Երևանյան օրեր. ապրիլի 29

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Լաուրա Մանուկյանի

Լուսանկարը՝ Լաուրա Մանուկյանի

 

Վանաձոր. ապրիլի 28

Իմ քայլի պատմությունը

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

Սովորական օր էր բացվել Գյումրիում, ես էլ սովորականի նման առավոտյան արթնացել ու դասի էի գնում: Ճանապարհին մտքումս քննարկում էի Երևանում կատարվող իրադարձությունները, մտածում էի, որ հարկավոր է նմանատիպ ցույցեր կազմակերպել նաև Գյումրիում, չնայած՝ ցույցեր կազմակերպելու փորձ բացարձակ չունեի, ուստի եթե նման փորձ ունեցողները քայլ անեին, ես էլ կմիանայի նրանց, որպեսզի ցույց տամ, որ բողոք ունեմ իշխանության դեմ:

Քայլարշավը սկսվել էր Գյումրիից՝ քաղաքից, որտեղ ցանկացած ընտրության ժամանակ ինչքան էլ իշխանությունը խարդախություն էր փորձում անել ու կաշառք էր բաժանում, նույնիսկ ձայները կեղծելով՝ չէր հաղթում: Միգուցե դա էր պատճառը, որ միշտ ըմբոստ գյումրեցին հիասթափվել ու համակերպվել էր, որ ոչինչ չի փոխվի: Մտածում էի ու քայլում, հանկարծ ճանապարհին տեսա մի խումբ երիտասարդ ցուցարարների ու ինքս ինձ որոշեցի, որ եթե նույնիսկ մեծերը հիասթափված են, ուրեմն ես ու իմ հասակակիցները պիտի մեր բողոքը անհնազանդությամբ ցույց տանք: Ու ես հայտնվեցի բողոքող ցուցարարների մեջ: Մթնոլորտը շիկացած էր, ու ես էլ՝ դրա մեջ: Երբ տուն եկա, ձայնս էր կտրված, երկար քայլելուց փոշոտված էի ու արևահարված, բայց ուրախ էի, որ իմ մեջ կար հայրենիքումս քաղաքական փոփոխություն կատարելու մեծ ձգտում:

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

Եղել են պահեր, երբ ինձ փորձում էին համոզել, որ ես ինչ-որ մի օր պիտի թողնեմ հայրենիքս, ու ընտանիքով գնանք Հայաստանից: Ես միշտ դեմ եմ եղել, միշտ մտածել եմ, որ ուր էլ որ կյանքը ինձ տանի, միևնույնն է, Գյումրիից չեմ կտրվի և վերջում անպայման հետ կվերադառնամ: Բացառությամբ այն դեպքերի, երբ հուսահատված ու հորս կարոտած եմ եղել: Մի խոսքով՝ շատ չխորանամ զգացմունքներիս մեջ ու ասեմ, որ երբ մտա տուն, մայրս անհանգիստ էր ու լարված, քանի որ գիտեր, թե քաղաքում ու հանրապետությունում ինչ է կատարվում: Ուստի անհանգիստ հայացքը ուղղեց ինձ ու զայրացած ասաց.

-Որտե՞ղ էիր, ի՞նչ էիր անում այսքան ժամանակ փողոցներում՝ սոված ու ծարավ:

Քանի որ շատ էր զայրացած, ձայն չհանեցի և լուռ անցա լվացվելու: Ուզում էի մորս բարկությունը անցնի, նոր խոսեմ և բացատրեմ: Մայրս հուզված խոսում էր ու խոսում, ինձ հասկացնում, որ գործ չունեմ այդ թոհուբոհի մեջ, քանի որ ոչինչ չեմ փոխի, այն, ինչ «վերևներից» են թելադրում, այդպես էլ կլինի: Ինքն էլ լինելով պայքարող մարդ՝ շատ անգամներ է տեսել, թե ոնց են խեղաթյուրել հասարակ ժողովրդի հաղթանակները: Լռեցի, լռեցի, բայց այլևս չկարողացա լռել ու պոռթկացի՝ ասելով.

-Մա, ձեր սերնդի պայքարողները մեզ համար են պայքարել, բայց չեն կարողացել հասնել նպատակին, ու մեզ թողել եք այնպիսի երկիր, որտեղ ես չեմ ուզում ապրել, և ամեն անգամ ինձ հիշեցնում եք, որ այստեղ ապրելու տեղ չէ, և հնարավոր է, որ մի օր ես էլ Հայաստանից հեռանամ ու ապրեմ դրսում։ Հասկացիր, ես դրսում ապրել չեմ ուզում: Մա, թող որ ես կերտեմ իմ ուզած Հայաստանը, իսկ եթե սխալվեմ, կիմանամ, որ դա իմ սխալն էր։ Եթե հիմա նստեմ տանը ու ընկերներիս մենակ թողնեմ, երբեք ինձ չեմ ների:

Մայրս լուռ լսեց ու ասաց.

-Դե, որ էդպես է, գնա, Աստված քեզ հետ, միայն խնդրում եմ՝ ինձնից գաղտնի մի պահիր քայլերդ, ինձ տեղյակ պահիր՝ որտեղ ես և ինչ ես անելու, որպեսզի իմանամ ու հարկ եղած դեպքում կողքիդ լինեմ:

Ու ընդամենը վեց օր հետո ուրախ-ուրախ տուն մտա ու ասացի.

-Ի՞նչ էիք ասում, որ չի ստացվի, տեսա՞ք, որ ազգովի, երբ բռունցք ենք դառնում, մեզ չեն կարող հաղթել:

Աստված տա դեպի լույս տանող այս քայլը ավարտվի լիարժեք հաղթանակով և Հայաստանում տիրի օրինականությունը, և երկրիս սահմանները լինեն անսասան, ու մենք հաղթենք թե՛ մեր մեջ եղած թշնամուն, և թե՛ արտաքին թշնամուն: Իսկ նրանց, ովքեր կփորձեն իրենց օգուտը քաղել իմ սերնդի տարած հաղթանակից, զգուշացնում եմ, որ նորից կբռունցքվենք ու այն ժամանակ ավելի շռնդալից կհաղթենք:

 

Իմ կարծիքից մինչև իմ քայլը

Լուսանկարները՝ Մարիամ Հարությունյանի

Լուսանկարները՝ Մարիամ Հարությունյանի

Բարև: Ինչպե՞ս ես: Անհանգի՞ստ, անհամբե՞ր, պլանավորում ես մասնակցությունդ ցույցի՞ն, գուցե նեղսրտած ես, որովհետև հնարավորություն չունե՞ս մասնակցելու:

Եթե աշակերտ ես, մեծամասնության կարծիքով՝ առիթից օգտվում ես դասի չգնալու, դաս չսովորելու համար: Իսկ ի՞նչ է անում էդ մեծամասնությունը: Մտածում է, որ մեկ է, ոչինչ չես փոխելու, նախատում է քեզ դասի չգնալու համար՝ պատճառաբանելով, որ ազգին կրթված սերունդ է հարկավոր, ու որ ամենակարևոն է՝ դու անչափահաս ես:

Լուսանկարները՝ Մարիամ Հարությունյանի

Լուսանկարները՝ Մարիամ Հարությունյանի

Ի՞նչ է, անչափահասը չի՞ տեսնում՝ ինչպես է տանջվում ծնողն իրեն պահելու համար, չի՞ զգում արտերկրում աշխատող հարազատի կարոտը, չի՞ տեսնում իր իսկ ժողովրդի պայքարը, չի՞ ոգեշնչվում ամեն տեսակ հաղթանակներից։

Ես անչափահաս եմ, հա: Բայց ես դասարանի դռան վրա հենց սկզբից գրել եմ «#ՄերժիրՍերժին»: Ես չվախեցա տնօրենին ասել, որ ես եմ գրել, ես չհուսահատվեցի, երբ գրածս մաքրեցին, ես չհուսահատվեցի, երբ երեք անգամ ձախողեցին մեր կազմակերպած դասադուլը, ես չվախեցա կարծիքս հայտնել ու չորրորդ անգամ դուրս եկա ցույցի՝ գրածս մաքրողների գլխավորությամբ:

Ես չէի մրսում, սոված չէի, չէի հոգնում, չէի մտածում, որ անիմաստ է: Ես վեր թռա պառկած տեղից՝ հրաժարականի լուրը լսելուն պես, վազեցի դուրս, ընկերներս էլ նույն ոգևորությամբ վազելով գալիս էին, մենք ուրախությունից թռչկոտում էինք իրար գրկած, մենք մեզ կարևոր մարդ համարեցինք, քանի որ ունեցել էինք մեր քայլը:

Լուսանկարները՝ Մարիամ Հարությունյանի

Լուսանկարները՝ Մարիամ Հարությունյանի

Ես շարունակում եմ իմ պայքարը, իմ փոքր քայլերով քայլում եմ ժողովրդիս հետևից: Ես հավատում եմ, վստահում եմ, գիտակցում եմ պահի լրջությունը. ես պատրաստ եմ:

Հ.Գ. Դասադուլի ժամանակ նկատել եմ ժպիտդ, ոստիկան, գիտեմ, որ հոգով մեզ հետ ես, ու նոր՝ թավշյա հեղափոխությունը նշելիս՝ կենացդ խմելու ենք:

Պայքարն արվեստում

Երբ հուլիսի 25-ին ինստագրամում մի հրապարակում տեսա, տակնուվրա եղան մտքերս, ու մտովի մի էսքիզ արեցի։ Հրապարակումն արվել էր «Իմփաքթ Հաբ»-ի կողմից։ Եթե անկեղծ լինեմ, կազմակերպության մասին երբևէ չէի լսել և նրանց չէի հետևում սոցիալական ցանցերում, բայց հիմա ամեն ջանք թափում եմ, որպեսզի նրանց հրապարակումների մասին առաջինը ես իմանամ։ Ինստագրամյան այդ հրապարակումն ասում էր, որ կազմակերպությունը որոշել է հայտարարել միջազգային մրցույթ արվեստով հետաքրքրված մարդկանց համար։ Մրցույթի մասնակիցները պետք է ստեղծեին հակակոռուպցիոն պոստերներ։ Երբևէ չէի հետաքրքրվել պոստերներով, բայց որոշեցի այս անգամ փորձել, չնայած՝ հայտերի ընդունման ավարտին մնացել էր մի քանի ժամ։

Երեք ամիս անց ես այն սակավաթիվ հաջողակների թվում էի, որոնք միջազգային ժյուրիի գնահատանքից հետո անցել էին վերջին փուլ։ Հանրային բաց քվեարկությունից հետո՝ իմ պոստերը հանրության նախընտրածն էր։

Իրականում մասնակիցներից շատերը միգուցե մասնակցում էին ճանաչում, նոր ծանոթություններ կամ փորձ ձեռք բերելու նպատակով։ Բայց իմ նպատակը մեկն էր՝ լսելի դարձնել իմ ձայնը և ունենալ իմ ներդրումը հակակոռուպցիոն պայքարում։

Լուսանկարը՝ Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը՝ Անահիտ Բաղշեցյանի

Այսօր տեսնում եմ իմ ժողովրդի ամենօրյա պայքարը։ Տեսնում եմ, որ ցույցի գնալը դարձել է սովորական քայլ, քանի որ բոլորն էլ գիտակցում են՝ ինչի համար են պայքարում։ Պայքարում են ոչ միայն ներկա իշխանությունների, այլև կոռուպցիայի, անարդարության, անհավասարության դեմ։ Մարդիկ պայքարում են իրենց երազանքների, նպատակների, իրավունքների, բարեկեցիկ կյանքի իրավունքի ու հաջորդ սերունդների ապագայի համար։

Ուրախ եմ, որ ամիսներ առաջ արել եմ իմ ուրույն պայքարի քայլը՝ փորձելով դարձնել կարծիքս բարձրաձայնված, փորձելով փրկել երազելու իրավունքս։ Ուրախ եմ, որ անում եմ քայլս մինչև այսօր։

Դու

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Դու ավելին ես, քան այս տողերը

Դու ավելին ես,

Քան երկու տառանոց

Ու ոչինչ չասող պարզ մի հապավում,

Դու Հայաստան ես:

Դու ավելին ես,

Քան ցեղասպանություն տեսած,

Իր կեսը կորցրած,

Խեղճ ու թույլ երկիր,

Դու ցեղասպանությունից հետո

Ողջ մնացածն ես,

Ընկած, չծնկած

Ընկած ու նորից կանգնած երկիրն ես.

15 թվից հետո 18 կերտածն ես:

Դու 1,5 մլն կորցրած երկիր չես,

Դու 1,5 մլն քայլեր անողն ես՝

դեպի էրգիրդ:

Ապրիլն անիծող

Երկիրն էլ դու չես,

Դու ապրիլն ապրած,

Ապրիլից հետո

Թշնամիներիդ մայիսին հաղթած,

Իսկ ապրիլին էլ

Ինքդ քեզ հաղթողն ես:

Դու «Վան ու Անի կորցրած երկիր» չես,

Դու կորցնելուց հետո Արցախդ պահողն ես,

Արցախդ՝ մի թիզ,

Բայց, դե արժեքն էլ

չի չափվում երբեք

կիլոմետրերով:

Դու ավելին ես, քան Արցախ-Հայաստան,

Դու Հայստան ես,

Որն էլ համարժեքն է

Մեծ լեռնաշխարհիդ:

Դու ավելին ես, քան 301-դ,

Ավելին ես, քան դրոշակ դարձրած

«Քրիստոնեություն ընդունած առաջին երկիր»-դ,

Քոնը կրոն չէ,

Քոնը հավատն է:

Դու այլևս անկախությունդ չակերտավորող

Կառույց չես,

Անկախությունդ,

Որ վաղուց է՝ ինչ չակերտավոր է,

Իսկ նախածանցն էլ էլ չի երևում,

Գրվում է միայն, էլ չի կարդացում:

Դու ավելին ես…

Կյանքի գնով

Անկախությունդ չակերտալքող

Ու

Նոր պատմություն կերտող սերունդն ես:

Դու ավելին ես,

Քան գծված

Ու չափված

Խորհրդանիշներ.

Դու Նալբանդյանի «Մեր հայրենիքը» չես,

Դու Նալբանդյանի «Ազատությունն» ես,

Դու իտալացի մի աղջկա երգած

«Մեր հայրենիք թշվառ, անտերը» չես,

Դու մինչ մահ ու կախաղան,

Ու կախաղանից հետո էլ

Ազատություն երգող

Հպարտ երգիչ ես:

Դու ավելին ես,

Քան պաթոսաշաղախ

Ու անգիր արված հին ու նոր խոսքեր:

Դու մեր պատմության դասագրքերի

«Մենք ամենալավն ենք,

Մենք ամենահինն ենք»

Էլ ոչինչ չասող ու չապացուցող

Դատարկ խոսքեր չես:

Դու ավելին ես.

Դու չասված խոսք ես,

Լռության րոպե:

Լռության րոպեն,

Երբ հանդիպում են

Կանգուն լինելուդ

համար ընկածներդ

Ու կանգուն մնալուդ

համար դեռ ապրողներդ…

Լռության րոպե, ու տես՝

Տողատակերում գրված է հավերժ…

Դու ավելին ես…

Իմ աչքերով դու ավելին ես…

Իմ աչքերում դու ավելին ես…

Կանգառ Գագարին ավանի մոտ

Անընդհատ հետևելով Նիկոլ Փաշինյանի կայքէջին՝ տեղեկացա, որ ապրիլի 28-ին՝ սկսած ժամը 11։00-ից, Երևանից սկսվելու է ավտոերթը դեպի Իջևան, իսկ հետո՝ Վանաձոր։ Մեզ համար դա լավ հնարավորություն էր հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ առիթով ավանի բնակչությունը կրկին հավաքվեց մայրուղու մոտ, սակայն այս անգամ ոչ թե այն փակելու, այլ ուրախությամբ ավտոշարասյունը դիմավորելու համար։ Դե, Գագարին ավանի տաղանդավորների շարքը կրկին հավաքվեց զուռնա դհոլով, աղ ու հացով։ Անգամ գառ էին բերել, որոշել էին, որ պետք է մատաղ անեն Նիկոլի ոտքերի առաջ, սակայն նա թույլ չտվեց։ Ժամը 10։30-ին բոլորս արդեն կազմ-պատրաստ սպասում էինք Նիկոլ Փաշինյանին։ Անհամբերությունը մեծ էր ինչպես փոքրերի, այնպես էլ մեծերի մոտ։ Տիկին Վարդը՝ իմ հարցազրույցներից մեկի հերոսը, բանաստեղծություն էր գրել Նիկոլ Փաշինյանի մասին, որը ընթերցեց մեզ համար, սակայն ժամանակի սուղ լինելու պատճառով այն չհասցրեց ընթերցել պարոն Փաշինյանի ներկայությամբ, և այն ծրարով հանձնեց նրան։ Երբ ժամանեց պարոն Փաշինյանը, նրան դիմավորեցին ինչպես բացականչություններով, այնպես էլ կենդանի երաժշտությամբ և աղ ու հացով։ Սկսվեցին աշխույժ խոսակցությունները, ուրախ բացականչությունները։ Հատկապես լավ եմ հիշում ավանի բնակիչներից մեկի ելույթը՝ ուղղված մեր կառավարությանը.

-Հարգելի կառավարություն, մենք Ձեզնից ոչինչ չենք խնդրում, պարզապես ուզում ենք ապրել ազատ, անկախ և արդար երկրում։ Մենք արդեն գտել ենք մեր առաջնորդին և ուզում ենք նրա հետ միասին քայլելով առաջ անցնել։ Մենք ոչինչ չենք ակնկալում Ձեզնից, թողեք մենք մեր առաջնորդի հետ շարժվենք առաջ։

Թեև չէինք ցանկանում բաժանվել պարոն Փաշինյանից, նա շտապում էր, իսկ նրան սպասողները շատ-շատ էին։ Լավ եմ հիշում՝ հրաժեշտի պահին ինչ ասաց պարոն Փաշինյանը.

-Ժողովուրդ ջան, մենք արդեն հաղթել ենք։

Իսկական ղեկավարը նա է, ով վայելում է ոչ թե ժողովրդի ունեցվածքը, այլ ժողովրդի սերն ու հարգանքը։

Գյումրի. ապրիլի 27

Կեցցե սիրո և համերաշխության հեղափոխությունը

Լուսանկարը՝ Դիանա Հովսեփյանի

Լուսանկարը՝ Դիանա Հովսեփյանի

Խելացի կամքի տեր և անուշիկ երիտասարդներ, ողջույն:

Էս երկու օրը հաճախ եմ կարդում «ես սրա համար չեմ պայքարել, չեմ պայքարել, որ ավտոներով գան սենց ճռիկներ անեն, նըվ-նըվ… Ամեն ինչ սկզբում ուրիշ էր, հիմա աթոռակռիվ ա, և այլն, և այլն» նմանատիպ տողեր, նվնվոցներ, բողոքներ, քննադատություններ, կամ չգիտեմ էլ ինչ, ոնց կուզեք՝ որակավորեք:

Բայց չէ, սիրելիներ, դուք մի բան շփոթել եք, որովհետև ամեն ինչ նույնն ա, ուղղակի հեղափոխությունից առաջ էլ, հետո էլ էնքան աշխատելիք կա ինքներս մեզ վրա, մենթալիտետի հարց կա, բան կա, ամեն ինչ հո մի օրում չի՞ լինում:

Եթե ինչ-որ բան սրտներովդ չի, դուր չի գալիս, փորձեք փոխել, խոսեք, բացատրեք, արտահայտվեք, այլ կերպ ասած՝ քայլ արեք: Մի երկու անգամ կասեք, երրորդ անգամ էլ չի լինի: Համագործակցություն, փոխըմբռնում, ինչ-որ սենց սիրուն բառեր կան:
Մոռացա ասել, որ ավտոների ճռռիկներից ամենաշատը ես եմ վախենում, որովհետև մեքենաների տակ ընկնելու ինչ-որ անհասկանալի հակում ունեմ: Բայց մեր ուզածը տեսնելու ու վատը լավի փոխելու համար հիասթափության ալիք առաջացնող գրառումներ անելը, արի համաձայնիր՝ մի քիչ էն չի:

Լուսանկարը՝ Դիանա Հովսեփյանի

Լուսանկարը՝ Դիանա Հովսեփյանի

Արի ավելի խելամիտ քայլեր անենք: Ուրեմն ՃՈ-ին խնդրենք վերադառնալ աշխատանքին ու կանխել նման «ինքնահաստատումները», Սանիտեկին խնդրենք աղբամանները փողոց վերադարձնել, Երևանի քաղաքապետարանին խնդրենք, որ նստարանները, որոնք հաղթանակի ճանապարհի ընթացքում մասսայաբար հեռացվեցին բեռնատարներով, հետ տեղադրվեն:

Լուսանկարը՝ Դիանա Հովսեփյանի

Լուսանկարը՝ Դիանա Հովսեփյանի

Լուսանկարը՝ Դիանա Հովսեփյանի

Լուսանկարը՝ Դիանա Հովսեփյանի

Հա, մոռացա, է, ոստիկանությունից էլ պահանջենք (էս մեկն էլ չխնդրենք, պահանջենք, ի՞նչ կլինի որ), որ ուժայիններ տեղափոխող ավտոբուսների պետհամարանիշները հետ փակցվեն: Ու եթե հանրահավաքների ժամանակ արևածաղիկ կեղևազրկելն ու գետնին թափելը ձեզ դուր չի գալիս, խնդրում եմ, մի շտապեք տուն ու ասեք՝ ես սրա համար չէի պայքարել, ուղղորդեք, թե որտեղ թափեն, ոնց անեն: Դժվար չի, մի երկու բառ փոխանակեք: Թե չէ, ինչ խոսք, մեզնից ոչ մեկն էլ արևածաղիկ կեղևազրկելու ու գետնին թափելու համար չի պայքարել: Բայց հեղափոխությունը միայն ապրիլի 23-ի հաղթանակը չի, հեղափոխությունը գիտակից քաղաքացի ձևավորելն է:

Հեղափոխությունը մենակ Նիկոլը չի, հեղափոխությունը ես եմ, դու ես ու մեր ընկերները:

Հեղափոխությունը սիրային սիրուն նկարները չեն, հեղափոխությունը հենց սերն է օդում, ջերմությունը, անհանգստությունն ու տագնապը:

Հեղափոխությունը տանը նստել ու ճանապարհ ուղղորդելը չի, հեղափոխությունը ճիշտ ժամերին խաղաղ անհնազանդություն դրսևորելն է:

Լուսանկարը՝ Դիանա Հովսեփյանի

Լուսանկարը՝ Դիանա Հովսեփյանի

Հեղափոխությունը փողոցները կեղտոտելը չի, հակառակը, փողոցները կարգի բերելն ու մաքուր պահելն է:

Հեղափոխությունը նոր գտնված սերերն են, նոր ընկերներն ու ծանոթները:

Հեղափոխությունը հրապարակի մարդաշատ լուսանկարներն են թռչնի բարձրությունից:

Հեղափոխությունը երաժշտական տարբեր ճաշակ ունեցողներին մի երկնքի տակ համախմբելն ու իրար հանդեպ հանդուրժող դարձնելն է:

Հեղափոխությունը մեդիագրագիտությունն է:

Հեղափոխությունը անծանոթի մասին մտածելն ու հոգալն է:

Հեղափոխությունը 88-ին հնչած շեփորի ձայնը նորից հնչեցնելն է:

Հեղափոխությունը երիտասարդության ոտքի կանգնելն ու իրավունքների համար պայքարելն է:

Հեղափոխությունը հարգանքն է, կամքը ու դրանց դրսևորումը:

Հեղափոխությունը մաքրությունն է, պարզությունն ու խիզախությունը:

Հեղափոխությունը առաջ գնալու մոտիվացիան է ու գործը գլուխ բերելու ունակությունը:

Եվ ուրեմն, կեցցե սիրո և համերաշխության հեղափոխությունը:

Հանրահավաք Իջևանում

Այսօր`ապրիլի 28-ին, Նիկոլ Փաշինյանը  մեքենաների երթով Երևանից եկավ Իջևան: Նրա հետ էր նաև դերասանուհի Արսինե Խանջյանը:

Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսում էր մեծ սիրով և լավատեսությամբ հայ ժողովրդի ապագայի մասին:  Իջևանից ավտոերթի մասնակիցները ուղևորվեցին դեպի Վանաձոր: