Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Ռոկֆոր: Եղիպատրուշ

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Աշխարհիս երեսին ամենից հասարակ, բայց ամենահամեղ պանիրները, դարի պատմություն ունեցող կճուճները ու Ռիմա տատը մի տեղ՝ մի գործողության մեջ: Եթե կարճ, ինչպես երգում է Ռիմա տատիկի փոքրիկ թոռը. «Տատիկս պանիր կհորե, տատիկս պանիր կհորե…»:

Տարբեր գյուղերում պանիր հորելու տարբեր ձևեր կան: Գյուղերում պանիրը հորում են որպես ձմռան պաշար՝ հաշվի առնելով անասունների ցամաքելը ձմռանը: Եղիպատրուշում պանիրը հորում են մինչև Վարդավառի տոնը, իսկ բացում միայն դեկտեմբեր ամսին: Յուրաքանչյուր ընտանիք ունի իր բաղադրատոմսը: Ռիմա տատը գյուղացուն բնորոշ համեստությամբ ասում է.

-Համը հո բաղադրիչների՞ց չէ, ինձնից է, ինձնից:

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Բացելով Ռիմա տատի գաղտնիքները՝ ասեմ, որ նախքան պանիրը հորելը, այն նախ կուտակում են հատուկ աղաջրերում: Հորելուց մեկ շաբաթ առաջ պանիրը հանում են ջրից՝ թողնելով, որ քամվի, ապա կտրում են շերտերով: Հաջորդ փուլում նախապատրաստում են կճուճները:

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Կճուճի առաջին շերտում լցնում են պանիր, ապա համեմունքներ՝ պղպեղ (կանաչ, դեղին, կարմիր), զանազան կանաչիներ, բայց առավել շատ՝ սխտորուկ կոչվող կանաչին: Հաջորդաբար նույն գործողությունը կրկնելով, վերջին շերտին ավելացնում են դաղձ, կապում կճուճի բերանը, ապա դնում մութ տեղում:

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Ձմռանը գյուղում օգտագործում են հորած պանիրը, որը ոչ այլ ինչ է, քան շատ ծանոթ ռոկֆորը: Եթե սովորական պանիրը կարելի է գնել 1500-2000 դրամով, ապա այս պանիրը կրկնակի թանկ է: Եթե օրերից մի օր փորձելու կամ գնելու կլինեք այս պանրից, հիշեք, որ համի գաղտնիքը ոչ մի բաղադրիչի մեջ էլ չէ, այլ աշխատանքի՝ գյուղացու աշխատանքի:

Anushik Mkrtchyan

Մեր տան սուրբը

Լուսանկարը՝ Անուշիկ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Անուշիկ Մկրտչյանի

Ես արդեն 15 տարեկան եմ և այն պահից, ինչ գիտակցում ու հիշում եմ ամեն բան, հիշում եմ, որ մեր սենյակում կա փոքրիկ անկյուն։ «Մեր» ասելով՝ նկատի ունեմ իմ ու քրոջս սենյակը։ Այդ փոքրիկ անկյունը կոչվում է «պաբե-հայր»։ Տատիկն այդպես է ասում։ Այդ փոքրիկ անկյունը կարծես նվիրված լինի Աստծուն։ Այդտեղ դրված է քառակուսի փոքր պահարան, մեջը՝ կտորներ, որոնք կոչվում են շուշպաներ։ Ամեն հարմար առիթի ինչ-որ մեկը շուշպա է նվիրում մեր տան սրբին։ Հիմնականում՝ այն ժամանակ, երբ ինչ-որ երազ են տեսնում՝ լինի լավ, թե վատ։

Լուսանկարը՝ Անուշիկ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Անուշիկ Մկրտչյանի

Պահարանում կան ձեռագրեր, որոնց մեջ հիշատակվում է Գրիգոր Նարեկացու մասին, և տատիկն ասում է, որ մեր սուրբը Նարեկացու անունով է։ Առջևում կա ավազով լի մի հին մետաղյա աման, որի մեջ մոմն ենք վառում ամեն շաբաթ և կիրակի, նաև տոն օրերին։ Ինչպես նաև կան սրբապատկերներ, խաչեր, քանդակներ։ Տատս նաև ասում է, որ դա դեռ մեր տանը վաղուց է եղել, ինքը դեռ հարս էլ չի եղել։ Իսկ պապս ասում է, որ ինքն էլ է շատ փոքր եղել, երբ սուրբը ունեցել ենք։ Շատերն են մեզ խնդրում, որ իրենց փոխարեն մոմ վառենք։ Երազ տեսնողներն էլ անմիջապես առավոտյան գալիս են։

Լուսանկարը՝ Անուշիկ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Անուշիկ Մկրտչյանի

Տեսնո՞ւմ եք այս կտորները, որ իրար վրա են դասված։ Սրանք են շուշպաները։ Վերջին շուշպան հորեղբայրս է նվիրել այն օրը, երբ մեկնեց Գերմանիա։ Հենց մեկնելու օրն էլ նվիրեց։ Պահարանի վրայի կարմիրն է։ Իսկ այս կարմիր խաչով սպիտակ կտորից տատիկը տալիս է այն մարդուն, ով շուտով բանակ է գնալու, որպեսզի անփորձանք հետ գա։ Ասում է, որ դնեն ծոցագրպանում՝ սրտի մոտ։

Ասեմ նաև, որ սուրբը մաքրելու, կտորները լվանալու իրավունք ունեն միայն մինչև 12-13 տարեկան աղջիները։ Քույրս է միշտ ստանձնում այդ գործը։ Չի կարելի սրբի տեղը փոխել՝ անկախ տան դիրքի փոփոխությունից։ Կարծում եմ՝ մեր տան սուրբը պահապան է բոլորիս համար։

Gayane Avagyan

Օտարաբանության մասին

Հայոց լեզուն աշխարհի հնագույն լեզուներից է և ունի գեղեցիկ բառապաշար: Այսօր մենք մեր խոսքում, անկախ մեր կամքից, օգտագործում ենք չափազանց շատ օտարաբանություններ: Օտարաբանությունները այն բառերն են, որոնց հայերեն համարժեքները արդեն կան լեզվում, բայց մենք շարունակում ենք օտար բառերի օգտագործումը: Ճիշտ է, ոմանք կարծում են, որ այդ բառերը միջազգային բառեր են, և դրանց օգտագործումը չի վնասում լեզվին, ընդհակառակը՝ ավելի հեշտ և հասկանալի է դարձնում խոսքը, հարստացնում է լեզուն, և այդ բառերի հայերեն համարժեքները ոչ միշտ են բառի ճիշտ բնութագիրը տալիս, իբրև թե չօգտագործելով այդ բառերը՝ մենք հետ ենք մնում համաշխարհային առաջընթացից:

Ես կարծում եմ, որ հայոց լեզվում կան շատ ավելի հնչեղ և գեղեցիկ բառեր: Դե, մենք սովոր ենք ընդօրինակելու ուրիշներինը և մոռանալու մեր ունեցածի մասին: Այն դեպքում, երբ լեզվաբանները ամենահարուստ լեզուներից մեկը հենց հայերենն են համարում։

Սակայն օտարաբանություններ չի կարելի համարել այն բառերը, որոնք ճիշտ է, վերցվել են ուրիշ լեզուներից, բայց դարձել են մեր խոսքի անբաժան մասը: Ճիշտ է, հայոց լեզուն ունի մեծ բառապաշար և կարող ենք գտնել ցանկացած բառի հայերեն համարժեքը, բայց բացարձակորեն հրաժարվել փոխառություններից անհնար է: Օրինակ՝ ատոմ, տարազ, մատիտ, ֆորտե, պիանո, լիտր, լիմոն և այլն:

