հավատն է:

Դու այլևս անկախությունդ չակերտավորող

Կառույց չես,

Անկախությունդ,

Որ վաղուց է՝ ինչ չակերտավոր է,

Իսկ նախածանցն էլ էլ չի երևում,

Գրվում է միայն, էլ չի կարդացում:

Դու ավելին ես…

Կյանքի գնով

Անկախությունդ չակերտալքող

Ու

Նոր պատմություն կերտող սերունդն ես:

Դու ավելին ես,

Քան գծված

Ու չափված

Խորհրդանիշներ.

Դու Նալբանդյանի «Մեր հայրենիքը» չես,

Դու Նալբանդյանի «Ազատությունն» ես,

Դու իտալացի մի աղջկա երգած

«Մեր հայրենիք թշվառ, անտերը» չես,

Դու մինչ մահ ու կախաղան,

Ու կախաղանից հետո էլ

Ազատություն երգող

Հպարտ երգիչ ես:

Դու ավելին ես,

Քան պաթոսաշաղախ

Ու անգիր արված հին ու նոր խոսքեր:

Դու մեր պատմության դասագրքերի

«Մենք ամենալավն ենք,

Մենք ամենահինն ենք»

Էլ ոչինչ չասող ու չապացուցող

Դատարկ խոսքեր չես:

Դու ավելին ես.

Դու չասված խոսք ես,

Լռության րոպե:

Լռության րոպեն,

Երբ հանդիպում են

Կանգուն լինելուդ

համար ընկածներդ

Ու կանգուն մնալուդ

համար դեռ ապրողներդ…

Լռության րոպե, ու տես՝

Տողատակերում գրված է հավերժ…

Դու ավելին ես…

Իմ աչքերով դու ավելին ես…

Իմ աչքերում դու ավելին ես…

Կանգառ Գագարին ավանի մոտ

Անընդհատ հետևելով Նիկոլ Փաշինյանի կայքէջին՝ տեղեկացա, որ ապրիլի 28-ին՝ սկսած ժամը 11։00-ից, Երևանից սկսվելու է ավտոերթը դեպի Իջևան, իսկ հետո՝ Վանաձոր։ Մեզ համար դա լավ հնարավորություն էր հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ առիթով ավանի բնակչությունը կրկին հավաքվեց մայրուղու մոտ, սակայն այս անգամ ոչ թե այն փակելու, այլ ուրախությամբ ավտոշարասյունը դիմավորելու համար։ Դե, Գագարին ավանի տաղանդավորների շարքը կրկին հավաքվեց զուռնա դհոլով, աղ ու հացով։ Անգամ գառ էին բերել, որոշել էին, որ պետք է մատաղ անեն Նիկոլի ոտքերի առաջ, սակայն նա թույլ չտվեց։ Ժամը 10։30-ին բոլորս արդեն կազմ-պատրաստ սպասում էինք Նիկոլ Փաշինյանին։ Անհամբերությունը մեծ էր ինչպես փոքրերի, այնպես էլ մեծերի մոտ։ Տիկին Վարդը՝ իմ հարցազրույցներից մեկի հերոսը, բանաստեղծություն էր գրել Նիկոլ Փաշինյանի մասին, որը ընթերցեց մեզ համար, սակայն ժամանակի սուղ լինելու պատճառով այն չհասցրեց ընթերցել պարոն Փաշինյանի ներկայությամբ, և այն ծրարով հանձնեց նրան։ Երբ ժամանեց պարոն Փաշինյանը, նրան դիմավորեցին ինչպես բացականչություններով, այնպես էլ կենդանի երաժշտությամբ և աղ ու հացով։ Սկսվեցին աշխույժ խոսակցությունները, ուրախ բացականչությունները։ Հատկապես լավ եմ հիշում ավանի բնակիչներից մեկի ելույթը՝ ուղղված մեր կառավարությանը.

-Հարգելի կառավարություն, մենք Ձեզնից ոչինչ չենք խնդրում, պարզապես ուզում ենք ապրել ազատ, անկախ և արդար երկրում։ Մենք արդեն գտել ենք մեր առաջնորդին և ուզում ենք նրա հետ միասին քայլելով առաջ անցնել։ Մենք ոչինչ չենք ակնկալում Ձեզնից, թողեք մենք մեր առաջնորդի հետ շարժվենք առաջ։

Թեև չէինք ցանկանում բաժանվել պարոն Փաշինյանից, նա շտապում էր, իսկ նրան սպասողները շատ-շատ էին։ Լավ եմ հիշում՝ հրաժեշտի պահին ինչ ասաց պարոն Փաշինյանը.

-Ժողովուրդ ջան, մենք արդեն հաղթել ենք։

Իսկական ղեկավարը նա է, ով վայելում է ոչ թե ժողովրդի ունեցվածքը, այլ ժողովրդի սերն ու հարգանքը։