Գյուղական ծանր աշխատանքները

Արդեն ամռան երրորդ ամիսն է, և գյուղական աշխատանքներն ավելի են շատանում ու ծանրանում։ Դեռ հուլիսի կեսերից սկսվել է խոտհունձը և շարունակվելու է մինչև սեպտեմբեր ամիսը։ Գյուղում խոտհունձին մասնակցում են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ, և թե՛ երեխաները։ Տղամարդիկ հնձում են խոտը, իսկ կանայք հավաքում են այն։ Հիմա, համեմատած անցած տարիների հետ, խոտհունձի գործը մի փոքր թեթևացել է։ Այն մարդիկ, ովքեր ունեն տրակտորներ, խոտհունձը կատարում են դրանցով։ Իսկ նրանք, ովքեր չունեն, ստիպված ամեն ինչ անում են ձեռքով։ Սկզբից գերանդիով հնձում են խոտը, հետո եղանի օգնությամբ հավաքում թափված լասերը և իրար վրա դնելով խոտը՝ ստեղծում են «արվեստի գործ» կամ ինչպես մենք ենք ասում՝ բուլուլ։ Իսկ դրանից հետո այդ «արվեստի գործը» վերածում են մի քանի միջին չափի ուղղանկյունանիստերի։

Երբ առավոտյան կիզիչ արևից աչքերդ ճպճպացնելով նայես սարերին, ապա կտեսնես սպիտակ վերնաշապիկներով և մեծ գլխարկներով մարդուկների, որոնք դժգոհելով կյանքի դժվարություններից և գյուղի ծանր աշխատանքներից՝ հավաքում են արդեն թափված խոտը: Բայց և ոչ բոլորն են դժգոհում, շատերը դա համարում են ապրուստի միջոց և ժպիտով են կատարում այդ աշխատանքները։

Իսկ երեկոյան արդեն կտեսնես արևի ճառագայթներից կարմրած այտերով մարդկանց, որոնք գոհ իրենց կատարած աշխատանքից՝ գերանդին և եղաններն ուսերին՝ իջնում են սարերից։

Մի փոքր երևակայություն, և…

Հարցազրույց ժողվարպետ Ռուզաննա Աչիկյանի հետ:

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

-Մի քիչ խոսեք Ձեր գործունեության մասին: Որտե՞ղ եք թաղիքագործություն սովորել:

-Ես թաղիքագործություն սովորել եմ վեց տարի առաջ, երբ Նիդեռլանդներից հյուր եկավ Անեմի Կոյենը, որը Գավառում մի փոքր խումբ հավաքեց ժողովրդական վարպետ, «Կենաց տուն» մշակութային-հասարակական կազմակերպության մշակութային ծրագրերի պատասխանատու Լալա Մնեյանի միջնորդությամբ, ու Գավառի մի քանի մասնագետներով մասնակցեցինք կազմակերպված դասընթացներին: Ձեռք բերեցինք շատ հետաքրքիր, հաճելի և մինչ այդ մեզ անծանոթ մասնագիտություն: Սովորելուց հետո` մանկատանն աշխատելու ընթացքում, ես խորացրի գիտելիքներս, երկու տարի հետո Երևանում վերապատրաստվեցի, ստացա նոր գիտելիքներ, որոնք փոխանցում եմ երեխաներին:

-Դուք աշխատում եք Գավառի մանկատանը: Մանկատան բոլո՞ր երեխաներն են սովորում թաղիքագործություն:

-Այո, երեք տարեկանից սկսած մինչև տասնութ տարեկան երեխաները ակտիվ մասնակցություն ունեն թաղիքագործության դասերին:

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

-Թաղիքագործության դասերն ի՞նչ նշանակություն ունեն երեխաների համար:

-Թաղիքագործությամբ զբաղվելով՝ երեխաները հանգստանում են, քանի որ այն մեծ ներգործություն ունի երեխաների նյարդային համակարգի վրա: Բացի այդ` երեխաները մեծ հետաքրքրությամբ են մասնակցում, քանի որ մեր քաղաքում դա նոր արհեստ է: Այսինքն` հինը մատուցվում է նորովի:

Թաղիքագործությունը հնագույն արհեստներից մեկն է, որով զբաղվող մասնագետները ինն են ողջ Հայաստանում. երկուսը՝ Վանաձորում, չորսը՝ Գավառում, երկուսը՝ Երևանում և մեկը՝ Գյումրիում:

-Մանկատանը միայն թաղիքագործությո՞ւն եք դասավանդում:

-Ոչ, նաև նկարչություն եմ սովորեցնում:

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

-Ի՞նչ ծրագրերի ու ցուցահանդեսների եք մասնակցել: 

-Երևանում շատ անգամ մասնակցել ենք ցուցահանդեսների ու ցուցահանդես-վաճառքների: Ցուցահանդես ենք ունեցել Ժողարվեստի թանգարանում, ցուցահանդես վաճառք` «Mothercare» խանութում, ամեն տարի հունիսի մեկին մասնակցում ենք Մերգելյան ինստիտուտում բացված «EXPO» ցուցահանդեսներին, հաճախ երեխաների աշխատանքները գնվում են ոստիկանության կողմից:

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

-Թաղիքագործության համար ի՞նչ նյութեր են անհրաժեշտ:

-Նյութերից հիմնականում օգտագործվում է «մերինոս» տեսակի այծի բուրդը, որը բավականին արժեքավոր է, օճառ ու տաք ջուր:

-Ի՞նչ է պետք լավ թաղիքագործ լինելու համար:

-Կարծում եմ, որ լավ թաղիքագործը պետք է ունենա մի փոքր երևակայություն, գույները ճիշտ համադրելու կարողություն, ու ամեն ինչ լավ կստացվի:

Lilit Grigoryan

Ուրիշ են հայերս

Հուլիսի 18: Պետք է որ լիներ սովորական մի օր Հրազդանում՝ տանը նստած, բայց պարզվեց, որ հայրիկս ու եղբայրս փոխել են օրվա պլանները: Այդ օրը Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղը պիտի լիներ: «Ալաշկերտը» հյուրընկալելու էր Բելառուսի «ԲԱՏԷ»-ին, իսկ քանի որ մեր տանը ֆուտբոլասերներ ունենք, խաղին ներկա չգտնվելն անհնար էր: Անկեղծ ասած՝ ես երբևէ իրականում ֆուտբոլ նայելու չէի գնացել, առաջին անգամը պիտի լիներ:

Ամբողջ ընտանիքով գնացինք, անգամ մայրիկս էր ոգևորված, բայց ես՝ չէ: Հարմար տեղ գտանք, նստեցինք:
Մինչ խաղն սկսելը շուրջս սկսեցին քաջալերել հայերին, մեր դրոշը ծածանել, հայրենասիրական երգեր երգել, ու թվում էր, որ միայն այսքան ոգևորությունից, որով լցված էին բոլորը, հայերը բացարձակ հաղթանակ կունենան:
Առաջին գոլը Ուրոշ Նենադովիչը խփեց՝ Ալաշկերտի թիմից, ու մի պահ զգացի, որ շուրջս ոչ ոք չկա: Չէ, ուղղակի բոլորը ոտքի էին կանգնել ու գոռում էին ուրախությունից: Ես էլ ժպտացի:
Դե, հետո հակառակորդ թիմը երեք գոլ խփեց ու հաղթեց մեզ: Բայց դա մի կողմ: Ես երբևէ ֆուտբոլային խաղի ֆիզիկապես ներկա չէի գտնվել, ու էսպիսի երկրպագուներ, աջակիցներ, ոգևորողներ չէի պատկերացնում, որ կլինեն: Կարևորն այդ պահին ուրախությունն էր, երբ տեսա ու հասկացա, որ մենք՝ հայերս, կարող ենք իրոք սարեր շուռ տալ, երբ ունենք հայրենասիրական երգեր, եռագույն, հայկական պարեր ու հայկական ոգի: Բա որ սրանք բոլորը իրար հետ գործի ենք, է՜, դնում…

hovik vanyan dsex

Քաղաքի լույսերը

Գիշեր էր: Մտամոլոր նայում էի տան բացված փոքրիկ լուսամուտից: Ընդամենը կարողացա յոթ աստղ հաշվել: Դեռ զգում էի նրա բույրը, հիշում էի նրա հետ անցկացրած ամեն մի վայրկյանը: Լուսինը շատ պայծառ էր ու կարծես իր լույսը փոխանցել էր քաղաքի բոլոր շենքերին: Քթիս տակ երգում էի, երբ նկատեցի կողքի հարևանին, որը նույնպես լուսամուտից դուրս էր նայում, երևի ականջի ծայրով էլ լսում, թե ոնց եմ երգում: Մոռացա երգելու մասին: Ուշադրությունս գրավեցին շատ հեռվում երևացող լույսերը, որոնք նույնպես յոթ հատ էին՝ աստղերի նման…

Դիմացի փողոցի հարևանի շունն արդեն քնել էր, իսկ երեք աղջիկները դուրս էին եկել զբոսնելու, աջ կողմինը շատ գեղեցիկ էր: Նորից զգացի նրա բույրը, արդեն քիչ էր մնում խելագարվեի:

Դըմփ, դըմփ… Լսվեց բարձր առանձնատնից եկող հրավառություն ձայնը: Շատ գեղեցիկ գույներ էին: Սիրում եմ հրավառությունը:

-Հով ջան, գնա քնելու, ժամին նայե՞լ ես:

-Լավ:

Առավոտյան ժամը 08:34 էր, երբ արթնացա ու սպասում էի, որ գիշերը շուտ գա: Կարոտել էի երեկվա քաղաքի լույսերին:

tina maqoyan

Առանց ընտանիքի

Գիտե՞ք, թե ինչ է ապրել ընտանիքիցդ կտրված, երբ դու դեռ 15-16 տարեկան ես: Իսկ ես գիտեմ: Արդեն մեկ տարի է, ինչ ապրում եմ առանց ծնողների՝ տատիկիս հետ:

Ընտանիքում ես ամենափոքրն եմ, ունեմ երկու եղբայր՝ Մխիթարը և Արթուրը: Ես 11 տարեկան էի, երբ Մխիթարը մեկնեց Ռուսաստանի Դաշնութուն՝ արտագնա աշխատանքի: Երբ Արթուրը մեկնեց ծառայության, ես 13 տարեկան էի, իսկ մի քանի օր անց հայրս նույնպես մեկնեց արտագնա աշխատանքի: Դե, փաստորեն, ամեն մեկս՝ մի տեղ։ Ու մնացինք ես ու մայրս։

Չորս տարի ես ու մայրս ապրեցինք մեր վարձով բնակարանում։ Թե՛ տխուր, թե՛ ուրախ, թե՛ ցուրտ և թե՛ ջերմ օրեր շատ եղան։ Եվ մի օր էլ մայրս որոշեց, որ պիտի գնանք հայրիկի մոտ։ Այդ ժամանակ ես 14 տարեկան էի: Անկեղծ ասած՝ ես չէի ուզում Հայաստանից գնալ։ Ասել, որ չափից դուրս հայրենասեր եմ, այդ պատճառով չէի ուզում գնալ՝ սուտ կլինի։ Ուղղակի ինչ-որ բան ինձ պահում էր Հայաստանում։ Բացի այդ՝ ես արդեն փոխադրվել էի 9-րդ դասարան: Դե, հասկանո՞ւմ եք, վերջին տարին իմ հարազատ դպրոցում, վերջին զանգ, ավարտական երեկո, հրաժեշտ արդեն հարազատ դարձած համադասարանցիներիս, իսկ Ռուսաստան մեկնելը կնշանակեր թողնել այդ ամենը, մեկ տարի կորցնել ու երկրորդ տարին մնալ 8-րդ դասարանում:

Գնացինք… Երևի թե կյանքիս ամենամութ, ամենատաղտկալի ու անգույն մեկ տարին էր, որ անցկացրի Ռուսաստանում։ Սկսեցի հաճախել տեղի դպրոցը, ամեն ինչ այնքան խորթ էր, բոլորը օտար լեզվով էին խոսում, իսկ ես այնքան էլ լավ չէի տիրապետում այդ լեզվին (հասկանում էի, բայց խոսել չէի կարողանում: Դե լավ, թող լինի այսպես. ցանկություն չունեի):

Հիմա, երբ հիշում եմ, թե ինչպես էր ամեն օր մայրս զոռով արթնացնում, ինչպես էի ամբողջ աշխարհը անիծելով հագնում դպրոցական համազգեստս, ինչպես էի լացելով նստում մեքենան ու գնում դպրոց, ինչպես էի նողկանքով մտնում այդ դպրոցը, ու թե ինչպես էին դասընկերներս ինձ վերաբերվում (իսկ նրանք լավ չէին վերաբերվում ինձ), ուղղակի ուզում եմ հիշողությունիցս առհավետ ջնջել այդ օրերը։

Այդ ընթացքում շատ ինքնամփոփ էի դարձել, չէի շփվում ոչ մեկի հետ, նույնիսկ՝ ընտանիքիս անդամների։ Հայրս դեմ էր իմ Ռուսաստանում մնալուն։ Միշտ հայրս ու մայրս վիճում էին իմ մնալ-չմնալու պատճառով։

-Ախր, էս ռուսաստաններում ի՞նչ կա։ Էս հեչ աղջկա տեղ չի, բա մեղք չի՞ էս էրեխեն, դասերը դժվար ա, չի կարում սովորի, դուրդ գալի՞ս ա։ Ամեն ինչ կիսատ թողեց՝ դպրոցը, պարը, ջութակը։ Բա ափսոս չէ՞ր։ Դու գալիս էիր՝ գայիր, գոնե էս էրեխուն չբերեիր հետդ, թողնեիր՝ տատի մոտ մնար, սովորեր, հետո եթե ուզենար՝ կկանչեինք մեզ մոտ։

-Որտեղ մենք՝ էնտեղ էլ ինքը,- պատասխանում էր մայրս։

Իսկ ես ընդհանրապես չէի մտածում դասերիս մասին, ինձ հետաքրքիր չէր ոչինչ, հետաքրքրությունս կորցրել էի ամեն ինչի նկատմամբ։ Միայն ամբողջ օրը նկարում էի։ Երբ ուսուցիչները դաս էին հարցնում, ու ես հրաժարվում էի պատասխանելուց, օրագիրս էին պահանջում, ու կզարմանա՞ք, եթե ասեմ, որ մեծ հաճույքով տալիս էի օրագիրս: Փոխարենը, երբ այնպես էր ստացվում, որ բարձր գնահատական էի ստանում՝ պահում էի օրագիրս, չէի ներկայացնում։

Աշակերտների մասին ոչինչ չեմ ուզում պատմել՝ տհաճ կլինի։ Միայն կասեմ, որ ամեն օր դիմավորում էին արհամարհանքով ու հետևյալ խոսքերով. «Армянка пришла», «Тина вареф вонц ес, инч ка чка» (ռուսերեն տառերով եմ գրում, որ այդպես էլ կարդաք): Իսկ այդ մի քանի հայերեն բառերն էլ դասարանցիներից մեկն էր սովորեցրել, որը իբր հայերեն գիտեր, բայց երբ հայերեն մի երկու բառ ասացի, ոչինչ չհասկացավ:

Մի կերպ ավարտեցի 2015-2016 ուս. տարին Կրասնոդարում: Արձակուրդ, ոչ մի հետաքրքիր զբաղմունք: Արթուրն էլ էր արդեն եկել մեզ մոտ: Արդեն սկսել էի հաճախակի ժպտալ, տանեցիների հետ ավելի շատ շփվել: Եղբորս հետ ֆիլմեր էինք դիտում ամբողջ օրը, հիմնականում՝ սարսափ: Օրերս ուրախությամբ էին լցվել՝ եղբայրս էր կողքիս: Բայց մեկ ամիս մնալուց հետո Արթուրն էլ գնաց Մոսկվա՝ Մխիթարի մոտ: Ու Թինան նորից մնաց մենակ: Մի որոշ ժամանակ հետո տեղափոխվեցինք այլ բնակարան, և էլի որոշ ժամանակ անց՝ մայրս ինձ բերեց Հայաստան:

Ուրախությանս չափ չկար: Նորից նույն՝ չափից դուրս հարազատ փողոցները, դեմքերը, խանութները, շենքերը… Դեռ չգիտեի, որ այստեղ ևս հիասթափություն է սպասվում: Ես եկել էի այն հույսով, որ արդեն սովորելու եմ ավագ դպրոցում՝ 10-րդ դասարանում, հասակակիցներիս հավասար: Բայց պարզվեց, որ 10-րդ դասարանի համար 9-րդ դասարանի ատեստատ է հարկավոր, որը ես չունեի: Դե, ստիպված համաձայնեցի 9-րդ դասարանին. դպրոցից դուրս գալ չէի ուզում:

Շատ ծանր տարա ինձնից փոքրերի հետ սովորելու փաստը: Բայց, ի ուրախություն ինձ՝ շուտ ընտելացա դասարանիս, դասընկերներս լավն էին ու, եթե հաշվի չառնեմ սկզբնական շրջանում որոշ աղջիկների հետ կոնֆլիկտները, որոնք, իհարկե ժամանակի ընթացքում հարթվեցին, ընդհանուր առմամբ՝ շատ լավ ընդունեցին ինձ իրենց դասարանում:

Որոշ ժամանակ անց մայրս վերադարձավ Ռուսաստան և ես՝ գրեթե չափահասս, որոշեցի, որ ես մեծ եմ, և առանց ծնողների էլ կարող եմ ապրել: Իսկ հիմա հասկանում եմ, որ առանց ծնողների նույնիսկ մեծահասակներն են դժվարությամբ ապրում, էլ ուր մնաց ես՝ 16 տարեկան աղջնակս կարողանամ կարոտին դիմանալ…

Ani Harutyunyan

Անտանելի ինչ-որ բան

Մենք՝ մարդիկս, որ կոչված ենք լինելու բանական էակ, ինչքա՜ն կոշտ ու պնդաճակատ ենք։ Մենք ստեղծել ենք մի բառ՝ անտանելի, բայց երբեք չենք հասկացել, մեր մաշկի վրա չենք զգացել այդ բառն ամբողջությամբ, տառ առ տառ։ Մենք ասում ենք՝ գրողը տանի, այս ատամի ցավն անտանելի է, բայց հեզ ու հնազանդ տանում ենք, դիմանում, ապրում ենք էդ ցավը։ Ասում ենք՝ անտանելի է էս կարոտը, չեմ դիմանում, բայց ստում ենք, դիմանում ենք։ Մենք չենք մահանում կարոտից, մինչդեռ ես անտանելին որպես մահի հոմանիշ եմ հասկանում։

«Անտանելի է քեզնից հեռու ապրելը, ես չեմ կարող», – ասում էր ինչ-որ մեկը, որ որքան ժամանակ է՝ կորել է։ Չէ՛, չի մահացել, ապրում է։ Ուրեմն անտանելի չէ նաև ինչ-որ մեկի բացակայությունը։

Ի՞նչ կարիք կա ամեն ինչ այնքա՜ն բարդ նեկայացնելու, ամեն անգամ «անտանելի»-ն օգտագործելու։ Չէ՛, անտանելին մենք ենք, հա՛, հենց մենք՝ մարդիկս։ Մենք անտանելի ենք դառնում, ու մեզնից ազատվելը հեշտ է։ Ինչ-որ մեկը անտանելի է դառնում, ու մենք լքում ենք նրան։ Մենք ամեն ինչ տանում ենք, բացի մարդկանցից։ Տալիս ենք մեզ զզվեցնողի հետույքին ու դուրս շպրտում մեր կյանքից։ Իսկ միգուցե ատամի ցավը բուժելն ավելի դժվա՞ր է, քան իրար տանելի դարձնելն ու հասկանալը։

Ես կարոտում եմ այն սուրճը, որը թեև դառն էր, բայց խմում էինք միասին։ Այն կերակուրը, որն այդքան էլ իմ սիրելին չէր, բայց եփում էր տատս։ Այն նամակները, որ հասցեագրել էի քեզ, բայց չէի ուղարկել։ Ես կարոտում եմ, բայց չեմ մահանում։

Գրեցի կարոտի մասին, բայց մտքիս դա չէր։ Կարոտի մասին չեմ մտածում, բայց ենթագիտակցությունս կարոտ է գոռում։ Այդ զգացումը, որ հասցնում է աշխարհի ծայրը՝ մի ակնթարթ միայն, ու երբ ուզում եմ գրկել, դեռ չդիպած հետ է քաշում։

Մեր ամենամեծ թուլություններից է կարոտը, եթե ոչ ամենամեծը։

Ուզում ենք դառնալ ամենակարող, ձգտում ենք ամենաբարձր կետերին, բայց հասարակ մի գոյական մեզ ծնկի է բերում։

Մի օր ես կարտը կսպանեմ, ու հեռավորությունն էլ ինձ չի վախեցնի։

Nelli Khachatryan

Իմ եսի շուրջը

Մենք՝ մարդիկս, թքած ունենք մեզ՝ մարդկանցս վրա… Շատ մի մտածիր, որ մեկի ներկայությամբ մի սխալ բան ասացիր, աստիճաններից ընկար մյուսի ոտքերի տակ, կամ երբ դասախոսը բան հարցրեց՝ դու չկարողացար պատասխանել ողջ լսարանի առաջ: Գիտե՞ս, ես նույնիսկ չեմ հիշում, թե այսօր ինչ էիր հագել, մինչդեռ դու տրամադրություն չունես, որովհետև շորերդ սրտովդ չեն:

Ինձ քո քննությունների պատասխաններն էլ չեն հետաքրքրում, ու էն մարդու դեմքն էլ չեմ հիշում, որ գումար չէր վերցրել ու ինձանից 100 դրամ խնդրեց տրանսպորտին տալու համար: Երբ պարում ենք, ես քեզ չեմ նայում, ուտելուց՝ նույնպես: Նկարում տգե՞ղ ես դուրս եկել, չէի էլ նկատել:

Մենք՝մարդիկս, ներողամիտ արարածներ ենք, երբ խոսքը մեզ չի վերաբերում, դրա համար էլ երբ ընկար ոտքերիս տակ, ես մտածեցի, թե արդյո՞ք ներքևից գեղեցիկ եմ նայվում: Երբ դասախոսին չկարողացար պատասխանել, մտածեցի հաջորդ հարցի պատասխանը գրքում փնտրեմ, որ կարողանամ պատասխանել: Ես քննության միայն իմ արդյունքներին եմ նայում, իսկ երբ փող խնդրեցին, ես մտածեցի, որ աշխարհի ամենաբարի մարդն եմ: Երբ պարում էինք, ես մտածում էի, որ դու ես ինձ նայում, իսկ երբ ուտում էինք, հասցնում էի կոնֆետի թղթերից երկուսը գրպանս մտցնել, որ «հետքերը վերացնեմ»: Հա, ի դեմ…

Նկարը հանգիստ թող, ես միայն ինձ եմ նայելու:

Հարսին բերեցին

Այսօր մեր թաղամասում հարսանիք էր: Երեխաներով անհամբերությամբ սպասում էինք, թե հարսին երբ են բերելու, որպեսզի ավանդույթի համաձայն, շղթա կապենք: Երբ արդեն վերադարձան, շղթա կապեցինք և փող պահանջեցինք, որ թողնենք՝ հարսին տանել ամուսնու տուն:

Այս հարսանիքին մի քիչ քիչ գումար հավաքեցինք, որը հավասար բաժանեցինք մեր՝ շղթա կապող չորս հոգու մեջ, իսկ մնացած մասով, որը խանգարում էր հավասար բաժանելուն, կոնֆետներ գնեցինք:

hasmik vardanyan

Ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը

Յուրաքանչյուրս փորձում ենք այնպես անել, որ ամառային արձակուրդները դառնան հիշվող և անմոռաց: Իսկ անմոռաց դառնում է մեծահասակների համար, երբ ընտանիքը համալրվում է, իսկ երեխաների համար, երբ իրենց հասակակիցների թիվը շատանում է:Դե երևի հասկացաք, այն ընտանիքները, ովքեր ֆինանսական վիճակի բարելավման և ինչ-ինչ նկատառումներից ելնելով թողել են հայրենի հողը և հաստատվել օտար ափերում, ամառային արձակուրդներին վերադառնում են հայրենիք՝ կարոտը մեղմելու և հարազատներին տեսնելու համար: Ես զրուցել եմ մի աղջկա հետ, ով մեծ տարիքում է ընտանիքի հետ Հայաստանից գնացել և երեք տարի անց քրոջ ու եղբոր հետ վերադարձել է:Ստորև ներկայացնում եմ հարցազրույցը Անահիտ Իսպիրյանի հետ:

-Երբ իմացար, որ պիտի գնաք Հայաստանից, ինչպե՞ս արձագանքեցիր դրան:

-Եթե անկեղծ, սկզբում շատ էի ուրախացել, մտածում էի՝ նոր քաղաք, նոր ընկերներ, նոր շրջապատ կունենամ: Բայց ինչքան մոտենում էին գնալու օրերը, ավելի ու ավելի զղջում էի, որ ժամանակից շուտ ուրախացա գնալու համար: Կարծես միանգամից փոխվեր ամեն ինչ, և գնալուս ցանկությունը ավելի մարում էր: Այնպես եղավ, որ ծնողներս քրոջս ու եղբորս հետ շուտ գնացին, իսկ ես, քանի որ քննություններ ունեի հանձնելու, ավելի ուշ միացա իրենց: Եվ երբ զանգում էին ծնողներս, խոսում էինք, արդեն միտքս փոխած ասում էի, որ էլ չեմ ուզում գնալ: Բայց մի կողմից էլ շատ կարոտում էի:

-Իսկ քույրդ ու եղբայրդ, ի՞նչ էին ասում, գնա՞ս, թե՞ մնաս:

-Դե ասում էին՝ արի, շատ հետաքրքիր ա անցնում, ամբողջ օրը բարեկամների հարազատների հետ ենք լինելու:

-Երբ արդեն այնտեղ էիր՝ ծնողներիդ կողքին, ի՞նչ էիր կարծում. դա այն էր, ինչի համար հասել էիք այնտեղ:

-Սկզբում ամեն ինչ լավ էր, շար լավ էինք զգում մեզ: Բայց հետո ժամանակի հետ հասկացանք, որ ամեն ինչ շատ դժվար ա: Ուրիշ երկիր, ուրիշ լեզու, անծանոթ միջավայր, ուրիշ մտածողություն ու մարդիկ: Անկեղծ ասեմ, չի եղել այնպիսի մի օր, որ չլացեմ ու չխնդրեմ ծնողներիս, որ թողնենք ամեն ինչ ու վերադառնանք Հայաստան, բայց նրանք էլ անընդհատ բացատրում էին, որ ես ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը. ժամանակի հետ ամեն ինչին կհարմարվեմ:

-Եվ ժամանակը ի՞նչ ցույց տվեց:

-Ցույց տվեց, որ թեկուզ աշխարհի շքեղությունները քոնը լինեն, եթե դու քո հայրենիքում չես, ուրեմն ապրում ես իմիջիայլոց: Պահպանում ես ընդամենը քո գոյությունը:

-Հայաստանում ես երեք տարի դադարից հետո, ի՞նչ ես կարծում, ինչ-որ բան փոխվե՞լ է:

-Ինձ համար ամեն ինչ նույնն է: Ես այս տարիների ընթացքում միշտ շփումը պահել եմ իմ ընկերների հետ, իսկ այնտեղ փորձել եմ շատ ընկերներ չունենալ, չկապվել ոչ մի բանի հետ:

Շուտով ամառը կվերջանա, և բոլոր կարոտողները, որոնք վերադարձել են Հայաստան, նրա հետ կհեռանան:

stella avetiqyan

Ամենօրյա հեքիաթային երեկոն

Ամեն երեկո ինձ արդեն ծանոթ անծանոթ մի պապիկ մտովի ինձ տեղափոխում է մանկություն, երբ պառկում էի պահարանի մեջ (ինձ համար ամենահարմար տեղը) ու հեռուստացույցով դիտում «Չեբուրաշկան ու կոկորդիլոս Գենան»:

Այդ պապիկը, հավանաբար, մեր դիմացի շենքից է: Ամեն երեկո նա միացնում է կոկորդիլոս Գենայի երգը՝ «а я игаю на гармошке у прохожих на виду, к сожаленью, день рожденья только раз в году»…

Գիտե՞ք, այս մուլտֆիլմի երգը կարծես բարության չափաբաժին լինի, որն ընդունում ենք ամեն երեկո՝ օրն ավարտելիս: Գուցե դա կո՞չ է, որ չմոռանանք սովետական, հին մուլտֆիլմերը, որոնք բավականին հաջողված են, և որոնցից բավականին շատ բան կա սովորելու: