Astghik Ghazaryan

Պապը

Բահն ուսին առած՝ Երեմ պապն իջնում էր զառիթափը: Քայլերը շփոթ էին, մի քիչ անփույթ: Չէ՛, ճանապարհից նա երբեք չէր հոգնում: Մտքե՞րն էին ծանրություն անում: Ճակատի ծալքերը օրվա դարդ ու ցավի թարգմա՞նն էին, թե՞ անցնող ութսուն գարունների գծած ակոսները՝ դժվար է ասել: Ինքն էլ չնկատեց, թե ինչպես հասավ կամրջակին, ու թե ինչպես գլխարկն ընկավ ջրի մեջ: Գլխարկը… Ինչու՞ ձեն չհանեց. դե տղամարդ է, պիտի գոռար, խփեր էլ… Բայց ընդամենը դուռը բարկացած ետնափակ տվեց ու  դռան հետ շրխկացրեց դժգոհությունը բախտի՞ց, թե՞ կնոջից.

-Իմ հըմար կնիկ չի սա, ցավ ա…

-Գլխարկը տի՛,  կլուխդ մրսցնես վեչ,- լսվեց Հրանուշի ձայնը ներսից։

Երեմը երեխու պես հնազանդ տուն մտավ գլխարկի հետևից, բայց այս անգամ դուռը կամացուկ հետ արեց՝ կարծեք ուզելով անտես լինել կնկա աչք ու ականջից։

Գլխարկը լողում էր ջրերի վրա, իսկ պապը, որ արդեն անցել էր կամուրջն ու նստել կանաչի վրա, կապույտ մանրիկ աչքերով նայում էր սև գլխարկի ընթացքին: Հիշեց մորը՝ Աստղիկին՝ սև լաչակով… Մոր սառը, տխուր դեմքին հարմարված կապույտ աչքերը նմանվում էին սև շապիկի վրա կարված մի զույգ կապույտ կոճակների: Նմա՞ն էր իր մորը: Փորձեց հոր դեմքը հիշել, բայց հիշեց միայն էն գիշերը, մոր լացը, իր սենյակի խալիչայի վրա կախված թուրը… Հրանուշը երբեք չի հիշի իր հորը։ Բայց փոքր թոռանը տատն էնպես է պատմում հոր ու աքսորի մասին, ասես ինքը  խանձարուրի մեջ փաթաթված, աշխարհից անխռով ու աշխարհի հետ հաշտ քնած չէր էդ գիշեր։ Բայց մի օր պիտի «զարթներ», չէ՞։ Մի օր պիտի խռովեր բախտից, Երեմից, հարսներից ու… հորից։

Հոր աքսորը Երեմին չչարացրեց։ Նա ուղղակի դարձավ զգուշավոր, քչախոս։ Ու դարձավ ավելի ուշադիր իր մորը բախտակից ու անվանակից հարևանուհու՝ Աստղիկի ընտանիքի նկատմամբ։ Ու մի օր էլ սիրտը թպրտաց նրա աղջիկ Հրանուշի պատկերից. երկար հյուսքը ոտքերն էր թակում, մեջքը՝ բարակ, ոտ ու ձեռը՝ լիքը, գլուխը՝ բարձր ու հպարտ։ Ու մի օր էլ գլուխը կախ մտավ Ղազարանց շեմից ներս։ Երջանկություն բերե՞ց Երեմի համար Հրանուշը՝ Երեմն ինքն էլ էր դժվարանում պատասխանել, բայց երեք տղա բերեց, ծառի երեք ամուր ճյուղ՝ նոր ճյուղեր տվող ու ծաղկող ճյուղ։ Ղազար պապի ծառը փարթամացրեց Հրանուշը ու հնազանդության խոստման տեղ ծառի հարատևության խոստում տվեց։

Նստած տեղից Երեմ պապը վեր կացավ, ծնկները մաշված դռան նման ինչ-որ ձայներ հանեցին: Հիշեց գլխարկը, որ արդեն չէր նշմարվում հորիզոնում… Ականջներում արձագանք տվեց Հրանուշի ձայնը.

-Գլխարկը տի՛, կլուխդ մրսցնես վեչ…

Երեմը մտքի մեջ իրար կողքի դրեց կորած գլխարկն ու Հրանուշին, շալվարին կպած հող ու խոտի հետ թափ տվեց սպասվող մի նոր կռվի միտքը, պարապ մնացած բահն ուսին առավ ու քայլերն անշտապ ուղղեց այգին:

Anna gasparyan aragats

Հատվող ծառերից մինչև առցանց գրադարաններ

Գրքեր կարդալն այսօր կրկին ակտուալ է: Այն կարելի է համեմատել սպորտով զբաղվելու հետ: Ինչպես որ մարզվելիս մկաններն անընդհատ աշխատում են և ավելի են ուժեղանում, այնպես էլ գիրք կարդալիս մարզվում է ուղեղը, հիշողությունը, երևակայությունը, մտածողությունը: Սակայն կարևոր է հասկանալ, թե ընթերցանության ո՞ր տարբերակն է ավելի արդյունավետ ու նպատակահարմար: Այսպիսով, օգտվել առցանց գրադարանների՞ց, թե՞ պահպանել ավանդական ընթերցանության ձևերը: Օրինակ, 1900-ական թվականներին ֆրանսիացի գրող Անդրե Մորուան համոզված էր, որ գիրքը պետք է կարդալ մատիտը կամ գրիչը ձեռքին, քանի որ ոչ մի բան այնպես չի ձևավորում ճաշակն ու դատողությունների ճշտությունը, ինչպես դուր եկած հատվածն արտագրելու կամ խորիմաստ միտքը նշելու սովորությունը։

Տասնութամյա Մարիաննան աշխարհում ամենից շատ գրքեր կարդալ է սիրում: Նրան դուր են գալիս գրքի անուշ բույրը, թերթվող էջերի նուրբ ձայնը և այն զգացողությունը, որ ձեռքերումդ գիրք ես բռնել, ոչ թե հեռախոս կամ ականջակալ: Մարիաննայի խոսքով՝ յուրաքանչյուր ընթերցասեր մարդ պետք է իմանա գրքի արժեքը.

«Մեկ գիրք ստեղծելու համար տասնյակ ծառեր կարող են հատվել, ցավալի է, բայց փաստ է, մենք պետք է գիտակցենք դա, իմանանք այդ մեկ գրքի արժեքը ու պարզապես գնահատենք»,- ասում է նա:

Մարիաննան չի սիրում օգտվել օնլայն գրադարաններից, նրա կարծիքով՝ այլ բան է, երբ ամեն տողի հետ շարժում ես մատդ, ապրում ամեն բառը, մտովի պատկերացնում կարդացածը, և մեկ այլ բան է, երբ ստեղնի մեկ հարվածով փոխում ես էջը առանց որևէ բան զգալու:

Մարիաննայի հետ համակարծիք է նաև Մերին, ով բացառապես չի օգտվում առցանց ընթերցանությունից և իր խոսքով՝ պահպանում է աչքերը վնասվելուց.

«Շատերս մեր մեծերից լսած կլինենք, որ հեռախոսներն ու համակարգիչները բացասաբար են ազդում մեր առողջության վրա, առաջին հերթին վնասվում են աչքերը: Ես ճիշտ եմ համարում ձեռքս վերցնել ու կարդալ գիրքը ավելի քիչ վնասելով տեսողությունս, քան առցանց տարբերակով միանգամից ոչնչացնել այն»:

Մեկ այլ ընթերցասերի՝ Հասմիկի կարծիքով, օնլայն ընթերցանությունն ավելի հարմար է ծանր գրքեր քարշ տալուց ու օգտակար՝ երկիր մոլորակի համար:

«Նախ ուզում եմ նշել, որ ժամանակակից ընթերցանության այս տարբերակը շատ առավելություններ ունի և ավելի օգտակար է բնապահպանության տեսանկյունից: Այսինքն, խրախուսելով առցանց ընթերցանությունը, մենք մեծ ռեսուրսներ պահանջող ֆիզիկական աշխատանքը փոխարինում ենք վիրտուալ համարժեքներով, չենք վնասում բնությանը և չենք վնասում մարդկությանը: Եվ հետո ինձ համար ավելի հարմար է օրվա ցանկացած ժամի և ցանկացած տեղ բացել հեռախոսը ու կարդալ նախընտրածս գիրքը, քան քարշ տալ այն ինձ հետ տեղից տեղ»:

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողուհի Աննան էլ տարբերակում չի դնում ընթերցանության ձևի մեջ։ Ասում է՝ կարևորը կարդալն է, ինչպես ուզում ես, այնպես էլ կարդա։

«Երբ խոսում ենք ընթերցանությունից, ես միշտ Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյի մտքերից մեկն եմ ցիտում։ Նա ասում էր, որ գրքերը լուսավորում են հոգին, վերացնում և ամրապնդում են մարդուն, նրա մեջ արթնացնում լավագույն ձգտումները, սրում նրա միտքը և մեղմացնում սիրտը: Ուստի էականն այստեղ գիրք սիրելն է, նրան նվիրվելը, նրա հավերժական ընկերը լինելը»,- ասում է նա։

Ըստ անցկացրած առցանց հարցման՝ ընթերցասերների 70%-ը նախընտրում է օգտվել ժամանակակից գրադարաններից, իսկ 30 %-ը ավանդական ընթերցանության ձևերի կողմնակիցն է։

Բնապահպան Վաչագան Մելիքյանը կարծում է, որ առցանց գրադարանները լավ միջոց են բնապահպանական մի շարք խնդիրներից ձերբազատվելու համար:

«Անտառներն ու ջունգլիները ծածկում են ամբողջ երկրի մակերևույթի 30%-ը, իսկ անտառահատումները զանգվածաբար ավերում են դրանք: Միայն ԱՄՆ-ում տարեկան մոտավորապես 32 միլիոն ծառ է օգտագործվում գրքեր պատրաստելու համար, ընդ որում, արտադրության գործընթացում արտանետվում է ավելի քան 40 միլիոն տոննա ածխաթթու գազ: Թվային գրադարաններ տեղափոխվելը կօգնի նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները, որոնք առաջանում են գրքերի ստեղծման, փաթեթավորման և առաքման արդյունքում»,- ասում է նա:

Համաշխարհային էկոլոգիագետները փաստում են, որ ֆիզիկական գրադարանները գործելու համար շատ էներգիա են պահանջում: Էլեկտրաէներգիան, օդորակումը, համակարգիչները և տեղական գրադարանների սերվերները զգալի քանակությամբ էլեկտրաէներգիա են սպառում: Նրանց կարծիքով՝ առցանց գրադարանային ծառայությունները ոչ միայն կօգնեն պարզեցնել գործառնությունները, այլև կնվազեցնեն էլեկտրաէներգիայի ծախսերը:

Այնուամենայնիվ, կասկած չկա, որ գրադարանները կպահպանվեն նաև ապագայում, քանի որ դրանց պարունակած տեղեկատվությունը անփոխարինելի է ինտելեկտուալ ազատ հասարակություն կառուցելու գործում: Թերևս միակ բանը, որ կփոխվի, այն է, թե որտե՞ղ և ինչպե՞ս մենք կցանկանանք գրքեր կարդալ:

Ավետարան ըստ մեղավորի

Վերջին օրերին ինֆորմացիայի հոսքը կապված Հայաստանի Հանրապետության ներկայիս դրության և նրա առջև ծառացած խնդիրների հետ հասարակության շրջանում հակասական տրամադրություններ է առաջացնում։

Իշխանության կողմից առաջ քաշված «տանք խաղաղ ապրենք» թեզը չի արդարացրել և չի արդարացնում իրեն։ Դա են փաստում արցախյան վերջին դեպքերը, հայրենազրկում, բռնագաղթը և դրանից հետո Հայաստանի Հանրապետության ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքից 29 գյուղ ադրբեջանական վերահսկողության տակ լինելը։ Իշխանությունների պնդմամբ փոխզիջումների քաղաքականությամբ կկարողանանք հասնել «մեծ ձեռքբերման», այն է` «Խաղաղության խաչմերուկը»: Սակայն հատկանշական է, որ փոխզիջում նշանակում է երկու կողմերի փոխադարձությունը, մինչդեռ ներկայումս այս քաղաքականությունը զիջումների քաղաքականություն է։

Տավուշը միայն սկիզբն է։ Ադրբեջանը իրեն անհրաժեշտ տարածքների համար ամեն անգամ առաջ է բերում տարբեր քարտեզներ, իսկ ադրբեջանական մամուլը ակտիվորեն շրջանառում է «արևմտյան ադրբեջան» հասկացությունը այն պարագայում, երբ Հայաստանում` «հայրենիքը պետությունն է»։ Եվ այստեղից հարց է ծագում. արդյո՞ք «տալու» դեպքում խաղաղ ապրելու ենք։ Ռազմավարական նշանակություն ունեցող տարածքները հանձնելով իշխանությունը չի տալիս մեզ ոչ մի երաշխիք, որ վաղը պատերազմ չի սկսվի, ընդհակառակը` «չտալու» դեպքում, ազդելով պատերազմի միջով անցած հասարակության էմոցիոնալ դաշտի վրա, վախեցնում նոր պատերազմով։

Իսկ սահմանազատումը ըստ իշխանության տալու է, եվրոպական օրինակով, «ապահով սահմաններ», որտեղ թշնամի երկրից պաշտպանվելու համար ծառեր կտնկվեն։ Իշխանության տեսլականը մեծ է։ Նրանք վստահ են, որ կգա մի օր, երբ Հայաստանը տարածաշրջանում թշնամիներ չի ունենա, իսկ մենք «սատարելով» այդ տեսլականը հույս ունենք, որ կփոխվի Ադրբեջանի ռազմական դոկտրինը, որում Ադրբեջանը իրավունք ունի օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, ներառյալ ռազմական ուժը, ազատելու համար «զավթված տարածքները ու վերականգնելու երկրի տարածքային ամբողջականությունը»։

Այս ամենից հետո մնում է հասկանանք, թե ինչքան ենք շարունակելու մնալ «հիմար կկու», որովհետև Ադրբեջանը չի պատրաստվում դադարեցնել «էս սարն իմն է, էս ծառն իմն է» քաղաքականությունը։

Taught Agasyan

Թանկը թանգարանում

Շուտով գարունն էլ կանցնի, և այդպես մենք կշարունակենք փնտրել տարվա մեր եղանակը` այն հինգերորդը։ Չափազանց սենտիմենտալ հնչեց, մինչդեռ պարզապես ուզում էի ասել, որ ժամանակը շուտ է թռչում։ Ահա մայիսն է, և յուրաքանչյուրն իր պարտքն է կատարում, որ գնա արձակուրդի։ Չորրորդ կուրսում այդ «պարտք» ասվածը իրենից ներկայացնում է դիպլոմային աշխատանքի պաշտպանություն կամ էլ պետական քննություններ։ Քանի որ ես գրեթե բոլոր հարցերում շտապում եմ, ես գրեցի ու հանձնեցի իմ ավարտական աշխատանքը և սպասում եմ նախապաշտպանությանը։ Ընկերներս դեռ անելիքներ ունեին, և ես որոշեցի մենակ շրջել քաղաքում։ Եվ քանի որ Երևանը շատ հարուստ է թանգարաններով, զբոսանքս ավարտվեց մի թանգարանում, որի մասին լսել էի վերջերս, թեև այն կառուցվել է դեռևս 1977 թվականին։ Խոսքը Հայաստանի փայտարվեստի պետական թանգարանի մասին է, որը Ժողովրդական արվեստների թանգարանի ցուցասրահներից է։

Հրաշալի թանգարան էր, թեև բաղկացած էր միայն մեկ սրահից։ Երբ ներս մտա, ինձ մտածկոտ հայացքով դիմավորեց Իսահակյանի կաղնե դիմաքանդակը: Հետո ինձ ընդառաջ եկավ թանգարանի աշխատակցուհին ու կես ուրախ-կես տխուր զարմանքով նայեց ինձ։ Հավանաբար նա մտածում էր, որ ես էլ եմ փայտամշակմամբ զբաղվում, հակառակ դեպքում դժվար թե գնայի այնտեղ։ Ես սիրում եմ թանգարաններ և պատկերասրահներ այցելել և ցավոք, մեկ անգամ չէ, որ տեսել եմ թանգարանի աշխատակցի մտամոլոր ու տխուր հայացքը, բայց այս անգամ ես հուզվեցի, որովհետև նրա հայացքում այնքան աղերս կար, երբ վերջում խնդրեց, որ հաճախ թանգարաններ գնամ:

Այստեղի հիացմունք-զարմանքը չմարսած, ես որոշեցի այցելել Ժամանակակից արվեստի թանգարան։ Ինչպես նախորդում, այստեղ էլ էի ես մենակ։ Դե, եթե ավելի անկեղծ` հոգեպես էի մենակ, իսկ ֆիզիկապես` ոչ. Այն ամբողջ ընթացքում, երբ ես թանգարանում էի, հասցրեցին գալ ու գնալ երկու ամերիկուհի և երեք ռուս երիտասարդներ։ Ես այդ փաստից կարող էի ուրախանալ միայն մի դեպքում` եթե իմանայի, որ բոլոր հայերը այնքան լավատեղյակ են իրենց մշակույթից, որ հարկ չկա թանգարան այցելելու, բայց… Մեզ չհասկացած և չհասկացող օտարերկրացիները այժմ ամենուր են և հիանում են այն ամենով, ինչին նայելու համար մենք «ժամանակ չունենք»։ Ամեն ոլորտ մի սահման է, և ամեն սահմանում մի զենքով են կռվում։ Քաղաքացիները, ովքեր զբաղված են լինում իրենց ամենօրյա հոգսերով, մոռանում են, որ իրենք էլ են սահմանին` մի սահման, ուր յուրաքանչյուրս մեր երկրի դեմքն ենք։ Մենք սիրում ենք ընդօրինակել, սովորել վատը։ Եթե հենց հիմա մի նոր հավելված ստեղծվի, բոլորը շատ արագ կներբեռնեն, որ հետ չմնան մյուսներից, որ ժամանակակից թվան, բայց որ Ժամանակակից արվեստի թանգարան մեկ ժամվա ընթացքում միայն մեկ հայ է այցելում, ոչ ոքի չի հետաքրքրում։ Աշխատակցուհին անկեղծացավ ու նշեց, որ թանգարանի շատ ցուցանմուշներ արխիվում են ու չեն ցուցադրվում բավարար միջոցներ չունենալու պատճառով։ Փաստորեն քարերի երկիր Հայաստանի քարե շենքերից ոչ մեկը սիրտը չի բացում, որ ցուցադրի իր գանձերը։ Ո՛չ, պարզապես շատ մեծահարուստներ նախընտրում են ընթրել շքեղ ռեստորաններում, իսկ մեկ ամսով բուսակեր դառնալը նրանց սրտով չէ… Լավ չէ, որ սովորական ուսանողուհին, որի միակ նպատակը իր պետության համար լավ զավակ լինելը պետք է լիներ, սկսում է մտորել թանգարանային տխրության մասին…

Թանգարանի աշխատակիցների դեմքերին ժպիտներ նկարելու բարի ցանկությամբ այցելեք թանգարաններ ու հույս ներշնչեք, որ մեր արվեստն ու մշակույթը մի օր նորից կծաղկի այնչափ, որ աշխարհի բոլոր պետություններից կզգան այդ ծաղկունքի բույրը:

Գիտե՞ք ինչու եմ այսքան ոգևորությամբ խոսում փոքր թվացող կառույցների մասին ու այն էլ այս ծանր ժամանակներում, որովհետև թանգարաններում է մեր ունեցած թանկը՝ մեր ինքնությունն ու արժանապատվությունը, մեր հայրենիքի դիմանկարը, մեր արյունոտ հողը, որ երբեք չի մոռանում ծիլեր տալ…

Mariam Kazaryan

Երբ ժամանակը գա

Երբ գա ժամանակը, ու ապրածդ օրերը գերազանցեն տարիքիդ, կհասկանաս, որ կարոտում ես, և այդ ժամ միգուցե ինքդ քեզ համոզես հավաստիությունը հորինվածքիդ։ Առավոտները նորից կբացվեն, իսկ լույսը կմտնի, երբ ինքդ կամենաս։ Ամեն ինչ կարծես նույնն է, բացի իր ներկայությունից:

Պակասում է…

Երբ որոշես դիմավորել լուսաբացը, միգուցե անկեղծորեն խոստովանես հորինվածքդ ու հասկանաս` ինչքան ես պակասել ինքդ քեզնից, երբ այլևս իր ներկայությունը և բացակայությունը տանելի չէ։

Աշխարհը կծանրանա ուսերիդ…

Երբ ամենագեղեցիկ հագուստդ սկսես չկրել, որովհետև հաճոյախոսությունները հնչելու են բոլորից, իսկ բոլորում նա չկա։ Մազերդ նախընտրելու ես չարձակել, շրթներկդ առաջվա նման մուգ չի լինի, բայց շպարդ հնարավորինս կքողարկի տխրությունդ։

Առավոտը կբացվի, եթե բախտ վիճակվի, ու տեսնես իրեն` կժպտաս, իսկ հրաժեշտի ժամին կհասկանաս, թե ինչքան է պակասում` քո օրերում, իսկ ամիսներում երբեմն կա։

Sabina Davtyan

Տավուշ, դու մենակ չես

Լինելով պատմաբան և առաջին հերթին հայ, պարտքս եմ համարում անդրադառնալ այն վիճակին, ինչ հիմա կատարվում է մեր երկրում: Տավուշը մի վայր է, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել ինչ-որ յուրահատուկ բան և զգալ իրեն այդ գեղեցիկ մարզի մի մասը… Տավուշը պատմական մարզ է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, որը սահմանակից է Ադրբեջանին և գտնվում է լեռնաշղթաների և կանաչ հովիտների միջև։ Այս տարածաշրջանը հարուստ է բնական գեղեցկությամբ և մշակութային ժառանգությամբ, ինչը այն դարձնում է եզակի և նշանակալի երկրի համար: Տավուշը հայտնի է իր գեղատեսիլ բնապատկերներով՝ ներառյալ անտառները, գետերը և լճերը։ Պարզ և Գոշ լիճը տեղական տեսարժան վայրերից են, որոնք գրավում են զբոսաշրջիկներին: Կանաչ հովիտներն ու լեռնային լանդշաֆտները ստեղծում են հարմարավետության և հանգստության մթնոլորտ: Տարածաշրջանն ունի հարուստ մշակութային ժառանգություն, այդ թվում՝ պատմական հուշարձաններ և տաճարներ։ Հաղարծին և Գոշավանք վանքերը նշանավոր տեսարժան վայրեր են, որոնք վկայում են տարածաշրջանի դարավոր պատմության և ճարտարապետության մասին: Տավուշը մարտահրավերների առաջ է կանգնած՝ կապված Ադրբեջանի հետ սահմանային դիրքի հետ: Կատարենք պատմական ակնկարկ կամ համեմատություն, ոնց ճիշտ եք գտնում:

Գարեգին Նժդեհը, նույն ինքը՝ Գարեգին Տեր-Արթունյանը, հայ ռազմական և քաղաքական գործիչ էր, ով նշանակալի դեր է ունեցել Հայաստանի պատմության մեջ, հատկապես Սյունիքի մարզում իր գործունեության հետ կապված։ Նա հայտնի է 20-րդ դարասկզբի Սյունիքում և այլ մարզերում հայկական շահերի պաշտպանությամբ: Նա կարողացավ իր վրա վերցնել ամբողջ Հայաստանի պաշտպանությունը, որի հիմքը Սյունիքն էր: Նա կազմակերպել և ղեկավարել է շրջանի հայ բնակչությանը պաշտպանող ռազմական ջոկատներ, իր ռազմական գործողություններով և կազմակերպչական հմտություններով ամրապնդեց հայկական ներկայությունը Սյունիքում և այլ վիճելի շրջաններում, ինչը օգնեց պահպանել վերահսկողությունը Հայաստանի համար նշանակալի տարածքների վրա: Ու ես հիմա չեմ պատրաստվում ընդունել այն փաստը, որ նույնը Տավուշում անել հնարավոր չէ: Տավուշը Հայաստանի պատմության մեջ կարևոր դեր է խաղում որպես ռազմավարական կարևոր տարածաշրջան։ Այս շրջանի պաշտպանությունն ու հզորացումը նախկինում հայ տիրակալների և զորավարների համար կարևոր խնդիր էր։ Տարածաշրջանի զարգացման հեռանկարները կախված են անվտանգության և ենթակառուցվածքների բարելավումից, ինչպես նաև պետության և միջազգային կազմակերպությունների կողմից ներդրումներ և աջակցություն ներգրավելուց: Զբոսաշրջության զարգացումը կարող է կարևոր դեր խաղալ, ինչը կարող է նպաստել տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը։ Տավուշը եզակի տարածաշրջան է, որտեղ խաչվում են պատմությունը, մշակույթն ու բնությունը։ Իսկ ի՞նչ է պետք կործանման չգնալու ու Տավուշը չկորցնելու համար: Պետք է լինել հայրենիքի հետ, հայրենիքի կողքին: Տավուշը կարող է և պետք է զարգանա… Եվ ինչպես ասում էր Ուինսթոն Չերչիլը՝ «Երբեք մի հանձնվեք, երբեք մի զիջեք, երբեք և ոչ մի բանում, մի զիջեք ոչ մեծ, ոչ փոքր, ոչ ահռելի, ոչ աննշան հարցերում: Մի զիջեք ոչ մի բանի առաջ՝ բացառությամբ ձեր պատվի և առողջ դատողության»:

Meri Araqelyan

Լույսը բացվելու վրա է

Առավոտյան արևի ճառագայթները լուսավորում են գորշ հորիզոնը, և ուր որ է` աքաղաղի կանչը կխաթարի քնած գյուղի լռությունը։ Գյուղում լռություն է, սակայն բնակիչներն արթուն են․ նրանց պատել է ահասարսուռ տագնապը։ Նրանք մոռացված են․․․

Ծեր ու մանուկ իրար եկած նստել են տանը՝ իրենց տանը, որը գերդաստանի պապն է վերաշինել՝ ժառանգելով իր հորից, իսկ հետո ժառանգի իրավունքով սերնդեսերունդ փոխանցվել է՝  հասնելով մինչև այս տարվա գարուն։ Սևակը գուցե այս գարնան մասին էլ գրեր «Գարուն ա, ձուն ա արել․․․»։

Իսկ ի՞նչ կլինի ամռանը, իսկ կգա՞ ամառը, կամ թե ամռանը նորից գյուղացիները կկարողանա՞ն օրվա տապից հոգնած նստել իրենց տան դիմացի թթենու տակ, որի շվաքը քանի սերունդների է զովացրել, և որի սաղարթներն իրենց մեջ որքա՜ն գնդակներ են թաքցրել։

Իմ առջև բարձրանում է երկհարկանի տունը, առջևում խոյանում է հաստաբուն թթենին, որն իր բարձրությամբ գրկել է տունը։ Հայի բախտ է․ ծառը տնկել են, տունը շինել են, ընտանիք կազմել են, հիմա ծառը կա, տունը կա, իսկ ընտանի՞քը, ի՞նչ պետք է անի ընտանիքը, ու՞ր պիտի գնա։ Ընտանիքը գրկել է տանը, տունը գրկել է ծառին, իսկ նրանց առջև հանդգնաբար կանգնել է սարը, որի սևությունն արդեն ի ցույց է դնում, որ նրա ներսում ապրում է չարը, իսկ  գլխին թառել է թշնամին, ու թվում է, թե սարն էլ է քմծիծաղ տալիս։

Լույսը բացվելու վրա է, ու պիտի աքաղաղն արթնացնի գյուղին, բայց գյուղի բնակիչներն արդեն արթուն են, որովհետև վաղուց է աքաղաղի կանչը լռել մահաբեր գնդակների առաջ։

Sabina Davtyan

Յուրահատկության դիմանկար

Ընդունված նորմերի ու կարծրատիպերի գորշ զանգվածի մեջ երբեմն հայտնվում է մի աղջիկ, ով մթության մեջ լույսի պես աչքի է ընկնում իր յուրահատկությամբ։ Նա չի ձգտում ապրել չափանիշներին համապատասխան կամ բավարարել ուրիշների սպասելիքները, նա պարզապես ապրում է իր ձևով: Նա կարող է աչքի ընկնել հագուստի ոչ սովորական ոճով, վառ գույնի մազերով: Բայց նրա գրավչությունը ոչ թե արտաքին հատկանիշների մեջ է, այլ նրա յուրահատուկ էներգիայի և խարիզմայի մեջ, որոնք ուշադրություն են գրավում և ստիպում ուրիշներին նորովի նայել աշխարհին: Նրա յուրահատկությունը ոչ միայն արտաքինի մեջ է, այլ նաև մտքերի, գաղափարների և կյանքի նկատմամբ վերաբերմունքի մեջ։ Գեղեցկությունը անսովոր և նորի մեջ տեսնելու նրա կարողությունը վարակիչ է, և նա ստիպում է մարդկանց տեսնել աշխարհն իր աչքերով: Այդ աղջիկն աշխարհը յուրովի է տեսնում. նա չի վախենում աչքի ընկնելուց, նա գնահատում է իր անհատականությունը և վստահորեն առաջ է գնում՝ չնայած ցանկացած խոչընդոտի։ Նա կարող է լինել նրանց ձայնը, ովքեր չեն կարողանում արտահայտել իրենց սեփական մտքերը: Նա նաև ուրիշներին ոգեշնչելու ունակություն ունի: Աշխարհի նկատմամբ նրա յուրահատուկ հայացքը, կյանքի նկատմամբ ստեղծագործական մոտեցումը և նոր գաղափարների հանդեպ նրա բաց լինելը ստիպում են ուրիշներին մտածել և վերանայել իրենց սեփական տեսակետները: Նրա օրինակը խրախուսում է ուրիշներին չվախենալ ոչնչից, լինել համարձակ ու հասնել երազանքներին ու նպատակներին: Սակայն, չնայած իր յուրահատկությանը, նա չի ձգտում ուշադրության կենտրոնում լինել: Նրա համար ավելի կարևոր է հավատարիմ լինել ինքն իրեն, ապրել իր կանոններով և հետևել իր ճանապարհին: Նրա նպատակը ոչ թե ուշադրություն գրավելն է, այլ հետք թողնելը նրանց սրտերում և մտքերում, ովքեր հանդիպում են նրան ճանապարհին: Նման աղջկա հետ հանդիպելը նման է անապատում օազիսի հանդիպմանը, նա թարմացնում է, ոգեշնչում և կյանքը լցնում նոր գույներով։ Նրա յուրահատկությունն ու ինքնատիպությունը հիշեցնում են, որ այս աշխարհում գնահատվում է ոչ թե իմիտացիան, այլ անհատականությունը…