Այո, մենք մեր խոսքը ավելի պատկերավոր դարձնելու համար շատ օտար բառեր ենք գործածում, բայց միշտ չէ, որ դրանք փոխառություններ են լինում: Այսինքն՝ այնպիսի բառեր չեն, որոնց հայերեն տարբերակը չկա: Կա, և մենք շարունակում ենք գործածել անընդհատ: Բայց երբ օտարաբանությունները դառնում են մեր առօրյա, առավել ևս՝ գրավոր խոսքի գերակշիռ բաղադրիչը, լեզուն աղճատվում է, տգեղանում, ավելին՝ վտանգվում է: Առօրյայում, խոսքում, բազմաթիվ վահանակների վրա, լրատվության մեջ, ֆեյսբուքում, շատ եմ նկատել ավելի հաճախ գործածվող օտարաբանություններ: Փնտրեցի, գտա այդ բառերի հայերեն համարժեքները: Երբեմն այդ բառերի գործածումը, կարծում եմ, ճիշտ է և նպատակահարմար, որովհետև գեղարվեստական խոսքում միջավայր ստեղծելու նպատակով գրողները հաճախ են գործածում օտարաբանություններ, կամ էլ երբ լրագրերում կարդում ենք մեջբերված խոսք, ավելի պատկերավոր է դառնում, երբ տալիս են խոսակցի ճիշտ բնութագիրը: Բայց երևի ոճական կիրառությունն է այստեղ խնդիրը:

Իհարկե, բոլոր բառերը գրելն անհնար կլիներ: Դուք էլ կարող եք լրացնել այս բառերի շարքը.

պրիվետ- ողջույն, բարև

մերսի- շնորհիք, շնորհակալություն

պոլիկլինիկա- համաբուժարան

լիցենզիա- թույլտվություն, արտոնություն

կոմպոզիտոր- երգահան

պրոֆեսիոնալ- արհեստավարժ

պրոցես- գործընթաց

ինտերնետ- համացանց

ավտո, մաշինա- մեքենա

պլիտա- սալօջախ

պառլամենտ- խորհրդարան

«պատագոլնիկ»- լուսամուտագոգ

ռակուրս- դիտանկյուն

սլայդ- սահիկապատկեր

քսերոքս- պատճենահան

վիբրացիա- թրթիռ

պրյանիկ- անուշահաց

Ռուբիկ պապը

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Ինձ հաջողվեց համոզել պապիս ընկերոջը՝ Ռուբիկ պապին, որ ինձ հետ զրուցի: Երբ Ռուբիկ պապը հարցուփորձի միջոցով հասկացավ, որ իր ընկերոջ թոռնուհին եմ, ասաց.

-Եթե Սանոյի թոռն ա, թող գա…

Չնայած Ռուբիկ պապը 79 տարեկան է, նա մեծ ոգևորությամբ էր ցույց տալիս իր և ընկերների նկարները։ Ամեն մի հիշողության հետ լաց էր լինում, բայց և այնպես, նրա դեմքին ժպիտ էր հայտնվում այն ժամանակ, երբ հիշում էր ընկերների հետ ունեցած ամեն մի վայրկյանը։

Ռուբիկ պապի կյանքի պատմությունը շատ դառն է եղել, ինչպես հենց ինքն է նշում։

-Դառը օրեր շա՜տ-շա՜տ եմ տեսել, բայց աբրել եմ, գրողից գողտուկ, աբրել եմ:

-Պա՛պ, մի փոքր պատմիր քո մասին:

-Իմ մասի՞ն։ Բա պապուդ մասի՞ն: Չես տեսել պապուդ, չէ՞։ Էրնեկ քո աչքերին, որ չես տեսել, որ տենայիր, իմ նման անընդհատ կլցվեիր… Մի մարդ էր քո պապը և իմաստուն մի սյուն, որ աշխարհի տակը ըտենց երկրագունդը չի ծնել: Համեստ, խելոք, ընգերական, մոտիկ մարդ: Էսքան հասակ եմ առել, Սանոյի նման անձնավորության դեռ կեսի չափը չեմ հանդիպել: Հնգեր եմ կորցրել՝ հարյուր հատ ախպեր արժեր: 64 թվից աշխատել ենք մինչև հիրա մահը: Հայաստանն էլ հիմնարկ չմնաց, որ մենք երկուսով չենք աշխատել, ես՝ սվառչիկ, հինքը՝ սլեսար: Ընգերներ շա՜տ ունեի, բայց նման ընգեր՝ Սանոյի նման, չեմ տեսել, հա՛: 20-30 տարի աշխատեցինք մի թթու խոսք հիրար չփոխանակեցինք՝ բացի ախպերությունից:

Իմ մասին էլ ինչ ասեմ, բալ ջան, իմ մասին սաղ աշխարհը գիդան՝ անհե՛ր, անմե՛ր մեծացել եմ… Պատմությունս ասեմ՝ պատմությունս սկսըմ ա 39 թվից, ծնվել եմ էս գյուղը, աբրել եմ էս գյուղը, աբրըմ եմ էս գյուղը, հլա դեռ պտի աբրեմ:

Ծնվել եմ ապրիլի 7-ին՝ գեղեցկության օրը, սև ըլներ էդ գեղեցկությունը, հա՛։ 39 թվի հուլիսին հորս ու հորոխպորս տարել են բանակ, էդ ժամանակ ես չորս ամսական եմ հելե: Ո՛չ հեր, ո՛չ հորոխպեր չեմ տեսել, մենակ նկարներով եմ տեսե: Երկու աղբորն էլ հիրար հետ տարել են բանակ։ Գեղամը հերս ա, հորոխպերս՝ Վիրաբ: Հիմի մի թոռիս անունն ա Գեղամ, տղուս անունն էլ՝ Վիրաբ: Հորս հետ են քցել, հորոխպորս տարել են՝ կամավոր ա հելե էնի: 39 թվին տանըմ են, մի տարի հետո Ֆինլանդիայի պատերազմը սկսըմ ա: Հորս էլ են տանըմ Ֆինլանդիա։ 41 թվին, որ պատերազմը սկսըմ ա՝ սովետական պատերազմը, Ֆինլանդիայից սովետը տանկերը հետ ա բերըմ՝ էշալոնը բարձած: Ուրեմն տանկերը բարձած գալիս են Ֆինլանդիայից, որ պտի արդեն գետի վրով հնցնեն, գետի վրեն մոստ կա, էդ մոստի վրեն, ասըմ ա, նեմեցը ռմբակոծեց, մոստն էլ գնաց, տանկերն էլ գնացին… էս պատմությունը հիրա ընգերներից ա էկել, հասել ինձ, ու տենց կորան, հերս կորավ: Ոչ մի խաբար չկա… Ու ես ըտենց մեծըցել եմ մե տատի հույսին, տատիս անունը Էլիսո էր: 39 թվից տատս պահեց ինձ՝ երեխա ժամանակից։ Մերս ամուսնացավ, գնաց, ութը տարեկան եմ հելե: Տատս մի կերպ պահեց ինձ: Կով էր պահըմ, մի կերպ ընձի էդ սովի տարիներին պահեց, լա՜վ պահեց, լա՜վ էլ պահըմ էր: 55 թվին, արդեն էդ իմ մանկությունը գնա՜ց, 7-րդ դասարան էի: Յոթերորդ դասարանում փոքր անախորժության համար դպրոցից հեռացրին ինձ: Մե մաղիկի պատմություն էր, հուրիշ ոչ մի բան:Տատս հելավ գնաց իմ հըմար Հրազդան։ 80 տարեկան էր, ոտով գնաց Հրազդան, որ ըտեղից թուղթ բերի, որ ես քննությանը մասնակցեի… Ճամփին հընգավ ավտոյի տակ, տատս մահացավ: Ես մնացի անտեր․․․

Հավաքվան հորքուրներս էկան՝ ինչ անենք, Էրևան տանենք… Էն ժամանակ էդ ուսումնարանները չկային՝ «ֆեզե» էին ասըմ: Բա թե՝ տանենք, «ֆեզե» սովորի։ Հորքուրներիցս մեկը չթողեց, թե՝ չէ, իմ ախպոր տղեն ա, ես պսագըմ եմ… 15 տարեկան էի՝ պսագին, 16 տարեկան էի՝ աղջիկս ծնվավ, էդ տանջանքները թշնամիս չքաշի, բայց էլի գոհ եմ: Ես չէի ուզում ամուսնանայի, բայց ստիպված էի, բա ի՞նչ պետք ա անեի։ Տուն ու տեղ էլ չկար, քամբախ էր:

55 թվից աշխատել եմ, տատուս ախպոր տղերքից մեկը տարավ մեխանիզացիայի վրա: Դրանից հետո աշխատել եմ կալսիչ մեքենայով, տրակտորով մինչև 69 թիվը: Շատ լավ մասնագետ էի, իսկ առաջին մասնագիտությունս հելել ա «տելեվիզր», «պրիյոմնիկ» սարքող: Չի սաքըմ, է՜, յոլա էի տանըմ… Ես էի էթըմ, սարքըմ կամ ընենց էր ըլնմ՝ հիրանք ին բերըմ, դե, բզբզըմ էի, սաքըմ էի: Ես էթըմ ի քաղաք, մասերը առնըմ ի, բերըմ ի… Անունս դրել ին «տելեվիզր սարքող», «պրիյոմնիկ սարքող», մե քանի հատ փչացնըմ ի, էն մեկը սարքըմ ի, աբրըմ ինք:

Առաջին էրեխեն ունեցել եմ 16 տարեկանում, կինս 2 տարի ընձնից մեծ էր՝ 37 թվի ծնված էր, դե, փոքրը չէր հլնի՝ ստիպված 2 տարի մեծը վեկալինք, որ կարենար տանը տեր կանգներ, ինձ տեր կանգներ: Գոհ եմ կնոջիցս… Մինչև, է՜հ, հեսա, աշխատել ենք, աբրել ենք հիրար հետ, հըմի ինչ ասեմ, բալա, դժվար էր կյանքս, շա՜տ դժվար անցավ մինչև 62 թվերը, շատ դառը տանջանք եմ կերել, շինարարությունը մի կողմից, էրեխեքը ունեցա՝ մյուս կողմից, չորս աղջիկ հելան ու մի տղա:

Հորիցս էլ նամակ չեմ ստացել, մենակ թղթի վրա գրած ունեմ հիրա կամանդիր-մամանդիրի անունները, էն ժամանակ ինձ տվել ա հորս ընգերը, որ մենք էս էշալոնի մեջ ենք հելե, Ֆինլանդիայից Սովետ մտնելուց, բայց մոռացել եմ էդ գետի անունը, հա՛: Էլ ի՞նչ ասեմ…Կիրով աշխատել եմ 69 թվից մինչև պապիդ մահը: Պապիդ հետ Կիրովում շատ նկարներ ունեմ: Կիրովում աշխատել ենք, «Ակադեմիայում» աշխատել ենք, «Գազում» աշխատել ենք: Ես տասը անգամ գործից ազատվել եմ, ընդունվել, չէի կարըմ հարմարվեի, պտի խաթրիս չկպնեին: Մի անգամ էլ ինձ՝ Ռուբիկիս, գործից հանին, Ռոբերտին ընդունին՝ իբր զույգ ախպերս ա: Մեր դիրեկտրը ասավ՝ հո՞ւր ա բա ախպերդ… Ա՜յ մարդ, ասի՝ պատից հընգել ա, գլխից ցնցում ա ստացե, հեն ա՝ Իջևան գժանոց ա…

Ըտենց Ռոբերտին ընդունին, այսինքն՝ նորից էլի ընձի։ Հիմի դակումնենտներիս կեսը Ռուբիկ ա, կեսը մնաց Ռոբերտ: Գնացել եմ դատարան, նոր ընձի թոշագի համար արել են մե անուն՝ Ռոբերտ: Էն Ռուբիկն էլ գնաց կորավ։ Էս էլ իմ «ախպերը»։

Հա՜, մոռացա ասեմ, մի մոտոցիկլետ ունեի, էդ մոտոցիկլետով Սանոյի հետ շա՜տ եմ ման եկել, շա՜տ-շա՜տ։ Յոթ հոգի տանըմ էր մոտոցիկլետը: Յոթ հոգով նստըմ ինք, որ յանը ուզըմ ինք, էն յանը քշըմ ինք:

Պապիդ հետ Վրաստան ենք հելե, Բաքու ենք հելե, պոեզի մեջ ենք հելե, ման գալու ենք գնացե: Պապիդ հետ աշխատելու ժամանակ աշխատավարձ էլ ենք կորցրել, հիրար հետ ման ենք եկել, չենք էլ քթել… Շա՜տ-շա՜տ դեպքեր են հելե հիրար հետ…

Աբրել ենք հիրար հետ հընգերական, մոտիկ, հիմի չկա… Տենց բան հիմի գոյություն չունի, հիմի մենակ շահ: Եթե մի տեղից շահ ունես, կմոտենաս, եթե չունես, չես էլ մոտենա, իսկ էն վախտ տենց չէր…

-Սիրո՞ւմ ես գիրք կարդալ, Ռուբիկ պա՛պ:

-Հա՜։ Ահագին գրադարան ունեմ: Գիրք շատ ենք առել, Սանոյի հետ որտեղ էթայինք, գիրք էինք առնըմ… Հիմի առանց ակնոց եմ կարդըմ: Մի գիրք կա՝ «Գիրք գրոց», էդ գիրքը քո պապն ու ես հիրար հետ ենք առել: Գրքերը առնըմ ինք Հրազդանի գրախանութից, հիրար հետ շա՜տ էինք ման գալիս, շա՜տ…

-Իսկ ի՞նչ երազանքներ ունես, պա՛պ:

-Հիմի արդեն էն ժամանակն ա եկել, որ հէսօր կամ, վաղը չկամ, չեմ կարա ասեմ, բայց իմ երազանքը էն ա, որ թոռս բանակից գա, պսակեմ, էս տուն-տեղը, ինչ որ հետ եմ քցել, տղուս չեմ տալու: Տալու եմ թոռիս՝ Գեղամին: Հորս անունն ա… Ես Գեղամից են ընդունել (չեմ էլ ընդունել հիրանից), բայց պտի գա, որ հորս հողն ու ջուրը տամ իմ թոռին, նոր թող հոգիս առնի…

Երազանքներիցս մեկն էլ էն ա, որ հիվանդանոց չընգնեմ: Հանգարծակի, տաք քնեմ, սառը հանեն: Էս ա իմ երազանքը, թե չէ հուրիշ ի՞նչ ուզեմ էս մեծ հասակիս: Ու հլը ինչքան կարըմ եմ, սաղին օգնըմ եմ… Հա՜, մոռացա ասեմ՝ հիմի ունեմ 26 թոռ, 13 ծոռ…

-Թոռներիցդ ո՞ւմ ես ամենաշատը սիրում, պա՛պ:

-Չեմ կարա ջկողություն դնեմ, որ սկսըմ եմ ջղայնանալ՝ հըմնին չեմ սիրըմ, որ սկըսըմ եմ սիրել, հըմընին սիրըմ եմ:

-Իսկ հիմա ինչո՞վ ես զբաղվում, պա՛պ:

-Հիմա զբաղվում եմ այգեգործությամբ, մի հատ կով ունենք, Մոզիկ-մոզուլան… Յոլա եմ տանըմ: Մի բանից էլ գոհ եմ, որ կարեցել եմ ստեղծեմ, պահեմ մինչև առ հեսօր…

Նորից եմ ասըմ՝ դառը օրեր շա՜տ-շա՜տ եմ տեսել, բայց աբրել եմ, գրողից գողտուկ, աբրել եմ:

Կյանքը պատուհանից այն կողմ

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Պատուհանից դուրս նայող մարդիկ փորձում են իրենց համար բացահայտել անհայտ մի աշխարհ, փնտրում են իրենց հետաքրքրասիրությունը գրգռող մի շարք հարցերի պատասխաններ: Մարդիկ իրենց աչքերը հառում են հեռավոր ու անհայտ հորիզոններին: Պատուհանից այն կողմ բացվում է մի խորհրդավոր աշխարհ՝ իր խորհրդավոր ծովով, և մարդիկ, իրենց երազանքների հետ միասին, սկսում են լողալ ծովում, թաղվել մինչև խորը հատակը: Իրենց նեղլիկ պատուհանից նայելով այդ աշխարհին՝ նրանք հասնում են մեծ և ընդարձակ ցանկություններին և զգացողություններին:

Պատուհանը դուռ է դեպի իրական և ոչ իրական աշխարհ: Պատուհանը, այդ լեգենդար պատուհանը, քո աշխարհն է: Դու էլ կաս այդ աշխարհում: Դու մեծանալով մտնում ես այդ աշխարհ և սովորում գոյատևել այդտեղ: Պատուհանից այն կողմ մի նոր աշխարհ է, որտեղ կան քո պատուհանի նման հազարավոր պատուհաններ: Ու այդ պատուհաններից ամեն մեկում բնակվում է ընդամենը մի անձնավորություն։ Դրանցից ամեն մեկում գոյատևում է կա՛մ քո հարազատը, կա՛մ էլ թշնամիդ:

Այսօրվա պատուհանից այն կողմ՝ երկնքում, լողում էր կարմիր արևը և իր շողերը գցելով սենյակ՝ հիշեցնում էր, որ կա և գոյություն ունի իրական կյանքը: Արևը ժպտում էր և «լացող» պատուհանի հետ միասին այլ երանգ էր հաղորդում խորհրդավոր աշխարհին:

ani evinyan

Գուցե իմ նոր ընկերը

Բոլորս էլ ունենք վախեր, օրինակ՝ մթությունից, բարձրությունից, մենակությունից, կենդանիներից և, ինչու ոչ, նաև մարդկանցից: Իմ ամենագլխավոր վախը՝ վախ շների հանդեպ: Ես գիտակցում եմ, որ շները աշխարհի ամենահավատարիմ, խելացի կենդանիներն են, բայց չի ստացվում չվախենալ նրանցից: Շատ դեպքերում ես դպրոց կամ պարապմուքի գնալիս, հանդիպելով շների, կամ փոխում եմ ճանապարհս, կամ հետ եմ գնում տուն կամ լավագույն դեպքում նկատում եմ հեռվում եկող մի մարդու, սպասում եմ նրան, և նրա հետ շարունակում ճանապարհը:

Մի քանի օր առաջ դասից հոգնած տուն էի գալիս (նշեմ, որ մեր տուն տանող կա երեք ճանապարհ, երկուսը մի խաչմերուկից է սկիզբ առնում, մյուսը՝ փոքր ինչ հեռվից), ինչևիցե, չշեղվեմ թեմայից, գալիս էի՝ մեկ էլ նկատեցի, որ հիմնական ճանապարհում կա շուն, մյուսում էլ հարևանի նոր փոքրիկ շնիկն է վազվզում, մյուս ճամփան էլ շատ երկար է: Կանգնեցի, մտածում էի՝ որ ճանապարհով գնամ, որպեսզի բարեհաջող տուն հասնեմ, մյուս կողմից էլ՝ պարապմունքս է կես ժամից սկսելու… Մտածեցի ռիսկի դիմել, և «հաշտության առաջարկ» անել հարևանի փոքրիկ շնիկին: Վախենալով, բայց անցա շնիկի կողքով: Չգիտեմ ինչու այդպես արեցի, բայց ես ինքս էլ զարմացել էի ինձ վրա: Երևի այդ շնիկը իմ տեսած շնիկներից ամենագեղեցիկներից էր: Շագանակագույն մորթով՝ ոտքերի վրա սպիտակ շրջաններով ու հետաքրքիր նայվածքով:

Այս անգամը կարծես բացառություն էր, որովհետև բոլոր ինձ ճանաչողներն էլ գիտեն, որ ես հաստատ կընտրեի երկար ճանապարհը ու կգնայի այդ ճանապարհով, բայց ոչ: Կարծես այս նոր շնիկը դարձել է իմ հավատարիմ ընկերը…

Իմ Թինա տատը

Հարցազրույց տատիկիս՝ Թինա Աղաջանի Մաքոյանի հետ:

-Տատ ջան, մի քիչ պատմիր, թե որտե՞ղ ես ծնվել, ի՞նչ ընտանիքում, ո՞նց եք ապրել:

-Իմ նախնիները, բալես, մշեցի են էղել: Էկել են Վրաստան: Վրաստանում հայկական գյուղեր շատ կան՝ Նարդվանն ա, Ոզնին ա, Աշխալեն ա, Այազմեն ա: Էդ գյուղերի բարբառը մի ուրիշ տեսակ ա, իսկ մեր՝ Դաշբաշի բարբառը ուրիշ ա: Դաշբաշ գյուղն ա մերը: Դաշբաշ գյուղը թուրքերեն ա, թարգմանվում ա՝ «քարագլուխ», որովհետև քարքարոտ ա: Թուրքերեն անվանում են տվել էդ գյուղին, բայց հայի գյուղ ա:

Ես ծնվել եմ, բանվորի ընտանիքում. տրակտորների, կոմբայնների վրա որ աշխատում են: Կռվի տարիներին պապաս կռիվ չի գնացել, բայց կռվի համար հացն ա ապահովել, վարել, ցանել՝ կոմբայնով, ալրաղացով՝ ալյուրն արել, հացը թխել, կռվին են հասցրել, մի խոսքով՝ կռվին մասնակցել են էլի մի բանով: Մամաս էլ դե տնային տնտեսուհի, 9 էրեխա ա ունեցել խեղճ մամաս: Տանջվելով-տանջվելով ապրել են: Իրենց համար, իրենց հացը հայթայթելով, ոչ մեկին վնաս չեն տվել, գլուխները կախ առավոտից մինչև ուշ գիշեր աշխատել են: Պապաս գործից գիշերվա ժամը 3-ին-4-ին էր գալիս, լուսադեմին տրակտորով դաշտերն էր վարում: Մի հատ տրակտոր էր ամբողջ տարածաշրջանում: Դրա հետ մեկտեղ էլ խոզեր էր պահում՝ 200-300 հատ, կովեր՝ 100-150 հատ: Պետությունը կերը տալիս էր՝ էն պայմանով, որ միսը պետությանը հանձնի պապաս: Դե փողով, մուֆթա հո չէ՞ր: Աշխատող ընտանիք էր՝ շատ աշխատող: Մեզ էլ, ինչքան հնարավորություն ունեին, էդքան էին պահում: Ուտելիքը մեր տանը լիքն էր: Իսկ հագուստը՝ դե էն ժամանակ ո՞վ էր մոդայիկ հագնվում: Հասարակ շոր էին հագնում՝ մենք էլ նույնը: Խեղճ չենք էղել՝ լավ ա պահել պապան: 9 էրեխա ենք էղել, բայց պապաս լավ ա պահել, որից 2-ը ըշտա մահացել են՝ 2 ախպերս, 7-ս մնացել ենք:

-Ո՞նց ես Վարդգես պապիկի հետ ծանոթացել

-Դե, պապիկի հետ գյուղում, ըշտա: Պապիկի քույրը՝ իմ տալը, հորեղբորս կինն էր: Ես էրեխա էի: Հորեղբայրս փախցնում ա ամուսնուս քրոջը էն ժամանակ, որ ես դեռ պուճուր էրեխա եմ լինում: Հարևան էինք: Գալիս-գնում էի՝ քարով տալիս էի պատուհաններին: Պուճուր տուն էր, իրենք աղքատ էին: Ամուսնուս պապան զոհվել էր Հայրենական պատերազմում: Իրենք 4 երեխա էին՝ 2 քույր, 2 աղբեր: Սկեսուրս շատ դժվար ա պահում էդ 4 էրեխուն, մի աղջկան տալիս ա աղբոր կնոջը՝ աղբերը մահացած ա լինում: 3-ն են լինում՝ տալս, մեկ էլ 2 աղբեր ՝ Վանոն ու Վարդգեսը: Հետո սկեսուրս էլի ա ամուսնանում: Էդ մարդու կինը մահացած ա լինում՝ 4 երեխա ա ունենում էդ մարդը: 2 էրեխա էլ իրանք էն ունենում՝ մի աղջիկ, մի տղա:

Ամուսինս Երևանում սովորում էր: Էն ժամանակ ես փոքր էի՝ 10 տարով մեծ էր ինձանից: Ես 15 տարեկան էի, ինքը՝ 25: Բժշկական էր սովորում: Ինձ, որ փախցրեց, 7-րդ դասարան էի: Բժշկականի վերջին կուրսը էլ չկարեցավ գար սովորելու: Մհերը ծնվեց՝ արդեն էլ գումար չկար: Մհերս 6 ամսական էր՝ բարուրի, քոչեցինք Ռուսաստան: 1966 թվից մինչև 1986 թիվ՝ 20 տարի: Ամուսինս տարավ ինձ գիշերօթիկ դպրոց: Գիշերօթիկ էի գնում, ցերեկն էլ աշխատում էի: Կովկիթ եմ աշխատել, դաշտում եմ աշխատել, ոչխար եմ խուզել, ինչ գործ ասես չեմ արել ընտանիքի համար: Շատ դժվար տարիներ էին:

-Ինչպե՞ս ես կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: Մասնագիտությամբ ո՞վ ես:

-Ակումբ կար, տնօրենը տաղանդավոր մարդկանց հրավիրում էր, որ խումբ կազմեր: Ինձ էլ կանչեց՝ ձենս փորձեցին: Ինձ ուղարկեցին սովորելու: 5 տարի էլ էդտեղ սովորեցի՝ համ երգ, համ պար, համ ակորդեոն, համ սոլֆեջիո, համ երաժշտական գրականություն, համ թատերական: Դրա հետ մեկտեղ մենք ժողովրդական անսամբլ ունեինք՝ «Золотой колосок» անունով: Շրջում էինք ամեն տեղ՝ Կրասնոդար, Ստավրոպոլ, ամեն տեղ բեմերի վրա էինք: Հետո ավարտեցինք: Դե, Վարդգես պապիդ շատ գրագետ էր, ճիշտն ասած, ինձնից գրագետ էր, բայց տաղանդ չուներ: Ուղղակի իմ խաթր գալիս էր սովորելու: Էդ մարդը ձեն էլ չուներ, չէր կարում: Ես համ սովորում էի, համ աշխատում էի էդ անսամբլում: Ինձ աշխատավարձ էին տալիս՝ 70 ռուբլի, էն ժամանակ գիտե՞ս էդ ինչ մեծ փող էր: Բացի դա՝ մենք կտրոն ունեինք՝ ավտոբուսներից անվճար էինք օգտվում: Ուսանողական տոմսով ինքնաթիռից 50 տոկոս զեղչով էինք օգտվում: Հետո որ ավարտեցինք՝ անսամբլում, դպրոցներում, մանկապարտեզներում, երաժշտական դպրոցներում արդեն դասավանդում էինք:

Մեզ 4 սենյականոց տուն տվեցին: Շատ լավ էինք ապրում:

-Այ տատ, բա ո՞նց էիր համատեղում աշխատանքդ ու ընտանեկան հոգսերը:

-Ես գիշերը չէի քնում՝ 2 ժամ գիշերը որ քնեի՝ էդ լավ էր: Դասերս պիտի պատրաստեի, մեզ շատ դաս էին տալիս, գիշերը նստում էի, դաս էի անում: Լվացքի մեքենա չունեի, լվացքս էի անում, փռում էի, մինչև դասերս էի ավարտում՝ լվացքը չորանում էր, բերում էի տուն՝ արդուկում էի, առավոտյան էրեխեքին դպրոց, մանկապարտեզ պիտի տանեի: 8-ին բոլորին տանում էի արդեն՝ արդուկած, մաքուր, որին մանկապարտեզ, որին՝ դպրոց: 8:20 ես պիտի կանգառում լինեի, որ էդտեղից նստեի՝ դասի գնայի: 9-ին հասնում էի դասի: 9-ից մինչև 12-ը երաժշտականում էի սովորում, 12-ից անցնում էի култпросвет (լուսաշխի դասեր), 4-ին փորձերի՝ անսամբլում: Ամուսինս երեխեքին էր վերցնում՝ ինքը դե մի տեղ էր դեռ աշխատում: Հետո, որ ինքն էլ արդեն էկավ հետս, ասեց՝ մենակ չեմ թողնի՝ պիտի գամ հետդ սովորելու, էկավ ընդունվեց: Ընդունվելու համար 3 առարկա քննություն տվեց, մեկ էլ, դե լսողությունը ստուգեցին, դե ստից-մտից՝ ընդունեցին ճարահատ: Ինքը պայման էր դրել՝ ասել էր, եթե ինքը չընդունվի, ինձ էլ կհանի: Ճարահատած ընդունեցին: Խեղճը մինչև 2-րդ կուրս էկավ, էլ հետո չէր լինի, որովհետև արդեն ստուգման էին գալիս: Քննությունները հավաքվել էին իրար գլխի՝ չէր հասցնում, պարտքերը հավաքվել էին՝ դուրս մնաց: Ամեն դեպքում ինձ չհանեց:

Դայակ ունեինք՝ баба Лена, Արևիկիս անունը ինքն ա դրել: Օգնում էր ինձ, արդեն ոնց-որ մեր ընտանիքի անդամ լիներ, մենք իրան շատ էինք սիրում՝ քթներս տնգած չէր, ոնց որ մեր տատիկը լիներ: Իրա տունը մեր տան կողքին էր:

Ավարտեցի, որտեղ մենք ապրում էինք՝ մեծ ակումբ կար, էդտեղ տնօրեն ընդունվեցի, 13 հոգի աշխատող ունեի: Էդտեղ խմբակներ էի կազմակերպում: Շատ լավ էր, մեր կյանքը էնտեղ ընտիր էր:

-Ինչպե՞ս որոշեցիր Հայաստան գալ, ո՞նց հարմարվեցիր

-Ես ամբողջ կյանքս երազում էի: Մտածում էի՝ օտար ազգի համար միջոցառումներ եմ անում, ինչքան ուրախություն ու երջանկություն եմ տալիս էս մարդկանց, բա ես հայ ազգի համար չաշխատե՞մ: Ամեն երեկո, որ շատ լավ ավարտվում էր, մարդիկ ուրախ ծափահարում էին, ասում էի՝ բա ես չգնա՞մ իմ հայ ազգի համար, իմ բեմերի վրա աշխատեմ: Որոշել էի Հայաստան գալ, բայց մի քանի անգամ էկա, տների գները տեսա՝ շատ թանկ, գրանցումը թանկ՝ ուժերիցս վեր էր:

Որոշեցի գնալ Վրաստան՝ իմ հայրենիք, որտեղ ծնվել եմ: Էնտեղ աշխատանքի ընդունվեցի, հող ստացա՝ տուն սարքեցինք: Քոչեցինք, բայց շատ սխալ եմ արել ես: Մի խոսքով, գնացի 2 տարով պայմանագիր կապեցի: Հողը վերցրեցի՝ հենց պապայիս տան կողքին, ընտիր տեղ: Էն մտքով արեցի, որ տունը սարքեմ, ծախեմ, վրան փող ավելացնեմ, որ գամ էստեղ տուն առնեմ՝ տեղավորվեմ: Любыми путями хотела приехать в Армению: Պապին շուտ ա մահացել՝ Վրաստանում: Կռվի տարիներին եմ էկել Հայաստան՝ 1988 թվին էկանք: Ասում էի՝ մենք հիմա ենք պետք, որ բոլորս գնանք Հայաստան: Պապադ արդեն բանակից էկել էր: Էկանք մամայիդ նշան դրեցինք, մի քանի ամիս անցավ, ես էկա Եղվարդ, գործի ընդունվեցի Կուլտուրայի տանը: Սկզբում վարձով ենք ապրել 2 ամիս, հետո էս տունն եմ առել: Համ կուլտուրայի տանն էի աշխատում, համ Լուսակերտում պար էի դասավանդում:

-Ո՞նց էին այն ժամանակ հայերը վերաբերվում պարուհու մասնագիտությանը

-Հայե՞րը: Ըշտա տենց՝ չտեսի նման: Հետո արդեն սովորեցին: Գալիս էին, նստում էին դահլիճում: Ընկերուհիս դուրս էր հանում, կռվում էր հետները: Գիտեր, թե ես հայերեն չեմ հասկանում, ասում էր՝ այ մարդ, էս կինը ամուսնացած ա, էրեխեք ունի: 5-6 ամիս հետո արդեն ուրիշ ձև էին վերաբերվում: Հետո խումբ ստեղծեցինք՝ մեկը դաշնակահար, մեկը ակորդեոնահար, մեկը՝ ջութակահար:

Տատս իր ամբողջ կյանքի ընթացքում աշխատել է և հիմա էլ շարունակում է աշխատել: Միշտ իր մեջ պահպանում է երիտասարդությունը: Տատս երեք զավակ ունի՝ հայրս ու երկու հորաքույրներս, ունի 6 թոռ ու 2 ծոռ: Ուրախացել է իր երեխաների, թոռների հաջողություններով, տխրել՝ անհաջողություններով, բայց երբեք չի կոտրվել

Ինձ համար պարտավորեցնող է այն, որ նրա անունն եմ կրում՝ տատս ինձ համար միշտ օրինակ է ծառայել

naira mkhitaryan

Ես մեծ եմ

Զանգ եկավ։ Վաղը պարապմունքի եմ, պատմության մրցութին մնացել են հաշված օրեր, իսկ ես դեռ չեմ ավարտել հարցաշարս։ Ի՞նչ անել․ անջատել երաժշտությունը, վերցնել գիրքն ու սկսել կարդալ։ Ի դեպ, Սևակի «Քամին» է լցրել սենյակս, զգում եմ, որ արդեն տհաճ է լսելը, մի տեսակ հոգնել եմ նույն երգը լսելուց, բայց միևնույն ժամանակ, կախվածության մեջ եմ ընկել։

Բացում եմ գիրքը, երաժշտությունը չեմ անջատել։ Նայում եմ տողերին, չէ, չեմ կարդում, ուղղակի նայում եմ։ Փակում եմ գիրքը, մեղադրում «Քամուն»։ Լցվեց սենյակս, թերթեց գրքի էջերը ու փակեց։

Ես չեմ կարողանում կենտրոնանալ, գրողը տանի, հաստատ պարտվելու ենք մրցույթում, եթե այսպես շարունակվի։ Գրո՞ղը, գրողը հիմա անշարժացած մատներս են, բայց ես չեմ, ես երբեք չեմ կիսվում իմ ապրումներով, կամ, միգուցե, չէի կիսվում, ինչևէ։

Դասից վերադառնում եմ, մտնում տուն, ուրախ-ուրախ պատմում եմ, թե ինչպես եմ անցկացրել օրս։ Ինձ ոչ ոք չի լսում։ Հայրս նստած է բազմոցին, մայրս՝ վառարանի կողքին։ Նրանք երկուսն էլ տանն են, ինձ հետ նույն սենյակում, բայց միևնույն է՝ ինձ ոչ ոք չի լսում։

Նայում են, բայց չեն լսում, ինչպես ես՝ նայում եմ, բայց չեմ կարդում։ Ու այդպես ամբողջ օրը։

Ես նկատել էի մորս արցունքները։ Դրանք պարզապես խառնում են իրար հոգիս, փոթորկում, ինչպես քամին։

Իմ հոգու քամին չի դադարում, որովհետև ինձ ոչ ոք ոչինչ չէր պատմում, միակ միջոցը նրանց խոսակցությունից որևէ բան կռահելն էր, բայց դա էլ չօգնեց․ խոսակցություն չկար։

Ես գիտեմ, որ ինչ-որ բան այն չէ։ Ինձ հույս տվեց միայն մորս համբույրը՝ քնելուց առաջ, բայց էլի ոչ մի բառ։

Ի՞նչ է, ես այդքան փո՞քր եմ, ոչինչ չե՞մ հասկանա, եթե կիսվեն ինձ հետ։ Եթե տեղը գա, կասեն, որ հիմա մեծ աղջիկ եմ, պատասխանատու իմ ու եղբորս քայլերի համար, իսկ ո՞ւր է այդ մեծ աղջիկը, երբ գալիս է ծնողների մտատանջությունը կիսելու ժամանակը։

Մամ, պապ, ես ուզում եմ, որ ինձ մեծի պես ընդունեք, ես հոգնել եմ փոքր լինելուց, ես կարող եմ հասկանալ ձեզ։

Մամ, ես էլ կաղոթեմ, ինչպես դու, ու հավատա՝ ամեն ինչ լավ է լինելու։

Anush abrahamyan

Բժի՛շկ, բուժիր, վերքս խորն է

Մաս 1

-Դու նրանց քեզ հետ չես տանի, նրանք նաև իմ երեխաներն են,- իրեն կորցրած ձեռքը պատին հարվածելով ասաց Սուրենը։

Նրա այդ ժեստից դռան մոտ կանգնած երկու երեխաները դողացին, ու եղբայրը իր սառը մատներով բռնեց քրոջ ձեռքը, որը նկատելիորեն դողում էր թե ՛ցրտից, թե՛ վախից։

Վերարկուն հագնող կինը արհեստականորեն մի քանի րոպե ծիծաղեց։ Դեղին ատամները ու կարմիր լնդերը էլի երևացին, կարծես հատուկ էր անում՝ ամուսնուն ավելի բարկացնելու համար։ Նրա ծիծաղը ավելի խորը գնաց երեխաների մեջ ու նստեց այնտեղ, որը նախատեսված էր մանկության օրերի, հրաշքների, ամռանը առաջին պաղպաղակը վայելելու հաճույքի, ու շատ այլ գեղեցիկ բաների համար։ Նրանք ավելի պինդ իրար ձեռք բռնելով, մեկ քայլ հետ գնացին ու կպան պաղ դռանը։

-Իրո՞ք, արի՝ հարցնենք երեխաներին։

Կնոջ հոնքերը վեր քաշվեցին։ Դեռ լրիվ չհագած վերարկուն նա մի քայլ արեց դեպի երեխաները, որոնց շնչառությունն էլ ավելի բարձր լսվեց։ Քաշեց երկուսի ձեռքից ու նայելով նրանց, գրեթե գոռաց.

-Ուզում եք էստե՞ղ մնաք, հա՞: Եթե հա՝ հետևիցս չգաք, ես գնում եմ, ձեզ էլ ուրիշ մայր կգտնեք, էղա՞վ։

Մի ակնթարթ կինը լռեց, կարծես օդը սառեցրեց լեզուն ու իր կանաչ աչքերը գործի դնելով մեկ նայեց աղջկան, մեկ՝ տղային։

-Դե, խոսա,- նա թափահարեց աղջկա՝ Աստղիկի ձեռքը, հատկապես նրա լռությունից բարկանալով։

Երեխան նայեց հոր մրոտած ճաքճքած ձեռքերին։ Մի ակնթարթում նա հիշեց իր վերջին ծննդյան օրը ու նվեր ստացած Պանդա արջուկին, հիշեց, որ այդ պատճառով տանը մի քանի օր մայրը նախատել է հորը։ Ու մի քանի շաբաթ անընդհատ պարտադրում էր հորը այդ թանկ ապրանքի պարտքը մարել, որ ինքը կարողանա իր ուզած օծանելիքը վերցնել։ Հիշեց, որ ծնունդին երբեք տորթ չի ունեցել, բայց հայրը վերջին ծննդյան նախօրեին խոստացել էր տորթ գնել։ Այդ ընթացքում նրա փոքրիկ, սև աչքերը արցունքոտվեցին: Հաջորդ օրը իր ծննդյան օրն էր, ու ինքը ուզում էր իմանալ. հայրը իր խոսքի տե՞րն է, իր համար տորթ գնե՞լ է։

-Դե, շուտ արա, հավերժ չեմ սպասելու, քո քմահաճույքների հավեսը չունեմ, կերաք ջահել կյանքս, էլի,- մայրը ևս մեկ անգամ թափ տվեց աղջկա ձեռքը։

Երեխան նայեց հոր դեմքին, բայց աչքերին չկարողացավ, գլուխը հանգիստ թեքեց դռան կողմը։

-Տղա, դու ի՞նչ կասես,- շարունակեց մայրը։

Տղան գլուխը կախեց։

-Չէ՞, դե ուրեմն առաջ ընկեք,- մայրը հրեց երեխաներին։ Աղջիկը միայն հասցրեց դռան կողքին դրված աթոռից վերցնել Պանդային։ Դուռը ամուր փակվեց նրանց հետևից։

Սուրենը դեռ կանգնած էր խոհանոցի դռան մոտ, ու թվում էր այդպես անշարժ օրեր, ամիսներ կմնա, միչև երեխաները հետ գան ու խնդրեն իրենց կոշիկները կարել։ Մեկ ժամ տեղից չշարժվեց, հետո դանդաղ քայլերով մտավ խոհանոց, բացեց դարակը, նայեց այնտեղ դրված գունավոր տորթին ու հանգիստ ժպտաց։ Ուզում էր հավատալ, որ աղջիկը կտեսնի սա, ու պատկերացրեց այդ պահին նրա ուրախությունը։ Հանկարծ դուռը թակեցին։ Սուրենը սթափվեց ու արագ քայլերով մոտեցավ դռանը։ Մոտ 70 տարեկան կին էր եկողը, Սուրենի հարևան Սիրանուշ տատը։

-Հա, Սիրանուշ տատ,- դուռ բացելով անտարբեր ասաց Սուրենը։

Տատի շունչը դեռ տեղը չէր եկել, աստիճանները դժվար է բարձրանում-իջնում։

-Գնացի՞ն- կարեկցանքով հարցրեց տատը։

-Հա,- կտրուկ պատասխանեց Սուրենը ու մի կողմ քաշվեց, որ տատը անցնի։

-Վայ, քոռանամ ես, Սուրեն ջան։ Մի մտածի, էրեխեքդ դրա հետ չեն մնա, հետ կգան։ Քո արդար վաստակը Աստծուց ա, տղա ջան։ Մի մտածի։

-Չէ, տատ, էլ չեն գա,- հազիվ հավաքվելով ասաց Սուրենը։

-Կգան, էն էլ ոնց կգան, սիրտդ լայն պահի, քու էրեխեքը քո քրտինքը գնահատող են։

-Սիրանուշ տատ, երեխուն ով թանկ նվեր տա, էն էլ իր հարազատն ա։

-Չէ, մի սխալվի, տղա ջան, մի սխալվի։

Նստեցին սևացած բազմոցին, ու Սուրենը գլուխը ինքնաբերաբար տատի ծնկներին դրեց, ով քանի տարի ասես իրեն մայր էր։ Տատը իր թառամած ու տաք ձեռքերով շոյեց Սուրենի ճակատը, որ բարկությունից արդեն պայթում էր։

-Սուրեն ջան, արի գնանք մեր տուն, քեզ մի բաժակ տաք չայ տամ, մի քիչ քնես, հանգստանաս, հետո կգաս,- ժպիտով ասաց տատը՝ Սուրենին մի քիչ ցրելու համար։ Ինքը հո լավ գիտեր՝ ինչ է կատարվում Սուրենի սրտում, գիտեր, որ չի կարողանում ասել սրտում լցվածը ու դրանով մեծացնում իր վերքը։ Գիտեր, որ Սուրենը ընտանիքը լավ պահելու համար ջանք չի գործադրում, իր ոսկի ձեռքերով հասարակ բանը հրաշալի իրի է վերածում։ Գիտեր, որ իր երկու մանկահասակ երեխաներին լավ պահելու համար կյանքն էլ կտար։

-Տատ, իմ նման մեռած մարդկանց համար կյանքը էլ բաժին չունի, չէ՞։ Սպասում է՝ մեռնենք գնանք, որ ինքը մեր պես թերություններից ազատվի։

-Հավաքվիր, Սուրեն ջան, դու էլ գիտես, որ էդպես չի: Կյանքի ծառը առատ ա. պետք ա ձեռդ ձգես ու քաղես։

-Չէ, տատ, ծառի ցածր ճյուղերից արդեն ինձպեսները քաղել են, մնացել են վերևներինը, իսկ դրանք քաղելու համար աստիճան ա պետք։

-Սուրեն ջան, քո աստիճանը քո էրեխեքն են, մի քանի օրից կգնաս կբերես։

-Չեն գա, տատ ջան, էլ չեն գա։

Այս անգամ Սուրենը էլ չդիմացավ ու, մինչ այս ավելի ուժեղ թվացող տղամարդը աչքերը թաքցրեց ու սկսեց հեկեկալ։

-Լաց, ամոթ չէ, տղա ջան, լաց թող սիրտդ թեթևանա։ Քու ցավը արցունքների հետ հանի, լաց, ամոթ չէ։

Սիրանուշ տատի ձեռքերը զորավոր էին: Սուրենը հենց էդպես՝ գլուխը տատի ծնկներն, տատի ցածր երգը ականջներում, քնեց։

Մաս 2

Պատմությունը շարունակվում է Սուրենի աղջկա հուշերի ձևով։ Նա համարձակվեց շարունակել ու ավարտին հասցնել այս պատմությունը։ Որպես տեղեկություն ասեմ, որ նա այժմ մոտ երեսուն տարեկան կին է և ունի երեք մանկահասակ երեխա։

«1989 թվականի հունվարի 11-ը ուրիշ էր։ Հորիցս հեռացանք, երբ ես ինը տարեկան էի, իսկ եղբայրս՝ տասներկու։ Մեր հեռանալուց հետո, մի քանի անգամ թաքուն հանդիպեցի հորս հետ, բայց միևնույն է, հունվարի տասնմեկի հիշողությունները իմ մեջ ավելի վառ մնացին։ Նրա ճաքճքած ձեռքերը, նրա դեմքը։ Մեկ ամիս դեռ չանցած, մայրս ամուսնացավ։ Նրա նոր ամուսնու՝ պարոն Արտակի հետ մեկնեցինք Ռուսաստան։ Տունը, ուր ապրում էինք, շատ մեծ ու հարմարավետ էր, մի ցուրտ անկյուն անգամ չկար։ Ամեն օր մայրս իր ամուսնու հետ մեզ զբոսանքի էր տանում, քաղաքում չկար մի այգի, մանկական զվարճանքի կենտրոն, որ եղած չլինեինք։ Այդ ընթացքում մի քիչ դժվար էր հիշել հորս։

Օր առ օր ամեն ինչ փոխվեց։ Իմ ու հորս միջև չերևացող մի պատնեշ բարձրացավ։

Ես փոխվեցի, այսինքն, միջավայրս ինձ փոխեց։ Երբ առաջին անգամ ոտք դրեցի ռուսական դպրոց, ինձ թվաց, որ ես չեմ դիմանա օտար հայացքների տակ, ու անվերջ զննող աչքերի ուժին։ Բացի այդ, լեզուն էլ լավ չգիտեի, ու օտար շրջապատը իր ազդեցությունը ունեցավ։ Դպրոցում սովորելու տարիներին հորս հետ փորձում էի կապը պահել, ամեն տարի իր կամ իմ ծննդյան օրերին ժամերով զրուցում էինք, ու ես հավաստիացնում էի, որ կվերադառնամ իր մոտ։ Իհարկե, այդպես չեղավ։ Ծննդյանս տասնյոթ ամյակին ես առաջին անգամ խնջույքի ժամանակ պարոն Արտակին «հայր» անվանեցի։ Դա զարմացրեց միայն մորս, դասընկերներս միշտ էլ կարծել էին, թե պարոն Արտակը հայրս է։ Աղջիկներից առաջինը ես էի, ով տասնյոթամյակին մեքենա էր նվեր ստացել։ Բոլորը ցանկանում էին ինձ հետ անցկացնել օրվա մի մասը, գրավորների ընթացքում բոլորը ցանկանում էին օգնել ինձ։ Ես դարձա բոլորի նման, ու դա ինձ դուր էր գալիս, նույնիսկ ազգանունս փոխեցի։ Դա էր իմ նահանջը՝ նահանջն առանց երգի։ Հորս ծննդյան օրը մոռացել էի կամ ուղղակի չէի ցանկանում հիշել: Մի տեսակ մեղք կար սրտիս, չէի համարձակվում խոսել նրա հետ։ Դրա փոխարեն նամակներ էի գրում, որոնք երբեք չէի ուղարկում»։

1997 թ., փետրվարի 20

Կանգնած եմ այն տան առաջ, որից ութ տարի է, ինչ հեռացել եմ։ Չեմ ցանկանում ներս մտնել, հավանաբար այն պատճառով, որ վախենում եմ նայել հորս աչքերին։ Վախենում եմ ասել՝ կարոտել եմ։ Իսկ ես հավատում եմ դրան։ Ո՛չ։ Ո՞ւր էր իմ կարոտը, երբ պատահած հարուստին հայր էի անվանում ու վայելում հարուստի կյանքը ընկերներիս հետ, մինչդեռ նա սպասել էր զանգիս ու հույսը կտրելով քնել։ Ո՞ւր էի ես, երբ նա սոված գալարվել է անկողնում։ Ո՞ւր էի։ Չէ՛, ես չկայի։ Ու ոչ էլ հիմա կամ ու ոչ էլ նրա աղջիկն եմ այլևս։ Ուզում էի հեռանալ, բայց հասկացա, որ գնալուցս հետո ավելի շատ պետք է մեղադրեմ ինքս ինձ։ Ներս մտա։ Տունը լիքն էր մարդկանցով, ու պատերի գորշությունը ասես իջել էր բոլորի դեմքին։ Ինձ նույնիսկ չնկատեցին (արտաքնապես բավականին փոխվել էի), բայց ինձ թվում էր՝ յուրաքանչյուր հայացք ատելությամբ է լցված իմ նկատմամբ։ Մտնում եմ հյուրասենյակ ու անծանոթ հայացքների մեջ փնտրում հորս, միաժամանակ ավելի լարվում։ Աչքերս կանգ են առնում, ու թվում է, այդպես ամիսներ կմնամ։ Այդ այն զգացողությունն է, երբ կորցնում ես, երբ մեկը քեզնից ամենակարևորը գողանում է ու տանում հեռու՜-հեռու՜։ Կորցրի, սպանեցի իմ էությամբ… Մեռավ, հայրս մեռավ…»:

Աստղիկը հազիվ քայլելով դուրս եկավ տնից ու նստեց փոշոտ աստիճաններին։ Գրպանից հանեց չուղարկված նամակներից մեկը ու լուռ կարդաց։ Հետո ոտքի կանգնեց ու ցածրաձայն ասաց.

-Չեմ հավատում, որ այսպիսին երբևէ եղել եմ…

mariam tonoyan

Ուշացումով գրված օրագիր. մաս 2

«Եթե արդեն կարդացել ես օրագրիս առաջին էջը, ապա արդեն որոշ չափով ճանաչում ես ինձ ու եթե հետաքրքրեց պատմությունս, քո առջև կբացեմ նաև հաջորդ էջը։
Զորացրվելուց հետո, ինչպես շատ հայկական ընտանիքներում է արվում, ծնողներս առաջարկեցին ամուսնանալ։ Այն ինձ անհեթեթ թվաց։ Ո՞վ կամուսնանար կույր մարդու հետ։ Բայց մորս հորդորները հարգելով՝ ի վերջո համաձայնեցի։
Նա հիշեցրեց մեզ ծանոթ մի ընտանիքի մասին, որտեղ հինգ քույրերից ավագին տեսել էի, երբ տեսողությունս դեռ չէի կորցրել։ Նրան գեղեցիկ էի համարում։ Ինձ պատմել էին, որ նրանց կրտսեր քույրը՝ Ալիսան, նման էր ավագ քրոջը, նշանակում է՝ նույնպես գեղեցիկ էր։ Մեկ-երկու խոսք փոխանակելով՝ հասկացա, որ նրա գեղեցկությունը միայն արտաքինին չի վերաբերվում։
Շուտով, Աստծո կամոք, մենք ամուսնացանք։
Երկու երեխա ունենք՝ Արտուշը և Մանեն։ Երկուսն էլ դպրոցում գերազանց են սովորում։ Տղաս հետաքրքրված է ֆուտբոլով, ֆուտբոլի դասերի է գնում։ Երազում է ճանաչված ֆուտբոլիստ դառնալ։ Աղջիկս երգն է նախընտրել։
Ես… Ես հաշտվել եմ իմ կյանքին, իսկ ընտանիքս՝ ինձ ու իմ նախասիրություններին։ Մարդիկ հաճախ զարմանում են, թե ինչպես եմ կարողանում զգայարանների միջոցով կողմնորոշվել, տեսնել շրջապատն իմ աչքերով։ Իսկ ես գտնում եմ, որ պետք է տեսնել թեկուզ մթության մեջ։
Երեխաների դասերը սովորեցնելն իմ ամենասիրելի զբաղմունքն է, նրանց հետ վերագտնում եմ մանկությունս։
Ծաղիկներ եմ աճեցնում ու խնամում իմ ծաղկանոցում։ Ամեն ծաղիկ յուրահատուկ է, բազմաթերթ, նման մեզ շրջապատող մարդկանց։ Ամեն ծաղիկ յուրովի գեղեցիկ է իր գունավոր զգեստի մեջ։
Չնայած օրագրիս էջերը ծավալուն չէին, սակայն փակելով այս վերջին էջը, գուցե դու կսովորես սիրել գեղեցիկը, այն մնայուն գեղեցկությունը, որը շատ հաճախ մենք չենք նկատում»։

Գասպար Գալստյան