Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, կամ մարդն է գեղեցկացնում աշխատանքը։ Ավելի հակված եմ երկրորդին։ Աշխատանքը չպետք է դառնա պարտականություն, այլ հաճույք՝ համատեղած օգտակարի հետ։
Չեմ հասկանում՝ ինչպես են մարդիկ ընտրում այն մասնագիտությունը, որը չեն սիրում, այն աշխատանքը, որին ամեն առավոտ դեմքի դժգոհ արտահայտությամբ են գնում։ Չսիրած գործով զբաղվելը հավասար է լիարժեք չապրելուն։
Չեմ հիշում՝ ինչպես, ում խորհրդով, երբ սկսեցի հետաքրքրվել լրագրությամբ: Հետո, հուրախություն ինձ, դպրոցում լրագրության խմբակ բացվեց. Էլ տարակուսելու ու մտածելու ոչինչ չկար. ես գտա իմը։
Լրագրությունը պահանջում է էներգիա, կրակ ներսումդ, հետաքրքրասիրություն, հաճախ էլ՝ անհամբերություն. այն, ինչ կա իմ մեջ, այն, ինչ ես եմ։
Ըստ իս, լինել լրագրող, նշանակում է մի քիչ լինել հետախույզ, լուսանկարիչ, գրող… Նշանակում է միշտ լինել պատրաստ ու ճիշտ ժամին ճիշտ վայրում։
Լինել լրագրող, նշանակում է մի կողմ դնել սեփական հույզերը, զգացումները, լինել էմոցիոնալ, բայց տուրք չտալ անձնական հուզումներին։
Շատ հաճախ լրագրողները ստիպված են լինում վտանգել սեփական կյանքը լավ ռեպորտաժ ստանալու համար: Խոսքս, իհարկե, ամեն քայլափոխի հանդիպող ցածր մակարդակի ու կասկածելի բովանդակությամբ տարբեր բլոգներում նյութեր հրապարակող «լրագրողների» մասին չէ: Իրական լրագրողը գիտի իր և ընթերցողի արժեքը: Նա պետք է նախ հարգի ինքն իրեն, իր կատարած աշխատանքը, որ հետո կարողանա հարգել իր լսարանին:
Այսօր պատերազմներն ու ահաբեկչությունները, ցավոք, մեր առօրյայի անբաժանելի մասն են կազմում: Ամեն օր մեր աչքի առջև լրագրողներն անցնում են ռմբակոծությունների, ռազմական լարված իրավիճակների միջով, որ կարողանան մեզ վերահասու դարձնել այն աղետներին, որոնց կողքով մենք անտարբեր ենք անցնում: Մարդիկ ու հենց իրենք՝ լրագրողները, պետք է կարողանան հասկանալ այդ մասնագիտության մեծ նշանակությունը երկրի ու ժողովրդի համար:
Ես արդեն իմ ուսերին զգում եմ այդ մեծ պատասխանատվությունը և պատրաստ եմ ու ուզում եմ դառնալ այդ վտանգավոր, բայց միաժամանակ հետաքրքիր, արկածներով ու նոր բացահայտումներով լի մասնագիտությունն ունեցողների բանակի մի մասնիկը, լիարժեք մասնիկը:
Ի վերջո, ինչո՞ւ եմ ցանկանում լրագրող դառնալ. կան մարդիկ, ովքեր նախընտրում են լռելը, ու մարդկային, հասարակական շատ խնդիրների կողքով երես դարձրած են անցնում: Բարեբախտաբար ես նման մարդկանց խմբին չեմ դասվում: Չեմ կարող չբարձրաձայնել այն, ինչն անհանգստացնում է ինձ: Անգամ երբ ինքս էլ չեմ կարողանում օգնել, փորձում եմ գրել, տեղեկացնել մարդկանց, հուսալով, որ ինչ-որ մեկը կհայտնվի: Լրագրությունը հնարավորություն կտա ավելի շատ նկատել մեր փոքր երկրում առկա մեծ ու աննշան խնդիրները, կտա հարթակ, որտեղ կկարողանամ խոսել դրանց մասին ու հանգիստ լինել, որ ես էլ իմ ուժերի չափով կարողացա օգնել:

-Է-լե-նա՛…
Ահա այսպես է սկսվում Մարտունի քաղաքի միկրոթաղամասում բնակվող երեխաների առօրյան՝ իրենց կազմակերպած կամ հորինած խաղերով:
-Լավ, երեխեք, էս խաղից հոգնեցի, եկեք ուրիշ բան մտածենք:
-Ուրեմն, բոլոր գնդակները հավաքում ենք, շրջան ենք կազմում, ու սկսում ենք գնդակները տալ իրար: Ում ձեռքից ընկավ, նա դուրս է գալիս խաղից:
-Երեխե՜ք, տղաները հեծանիվ են քշում, եկեք գնանք մենք էլ քշենք:
Այս թաղամասը լայն խաղադաշտ է ֆուտբոլ խաղալու համար, հարմարավետ թաքստոցեր ունի պահմտոցի խաղալու համար, իսկ երեկոյան ժամերին խաղերից հոգնած դառնում է հրապարակ՝ հեծանիվ քշելու համար:
Շատ եմ սիրում մայրամուտը: Ամեն օր երեկոյան դուրս գալով տանից` զարմանում եմ, թե ինչպիսի հրաշք է ստեղծել բնությունը: Նայում և չեմ հագենում: Արևը կարմրում է: Նրա ճառագայթները, ընկնելով ամպերի վրա, երկինքը գունավորում են վարդագույն, նարնջագույն, դեղին, երկնագույն, վառ կարմիր և առահասարակ, ծիածանի բոլոր գույներով: Գույները միաձուլված են մեկը մյուսին: Կարմիրը, սկիզբ առնելով արևից, ձուլվելով նարնջագույնին, անցնում է դեղինի, դեղինը` վարդագույնի, իսկ այդ ամբողջ տեսարանը շողշողում է արդեն խամրող երկնագույնի վրա։








