Մնացականը

Լուսանկարը՝ Մնացական Եփրիկյանի

Լուսանկարը՝ Մնացական Եփրիկյանի

Դու շատ սովորական մարդ ես մինչև այն պահը, երբ հասկանում ես, որ ինքնուրույն հասել ես որևէ բանի և ունես ուժ՝ փոխելու աշխարհը:

Հենց այս խոսքով եմ ուզում սկսել այն ամենը, ինչի մասին խոսելն ուղղակի զգացումներով կիսվելու չափ անկեղծ ու պարզ է: Նախ, ուզում եմ մի հարց տալ քեզ: Քո կարծիքով՝ ո՞վ է լավ լուսանկարիչը: Նա, ով որևէ ստուդիայում է սովորել կամ մասնագիտացված կենտրոնո՞ւմ, կարճ ասած՝ մեկն, ում օգնել են սովորել ու ուղղորդե՞լ են: Այս տեսակետին հակառակվելով՝ կպատմեմ մեկի մասին, որին նոր եմ բացահայտել:

«Սևան Ստարտափ Սամիթ 2017»-ին մասնակցում էին նաև լուսանկարիչներ ու լրագրողներ: Սամիթի առաջին օրը մեդիա թիմի հավաք տեղի ունեցավ, որի ժամանակ ծանոթացանք թիմի ղեկավարների հետ: Զգացվում էր, որ երկուսն էլ իրենց գործում շատ լավ մասնագիտացած են, որովհետև ինչ-որ թիմ ղեկավարելու համար բարձր մակարդակի գիտելիքներ են պետք: Իսկ մասնագետ լինելը մեզ մոտ միշտ կապվում է մեծ տարիքի հետ:
Մնացականը լուսանկարիչների ղեկավարն էր: Նրա հետ շփման ընթացքում իմացա, որ դեռ ավագ դպրոցում է սովորում: Լուսանկարչությամբ վաղուց է զբաղվում և, որ ամենակարևորն է, Մնացականն ինքնուս է լուսանկարչության մեջ: Սովորել է ինքնուրույն, նպատակասլացությամբ աշխատել ինքն իր վրա և հասել այն ամենին, ինչին կարող է և չհասնել երկար տարիներ լուսանկարչությամբ զբաղվող մեկը: Մնացականն այժմ աշխատում է ASI Media Agency-ի և Startup Armenia Foundation-ի մեդիա ոլորտում: Որակյալ ու գեղեցիկ լուսանկարներով աչքի է ընկել դեռ անցյալ տարվա Սամիթից, և սա հնարավորություն է տվել նրան սկսելու իր կարիերան: Լուսանկարիչները շատ-շատ են, այս ոլորտում անհրաժեշտ է լինել տարբերվող՝ ունենալով լուսանկարչության ուրույն ոճ, տեխնիկա, գունային համադրում: Հիմա, երբ խոսում եմ նրա հետ, անընդհատ զբաղված է, աշխատանքի է, պատվերներ է ընդունում: Այսինքն՝ արդեն սկսել է ձևավորել իր ոճը, և մեծ պահանջարկ ունի: Սակայն հասցնում է դպրոց հաճախել ու կատարել տնային աշխատանքները բոլորիս նման:
Երբ ավելի շատ շփվեցի նրա հետ, աշխարհայացքս լիովին փոխվեց: Սկսեցի այլ աչքերով նայել ամեն ինչին: Ինչպես նա է ասում՝ սիրելով այն ամենն, ինչն անում ես ժամանակիդ որոշ մասը դրան հատկացնելով, նպատակասլացությամբ ու համառությամբ անընդհատ աշխատելով՝ յուրաքանչյուրն էլ կարող է մեծ հաջողություններ ունենալ: Հաջողություններ, որոնց հիմքը մեր՝ ինքնուրույն ձեռք բերած գիտելիքներն են:
Նրա օրինակն ունենալով իմ կյանքում՝ հասկացա, որ ամենևին էլ պետք չէ ինչ-որ անհասանելի մեկով ոգեշնչվել, ում չես էլ տեսել: Ուղղակի անհրաժեշտ է ուշադիր շուրջդ նայել, արդյոք չկա՞ մեկը քո շրջապատում, որ դառնա քո ոգեշնչման աղբյուրը թեկուզ փոքրիկ գործով:
Կյանքի հետաքրքրությունը կայանում է հենց այսպիսի մարդկանց բացահայտելով: Նրանք հաստատ կան ու արժանի են գնահատվելու ու սիրվելու:

monika mamyan

Թփատակի մորին ու հինգ գզգզված աղջիկները

Ինչ-որ մի ես ամեն պահի փսփսում է.

-Դե՛, հիշի՛:

Սեպտեմբերի 22-ին ես էլի հավես պատառիկ հիշեցի: Սարերում եմ՝ ամենատաքուկ տատիկի, պապիկի ու ծաղիկների գրկում, բայց այս անգամ «եմ» չէ, այլ «ենք»: Չորսով էինք: Ը՜մ, խաբեցի՝ չորսով չէ, հինգով:

Մեր մեջ ասած՝ մեր միջից ամենամեծը տարիքով հիմա ամենափոքրն է հասակով: Մարիամի՜կ: Գայուշը՝ Մարիամիկի փոքր քույրիկը, էնքան համեստ ու լսող աջիկ է: Եթե մի 5 րոպե շատ համոզենք, վստահ կասի՝ մածունը կանաչ է կամ էլ դեղին, իսկ ավանդական տարբերակով՝ սև:

Մեզնից ամենահամեստն ու ամենալացկանը Նանեն էր: Երբ մենք մեծերով զրուցում էինք, ինքն ու փոքր քույրիկը միշտ արևից տաքացած քարերին նստած էին լինում: Ո՞վ ասաց, որ մի տարի մեծ լինելը ընդհանրապես երանգ չի փոխում: Ես կասեմ ավելին՝ ամբողջ պատմության գույներն է փոխում:

Մելինե, Մոնիկա: Էս երկուսը զույգ են ու միշտ իրար հետ: Հա՜, չմոռանամ ասել՝ Մելինեի մոտ էլ Մոնիկան է փոքր քրոջ կարգավիճակում: Մի պահ դուք պատկերացրեք այդ երկու մեծերի վեճը: Ո՞վ կհաղթի: Ոչ մեկը: Էդ ամենից հետո նրանք հազիվ հասցնում էին իրենց գզգզված մազերը հավաքել: Հավաքում էին լացելով, ու հետո էլի լացելով պապիկի օրակարգով սահմանված բոլոր դարակներն էին դասավորում ու հողե հատակն ավլում՝ վստահ լինելով, որ ինչ-որ պահի սալիկի նման կփայլի:

Դե, այս ամենը մեզ երեքիս էլ էր վերաբերում, բայց կարևորը դրա շարունակությունն էր:

Հինգ աղջիկ երեխա՝ մեկը մեկից ահավոր: Տատ ջան, դիմանալ է պետք: Պապիկը էլի կբարկանար ու օրակարգը կհիշեցներ, տատիկը ոչ բարկանալ գիտեր, ոչ էլ սիրելի թոռներին «չէ» ասել:

-Տատի՜կ, մենք գնում ենք մորի քաղելու, ամաններ կտա՞ս:

Տատիկը հերթով դատարկ շշերը կտրում էր, ամուր, ձիգ թելեր էր հյուսում և վերջ:

Տավուշի սարերում 3 բան կա, որոնցից ոչ մեկս երբեք չենք հագենա՝ սառը ջուրը, սարածաղկի հոտն ու թփատակերի մորին: Ով ուզում էր խնդրեր՝ մեր գտածը ոչ ոքի երբեք չէինք տա:

Այ, հենց էդ ժամանակ ես ու Մելինեն ուժով 3 հատիկ մորին չտվինք: Նանիկն անցավ իրենց հռչակավոր թիմ: Բաժանվեցինք երկու մասի՝ 3-2:

Երեսուն, քառասուն, միգուցե նաև հիսուն րոպե անդադար պտտվեցինք ամբողջ անտառով ու լիքը պաշարով, մեզնից գոհ-գոհ հետ գնացինք տնակ: Բան չէր փոխվել էդ ժամանակահատվածում, պայքարող կողմերը զիջումների չէին գնացել:

Պատմությունն ավարտվեց հօգուտ մեզ, ի վնաս Մարիամ-Գայանեի: Նանեն տարավ մորին, ու վերջապես թիմերն ունեցան այս տեսքը՝ 4-1:

arxiv

Լավագույնը երեխաներին

«Ինչո՞ւ երեխաների համար ամեն ինչ վատ է արվում: Լավ նկարիչը մեծերի համար է, իսկ ամենաանպետքը՝ երեխաների: Երեխաների համար գրքեր է գրում ամեն ոք, ով չի ծուլանում. և՛ ոտանավորներ, և՛ երգեր: Ում որ մեծերը լսել չեն ուզում, գնում է երեխաների մոտ: Իսկ մենք էլ հենց բոլորից շատ ենք սիրում լավ հեքիաթներ, նկարներ և երգեր»:

Յանուշ Կորչակ

Այդ դեպքում իսկապե՞ս լավագույնը երեխաներինն է…

Պատժաթոռներ

-Տիկի՛ն Կարապետյան, Տիգրանը այսօր չի գալու՝ մեջքն է բռնվել…

Ընդամենը մեկ ամիս է, ինչ սկսվել են դասերը, բայց Տիգրանը արդեն երկրորդ անգամ է բացակայում՝ պատճառը մեջքն է: Խեղճ տղան ամբողջ դասին մեջքը աթոռին չի հենում, քանի որ այնքան չոր է ու կոպիտ, որ մեռնելու չափ ցավեցնում է:

Կարծում եք՝ արդա՞ր է, որ ուսուցիչները նստում են փափուկ և հարմարավետ աթոռին, իսկ մեզ բաժին են ընկել այս չոր և արդեն օգտագործման համար ոչ պիտանի աթոռները: Կամ ինչո՞ւ են գրասենյակներում պահարաններն այդքան լավը, իսկ մեր պահարանը կոտրվում է անգամ մեկ տետրի ծանրությունից… Այո՛, անարդար է:

Ես հաստատ գիտեմ, որ Տիգրանը վաղը նույնպես դասի չի գա…

Դիանա Շահբազյան, 14 տ.

***

Հացի երեք փշրանք

-Երեխաներ, այս գումարը վերցրեք և գնացեք խանութ և ինչ ուզում եք՝ ձեզ համար գնեք,- ասաց մայրս, որպեսզի ես և եղբայրս պարզապես տանից դուրս գանք, և ինքն ու մորաքույրս հանգիստ զրուցեն:

-Մամ, բայց հաստա՞տ ինչ ուզենք՝ կարող ենք գնել,- համենայնդեպս հարցրի ես:

-Հա, հա, ինչ ուզեք,- իմիջիայլոց պատասխանեց մայրիկս:

Ժպիտը դեմքիս, մեծ վճռականությամբ մորաքրոջս որդու ձեռքը բռնեցի և քարշ տվեցի խանութ:

Նրա տրամադրությունը, չգիտես ինչու, ընկած էր: Սակայն դա երկար չտևեց: Ինչքան էլ նա դիմադրում էր, ես հասա իմ նպատակին: Եվ շուտով ժպիտը կախարդական մի շարժումով հայտնվեց նրա դեմքին: Դա այնքան էլ դժվար չէր:

Երբ հասանք խանութ, ես թխվածք գնեցի, հյութ և առաջարկեցի մի բան էլ ինքն ընտրի: Նա ոչինչ չասաց, սակայն ես գիտեի, թե ինչը կարող է նրա տրամադրությունը բարձրացնել: Դրանք, իհարկե, վնասակար, բայց շատ համեղ պաքսիմատներն էին՝ «Հացի երեք փշրանքը», որ մայրիկը երբեք չէր գնի: Ինչ մեղքս թաքցնեմ, ես էլ եմ դրանք սիրում:

Ուրախ-ուրախ հասանք տուն, թխվածքը դասավորեցի ափսեի մեջ, հյութը լցրեցի բաժակները, իսկ պաքսիմատները տոպրակով դրեցի սեղանին:

Երբ մայրիկները ներս մտան, միանգամից նկատեցին արգելված տոպրակը:

-Այս ի՞նչ եք գնել,- զայրացավ մայրիկս:

-Այն, ինչ ուզել ենք: Դու չասացի՞ր՝ ինչ ուզում եք, գնեք,- հանգիստ ձայնով հիշեցրի ես:

-Բայց սա շատ վնասակար է առողջությանը: Հանկարծ չուտեք: Ավելի լավ է՝ մենք ուտենք, որպեսզի դուք առողջ մնաք,- ասաց մորաքույրս և արագ-արագ սեղանի վրայից վերցրեց «վտանգավոր» պաքսիմատները:

Լուսինե Ալեքսանյան, 14 տարեկան

***

Առանց ընկերների

«Դե արի ու հարմարվի էս անհարմարությանը,- մտածում էի ես,- ախր, սենց ո՞նց կլինի, ես չեմ կարա հարմարվեմ էս նոր դպրոցին: Չնայած ուրիշ ինչ կարամ անեմ, հը՞, ի՞նչ: Էս ամենը ինձնից կախված չի»:

Հիմա էլ լուռ նստած եմ նոր դասարանում, բոլորը աղջիկներ են, ոչ ոք չի խոսում, իսկ ես ուզում եմ ծանոթանալ կողքիս աղջկա հետ: «Ի՞նչ անեմ,- նորից մտածում էի ես,- լավ, հաշվում եմ մինչև տասը, եթե մինչ այդ չխոսեց, ես եմ խոսելու՝ 1, 2, 3… 10»:

-Դու այս դպրոցի՞ց ես,- հարցրի ես:

-Հա:

«Այ քեզ մարդ, նենց կոնկրետ պատասխանեց, որ էլ չկարողանամ շարունակել: Բա հիմա էլ ի՞նչ հարցնեմ»:

-Իսկ դպրոցում բուֆետ կա՞:

-Հա, կա, ոնց չկա,- հարցիս քմծիծաղով պատասխանեց նա:

«Հա, կծիծաղես, բա ինչ կանես, ասա՝ էդ հարցը որտեղից եկավ գլուխդ մտավ, մենակ ես կարայի էս րոպեին սենց անկապ հարց տալ: Է՜, լավ հա, ես էլ չեմ խոսելու, պետքս էլ չի»,- հազիվ զսպելով, որ բարձր չասեմ՝ մտածեցի ես: Ու արհամարհական շարժումներ անելով՝ հանեցի մի թուղթ ու սկսեցի նկարել:

-Իսկ դու ո՞ր դպրոցից ես եկել,- խոսեց կողքիս նստած աղջիկը:

-Երկրորդ,- զարմանալով, որ հարցն ինձ էր ուղղված, կամ որ վերջապես որոշեց խոսել, կարճ կոնկրետ պատասխանեցի ես ու էլի հազիվ ինձ զսպելով, որ բարձր չասեմ, մտածեցի. «Ըհը, հիմա էլ դու տանջվի, իզուր քո պատճառով այդքան բարկացա»:

Ո՞վ հնարեց էս ավագ դպրոցները, հը՞: Եթե մեծահասակների փոխարեն մեկը որոշեր, թե ում հետ ընկերություն անեն, ուր գնան սովորելու ու հաշվի չառնեն իրենց կարծիքը, կհամաձայնե՞ն: Մի՞թե մենք իրավունք չունենք ընտրելու այն, ինչ մենք ենք ուզում…

Սիրան Մանուկյան, 14 տարեկան

***

Մեր կյանքի կակտուսները

-Տիկ, Տիկ, կլինի՞՝ ես էլ ձեզ հետ զբոսնելու գամ:

-Չէ, Մաշ, մենք մեծերով ենք գնում: Գաս՝ ի՞նչ ես անելու:

-Էէ, բայց իմ ծնդդյան օրը քո նույն ընկերները չէի՞ն: Համ էլ, ես այդքան փոքր չեմ,- հետո բողոքեցի մայրիկին,- մա՜մ, ինչո՞ւ ինձ էլ իր հետ չի տանում:

-Նա է մեծը, լսիր նրան:

Ես վերցրի իմ արջուկն ու սկսեցի ինքս ինձ հետ խոսել.

-Ինչո՞ւ են մեծերն այսքան անարդար: Ասում են, թե ամեն ինչ մեր օգտին են անում, բայց հակառակն է ստացվում: Ասում են, թե մենք նրանց կյանքի ծաղիկներն ենք, բայց ծաղիկ ասելով հասկանում են կակտուս: Ասում են՝ մենք ենք նրանց կյանքի իմաստը, բայց կյանքի «արգելակների» նման են վերաբերվում: Երբ պետք է՝ նրանց նրանց համար մենք փոքր ենք, երբ պետք չէ՝ մեծ: Օրինակ, երբ ավագ եղբորս խնդրում եմ ինձ էլ կինո տանի, ասում է՝ դեռ փոքր եմ: Իսկ երբ խնդրում եմ, որ հյութ գնի, ասում է՝ մեծ եմ և ինքս կարող եմ գնել:

Մտքիս թելը կտրելով՝ իմ սենյակ ներխուժեց կրտսեր եղբայրս.

-Մաշ, ընկերներդ են եկել, քեզ զբոսնելու են հրավիրում:

-Հա՞… ասա թող ներս գան, ես հիմա կգամ:

-Ինձ էլ քեզ հետ կտանե՞ս:

-Չէ, դու դեռ փոքր ես:

Մանե Ռոստոմյան, 13 տարեկան

***

Վաղվանից՝ երեխաների ժողով

-Վաղը ծնողական ժողով է,- հայտարարեց դասղեկը,- բոլոր ուսուցիչները բողոքեր ունեն:

Այդ ժամանակ մտածեցի. «Ինչո՞ւ է այդքան «անարդար» երեխաների աշխարհը: Ինչո՞ւ չկան երեխաների ժողովներ, որտեղ կբողոքեն ծնողներից և ուսուցիչներից: Եվ ինչո՞ւ մեծերը տնային աշխատանք չեն անում: Ֆիզիկա, քիմիա, պատմություն, լեզուներ…

Վա՜յ, ինչ մեղք ենք մենք՝ երեխաներս»:

Բայց հետո հասկացա: Չէ որ նրանք էլ են երեխա եղել, դաս արել, նստել անհարմար աթոռներին: Ամեն ինչ ունի իր ժամանակը: Հետո էլ մենք կմեծանանք և կգնանք ծնողական ժողովների:

Բայց գոնե իրենց «դաժան մանկությունը» հիշելով՝ չկրկնեն նույնը:

Գևորգ Պողոսյան, 13 տարեկան

***

Ի՞նչ կփոխվեր

Երբ ես տարրական դասարանում էի սովորում, մեր դպրոցը որոշեցին վերանորոգել: Մենք ստիպված եղանք տեղափոխվել ուրիշ դպրոց, և մինչև մեր դպրոցը կվերանորոգեին, պետք է դասի գնայինք երկրորդ հերթով: Դպրոցից անմիջապես հետո ես և քույրս գնում էինք երաժշտական դպրոց: Երբ ես նվագում էի, քույրս էր նստում դասասենյակի բազմոցին և սպասում, իսկ երբ ես վերջացնում էի, մեր դերերը փոխվում էին:

Մի անգամ, երբ սպասողը ես էի, հոգնել էի նստելուց և որոշեցի կանգնել: Հենց կանգնեցի և փոքր-ինչ հեռացա բազմոցից, առաստաղից մի մեծ կտոր պոկվեց և ընկավ բազմոցի վրա: Բոլորս վախեցած շրջվեցինք, հատկապես՝ քույրս և ուսուցչուհիս, որովհետև նրանք կարծում էին, թե ես դեռ նստած եմ բազմոցին: Ուսուցչուհիս, իհարկե, շատ անհանգստացավ, անմիջապես տեղյակ պահեց բոլորին, սակայն ոչ ոք չանհանգստացավ, քանի որ արդեն ուշ երեկո էր:

Իսկ եթե անհանգստանային, դրանից ի՞նչ կփոխվեր:

Մարիամ Նալբանդյան, 12 տարեկան

2011 թվական

Anna Andreasyan

Մի քիչ էլ եղանակից

-Բա եղանակը ո՞նց ա։

-Եղանակը… Եսիմ, չգիտեմ, մամ։

-Ո՞նց, այդտեղ ես ապրում ու չգիտե՞ս։

Ինչպես գիտես կամ գուցե և չգիտես՝ ես ապրում եմ Այովա նահանգում։ Ուրեմն բացատրեմ. դպրոցում օդորակիչ է միացված ամբողջ օրը, նույնը՝ տանը, մեքենայում։ Իսկ այստեղ մեզ պես քայլելով ինչ-որ տեղ չեն գնում, ամբողջ օրը միայն վարում են։ Չես հավատա, բայց նույնիսկ կողքի փողոց գնալու համար վարում են։ Այնպես որ, ես եղանակը զգալու հնարավորություն ունենում եմ մեքենայից տուն կամ տնից մեքենա կարճ ճանապարհին։ Ու եթե քո հարցին՝ ինչպիսին է այստեղի եղանակը, ասեմ՝ չգիտեմ, չզարմանաս։ Չնայած՝ անհոգ եղիր, արդեն ուշադրություն եմ դարձնում դրան և դուրս եմ գնում՝ հատուկ եղանակը ստուգելու։

Բայց եղանակի հետ կապված պատմությունս չվերջացավ։ Ինչքան էլ քիչ եմ տեղյակ եղանակից, բնականաբար, չեմ կարող չնկատել կտրուկ փոփոխությունները։ Այստեղ եղանակը շատ փոփոխական է։ Քեզ համար հանգիստ նստած ես ու հանկարծ վեր ես թռչում ամպրոպից։ Շատ հաճախ են կայծակ և հորդառատ անձրևներ լինում, բայց մի մտածիր, տաք ու արևոտ օրեր էլ են լինում, ես կասեի՝ շատ շոգ, բայց դա առանձնապես չես էլ զգում, եթե, իհարկե, դրսում չես։ Մի խոսքով՝ եղանակը իր բազմազան դրսևորումներով իմ նահանգում է։

Բայց սա էլ դեռ պատմության վերջը չէ։ Հիմա ընդհանուր պատկերացում ունես եղանակի մասին, այնպես որ կարող եմ անցնել բուն ասելիքիս։ Մտնում ես դպրոց ու կարող ես կողք կողքի տեսնել ամառային հողաթափերով ու շորտերով մեկին և վերարկու հագած մյուսին։ Հայաստանում եթե ցուրտ է, բոլորս տաք ենք հագնվում, իսկ եթե շոգ է՝ թեթև։ Պարզ ու հասարակ։ Իսկ այստեղ օդորակիչների պատճառով կամ շնորհիվ (նայած՝ ում համար) եղանակը առանձնապես չի ազդում հագնվելուդ վրա։ Ընդհակառակը, եթե դրսում շոգ է, խորհուրդ կտամ շատ տաք հագնվել, որովհետև հենց նստեցիր ավտոմեքենա, մտար տուն կամ դպրոց, մրսելու ես։ Նայում ես՝ դրսում արև է, իսկ ներսում ձմեռային եղանակ են ստեղծում։ Իսկ երբ ցուրտ է, պետք է շատ թեթև հագնվես, որովհետև ներսում ամառ է դառնում։

Երբ ասում ես Ամերիկա, պատկերացրու մի հսկայական բազմազանություն ու այնպիսի անսովոր բաներ, որ անսովոր է պատկերացնելը։

anush hovhannisyan

Կարապետյանից Հովհաննիսյան

Ամեն ընտանիք ունենում է իր անցյալն ու պատմությունը: Ոմանցը կապված է տիեզերական հարստության հետ, որը հիմա չկա, ոմանցը Ցեղասպանությունից է սկսվում, իսկ ոմանցն էլ ստալինյան դաժանությունների հետ է կապված:

Իմ պատմությունը եկել է Ցեղասպանությունից, իսկ հետո բռնադատվածության ծանր տարիների միջով անցել: Մինչ բռնադատվածությունը և աքսորի տարիները, մենք ունեցել ենք Կարապետյան ազգանունը, սակայն վերադառնալուց հետո ստիպված ենք եղել այն փոխել ու դարձնել Հովհաննիսյան: Բայց ինչպես հայրիկս է ասում` մեր արյան մեջ Կարապետյանն է ու կմնա:

Ինձ բախտ չի վիճակվել գիտակից տարիքում հանդիպել պապիկիս: Ես երկու տարեկան էի, երբ նա մահացել է: Երևի հենց դժվար կյանքը դարձավ պատճառը, բայց շատ կուզենայի, որ հենց նրանից լսեի իմ ընտաիքի տխուր անցյալի մասին: Ես այս ամենը լսել եմ հայրիկիցս, տատիկս էլ է շատ պատմել, բայց ամենաարժեքավոր հուշը, որ պահպանվել է, պապիկիս հոր ձեռագիր մատյանն է, որում պատմվում է, թե ինչպես են 1918 թվին կարողացել փախչել և փրկվել: Նա պատմում է, թե ինչպես իրենց վերջին հացահատիկն անգամ տվել են անասուններին, որ թուրքը չկարողանա դա իրենցից խլել: Նրանք փախել են, ու փրկվել է ողջ ընտանիքը, եկել ու հաստատվել են Թալինի շրջանի Արեգ գյուղում: Անցել են տարիներ, ու երբ պապիս հայրը իր սեփական ընտանիքն է կազմել ու մտածել, որ ամեն ինչ մնացել է հետևում, նա անգամ չի էլ պատկերացրել, որ մի դաժան ճակատագիր էլ իր երեխաներին է սպասվում:

1947 թվին վրա է հասել բռնադատվածությունն ու աքսորը: Չդիմանալով սիբիրյան ցրտին՝ պապիկիս երեք եղբայրները և քույրերից մեկը մահացել են: 6-7 տարի դիմանալուց հետո վերջապես նրանց արդարացրել են ու թույլ տվել վերադառնալ հայրենիք: Գալով հայրենիք՝ նրանք փորձել են հարմար հանգրվան գտնել ու սկզբում գնացել են Եղվարդ, հետո՝ Աշտարակ, իսկ վերջում եկել են Արմավիր ու մնացել հենց այստեղ: Պապիկս իր սեփական ուժերով կառուցել է մեր տունը, և երբ առաջին պատը կիսով չափ կանգնեցված է եղել, պապիկս հրաժարվել է ուրիշ տեղ գիշերելուց, ու ասել է, որ հենց այդ կիսատ պատն է իր տունը ու կմնա հենց այդտեղ: Օր օրի շատ դժվարությամբ կառուցել են մեր տունը, որը մինչ օրս կա, ու մենք հենց այդտեղ էլ բնակում ենք ու ամեն անգամ մեծ հպարտությամբ ենք պատմում տան կառուցման պատմությունը:

Պապիկս ինձ շատ է սիրել, քանի որ իր միակ աղջիկ թոռնիկն եմ եղել: Շատ են պատմում պապիկիցս, ու միշտ նույն պատմությունը լսելիս հուզվում եմ: Պատմում են, թե ինչպես եմ հազիվ խոսելով նրանից պաղպաղակի գումար խնդրել: Ասում են՝ բնավորությամբ էլ ենք նման: Դե հա, ես հայրիկիս պատճենն եմ, հայրիկս էլ՝ պապիկիս, ու ինչպես ասում են` պտուղը ծառից հեռու չի ընկնում: Ու քանի հիշում ենք և կարոտում, նրանք բոլորը մեզ հետ կլինեն ու կապրեն մեր մեջ:

«Պիտի այնպես քնքուշ ապրենք, որ աշխարհը մեզնից հետո ժպտա»

Մասնագիտությամբ՝ հնագետ, գործունեությամբ՝ դասախոս, ուսուցչուհի, զինվորական, հեղինակ-կատարող, ընտանիքում ` օրինակելի և հոգատար մայր, կյանքում՝ անհավանական լավատես: Այլ խոսքով՝ Արմինե Հայրապետյան

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

-Ինչպե՞ս ստացվեց երաժշտության մուտքը Ձեր կյանք:

-Հավանական է, որ երաժշտությունը ծնվել է ինձ հետ, որովհետեւ այն ոչ մի վայրկյան չի դադարել իմ մեջ հնչելուց: Ես մեծացել եմ երաժշտասեր ընտանիքում, փոքր հասակում մորս հետ զրույցներն անգամ «մյուզիքլային» էին: Ծնողներս, թեպետ այլ մասնագիտության տեր էին, բայց հակում ունեին դեպի երաժշտությունը, ու դա փոխանցվեց ինձ: Հինգ տարեկանում արդեն հեռուստատեսային համերգների մասնակից էի: Հիշում եմ՝ Արեգ Լուսինյանը մի հաղորդաշար ուներ՝ «Երաժշտական այբուբեն» վերնագրով, որի նկարահանումները մեր մանկապարտեզում էին անցկացվում: Հետաքրքիր էր նաեւ մանկական օպերետում Ոսկե ձկնիկի դերում հանդես գալս:

-Ո՞րն է Ձեր ներշնչանքի աղբյուրը:

-Մինչեւ մայրանալս մտածում էի, թե ինչ անիմաստ կլիներ իմ կյանքը, եթե զավակներ չունենայի: Այս առումով երկու որդիներս ինձ համար կյանքի մեծագույն իմաստն ու ուժն են: Բայց աշխարհում չկա մի բան, որ չներշնչի ինձ: Երբ դու սիրում ես երկինքը, արևը, անձրևը, սիրում ես կյանքը, դա քեզ ոգեշնչում է, բայց կյանքի բացասական կամ դժվար կողմերը ևս կարող են ոգեշնչել՝ ծնունդ տալով արդեն թախծոտ, բարկացկոտ կամ ցավի երգերի:

-Դուք ասում եք՝ երգերը Ձեր կյանքի փուլերն են: Ի՞նչ փուլում եք հիմա:

-Դժվար է տարանջել՝ որ երգը որ փուլինն է: Գուցե զգացմունքների տեսանկյունից լինեն փուլային որոշ աստիճաններ: Տասնութ տարեկանում գրած երգեր ունեմ, որոնք հիմա այնքան ծանր են թվում, որ հազվադեպ եմ երգում: Իհարկե, պատանեկան տարիներին էմոցիոնալ վայրիվերումները շատ բնական են, բայց տարիների հետ գալիս են իմաստնությունն ու պատկերային մտածողությունը: Մի ժամանակ հայրս մայրամուտին մի ամպ էր ցույց տալիս ու ասում՝ նայիր, այն ամպի բարալիկ, ոսկե երիզը քեզ եմ նվիրում: Մարդ պիտի ունենա այս զգացողությունը, ընկալումը, այս «աչքը»՝ տեսնելու գույներն ու պատկերները:

-Մի առիթով ասել եք, որ պատանեկության տարիներին շատ հոռետես էիք, հիմա դարձել եք անհավանական լավատես: Ինչպե՞ս ստացվեց սա հատկապես այն դժվարություններից հետո, որոնցով անցաք Դուք:

-Քսան տարեկանում ես առողջական շատ լուրջ խնդիրներ ունեի, նույնիսկ կլինիկական մահ տարա, ինը տարի առաջ ավիավթարի պատճառով կորցրի ամուսնուս, ով ռազմական օդաչու էր… ժամանակի հետ սկսեցի արժևորել կյանքի ամենատարրական երեւույթները, շնչելու, սիրելու կարողությունները ու հասկացա, որ անգամ կորուստներից հետո մարդ պիտի ամուր պահի իր ողնաշարը ու մի պահ հարցնի ինքն իրեն՝ սա կորցրի, նրանից զրկվեցի, իսկ ի՞նչ ունեմ հիմա: Պետք է գնահատել այդ ունեցածը ու գիտակցել, որ դու պատասխանատու ես ոչ միայն քեզ համար, այլև ու նախևառաջ, քո զավակների:

-Ինչպե՞ս ընտրեցիք հնագետի մասնագիտությունը:

-Մասնագիտության գծով իրարից տարբեր շատ երազանքներ ունեի, ու երբ եկավ ընդունելության տարին, չգիտեի՝ ավելի շատ հնագիտությո՞ւն եմ նախընտրում, արևելագիտությո՞ւն, թե՞ իրավագիտություն: Բայց ընտրեցի հնագիտությունը, որովհետև դա այն մասնագիտությունն էր, որ իրենում ներառում էր մյուս բոլորը: Այն մարդկության հնագույն ժամանակներում եղած բոլոր մշակույթների ուսումնասիրությունն ու պատմության վերակերտումն է:

-Տարիներ առաջ՝  Նարկացու անվան հ. 137 դպրոցում աշխատելիս, Ձեր աշակերտներին խոստացել էիք այլևս երբեք չդասավանդել: Փաստորեն, ԵՊՀ-ն ստիպեց խախտե՞լ խոստումը:

-Ես իրենց ասել էի, որ եթե մտնեմ լսարան, ապա դա կլինի միայն ուսանողական, որովհետեւ իրենք շատ ծանր էին տանում դպրոցից հեռանալս: Իրականում ես չէի էլ ծրագրել երկար մնալ այնտեղ, քանի որ հնագիտական դաշտային աշխատանքներս շատ ակտիվ էին: Համալսարանում եմ արդեն ինը տարի, դասավանդում եմ «Հայաստանի հնագույն մշակույթը Հին Արեւելքի մշակույթների համատեքստում» առարկան: Նաև հույս ունեմ, որ խոստումները վաղեմության ժամկետ ունեն, որովհետև այսօր՝ իմ այդ խոստումից գրեթե քսան տարի անց, ես աշխատում եմ նաև «Արեգնազան» կրթահամալիրում՝ դասավանդելով հայոց պատմություն առարկան: Ես շատ եմ կարևորում աշխատանքը աշակերտների հետ և կարծում եմ, որ գիտակից մասնագետները պետք է կենդանի շունչ հաղորդեն իրենց առարկային: Այսօր դպրոցը դրա կարիքը շատ ունի: Կարծում եմ՝ յուրաքանչյուրս հյուր է կյանքում, ուստի այնպես քնքուշ պիտի ապրի, որ աշխարհը ժպտա իրենից հետո, ու եթե ուզում է գեղեցկացնել կյանքը, պիտի անձամբ սկսի այդ գործընթացը: Չէ՞ որ հրաշքները կատարվում են այն ժամանակ, երբ ինքդ ես ստեղծում ու հավատում դրանց:

-Այդ դեպքում ո՞րն է Ձեզ պատահած ամենամեծ հրաշքը:

-Մայրս… (Հուզվում է) Ես չէի լինի այն, ինչ կամ, եթե նա չկերտեր ինձ այսպիսին: Դժվար է մայր լինելը, հատկապես այն ժամանակ, երբ չկային այսօրվա հնարավորությունները, ու դու, որպես մայր, պիտի առօրյա հոգսերի հետ հասցնեիր երեխայիդ համար լինել և դերասան, և հեքիաթասաց, և ուսուցիչ, և հոգեբան, և միջնորդ՝ կյանքի կամուրջը անցնելու համար:

-Իսկ ի՞նչ ակնհայտ տարբերություններ կամ նմաննություններ կան աշակերտների և ուսանողների միջև:

-Ամեն սերունդ յուրահատուկ է: Ուսանողների մեջ ներքին ես-ի արթնություն կա, սա անկախության սերունդ լինելու գիտակցումից է, ինչը չկար խորհրդային տարիներին: Իսկ աշակերտը դեռ ընկալման փուլում է, ու նրա վրա ազդեցություն թողնելը ավելի հեշտ է: Հետևաբար շատ ավելի դժվար ու պատասխանատու է դպրոցահասակ երեխաների հետ աշխատելը:

-Ի՞նչ կպատմեք Ձեր զինվորական աշխատանքի մասին:

-Իմ ծառայությունը ԶՈւ-ում պայմանավորված էր կյանքիս հանգամանքների կտրուկ ու դրամատիկ փոփոխությամբ, բայց միևնույն ժամանակ, դա ապրածիս տրամաբանական շարունակությունն էր: Իմ ընտանիքում եղել են ու կան ռազմական օդաչուներ, զինվորականներ, ես մանկուց սիրել եմ համազգեստը և ընտանիքիս հետ միասին կապված եմ եղել հայոց ժամանակակից պետության կայացման բուռն գործընթացներին ոչ քաղաքական իմաստով: Սա յուրաքանչյուր քաղաքացուս բնական պարտքն է: Այս իմաստով ես փորձում եմ գիտելիքներիս ողջ պաշարը ի սպաս դնել բանակին՝ լինի դա վերլուծության, հաշվետվության, թարգմանչության, թե մեկ այլ աշխատանքի տեսքով:

-Ինչպե՞ս եք կարողանում համատեղել ու հասցնել այդ բոլորը:

-Դժվար է ասել: Օրվա վերջում՝ սպառված տուն հասնելիս, մի պահ մտածում եմ` չէի՞ կարող մի բան էլ պակաս անել: Բայց չէ, հասկանում եմ, որ չէի կարող, որովհետև այն ոլորտներում, որտեղ ներգրավված եմ, չկա անկարևոր բան: Շատերն արդեն գիտեն ձեռքիս ժամացույցը, որը մշտապես ինձ հետ է: Ես սարսափելի ճշգրիտ փորձում եմ համակարգել իմ գրաֆիկը, թեպետ երևանյան իրականության մեջ դա բարդ է, որովհետեւ մենք խնդիր ունենք առնվազն երթևեկության հետ: Հետևաբար սա ևս պետք է հաշվի առնել և նոր միայն համակարգել քո օրը, շաբաթը, ամիսը, տարին, երբեմն նույնիսկ երեք տարին: Բնական է՝ միշտ չի հաջողվում մնալ այդ գրաֆիկի մեջ, բայց պետք է փորձել հնարավորինս մոտ լինել դրա սահմաններին և իհարկե, դասավորել անելիքները ըստ կարևորության, իսկ ինձ համար ամենակարևորը ընտանիքն է:

hripsime baloyan

Ձմռան պաշար

Մոտենում է ձմեռը: Ահա, ժամանակն է ձմեռվա պաշարը հավաքելու, տան դռները փակելու և ներսում հանգիստ նստելու: Այս օրերին Գյումրիի շուկան լիքն է մարդկանցով: Եկել են հեռու-մոտիկ գյուղերից՝ իրենց բերքը վաճառելու:

Իսկ ի՞նչ է պետք գյումրեցուն ձմռանը հանգիստ լինելու համար. պահածոներ, կարտոֆիլ, սոխ: Եթե գյումրեցու նկուղը լիքն է դրանցով, ուրեմն նա երջանիկ է:

Շուկան լիքն է սառած, կարմրած առևտրականներով, որոնք կանգնած են անթիվ պարկերի, արկղերի կողքին ու վաճառում են դրանց մեջ եղած կարտոֆիլը, սոխը, բազուկը, գազարը:

Վաճառում են, էն էլ ոնց են վաճառում: Այնպես են գովում իրենց ապրանքը, որ փոշմանում ես, որ դու կարտոֆիլ կամ սոխ չես ծնվել:

-Արի, արի հլը տես՝ ինչ կարտոլ է, ըսպես կարտոլ սաղ աշխարհ չկա:

Աջից, ձախից սկսում են միջամտել մյուս առևտրականները:

-Արի, արի, իմ բոստանի կարտոլն առ, բանմ երկուս ավել կուտամ:

-Տո մեռնիմ սրտիդ, էս կառտոշկեն թողած՝ ի՞նչխ ուրիշ կառտոշկեքի կնայես, ամոթ չե՞ս էնե, արի, արդեն կշռել եմ, որ տանիս:

-Հլը միամ նայե, հլը տես՝ կպեճը՝ բարակ-բարակ, միջինը՝ սիպտակ- սիպտակ, տանիս սաղ ձմեռ բանցնես, ընձի կօրհնես, որ ըսպես կարտոլ եմ տվել:

-Քա վայ, հլը ստեղ գծած կարտոշկի նայե, դաժե կափսոսաս՝ ուտես:

Ու վայ այն առևտրականին, ում մոտից վերջում գնում են կարտոֆիլը: Կողքի վաճառողները էնպես վերից վար չափող հայացքով են նայում, որ խեղճը «թամամն առնում է»:

Կանչում են ու կանչում: Ընտրության հսկայական հնարավորություն կա. շուկան լիքն է կարտոֆիլով՝ տարբեր չափի, ձևի:

Ու էս ամենը քիչ է, մեկ էլ շուկայի ծայրից հանկարծ կլսվի.

-Ըբը սոխ պետք չէ՞:

Ու սկսվում է սոխի գովքն ու երկրպագությունը:

anahit badalyan (kapan)

Ծանոթ դեմքը

Այսօր Կապանում էին Հայաստանի Ամերիկյան համալսարանի ներկայացուցիչները: Նրանք այցելել էին Կապանի ավագ դպրոցի աշակերտներին ՀԱՀ-ի բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերին ծանոթացնելու ու դպրոցականների հուզող հարցերին պատասխանելու համար: Բոլոր հանդիպումները, միջոցառումներն ու իրադարձությունները, որոնք վերաբերում են ՀԱՀ-ին և տեղի են ունենում իմ հայրենի քաղաքում, միշտ իմ ուշադրության կենտրոնում են: Այսօրվա հանդիպմանը ես նույնպես ներկա էի: Սկզբում աշխատակիցը սկսեց ներկայացնել համալսարանը, դրա ընձեռած հնարավորությունները, խոսեց իրականացվող ծրագրերի մասին ու հետո հարցրեց մեզ՝ մեզանից կա՞ն աշակերտներ, որոնք հստակ որոշել են ուսումը շարունակել ՀԱՀ-ում: Իմ ձեռքն առաջինը վեր բարձրացավ. ամենաարագն ու հաստատակամը: Դա երևի իմ կյանքի այն որոշումներից է, որոնք կայացվել են երկար ծանր ու թեթև անելուց հետո:

Այս ուսումնական տարվա սկզբից սկսել եմ ակնոց կրել: Ծանոթներիցս շատ-շատերը փողոցում տեսնելիս երկար նայում են, զգում եմ, որ երկմտում են՝ ես եմ, թե ոչ, ու էդպես էլ առանց բարևելու անցնում են կողքովս: Սկզբում նեղանում էի, հետո հասկացա՝ իրենք մեղավոր չեն: Բայց ամենազարմանալին գիտե՞ք՝ որն էր: Երբ ձեռքս բարձրացրի, աշխատակիցը նայեց դեմքիս ու ժպիտով ասաց.

-Վա՜յ, Ձեր դեմքը շատ ծանոթ ա, դուք մեր անցած պրեզենտացիային էլ էիք եկել, չէ՞: Ես հիշում եմ, շատ ակտիվ էիք:

Մարդու մտքին տեղ լինի, հիանում եմ այդ աղջկա հիշողությամբ, որը կարողացավ մտաբերել նրան, ում տեսել էր երկու տարի առաջ՝ աշխատանքային պրեզենտացիայի ժամանակ, հեռավոր քաղաքում: Բայց, դե, երևի ես էլ իմ «մեղքի բաժինն» ունեմ դրանում:

Երբեք պետք չէ հիասթափվել

Իմ կյանքի առանձնահատուկ, կարևոր և հիշարժան օրերից մեկն էր. առաջին անգամ գտնվում էի նախագահի նստավայրում: Հանդիպեցինք և անձամբ շփվելու հնարավորություն ունեցանք վարչապետ Կարեն Կարապետյանի, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ամեն տարի բարձր առաջադիմություն ցույց տվող աշակերտները խրախուսվում և պարգևատրվում են նախագահի կողմից: Այս տարին նույնպես բացառություն չէր: Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության նախագահի 2017 թվականի կրթական պարգևների հանձնումը: Պարգևատրվեցին լավագույն առաջադիմություն ցուցաբերած 17 աշակերտներ և 26 ուսանողներ 6 բուհերից և 8 ավագ դպրոցներից: Այս տարի աշակետների կողքին էինք գտնվում նաև մենք, քանի որ մասնակցել էինք «Technovation» աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական մրցույթին և մեր ստեղծած «Ժեստերի լեզու» հավելվածով դարձել հաղթող: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցանք այս պարգևների հանձման արարողությանը ներկա գտնվել: Ինչպես իր ելույթում նշեց նախագահը՝ երբեք պետք չէ հիասթափվել, միշտ պետք է շարունակել սովորել, կատարելագործվել և քայլ առ քայլ մոտենալ երազանքին:

«Իմ հավասարության պատմությունը»

Օրերս համացանցում հայտնվեց «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիայի կողմից կազմակերպված մրցույթի հայտարարությունը, որը մեզ շատ հետաքրքրեց: Որոշեցինք ավելի մանրամասն իմանալ թե՛ մրցույթի, թե՛ կոալիցիայի մասին: Ձեզ ենք ներկայացնում մրցույթի պայմանները և հարցազրույցը՝ կազմակերպիչների հետ:

«Իմ հավասարության պատմությունը» խորագրով էսսեների և լուսանկարների մրցույթ

«Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիան հայտարարում է խտրականության հիմնախնդիրների վերաբերյալ «Իմ հավասարության պատմությունը» խորագրով էսսեների և լուսանկարների մրցույթ։

Մրցույթին կարող են մասնակցել բոլորը՝ առանց տարիքային, գենդերային, ազգային, կրոնական և այլ սահմանափակումների։

Անհրաժեշտ է միայն ստեղծագործական միտք, համարձակություն ու ձեր կարծիքը կիսելու ազատություն, որոնց շնորհիվ հասանելի կդարձնեք ձեր պատմությունը՝ խտրականության, ձեզ երբևէ մտահոգած անհավասարության կամ այն հաղթահարելու հաջողության մասին:

Մասնագիտական հանձնաժողովը կընտրի երկու անվանակարգերում լավագույն աշխատանքները։

Ընտրության չափանիշներն են՝

նյութը պետք է լինի հանրամատչելի,

ներկայացվի խտրականության, իրավահավասարության, տարբեր ոլորտներում հավասարության հիմնահարցերը,

չպետք է պարունակի մարդու արժանապատվության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հանդեպ անհարգալից վերաբերմունքի տարրեր,

պետք է պահպանի անձի անձնական կյանքի նկատմամբ հարգանք,

պետք է պահպանվի հեղինակային մոտեցումը:

Մրցույթի տեխնիկական պահանջներն են՝

Էսսեները՝ 400 – 800 բառի սահմաններում

Լուսանկարները՝ JPEG ֆորմատով (1000 -ից px ավել):

Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողներին կհանձնվեն վկայագրեր և դրամական պարգևներ

1-ին տեղ՝ 200000 դրամ,
2-րդ տեղ՝ 100
000 դրամ,
3-րդ տեղ՝ 50.000 դրամ:

Վերոնշյալ չափորոշիչներին համապատասխանող էսսեներն ու լուսանկարները մրցույթի ընթացքում, մասնակցի համաձայնության դեպքում՝ կհրապարակվեն Կոալիցիայի կայքէջում և կտարածվեն Կոալիցիայի Ֆեյսբուքյան էջով։

Յուրաքանչյուր անվանակարգում առավելագույն դրական արձագանքներ (լայքեր և կիսումներ հավաքած) մեկական նյութի հեղինակ կարժանանա խրախուսական մրցանակի։

Ձեր նյութերը կարող եք ուղարկել info@havasar.am էլ. հասցեին կամ անձամբ ներկայացնել Կոալիցիայի գրասենյակ՝ ք. Երեւան, Մ. Խորենացի 15, Էլիտ պլազա բիզնես կենտրոն, 1B2 սենյակ հասցեով:

Նյութերի ընդունման վերջնաժամկետն է 2017թ. նոյեմբերի 20-ը՝ ժամը 18։00-ն։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Կոալիցիայի գրասենյակ 060 657307 հեռախոսահամարով կամ գրել մեր էլ փոստին communication@havasar.am

 

Զրուցում եմ Ստելլա Գևորգյանի՝ «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիայի հաղորդակցման թիմի համակարգողի հետ:

-Ի՞նչ նպատակ է հետապնդում մրցույթը:

-Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր քաղաքացի իր կյանքի ընթացքում այս կամ այն կերպ բախվում է խտրական վերաբերմունքի: Եվ մտածեցինք, որ կոալիցիային հետաքրքիր կլինի, թե ինչ պատմություններ կան հենց խտրականության հետ կապված, թե որքանով է մեր հասարակությունը պատկերացնում՝ ինչ է խտրականությունը, ինչ է հավասարությունը: Հասկանալը, թե որքանով է հասարակությունը ծանոթ այդ գաղափարին, այդ հասկացություններին, մեր կոալիցիայի գործունեության հիմնական ճյուղերից մեկն է: Հայտարարությունից արդեն պարզ է, որ ունենք երկու անվանակարգ՝ էսսե և լուսանկար: Խտրականություն ընդհանրապես չկա, մրցույթին կարող է մասնակցել ցանկացած մարդ: Արդեն ունենք նամակներ, էսսեներ, որտեղ մարդիկ պատմում են խտրականության իրենց դեպքերի մասին: Այս բոլոր էսսեների մեջ առանցքայինը պետք է լինի մարդկային պատմությունը՝ կապված կա՛մ հենց հեղինակի, կա՛մ իր միջավայրի հետ: Կարելի է մեկ լուսանկարով պատկերել մի պատմություն, ինչը, կարծում եմ, բավականին բարդ է: Էսսեների մեջ կարող են ներառվել նաև անձնական որոշ գաղափարներ, վերլուծություններ: Միակ սահմանափակումը երևի բառերի մեջ է՝ էսսեները պետք է լինեն 400-600 բառ, սակայն եթե գաղափարը հետաքրքիր է, կթույլատրվի և ավելին: Իսկ լուսանկարների համար այդ սահմանափակումը այն որակն է, որը մեզ թույլ կտա հրապարակել լուսանկարը, իսկ հետագայում, եթե ունենանք ցուցահանդես, ներկայացնել այն ցուցահանդեսում:

Ունենք ևս մեկ անվանակարգ՝ ամենաշատ լայքեր հավաքած նյութերը, դրանք նույնպես կստանան խրախուսական մրցանակներ: Չնայած, որ հայտարարության մեջ նշված է, որ բոլոր նյութերը տեղադրվելու են մեր կայքում և տարածվելու են մեր ֆեյսբուքյան էջից, մենք ևս մեկ անգամ հարցնում ենք բոլոր մասնակիցներին՝ արդյո՞ք նրանք դեմ չեն, որ նյութը տպագրվի: Էսսեների ու լուսանկարների տարածման այս երևույթը ևս շատ կարևոր է, այսպիսով մենք ճանաչելի ենք դառնում, փորձում ենք հասկանալ, թե մարդկանց ինչ է հետաքրքրում այս պահին:

-Ի՞նչ սկզբունքով են ընտրվելու նյութերը:

-Հայտարարության մեջ նշված կոնկրետ կետեր կան՝ նյութը պետք է վերաբերվի խտրականությանը, հավասարության գաղափարներին, պետք է ունենա հեղինակային մոտեցում, այսինքն՝ ոչ մի տեղից կրկնօրինակված չլինի: Մենք հնարավորինս հարգելու ենք հեղինակի իրավունքը: Նախընտրելի է, որ նյութերը մինչև մեզ ուղարկելը հրապարակված չլինեն: Դա մեզ անհրաժեշտ է հասկանալու համար, թե մրցույթը ինչ արդյունք տվեց, քանի որ սա մեր առաջին փորձն է նման բան կազմակերպելու: Պետք է հասկանանք մեր դրական և բացասական կողմերը, որպեսզի որոշենք՝ արդյո՞ք մրցույթը շարունակական կդառնա, թե՝ ոչ: Մտածում ենք նաև կազմակերպել ցուցահանդես ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում: Մրցույթի վերջնաժամկետը նոյեմբերի 20-ն է, հանձնախմբում ներառված են կոալիցիայի ներկայացուցիչներ, լրագրողներ, իրավաբաններ, լուսանկարիչներ: Փորձելու ենք համատեղ ուժերով անկողմնակալ գտնել ամենա-ամենա նյութերը, լուսանկարները: Յուրաքանչյուր անվանակարգն ունի երեք տեղ, ինչպես նաև՝ խրախուսական մրցանակներ:

Անահիտ Չիլինգարյան, «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիայի համակարգող: 

-Ե՞րբ է ստեղծվել «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիան, ի՞նչ նպատակով և ի՞նչ կազմակերպություններ են այժմ մտնում կոալիցիայի կազմի մեջ:

-Ոչ ֆորմալ կերպով կազմակերպությունների համագործակցությունը սկսվել է դեռևս 2012-2013 թվականներին, երբ սկսեցին բարձրաձայնվել խտրականությանը և հավասարությանը վերաբերող խնդիրները, իսկ պաշտոնապես գրանցվեցինք այս տարի հունվար ամսին: Կոալիցիան հասարակական կազմակերպությունների և անհատների միություն է, որոնք հավաքվել են հավասարության իրավունքի ջատագովման շուրջ: Կոալիցիայի անդամներ են այժմ 11 կազմակերպություններ և մեկ անհատ: Կազմակերպությունները գործում են շատ տարբեր ոլորտներում, օրինակ՝ մարդու իրավունքների պաշտպանության լայն շրջանակի շուրջ գործող կազմակերպություններ՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, ունենք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն՝ Գյումրիում գործողԱգաթ կազմակերպությունը: Կոալիցիայի անդամ են նաև կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, գենդերային հավասարության ջատագովող կազմակերպություններ՝ ա, Հասարակություն առանց բռնության Հկ-ները, սեռի և սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության հիմքով խտրականությունների դեմ պայքարող կազմակերպություններ՝ Փինք Արմենիա, Նոր Սերունդ, Համագործակցություն հանուն ժողովրդավարության կազմակերպություն որպես կրոնական կազմակերպությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունը՝ Իրական աշխարհ, իրական մարդիկ, մեդիայի հետ աշխատանքում մասնագիտացված կազմակերպություն՝ Հանուն հավասարության իրավունքների, առողջապահական իրավունքի ոլորտում մասնագիտացված՝ Իրավունքի զարգացման կենտրոն և մեկ անհատ՝ ծրագրի համակարգողս:

-Ինչո՞վ է խտրականության դեմ պայքարը կարևորվում, Հայաստանում հատկապես ո՞ր ոլորտներում են շատ հանդիպում նման դեպքեր: 

-Մենք կարևորում և ջատագովում ենք հավասարությունը, մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր անհատ Հայաստանում հավասար հնարավորություն ունենա ինքնիրացվելու: Եթե վերլուծենք, կտեսնենք, որ բոլորս էլ խտրականության ենթարկվել ենք: Խտրականություն կարող է դրվել սեռի հիմքով, Երևանից կամ մարզերից լինելու պատճառով, առողջական վիճակի հիմքով, օրինակ՝ անձը ունի որոշակի առողջական խնդիրներ և դրա պատճառով չի կարողանում աշխատանք գտնել: Մենք հասկացանք, որ գոյություն ունեն խտրականության դեպքեր, առկա են անհավասար մոտեցումները՝ կլինի դա պետության կողմից դրսևորվող, թե մարդ-մարդ հարաբերություններում: Ու նաև գիտակցեցինք, որ միշտ չէ, որ մենք հասկանում ենք՝ այդ իրավունքի խախտումը հետևանք է հենց խտրական վերաբերմունքի, անհավասարության, խարանի, կարծրատիպերի, նախապաշարմունքների: Ու մենք որոշեցինք իրականացնել՛ հետազոտական աշխատանքներ, իրավունքի պաշտպանության ուղղված գործողություններ, եւ փորձել կոտրել այդ կարծրատիպերը:

-Գործնականում ինչպե՞ս եք պայքարում խտրականության դեմ:

-Փորձում ենք պայքարել տարբեր ուղղություններով. առաջինը իրազեկվածության բարձրացումն է է: Դրան է ուղղված նաև այս մրցույթը՝ մարդկանց իրազեկել, թե ինչ է խտրականությունը և ինչ կարևոր է հավասարությունը: Իրազեկվածության միջոցառումներ, դասընթացներ ենք իրականացնում, մյուս կողմից՝ փորձում ենք ազդել իրավական դաշտի վրա: Այսինքն՝ մեր ջանքերն ենք ներդնում, որպեսզի պետական մարմինների կողմից ընդունվեն այնպիսի իրավական կարգավորումներ, որոնք կօգնեն մարդկանց պայքարել խտրականության դեմ և հասնել իրենց իրավունքների պաշտպանությանը:

Մեր աշխատանքի մյուս ուղղությունը հենց խտրականության ենթարկվող անձանց օգնություն, աջակցություն ցույց տալն է, մենք նաեւ վերջերս սկսել ենք տրամադրել անվճար իրավաբանական աջակցություն: Մենք փորձում ենք աշխատել այն խմբերի հետ, որոնք մեր դիտարկմամբ առավել շատ են ենթարկվում խտրականության, և որը տեսանելի է մեզ համար: Օրինակ՝ սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող անձինք (հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք), ՄԻԱՎ/ՁԻԱՀ -ով ապրող մարդիկ: Եթե անձը պարբերաբար խտրականության է ենթարկվում, նա սկսում է կամաց-կամաց իր ուժերին չվստահել, վստահ չլինել, որ ինքն իրեն կարող է պաշտպանել: Մենք առաջին հերթին փորձում ենք անձանց իրազեկել իրենց իրավունքների մասին, որ իրենք իրավունք ունեն չենթարկվելու խտրականության, իրավունք ունեն օգտվելու հանրությանը հասու բարիքներից, և իրազեկում ենք նրանց այն գործիքների մասին, որով կարող են պայքարել այդ խտրականության դեմ:

Դե, ինչ, դուք արդեն տեղեկացվեցիք, թե մրցույթի մասին, թե կազմակերպիչների, մնում է միայն հաջողություն մաղթել բոլոր նրանց, ովքեր որոշել են փորձել իրենց ուժերը: Հիշեք վերջնաժամկետի մասին: