
Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի
Երկու օր էր, ինչ մասնակցել էի 17-ի դասընթացներին, և ուղեղումս միայն մի միտք էր պտտվում՝ ցանկանում էի լուսանկարել գյուղս։ Այնքան էի ոգևորվել, որ չէի համբերում, թե երբ է լույսը բացվելու, որ ես սկսեմ աշխատանքս: Բայց մի բան մոռացել էի՝ դպրոցը, դասերը: Երկուշաբթի և երեքշաբթի օրերին դասերիս ծավալուն լինելու պատճառով չէի կարողանում դուրս գալ տանից և կատարել որոշածս։ Դպրոցից շտապ տուն էի գալիս, ճաշում և սկսում դասերս։ Պետք է շուտ ավարտեի, որպեսզի հասցնեի մինչև մութն ընկնելը լուսանկարել ծննդավայրս՝ Կաքավասար գյուղը։ Դասերս ավարտելուն պես դուրս էի վազում, սակայն ինձ հեռվից ժպտում էր արդեն հարազատ դարձած լուսինը և զգուշացնում ուշացմանս մասին։ Բայց, ահա, եկավ բոլոր կանանց և աղջիկների կողմից սիրված մարտի 8-ը։ Այս օրը գրեթե բոլոր աղջիկները սիրում են միայն նրա համար, որ ստանում են գեղեցիկ ծաղիկներ, նվերներ և բացիկներ։ Բայց ես այս օրվան սպասում էի լոկ այն բանի համար, որ դաս չէր լինելու, և ես վերջապես կկարողանայի լուսանկարել գյուղս։
Առավոտյան արթնացա և առանց նախաճաշելու դուրս եկա տանից։ Պայծառ և արևոտ օր էր, կամ էլ ինձ էր այդպես թվում։ Չգիտեմ։ Այնքան էի ոգևորվել, որ ցեխոտ և խորդուբորդ ճանապարհներն ասֆալտապատ էին թվում։ Սակայն ուրախությունս երկար չտևեց: Այն, ինչ ես գտա գյուղում, միայն դատարկ փողոցներն էին, ուրիշ ոչինչ։ Ուշքի գալով՝ սկսեցի լուռ քայլել փողոցներով՝ սրտումս հույսի մի փոքրիկ նշույլ պահելով: Բայց մի քանի րոպեից դա էլ փշրվեց։
Չկար ոչ ոք։ Եվ եթե իմ փոխարեն անծանոթ մեկը լիներ, կասեր, որ այս գյուղում վաղուց բնակվողներ չեն եղել, և որ բոլորը լքել են այս բնակավայրը: Բայց, ախր, դա այդպես չէ։ Գյուղս լի է մարդկանցով՝ բարի և կամեցող, որոնք սիրում են իրենց ծանր, բայց և հաճելի աշխատանքները, սիրում են իրենց ծննդավայրը:
Երանի՜ այդպես լիներ:


























Ես Միլանան եմ` հասարակ մի աղջիկ, ով ապրում է իր ստեղծած աշխարհում: Ես սիրում եմ իմ աշխարհը: Սիրում եմ մարդկանց, սիրում եմ կյանքը, ամեն բան սիրում եմ: Արմատներով մաքրամաքուր արցախցի եմ ու հպարտ եմ դրանով: Թեև ես երբեք չեմ եղել Արցախում, բայց այն ինձ համար հարազատ տուն է: Չեմ հարգում կեղծավոր մարդկանց ու իրենց բոլորից վեր դասողներին: Ինքս անկեղծ մարդ եմ ու համոզված եմ` ինչպես ես լինեմ դիմացինիս հետ, նույնը նրանից ստանալու եմ: Չեմ բողոքում ոչ մի բանից, բացառությամբ՝ մեր իշխանություններից: Ընկերասեր եմ: Ունեմ թե՛ տղա, թե՛ աղջիկ ընկերներ: Սիրում եմ նրանց անչափ: Սիրում եմ աշխույժ կյանքը, սիրում եմ շատ աշխատել, գալ ու հոգնած, ինձանից գոհ պառկել մահճակալին, նայել աստղերին ու երազել: Ինչպես ընկերներս են ասում՝ կյանքին նայում եմ «վարդագույն ակնոցով» ու դրա համար մի օր, միգուցե, թևերս կկոտրվեն: Չեմ հավատում, որ երբևէ կարող եմ կոտրվել, որովհետև որքան լավ տրամադրվես, այնքան առաջ կարող ես գնալ, ու կյանքը հենց նրանով է կյանք, որ այստեղ թե՛ դժվարություններ կան, թե՛ ուրախ պահեր:
Իմ անունն է Զավեն: Ուզում եմ մի քիչ պատմել իմ մասին: Մանկուց եղել եմ չարաճճի և հետաքրքրասեր երեխա: Մինչև հիմա սիրում եմ արկածներ ունենալ: Նաև ունեմ շատ մեծ թերություն՝ շատախոսությունը: Այո, ես շատախոս եմ, բայց իմ կարծիքով դա վատ չէ: Ես կարողանում եմ ազատ արտահայտվել, արտահայտել իմ մտքերը և զգացմունքները: Չեմ կարողանում ստել: Լինում են դեպքեր, երբ ես ենթագիտակցաբար ստում եմ, բայց չեմ կարողանում թաքցնել դա: Երբ ես ստում եմ, դեմքս կարմրում է այն պատճառով, որ ամաչում եմ այդ ստից:
