Ուժեղ քայլ` դեպի նպատակ

«Ասա՛ ինձ, որ չեմ կարող, և ես  կանե՛մ դա»։ Կյանքի այսպիսի կարգախոս ունի Քիկ բռնցքամարտի մարզիչ Ժաննա Մանուկյանը։ Նրա համար մարդկանց խոսքը որոշիչ է։ Եթե մեկը նրան ասի` չես կարող, նա հենց այդ խոսքը կդարձնի իր համար նպատակ և կանի ամեն բան` դրան հասնելու համար։

Թվում է նրա անունը ոչինչ չի ասում, ծանոթ չէ որպես անձ և մարզիչ։ Ժաննան ընդամենը 20 տարեկան է, և այսօր այս տարիքում արդեն պրոֆեսիոնալ մարզիչ։ Ակունքի հպարտությունն է։ Այսպես են նրան ճանաչում իր ծննդավայրում։ Ժաննան ծնվել է Կոտայքի մարզի Ակունք գյուղում 2001 թվականի սեպտեմբերի 2- ին։

-Շատ չարաճճի երեխա էի, բայց ամեն բան պլանավորում էի, մանկուց ժամանակս արդյունավետ ու նպատակային եմ օգտագործել։

Խոսելով մանկությունից, տեղափոխվեցինք մի քանի տարի հետ ու հիշեցինք զվարճալի դրվագ։

- Հիշում եմ փոքր ժամանակ տանը կակտուս ունեինք, ես էլ խաղում էի կակտուսի հետ ու պատահաբար նստեցի կակտուսի վրա։ Մինչև հիմա հիշում եմ, թե ոնց էր մայրս ժամերով փշերը հանում։

Մանկության տարիները շատ հագեցած են անցել, գրեթե ազատ չի եղել։ Հինգ տարեկանից պարի է գնացել մինչև ութ տարեկան։ Ութ տարեկանից, երբ արդեն հետաքրքրությունները ընդլայնվել են դեպի նոր բնագավառ,  հաճախել է Երկրապահ կամավորականների միություն։ Ինը  տարեկանից սկսել է պարապել թեկվանդո։

- Շատ պատահական է ստացվել սպորտով զբաղվելս։ Ընկերուհիս էր գնում, խորհուրդ տվեց միասին գնալ։ Ես անտեղյակ, գաղափար չունենալով սպորտից, ընդունվեցի Աբովյան քաղաքի սպորտդպրոց։  Զբաղվելով թեկվանդոյով հասկացա, որ ի՛մն է։ Շատ սիրեցի այդ սպորտաձևը։

Չորս տարի  հետո Ժաննան տեղափոխվել է Երևանի Դինամո, այնտեղ է շարունակել։ Երկու տարի հետո, տարվեց նոր սպորտաձևով` Քիկ բռնցքամարտով։ Ֆեդերացիա մտնելուց մեկ տարի հետո արդեն  սկսել է զբաղվել  մարզչական գործունեությամբ։

- Տասնհինգ տարեկանից և՛ պարապում եմ, և՛ մարզում եմ երեխաների։ Հիմա թիմ ունեմ Քիկ բռնցքամարտի,  աշխատում եմ ֆիտնես ակումբում և համատեղ սովորում եմ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում ։

Կյանքը լի է անակնկալներով։ Ինչպես բոլորի, այնպես էլ Ժաննայի կյանքում անկումներ եղել են։ Իր կյանքի ընթացքում  սովորել է կայունանալ, ամուր կանգնել ոտքերի վրա։

- Ինձ համար կյանքում ամենակարևորը` չհանձնվելն է։ Ինչքան էլ պարտվես, կոտրվես, պիտի հետ քայլ չանես, քանի որ հե՛նց այդ անկումներն են  դարձնում ավելի ուժեղ ու հասցնում նպատակիդ։

Ժաննան երջանիկ է իր հարազատներով, ընկերներով։ Նրանք են իր հաջողությունների, երջանիկ պահերի ու հաղթանակների ուղեկիցները։ Հիմա Ժաննայի նպատակն է` կատարելագործվել իր ոլորտում, սաներին հասցնել նոր առաջընթացների, և ամենակարևորը` շարունակել ապրել և զարգանալ  հայրենի հողում։

Հայրենիքի պաշտպանները

Անծայրածիր լինում է տիեզերքը՝ աշխարհի համար, իսկ նրա համար անծայրածիր ու անչափելի է սերն առ հայրենիք:

Նա պատմության սիրահար լինելով, և ներկա մասնագիտությունը հենց պատմության ուղին բռնած` դարձավ այդ պատմությունը կերտողներից մեկը:

Գոռը… Ծնվել ու մեծացել է Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում: Նա այն Գոռն է, ով մի ամբողջ հայրենիք է պահում իր սրտում:

-Եղե՞լ է արդյոք ցանկություն ծառայելու հայրենիքին, թե դա այն պարտքն էր, որ պետք է կատարվեր:

-Ցանկությունը հայրենքիս ծառայելու միշտ մեծ է եղել, անգամ սկզբից խնդիրներ առաջացան, և իմ ծանուցումը չէի ստանում: Ես ինքս գնացի և ավելի մանրամասն հետաքրքրվեցի, ինքս ստորագրեցի, և հունվարի 28-ին անցա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Առաջին վեց ամիսներին ծառայել եմ Քանաքեռ ուսումնական գումարտակում: Եղել եմ կապավոր: Վեց ամիս հետո, արդեն որպես սերժանտ, ծառայությունս շարունակվել է Մատաղիսի 6-րդ պաշտպանական շրջանում:

-Ո՞րն է այն կարևոր դասը, որ առաջին 6 ամիսները տվեցին:

-Առաջին հերթին ճիշտ գնահատել ժամանակը և ավելի շատ գնահատել հարազատ մարդկանց: Օրերն անցնում էին բավականին ծանրաբեռնված, և օրվա մեծ մասն ավելի շատ տրամադրվում էր դասերին: Սա ավելի շատ նման էր խիստ ուսումնական հաստատության: Շատ է տարբերվել Մատաղիսի ծառայությունը Քանաքեռի ծառայությունից: Դժվար չի եղել, քանի որ գնացել եմ իմ ցանկությամբ ու եղել եմ լավատես:

Բանակն իրենով շատ է հասունացնում, ձեռք ես բերում ինքնուրույնություն: Այդ ժամանակ սկսում ես ավելի ու ավելի շատ սիրել ընկերներիդ ու հարազատներիդ, ովքեր հեռու են, բայց միևնույն ժամանակ, զգում ես, որ Դու մենակ չես:

-Վեց ամիս հետո միանգամից տարածքային կտրուկ փոփոխություն: Ինչպիսի՞ն էր ծառայությունը հայրենիքի մյուս անկյունում:

-Այստեղ ամեն ինչ այլ էր, ավելի շատ հանգիստ ժամեր ունեինք, սակայն այստեղ զգոնությունն ու ուշադրությունը պետք է հնգապատիկ լիներ: Երկու գործուղություն, որ կարևոր էր. լինել առաջնագծում՝ զգոն, ուշադիր, ապա հետ վերադառնալ, հանգստանալ, կենտրոնանալ և նորից հետ բարձրանալ: Մատաղիսում հասցրեցի ծառայել ընդամնեը չորս ու կես ամիս: Ու հետո….

-Սկսվեց:

-Երկու օր առաջ բարձրացանք առաջնագիծ, սովորական հերթափոխ էր, ամեն ինչ անցավ լավ: Սեպտեմբերի 26-ի գիշերը եղել եմ հրամանատարական դիտարկման կետում: Շարժ ենք նկատել հակառակորդի կողմից, ապա դրան հաջորդել է տարբեր ծայրերից զանգերը, որ մեծ տեխնիկայի ձայներ է գալիս, և շարժ կա: Մենք զեկուցում էինք, որ գունդը տագնապով հանեն առաջնագիծ, բայց մեզ չէին լսում:

-Ի՞նչ էր կատարվում, երբ եղավ առաջին կրակոցը: (Բազմաթիվ հարցեր են առաջանում, սակայն երբեմն վախենում ես ամենահուզող հարցերը տալ, հասկանալով, որ վերապրելը դժվար է):

-Առաջին կրակոցը հրետանուց էր՝ 7.15 րոպեին, ու հասկացանք, որ պատերազմ սկսվեց:,

Սկզբից առաջնագիծը, ապա սկսեցին Մատաղիս գյուղը ռմբակոծել: Այդ ժամանակ ոչ ոք չէր գիտակցում որ կռիվ է, մինչև  որ չունեցանք առաջին զոհը: Օրերն անցնում էին, իսկ մենք մտածում էինք, որ դա կռվի վերջին օրն է: Անհավատալի էր, որ կողքի կրակոցներով տանկ էին խփում: Պատերազմը սկսելուն պես մի քանի օր, ու մտան Թալիշ, ու էդպես եկան Մատաղիս: Մի քանի օր շրջափակման մեջ եղանք: Հոկտեմբերի 1-ին առաջին զոհը տեսա. Ինձ շատ մոտ մարդ:

Հոկտեմբերի 4-ին շրջափակումից դուրս եկանք (երևի սա այն օրն էր, որ Եկեղեցում Գոռից զանգ ստացա):

Տեղափոխվեցինք Ալաշան, Մատաղիսն էլ մերը չէր:

-Ի՞նչն էր ամենաշատը տպավորվել Մատաղիսում, որ մինչ օրս հիշում ու նաև ափսոսում ես:

-Թարթառի ջրամբարը, նռան այգիները, թուզը: Հիշում եմ, որ շրջափակումից դուրս եկանք, նուռ քաղեցի, որ գոնե դրանով ծարավս հագեցնեմ, չընկնեմ…

(Ինձ թվում էր ես մինչև վերջ չեմ դիմանա ու կավարտեմ զրույցը):

-Ի՞նչ էր կատարվում, ինչպե՞ս էին օրերը փոխվում ձեզ համար:

-Մի տեսակ օրերն իրար նման էին թվում, զոհ ունենալը սովորական էր դարձել: Ասում էին հրադադար, բայց ԱԹՍ-ները գլխավերևում պտտվում էին: Կարոտի զգացողություն չկար:

Սև ու սպիտակ ֆիլմ էր, որ չգիտես, թե երբ կավարտվի:

Ալաշանից հետո պահում էինք Մատաղիսի բարձունքը, չնայած այն բանին, որ էլ ավելի շատ զոհ ունեցանք:

Սկզբում հանգիստ էի, բայց հետո, երբ իմացա, որ ամենամոտ ընկերս է զոհվել… Գժվում էի, երբ իմանում էի, որ ընկերներիցս շատերը չկան: Ինչ-որ պահ ամեն ինչ միևնույն էր դառնում, արյունը գլխիդ էր տալիս, ու ուզում էիր րոպե առաջ թշնամուդ սպանես, որ վրեժդ լուծես:

Ու ես երբեք, հիմա, հետո, մինչև կյանքիս վերջ, չեմ հարգի այն մարդուն, ով կասի, որ եղբայր ազգ ենք, թշնամի չի ու նման բաներ: Էդ հողը Սուրբ հող ա ինձ համար:

-Մոտնեում ենք այն պահին, երբ վիրավորվեցիր ամենաթեժ մարտերում: Ի՞նչ կատարվեց սկզբից, ինչպե՞ս որոշվեց, որ պետք է հայտնվեք այն վայրում, որտեղ էլ ստացել ես կյանքի համար վտանգավոր վիրավորումը:

-Շուշին…

Սկզբում Ստեփանակերտում էինք, հետո որոշվեց, թե ինչպես պիտի մտնենք Շուշի, բայց չստացվեց… Մուտքի մոտ էինք. Շատ-շատ էին, դիպուկահարներ էին շատ: Մեր զորքերը շատ քիչ էին, բայց լավ առաջ էինք շարժվում, շատ էինք ուրախացել, որ գրեթե մտնում ենք Շուշի: Մեկ վայրկյանի տարբերությամբ ամեն ինչ փոխվեց: Փամփուշտներն այնքան շատ էին, էնպես էին գնում գալիս, որ թվում էր անձրև ա գալիս:  Մեր փամփուշտները վերջանում էին, վիրավորներին հնարավորինս ապահով տեղ էինք տանում, փամփուշտներ հավաքում ու շարունակում: Երեք հոգի ՄՈԲ կար դիմացս, բացատրում էի` ինչ պետք ա անեն, ոնց պետք ա անեն, ու այդ պահին դիպուկահարի կողմից կրակոց… Վիրավորում ստացա:

Էս ամեն ինչից առաջ ոնց որ գերբնական ուժ լիներ մեջս, մտածում էի, որ անմահ եմ:

Կռվի ժամանակ աղոթքը միշտ ինձ հետ ա եղել, ու մի Խաչ, որ քահանան էր օրհնել տվել ինձ:

Երբ վիրավորվեցի, մոտ երկու ժամ ընկած եմ եղել ասֆալտին, չեն կարողացել ասֆալտից տանեն, որ մեքենա գա, օգնեն: Չորս հոգի փորձում են օգնել, բայց տղերքս զոհվում են… Մեքենան գալիս ա, վարորդին էլ են խփում ու… Էդ ժամանակ մահը դիմացովս ոնց որ անցներ: Էդպես մի տղա՝ Էրիկը, կարողանում ա փրկել Ինձ: Տանում են Ստեփանակերտ, վիրահատում, հետո նոր տեղափոխում Երևան: Վատը նա է լինում, որ սկզբից գիտակցությունս տեղն էր, ու ամեն ինչ էլ ավելի ահավոր էր թվում:

-Պատերազմն ավարտվեց այն ժամանակ, երբ դու արդեն վիրավոր էիր ու գտնվում էիր մայրաքաղաքում: Ամեն ինչ էլ ավելի խառնվեց: Ի՞նչ էր կատարվում այն անձի հետ, ով անցնելով այդ ամենի միջով, հիմա էլ հայտնվում է մյուս դառը իրականությունում: 

-Եթե համեմատություն անեմ, պատերազմի ժամանակ՝ հատկապես սկզբում, ամեն ինչ ոնց որ խաղ լիներ, առցանց խաղ: Անիրական էր թվում ամեն ինչ: Ես մինչև հիմա էլ հակված եմ, որ էդ հողը սուրբ ա: Պատերազմն ավարտվեց… Համ ուրախ էի, համ տխուր, ու մինչև հիմա: Հայրենիքս ու ազգությունս սիրում եմ, բայց ժողովրդին…

Ծառայությունս չեմ շարունակել մինչև վերջ, ֆիզիկապես անհնար էր շարունակել վիրավորումից հետո: Պատերազմ եթե լինի, անպայման նորից կգնամ, բայց Աստված տա, նման բան էլ երբեք չլինի:

Հ.Գ. Ահա և Գոռի պատմությունը: Անհաշվելի քանակով հարցեր, որոնք երբեմն ուզում ես տալ, բայց հասկանում ես, որ ոչ միայն պատասխանելն է դժվար լինելու, այլ նաև լսելը, և չտեսած այդ ամենը` պատկերացնելը…. Ինձ համար Գոռը հավաքական կերպարն է այն բոլոր տղաների, ովքեր թշնամու կողմից  վիրավորվեցին, բայց հայրենիքից նրանց սիրտն ու հոգին չվիրավորեց:

Պատերազմից հետո

«Երբեք չէի պատկերացնի, որ պատրաստ կլինեմ կյանքս տալ հանուն ինչ-որ բանի, կամ ինչ-որ մեկի». Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից  Վարուժ Ավդալյան

 

Պատերազմ տեսած տղաները երբեք չեն լինի այն, ինչ դրանից առաջ էին․ նրանք արդեն գիտեն՝ ինչ է պայքարն ու խաղաղությունը, գիտեն՝ ինչ գին ունի կյանքն, ու ինչպես պետք է արժեվորել յուրաքանչյուր վայրկյանը։

Մեր զրուցակիցը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից՝ Վարուժ Ավդալյանն է։

- Ինչքա՞ն ժամանակ է, ինչ ծառայում եք, և ինչպիսի՞ն էր այդ ընթացքը։

- Արդեն 14 ամիս է, ինչ ծառայում եմ, ինչ խոսք, դժվար էր այդ ընթացքը, բայց միևնույն ժամանակ, լի՝ հետաքրքիր ու արտասովոր իրադարձություններով։

- Նախքան ծառայության մեկնելը ի՞նչ էիք մտածում, ի՞նչ կփոխվեր Ձեր մեջ, և արդյո՞ք այդպես էլ եղավ։

- Անկեղծ ասած, մինչ բանակ գալս այդ մասին չեմ մտածել, բայց հիմա վստահ կարող եմ ասել, որ բանակը ոչ միայն ֆիզիկապես է կոփում տղային, այլ նաև մեծ ազդեցություն ունի մտավոր հասունացման վրա։

- Կպատմե՞ք՝ ինչպե՞ս իմացաք պատերազմի սկսվելու մասին, ու ինչպե՞ս արձագանքեցիք։ 

- Սեպտեմբերի 27-ի առավոտյան արթնացանք հրետակոծության ձայնից։ Երբ արդեն հասկացա, որ պատերազմ է, մտածում էի՝ առանց որևէ բան թողնելու այս կյանքում, պիտի մահանամ (Ժպտում է)։

- Պատերազմից հետո, այնուամենայնիվ, ինչ-որ բաներ փոխված կլինեն Ձեզ մոտ, կխոսե՞ք այդ մասին։

- Միանշանակ շատ բան է փոխվել։ Ամենադժվար շրջանն էր կյանքիս, բայց սովորեցի գնահատել կյանքը, ինձ շրջապատող մարդկանց ու երևույթները։

- Պատերազմն ինքնին սարսափելի երևույթ է, բայց ամենավատ հիշողությունը, որ երբեք չեք մոռանա, ո՞րն էր։

- Չեմ կարծում, որ աչքերիդ առջև հարազատ մարդու կորստից առավել սարսափելի բան կարող է լինել։

- Ինչի՞ կամ ու՞մ մասին էիք մտածում այդ օրերին։

- Ինչքան էլ արտասովոր թվա, ես այդ ընթացքում մտածում էի զինակից ընկերներիս ու մեր կարգավիճակում գտնվող բոլորի մասին։

- Ընկերներիդ, ծանոթներիդ վերաբերմունքը փոխվե՞լ է պատերազմից հետո։

- Այո։ Դարձել են ավելի ուշադիր ու հետևողական։

aniharutyunyanarm

Այսպես չեն լքում գյուղը

Կարող է թվալ, թե գյուղում ապրողներից շատերը երազում են տեղափոխվել քաղաք, ավելի լավ կլինի՝ մայրաքաղաք, բայց այդպես միայն թվում է առաջին հայացքից։

- Ես կվարտիրայի մեջ չեմ կարա ապրեմ, բա մարդ սեփական հայաթ չունենա՞։ Երբ ուզես` դուրս գաս, հարևաններիդ հետ խոսես, արևին նստես, ամեն դուրս գնալուց չզարդարվես, սիրուն շորեր չհագնես։ Չէ, իմ շունչը կկտրվի։

Այսպես վստահ գյուղը չի ուզում լքել Սարոն։ Հողի հետ կապված մարդու համար բարդ է գնալ ու փակվել քաղաքում, այդպես են մտածում գյուղում։ Տանջանքն այստեղ հատկապես գյուղական գործերով զբաղվող մարդու համար շատ է, ոչ ոք չի հերքում, բայց զարմանալի պնդաճակատությամբ բնության հետ կռվող ու ընկերություն անող մարդիկ չեն ուզում հեռանալ։ Սարոյին Գոհարը՝ կինն է միշտ հակադարձում․

- Է՜, ախր, դու ի՞նչ ես հասկանում, կվարտիրան ձմռանը տաքացնելը հեշտ ա, մի քիչ վառում ես, վերջ, իսկ էս գյուղի մեծ տները առավոտից իրիկուն տաքացնում ես, էդքան փող ես ծախսում, էլի ցուրտ ա։ Հեսա Նարեկին որ ամուսնացրինք, գնալու եմ Երևան, իրանց հետ ապրեմ։

- Ինձ չսպառնաս, է, գնում ես` գնա, ես ստեղից ոչ մի տեղ եկողը չեմ։

Սարոն վեր է կենում արևի հետ ուղղությունը միշտ փոխող փոքրիկ, ինքնաշեն աթոռից, ծանր հոգոց է հանում ու գնում Գևորգենց բակ, որտեղից շինարարության ձայներ են գալիս։ Գևորգն ամբողջ տունը քանդել ու վերանորոգում է, երբեք չի ասել՝ ուզում է գյուղո՞ւմ ապրել, թե՞ գնալ քաղաք, բայց տունը սարքելու գործընթացն ամեն ինչ իր տեղն է գցում։ Գյուղում, երբ հարևաններից որևէ մեկը վերանորոգում է տունը, բոլորն իրենց պարտքն են համարում գնալ, տեսնել՝ ինչ կա-չկա, ինչպես են ընթանում գործերը, օգնել պե՞տք է արդյոք։ Ու այդպես Գևորգենց տան փոքր միջանցքներում ավելի շատ հարևան կա, քան շինարար։

- Բայց էս զալը մեծ ա, ինչի՞ չկտրեցիք, երեխեքին սենյակ կլիներ։ Իսկ էս պատերի գույնը վերջնակա՞ն ա, հա՞, հըմմ…

Խորհրդատուների պակաս Գևորգը չունի, օգնողների էլ։ Լավ չէ, երբ հարևաններդ ու համագյուղացի ընկերներդ կյանքի մեծ մասը Ռուսաստանում են աշխատել, բայց լավ է, երբ կարող ես ցանկացածին զանգել ու խնդրել վերանորոգման ընթացքում որևէ հարցով օգնել։ Ու աշխատանքները վերածվում են տոնի․ առանց Հրաչի թորած տնական օղու սեղան չեն նստում, օրվա կեսից արդեն բոլորի քեֆը լավ է, մի քանիսը երգելով են գործ անում, օրվա ավարտին արդեն սկսվում է ամեն օրվա «ուրախությունով լինի»-ն։ Այդպես են գյուղում տուն վերանորոգում։ Այդպես էլ հանգիստ, առանց ավելորդ խոսքերի գյուղից չեն գնում։ Բայց նաև լավ օրից չէ, որ մարդիկ գնում են գյուղից։ Աշխատանք, ապագա, սեր են փնտրում քաղաքում ու երկրից հեռու։ Իսկ կգտնե՞ն, վստահ չեն, իրենք էլ չգիտեն, բայց գնում են, հույս ունեն։ Կարո՞ղ ես մեղադրել մարդուն արդյոք իր բակն ու մեծ, ձմռանը սառը տունը թողնելու համար, չեմ կարծում։

- Բարի լույս, դե, մի հատ կոֆե տվեք, խմենք, սկսենք էս ներկը, – ամեն առավոտ գալիս է Սամվելը։ Գևորգի մանկության ընկերն է, երիտասարդության տարիներին տան պատերն իրենց ձեռքերով են շարել, այսքան տարի անց հիմա պոկում են իրենց փակցրած պաստառներն ու նոր շունչ տալիս պատերին։ Գևորգն ասում է՝ երանի մեր դեմքի կնճիռներն ու սպիտակ մազերը փոխելն էլ էսքան հեշտ լիներ։

Իրենց ընկերության սենտիմենտալն էր Գևորգը դեռ մանկուց։ Սամվելն էլ կատակասերն է, ասում է` Գև ջան, արի էս ներկից մազերիդ էլ քսեմ, աչքերիդ գույնի հետ կսազի: Գևորգը ներողամտաբար է նայում Սամվելին, որի գլխին կարգին մազ էլ չի մնացել, իրենը գոնե միայն սպիտակել է: Ու օրվա բացվելու հետ կրկին հավաքվում են ընկերներն ու հարևանները, կեսը` օգնելու, մյուս կեսը` Հրաչի օղու համար: Էդպես են գյուղում տուն վերանորոգում ու ցանկացած իրադարձություն կիսում` հարևաններով, ընկերներով, իրար ձեռք մեկնելով, ամեն մեկը խորհուրդ տալու իր պարքը կատարելով:

Էդպես չեն լքում գյուղը Գևորգը, Սարոն ու անգամ տղայի ամուսնանալուն սպասող Գոհարը:

seyran soghoyan

Կյանքից ավելի թա՞նկ

Միլիարդավոր մարդիկ այցելել են այս կյանքն ու գնացել՝ հանգիստ փակելով դուռն իրենց հետևից։

Ապրել են, զգացել են, սիրել են, ինչպես մենք։

Բոլորը՝ առաջինից մինչև վերջինը, վերացել են։

Եթե յուրաքանչյուր մարդ այս երկրում հասկանա դա, ժամանակ կունենայի՞նք հիմարությունների, չսիրելի աշխատանքի, ատելության, ագահության, տրտմության, անհավատ լինելու, ծուլության, ցինիզմի, թուլության, արհամարհանքի։

Կծախսեի՞նք մենք մեր թանկագին ամիսները կյանքի՝ ուրիշների կյանքերին խառնվելով ու խանգարելով։

Կվախենայի՞նք այն մտքից, ինչ է մտածում ամբոխը մեր մասին։

Օգտագործենք մեզ տրված ժամանակն առավել քան ճիշտ, ու օգտակար դարձնենք և’ մեզ համար, և’ նրանց, ովքեր իսկապես դրա կարիքը ունեն։