Ani Ghulinyan

Եվրատեսիլին ընդառաջ

Հայերը սովորություն ունեն, չէ՞, մի բան ամբողջ ուժով քննադատել, հետո մոռանալ դրա մասին: Այսպես է լինում ամեն անգամ, երբ մոտենում է Եվրատեսիլը, երբ ընտրվում է մասնակիցը, ներկայացվում է երգը: Առաջին արձագանքները վատը չեն, բոլորն էլ սկզբից հույս են փայփայում, որ վերջապես հայ հանդիսատեսն էլ է զգալու Եվրատեսիլն իր երկրում տեսնելու առավելությունը: Վերջում, երբ ամեն ինչ ավարտվում է, հաղթողն էլ պարզ դառնում, պարզ է դառնում նաև այն, որ մինչ այդ փայփայած հույսերը զուր էին, որ այս անգամ էլ Եվրոպան նախապատվությունը տալու է մի թեկնածուի, ով այս կամ այն կերպ չի հակասում իր սկզբունքներին, դեռ մի բան էլ՝ ընդգծում է դրանք:

Անցյալ տարի մեր երգը վատը չէր, նույնիսկ վերջին տարիներին ամենահաջող ներկայացվածն էր, մեր մասնակցի շանսերն էլ բարձր էին գնահատում: Արդյունքում Ուկրաինայի մասնակիցը, որի երգը լսելիս ակամա ձեռքերով փակում ես ականջներդ, դարձավ հաղթող, Եվրատեսիլն իր հետ տարավ Կիև ու մի լրացուցիչ անգամ էլ հնչեցրեց իր երգը, որը ուներ լավ արտահայտված քաղաքական ենթատեքստ: Իսկ մի քանի տարի առաջ, մեր երկիրը ներկայացնող Geneology խմբի ներակայացրած երգի անունը փոխել տվեցին, ասելով, թե այս նախագիծը ձեր պատմությունը ներկայացնելու համար ամենալավ վայրը չէ: Մի տարի էլ միասեռականներին իրենց աջակցությունը ցույց տալու ու իրենց տեսակետն այդ մասին հստակ արտահայտելու համար Ավստրիայի ներկայացուցչին հաղթանակը տվեցին, չնայած այն, որ ավստրիացին լավ ձայն ուներ, հերքել չենք կարող:
Ասածս ինչ է՝ ամեն տարի ոգևորությամբ Եվրատեսիլին սպասելուց հետո պարտվողի հոգեբանությամբ այն քննադատելու, քաղաքական ենթատեքստեր փնտրելու ու մեզ տասներկու միավոր չտված «դաշնակիցների» հասցեին վատ խոսքեր շռայլելու փոխարեն, գիտակցեք, որ Եվրատեսիլը պարզապես երգի մրցույթ է, որին մասնակցում են մոտ հինգ տասնայկ երկրներ, քվեարկում է ամբողջ աշխարհը, հաղթում նա, ում հաղթանակն այդ տարի պետք է Եվրոպային:

Թեթև մոտենանք:

marieta baghdasaryan

Հենց այսպիսի փոխանակում

-Դե, ես իմը կիջեցնեմ, դու էլ քոնը, հա՞։

-Ըհըն․․․Դե, պայմանավորվեցինք։

Բարձրացա արագ տուն, վերցրի իմ ամենասիրած գիրքը, որն ինձնից այնքան դժվար է պոկելը, այն տալիս եմ շատ քչերին՝ էջերը չծալելու մեծ պայմանով։ Գիրքը Ջոն Գրինի «Մեղավոր են աստղերն» էր։ Ես ու մեր դիմացի շենքի Մերին որոշեցինք գրքերի փոխանակում անել՝ ես իրեն տվեցի իմ «աստղերը» (դե, երևի հասկացաք, որ այդպես եմ կրճատել գրքի անունը) իսկ ինքն ինձ իր «երիցուկները»։ Երիցուկներն էլ Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» գիրքն է։ Հանդիպեցինք շենքերի ուղիղ մեջտեղում ու փոխադարձ խոստում տվեցինք ՝ շուտ վերադարձնել։ Այնինչ երկուսս էլ չէինք պատկերացնի, որ այդ «շուտ»-ը մեկ օրը կլինի։

Գրքի մասին շատ լավ բաներ էի լսել ու որոշել էի առաջին հնարավորության դեպքում կարդալ։ Վերցրի, տարա տուն ու պատահական մի էջ բացեցի։ Գրված էր․

«Երբեմն մենք չէ, որ մեր կյանքի վերաբերյալ որոշումներ ենք կայացնում։ Հաճախ ամեն բան դասավորվում է այնպես, ինչպես իսկապես պետք էր, պարզապես դա գիտակցելու համար մի փոքր ժամանակ է հարկավոր։ Եթե չես հասել նրան, ինչին ձգտում էիր, դեռ չի նշանակում, թե ամեն բան ավարտված է։ Կամ նորից ձգտիր, կամ էլ, եթե հնարավոր չէ, փոխիր ձգտման ուղղությունդ։ Երբեք ուշ չէ։»

Այսքանը կարդացի ու որոշեցի բացել ու կարդալ սկզբից։ Գրասեղանիս դրված բոլոր մաթեմատիկայի գրքերը երևի արդեն սկսել էին նեղանալ, որովհետև շաբաթվա այդ օրը, այդ ժամին սովորաբար նրանք էին լինում իմ ձեռքին։

Կարդացի մի շնչով, ավարտեցի ու փակեցի գիրքը։ Հաջորդ օրը առավոտյան, երբ արթնացա, զգացի, որ կարոտել եմ Հայկին ու Աստղիկին։ Նորից կարդացի։ Ու էդպես մի քանի անգամ վերընթերցեցի գրքի «կարոտվող» հատվածները։

Գիրքն ինձ հետաքրքրեց, որովհետև այն պատմում էր կյանքի մասին բոլոր գույներով, ամենագորշից մինչև պայծառագույնը։ Չնայած մի քիչ «մեծական» թեմաներին, որոնք երբեմն ինձ չեն հետաքրքրում (դե՝ բաժանություն, ընտանեկան երջանկություն և այլն), հետաքրքրությունը պահվեց մինչև վերջ։ Ուղղակի վերջը կանխատեսելի էր այնքանով, որ հենց սկզբում էլ ասվում էր, որ նրանց հարաբերությունները տխուր ավարտ են ունենում։ Գիրքը կարդալու ամբողջ ընթացքում գեղեցիկ հատվածների պակաս չզգացվեց, ու մինչև հիմա էլ կարդալով դրանք, խորասուզվում եմ մտքերիս մեջ։

Հաջորդ օրը զանգեցի Մերիին, ու պարզվեց, որ նա էլ ինձ պես նախորդ օրվա պարապմունքները զոհել էր գրքին ու տպավորված էր դրանով։ Մենք իրար հերթ չտալով քննարկում էինք գրքերի մանրամասներն ու հիանում դրանցով։

Հենց այսպիսի հետաքրքիր փոխանակում։

Պեչենու բաղեր

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

-Լիլի՞թ, գալի՞ս ես գնանք «Պեչենու բաղեր»,-հարցրեց հայրիկս:

-Է՞դ ո՞րն ա,-հարցրեցի ես:

-Չե՞ս լսել, որ ասում են. «Ի՞նչ ես քեզ պեչենու բաղերը գցել»:

-Չէ, չհասկացա:

- Դպրոցում էդպես չե՞ն ասում հեչ, էն, որ իբր չեն հասկանում:

-Չէէէ:

- Իսկ չե՞ս լսել. «Դոդերի բախչան գցել» արտահայտությունը:

-Հա~, ընկեր Սարուխանյանն էր տենց ասում,- ասացի ես՝ հիշողությունների մեջ ընկնելով:

-Ուրեմն հասկացար:

-Հա:

-Գալի՞ս ես հետս,- հարցրեց հայրիկը:

-Հա, իսկ ի՞նչի համար ենք գնում:

-«Չկա՝ չկա» գրքի շնորհանդեսն ա:

Ես չգիտեի այդ գրքի և հեղինակի մասին, բայց համաձայնվեցի:

Մենք գնացինք «Պեչենու բաղեր» սրճարան: Մուտքի մոտ կանգնած էին մարդիկ, ովքեր արդեն վերցրել էին այդ գիրքը, մարդիկ, ովքեր ծխում էին կամ ուղակի զրուցում:

Ներս մտանք: Տարածքը փոքր էր: Ես և հայրիկը գնեցինք «Չկա՝ չկա» գիրքը: Գիրքը շատ հետաքրքիր էր պատրաստված. շապիկին հաստ ստվարաթուղթ էր սոսնձած, իսկ վրան ոչինչ չկար գրած: Մարդիկ մոտենում էին գրքի հեղինակին՝ Գեմաֆին Գասպարյանին, և ընտրում, թե որտեղ նա դնի կնիքը, որի վրա գրված է «Չկա՝ չկա»: Դե, կնիքը հենց գրքի վերնագիրն էր:

Ծանոթացա Գեմաֆինի հետ, ընտրեցի կնիքի տեղը: Հետո էլ լուսանկարեցի Գեմաֆինին՝ իր գիրքը ձեռքին:

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Ես և հայրիկը մի քիչ էլ մնացինք, զրուցեցինք մարդկանց հետ և հետ վերադարձանք:

Կարևորը իմացա, թե ինչ է նշանակում պեչենու բաղեր:

«Չկա՝ չկան» դեռ չեմ կարդացել, բայց էջանիշի վրայի գրածը հավանում եմ:

ձեզ թվում է,
որ ինձ թվում է,
որ ձեզ թվում է,
որ ինձ թվում է:

իսկ ինձ թվում է,
որ ձեզ թվում է,
որ ինձ թվում է,
թե ձեզ թվում է:

բայց ձեզ թվում է
ու ինձ թվում է,
թե ձեզ թվում է
կամ ինձ թվում է…

arxiv

Ես տիկնիկ չեմ, մարդ եմ

-Ես կարմիր թշիկներով տիկնիկ չեմ ուզում,- լացակումած ասաց քույրս՝ առաջին անգամ տեսնելով ինձ` ծածկոցով փաթաթված, գունդուկծիկ արած, անշարժ դրած անկողնու վրա. իսկապես որ՝ տիկնիկ:

Երբ քրոջս բացատրեցին, որ ես իսկական մարդ եմ, միայն թե` փոքրիկ, նա, չգիտես ինչու, ինձ շատ սիրեց: Դա հիմնականում արտահայտվում էր նրանով, որ տատիկիս հետ ինձ մեջքի վրա պառկեցնում էին գորգին, և երբ ես բլոճի նման փորձում էի շրջվել փորի վրա, բայց մոտս ոչինչ չէր ստացվում, սկսում էին ծիծաղել վրաս: Կամ` երբ արդեն մի քիչ մեծ էի ու թաշկինակին «չանչինակ» էի ասում, դաշնամուրին՝ «ջամփարուր», իսկ պատառաքաղին՝ «պատարագ», նրանք ջանք չէին խնայում ծիծաղելու վրաս: Ես էլ ասում էի.

-Կգնամ մանկապարտեզ, կոնֆետ կուտեմ, թուղթը ձեզ չեմ բերի,- ու մտածելով, որ դա մեծ պատիժ է նրանց համար՝ նեղանում էի, գնում, մի որևէ մութ անկյունում թաքնվում: Բայց չէր անցնում երկու րոպե, և ես հաշտված վերադառնում էի ու առաջարկում վարդի մասին հանելուկ ասել կամ նման մի բան:

Մի անգամ էլ նեղանալով` թաքնվեցի լոգարանում ու դուռը կողպեցի, բայց կողպեքը չէի կարողանում բացել և կես ժամ այնտեղ մնալուց հետո հանձնվեցի:

-Լավ, գոնե թաշկինակ տվեք, եթե դուռը չեք ուզում բացել,- միամտորեն խնդրում էի ես լացակումած, բայց մայրս ու քույրս, ցավոք, դուռը բացել չէին կարողանում, իսկ հայրս տանը չէր, և ես ստիպված էի սպասել, մինչև մեր հարևանը կբարձրանար վերև ու ինձ կազատեր:

Անուշ Մուրադյան 14տ., 2003թ.

Nane Eghiazaryan

Նապոլեոնների երկրում

Հայ ժողովուրդը արարող ժողովուրդներց մեկն է…
Իմ կարծիքով` ամեն հայ գիտի այս նախադասությունը, և եթե չգիտի, պետք է իմանա, բայց մարդ ինչքան էլ ստեղծում է, գալիս է մի պահ, երբ այլևս դրա դիմաց ստացած վարձը բավական չի լինում ընտանիք պահելու համար: Երբեմն մարդն իսկապես հոգնում է չարչարվելուց և, ստանալով չնչին աշխատավարձ, այլ ճար չի տեսնում, բացի հայրենիքից դուրս աշխատանք փնտրելը: Այդ մարդկանցից շատերին կարող ենք հարցնել, թե ո՞ւր է նրանց հայրենասիրությունը ու պարտքի զգացումը դեպի սահմանին կանգնած զինվորը, բայց մի՞թե նա էլ չի ասի, թե որտե՞ղ է իմ չարչարանքի արդյունքը: Ամեն դեպքում կան շատ կարծիքներ դեպի արտեկիր մեկնողները: Շատերն են ասում, որ մարդ, եթե լավ փնտրի աշխատանք, անպայման կգտնի, բայց ի՞նչ անեն այն մարդիկ, ովքեր փնտրում են և իրենց հարմար գործ չեն գտնում: Էստեղ էլ մի ուրիշը կասի, թե պիտի հարմարվի ուրիշ աշխատանքին, բայց մարդն ինչո՞ւ պետք է հարյուր հազարավոր դրամներ ծախսի և չորսից տասը տարի տրամադրի համալսարանում ուսում ստանալուն, որ հետո էլ ուրիշ գործին հարմարվի: Կամ, լա՛վ, ասում են, որ լավ մասնագետները չեն կորչում և գտնում են իրենց աշխատավայրերը։ Համաձայն եմ, իսկ ի՞նչ անեն միջին մակարդակի մասնագետները, նստեն տանը ու վե՞րջ…

Ես ուղղակի ուզում եմ հասկանալ նրանց, ովքեր ասում են, որ ապագան մեր հայրենիքում է… Լա՛վ, ես էլ եմ համաձայն ձեզ հետ, եկեք ամբողջ ազգով մնանք մեր երկրում, նստենք տներում ու զբաղվենք անգործությամբ ու մեկ էլ կտեսնենք՝ հո՛պ, արդեն տուն չունենք, դրա փոխարեն շատ պարտքեր ունենք:

Դե, ի՞նչ ասեմ, երևի Հայաստանում կան ընդամենը հազվագյուտ մարդիկ, ովքեր պարտքեր չունեն: Լա՛վ, սա էլ հասկացանք, մնում են մեր երկրում, կուտակում պարտքեր ու աշխատում: Աշխատում ենք, նորմալ աշխատավարձ ենք ստանում, բայց մեկ է, պարտքեր ունենում ենք, իսկ սա ինչի՞ հետևանքով է:

Հայը հայրենասեր է, նա սիրում է աշխատել և իր քրտինքով հաց ստեղծել, բայց հայը նաև փառասեր է:

Ինչպես ասում էր Րաֆֆին՝ հային պետք է բացատրել, որ ինքը չի կարող միայն նապոլեոններ ծնել:

lilit harutyunyan lchshen

Ընկնելով ծուղակը

Ես շատ հետաքրքրասեր եմ: Իմ կարծիքով, դա և՛ լավ է, և՛ վատ։ Լավ է, քանի որ դրա շնորհիվ կարողանում եմ ավելին իմանալ ու ընդլայնել գիտելիքներիս պաշարը, և վատ, քանի որ հաճախ դրա պատճառով տուժում եմ:

Այ, օրինակ՝ մի անգամ կարդացի 17.am–ի թղթակիցներից մեկի՝ Արտյոմ Ավետիսյանի՝  «Հիվանդությո՞ւն, թե՞ մրցակցություն» վերնագրով նյութը, որտեղ նա պատմում էր Color Switch խաղի մասին և վերջում հավելել էր, որ ովքեր չգիտեն խաղի մասին՝ ոչ էլ փնտրեն, թե չէ, կրակը կընկնեն: Իսկ ես… Իսկ ես սովորությանս համաձայն՝ փնտրեցի, ներբեռնեցի ու սկսեցի խաղալ: Սկզբում հիմարություն թվաց (ինչպես մյուս բոլոր խաղերը), բայց դա միայն սկիզբն էր, իսկ հետո, երբ խորացա, այլևս չկարողացա կտրվել խաղից: Երբեմն հոգնում եմ այդ խաղից և ուզում եմ ջնջել, բայց հետո հասկանում եմ, որ մեկ է` մի քանի ժամից կրկին ներբեռնելու եմ:

Ես նույնպես խորհուրդ կտամ չփնտրել խաղը, թե չէ, դուք էլ իմ նման՝ կընկնեք այդ խաղի ծուղակը:

Albina

Մինը չի լի՝ Շաքեի ջրվեժից խոսի

-Էհ՜, դե ով էլ ընտրվի, երկրի վիճակը նույնն է էլի մնալու։

-Է, դե, չէ՛, ինչո՞ւ ես էդպես կարծում։

-Հըն, բա ուրիշ ի՞նչ ասեմ, որ կուսակցությունն էլ անցնի, նույնն է լինելու։

Անցնում եմ գյուղով ու լսում գյուղամիջում հավաքված մարդկանց զրույցները ընտրությունների մասին։ Առհասարակ, յուրաքանչյուր խոսակցության երկրորդ թեման ընտրություններն ու կուսակցություններն են: Որոշեցի մնալ և լսել նրանց խոսակցությունները:

-Ամեն օր մեկը գալիս, իր ասելիքը ասում, գնում, եդավ էլ ոչ մի բան չի անում երկրի համար։

-Հա, դե էդ էլ ես ճիշտ ասում․ սկի ոչ չանցնողն ա խոստացածը անում, ոչ էլ՝ անցնողը։

-Մին ա, ով էլ անց կացավ, մի, երկու բան է անելու, որ ժողովրդին գոհացնի։

-Է, դե, վերջացրե՛ք էս խոսակցությունները, հերիք է բողոքեք երկրի վիճակից, ձեր վիճակից, վիճակը փոխելու լավ առիթ կա՝ կգնաք, ում ուզում եք, նրան էլ կընտրեք, որ մի քանի տարի հետո մեր երեխաները չբողոքեն:

-Ընտրություններից եք է խոսում, մեր են գեղեցիկ Շաքիի ջրվեժը չորացման եզրին է: Մինը չի լի ըտանից խոսա,-խոսակցության մեջ մտավ մի մարդ, ով լուռ լսում էր այս ամենը:

Երբ լսեցի այս խոսքերը, դադարեցի լսել մարդկանց, ովքեր խորացել էին քաղաքականության մեջ: Իրականում դա ճիշտ է, բոլորը տարված են միայն ընտրություններով, քարոզարշավներով, հաղթանակի հասնելու և այլ բաներով, իսկ այդ ամենի կողքին ոչնչանում են բնության հրաշքները: Վազեցի տուն՝ մեկ անգամ ևս հաստատելու համար լսածս, որովհետև ես էլ կարդացել էի նման մի նյութ, որտեղ գրված էր, որ ջրվեժի ջուրը կտրել են:

Հիմա անհամբեր սպասում եմ ընտրությունների ավարտին: Տեսնես ընտրություններից հետո մեր ջրվեժին հերթ կհասնի՞:

arman arshak

Նախընտրական Հայաստան

Այսօր Հայաստանում կավարտվի նախընտրական քարոզարշավը: Փողոցում ամենուր պաստառներ են, հեռուստատեսությամբ՝ քարոզարշավի տեսահոլովակներ, դռնեդուռ անցնող ակտիվիստներ: Անկախ մեր կամքից՝ մենք ինքներս ներգրավվում ենք այդ գործընթացներում, ու ամբողջ Հայաստանը՝ բոլոր քաղաքներն ու գյուղերը, քաղաքացիների ու գյուղացիների առօրյան լցնում են քաղաքական թեմաներով: 

Դե, լինում են մարդիկ, որոնք մտածում են, որ ավելի ճիշտ է չմասնակցել ընտրություններին, սակայն պետք է գիտակցենք, որ դա յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է: Ցավալի է նաև այն փաստը, որ երիտասարդների մի ստվար զանգված ընդհանրապես չի հետաքրքրվում քաղաքականությամբ: Ըստ իս՝ կապ չունի դու չափահաս ես, թե ոչ, ունես արդյոք ընտրությանը մասնակցելու իրավունք թե ոչ, դու պետք է լինես իրազեկված քո երկրի քաղաքական վիճակից:

Հիմա նյութս գրում եմ հասարակական տրանսպորտում, իսկ իմ հետևում նտած երկու ծերունիները քննարկում են ընտրակարգը, առաջադրված կուսակցությունները ու դաշինքները: Տեսնես, երբ ավարտվեն ընտրությունները, ավարտվեն հետընտրական քննարկումները, հայաստանցու առօրյան էլ ի՞նչը կլցնի:

Այժմ իմ կանգառն է, ես պետք է գնամ, կհանդիպենք ընտրություններից հետո, երբ Հայաստանը կազատվի նախընտրական աժիոտաժից:

amalya harutyunyan

Բողոքս հայտնում եմ գրականության միջոցով

Անի Սիմոնյանը, նույն ինքը` Անի Յավրենցը, երիտասարդ գրող է:
Սիրում է կարդալ, գրել, ստեղծագործել, իրեն համարում է «ջրված արև»: -Ինչպե՞ս ես սկսել ստեղծագործել, և կա՞ն ընտանիքում մարդիկ, ումից ժառանգել ես քո տաղանդը:
-Ստեղծագործական առաջին փորձերս եղել են 9-10 տարեկանում, երբ հեքիաթներ ու առակներ էի գրում: Գրելուս հիմնական նպատակը պապիկիս նմանվելն էր: Ինքը գրող էր, ու ինձ դուր էր գալիս իրեն հատուկ միամտությունը, աշխատասենյակը, գրելաոճը: Սակայն 11 տարեկանում «գրողի կարիերաս» կանգ առավ: Ստեղծագործելու կարողությունը որպես «ժառանգություն» դիտարկելը փոքր ինչ հակասական պատկեր կստեղծի: Չեմ կարող ասել, որ ժառանգել եմ այն: Քանի որ շատ էի կապված պապիկիս հետ, իր մահը մեծ ազդեցություն թողեց աշխարհայացքիս ու էությանս վրա: Իր մահից հետո մի պահ կանգ առա ու որոշեցի, որ պիտի իր կիսատ մնացած տողատակերը շարունակեմ: Սկզբում գրում էի իր համար, թղթին ասում էի էն, ինչ պիտի ասեի պապիս, բայց չհասցրի ասել: Հետո նորից մի ժամանակահատված կանգ առա ու սկսեցի հղկել գրելաոճս, հստակեցնել, կապ ստեղծել ընթերցողի հետ, ուսումնասիրել, կարդալ: Ու էդպես սկսեցի գրել ոչ թե բացառապես իմ, այլ իմ ու ընթերցողիս համար, ու սկսվեց ստեղծագործական կյանքս:

-Ո՞ր զգացմունքներն են մղում գրելու:
- Երբեք չեմ մտածել էդ հարցի շուրջ, բայց կարծում եմ այն բողոքը, պայքարը, որը ես չեմ կարողանում բարձրաձայնել, հայտնում եմ գրականության միջոցով:

-Ո՞վ է առաջին ընթերցողդ և ի՞նչու:
- Առաջին ընթերցողս եղել ու շարունակում է լինել քույրս՝ Մարիամը: Դժվարանում եմ պատասխանել, թե ինչու՞: Ուղղակի, ես երևի իրեն նույնականացնում եմ ինձ հետ ու իր կողմից տրված քննադատություններն ինձ համար շատ կարևոր են: Ինքն իմ գրվածքներին նայում է հարազատի աչքերով: Էն, ինչը ինձ համար օտար կթվար, ինքն զգում է ու հավանական փոփոխության մասին հայտնելիս՝ միշտ նշանակետին է խփում:

-Ի՞նչպես ես վերաբերվում քննադատություններին:
-Էս հարցը շատ եմ սիրում: Ցեխ շպրտելը քննադատությունից պիտի տարբերվի: Այսինքն, եթե ասվում է, որ խնձորը վատն է, ապա պիտի հիմնավորվի՝ ինչո՞ւ է արդյոք վատը և ինչպե՞ս ավելի լավը կլիներ: Քննադատությունը, որպես էդպիսին, շատ զիլ գաղափար է, որովհետև չի թողնում նույն տեղում դոփես, ու անընդհատ շարժվում ես առաջ:

-Ո՞րն է քո ամենանվիրական ցանկությունը:
- Ցանկություններ, երազանքներ շատ ունեմ, բայց ամենանվիրականը՝ ունենալ սեփական խմբագրություն:

-Ի՞նչն ես համարում քո երջանկությունը, և ի՞նչը կարող է քեզ ուրախություն պարգևել:
-Երջանկություն է ունենալ մի սենյակ, որի մի պատը շոկոլադ է, մյուս երեքը՝ ամերիկյան ու հայ գրականություն…

-Քեզ համարո՞ւմ ես հաջողակ մարդ, և ըստ քեզ, ո՞րն է քո հաջողության գրավականը:
-Լինել բացարձակ հաջողակ, կնշանակի հեռու մնալ ամենատարբեր փորձություններից, որ կյանքը կարող է քեզ մատուցել: Բայց անհաջողակն էլ մի բան չէ: Դրա համար ես ինձ կհամարեմ կիսահաջողակ:

-Քեզ համար ո՞րն է մարդկային ամենաբարձր զգացմունքը, և ունե՞ս արդյոք իդեալներ:
- Իդեալներ չունեմ: Ընդհանրապես աշխատում եմ հերքել իդեալականացված կյանքի ու գաղափարների երևույթը: Ստեղծված իդեալները խոչընդոտ են հանդիսանում՝ գաղափարների զարգացման հարցում: Էդ պատճառով չունեմ իդեալներ:

-Ո՞ր սկզբունքով ես առաջնորդվում կյանքում:
-«Որդան Կարմիր» խումբը մի երգ ունի, ասում է՝ «Քայլ արա՛»: Գաղափարը, որպես էդպիսին շատ զիլ է: Այսինքն, դու քայլ արա, եթե ստացվի, ալտերնատիվ տարբերակներ կգտնես: Կյանքի տարբեր փուլերում հասկանում ես, որ էդ քայլը օդի ու ջրի պես պետքական մի բան է: Էդ քայլերն են, որ քեզ տանում են դեպի հաջողություն:

-Սիրածդ հեղինակը, գիրքը, և ինչո՞ւ:
-Սիրածս հեղինակը՝ Բուկովսկի, Քերուակ, Չարենց: Գիրքը՝ Ֆրանսուա Սագան «Մի քիչ արև պաղ ջրի մեջ»: Գիրքն ինձ համար ծայրահեղ հոգեհարազատ է, երևի որովհետև կարդացի այն կյանքիս կարևորագույն ժամանակաշրջանում:

-Ի՞նչ արժեք ունի քեզ համար հայ գրականությունը և ո՞ւմ ես համարում հայ գրականության գագաթնակետը:
-Կարծում եմ գրականությունը էն ոլորտն է, որտեղ չպիտի լինեն գագաթներ ու իդեալներ: Որպես էդպիսին Չարենցին համարում եմ հայ գրականության հանճար, բայց կարծում եմ պետք չի սառեցնել «հայ գրականության գագաթ»ի գաղափարը:

-Գրականությունը քեզ համար ճանապարհ է փրկությա՞ն, թե՞ հարցադրում, բողոք:
-Կարծում եմ ավելի շատ՝ հարցադրում, բողոք: Չես կարող միանշանակ ասել, որ գրականությունը կփրկի ժողովրդին, ազգին, բայց այն, որ գրականությունն ունակ է արթնացնելու բողոք, պայքար, դա միանշանակ է:

-Ի՞նչն է մեզ պակասում այսօր:
-Մենք այսօր ինֆորմացված երիտասարդների պակաս ունենք: Երիտասարդներ, ովքեր ունակ կլինեն լսել, ընկալել, բանավիճել ու զարգանալ: Թվում է, թե 21-րդ դարում ինֆորմացիայի պակաս պիտի չլինի. այո՛, բայց կա սահմանափակության երևույթը: Պիտի չբավարարվել սահմանափակ ինֆորմացիայով, պիտի ունակ լինեն վերցնել էնքան, ինչքան հնարավոր է: Բացի այդ, կարևոր է գրականությունը մտցնել արդի կյանք: Մենք ժամանակակից գրականության հրաշալի ներկայացուցիչներ ունենք, ովքեր ստվերում են մնում: Կարծում եմ, իրավիճակը շտկելու համար պետք է կոտրել դպրոցների սառեցված գաղափարները: Եկող սերնդին հասկացնել, որ կարելի է հիմա էլ ստեղծագործել, գրել ու մոտ լինել արվեստին: