Mariam barseghyan

Սիրային գործեր (մաս 2)

-Նա 24 տարեկան էր, իսկ ես՝ 16: Հաճախ էր մեր տան մոտով անցնում, բայց ոչ մի անգամ ինձ չէր նկատում: Մի անգամ էլ, երբ էլի մեր տան մոտով անցնելիս է լինում, մի մեծ խնձոր եմ վերցնում ձեռքս ու նետում նրա վրա: Խնձորը հենց գլխին է ընկնում: Չէի մտածում, որ իմ նետած խնձորը հենց իր նշանակետին կդիպչի: Ամոթից արագ թաքնվում եմ, որ ինձ չտեսնի: Բայց պարզվում է՝ այդ ժամանակ նրա եղբայրը կողքով քայլելիս է եղել և ինձ նկատել է, նրան ասել է, որ ես եմ նետել:

Մի կողմից ամաչում էի արարքիս համար, բայց նաև ուրախ էի, որովհետև այդ դեպքից հետո սկսեց ինձ ուշադրություն դարձնել: Երբ ես 19 տարեկան էի, իրար սիրային նամակներ էինք գրում: Եղբայրներս խիստ էին, դրա համար էլ նամակներն իրար չափազանց զգույշ էինք փոխանցում: Վախենում էի, որ եթե նամակների մասին իմանան, շատ կզայրանան: Դրա համար բոլոր նամակները ստանալուց հետո այրում էի: Նամակների վրա միշտ գրում էինք Ա-ից Լ-ին և հակառակը՝ Լ-ից Ա-ին: Իրար կողքով անցնելիս՝ նամակները ծածուկ իրար էինք փոխանցում:

Ա-ի անունը Աշխարաբեկ է: Այս տարի Լ-ն և Ա-ն նշում են իրենց ամուսնության 50-ամյակը:

lilit khlghatyan portret

Թանկ մարդիկ

Առաջին անգամ, երբ նա մտավ մեր դասարան, աչքերս ուրախությունից սկսեցին փայլել, այնքան հպարտ էի: Անդադար նայում էի, զննում ծեր, հոգնած մատները: Նա մեզ Մաքսվելի տեսություն էր բացատրում և այնքան ոգևորված էր խոսում, կարծես նոր էր ավարտել համալսարանը, և իր առաջին դասն էր: Առաջինը չէր, բայց վերջինն էր: Ձեռնափայտն էլ չէր խանգարում, որ զգայինք նրա եռանդը, անընդհատ ուզում էր նվիրել իր գիտելիքները, և ստացվեց: Ես նրան տեսա ընդամենը երկու անգամ, բայց հիշելու եմ ողջ կյանքում: Երբ արդեն դպրոցից գնում էր, այլևս չդիմացա և անգամ մի կողմ դնելով ամոթս՝ մոտեցա և ասացի, որ ուզում եմ իր հետ նկարվել: Նրա կողքին մեկ նկար ունենալով՝ ես ինձ հպարտ եմ զգում: Ափսոս, չհասցրի նկարը փոխանցել. կամ ես ուշացա, կամ էլ ինքն էր շտապում: Նրա մասին հոդված կարող եք գտնել նաև 17-ի էջերում, Արտյոմ Ավետիսյանը հարցազրույց է վարել նրա հետ: Խոսքը Գևորգյան Սերգեյի մասին է: Քանի սերնդի հուշերում կա նա, և քանի սերունդ է կրթել…

Իսկ հիմա խոսեմ մեկ ուրիշի մասին, չէ՛, նրան ես շատ եմ տեսել ու շատ եմ գրկել՝ ինչքան կուզեի: Ոչինչ, որ ոսկրոտ այտը՝ տարիքի հետ ծերացած, դժվարությունների մեջ կոպտացած, հպվելով երեսիս կցավեցներ իմ ջահել անհոգ երեսը: Ամեն անգամ ես զգում էի այդ ցավը, բայց ավելի ամուր էի գրկում: Այժմ չեմ պատկերացնում, թե ինչ կլինի, երբ գնամ նրանց տուն, ներս մտնեմ՝ առանց նրա ձայնը լսելու, որ միշտ ասում էր.

-Արի՛, Լիլո ջան, արի՛, ազիզ աղջիկ:

Ես նրան ավելի շատ եմ կարոտում, հուշերն ավելի շատ են: Այդ կինն այնքա՜ն նուրբ էր, այնքա՜ն քնքուշ, որ ժամերով կարելի էր նստել ու նայել շարժումներին, անգամ՝ հաց ուտելիս: Չնայած՝ այնքան չուտող էր, միշտ ասում էին.

-Ռիփսիկը մի ծիտիկի չափ է ուտում:

Նա այն մարդն էր, ում երջանկությունը ծերանում էր, բայց չէր մահանում: Երջանկությունն այսօր էլ ողջ է, նա՝ չկա: Երբ կանգնած էի կողքին, իսկ ինքը պառկած էր՝ աչքերը պինդ փակած, այնպիսի տպավորություն էր, կարծես հրեշտակային քուն էր մտել, ու ճիշտ որ. քնած էր հրեշտակի պես:

-Ո՞ւր է մերդ,- ասաց տատս անկողնում պառկած:

-Հորքուր Ռիփսիկը էլ չկա,- այլևս չկարողացա զպել արցունքներս:

Գիտե՞ք՝ ինչն է լավ, որ մարդիկ իրենցից հետո թողնում են լավ հիշողություններ, երբ հիշում ես, ու հոգիդ պարուրվում է ջերմությամբ, ստիպում է ժպտալ:

elita balyan

Ավերիչ կարկուտ

Հունիսի երեսունն էր. առավոտյան շատ լավ եղանակ էր: Կալավանի գյուղացիները զբաղված էին առօրյա աշխատանքներով:

Երեկոյան ժամը 17:00-ին եղանակը փոխվեց, երկինքը պատվեց սև ամպերով, սկսեց անձրև տեղալ: Նկատեցինք, որ անձրևին զուգահեռ նաև կարկուտ է տեղում: Մոտ կես ժամ կարկուտ տեղաց: Գյուղացիների ամբողջ աշխատանքը հողին հավասարվեց: Այգիներում ոչ մի բերք չէր մնացել, ամբողջը փչացել էր: Կան ընտանիքներ, որոնք ստացված բերքը պետք է վաճառեին, որպեսզի տան կարիքները հոգային, բայց հիմա ի՞նչ պետք է անեն, ինչպե՞ս պետք է ապրեն. չէ՞ որ այդ ամենը մի ամբողջ տարվա համար էր:

Գյուղի բնակիչները երազում են, որ մեր գյուղում էլ կարկտակայան լինի: Հուսով ենք, որ կգտնվեն բարի մարդիկ, որոնք կաջակցեն համայնքին:

ani v. shahbazyan malishka

Տապ չկա

Նստած ես ու զգում ես, որ վառածի հոտ է գալիս։ Գնում ես խոհանոց գազը ստուգելու, տեսնում ես, որ ամեն ինչ նորմալ է։ Հասկանում ես, որ դա քեզնից է, դու բառիս բուն իմաստով, եփվում ես։ Ուզում եմ խոսել մեր «շատ սիրելի» շոգի մասին։ Քանի որ ես քաղաքում եմ, որոշեցի կարճ հարցազրույց ունենալ քաղաքացիների հետ, քանի որ նրանք ավելի վատ վիճակում են, քան գյուղացիները։
-Ինչպե՞ս եք պայքարում շոգի դեմ։
-Այ աղջիկ ջան, պիտի պայքարել լինի, որ պայքարենք։
-Դե, վինծիլյատրով յոլա ենք գնում, էլի։
-Ճիշտն ասած, ես Սևանից եմ։
-Սաղ էդ Գագիկ Սուրենյանն էր, իրա պատճառով ա, որ սենց շոգ ա։ Թերևս ամենահետաքրքիր պատասխաններն էին, որ ստացա։ Վերջին պատասխանը շատ հավանեցի, կարծում եմ մի քիչ ճշմարտություն կա։ Լավ, ինչևէ։ Մշակույթի նախարարությունը նոր նախագիծ է ստեղծել, որը կոչվում է «Տապ չկա»։ Զովացնող նախագիծ է։ Գոնե նախագծի անունից մարդիկ մի քիչ կհովանան։ Այս նախագիծը ինքս շատ եմ հավանել։ Շաբաթ օրերին լինում են բացօթյա կինոցուցադրություններ, իսկ կիրակի օրերին լինում է համերգային ծրագիր։ Գժական երաժշտություն՝ ռոք, ջազ, ռեփ, հիփ-հոփ։ Հանգստյան օրերին մարդիկ կարողանում են հիանալի ժամանակ անցկացնել և ինչ- որ չափով հովանալ։ Հուսանք, որ հետագա տարիներին այն կգործի նաև մարզերում։
Հ.Գ. Եկեք իրար հետ ազգովի ասենք՝ տապ չկա, ու ազգովի հովանանք։ Ի՞նչ կասեք։

մարիամ եղոյան

Բակային խաղեր

-Մարիա՛մ, տո՛ւն արի, հերիք է խաղաս:
-Մա՛մ, դեռ չի մթնել, մի քիչ էլ խաղամ, նոր տուն կգամ:

Կամ.
-Մարիա՛մ, արի հա՛ց կեր, հետո էլի կխաղաս:
-Մա՛մ, սպասիր Նարինեին էլ գտնենք, նոր կգամ:

Մանկությանս տարիներին իմ և մայրիկիս միջև հաճախ էին այսպիսի կարճ խոսակցություններ լինում: Ամեն անգամ մի նոր պատճառ գտնելով՝ ես խուսափում էի տուն գնալուց: Միայն մութը կարող էր ինձ և բակի մյուս երեխաներին ստիպել տուն գնալ: Իսկ տուն մտնելուց հետո էլ նստում ու մտածում էի, թե ինչ սխալ քայլ եմ արել այդ օրվա բակային խաղերում, որ էլ այդպես չխաղամ, որ կատարելագործվեմ: Եվ այսպես, բակային խաղերից դեռ չկտրված՝ նորից մտածում էի դրանց մասին:

Թեև դեռ այնքան էլ մեծ չեմ, բայց արդեն կարոտում եմ բակային խաղերը: Հատկապես, երբ տեսնում եմ, որ այսօր արդեն շատ քիչ փոքրիկներ են բակում խաղում: Մեր բակն այդ առումով կարծես դատարկվում է: Եվ զարմանում եմ, թե փոքրիկները որտեղ և ինչպես են ծախսում իրենց մեջ կուտակված էներգիան: Օրերն ամռանը երկարում են, տաքանում, բայց բակում այդպես էլ փոքրիկներ չեն երևում: Երբ ինձ հարցնում էին, թե ինչ նվեր կուզենայի ստանալ ծննդյանս օրվա կապակցությամբ, անմիջապես պատասխանում էի՝ գնդակ, պարան, օղակ, տիկնիկ: Ու չէի հոգնում միշտ նույնը խնդրելուց, որովհետև անընդհատ դրանց նորերն էի ուզում:
Իսկ հիմա, երբ յուրաքանչյուր փոքրիկի հարցնում ես, թե ինչ կցանկանար ունենալ, պատասխանում է՝ փող, Iphone, մեքենա, համակարգիչ: Նրանք չունեն մանկական այլ հետաքրքրություններ:
Կարծում եք անհնա՞ր է պատկերացնել կյանքն առանց համակարգչի, հեռախոսի ու ինտերնետի: Այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել: Բայց այսօր դեռ կան այնպիսի երեխաներ, որոնք գիտեն, թե ինչ է իսկական մանկությունը: Երբ նայում եմ այսօրվա երեխաներին, որոնցից շատերն իրենց օրն անցկացնում են համակարգչի առջև նստած և նրանում եղած զանազան խաղերով տարված, աչքիս առաջ են գալիս այն պահերը, երբ չէի ուզում բակից տուն գալ, երբ անվերջ խաղում էի ու խաղում: Այսօր բակային խաղերին փոխարինելու են եկել վիրտուալ խաղերը, սակայն, իմ կարծիքով դա ամենևին էլ համարժեք փոխարինում չէ: Իհարկե, ես միանգամայն դեմ չեմ համակարգչային խաղերին: Կան խաղեր, որոնք զարգացնում են տրամաբանությունը, բայց ժամանակակից երեխաները քիչ-քիչ կտրվում են բակային խաղերից, ինչը կարող է վատ անդրադառնալ ապագա սերնդի առողջության վրա: Նրանք այժմ չեն գիտակցում, բայց հետո կհասկանան, որ բաց են թողել մանկության ամենակարևոր էջերից մեկը:
Իսկ Չարլզ Չապլինն ասել է. «Նա, ով երբեք երեխա չի եղել, երբեք հասուն մարդ չի դառնա»:

Մեր նոր թղթակիցները

Ծանոթացեք. Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղից են նրանք՝ Գայանեն և Լուսինեն: Դեռ պատմելու շատ բան ունեն, իսկ այսօր պարզապես ներկայանում են: Եվ մի գաղտնիք. Բազմաղբյուր գյուղ 17-ի թիմը այցելել է նրանց ուսուցչուհու՝ Մարինե Մխիթարյանի նամակ-հրավերով, հանդիպել աշակերտներին: Երանի նման ուսուցիչները շատ լինեն, որոնք խրախուսում և ոգևորում են իրենց աշակերտներին: 

Հույս ունենք, որ այս համագործակցությունը երկար է տևելու:

 Ինչու՞ չէ, որ…gayane grigoryan

Օրեր առաջ էր, երբ մեզ հյուրընկալվեցին 17.am-ի թղթակիցները: Նրանք մեզ պատմեցին կայքի մասին, ինչպես նաև խաղ կազմակերպեցին, որի ընթացքում հաղթողները պարգևատրվեցին նոթատետրերով: Ճիշտ է, ես հաղթողների ցանկում չեղա ու չստացա նոթատետր, սակայն հույսս չեմ կորցնում, որ օրերից մի օր կդառնամ 17.am-ի թղթակիցներից մեկը: Ինչու՞ չէ որ: Հենց այս մտքով էլ որոշեցի դառնալ 17-ցի: Երևի իմ լավ կողմերից մեկը հենց այն է, որ ես նպատակասլաց եմ:

Ես Գայանեն եմ՝ տասնչորս տարեկան: Ապրում եմ Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղում: Գյուղ, որտեղ բնությունը աննկարագրելիորեն գեղեցիկ է, որտեղ մարդիկ զբաղվում են գյուղատնտեսությամբ: Զարմանալի է, թե ինչո՞ւ են մեր գյուղում աճող մրգերն ու հատապտուղներն այսքան համեղ: Մեր գյուղը հայտնի է եղել Թաքիա, Թեքքե, Տակիյա անուններով: Տատիկս պատմում է, որ հին ժամանակներում այստեղ թուրքեր են բնակվել, որի պատճառով էլ գյուղն այդպես է անվանվել: Սակայն հետագայում մեր պապերը Վանից, Խութից, Մուշից, Ալաշկերտից գաղթել են այստեղ, և գյուղը վերանվանվել է Բազմաղբյուր՝ «Բազում աղբյուրների ընտանիք»: Գյուղից երբ ինչ-որ մեկը մեկնում է արտերկիր, անպայման իր հետ ջուր է տանում աղբյուրներից՝ որպես «ղսմաթ»:

Ինչպես բոլոր գյուղերը, այնպես էլ մեր գյուղն ունի նաև իր վատ կողմերը, բայց դրա մասին հաջորդ անգամ….

Գայանե Գրիգորյան, 14տ.

Իմ երազանքների գյուղըLusine Manukyan

Իմ հայրենի գյուղը Բազմաղբյուրն է: Ես այստեղ եմ ծնվել եւ մեծացել։ Շատ հիշողություններ ունեմ Բազմաղբյուրի հետ կապված։ Մեր գյուղը բարձրադիր վայրում է, ունի գեղեցիկ դաշտեր եւ անտառներ, իսկ օդը շատ զով է։

Բայց այս ամենը դեռ բավական չէ: Ես ցանկանում եմ, որ մեր գյուղը լինի առաջինը և միակը բոլոր գյուղերի մեջ։ Ուզում եմ, որ հեքիաթային լինի, մտնեմ գյուղ ու աղբյուրների ձայնը լսեմ, մեր գյուղի գետում` Շահվերդում, շատ ձկներ լողան, եւ բնությունը մաքուր լինի։ Երազում եմ, որ մի օր մեծ մարդ դառնամ եւ մեր գյուղի համար լավ գործեր անեմ: Շատ բան չեմ ուզում, չէ՞:

Լուսինե Մանուկյան, 14տ.

ellaMnacakanyan

Երևանի շոգն ու երթևեկությունը

Երևանի համար 58 ավտոբուսի մեջ միշտ լիքը մարդ կա: Միշտ՝ անկախ օրվա ժամից, եղանակից ու շաբաթվա օրվանից: Դե՜ իսկ հուլիսյան շոգ կեսօրին այդքան մարդու մեջ վերջանում է նաև շնչելու օդը, իսկ առջևումդ նստած մի տատիկ անպայման հանդիմանում է քեզ, երբ համարձակվում ես բացել պատուհանը.

-Փակի՛ր, հա՞, աղջիկ ջան, փչում ա,- ես, հոգոց հանելով, փակում եմ պատուհանը՝ այնուամենայնիվ մի փոքրիկ ճեղք թողնելով վերջում, որից ներթափանցած տաք ու փոշոտ օդը, հույս ունեմ՝ պիտի փրկի ինձ անտանելի շոգից:

Ավտոբուսը փոքր-ինչ դատարկվում է Հրապարակի հաջորդ կանգառում, և կարողանում եմ ավելի հարմար տեղավորվել կանգնածս անկյունում: Հաջորդ անգամ  ավտոբուսը կանգ է առնում լուսացույցի կարմիր գույնի պատճառով: Ես մի թեթև հայացք եմ գցում պատուհանից՝ տարածական կողմնորոշումս չկորցնելու համար: Մանկավարժական համալսարանի խաչմերուկն է: Ուշադրությունս գրավում են անցումով անցնող սովորականից շատ երիտասարդները: Գրեթե յուրաքանչյուրի ձեռքին մի մոխրագույն, ուղղանկյունաձև իր կա: Տրամաբանությունս լարում եմ ու հասկանում՝ երևի ավարտական դիպլոմներն են ստացել այսօր: Արդարության համար պիտի նշեմ, որ ոչ մեկի դեմքին ուրախության կամ գոնե տխրության ոչ մի նշույլ չի երևում:

-Ինչպե՞ս է հնարավոր այսքան անտարբեր լինել, երբ վերջապես ավարտել ես համալսարանը,- գրեթե անձայն ինքս ինձ ասում եմ ես:

Հետո մտածում եմ. «Բայց ինչո՞ւ վերջապես:»: Հանկարծ հասկանում եմ, որ դեռ նոր-նոր եմ ընդունվել համալսարան, բայց արդեն մտածում եմ այն վերջապես ավարտելու մասին: Ինչո՞ւ: Պատճառը երևի այն է, որ չափազանց շատ եմ լսել բողոքներ ուսանողական կյանքի մասին, երազանքներ հնարավորինս շուտ ավարտելու մասին: Բայց մի՞թե կարելի է այդքան տհաճություն զգալ սովորելիս, երբ գնում ես քո երազած մասնագիտության հետևից: Չնայած՝ ոչ միշտ: Ցավոք, ոչ միշտ…

Ես սթափվում եմ մտքերից: Ավտոբուսն արդեն մոտենում է իմ կանգառին: Պիտի իջնեմ: Զարմանքով նկատում եմ, որ ավտոբուսը բավականին դատարկվել է: Փաստորեն, 58-ում երբեմն նստելու տեղ էլ է լինում, այն էլ՝ իմ կանգառից ահագին շուտ:

«Վաղահաս» Վարդավառ

-Երեխե՜ք, երեխե՜ք, ինձ չջրեք։

Մեր բակի երեխաներով որոշեցինք «ջրոցի» խաղալ։ Մեծ ոգևորությամբ էին երեխաները լցնում շշերն ու տարրաները։ Եվ վերջապես, երբ եկավ շատ սպասված ու բաղձալի իրար ջրելու պահը, ջրի շիթերին խառնվեց նաև երեխաների ուրախ, «ջրոտ» ու երջանիկ ծիծաղը։ Իսկ աշխույժ խաղի մեջ անընդհատ լսվում էր իմ ձայնը․

-Երեխե՜ք, երեխե՜ք, ինձ չջրեք, ես նկարում եմ…

elizabet harutyunyan

Առանց վարդագույն ակնոցի

-Էլիզա, տանից դուրս գալուց առաջ Ռուդիկ ձյաձյային սուրճ կդնես։

Ռուդիկ ձյաձյան արհեստավոր վարպետ է, նա վերանորոգում է մեր բնակարանը: Մայրիկիս այս խոսքերն ինձ ստիպեցին արագ շարժվել, որ չուշանամ։

Շենքի մուտքի մոտ հարևաններից մեկի երեխան ուսով հարվածեց մյուս հարևանուհու ուսին և ներողություն խնդրեց: Տուժողը ժպտաց և անցավ։ Ուսով հարվածողը Վարդուհին էր, մեր շենքում բնակվող մի աղջիկ, որը շատ բարի է և քաղաքավարի։ Այս տեսարանն ինձ հիշեցրեց Վարդուհու բարեհամբույր բարևների մասին։ Միշտ ինձ կամ մորս հանդիպելիս բարևում է և անգամ հետաքրքրվում, թե ինչպես ենք։ Նրա սիրալիր բարևներին մարդիկ պատասխանում են կա՛մ արհամարհանքով, կա՛մ էլ չեն պատասխանում։ Նա տարբերվում է շրջապատի մարդկանցից, ունի առողջական խնդիրներ, բայց այդ խնդիրներին զուգահեռ՝ ունի այնքան բարություն, որքան չունի ոչ մեկն այդ շենքերից։
Մի քիչ ավելի հեռու գնացի շենքից, և պատահեց այնպես, որ այդ երկուսի ճանապարհներն էլի խաչվեցին։ Այս անգամ Վարդուհին իր մոր հետ էր: Աղջիկն էլի պատահաբար կպավ տիկնոջ ուսին։
-Վարդուշի՛կ, առաջ ընկի, անուշադիրի մեկն ես։
-Ոչինչ, տիկի՛ն, մի՛ զայրացեք,- տուժողի պատասխանն ինձ դուր եկավ։
-Չէ, դե գիժ ա, էլի, կներեք։
Այս պատասխանն աղջկա մոր շուրթերից լսելն ինձ համար շոկային էր։ Տուն վերադարձա բավականին ուշ, բայց միանգամից մայրիկիս հարցրի Վարդուհու մոր մասին: Մայրս պատմեց, որ Վարդուհին հաճախում է հատուկ դպրոց։ Իսկ այդ կինը նրա հարազատ մայրը չէ: Նա ամուսնու աղջկան կոչում էր «գիժ»։
Շատ անգամներ ֆիլմերում և մուլտֆիլմերում խորթ մայրերը չեն սիրում խորթ երեխաներին, իսկ պատմություններում, որոնք ես էի կարդացել, լավ էին վերաբերվում և իրենց հարազատներին հավասար սիրում էին։ Ես տեսել էի ֆիլմ, մուլտֆիլմ, կարդացել գրքեր և պատմություններ: Նախընտրում էի իրականությունը չտեսնել։
Վաղն էլի կգա, էլի կլինի առավոտ, և էլի մայրս կհանձնարարի մեր վարպետին սուրճ մատուցել, և ամեն անգամ շենք մտնելիս կտեսնեմ այդ աղջկան, մի քիչ կհուզվեմ, ուղղակի կժպտամ և կանցնեմ։

Nane Eghiazaryan

Հուլիսի չորսին

Հուլիսի չորսին Եղեգնաձորի զորամասում տեղի ունեցավ մատուռի բացում: Ներկա էին հիմնականում ժամկետային զինծառայողները: Իսկ ես ներկա էի որպես իմ քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցու երգչախմբի անդամ: Պարզվեց, որ մատուռի գաղափարը զորամասի հրամանատարն ունեցել էր վաղուց, բայց չէր գտել այն կառուցելու ճիշտ ժամանակը: Եվ, վերջապես, ճիշտ ժամանակը եկել էր. հուլիսի չորսին Եղեգնաձորի զորամասի 20-ամյակն էր, և նոր Սուրբ Գրիգոր Տաթևացի մատուռի բացումը:

Շոգ էր, բայց մարդկանց երեսին դժգոհության մի նշույլ էլ չկար, չնայած՝ շատերը կանգնած էին արևի տակ: Մատուռը կառուցելիս ամեն զինվոր իր ներդրումն էր ունեցել, իսկ ֆինանսապես օգնության էին հասել շատ բարերաներ: Թեմի առաջնորդն ասաց, որ դեռ շատ այսպիսի մատուռներ են բացվելու, ու մի անգամ ևս նշեց, թե ինչքան կարևոր և ամուր է ազգ-եկեղեցի-բանակ-հայրենիք կապը:

Դե, մեր երգչախումբը երգեց, ավարտվեց միջոցառումը, և մենք վերադառնում էինք Ջերմուկ, երբ որոշեցինք գետի ափի մոտ մի փոքր զովանալ: Կանգ առանք մեզ հարազատ Արփայի ափերին: Ընկերուհիս անընդհատ չորս կողմն էր նայում, և ինչ-որ բան էր փնտրում, հետո երևի իր ուզածը չգտնելով՝ ինձ հարցրեց, արդյոք մոտակայքում աղբարկղ կար: Ես էլ նայեցի շուրջս ու տեսա տոպրակների ու էլի պիկնիկից հետո մնացած աղբի հետքերը, իսկ երբ ուզում էի նրան պատասխանել, հանկարծ մեր երգչախմբի փոքրիկ անդամներից մեկը ուրախ-զվարթ ասաց.

-Չե՞ս տեսնում, ամբողջ շրջակայքումդ աղբ է: Ուրիշ մարդիկ գցել են, դու էլ գցիր նրանց պես:

Ճիշտ է, մենք նրան բացատրեցինք, որ շրջակայքը աղտոտել չի կարելի, բայց գուցե ուրիշ այդպիսի շատ-շատ երեխաներին բացատրողներ չգտնվեն: