ofelya hovhannisyan

Ամենադժվարը

Արդեն 30 տարի է, ինչ տատիկիս եղբայրը Ռուսաստանի Դաշնությունում է ապրում: Մենք տատիկիս եղբորը քեռի ենք ասում։ Երկրաշարժից հետո քեռիս կնոջ հետ մեկնեց Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Մնաց այնտեղ և ստացավ Ռուսաստանի քաղաքացիություն, իր երեխաները նույնպես այնտեղ մնացին: Տատիկս շատ էր կարոտում նրանց: Հեռավորությունը շատ մեծ էր, ուստի մենք հաճախ Skype-ով էինք խոսում, կարելի է ասել՝ այդպես էինք կարոտներս առնում: Երբ աշխատանքը վերջացրած էր լինում, գալիս էր Հայաստան՝ հարազատներին տեսակցության, և կրկին հեռանում էր, այն էլ՝ երկար ժամանակով: Տատիկս շատ էր կարոտում եղբորը և միշտ ասում էր.

-Երանի էս Հայաստանում այնքան գործ լիներ, որ էլ ոչ մեկը չթողներ իր տունը, հարազատներին, ընկերներին ու գնար։ Հեռավորությունն այնքան բան է փոխում: Ամեն ինչի մարդը կարող է դիմանալ՝ բացի կարոտից, երևի դա ամենադժվարն է:

Անցած ամառ, երբ քեռիս հայտնեց, որ գալու է, մեզ համար տոն էր, ուրախություն։ Մեկ ամիս շուտ սկսեցինք նախապատրաստվել նրան դիմավորելուն։ Չորս տարի չէինք տեսել և հասցրել էինք անչափ կարոտել: Հայաստանում ապրելու մասին քեռուն այլևս ոչ մի հարց չենք տալիս, քանի որ իրենից էլ լավ գիտենք պատասխանը․

-Ռուսաստանում կարողանում ես ապրել ավելի հեշտ, քան Հայաստանում։ Գոնե մտավախություն չունես, որ սոված կմնաս, դեռ մի բան էլ հարազատներիդ ես կարողանում գումար ուղարկել:

Դեռ չէինք հասցրել կարոտներս առնել, երբ քեռիս գնաց։ Ինչպես մեզ, այնպես էլ իր համար շատ դժվար էր: Մորաքույրներս ամեն անգամ լացելով էին ճանապարհում քեռուն։ Տատիկս միշտ նախատում էր նրանց ու ասում.

-Ճանապարհի վրա ա ախպերս, հերիք ա լացեք:

Բայց այս անգամ տատս էլ չկարողացավ իրեն զսպել, միգուցե զգում էր, որ էլ երբեք չի տեսնի եղբորը: Երբ տատիկիս վիճակը կտրուկ վատացավ, քեռիս անընդհատ զանգում էր ու մի կերպ զսպում արցունքները, քանի որ գիտակցում էր մոտալուտ բաժանումը: Սակայն երբ քեռիս վերջին անգամ Skype-ով խոսեց, այնպիսի բաներ ասաց տատիկիս, որ ես չկարողացա զսպել ինձ.

-Անուշ ջան, գոնե մինչև ամառ կդիմանա՞ս, գամ՝ էլի իրար հետ կնստենք, կխոսենք:

-Չէ, ախպերս, արի, հիմա արի,- լացելով ասաց տատիկս:

Սակայն ոչ տատիկս հասցրեց քեռուս տեսնել, և ոչ էլ քեռիս՝ տատիկիս: Այս արտագնա աշխատանքը բաժանում է ինչպես քրոջը եղբորից, այնպես էլ երեխային ծնողից։ Ինչպես տատիկս էր ասում՝ կարոտը ամենադժվար բանն է, որին մարդը դիմանում է մի կերպ:

Անցորդը

Մարտի 1-ին կկայանա պոետ, երգահան Վախթանգ Հարությունյանի մենահամերգը և թվով յոթերորդ, «Հարազատ ստվերներ» ձայնասկավառակի շնորհանդեսը: 

Ամեն ուրբաթ երեկոյան Թումանյան փողոցի գողտրիկ անկյուններից մեկում մեկ տանիքի տակ հավաքվում են տարբեր տարիքի, մասնագիտության և մտածողության տեր մարդիկ՝ ունկնդրելու բարդերին՝ երգող պոետներին: Այն ինձ համար էլ է դարձել հարազատ մի վայր: Ես արդեն հինգ տարի է, ինչ այդ ունկնդիրների շարքերում եմ: Բարդ երաժշտության հետ իմ ծանոթությունը կայացավ  Բարդերի ակումբի հիմնադիր Վախթանգ Հարությունյանի շնորհիվ, ում հետ հարցազրույցը սկսվեց հետաքրքիր հարց ու պատասխանով:

-Ո՞վ է Վախթանգ Հարությունյանը:

-Անցորդ:

-Ի՞նչն է մղում ձեզ ստեղծագործելու, կամ ի՞նչը կարող է ներշնչանքի աղբյուր դառնալ:

-Առաջինը զարմանալու հնարավորություն ունենալը, երկրորդը՝ ինձանից դուրս մղելու զգացողությունը:

-Ի՞նչ է նշանակում բարդ:

-Դա անգլիական բառ է: Բարդեր, մենեստրելներ, երգող պոետներ, աշուղներ, գուսաններ, բոլորը նույն երգող պոետի տարբեր տեսակի դրսևորումներ են: Ծագումնաբանության մեջ եկել է Անգլիայից, հետո ամրապնվել է ռուսական իրականության մեջ, հետո նոր կիրառական է դարձել մեզ մոտ: Շատ հաճախ ասում են հեղինակ-կատարղներ, երգող պոետներ:

-Նպատակ ունե՞ք արդյոք Ձեր արվեստով ինչ-որ բան փոխելու:

-Եթե արվեստը, առհասարակ, չունենա այդ առաքելությունը, արդեն իմաստ չունի: Հետևաբար, եթե այդպիսի անուն կարելի է տալ ինչ-որ մի բանի` արվեստ, ապա ինքը պիտի փոփոխություն մտցնի, իսկ իմ պարագայում, եթե ես ինչ-որ բան փորձում եմ, առաջին հերթին ինձ համար:

-Որքանո՞վ է Ձեզ համար կարևոր, թե ով է Ձեր ունկնդիրը:

-Շատ կարևոր է: Ես հայացքներ եմ որսում, տեսնում, թե ինչքանով է հասկացված այն ամենը, ինչը որ ասում եմ: Կարող եմ գտնել ամբողջ դահլիճում մեկ հոգու, որի հայացքը խաչեմ և ամբողջ համերգը նվիրեմ նրան:

-Դուք նաև հանդիսանում եք «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնի հիմնադիրը: Ի՞նչ պայմանով եք առաջնորդվում փառատոնի նախնական փուլի մասնակիցներին ընտրելիս:

-Ամեն ինչ սկսվում է նրանից, որ բանաստեղծությունը գոնե պիտի ունենա բանաստեղծական հիմք: Երիտասարդի պարագայում միգուցե այդ նիշը մի քիչ ցածր է դրվում, բայց սերմի մակարդակը այնուամենայնիվ պահպանվում է: Բանաստեղծական կալորիայի քանակը չպիտի լինի զրո և մինուս, գոնե զրոյից մի քիչ բարձր: Իսկ ինչքան ավելի բարձր, այնքան լավ: Ոչ մեկը չի ակնկալում, որ 18-ից 25 տարեկան երիտասարդը պիտի գրի խորը փիլիսոփայություն, բայց գոնե պիտի գիտակցական չափաբաժինը և բանաստեղծական ձիրքը առկա լինեն, որը խոսում է տաղանդի սերմնային վիճակի մասին:

-Ի՞նչ խորհուրդ կտաք արվեստի այս ուղին ընտրած երիտասարդներին:

-Ես առհասարակ կարծում եմ, որ 20-25 տարեկան երիտասարդներին որպես հեղինակ-կատարող կարող ենք կոչել, բայց բարդ դեռևս ոչ: Ինքը կարող է սկսել է ստեղծագործել, բայց բարդ կոչելու համար պիտի անցնի որոշակի ապրումների միջով, պիտի առաջին հերթին ծառայելու գաղափարին հանգի, իսկ երիտասարդը հիմնականում փորձում է ծառայեցնել: Այդ աստիճանը անցնելուց հետո նա պիտի կարողանա իր ներսում հաղթահարել իր հպարտության շատ կարևոր տարրեր, հետո նոր միգուցե ինչ-որ բան սկսվի ստացվել:

marine israyelyan

Իմ ներսի աշակերտը

-Աղջիկնե՛ր, ամենակարևորը, որ սիրով մտնեք դպրոց, երեխաները շատ նրբազգաց են: Հենց այստեղ դուք կհասկանաք՝ կարող եք ուսուցիչ լինել, թե ոչ: Վե՛րջ, մտա՛նք:

Երևանի թիվ 125 դպրոցի բակում մեր մեթոդիստ ընկեր Մուրադյանը վերջին հրահանգներն է տալիս ներկա ուսանող, ապագա ուսուցիչներիս փոքրիկ խմբին: Ամենքիս կրծքի տակ մի փոքրիկ սիրտ է իր մեծ աշխարհով անհանգստությունից թրթռում, բայց անհանգստությանը տրվելու ժամանակ չկա, և մտնում ենք դպրոց: Մտնում ենք, և հենց մուտքից սկսվում է գորովանքով լի մի մանկական հեքիաթ: Երկար ժամանակ չի անցել, ինչ ավարտել եմ դպրոցը, դրա համար դժվար է դպրոց մտնել ոչ աշակերտի հոգեբանությամբ: Երկա՜ր ու լա՜յն միջանցքները լուռ են ու խաղաղ, մինչև հանկարծ հնչեց դասամիջոցի զանգը: Զա՞նգ: Այնտեղ իմ առաջին բացահայտումը զանգն էր, որը կոտրեց դպրոցական տարիներիս պատկերացումները: Ես ուղղակի ապշած էի՝ ինչո՞ւ երբևէ իմ մտքով չէր անցել, որ դասամիջոցի զանգը սուր, նյարդերը սղոցող հնչյունների փոխարեն կարող է ներդաշնակ մեղեդի լինել: Վայրկենապես լուսավոր միջանցքները հեղեղվեցին աշակերտների հոսանքներով, խնդությունը, ծափն ու ծիծաղը իրենց ջերմ ալիքներով պարուրեցին մեր հոգիները. կյանքն իսկապես գեղեցիկ է, երբ այն տեսնում ես մանկան աչքերով: Ինձ խիստ զարմացնում է ուսուցիչների համբերատար վերաբերմունքը. դասամիջոցին բոլոր ուսուցիչները միջանցքներում են, և գիտեք՝ ինչո՞ւ, ոչ որպեսզի սաստեն երեխաներին, հանգիստ մնալու կոչեր հղեն, այլ երեխաների մասին հոգ տանելու համար, հսկելու, որ նրանք սրտների ուզածի չափ վազվզեն, աղմկեն, որ երկար ու ձիգ դասաժամից հետո կարողանան կուտակված էներգիան սպառել: Այն էներգիան, որը շատ հաճախ դասը խանգարելու տեղիք է տալիս: Ուսուցիչները ուղղակի հոգ են տանում, և առաջնայինը այստեղ ո՛չ թե լուռ միջացքներ ունենալն է, այլ այն, որ երեխան դպրոցում իրեն լավ զգա, որ ուսումը տանջանքի չվերածվի, որ աշակերտը կարողանա զուգորդել հաճելին օգտակարի հետ: Անկախ ինձնից սկսում եմ համեմատել այն դպրոցը, որտեղ ես աշակերտ էի, և այն, որտեղ ինձ վերաբերվում եմ փոքրիկ ուսուցչի նման: Ամեն ինչ համեմատության մեջ է արժևորվում, և կամա՜ց-կամա՜ց մտքումս ինչ-որ տեղ առանձնացրած մանկավարժական դարակի մեջ սկսում եմ կուտակել ինձ դուր եկած մեթոդներ, վարվելաձևեր, հնարներ, պատկերներ, կարճ ասած՝ քանդակի նման սկսում եմ կերտել մանկավարժի իմ իդեալը:

Քանի որ առաջին օրն էր, միայն մի դաս կարողացանք լսել 5-րդ դասարանում: Դասարան մտնելուն պես ինձ գրավեց ամենավերջին շարքում մի նստարանի մենակ նստած մի փոքրիկ տղա: Մոտեցա և թույլտվություն խնդրեցի կողքին նստելու: Խնդրանքիս ի պատասխան` նա անհամարձակորեն ժպտաց և խոնարհեց հայացքը: Ամբողջ դասին զգում էի, որ լարված է, ա՜խ, փոքրիկս, դու չգիտես, որ իրականում իմ ու քո աչքերի խորքում նույն մանուկն է թաքնված: Ես նրանից պակաս հուզված չէի: Հետո ուսուցչուհին թելադրություն տվեց: Եվ հանկարծ զգացի, որ ձեռքս հնազանդորեն տետրիս մեջ գրեց վերնագիրը: Վարդանիկը (այդպես է իմ փոքրիկ ընկերոջ անունը) զարմացած հայացքով նայեց տետրիս, հետո ինձ: Ես հանգիստ ընդգծեցի թելադրության վերնագիրը և սկսեցի նշումներ անել դասի վերաբերյալ, և աշխարհում ո՜չ ոք չիմացավ, որ այդ վերնագիրը գրել էր իմ ներսի աշակերտը՝ թելադրությունը գրելու անխոս հնազանդությամբ:

emma miqayelyan-2

Երեք հազար աշխատատե՞ղ

Երկուշաբթի 17:55 է: Հայրիկս աշխատանքից վերադարձավ տուն« Նա Հրազդանջէկ-ում է աշխատում: Սովորության համաձայն, երեխաներով վազեցինք և գրկեցինք հայրիկին, բայց արձագանքն այսօր տարբերվող էր: Նստած ենք ճաշասենյակում ու լուռ ճաշում ենք, սովորականից տարօրինակ է: Ես չդիմացա և հարցրի.

-Պա՛պ, ի՞նչ ա եղել:

-Վերջացնենք՝ կպատմեմ,- մտահոգ ասաց հայրս:

Վերջացրինք…

-Է՛մ, կոֆե դի՛ր:

-Հեսա դնեմ, պա՛պ,-ասացի ես ու վազեցի խոհանոց, արագ սուրճ դրեցի, որ խոսակցություններից հետ չմնամ: Սուրճը տարա հյուրասենյակ: Լավ էի հասցրել, դեռ չէին սկսել զրույցը: Հյուրասենյակում նստած էին հայրս, մայրս, եղբայրս:

Հայրս  ասաց.

-Ժամկետ են տվել:

Բոլորս զարմացանք:

-Ի՞նչ ժամկետ,- հարցրեց մայրս:

-Էլ չեն ֆինանսավորելու, ջէկ-ը փակում են,- մի քիչ տխուր ասաց հայրս: Ջէկ-ը հայրիկիս 17 տարվա աշխատանքն է, նվիրումը:

-Ինչի՞ համար են փակում, պա՛պ,- հարցրեց եղբայրս:

-Ասում են՝ հոսանքի կուտակումը շատ ա, արևային մարտկոցներն էլ դրել են, էլ ջէկ-ը ինչների՞ն ա,- բարկացած խոսում էր հայրս,-հենա՝ տղերքի կեսը արդեն գործ են ման գալիս, մի հինգ հոգի որոշել են ընտանիքով գնալ Ռուսաստան:

-Ինչ ահավոր ա, քանի ընտանիք էր ջէկ-ի հույսին, քանի ընտանիք ջէկ-ի հոսանքով է ապրում՝ լույսն ու մութը տարբերում: Հետո ասում են, որ Հայաստանում 3 հազար աշխատատեղ են բացել, աղքատության թիվը նվազել է, այնինչ  չեն մտածում, որ մարդիկ արտագաղթում են հենց 3 հազար աշխատատեղի համար,- ասացի ես ու հարցրի.

-Պա՛պ, ժամկետը մինչև ե՞րբ ա:

-2019թ. հունվարին… Ի՞նչ պիտի անենք, ո՞նց:

Հայրս նեղսրտել էր: Դրեց բաժակը, վերցրեց վերարկուն ու դուրս եկավ տանից:

milena araqelyan

Եթե

Եթե.. Փետրվար: Ամենակարճ տևողությամբ ամիս: Գլորում ենք օրերը: Որևէ մեկդ մտածե՞լ եք, որ տարվա երկրորդ ամիսը նույնպես անցյալում է: Միգուցե չե՞ք հասցրել անել այն, ինչ գծագրել էիք մի ամբողջ դեկտեմբեր ամսին: Երբեք պետք չէ մտածել, որ գալիք օրը առջևում է, ու կկարողանաս հասցնել ասել մի բառ կամ ստեղծել, գծագրածդ պատկերը, որ երևակայությանդ մեջ ծնվել էր նախորդ տարվա ամենավերջին օրը:

Մենք՝ մարդիկս, սիրում ենք ընկնել «եթե»-ների հետևից, կամ չէ, սիրում ենք քայլել նրանց հետ՝ կողք-կողքի: Օրինակ, եթե դու այդ ամենավերջին օրը մտքիդ եկածը ասեիր կամ թղթին հանձնեիր պատկերը, այն միգուցե գլուխգործոց դառնար, բայց նորից «եթե»-ի հետ քայլեցիր ու վախեցար: Հաստատ մտածեցիր. «Եթե ասեմ այն, ինչ պահել եմ մտքերիս ամենասառը անկյունում՝ մի պատի տակ, որն ամբողջ տարվա ընթացքում նույնիսկ չեմ ակնարկել, հիմա սխալ կհասկացվի:

Տե՛ս, եթե այդ գրողի տարած «եթե»-ն չգար ու կողքովդ չքայլեր՝ մտքերիդ հետ հավասար, դու տարվա երկրորդ ամսվա վերջին օրը արդեն տաքացրած կլինեիր մտքերիդ այն ամենասառը անկյունը: Ա՜խ, այդ «եթե»-ները: Նրանք ստեղծվել են, որ իրենց շաղկապային ամենաանտանելի իմաստով քեզ հետ պահեն առաջ քայլելուց:

Դեն գցի՛ր կողքովդ քայլող «եթե»-ն ու կհասկանաս, որ քայլերդ թեթևանում են: Ոչ թե մտածիր. «Եթե այսօր շատ շոգ է, ուրեմն անձրև կգա», այլ՝ «Հաստատ անձրև է գալու»: Ամեն բան արա՛, հաստատակամ եղիր թեկուզ սխալիդ մեջ, բայց ազատվիր ներսդ խառնող «եթե»-ից ու դրսում՝ ամեն քայլափոխի, ճանապարհիդ հայտնվող այդ ապակողմնորոշող բառից: Ու ամենավերջում վստահ կլինես, որ նրան կողքովդ քայլել թույլ չտալու դեպքում հենց հասկացար, որ ամենաերկար ճանապարհը հաստատակամ ու առանց «եթե»-ների ճանապարհն է:

Դեպի Հնդկաստան

Դեռ մանկուց սիրել եմ Հնդկաստանը, երազել եմ գոնե մի քանի րոպեով հայտնվել Հնդկաստանում, տեսնել, թե ինչպես են այնտեղ ապրում մարդիկ, ինչ են ուտում, ինչով են զբաղվում…

Ես ապրում էի իմ երազանքով։ Երբ մարդկանց մոտ վստահ ասում էի, որ կգա մի օր, և ես կգնամ Հնդկաստան, նրանք ծիծաղում էին, իսկ ես ավելի ու ավելի էի տրամադրվում։ Եվ ի՞նչ։ Մի անգամ մի հայտարարություն տեսա «Տնից հեռու» կազմակերպության էջում՝ «Խմբակային ճանապարհորդություն դեպի Հնդկաստան»: Գիտե՞ք, շատ էի ցանկանում գնալ, բայց կային երկու խանգարող հանգամանքներ՝ փոքր էի և համարձակություն էլ չունեի ծնողներիս հարցնելու։ Փորձեցի համակերպվել այդ մտքի հետ, բայց չստացվեց։ Սկսեցի հետևել նրանց ճամփորդությանը, և ամեն անգամ իմ ֆեյսբուքյան էջում տարածում էի տարբեր նորություններ՝ կապված դեպի Հնդկաստան ճանապարհորդության հետ։ Չորս անգամ տարբեր խմբեր գնացին և հիացած վերադարձան։ Եվ եկավ այդքան սպասված հինգերորդ ճամփորդության ժամանակը։ Ինչո՞ւ սպասված, որովհետև երազանքները վաղ թե ուշ կատարվում են, և այո, համարձակվեցի հայտնել ծնողներիս, որ այս անգամ ուզում եմ գնալ (թեև ամեն անգամ էլ ցանկանում էի)։ Ճիշտ է, վախենում էին միայնակ ուղարկել ուրիշ երկիր, բայց հանուն իմ երջանկության համաձայնեցին, և ինձ վստահեցին նրանց։ Գիտե՞ք, բոլորն ասում էին՝ որ գնաս, հիասթափվելու ես, կարծես հենց նոր էին վերադարձել Հնդկաստանից, ասում էին՝ մենակ ի՞նչ ես անելու, և էլի այդպիսի խոսքեր։ Մի պահ սկսեցի կասկածել երազանքիս, հետո սթափվեցի և գնացի դրա հետևից:

Արդեն մի քանի օր է՝ Հնդկաստանում եմ, և հիացմունքս այնքան մեծ է, որ չկարողացա սպասել մինչև տուն, որոշեցի գրել, և բոլորին պատմել այս հրաշք երկրի, մեր խմբի և խմբի ղեկավարների մասին։ Այս մի քանի օրվա ընթացքում հասցրինք դառնալ մի ընտանիք, ունենալ անմոռանալի օրեր, որոնք դեռ շարունակվում են: Կարծում եմ՝ ուրիշ մարդկանց հետ այս երկիրը չէի էլ կարողանա բացահայտել, որովհետև թիմս ամեն ինչ անում է, որ առօրյան հագեցած և ուրախ անցնի՝ առանց թերությունների: Իսկ ինչ վերաբերում է Հնդկաստանին, այո, այն իմ պատկերացրած Հնդկաստանը չէր, այլ ավելին էր։ Ներկա գտնվեցինք հնդկական հարսանիքների, ճիշտ այնպես, ինչպես ֆիլմերում են… Իսկ հիմա ուզում եմ վստահ ասել, որ երազանքները կատարվում են, ուղղակի պետք է մի քիչ սպասել, հավատալ:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Երևանյան էսքիզներ

Ուր բերում են մտքերդ…

Զրույց «Թեյնիկ» անտիսրճարանի հիմնադիր Ավետիս Եգանյանի հետ:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Վանաձորցի երիտասարդները գրեթե միշտ զբաղմունքի պակաս են ունեցել: Այսինքն, ազատ ժամանակը հետաքրքիր կազմակերպելու համար հնարավորությունները չափազանց քիչ էին: Գիտե՞ք, մենք շատ երկար ժամանակ ինչ-որ փոփոխությունների էինք սպասում: Եվ մոտ մեկ տարի առաջ երկու երիտասարդ Վանաձոր բերեցին «Թեյնիկ» կոչվող փոփոխությունը:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

-Ինչպե՞ս առաջացավ անտիսրճարան ստեղծելու գաղափարը:

-Ի սկզբանե այս ֆորմատին ծանոթացել եմ մոտ չորս տարի առաջ` Ուկրաինայում և Բելառուսիայում: Երբ վերադարձա Հայաստան, պարզեցի, որ Երևանում էլ են արդեն այդ ֆորմատով աշխատում: Ու մտածում էի, որ լավ կլիներ, եթե Վանաձորում էլ անտիսրճարաններ լինեին: Ժամանակի ընթացքում իմ ու ըկներոջս՝ Դավիթի մոտ այս գաղափարը ավելի էր հասունանում: Մենք երկուսս էլ աշխատում էինք, բայց չէինք կարողանում, կոպիտ ասած, տեղում նստել: Եվ արդյունքում վերջնականապես որոշեցինք, որ պետք է սրճարան բացենք: Ճիշտն ասած, չէինք ցանկանում անել մի բան, ինչը  արդեն կար քաղաքում: Մենք ցանկանում էինք ներմուծել նորը: Այնպիսի վայր, որը դուրս կգար արդեն ավանդական դարձած սահմաններից:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

-Ի՞նչ պատմություն ունի սրճարանի անվանումը:

-Իրականում «Թեյնիկ» անվան հետ կապված կոնկրետ պատմություն չկա: Մենք մեր առջև ունեինք ընդամենը մեկ պահանջ, որ անվանումը պետք է հայերեն լինի: Բացի այդ, այն նաև սրճարանի կահավորանքին պետք է համապատասխաներ: Մի քանի տարբերակ ունեինք, դրանցից մեկը «Անձրևանոց»-ն էր, որը ինչպես հասկացաք, Վանաձորի անձրևների քաղաք լինելուն էր վերաբերվում: Բայց անձրևանոցը երկար էր, ու դժվար թե տարածում գտներ, իսկ Թեյնիկը կարճ էր և սրճարանի բնույթին ավելի համապատասխան:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

-Իսկ ինչպե՞ս սկսեցիք բացման աշխատանքները:

-Դե առաջին հերթին տարածքի ընտրությունն էր: Ես ու Դավիթը երկար ժամանակ էինք մտածում, թե որտե՞ղ ավելի հարմար կլինի և արդյունքում կանգնեցինք Քաղաքային այգու հարևանությամբ գտնվող այս տարածքի վրա: Տարածքը  բարձիթողի վիճակում էր, և բավականին շատ աշխատանք ենք արել այն կարգի բերելու համար: Ինչ վերաբերում է կահավորմանը՝ մենք ամեն ինչ արել ենք մեր ձեռքերով և ամեն օր ինչ-որ նոր փոփոխություն ենք անում ինտերիերի  մեջ: Փորձում ենք համադրել գեղեցիկը հարմարավետի հետ: Սրճարանի բացումը անընդհատ հետաձգվում էր ֆինանսկան և այլ խնդիրների պատճառով, բայց ի վերջո որոշեցինք էլ չձգձգել, և հունիսի 4-ին «Թեյնիկ»-ը պաշտոնապես սկսեց իր աշխատանքը:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

-Ինչո՞վ է «Թեյնիկը» առանձնանում այլ վայրերից, ինչո՞վ է գրավում մարդկանց:

-Նախ և առաջ նրանով, որ մատչելի է: Առաջին հայացքից հնարավոր է թանկ թվա, բայց իրականում դու 2 ժամվա համար վճարում ես 500 դրամ և ունենում անսահմանափակ օգտվելու հնարավորություն: Իսկ հետո այստեղ հարմարավետ մթնոլորտ է, որը  թույլ է տալիս լիցքաթափվել և հաճելի ժամանակ անցկացնել: Դրա համար կա գրեթե ամեն ինչ՝ երաժշտություն, գրականություն, սեղանի տարբեր խաղեր, երաժշտական գործիքներ՝ նվագել ցանկացողների համար:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

-Կա՞ն արդյոք նոր  գաղափարներ, որոնք մոտ ապագայում պատրաստվում եք իրագործել:

-Հիմա փորձում ենք հաճախակի կինոդիտումներ կազմակերպել: Մոտ շրջանում անգլերենի ակումբ կունենանք: Մենք չենք սովորեցնելու զրոյից անգլերեն, ուղղակի փորձելու ենք քիչ թե շատ անգլերեն իմացողների որոշ հմտություններ զարգացնել: Չեմ ուզում բացել բոլոր փակագծերը, բայց նախատեսում ենք ամառային սեզոններին օգտագործել նաև դրսի տարածքը, փորձելով հետաքրքիր լուծումներ տալ:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

-Ի՞նչ ծրագրեր եք իրականացնում հիմա, համագործակցո՞ւմ եք այլ կառույցների հետ:

-Հիմա ամեն շաբաթ օր  «Մաֆիա» ենք խաղում: Առաջ այլ սեղանի խաղեր էլ էինք խաղում, բայց «Մաֆիա»-ն միակ խաղն է, որ ժամանակի ընթացքում չի հոգնեցնում: Վերջերս անվճար կիթառի դասեր են լինում: Ունենում ենք նաև սեմինարներ: Նախորդ շաբաթ հյուրընկալել էինք Սամվել Գևորգյանին, ով «Քո սեփական բիզնեսը» գրքի հեղինակն է: Կազմակերպում ենք նաև ցուցահանդեսներ, երաժշտական երեկոներ: Նկարները, որոնք հիմա զարդարում են «Թեյնիկ»-ի պատերը, այստեղ կազմակերպված ցուցահանդեսներից են մնացել: Հիմա համագործակցում ենք Երևանի «Team Time» անտիսրճարանի հետ:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

-Ի՞նչ հետաքրքրությունների տեր մարդկանց է ավելի շատ գրավում «Թեյնիկ»-ը:

-Կարծում եմ մենք ավելի շատ հետաքրքրում ենք այն մարդկանց,  ովքեր փնտրում են վայր, որտեղ կարող են ավելի շատ բան սովորել: Մենք բնականաբար այն մասսայի համար չենք, որը կոպիտ ասած, հետաքրքրություն է տեսնում միայն Տիգրան Մեծ փողոցով այս ու այն կողմ անելու մեջ: Փորձը ցույց է տալիս, որ մեր հիմնական հաճախորդները 15-27 տարեկան ակտիվ գործունեությամբ զբաղվող մարդիկ են: Մենք արդեն ունենք հիմնական հաճախորդներ, ովքեր պարբերաբար մասնակցում են մեր միջոցառումներին և աջակցում մեզ, տարածելով «Թեյնիկ»-ը իրենց ընկերների շրջանում:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

«Թեյնիկ» մտնելիս առաջին բանը, որ տեսնում ես, դա «Ուր տանում են մտքերդ» գրությունն է պատի վրա, և իրոք «Թեյնիկ»-ը վանաձորցիներիս  համար դարձել է մի վայր, որտեղ տանում են մեզ մեր մտքերը, վա՛յր, ուր գնում ենք և չենք ուզում էլ հեռանալ: Նման փոփոխությունները ստիպում են մեր քաղաքին շարժվել ժամանակի հետ և նայել առաջ:

Տիգրանը

Հարցազրույց Ֆիզմաթ դպրոցի աշակերտ Տիգրան Գրիգորյանի հետ

-Տիգրան, ինչպե՞ս եղավ, որ հայտ ներկայացրիր Ֆիզմաթ դպրոց:

-Երբեք չեմ մտածել այդտեղ ընդունվելու մասին, երբ իմացա այդ դպրոցի մասին, պատմության մասին, հասկացա, որ դա այն տեղն է, որտեղ կցանկանամ սովորել և սկսեցի աշխատել ինձ վրա:

-Ի՞նչ հույսեր կային, որ կնդունվես դպրոց, չէ՞ որ Ջերմուկում առաջինն էիր, որ հայտ ներկայացրեց դպրոց և ընդունվեցիր:

-Դե, այդ դպրոցի մասին ես լսել էի, որ հիմնականում այդ դպրոցից են գնում միջազային օլիմպիադաների: Իսկ ես մեծ հույսեր ունեմ մասնակցելու միջազգային օլիմպիադաներին:

-Ի՞նչ զգացիր այն պահին, երբ համացանցում տեսար քննության արդյունքները:

-Արդյունքները տեղադրվեցին 29:06:2017 00:05 րոպեին, իսկ այդ օրը իմ ծննդյան օրն էր: Կարճ ասած, ինձ համար կրկնակի տոն դարձավ: Միանգամից այդ ցուցակը նկարեցի և տեղադրեցի համացանցում, և իմ հարազատներն ուրախացան ինձ հետ հավասարաչափ

- Դժվար չէ՞ սովորել այդ դպրոցում և միաժամանակ հեռու գտնվել ընտանիքից:

-Ես շատ եմ սիրում Երևան քաղաքը: Այստեղ սովորելը շատ բարդ է, բայց և միաժամանակ, հետաքրքիր ու նոր փորձություններով լի: Դե, այս դպրոցում սովորելը նման չէ Ջերմուկում սովորելու տարիներին: Ճիշտ է, հեշտ չէ այստեղ սովորելը, բայց ես փորձում եմ մաքսիմալ յուրացնել այստեղի տված գիտելիքները: Իհարկե դժվար է, նամանավանդ առաջին երկու ամիսներին:

-Կպատմե՞ս ինչպես է անցնում առօրյադ դպրոցում

- Իմ առօրյան շատ հագեցած է: Առավոտյան դպրոց եմ գնում ինչպես բոլորը, դասերից հետո հաճախում եմ օլիմպիական խմբակների, որոնցից մեծ գիտելիքներ եմ ստանում, ընկերներով վերադառնում ենք Ֆիզմաթ դպրոցի հանրակացարան, իսկ հանրակացարանի կյանքն ավելի հագեցած է, քան ես կարծում էի: Ընկերներով դասերին ենք պատրաստվում, որևէ մեկս եթե հարց է ունենում, ոչ թէ սպասում ենք հաջորդ օրվան, այլ հարցնում ենք իրարից:

-Տիգրան, շաբաթ, կիրակի օրերին գալի՞ս ես Ջերմուկ, թե՞ մնում ես Երևանում:

-Լինում են այնպիսի օրեր, որ գալիս եմ Ջերմուկ, այցելում ընտանիքիս անդամներին ու հարազատներիս, բայց և լինում են այնպիսի օրեր, որ շատ ծանրաբեռնված եմ լինում դասերով, մնում եմ Երևանում:

-Դպրոցն ավարտելուց հետո ի՞նչ նպատակներ ունես:

-Առայժմ հստակ չեմ որոշել, թե որտեղ եմ ընդունվելու: Հիմա ուսումնասիրում եմ տնտեսագիտություն և ծրագրավորում, փորձում եմ հասկանալ՝ որն է ինձ ավելի հոգեհարազատ: Բայց առայժմ աշխատում եմ ինձ վրա, որպեսզի մասնակցեմ օլիմպիադաների:

astghik hunanyan

Ձմեռ ա, գարուն ա արել

Մի առիթով հայոց լեզվիս ուսուցչուհին ասաց․ «Ածանցումը բառակազմության ամենալավ եղանակն է»։ Դեմ եմ։ Ամենալավ եղանակը գարունն է՝ իր 90 օրով հանդերձ։ Չէ՜, չկարծեք՝ ես գարնանն եմ ծնվել, դրա համար եմ էդ եղանակն ամենալավը համարում (ճիշտ ուղու վրա եք, էդպես էլ կա), ուղղակի գարունը մոտիվացիայի ու հավեսը հետ բերելու եղանակ է։ Եղանակ չասես՝ ադամանդ ասես։

Արթնանում ես թռչունների ծլվլոցից, ամեն ինչ հեքիաթային է։ Միայն թե հեքիաթում թռչունները ծլվլում են հաճույք պատճառելու համար, իսկ իմ կյանքում թռչունները ծլվլում են, որ անուշ քնիցս հանեն ու ցույց տան, թե բա՝ տես, Աստղ ջան, տես, թե ոնց ենք «հարամել» սենյակիդ պատուհանները, ծըվ-ծըվ, ծըվ-ծըվ։ Հեքիաթ եմ ասել, է՜։

Մի խոսքով, դուրս ես գալիս տնից։ Ու դու թեթև ես հագնված, Կառլ, թե՜-թև՜։ Մի բարակ բաճկոն, վանդակավոր վերնաշապիկ, նույնքան բարակ շալվար ու կեդեր։ Ու ինչքան էիր սպասել կեդեր հագնելուն, քանի ու քանի տանջալից ամիս։ Սառը, սպիտակ երկնքով, «չոր ու ցամաք» ձմռանից հետո էլ գրողի տարած խոտի կանաչն ու երկնքի կապույտն էնքան են սիրունացնում ամեն ինչ, որ աչքդ սովորականի պես չի ծակում քարուքանդ եղած ասֆալտը, էդ ասֆալտի փոսերի մեջ վայրենաբար թափված աղբը ու էլի լիքը բան։ Դու անգամ չես էլ հասցնում մտածել, որ երկիրը երկիր չի։ Ուղղակի հաճույք ստանալով գնում ես դպրոց։ Դու տեսնում ես ճամփին էլի «թեթև» հագնված մարդկանց։ Ու ինչքան ես երջանկանում, որ տեսնում ես, թե ինչքան են երջանկանում, երբ տեսնում են, թե ինչքան երջանկացած ես քայլում։ Բայց հետո հասկանում ես, որ էդ մարդկանց մոտ երջանկության ժպիտ չէ, այլ ուղղակի ծիծաղ։ Ու գուշակիր՝ ինչի՞ են նայում քեզ ու ծիծաղում։ Հավանաբար պատուհաններիդ օրին ես ընկել, հա՞։ Դե լավ, չէ։ Ոչ էս անգամ։ Ուղղակի մարդիկ «շատ լուռ» հետևում են, թե ինչպես են մեղուները եկել, թառել շորերիդ ու մազերիդ, որովհետև որոշել ես գարնանը համահունչ վառ գույնի շորեր հագնել։ Հա, իրենք քեզ խոտի կամ նեկտարի տեղ են դնում։ Բա որ իմանաք՝ ինչքան անուշ է բուրում ծլող-ծաղկող խոտի հոտը, ինչքա՜ն խաբուսիկ է էդ մի կտոր լազուրից ժպտացող արևը ու էդ ինչքա՜ն ես փոշմանելու, որ մամայիդ չես լսել ու թեթև ես հագնվել։ Հա, հա, էդ ո՞վ չի փոշմանի մի քանի օր ջերմության մեջ պառկած մնալուց ու առավոտից իրիկուն խրատ լսելուց հետո։ Ու ինչո՞ւ, ինչ է թե՝ արևը խաբել է քեզ։

Ես, որ էդքան խոսեցի դպրոցի ճամփին, պատկերացրեք՝ արդեն դասերը վերջացել են ու ժամանակն է տուն գնալու։ Տուն գնա՞լ, ի՞նչ տուն գնալ։ Հիմա դու պիտի գնաս ու ամբողջ քաղաքդ կամ գյուղդ ոտնատակ անես, որովհետև թո՜ւյն եղանակ է դրսում։ Պիտի ականջակալներդ դնես ականջներիդ, Imagine dragons-ի նոր երգը լսելով՝ շունչը փչելու աստիճան քայլես, ու հետո միայն «սառած-սատկած» գաս տուն, դաս անես։ Հա, էս տարի ձմեռը գարուն էր արել։ Ու էս ամեն ինչը ես արդեն իսկ զգում եմ հիմա՝ փետրվարին։

Հ. Գ․ Ինչպես սկզբից ակնարկեցի՝ գարնան մի անձրևոտ ապրիլի երեքին ծնվեց աշխարհիս կրակը՝ ես։ Նվերներ, նվերներ, նվերներ, հավես նկարներով թեյի բաժակ, նվերներ… (Վայ, չէ, չէ, ոչինչ չեմ ակնարկում)։