Բարև, սիրելի՛ս, դու սա կարդում ես, երևի կարոտել ես ինձ կամ խոսելաձևս, հնարավոր է՝ ժպիտս, բայց էստեղ ժպիտս չես տեսնելու։ Քեզ այսօր պատմելու եմ աղավնիների մասին կամ մի աղջկա, չնայած հնարավոր է՝ դու մենություն տեսնես, չգիտեմ, բայց ինչ-որ բանի մասին խոսելու եմ հաստատ։
Դեպքը եղել է՝ չես գուշակի որտեղ… Ըհ, հա, երթուղայինում։ Չես գուշակի՝ ուր էի գնում… Հա, «Մանանա»։ Այ, հաստատ չես իմանա՝ ինչ է պատահել… Ավտովթար։ Մի տաքսի որոշել էր համբուրել մեր ավտոբուսի թուշիկը, հենց էն թուշիկը, որին կից ես էի նստած ու սովորությանս համաձայն զննում էի մարդկանց ու իրենց մտքերը փորփրում։ Այս անգամ իմ թիրախն էր մի աղջիկ, ով ինձանից մեծ էր մի 2-3 տարի։ Ես չհասկացա՝ նրա մազերը ինչ գույնի էին․շեկի և շագանակագույնի մեջտեղում երևի։ Շատ կարճ էին կտրված, հասարակ մազակալով (աբադոկով) հետ հավաքած։ Թարթիչներն այնքան շեկ էին, որ եթե արևը իր շողերը չգցեր դրանց վրա, չէիր էլ զգա, որ էդտեղ թարթիչ կա։ Ունքերը խիտ էին, կամ էլ խիտ էին թվում, որովհետև ձևավորված չէին։ Աչքերի գույնը հստակ հիշում եմ, էնքան բաց երկնագույն էին, որ եթե արևը իր շողերը էլի չգցեր ու ալմաստի պես չպսպղացներ դրանք, ես կմտածեի, թե նրա աչքերը թափանցիկ են։ Մաշկը բաց գույնի էր, անհարթ էր։ Քիթը հաստ էր ու մեծ։ Ասում են, չէ՞, խնամված աղջիկն է գեղեցիկ։ Չէ, էս աղջիկը ընդհանրապես խնամված չէր, բայց նրա գեղեցկությունն ինձ համար շլացուցիչ էր։ Նա տարբերվում էր շատերից։
Վերադառնամ դեպքին։ Ավտովթարը մեծ չէր, և մինչ մարդիկ իրար խառնված մտածում էին՝ ինչ են անելու, ես զննում էի այդ աղջկան, իսկ նա իր մելամաղձոտ հայացքը գցել էր պատուհանից դուրս և նայում էր գետնին։ Նա հագնված էր շատ հասարակ, այնքան, որ ես սկսեցի մտածել, թե իր արտաքին տեսքը իրեն հետաքրքիր չէ։ Ինչևէ, երբ մենք կրկին տեղից շարժվեցինք, ինձ հետաքրքիր էր, թե ուր է սևեռել նա իր հայացքը։ Երկար հետևեցի նրան և նկատեցի, որ նրա անշարժ աչքերը կտրուկ բարձրացան վերև։ Ծառից պոկվող տերևի նման աչքերը ճոճվում էին․հանդարտ, սահուն։ Նա նայում էր թռչող աղավնուն, որն ազատ թռիչք էր վայելում։ Աղջկա դեմքին նկատեցի ժպիտ, աչքերը հիացմունքով էին լի։ Ես լուռ էի, մարդիկ բողոքում էին, իսկ նա, աշխարհից կտրված, նայում էր աղավնուն և ժպտում էր նրան։ Այդ աղավնին կանգնեց տանիքներից մեկի վրա։ Մենք անցանք, և աղջկա ժպիտը կորավ։ Իմ տպավորությունը չանցավ։
Եվ հիմա, սիրելիս, խնդրում եմ քեզ, մանրուքներին ուշադրություն մի դարձրու և հիշիր, որ կան բաներ, որոնք ստիպում են ժպտալ։ Մնում է միայն դրանք տեսնել։ Ու եթե դժվար չէ, ինձ էլ հաճախ հիշեցրու…
Մինչ նոր հանդիպում։









Մանկուց լսել ու հպարտացել եմ հորեղբորս մասին բազմաթիվ պատմություններով: Հորեղբայրս՝ Աշոտ Կարապետյանը՝ ՀԱԲ-ի Հրազդանի ջոկատի հրամանատարը, դեռ դպրոցական տարիներից լցված է եղել հայրենասիրական ոգով: 1989թ.-ի սեպտեմբերից իր ջոկատով սկսել է կռվել մարտական դիրքերում: ՀԱԲ-ի լուծարումից հետո, ինչպես շատերը, անցել է ՀՅԴ-ի շարքերը: Կազմակերպել են Խնձորուտ, Խաչիկ, Ոսկեպար, Այգեպար և բազմաթիվ գյուղերի ու քաղաքների ինքնապաշտպանությունը: Սակայն ամենակարևոր մարտական գործողությունը, իհարկե, Շուշիի ազատագրումն էր:
Թռուցիկներ պատրաստեցինք և անցանք գործի: Գնացքով Հրազդանից մեկնեցինք Երևանի «Ռոսիա» կինոթատրոն: Սկսեցինք թռուցիկները տարածել և կրկին գնացքով վերադարձանք, նույնիսկ մի փաթեթ նետեցինք ոստիկանի (միլիցիոների) մոտոցիկլի մեջ: Ինչպես ենթադրվում էր, սկսվեցին հետապնդումները…
1983 թ.-ի ապրիլի 24-ին ոմն Իգոր հայհոյանք էր շպրտել ցեղասպանության հասցեին: Սակայն անպատիժ չմնաց՝ Հայրապետյան Գագիկի հետ շան ծեծ տվեցինք, և հիվանդանոցում հազիվ փրկվեց: