Ուշ-ուշ եմ գրում, գիտեմ: Չեմ ստի՝ ասելով, թե ժամանակ չկա: Իրականում ժամանակն այնքան շատ է, որ հաճախ անիմաստ եմ վատնում: Մի խոսքով: Չեմ եկել՝ մեղքերս քավելու: Ուզում եմ տարին ամփոփել:
Սկսեմ սկզբից:
2016-ից հետո 2017-ից սպասումներս ահագին մեծ էին ու, ի զարմանս ինձ, գրեթե ամբողջովին կատարվել են:
Տարվա առաջին ու ամենակարևոր իրադարձությունը հայոց լեզվի օլիմպիադայի մարզային փուլին մասնակցելն էր: Օլիմպիադան ինձ չտվեց նոր գիտելիքներ, նոր ծանոթություններ և ոչ էլ չգիտեմ՝ ինչ: Բայց… Բայց տվեց նրան (կարող եք ծիծաղել, ռոմանտիկ ստացվեց): Նրան, այսինքն՝ Տաթևին, բոլորի Տաթոյին (մի քիչ էլ իմ) ու իմ Տաթևիկին:
Հաջորդը 17-ի մեծ ընտանիքի մի փոքր անդամ դառնալն էր: Մարտի 16-ին առաջին նյութս հրապարակվեց: Էսօրվա պես հիշում եմ: Չնայած շատ տխուր օրվան՝ այդ մի առիթով ուրախ էի: 17-ի մասին պետք չի երկար խոսել, որովհետև հիմա սա կարդացողների մեծ մասը, եթե ոչ բոլորը, գիտեն 17-ի դերն ու նշանակությունը ցանկացած 17-ցու կյանքում:
Երևի հաջորդը պիտի լիներ քննությունների հաջող կամ անհաջող հանձնումը, բայց դա չի լինի, ի վերջո՝ ի՞նչ քննություն, եթե կան շատ ոււ շատ գեղեցիկ երևույթներ:
Գլօ Հայաստան: Եթե անկեղծ, ապա ասեմ, որ ճամբարի գրանցման հայտը լրացնելուց արդեն 2 օր հետո լրիվ մոռացել էի, մինչև այն օրը, երբ մի աղջիկ զանգեց և ասաց, որ ընտրվել եմ ճամբարի մասնակից: Երկար-բարակ չխոսեմ, ուղղակի ասեմ, որ Գլօ-ն ինձ փոխեց ամբողջովին, դարձրեց լրիվ այլ մարդ, ում նույնիսկ ես չեմ մեկ-մեկ ճանաչում, և իհարկե տվեց շատ կարևոր մարդկանց:
Հիմա, որ պատկերացնում եմ, թե ինչ կլիներ ինձ հետ, եթե չմասնակցեի Վիքիճամբարին, ուզում եմ ինձ սպանել: Եթե չմասնակցեի, ոչինչ էլ չէր լինի, ու ամենասարսափելին կլիներ դա: Բայց մասնակցել եմ, ու արդեն էլ «ոչինչ չկատարվելու» վախը չկա, ու ես դրա համար անչափ ուրախ եմ: Վիքիի մասին խոսելը դժվար է: Վիքին էնքան պարզ, անկեղծ, խելացի միջավայր է, որ դժվար է նկարագրել: Թե ինչ տվեց ինձ Վիքին՝ ես գիտեմ, ու հիմա գրելու կարիք չկա, պարզապես հիմա, էս պահին էս տողերը գրելու հնարավորությունն ունենալու համար ուղղակի ասեմ. ընկեր Առուշանյան ու միս Հռիփսիմե, Դուք չեք էլ պատկերացնի, թե ինչքան կարևոր ներդրում եք ունեցել իմ կյանքում: Շնորհակալ եմ:
Այո, թող չներեն բոլոր այն մարդիկ, որոնց ես չհիշատակեցի, ուղղակի իմացեք, որ հնարավոր չի մի նյութում գրել բոլորի ու ամեն ինչի մասին: Ես ուղղակի շնորհակալ եմ 2017-ին, որ ինձ տվեց էսքան հնարավորություններ ու էսքան հրաշք մարդիկ: Թե ինչքան եմ ես բոլորիդ սիրում, անգամ ես եմ վախենում պատկերացնել: 18-ի հետ ավելի մեծ հույսեր ու նպատակներ ունեմ, բայց ամենակարևորը՝ արի 17-ի տվածները պինդ, շա՜տ պինդ բռնենք ու ոչ մի տարում բաց չթողնենք, տանենք մինչև վերջ, տեղավորենք ամեն մի տարում ու ուղղակի երջանիկ լինենք:

Դպրոցում էի, հերթական կրկնվող օրերիցս մեկն, ռուսերենի դասաժամն էր, զանգը հնչեց ուսուցչուհին ներս մտավ, տնայիններ, դասը պատմել և այլն, բայց վերջում մի լուր հայտնեց այն մասին, որ մեր գյուղի կողքի Դդմաշեն գյուղում բացվելու է մի նոր հաստատություն՝ Վիքիակումբ։ Ասաց, որ այնտեղ՝ Վիքիակումբում պետք է Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում խմբագրումներ կատարենք, հոդվածներ գրենք և այլն։ Սկզբում միայն ես էի ուզում գնալ, բայց միայնակ հետաքրքիր չէր, և դասընկերներիցս երկուսին՝ Անիին և Արարատին խնդրեցի, որպեսզի միանան ինձ, և նրանք համաձայնեցին։ Հետաքրքիր ու տարբերվող օրերը դեռ առջևում էին։ Ահա եկավ ակումբի բացման օրը, այս տարի էր, ապրիլի 29-ին։ Երևի մոտավորապես տասը հոգի կլինեինք: Հավաքվել էինք մեր գյուղի կանգառում, որպեսզի ավտոբուսով գնայինք Դդմաշեն։ Բայց ավտոբուսը չեկավ և ստիպված ոտքով գնացինք, եղանակն էլ ամպամած էր։ Մուտքի մոտ մեզ դիմավորեց Նարեն, որը նույնպես մեր դպրոցից էր։ Ավելի առաջանալով ուշադրությունս գրավեց վիքիի մեծ լոգոն և սենյակի գեղեցիկ կահավորումը։ Շատ մարդիկ կային, մեծամասնությունը՝ երեխաներ։ Կային նաև շատ մեծահասակներ, փորձում էի հասկանալ, թե ով է Շողիկը՝ ակումբի համակարգողը, որի մասին լսել էի, և գիտեի, որ Դդմաշենի դպրոցի ռուսերենի ուսուցչուհին է։ Բացի դա, դեռ երկու ժամ էլ սպասեցինք, որովհետև պետք է հյուրեր գային։ Այդ երկու ժամը մեծ մասամբ կանգնած էի անցկացրել, և անկեղծ ասած, մի քիչ հոգնել էի, բայց չնայած դրան, ժամանակը շատ հետաքրքիր անցավ, հանդիպեցի նաև ծանոթներիս։
