elizabet harutyunyan exvard

Մարդկանց մտքերը

Ես Էլիզաբեթն եմ, 15 տարեկան եմ և սովորում եմ ավագ դպրոցում: Ապրում եմ ծնողներիս հետ, չունեմ ո՛չ քույր, ո՛չ եղբայր: Մանուկ հասակում հաճախել եմ պարի դասերի և շուրջ 5 տարի եղել եմ Սոֆի Դևոյանի սաների աշակերտը: Դրանից հետո հետաքրքրվել եմ նկարչությամբ և հաճախել նկարչական խմբակների, 5 տարի սովորելուց հետո սկսել եմ նկարել դիմանկարներ, սակայն միայն սիրողական: Այդ դասերին զուգահեռ գնացել եմ կարատեի և, արդեն 7-րդ տարին է՝ զբաղվում եմ այդ մարտարվեստով: Հարցին՝ ինչո՞ւ կարատե, մի աղջկա զբաղմունք չկա՞ր, պատասխանում եմ հետևյալը. ես կարծում եմ, որ աղջիկը պետք է կարողանա ինքնապաշտպանվել, և չեմ սիրում, երբ մարդիկ հույսը դնում են ուրիշի վրա: Կարատե բառը նշանակում է «դատարկ բռունցք»:

Լրագրությամբ հետաքրքրվել եմ վաղուց, ցանկանում եմ սիրել այն մասնագիտությունը, որով հետագայում գումար եմ վաստակելու: Սիրում եմ ճանապարհորդել, բայց երկրից դուրս եղել եմ միայն փոքր հասակում մայրիկիս հետ: Մայրս, լինելով ռուսաց լեզվի ուսուցչուհի, ինձ մանկուց սովորեցրել է սիրել լեզուները: Լավ եմ տիրապետում ռուսերենին, սակայն անգլերենին՝ ոչ այնքան: Հետաքրքրվում եմ կորեական մշակույթով: Որոշ ժամանակ հաճախել եմ կորեերենի դասերի և սովորել եմ կորեերեն տառերը: Ցանկանում եմ լինել լրագրող, որպեսզի կարողանամ լուսաբանել բոլոր այն հարցերը, որոնք հաճախ անտեսվում են, և ցանկանում եմ անել այդ ամենն առանց որևէ կողմնապահության, ինչը հիմա հաճախ եմ նկատում լրագրողական աշխատանքում:

Կարծում եմ՝ մարդը մարդ չէ, եթե չունի իրեն հուզող որևէ հարց: Ինչքան էլ տարօրինակ հնչի՝ ինձ հուզում է այն, թե ինչպես են մարդիկ մտածում: Ասում են, որ պետք է ապրել սեփական կյանքով, ի՞նչ կարևոր է, թե կողքինդ ինչ է մտածում, պետք է ո՛չ խառնվել և ո՛չ էլ հետաքրքրվել: Ես չեմ խառնվում, բայց չեմ հանդուրժում «ցենզուրայից» դուրս մտածելակերպ ունեցող մարդկանց: Ինձ անչափ հետաքրքիր են դիմացինիս մտքերը: Շատ նրբություններ կան այստեղ, ախր, եթե կարդաս դիմացինիդ մտքերը, քեզ էլ նրա մեջ ոչինչ չի հետաքրքրի, և իմանալով ողջ բացասականը՝ կհիասթափվես: Եթե կարողանայի մտքեր կարդալ, ինչքա՜ն հիասքանչ մտքեր կլսեի, հանճարեղ մտքեր, որոնք շատերը չեն բարձրաձայնում: Քանի-քանի մարդկանց իղձեր կիմանայի և իրականացնելու հնարավորություն կունենայի:

Օ՜հ, ես երևի վերջապես հասկացա՝ ինչն է ինձ հուզում:

filita tonoyan

Գուսանագյուղի եկեղեցու անմխիթար վիճակը

Մեր գյուղի եկեղեցին կիսաքանդ է, խարխլված: 1926 թվականին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ եկեղեցու գմբեթը թեքվել է: Կոմունիստների օրոք գմբեթը գցել են և թիթեղյա ծածկով ծածկել: Այդ ժամանակ եկեղեցին ծառայել է որպես ամբար, որտեղ լցրել են ցորեն ու գարի: Երբ խորհրդային կարգերը վերացան, եկեղեցին այլևս «ամբար» չէր: Հիմա եկեղեցու թիթեղյա ծածկն էլ չկա: Առաստաղի գերանները կիսակոտրված, կախված են, ինչը շատ վտանգավոր է, ապակիներ չկան: Մեկ-մեկ եկեղեցում պատարագ է մատուցվում: Գյուղացիների մեծ մասը չի մասնակցում: Երևի պատճառը եկեղեցու քանդված վիճակն է:

Ես շատ կցանկանայի, որ համապատասխան մարմինները այս հարցին շուտափույթ լուծում գտնեին, կամ գտնվեր մի բարերար, որը կվերակառուցեր մեր գյուղի եկեղեցին: Գյուղի մեծամասնությունը մկրտված չէ: Եթե եկեղեցին վերակառուցվի, պատարագներ շատ կլինեն, գյուղացիները կգնան եկեղեցի, կմասնակցեն եկեղեցական ծեսերին և այդպես ավելի մոտ կլինեն հոգևոր կյանքին, ինչպես նաև կմկրտվեն:

Sargis Melkonyan

Ամենասիրա՞ծ, թե՞ չսիրած…

Գարունն իմ ամենասիրած ու ամենաչսիրած եղանակն է։ Պատճառն այն է, որ գարունն ինքնին բազմազան տրամադրություններով լեցուն է ու անկանխատեսելի։ Սիրում եմ գարունը, հատկապես ապրիլ-մայիս ամիսները, որովհետև այդ ժամանակ ոչ շատ տաք է, ոչ շատ ցուրտ։ Չեմ սիրում գարունը, հատկապես՝ մարտը, որովհետև այդ ժամանակ հեշտ ու հանգիստ կարող ես ցեխի մեջ կորել։

Մարտի առաջին տասնօրյակն է։  Տանիքներից կաթում է ձյան հալոցքից առաջացած ջուրը։ Ջրհորդանի բացակայության պատճառով տանիքներից իջնող ջուրը լցվում է փողոց։ Մայթերի ձյունը չի հալչում, ուստի բոլորը քայլում են փողոցի մեջտեղով։ Իսկ մեքենաները հաճախ այնպիսի արագությամբ են ընթանում, որ ոչ միայն ոտքից գլուխ թրջվում ես, այլև մինչև ոսկորներդ սառում։ Էլ չեմ ասում, թե ինչքան վտանգավոր է: Իսկ երբ այս ամենին գումարվում են Ագարակի հողե ճանապարհները, չես կարող առանց ցեխի մեջ 5-10 սմ խրվելու քայլել փողոցով։

Հուսամ օրերը ավելի կտաքանան, և այս վիճակը երկար չի շարունակվի։

amalya harutyunyan

Կարոտ` մի քիչ շատ

Քաղաքային, աղտոտ ու կիսամեռ փողոցներում թափառելը իրենը չէր: Շատ էր սիրում, բայց հազվադեպ էր համարձակությունը ներում դուրս գալ փողոց ու քայլել:
Այսօր, վերջապես, համարձակությունը ներել էր, դուրս էր եկել տնից, հետը վերցրել ականջակալների մեծ հանգույցն ու փորձում էր օվկիանոսի նմանվող մարդկային հորձանուտում գտնել իր տեղը:
Ճանապարհի միայն մեկ քառորդը փորձում էր ականջակալները բացել, մյուս քառորդին արդեն երգի երանգներով քայլում էր փողոցում: Գիտեր, որ եթե աստիճանները բարձրանա, կհասնի կանգառ, ուր ավտոբուսներին կարոտող մարդիկ մի քիչ էլ իրար են կարոտում:
Բայց չհասավ, ընտրեց երկար-երկար ոլորաններն ու շարունակեց համառ թափառել: Երկար ժամանակ չկարողացավ անտարբեր քայլել, իրեն  մոտ գտնվող կրպակից մի քանի հասարակ տետր գնեց, որ հավաքված մտքերով էջերը ներկի: Երկար քայլեց, վերջապես գտավ այն կայարանը, ուր ուզում էր գնալ` մետրոն: Նույնիսկ չգիտեր էլ, թե մետրոյի ամեն կայարանը ուր էր տանում, բայց գիտեր` լավագույն թաքստոցն այնտեղ է:
Այդ հրաժեշտի չխկչխկոցները, մարդկանց շտապող կերպարանքները, սուրճի սեղանից աշխատանքի վազող երիտասարդները, ու սառը պատերի սառը կարոտը ասես իրենը լինեին:
Հենվեց պատին ու քարացավ: Նորից կեղծ զգացողությունները հօդս ցնդեցին: Թվացյալ մոռացված մտքերը հետ եկան, հիշեց և գիտակցության մեջ արթնացնելով անցած ուղին` սկսեց կարոտել, կարոտեց լուսաբացները, հետո` մայրամուտները, հետո` չասված խոսքերը, հետո` չապրած պահերը:
Կարծում էր` մոռացել է, բայց, իհարկե, ոչ, հայոց պատմության երրորդ գլխի հինգերորդ դասը կկարդար 20 անգամից ավել և կմոռանար, բայց այ, իրեն երբեք` մոռանալը դժվար էր, ուր մնաց չկարոտելը:
Եթե ասեին, որ վերցնի և չափի կարոտը սանտիմետրերով, նրան հազարավոր քանոններ չէին բավականացնի: Եթե ասեին, որ նկարագրի կարոտը, նա միշտ կնշեր, որ կարոտը մուգ-մուգ կապույտ է, մեծ խավար անսահմանություն ու կենտրոնում մի հույս, ինչպես գիշերային երկնքում լուսինը, որ լուսավորում ու մի կտոր հույս էր տալիս:
Ոչ անցած օրերը, ոչ էլ ժամանակն էր կարոտում, հիշում էր, բայց մեկ է` վերադարձը չէր ուզում:
Կարոտում էր մեկի ներկայությունը, մեկի պակասը, ինչպես թեյի մեջ շաքարավազի բացակայությունն են կարոտում:
Հետո սկսեց կարոտել մարդկանց: Ամենահասարակ անծանոթի նկատմամբ այնպիսի կարոտ էր տածում, որ բարեկամներն իրար այդքան չէին կարող կարոտել:
Հետո կարոտեց մտքերը, իր այն մտքերը, որ պատռել, ճմրթել ու գցել էր աղբարկղը:
Հետո կարոտեց ինքն իրեն, այն մեկին, ում համարձակությունը մի քիչ շատ էր, այն մեկին, ում աչքերը փայլում էին, այն մեկին, ով միշտ ժպտում էր:
Կարոտն առնելու համար նստեց վագոններից մեկը, բացեց գնված տետրերից մի պատահական էջ և սկսեց գրել.

Ուշացող մարդիկ,
Ավտոբուսներին են կարոտում:
Իսկ ես` քեզ,
Կյանքիս պտտող անիվը դու ես…

Գրեց ու փակեց էջը: Եվ գնաց այդ կանգառը: Օգուտ չտվեց, կարոտը չէր առնում: Երևի, զգացմունքների աղցանը պատրաստելիս կարոտի չափաբաժինը մի քիչ շատ էին գցել:

hasmik vardanyan

Գարունը գալիս է դանդաղ…

Արդեն մի քանի օր է, ինչ հերթափոխի է եկել օրացուցային գարունը: Այս բառն էլ սեփականացրեցի հեռուստաեթերներից: Բոլորս անհամբեր ու սրտատրոփ սպասում ենք իրական գարնանը, ոչ թե օրացույցային:

Առավոտյան մեր գյուղում արդեն զգացվում էր գարնան շունչը` ձնհալը, դրանցից գոյացած ցեխերն ու ջրափոսերը: Բայց գարունը միայն ցրտաշունչ ձմռան արգելակումը կամ ծանր վերարկուներից ազատվելը չէ: Ո՛չ, ո՛չ, դեռահասների ու երեխաների համար հենց դա է, իսկ մեծահասակների համար՝ գարնանային գործերի սկիզբն է: Բայց ինչևէ, գործերի մասին հետո կխոսենք: Այս գարունը յուրահատուկ ձևով եկավ հերթափոխի: Հիմա պատմեմ յուրահատկության մասին: Մեր գյուղացիների մեծ մասը աշնան բերքահավաքի ժամանակ բերքի ցածր գների պատճառով բերքը չի վաճառում՝ մտածելով, թե գարնանը ավելի թանկ կվաճառի: Բայց սովորաբար գարունը գալիս է, բայց բարձր գները չեն գալիս: Իսկ այս տարվա ցրտաշունչ ձմռանը հաջորդեց գնային տեղումներով գարունը:

Այսօր հանդիպեցի մի խումբ մարդկանց, այնքան ուրախություն կար նրանց աչքերում: Ուշադիր հետևում էի նրանց խոսակցությանը.

-Իմացա՞ք, կաղամբի գինը գնալով բարձրանում է:

-Հա՛, հա՛, ճիշտ է՝ երեկ 120 դրամ էր:

-Այ, մի երկու օր էլ սպասենք, կարող է դառնա 130, այդ ժամանակ կտամ՝ թող տանեն:

Ու այդպես երկար զրուցում էին, այնքան ուրախ էին: Իսկ ես ուշադիր լսում էի նրանց, որ ոչ մի բան բաց չթողնեմ ու մտածում, թե որքան քիչ բան է պետք մեր գյուղացիներին ուրախանալու համար. միայն իրենց չարչարանքի գնահատում: Այս գարունը իր մեկնարկով ինչքան ուրախություն պարգևեց գյուղացիներիս:

Շնորհակալ եմ քեզ, գարուն։

jemma petrosyan

Շնորհավոր տոնդ, մայր

-Արագացրու։
-Լավ, դու էլ տորթը բեր։
-Էմ, Էմ, ձայները արդեն լսում եմ։
-Լավ, մի խառնվի իրար։ Հա, ճիշտ ա, ես քեզանից փոքր եմ, բայց մեկ ա, չեմ վախենում։
-Հա, բայց ի՞նչ կա վախենալու, ուղղակի լարվում եմ: Չէ՞ որ ես առաջին անգամն ա, որ շնորհավորում ենք մամային։

Գիտե՞ք, ես ընդամենը 9 տարեկան էի, իսկ քույրիկս՝ 7, երբ առաջին անգամ շնորհավորեցինք մայրիկիս տոնր՝ մարտի ութը։ Նեղվում էի, մտածում էի, որ մի բան էնպես չեմ անի ու կնեղացնեմ մայրիկիս (ուղղակի դա ինձ էր թվում)։ Հարևանուհիս, որի տարիքային տարբերությունը 7 տարի էր ինձանից, օգնեց պատրաստել մի փոքրիկ տորթ: Ճիշտ է, այդքան էլ համեղ չէր, բայց մայրիկի համար ամենահամովն էր (ինքն էր այդպես ասում), ու ես հավատում էի, քանի որ դա մեր առաջին անակնկալն էր։ Մենք՝ քույրերս, հաճախ ենք հիշում այդ օրը ու մեծ ուրախությամբ փորձում ենք մայրիկին նմանատիպ անակնկալներ մատուցել։

Այսօր մարտի 8-ն է, և մի անակնկալ ենք պատրաստել մայրիկիս։

-Եթե հանկարծ կարդաս այս նյութը, մա՛մ… Շնորհակալություն, իմ պատճառով անքուն անցկացրած գիշերներիդ համար։ Կներես ինձ բարկացած ժամանակ հետդ կոպիտ խոսելու համար։ Ուզում եմ միշտ առողջ ու երջանիկ լինես և միշտ ինձ ուղեկցես ճիշտ խորհուրդներով։

Ի վերջո, շնորհավոր բոլորիդ միամսյակը։

 

Ani asryan

Գյուղը, եկեղեցին ու գարունը

Լուսանկարը՝ Անի Ասրյանի

Լուսանկարը՝ Անի Ասրյանի

Շատերը կարծում են, որ այն մարդիկ, որոնք եկեղեցի չեն գնում, անհավատ են: Բայց դա բնավ այդպես չէ: Մարդիկ սեփական միջոցները ներդրել են եկեղեցի կառուցելու համար: Սուրբ գործ կատարելը ևս հավատի հետևանք է: Այսօր գյուղում ունենք ճրագ, որը բոլորի հավատի կենտրոնն է: Բնակիչների մեծ մասը զբաղված է գյուղական գործերով, և դա է եկեղեցի չայցելելու պատճառը: Ես չորս տարի անընդմեջ հաճախում էի կիրակնօրյա դպրոց, որտեղ սովորում էի շարականներ և ամեն կիրակի մասնակցում էի Սուրբ Պատարագին: Այս տարի պարապմունքներիս պատճառով ես էլ միացա եկեղեցի չայցելողների շարքին: Մեկ շաբաթ առաջ սկսվեց Մեծ պահքը: Այն կտևի մինչև Սուրբ Զատիկի տոնը: Այս կիրակին «արտաքսման» կիրակին էր: Ինչպես միշտ, եկեղեցում էին պատարագող քահանան, սարկավագները և դպիրները: Եկեղեցում լռություն էր, միայն լսվում էր փոքրիկների հաճելի ձայնը՝ շարականներ երգելիս: Պատարագի ընթացքում եկեղեցի եկան երեցկինը և Տեր հոր մայրը՝ մշտական եկեղեցի այցելողները: Նայում եմ դատարկ նստարաններին, մի տեսակ ցավ և ափսոսանք եմ զգում: Տարիների ընթացքում ամեն ինչ կփոխվի, այն, ինչը հիմա անսովոր է թվում, մի օր կդառնա սովորական:

Սկսվել է Պահոց շրջանը: Ծերերը կամ նրանք, ովքեր չեն կարողանում 40 օր սնվել բուսական սննդով կարող են վերջին շաբաթը պահք պահել: Սուրբ Զատիկը եկեղեցական տոն է և ամեն տարի նշվում է շուքով, հատկապես՝ գյուղում: Մարդիկ առավոտյան այցելում են եկեղեցի՝ հավկիթներով լի զամբյուղով: Պատարագի ավարտից հետո գյուղի բնակիչները հավաքվում են եկեղեցու բակում և միասին նշում տոնը: Երեխաները, տատիկները, պապիկները, բոլորը մանկանում են այդ օրը՝ այն դարձնելով ուրախ և հաճելի:

Գարուն է, սպասում ենք…

«Այժմյան սերունդն ավելի ազատ է իր որոշումների մեջ»

Հարցազրույց Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն՝ Ջուլիետա Երեմյանի հետ

Լուսանկարը՝ Անուշ Աբրահամյանի

Լուսանկարը՝ Անուշ Աբրահամյանի

-Տիկի՛ն Երեմյան, մինչև դպրոցի տնօրեն դառնալը երկար ժամանակ եղել եք ֆիզիկայի ուսուցչուհի:

-Այ՛ո, ես երկար տարիներ աշխատել եմ որպես ֆիզիկայի ուսուցչուհի։ Իմ վարած դասը հագեցած է եղել լաբորատոր փորձերով, ցուցադրություններով։ Աշխատել եմ դասապրոցեսում ընդգրկել բոլոր սովորողներին: Այն ժամանակ գոյություն ուներ շերտավոր ուսուցում, այսինքն, յուրաքանչյուր աշակերտից պահանջել իր ընդունակություններին համապատասխան: Նաև աշխատել եմ ինտերակտիվ մեթոդով:

-Ի՞նչ եք կարծում գոյություն ունե՞ն կատարյալ դասարաններ:

-Կարծում եմ, որ լավ և քրտնաջան աշխատանքի դեպքում բոլոր դասարաններն էլ կատարյալ կլինեն: Վատ աշակերտ չկա, ցավոք սրտի, կա գործը չսիրող ուսուցիչ և, ի ուրախություն մեզ, այդ ուսուցիչների քանակը նվազել է:

-Արդյո՞ք գյուղում սովորող աշակերտն ունի նույն հնարավորությունները, ինչ քաղաքում սովորող աշակերտը, եթե ոչ, ապա ի՞նչ կարելի է անել այն հնարավոր դարձնելու համար:

-Բնականաբար նույն հնարավորությունները չունեն, որովհետև քաղաքում կան բազմաթիվ մշակութային, սպորտային, երաժշտական կենտրոններ, իսկ գյուղում դրանք բացակայում են: Գյուղում նույնպես կարելի է հնարավորության սահմաններում ստեղծել նման օջախներ, բայց դա պետք է անի պետությունը:

-Արդյո՞ք մասնավոր դպրոցներում նույն վիճակն է, ինչ հանրակրթական դպրոցներում:

-Ես չեմ աշխատել մասնավոր դպրոցում և ոչինչ չեմ կարող ասել այնտեղ գործող համակարգի մասին, սակայն մտածում եմ, որ միատեսակ պայմանների և սրտացավ մանկավարժների աշխատանքի դեպքում նրանք կգտնվեն հավասար նժարներին; Իհարկե, թե՛ հանրային, թե՛ մասնավոր դպրոցներն ունեն տարբեր խնդիրներ:

-Բազմաթիվ տաղանդավոր երախաներ չեն կարողանում դրսևորել իրենց ունակություններն ու կարողությունները դպրոցում բավարար պայմանների բացակայության պատճառով, ինչպե՞ս լուծել այդ խնդիրը:

-Խնդիրը լուծելու համար հարկավոր է բարելավել դպրոցի հնարավորությունները; Տարիներ առաջ մեր դպրոցում կային գորգագործության դասեր, դպրոցն ուներ նաև երկու ավտոմեքենա, երեխաները սովորում էին մեքենա վարել ու ստանում էին համապատասխան գրքույկ: Հիմա դպրոցին հարկավոր է նյութական բազա:

-Ըստ Ձեզ, կա՞ այնպիսի հիմնահարց, որ միչև այժմ լուծում չի ստացել, եթե այո, ապա ինչո՞ւ:

-Այո՛, դպրոցի կառուցվելուց ի վեր սպորտդահլիճը փոքր է եղել ու հիմա էլ այն հագեցած չէ համապատասխան մարզագույքով: Այդ հարցը մինչև այժմ լուծում չի ստացել, բայց պետությունը պատրաստվում է կառուցել նոր դպրոց, որտեղ երկու հերթը կփոխարինվի մեկ հերթով և կբավարարի մեր պահանջներին:

-Ձեր տնօրինության ընթացքում նկատե՞լ եք ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների մեջ փոփոխություն, ինչպիսի՞ն էին դրանք առաջ և ինչպիսի՞ն են հիմա։

-Իհարկե, փոփոխություն շատ կա: Հիմա աշակերտն ավելի ազատ է կարծիք հայտնելու մեջ, տարիներ առաջ այդպես չէր: Այն ժամանակ աշակերտները լավ գիտեին իրենց պարտականությունները, իսկ հիմա աշակերտներն ավելի լավ գիտեն իրենց իրավունքները:

-Որևէ հետաքրքրիր դեպք կարո՞ղ եք պատմել Ձեր ուսուցչության տարիներից:

-Լավ եմ հիշում մի դեպք: Ավարտական դասարանում հերթական ֆիզիկայի դասաժամն էր, այդ օրը պետք է դաս հարցնեի մի տղայի, ով մի քանի անգամ խոստացել էր պատասխանել դասը, բայց չէր սովորել: Այդ անգամ էլ կանչեցի գրատախտակի մոտ ու, տեսնելով, որ կրկին չի սովորել, բարկանալով ասացի․

-Ա՛յ տղա, այս գիրքը դու գոնե մեկ անգամ թերթե՞լ ես։

-Ո՛չ,- ասաց գլուխը կախելով։

-Բա ի՞նչ ես մտածում։

-Կթերթեմ, ընկե՛ր Երեմյան,–կտրուկ պատասխանեց նա ու էլի գլուխը կախեց:

Այստեղ տիկին Երեմյանը ժպտաց, և ես նկատեցի, թե ինչպես մտովի տեղափոխվեց այդ ժամանակահատված և ես, հասկանալով, որ նա իր աշակերտների մեջ տեսնում է նաև մեզ, արագ հարցրի․

-Որո՞նք են մեր սերնդից ունեցած ձեր սպասելիքները

-Այժմյան սերուդն ավելի ազատ է իր որոշումների մեջ, և ես հուսով եմ, որ նրանք կծաղկեցնեն մեկ երկիրը, ես ակնկալում եմ, որ նրանք կվերականգնեն Հայաստանի իրական դիմագիծը:

seda mkhitaryan

Բառեր՝ մեր լեզվից

Բարբառները մեր լեզվի աղն են, մեր բառապաշարի հիմքը հենց բարբառային բառերն են։

Ինձ միշտ հետաքրքրել են բարբառները և մանավանդ այն մարդիկ, ովքեր խոսում են բարբառով: Նրանք կոլորիտ են ձևավորում։ Իմ գյուղում՝ Քարինջում, նույնպես բարբառ են խոսում: Ես այսօր ներկայացնում եմ ամենաազդեցիկ ու տպավորիչ բառերը։

Տհե-այդպես

Բաբաթ-նորմալ, համարյա լավ

Բալի-երանի թե, լավ կլինի որ…(օրինակ՝ բալի լըվնանա-երանի լավանա)

Խարաբ- փչացած, չաշխատող, նաև ասում են խելապակաս մարդուն

Ղսմաթ-բախտ, հաջողություն

Ղորթ-ճիշտ, ճշմարիտ

Ղայդա- ձև

Ղայիմ- ամուր, պինդ

Ղմալթի- սուր ծայրով մեծ դանակ

Քյուլփաթ-ընտանիք

Քոմագ-օգնություն

Քյասիբ- աղքատ

Սփաթ- կեպար, պատկեր

Օքմին, իսան- մարդ, անձ

Ույուղ-խրտվիլակ (դրվում է այգիներում թռչուններին վախեցնելու համար)

Դուզ-ուղիղ

Բիրդան-հանկարծակի, միանգամից

Սհաթ- պահ, վայրկյան

Հըմբարել- հաշվել

Փափաղ- գլխարկ

Ըստի- այստեղ

Ընդի- այնտեղ

Դյերիլ-բարձրանալ

Դվերիլ-իջնել

Քյոբառ- այգու ծայրամասը

Սնուռ- կից հողակտորների սահմանը զատող նշանը

Չափար-ցանկապատ

Շըհանց տալ-ցույց տալ

Սոթ տալ- սայթաքել

Մեր կըշտին – մեր մոտ

Ղոչաղ- աշխատասեր

Չայր ու չիման տեղ- կանաչ, անարատ վայր

Չիմ- բոլորը

Ջղիր- արահետ, կածան

Կոթաշաղ- բարակ, առավոտյան անձրև, ցող

Բընջըրըփըսուք – բարակ, մանր ձյուն

Ղիամաթ- սաստիկ ցուրտ

Հըլենհե – հենց այնպես

Ղըփուլ-կափարիչ

Որձակ-աքլոր

Հըլլե հըրես կգա- էսէ կգա, հենց հիմա կգա